Արման Թովմասյան | Լուսանցքի պատուհանը

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Չեմ պատմի, թե ով եմ ես կամ որտեղից է սկսվում իմ գոյությունը: Միայն կասեմ, որ մի օր գնացի «վայենկոմատ» կոչվող հաստատությունը, ձեռքս մի թուղթ տվեցին ու ասացին.
-Պատրաստվի՛ր, գնում ես:
Ավտոբուսը սուլոցով անցավ, հիշողություններս, մարդիկ, քաղաքը մնացին նրա անիվների տակ:
Բա՛րև, անհայտություն, պիտի ընկերություն անենք: Գուցե ստացվի: Չեմ պատմի, թե ինչպես, ուր գնացինք: Ընդունենք ձեր ժամանակի խնայում, երբ թուղթը պիտի լցնեի անիմաստ բառերի շարանով, որ երևի միայն հասու են նրան, ով ապրել է տվյալ բառերի անիմաստ ծանրությունը:
-Բարև Ձեզ, Արման Թովմասյան:
-Ոչ մի կերպ: Շարքային Թովմասյան:
-Հըմմ, հասկացա:
Շարքայինը անուն չունի: Հետո հասկացա, որ ես ու մի պարկ կարտոֆիլը նույնն ենք, երկուսս էլ ինչ-որ քաշ ունենք, մեզ տեղափոխում են մի տեղից մեկ այլ տեղ, պահում հարմար պահեստում, որ շատ չփչանանք ու երբ անհրաժեշտ լինի, տանեն կլեպներս դանակի տակ դնելու: Սկզբում պատկերացումից դուրս էր թվում ամեն օր նույն փլավը ուտելը, բայց երբ ամեն օր նույն օրն ես ծամում, փլավ ուտելը հաճույքի է նման: Հիշում եմ քեզ, մայոր Իքս: Մոտեցար շարքին, թե բա՝ հոտի պես եք քայլում, թե՝ ՊՆ-ի ուտելիքի հաշվին վզներդ եք մենակ հաստացնում: Նայեցի պարարտ, ճարպոտ խոզերին: Ի՜նչ հարազատ էին թվում. երկուսս էլ չգիտեինք՝ երբ սպանդանոց կտանեն: Մարդը կազմված է բանականությունից ու կենդանական բնազդներից: Ես միշտ իմացել եմ ընտրել, ես եմ որոշել սիրել ձմեռ, թե ամառ, հեռուստացույց դիտել, թե գիրք կարդալ, ուտել թե չուտել, որն է ճիշտ, որը՝ սխալ: Պարզվեց՝ մի ամբողջ կյանք ապրել եմ զառանցանքի մեջ: Այստեղ իմ փոխարեն գիտեն, որ ցանկացած կենդանի գոմ է գնում ժամը 10-ին: Տեսնես մայրս գիտի, որ իր բարձրագույն ավարտ տղեն վերջը կենդանի դարձավ: Այստեղ չկարողանալ չկա: Ասում են՝ թռչել չգիտես, կսովորես, հաչալ չգիտես, կսովորես, ոռնալ չգիտես, կսովորես: Կսովորես, ամեն հնարավորը կանես, երբ մի օր կնկատես, որ հայելում աչքերիդ մեջ չես նայում: Քեզ նայում է անհայտ, օտար մի մարդ՝ շարքային էսինչյանը, ով որպես նախորդ կյանքի առասպել երբեմն հիշում է ազատ նախնիների մասին: Երբ ամեն գիշեր նայում էի քանդված ճանապարհին, մտովի շրջում էի Աբովյան փողոցում, ուր որպես նախորդ կյանքի առասպել երբեմն հիշում է ազատ նախնիների մասին: Երբ ամեն գիշեր նայում էի քանդված ճանապարհին, մտովի շրջում էի Աբովյան փողոցում, ուր մի ամբողջ կյանք շրջել էի: Տեսնես չի կարոտել իր մայթերին միշտ ինչ-որ հանդիպումից ուշացող ու վազող մեկին: Գիտեք, թե որքան վաղուց մի պատառ երգ չէի