Աշխեն Քեշիշյան | Թավշյա լեռների լռությունը


***
Պարզապես լուռ նայիր
Կյանքի ընթացքին
Ճնճղուկի թևի փետուրների արանքից,
Պարզապես լուռ
Նայիր կյանքի ընթացքին
Մասրենու ճյուղերի արանքից,
Նորածնի զրնգնուն
Լացի միջից,
Անձրևակաթիլի միջից,
Բույրի միջից խնձորենու,
Լռիր,
Ու նայիր։
Տեսնո՞ւմ ես, որ
Լռել են հրթիռները,
Ինքնաթիռները,
Լռել է ցավը։
Ցավը լռել է։

***
Ձեռքերս ձեռքերիդ ափերին հասնելու համար
Փշե պսակներ են հյուսել,
Ձեռքերս ձեռքերիդ ափերը
Շոշափելու համար,
Պարզել եմ
Պարզել եմ
Պարզել եմ
Ու կանգնել եմ
Լուռ։

***
Թավշասև լեռների լռության վրա
Խաղում է լույսը այս հին։
Այն որ խավարից բաժանվել էր,
Այն որ ջրերի վրա
Զրնգում էր`
Արծաթագույն ձկան
Փայլուն թեփուկներին։
Այս լույսը
ու ես
սավառնում ենք հիմա,
նա՝ տաք հողեղեն,
ես՝ սառը աստղանյութ։

***
Մինչև առաջին զով քամին
կդիպչի մազերիս,
և փողոցում կլսվեն անձրևանոցների
բացվելու շրխկոցը,
մարդիկ կթռչկոտեն
ջրափոսերի վրայով,
թռչունները չվելիս
քո ափերի մեջ
իմ բոլոր սպասման օրերի մասին
նամակների
ծրարներ կնետեն։
Ժամանակը կսահի դանդաղ։
Իմ քաղաքի ցայտաղբյուրներից
սառցե լուլաներ կկախվեն,
ծառերի ճյուղերին
ձյան շերտ կնստի,
լուսաբացները հայելու
պարզությամբ
քո արտացոլանքը ամեն օր
ցույց կտան ինձ։

***
…ձայնդ հոգնած է,֊
ասում եմ,
լռում ես,
գնացքի ռելսերի
աղմուկի հետ գլորվում են
բառերդ…
Աչքերիցդ դեռ հույս եմ քամում,
Որ դատարկվեն աշխարհի
Բոլոր գնացքները,
Ինքնաթիռները,
Մեքենաները,
Որ դատարկվեն փողոցները
Բոլոր։
Ու սերն իմ փայլի
Միայնակ ու հիասքանչ,
Ինչպես փողոցում
լարերից օրորովող ամանորյա
այս զրնգուն հրեշտակը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *