Երկու հրաշալի օր հեղուկ ագրեգատային վիճակում գետնին փռված առաստաղի չփոփոխվող միակ կետին նայելը որքան էլ անժամանակյա ցանկալի զբաղմունքդ է, մի պահ քեզ հարց տուր։ Եւ մի տուր հարցդ միլիոնավոր մոտիվացիոն բարբաջանքների տեսքով, թե իբր՝ գեղեցիկ է կյանքը, կամքդ անկոտրուն, սա ընդամենը պահ է։ Հարցը տուր սթափ՝ անսթափ հալիդ։ Մի փրկիր քեզ ոչ մի աղետից, աղետը եկել-անցել է՝ քո իսկ կամքով, այլք ու այլ բաները կատալիզատոր են։ Եւ նույն այդ բարբաջանքի տոնով չհամարձակվես գոռալ՝ ախ ինչ մենակ եմ ես, բայց չէ՞ որ կյանքը գեղեցիկ է։ Պնդման առաջին մասը այնքան էլ ճիշտ չէ, որքան կթվա, իսկ երկրորդն, առհասարակ է, ինքնախաբեություն, ինչպես պարզել ես տարիներ շարունակ։ Եւ տարիներ շարունակ հայտնվել քո տան հատակին՝ հեղուկ ագրեգատային վիճակում՝ առաստաղի հաստատուն կետին նայելիս։
Ձեռքերդ քոր են գալիս, մարմինդ դող է բռնել։ Վերջույթներդ սառն են։ Չես արտաշնչում ոչինչ։ Այստեղերում դրան ասում են ապրել։ Ի գիտություն՝ այստեղերում լավ էլ ապրում են, ինչը եւ պահանջվում էր ապացուցել։ Բա դու ինչո՞վ ես զբաղված։
Դու զբաղված ես հասկանալով։ Մարդիկ շնչում են, դու՝ հասկանում։ Մարդիկ էդպես էլ չեն արտաշնչում, դու՝ հասկանում, մարդիկ ձեւ են անում՝ հասկանում են, իսկ դու՝ հասկանում, մարդիկ հոգնում են, դու, ոչ բարով, հասկանում։
Խառն են ժամանակները, ոչ որովհետեւ շուն ու տեր իրար չեն ճանաչում, եւ կամ գլխիդ բեռ ես դարձրել դիմացի հարեւանի ուղղագրություն չիմանալը, հորեղբորդ տղայի ընկերոջ պատահական սակավամտությունն ու ամբողջի բարեկամական վերաբերմունքը նրա՝ հոյակապ հարաբերականության տեսություն գիտենալու փաստի առթիվ։ Լսիր, իսկապես չէ։ Խառն են ժամանակները, որովհետեւ հերիք չի շունը տիրոջը չի ճանաչում, մի հատ էլ դու կաս շուն-տեր զրոյական վեկտորի ճիշտ կենտրոնում գցած։ Դա քո հոգսերից թեպետ փոքրագույնն է։ Որովհետեւ, երբեմն, երբեմն շատ հաճախ պետք է կոմերցիոն բնույթի բաներ անել, այստեղերում պարզ բառերով են ասում դրան՝ փող աշխատել։ Լինել լավ, մտահոգ եւ բարեխիղճ մասնագետ։ Գրել աստվածաամբոխահաճո բաներ։ Օրը քսանչորս ժամ եւ հինգ րոպե զբաղվել դատարկաբանությամբ, տուն գալ միայն քնելու, մնացյալ ժամանակը, որ չկա, վատնել մարդկանց ատելու կամ հանդուրժելու վրա։ Բայց, չէ, իսկապես, դա քո հոգսերից փոքրագույնն է, որովհետեւ մի առիթով ասացիր՝ Սիրիուս, ես գիտեմ կյանքի ձեւերը, ինձ դայակ պետք չէ, ու էդ պահից քաքի մեջ ես։
Ձեռքերդ սառել են, մարմինդ դողում է։ Գլխում դու ունես տերմիններ, եւ գրեթե միայն՝ ամիս-ամսաթվերի անհասկանալի տարածքի հետ։ Գեղեցիկ մի պահ, երբ արյունը գլխիդ չէր խփել եւ ունեիր մոտիվացիոն բարբաջանքի տեսություն մշակող էդ մարդկանց հավեսից, զարթնեցիր՝ ասելով՝ ես ուզում եմ օգնել այն մարդկանց։ Այնն այս պարագայում երկար է շարադրելի։ Հիվանդ քեռակին, կաղ կատու, շենքի մոտի դեղատուն, տան պատերին ֆռֆռացող միջատներ։
Ասելիս դու նուրբ վարդագույն էիր ու այդ գույնի չափ չեփած։ «Կենդանիներն էլ են ունենում տարբեր խանգարումներ, բայց միայն մարդն է հիվանդությունը դարձնում կենսակերպ»։ Թույլ արտահայտված ռոմանտիկադ հարցով կտրեմ․ մարդիկ տեղյա՞կ են այդ մասին։
Առհասարակ ո՞ւմ էր պետք մարդուն գիտական հետաքրքրության փակ շրջան դարձնելը։ Մարդու, որի միակ հետաքրքրությունը լռելու բնազդն է։ Բառեր մի ընտրի։ Լռելու բնազդը լավ է։ Ամբողջ տիեզերքում միայն մարդն, ախր, լռել գիտի։ Եթե հարցեր տալ սիրեիր, ոչինչ չարտահայտող հայացքով կարձագանքեիր, էդ ո՞նց։ Դե, հա։ Դա նրանից չէ, որ միայն մարդ է երբեմն հոդաբաշխ խոսքով իր համար անմահություն կառուցում, կամ էլ նույնիսկ անհոդաբաշխ, բայց փառահեղ։ Ամենեւին՝ ոչ։ Այլ որովհետեւ լռելու ցանկությունն ու կամքը մարդու մոտ հայտնվում է ճակատագրապաշտական այն պահին, երբ խոսելն էլ վատ չէր լինի, գոռալն էլ, նույնիսկ լաց լինելը։ Բայց հնարավոր օպցիաներից մարդն ընտրում է լռելը։ Ո՞նց է լինում այդպես։ Չկա լռության հոգեբանություն, ինչպես գոյություն չունի հոգեբանությունը ոչնչի։
Լռությունից հետո մարդուն վրա է տալիս տեսողությունը, հոտառությունը։ Լռության ուղեկցությամբ մարդը սկսում է մտածել։ Ստեղծել։ Լռությամբ սկսում է, ախ, սկսում է արատավոր շրջանը։ Ցիկլի մեջ, շարունակական կրկնություն դեպքերի, դեմքերի, հիմար հոգնության, պարզ քմծիծաղի, այլեւս հանճարեղ հումանիզմի։ Որում առանձնակի նույնանում են տերն ու ծառան, սերն ու ատելությունը, խաղաղ գոյակցության կամքն ու սեփական մարմինդ ճամփեզրին քրքրելու հակվածությունը։ Որում իրար վրա են դասվում ու ջնջվում բոլոր խելացի բաները, որ անցել են միջովդ, բոլոր տառերը քո սիրելի գրքերից եւ երկրորդ ձայնը՝ սիրած երգի միջից։ Լռության մեջ խելացի խաղալու կարիք չկա, էլ ո՞ւր։ Լռության մեջ սիրելու իմիտացիա անել պետք չէ, որովհետեւ բոլորի կարճատեւ գոյությունը սովորաբար պիտի համակշռի չլինելու գիտակցությամբ, հակառակ դեպքում՝ շրջանում մի բան սխալ կգնա, իսկ սխալներ թույլ տալ չի կարելի այնտեղ, որտեղ տիեզերական ներդաշնակությունը հաստատվել է մեր ու նրանց թվարկություններից էլ առաջ, շատ առաջ։ Լռության մեջ ապրելու մշտական կամք դրսեւորել պետք չէ․ ինչի՞ համար։ Ոչ ոք այդ կամքից չունի։ Ոչ ոք, բարեբախտաբար, դատապարտված չէ այդ կամքին։ Եւ ոչ ոքի պետք չէ հաշտեցնողն իրեն ու այդ կամքին։ Ազնիվ եղի։ Քանի՞ ապրելու կոչ ես արել ինքդ, եւ քանի՞սն են քեզ կյանքի կոչել։
Լռության մեջ քեզ պետք չէ նաեւ ուրիշի լռությունը․․․ այստեղ դու բացարձակ ես ազատ, բաց ես ու արձակ կյանքի համակեցության ձեւերից, ոչ ոքի պարտական չես լռության երեք վանկ կամ որպիսությունը հարցնող փոստային լռություն, կամ սիրո հավաստիացման լռության տողեր։
Ծանր է մտածել՝ ամեն ինչ մատնվում է լռության։ Առհասարակ ծանր է մտածելը։ Ամեն ինչ հանձնվում է լռության, եւ լռության պարադիգման այլեւս առանց հարցի դառնում է կատարյալ։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ հավե՞ս չունենք; Որովհետեւ տրաքո՞ւմ ենք գալիք այլ, նոր արատավոր շրջանից։ Որովհետեւ հոգնո՞ւմ ենք քայլելուց, ըստ որում ինչպես հորիզոնական, այնպես էլ պերպենդիկուլյար։ Որովհետեւ մեր աչքերն են հոգնում ու մեր կամքը։
Որովհետեւ հոգնում է մեր ձայնը։ Ձայնը մեր՝ արդեն քանի հազարամյակ նույն օղակով պտտվելուց։ Ձայնը մեր՝ ճնշված։
Սա չէր քո ուզածը։ Դու ուզում էիր պատմվածք գրել մասին այն, թե մի սիրուն առավոտ ինչպես են բոլորը զարթնում ու հասկանում, որ պատժվել են լռությամբ։ Որ դրան են դատապարտված այսու։ Դու ուզում էիր սիրուն բառեր շաղ տալ՝ նկարագրելու այդ մի կեցության գեղեցկությունը։ Լռության մեջ պատերազմի անհնարինության, սիրո գոյության ու ցավի գերակայության մասին։ Սա չէր քո ուզածը։ Բայց թող ուրիշը գրի այդ մասին։ Վերջապես դու գրող չես։ Եւ վերջապես՝ դու լռության մեջ ես։ Այն լռության, որ եզրափակում է արատավոր շրջանը։