լսել: Չէ՛, բայաթիներ, ռաբիզ կլկլոցներ, թաղման ողբեր ինչքա՜ն ասես կարող ես լսել: Ազնիվ խոսք, հորս արև, ինչ ուզեք, տեղում առաջարկենք: Պատահաբար հեռուստացույցով անգլիական «Հըրթս»-ին եմ լսում: Չէ, երազ է, աչքերս եմ տրորում, չէ իրական է, չէ երազ, երջանիկ եմ ես, սիրտս հեսա կտրաքի, «Հըրթս» էս անգույն պատերի մեջ: Չեմ մեռել, ապրում եմ: Համալսարանում 4 տարի ֆրանսերեն եմ սովորել: Հաճախ ենք վիճել իրար հետ, նեղացել իրարից փարիզյան նրբաճաշակ դիցուհին ու ես, բայց նրա գգվանքներից շատ եմ արբել: Ու հիմա նա չկար: Հասկանում եք, մի բառ չկար: Գուցե մեկ ուրիշի գրկում էր գալարվում: Տանից գիրք ուզեցի: «Parlez-vous francais?»: Մի հասարակ դասագիրք: Անզուսպ կրքով խժռում եմ բառերը, սիրտս լցնում Մոնմարտրի քամիներով: Ես գտա իմ նրբաքիմք սիրուհուն: Լսե՞լ եք չէ, որ ասում են՝ տղեն պիտի ծառ տնկի, տուն կառուցի, որդի ունենա: Լսել եք: Գիտեմ, որ արական սեռն են զորակաչում բանակ: Համենայնդեպս բաղնիք գնացել ենք, ու հաստատ գիտեմ, որ այստեղ միայն արական սեռի ներկայացուցիչներ են: Ասացին՝ ծառեր պիտի տնկեք:
-Մստո, դու:
-Մստոն կաղ է:
-Ճստո, դու:
-Ճստոն տկար է:
-Չալո, դու:
-Չալոն գունատ է:
Տվեք, ես կտնկեմ էդ եղևնիները: Դուք որդի ունեցեք: Ձեզ թող լինեն ձերպեսներին սիրող բոլոր կանայք: Գիտեմ, որ մի պատառ կյանք, որ մի կտոր աշխարհ պիտի թողնեմ ինձնից հետո, որ կլցնի շուրջը գույնով: Գիտեմ, որ իմ պես մեկը մի օր խաղաղ կնստի էս ծառերի մոտ: Տվեք, ես կտնկեմ եղևնիները:
Ասում են Հոմո Սափիենս: Հա ո՞ր: Թե՞ խոզ: Գիտեմ, որ խոզերն են սիրում կեղտի մեջ թավալ տալ ու սեփական մահճի կողքը լցնել կեղտով ու չմաքրել: Չէ, բնավ ոչ մի մտադրություն՝ զուգահեռներ տանելու մարդու ու խոզերի միջև: Զուգադիպություն է, հա, հաստատ:
-Զինվորը պիտի «պաչիվ» կարի, մաքրի հագուստը, զբաղվի անձնական հիգիենայով ու միայն պարապմունքներ: Զինվորը, որ մենակ ա մնում, անասուն բաներ ա անում:
-Պարոն մայոր, իսկ ես, լինում է, ընկնում եմ մտքերի մեջ, մտածում եմ: Դուք չնշեցիք: Միթե՞ կարելի է: Կարելի՞ է մտածել: Եթե ոչ, կշտկեմ թերությունը: Այլևս չեմ մտածի:
Հիշում եմ, մի սպա ասում էր՝ զինվորները ուռած գլխի են նման: Մի օր Իքս կապիտանս եկավ, թե՝ բա էս դո՞ւ ես: Ասում եմ՝ հա: Ամսագրի մեջ բանաստեղծությունս են տեսել: «Բռնվեցիր, Արման»,-մտածեցի ես: Հա, բռնվեցի: Ստեղ մեկն ասում էր՝ գլուխս ցավում ա մի էջ կարդալուց: Էն մեկն էլ թե՝ Թումանյանն ո՞վ ա: Էն անգիր գրո՞ղը: Մյուսն էլ թե՝ փակեք գրքերի թեման: Ես էդ թեմաներից չկամ: Ներվերս խախտվեց: Հա, բռնվեցի: Չես կարող համոզել օվկիանոսին լճի տարածքներում յոլա գնալ: Կխեղդվի: Իքս կապիտանս մի օր լուրջ ասաց.
-Որ գրում ես, մեջը փող կա:
-Չէ, չկա:
-Բա ինչի՞ ես գրում:
Զարմացած նայում էր վրաս: Չէ, ես բառապաշարի խնդիր չունեմ, բայց ո՞նց բացատրեմ, թե մարդ չի կարող ապրել առանց սրտի, երիկամի կամ թոքերի: Ես էլ՝ առանց գրի: Ինձ «այլմոլորակային» էին ասում: Գիտեմ, որ ծնվել եմ Հայաստանում, ծնողներս հայ են, ուրիշ մոլորակում ազգականներ չունեմ: Բայց սպասե՛ք: Հա՜, հիշեցի, ախր ես Շառլ Ազնավուր եմ լսում, իրենք Թաթուլ, ես՝ Պատրիկ Ֆիորի, իրենք՝ Սպիտակցի Հայկո: Ես գիրք եմ կարդում, իրենք իրար են հայհոյում: Լինկդին, թվիթեր, Կանալ պլյուս, ԲիԲիՍի, Ֆրանս 24, Լինկդին… Չէ, եղբայր, իրենց տենց բաներ պետք չեն: Թարգի՛: Ես Սիրիական հարց եմ ուսումնասիրում, իրենք՝ 15 րոպե թպրտացող պոռնիկների համարները: Հետո եկավ խելագարությունը: Բոլոր հին ու նոր սերերս թափվում էին գլխիս: Դատարկ եմ, գրողը տանի, դատարկ եմ ու հոգուցս նեխած ճահճի հոտ է գալիս: Լիլին չկա, Մարին լքեց երկիրը, Էլիզն ամուսնացավ… Մենակ եմ: Հրաժեշտը կաթում է գլխիս: Երբ մարդ պայթում է ներսով, սկսում է կրկին վերաձևել սեփական աշխարհը, ու ես անհուսորեն հասկացա, որ սիրո մեջ մենք մեր արտացոլանքն ենք տեսնում, իդեալականացնում ու հիասթափվում: Գիտեմ, որ, ասենք, քե՛զ՝ օրիորդ, մի ժամ չանցած՝ կլքեի, երբ Տերյան փողոցում լինեի, իսկ այստեղ, այս 4 պատի մեջ դու փրկության Աստծո ես նման: Կյանքն ինքնին պարզ է թվում, երբ ազատության մեջ սպանում ես ժամերը, ակնթարթները: Երբեք չես մտածում, թե ժամանակի գոյությունը կարող է անգամ կյանքի դադար լինել, որ ուղղակի գոյություն ունի մի տեղ, քառակուսու մեջ, մեկը, որին երբեք չես ճանաչել: Այստեղ յուրաքանչյուր ակնթարթ թվում է մարգարիտ: Քաղաքում չէի մտածի, թե կմտածեմ մի աղջկա դեմքին գծագրված խալի տրամաչափի մասին կամ նրա մասին, թե ինչպես էր նա համբուրվելիս վերին շրթունքը դողացնում փշաքաղությամբ: Մի տղու հանդիպեցի: Մարմնի ծավալը խոստանում էր մի ամբողջ վարազ տեղավորել ստամոքսում կամ գուցե քեզ, եթե նյարդերին ազդես:
-Բարև, անունս Արման ա:
-Բարև, Գեղամ: Գնդապետի տղեն եմ:
-Ուրախ եմ: «Բայց ես հարցրի՞, թե ում տղեն է»,-մտածեցի ես:
-Ինչո՞վ էիր զբաղվում մինչև բանակ գալդ:
-Գնդապետի տղեն եմ:
-Սիրո՞ւմ ես ծառայությունը:
-Գնդապետի տղեն եմ:
-Լավ:
Հեռացա: Տեսնես միզում է, թե գնդապետի տղեն չի միզում: Ինչևէ: Այսօր գիրք եկավ ինձ մոտ՝ Խորխե Լուիս Բորխեսի էսսեների ժողովածուն: Թվում է՝ ինձ ծննդատնից նորից բերեցին: Գրպանս եմ պահում: Խցկել եմ մի ձև: Չեմ էլ հասցնում կարդալ: Կամ ո՞րտեղ կարդամ: Իրար հետ «ֆիզո» ենք անում, մաքրությամբ զբաղվում, անգամ «պալիգոն» հասանք: Տեսնես՝ Բորխեսը գիտի, որ ինքն էլ է ծառայում: Չէ, թող չիմանա: Գրպանս ուռած քայլում եմ: Մայորը տեսավ:
-Զինվոր վազի ստեղ, շուտ արա: Էդ ի՞նչ ա գրպաններդ: Դատարկի:
-Գիրք, պարոն մայոր: Տետր, գրիչ:
Հեռախոս էր սպասում: Աչքերն անճոռնի վրես չռեց ու նայում է, ապա թե.
-Հո դու քայլող էնցիկլոպեդիան չես, արա: Տար, գցի լսարան:
-Լսում եմ:
Չէ, չեմ կարող բացատրել էս խելոքին, որ չեմ ուզում միակ ընկերոջս էլ գողանան: Չէ, գողություն չկա, ուղղակի զգույշ ես քնում, կարող ա մեկին հագուստդ էլ պետք լինի, հագնի գնա: Ուզում եմ կարդալ: Չգիտեմ՝ ինչպես կընկալեն շրջապատողներս: Հիշում եմ, մեկն ասաց՝ աթեիստ է, բոլորը որոշեցին նրան քառատել, թեև ամեն օր հնարավոր ու անհնար բոլոր ձևերով խախտում էին քրիստոնեական պատվիրանները: Գառան դեմքով մի քանի բառ բերանից թռցրեց մեր խիզախը, ու միանգամից միջնադարի ինվիզիցիայի դատարանները վերադարձան: Այրե՛լ հերետիկոսին: Այրե՛լ անհավատին: Գիտեմ՝ ես էլ եմ հերիտոկոս նրանց մոտ, ովքեր դեպրեսիա են ապրում հենց մենակ գրքի անունը լսելիս: Ինչպես գողը մի բան թռցնելիս կողքերս եմ նայում ու սկսում սեղանի տակից գիրքս կարդալ: Գլխիցս քարեր են թափվում, դեմքիցս նորից վազում է կյանքը: Աստված, ես կամ, ես չեմ մեռել: Բորխեսը վերածնեց ինձ: Անցնում էին օրերը, նկատեցի, որ ոչ մեկին պետք չեմ, սկսեցի բացահայտ կարդալ: Չէ, պարզեց, որ ամեն դեպքում պետք եմ:
-Էս ի՞նչ ես կարդում, երնեկ հավեսիդ:
-Ի՜նչ էլ զահլա ունես:
-Նորմալ բանից խոսացեք, կարդացեք, ի՞նչ Բորխես: Ասում ես՝ ինչ ես, Խոսես, Բոխես, Բորխես:
-Գոնե արկածային ա, տանեմ կարդամ…
-Չէ, ախպերներ, չէ:
Ցրում եմ, ոնց կարողանում եմ: Անցավ 1 ամիս: Արմանն ու գիրքը դարձել են սպասված երևույթ: Նկատում եմ, հայտնվել են կարդացող դեմքեր: Անձրևի է նման, որ հողի տակից սկսեցին սնկի պես գլուխները հանել: Չեմ սիրում խոսել: Լեզուս փաթաթել եմ, գցել վանդակը: Գիտեմ, որ հաճախ տհաճ եմ կողքիններիս: Երբեմն պատահում էր՝ խոսում էին ֆիլմերից, արվեստից, քաղաքականությունից… Սոված շան պես էդ կողմ էի վազում: Տվեք խմեմ, խմեմ, խմեմ բառերը ու պայթեմ: Բառեր տվեք կյանքի մասին: Ու հո՜պ, հայտնվում էր մեկը.
-Նորմալ բաներից խոսացեք էլի՝ ասենք մաշնեքից, քաձերից, հերայինից: Գլուխս ցավաց, իմ արև:
Բոլորը լռեցին: Կյանքի թելը կտրվեց: Վերջ: Ես գիտեմ, որ աշխարհն իմ մեջ եմ կրում, և պատերի բարձրությունը չէ, որ ջնջում է օվկիանոսը իմ միջից: Իմ աչքերում էլի հորիզոններն են վազում, ես ամեն օր էլի արևածագն եմ կորզում: Առավոտյան վազում ենք, ցուրտ է, քամին խաղում է ոսկորներիս հետ: Տղերքից ոմանք թաքնվում են, մենակ տաք տեղ լինի: Չէ, Արմանը պիտի վազի: Մամ, քեզ ասում էի, չէ՞, որ մանկությունից «Ռեմբոն» շատ եմ սիրել: Ես մենակ էդ կերպարն եմ ընդունում զինվորի համար: Արագածը դիմացս է: Երբ ժամանակն ընկերներով գագաթից ներքև էինք նայում, չէի էլ ենթադրի, որ նրա դիմաց գալու եմ ազատության կորստի, որ միայն նրա գագաթին եմ ամեն օր նայելու ու մտովի նույն ճանապարհը գծելու: Շղթայված իրականության մեջ նա մնացել էր ազատության միակ բևեռը: Ընկերս ասաց.
-Քեզ չեմ հասկանում:
-Ես էլ,- ասացի:
Իրար կողք էինք նստում դասի: Մեզ սովորեցնում էին խոցել հակառակորդին, ես նստած բանաստեղծում էի: Խոցել հակառակորդին-բանաստեղծել: Նոր հոմանիշ էի ստեղծել: Թող կործանվեն բոլոր բառարանները: Ես սիրում եմ բառերի խելագարությունը: Ոչ մի անգամ նա չէր հարցնում, թե ինչ եմ անում: Լուռ հասկանում էր: Հետո հասկացա, որ նա բանաստեղծությունը կրում էր սեփական հոգում, չնայած ոչ մի տող կարդալ չէր սիրում: Հիվանդ եմ: 39 աստիճան ջերմություն ունեմ: Վրաս հաճույքով կաթսա կդնեի, տապակած կարտոֆիլ սարքեինք: Կարոտել եմ: Գիշերվա 9-ին մտնում եմ հիվանդասենյակ: Օ՜հ, ծանոթ դեմք: Գյուղից է: Տան 10-րդ զավակը:
-Տարիքո՞վ ես:
-Հա, ավարտել եմ համալսարանը:
-Արա դե էս եվրոպացիք վատ են լրիվ: Ֆրանսիացի ես, համը հանում ես: Հենա 10 երեխա ենք, կով կա, ֆերմա կա, դաշտ կա, ի՞նչ կարիերա, ի՞նչ ես խոսում, սեր, կնիկ, երեխա, ապրի էլի:
-Չէ, նո, նոն, նյետ, նայն… ի՞նչ լեզվով էլ ասեմ:
-Ի՞նչ երգեր ես լսում:
-Դե ռոք, փոփ, փոփ-ռոք, կլասիկա, ջազ… եսիմ, կարևորը բարձրորակ լինի:
-Ցիրկ ա էս տղեն: Ի՞նչ ես խոսում: Հայկական տխուր սիրո երգեր: Արտաշ Ասատրյան: Չէ, մարդ չես դառնա, մի հատ էլ էդքան սովորել ես: Թե ում ա պետք:
-Գիտեմ, ոչ մեկին պետք չի: Տեսնես՝ Մադամ Սահակյանը կմտածե՞ր, որ իր ամենաբողոքական ու ըմբոստ ուսանողը կհաշտվի ամեն գաղափարի հետ: Չէ´, չի հավատա:
Տուլիկ փարթի: Բանակի հիշվող հավաքույթները: Ռազմական պլան էինք մշակում, թե ով, որ ժամին, ինչ պիտի անի: Ժամը 4-ին զարթնում էինք, շրխկ, դրխկ:
-Էն ի՞նչ ձեն էր: Հո աֆի՞ցեռ չէր:
-Չէ, օֆ:
-Մի՛ ճռռացրու, քնած մարդ կա:
-Էն Արթուրին բուտերբրոդ տարեք, էնի քնից հելնողը չի:
-Հովո, քիչ կեր, անջատի էդ լակատրներդ, որ ամեն ուտելու բան բռնում ա:
-Արա դե տղեն չափսերով մեծ ա, հլը ձեզ նայեք: Կեր, Հով ջան:
Առավոտ: Կարծես գիշերը երազ լիներ: Երջանկության պատառները փակ համակարգում շատ ավելի ամբողջական ես ընկալում: Պինդ բռնում ես ու ամեն պատառի բույրն ու համը զգում ես մանրազնին կերպով: Մենք սովորել էին ջրափոսերում արևի կտոր փնտրել, երկինք ու ամպեր, լույսերի մեջ մեր փողոցները հիշել, բացվող պատուհանից հեռվում տուն փնտրել: Մենք սովորել էինք ապրել, երբ կյանքը քանդվում էր շուրջը:
-Ֆինլանդիա ինչպե՞ս է, ցո՞ւրտ է:
-40 աստիճան: Մրսում եմ:
-Տաք հագի, լսում ես, տաք հագի չմրսես: Թե ոնց գնացիր հասար աշխարհի ծերը: Հաց կերե՞լ ես:
-Հա, բայց կյանքը չի հերիքում, Երևանս չի հերիքում:
-Չգիտեմ, ոչինչ չգիտեմ:
Մեկին շղթայել է զենքն ու կռիվը, մյուսին՝ հեռու երկիրը: Ես չգիտեի, որ երբևէ 10 բառ հաղորդագրություն թաքուն գրելիս ու կարդալիս բոլոր բառերը հերթով կդրոշմեմ սրտիս, զարկերակիս: Ես ամեն անգամ նրա անունը տեսնելիս աշխարհը դեն էի նետում ու զգում էի բացվող խաղաղ առավոտը: Ես ապրում էի նրա հետ: Մեկը քնում էր, մյուսը զարթնում: Նրանց, ում կսիրենք երբևէ, թող բաժին չհասնի հեռավորությունը, ինչպես էլ որ լինի: Ես սովորեցի պատրանքներ գրկել, ծամել երազանքներ, հուսախաբությունները որպես շարֆ փաթաթել վզիս: Պարադոքսային է հնչում, բայց կան դեպքեր, երբ մոխիրն էլի ես այրում և սովորում ես գծել դատարկության ու տխրությամբ լիանալու նուրբ սահմանը: Երբ ո՛չ տխուր ես, ո՛չ ուրախ, դու մեկն ես, ով ֆիզիկական գործողություններ է կրում: Գուցե անունդ դնեն ռոբոտ Էֆ 75: Սկզբում քաղաքից էի երազներ տեսնում: Հետո սկսեցի բանակային առօրյան տեսնել: Հետո ամեն ինչ մեռավ: Ոչինչ չեմ տեսնում: Ժամանակին զոմբիների մասին խաղ էի խաղում համակարգչով: Ուղեղներ էին որսում մարդկանցից: Հիմա ինձ հետ են զոմբի խաղում: You lost: Իմ ուղեղն էլ վերցրին: Ծառերի հետևում մի դաշտ կար: Հետևում սարեր են, հրթիռը ու քարեր-քարեր: «Dead poets’ society» էինք հիմնել: Մեկը Պետերբուրգի հուշերն էր պատմում, մյուսը ֆրանսիական գրականությունից էր պատմում, մյուսը Մեղրիի եռուզեռն էր հիշում: Մենք ծխախոտ էինք վառում, նայում սարերին ու լռում կյանքի մասին: Մենք մեզ ունեինք, ու մեր աշխարհից փախել էր դատարկության քամին: Մենք մեր անցած-գնացած սերերին էինք վերակենդանացնում, շտապում Երևանի փողոցներ, մեկս նոր ժամացույց էր գնում, մյուսը՝ իր սիրած հոթ դոգն էր ուտում: Վիճում էինք գաղափարների շուրջ, կրկին փնտրում կյանքը: Մենք մեզ ունեինք, ու թվում էր՝ հրթիռը ժպտում է մեզ ու մոռացել է պատերազմի մասին: Մի օր Հակոբին ասացի.
-Հոգնել եմ էս անորոշ ու դժգույն ճահիճից: Էս շրջապատող քառակուսի մարդկանցից: Միակ գեղեցկությունը ստեղ էս մայրամուտն ա ու դաշտը:
-Հենց էդ ա կյանքը, Արման: Էդա քո աշխարհը: Մնացածը ստվերներ են:
-Արման, կհիշե՞ս մեզ:
-Մենք ապրել ենք, տղերք, ապրել ենք: Մենք հլը իրար հետ պիտի խմենք, էս հուշերից պատմենք: Մենք սովորել էինք իրար հետ քնել ու զարթնել: Հիմա էլի բաժանում: Հավաքակայանում կողք կողքի ենք կանգնել:
-Դե իրար հետև կանգնենք, նույն ավտոբուսը նստենք:
-Գոնե իրար հետ կարդան մեր անունները:
-Ավտոբուս համար 7: Պողոսյան Դավիթ, Բարգրատյան Հրանտ…
-Ինչ լավ ա, անունս չկա: Տղերք իրար հետ ենք գնում երևի:
-… Թովմասյան Արման:
Կիսատ-պռատ փաթաթվեցինք: Մենակ ինձ, հասկանու՞մ եք, մենակ ինձ տարան ուրիշ ավտոբուս:
-Գնացի, տղերք: Լավ մնացեք:
-Չմոռանա՜ս մեզ: Մեր մասին բանաստեղծություն կգրես:
Նայեցի ետ: Լուռ ժպտացի: Նրանցից ոչ ոք գրականություն չէր կարդում: Կմոռանա՞մ ձեզ: Երբեք:

Share Button

2 Կարծիք

  • Աննա says:

    Ցավդ տանեմ Արման ջան ինչքա՜ն ապրումներ ես ունեցել: Շատ հուզիչ է: Մինչև վերջ լացելով կարդացի:
    Հ.գ. Ցավդ տանեմի իրավունքը տվեց այն, որ տղաս էլ զինվոր է…

  • Arman Tovmasyan says:

    Աննա ջան, անչափ շնորհակալ եմ:))))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *