Եթե ես ամենափոքր պատկերացում ունենայի առ այն, որ Ջուդիթն այստեղերը կլքի մեր հանդիպման հաջորդ արեւագալին, հավանաբար որեւէ ջանք չէի խնայի ավելի արագ կուլ տալու ճակատագրի շռայլության նեկտարը։ Բայց ինձ բնորոշող թերությունների մեջ է դանդաղկոտությունն արարքների եւ մտքի․ այդպես ես ավելի դյուրորեն եմ կարողանում ինձ վերագրել միակության մխիթարող պատրանքը երկնքի տակ, որտեղ ամեն օր ծնվում եւ մեռնում են ոչնչով չտարբերվող մահկանացուներ ու ինքնահնար անմահներ։
Ճամփորդությանը պատրաստվել էի երկար, գուցե ծնված օրից կամ գուցե հնարում եմ՝ ավելի մեծ իմաստ հաղորդելու համար նրան, ինչ հետս կատարվում է կամ ինչի հետ ես եմ կատարվում։ Բացարձակապես դադրած արեւմուտքի մեռնող, միառժամանակ հառնող կիսաաստվածներից ու ինտրիգներից, քաջության ու բարեկեցության մշտական պակասուրդից, ավելի ու ավելի ծավալուն դարձող թուլամտությունից, հավիտենական կուռքերից, որոնց առաջ խոնարհվում ու խնկարկում եւ որոնց սրունքներն են արցունքազօծում եռագլուխ հրեշները՝ քաղաքական բախտախնդրությամբ, ափիբերան լցված մորս գանգատներով եւ բողոքներով, թե ես հորս կտորն եմ՝ նույնքան անպիտան եւ կակղամորթ, մորս պահանջներով, թե իսկական տղամարդը ոչ մի երկվայրկյան իրավասու չէ մենակ մնալ կյանքի ճամփի կամայական կետում, մորս մշտառկա ամեն ինչ արժեզրկելու գերհատկությամբ, թե ուրիշներին միշտ ավելին է տրված եւ տրվում, իսկ իրեն՝ մրուրը՝ կյանքի, ես մանրախնդրությամբ հավաքեցի ճամպրուկս ու առանց ավելորդ հույզի բեմադրության՝ ինքս ինձ ճամփեցի արեւելք՝ ի խույզ անծանոթ ավազների ու ուղտերի, ի խույզ գեղեցիկ ապառնիի, որ միշտ դուրս է արեւմտյան պարագծից։
Ջուդիթին ես տեսա օդակայանում․ ակներեւաբար բարձր բաների մասին մտքերով լի արծաթաթել գլուխը, որ համարյա ոչ մի աղերս չուներ ազդրերի տակ սեղմված վարդագույն ճամպրուկի հետ, ներշնչում էր հույս, որ ես միակ գունատը չեմ սպասվող ավազների ոսկուն ի սպաս, եւ մի քիչ էլ խանդաղատանք․ ամեն դեպքում լավ է, երբ ճամփորդությունդ զարդարող կանացի սկիզբ կա։ Փութկոտ քայլքս կառավարելու փորձերը, ինչ խոսք, ինձ ավելի հիմար էին դարձնում, քան էի։
-Ինչպե՞ս եք․ պատրա՞ստ եք դրկիցը լինել շոգին, ավազին եւ աններելի քրտնահոտին։
-Տղաս, բաց թողնենք ավելորդ ֆորմալիզմը։ Ինչպե՞ս եք դուք՝ դեռ այդքան կանաչ եւ լրիվ անհաղորդ այստեղերի օրենքներին։
-Միսս․․․
-Աստծո սիրույն, Ջուդիթ։
-Ջուդիթ, ինչո՞ւմ եք գտնում ձեւականությունը։
-Մարդիկ, որպես կանոն, ուրիշի որպիսությամբ հետաքրքրվում են, զի պետք է արագ անցնեն իրենց մասին պատմություններին։
Այդպիսով, իմ ազնիվ քրքիջը սկիզբ դրեց այլ հավասար պայմաններում գրեթե անհնար զրույցին, իսկ ես համաձայնեցի լինել հաղորդակից անոթը, թեկուզ մեկօրյա, Ջուդիթի համար, ով, անկասկած, առիթը բաց չէր թողնի հիշեցնելու, որ ես կանաչ եմ ու սաղրամիտ։
Հրաշալի պատահականությամբ մեր յոթօրյա կեցությունը ամրագրել էինք նույն հյուրանոցում(անգամ չգիտեմ՝ տեղի՞ն է վրաններին այդ տալ հյուրանոց անունը)` անապատի համարյա կենտրոնում, որտեղ աստեղային սփռոցը պիտի ստեղծեր տիեզերապատկան հոգիների պատրանք մեր գլխավերեւում, իսկ անհամրելի ավազահատիկները՝ մարդկայնության գետնամած հիշեցում։ Ճամփան, ինչպես խոստացել էին, պետք է ձգվեր գիշերի միջով եւ երկարությամբ։ Ես, որպես առաջին անգամ միակ բախտավոր աստղի տակ ծնված տղամարդ, գտել էի ինձ ուղեկից Շահրիզադին․ մնում էր ներան չհիասթափեցնել։
Դժվար է դիտել կողքիդ, քեզ կիպ նստած մարդուն ամենայն մանրամասնությամբ, հատկապես երբ մտադրված ես գտնել Սատանային։ Ջուդիթն ուներ զարմանալի աչքեր, որ անապատի երկնային լուսավորության պայմաններում մերթընդմերթ փոխում էին երանգը՝ կախված ասելիքից, որ արեւելյան երգի պես էր՝ քաղցր ինչպես այդտեղերում խիստ ժողովրդական հալվան եւ ծորուն ու անեզր, ինչպես ես էի ուզում կարծել, որովհետեւ ականջս կարոտ էր ժամանակի հպատակությանը չտրվող որեւէ գեղեցիկ բան լսելուն․ դա նման է լռության կարոտին։ Երբ մարդը, որպես ենթակա նախադասության անդամ, անվրեպ զգում է յուրաքանչյուր բառի աշխարհաստեղծ ուժն ու համարյա սեր է անում յուրաքանչյուր բառակազմիկ տառի հետ, ջնջվում է սահմանը լռության ու խոսքի, աղմուկի ու երաժշտության, ջղաձգման նյարդի ու անմեկնելի խաղաղության։ Ջուդիթի աչքերը փոխում էին երանգը դեղինից մինչ մուգ, խավարչտին շագանակագույն, ինչը, շիտակն ասած, ինձ մերթ վախեցնում էր, մերթ դյութում, մերթ ստեղծում խաբկանք, կամ, ո՞վ գիտե, գուցե միակ ճշմարիտ ցանկություն դեպի ինձ լրիվ անհայտ կին, ով կարող էր լինել մայրս, եւ ով կարողացել էր խույս տալ մայրական պրագմատիզմից՝ բոլորին եւ ամեն ինչ վերահսկելու կործանարար ու ամենայն քնքշանք սպանող դատապարտվածությամբ։
-Եւ, ուրեմն, ի՞նչն է Ձեզ բերել ավազների հետ այս ժամանակավրեպ հանդիպման վայր։
-Տղաս, ես միշտ մտածել եմ, որ Ոդիսական գրում են ոչ միայն եւ ոչ անպայման տղամարդիկ։ Թեպետ տղամարդիկ դա սկսում են անել երրորդ տասնամյակից ի վեր, իսկ կանանց համար ամենից հարմարը հիսունից հետո եկող ժամանակն է, երբ խաղաղ են այսու մարմինն ու հոգին, խաղաղ, բայց ոչ հավասար։
-Ոդիսականը փնտրտուքի մասի՞ն է արդյոք, ինչպես ես եմ համարձակվում մեկնաբանել։
-Հունական դիցաբանության մեջ ոչինչ փնտրտուքի մասին չէ․ այն գրված է ջահելների ձեռքով ջահելների համար, որպեսզի դյուրահավատ ու ժամանակին տուրք տվող գոյությունն առնի մի քիչ մխիթարիչ ձեւեր։ Պատանեկան նատուրալիզմից ու Էդիպոսից մինչեւ ամենաբարձր ատյան՝ Հադես ու Դեմետրա, չկա մի բան, որ ներհատուկ լինի բյուրեղյա մաքուր՝ մարմնից ազատված մտքին։ Կամ ես եմ սխալվում, կամ սխալվել է նա, ով ինձ կարդալ է սովորեցրել։
Ես գուցե համաձայն չէի Ջուդիթի հետ, բայց եւ ազատված էի անհամաձայնություն հայտնելու կամքից։ Երեսունից հետո ինձ հետ կատարվել էր մի բան, որ ես մեծամտորեն ուզում էի անվանել հասունություն, եթե դա տղամարդու հետ երբեւէ կատարվում է։ Մարմնական մերձեցումն արդեն գլխավոր կամ միակ նպատակը չէր, երբ հանդիպում էի որեւէ շարժվող, գեղեցիկ բանի, բայց եւ ստորին կարգում էլ չէր, որպեսզի ինձ հանգիստ դասեմ ներքինիների շարքին։ Ես սովորել էի ընկերություն անել կանանց հետ, ովքեր համառորեն պնդում էին, թե անհնար է կնոջ հետ ընկեր լինելը, որովհետեւ մեծ կրծքի տակ բովանդակություն փնտրելն առնվազն փոքրոգություն է, կամ մի գիշերից հետո այլեւս բացահայտելու բան չի մնում։ Օ՜, ես սովորել էի կանանց մեջ տեսնել բովանդակություն, եւ գուցե այդտեղ էր իմ դժբախտությունը։ Այդ նույն բովանդակություն տեսնելու մարմաջն էր կամ վերջապես բոլոր տեսակի արեւմտյան ձեւերից առժամանակ ազատվելու մասին միտքը, բայց ես անբացատրելի, համարյա անիրական, թե կուզեք՝ աստվածային սիրո պես բան էի զգում կողքիս նստած արծաթամազ այդ կնոջ նկատմամբ, ում բերանով ինձ հետ խոսում էին բոլոր իմաստունները, որ երբեք որպես կին չէին պատկերացել մարդկանց։
-Ճակատդ կնճռոտվեց, տղաս։ Մի՞թե ես մտահոգեցի քեզ։
-Օ՜, Ջուդիթ, Ձեզ երբեւէ ասե՞լ են, որ չափազանց հմայիչ եք,- համարյա զտարյուն ապուշի պես շպրտեցի ես։
-Ոչ ոք դեռ այսքան արագ չի արել դա, տղաս։ Ոչ իմ երեք ամուսինները եւ ոչ մնացյալ սիրեցյալները։ Ահա թե ինչու եմ ես հակված կարծելու, թե դու դեռ շատ կանաչ ես։
-Միայն երե՞քը։
-Այո, արեւմուտքից, հարավից եւ հյուսիսից։ Երիտասարդության օրոք մենք շատ նման ենք դատարկ անոթի, որ պարտադիր փնտրում է տարողություն՝ լցվելու համար։ Այդպես եւ ես որոշեցի փորձել մակաբույծի կյանքը՝ իմ մեջ ամփոփելով պարունակությունները, իմա՝ գրքեր, երաժշտություն, դատողություններ, որ պատկանում էին բացարձակապես տարբեր եւ նմանօրինակ այդ տղամարդկանց՝ արեւմուտքից, հյուսիսից եւ հարավից։ Երեքին էլ լքեցի տարբեր տարիների նույն եւ նույնական այգաբացներին՝ որպես տարօրինակ էպիֆանիայի ծիսակարգ։ Հինգերորդ տասնամյակի սեմին բախեցի բոլորի դուռը՝ սպիտակ դրոշով՝ խիստ արհեստականորեն ստանձնած փլուզված ինչ-որ բանի պատասխանատու շինարարի դեմքի արտահայտություն․ ոչ ոք ինձից հետո չէր փորձել վերախմբագրել միայնակ տղամարդու իր՝ օրորոցի սնարից հատկանշականորեն տարիների միջով բերած ճակատագիրը։ Կանացի սնափառությունն ինձ մղում էր ցնծալ, թե այդ ես եմ այդպես անգթորեն նրանց զրկել հավատից՝ առ ամուսնություն, իսկ տարիները, որ ինձ վրա անդառնալիորեն թողել էին իմաստնության որոշ հետքեր, փորձում էին հակառակն ասել․ հասունացել եմ ոչ միայն ես, այլեւ նրանք, այդ տղամարդիկ՝ արեւմուտքից՝ հոգնած, հյուսիսից՝ սառը ձեռքերով, հարավից՝ բռի, կրքոտ ու կոտոշավոր։
-Իսկ սիրեցյալնե՞րը։
-Ա՜խ, նրանք քեզ պես առիթը չունեցան, գուցե չունենան վայելելու կենցաղի դառնահամը ինձ հետ․ հետեւապես ես մնացել եմ որպես ընդմիշտ երիտասարդ եւ արեւադարձային սիրուհի, որը գիտե տրփանքի բոլոր գաղտնիքները եւ իգական քնքշության բոլոր ճիշտ հանգավորումները խիստ առնացի մեր կյանքում։
-Ջուդիթ, դժվար է հավատալը, թե բոլոր այդ մարդիկ միայն իրի խորհուրդ են ունեցել Ձեզ համար։ Ծաղրո՞ւմ եք նրանց։
-Ինչպես մայրդ է ծաղրել քեզ, տղաս։ Ոչ, ամենեւին։ Ես սիրել եմ նրանց բոլորին եւ նրանցից յուրաքանչյուրին փորձել եմ ծառայել այն հավատարմությամբ, որով խնամել եմ իմ սերը։ Բայց հոգին ու մարմինը հավասարվում են, հետո՝ հոգին սկսում է ծանրանալ։ Ծանր հոգով թեթեւ սիրելն անհնար է։ Մարմնական մերձեցումը միայն արտաքին անոթներն է լցնում այդու, իսկ ներսում ճաք է տալիս նրբին գործած ապակյա բաժակը։ Եւ անդունդները այլեւս կամ չեն լցվում, կամ լցվում են այլ բանուբառով։ Ժառանգներով, եթե կուզես։ Ես լավ էի գիտակցում, որ ընտրության առաջ եմ․ կամ պիտի ընտրեի անմահությունը, կամ իմաստությունը։ Դժվար է իմաստուն լինել, երբ ուշք ու միտքդ երեխայի հագուստի մաքրությունն է կամ առողջ ատամները։ Եւ անմահություն էլ չէր իմ փնտրածը, շիտակն ասած։ Ահա, ես այստեղ եմ՝ առանց անմահության, երեք նախկին ամուսիններով՝ արեւմուտքից, հյուսիսից եւ հարավից, վաղեմի սիրեցյալներով, ում տիրել եմ եւ տրվել ազնվորեն՝ առանց ծանրաքաշ հավատարմության երդումների։ Ինձ կանչում է անապատի ոսկին ու տիեզերքի արծաթը․․․ ես, որպես զտարյուն կին, սիրում եմ թանկարժեք մետաղներ եւ խորշում եմ դատարկությունից, որ ինձնով այդպես էլ չկարողացա երբեւէ լցնել։ Լսո՞ւմ ես քամու պարը, տղաս, թե՞ դեռ տարված ես իմ հմայքով։ Հիշիր առմիշտ՝ տղամարդը ծնվում է խորը ներսում, երբ ամենայն գեղեցիկ բանին տիրանալու ու փչացնելու ցանկությունն իր տեղը զիջում է այդ գեղեցիկ բանի մոտ կամ հեռակա վախճանը հարգելու լռությանը։ Ես չեմ կարող քեզ լինել մայր, որովհետեւ ինչ-որ մեկն իր բաժին առաքելությունն արդեն գերակատարել է, սիրուհի չեմ կարող լինել․ մեծ է մեզ բաժանող ցանկությունների անդունդը։ Զրուցակից՝ ինչքան ուզես։
Ջուդիթն այդպիսով ձեռքը վերցրեց լռության համրիչը, իսկ մեր քարավանը հասավ անապատի ափ։ Մինչ մեզ ցույց էին տալիս եւ ծանոթացնում գիշերակացի համար անհրաժեշտ պարագաների եւ հանգամանքերի հետ, ես փորձում էի մոլորված գլխիս մեջ դասավորել բոլոր այն բառերը, որ մատուցել էր ինձ Ջուդիթը, եւ որոնք սպառնում էին անէանալ։ Հրաժեշտը դասական էր, միայն՝ բարի գիշեր, տղաս, առավոտը գիշերից խոհեմ է։
Վաղորդայնին, երբ նախատեսվում էր առաջին արշավը արեւելյան ավազուտներում, ինձ հայտնեցին, որ Ջուդիթը դեռ չի երեւացել։ Երկար անարձագանք մնալուց հետո միայն այդ զարմանալի կացարանը թույլ տվեց մտնել ներա վրան։ Ես չէի սխալվել․ Ջուդիթն ավազի հոսքի հետ սահուն ապաշխարում էր ու արտասում ամենայն բան, որով լցված էր, շոյում էր իր վերքերը, որոնցից դատարկվել էր ու բաց էր թողել որոնք։ Անշուք աթոռին, սակայն, փոքրիկ նամակ կար։ Դե, իհարկե, հասցեատերը ես էի․ «Տղաս, եթե հանդիմանես ինձ, ուրեմն բազմաթիվ ստահակներից մեկն ես, ով չի կարող սիրել կյանքը, քանի որ չի տեսել մահվան ընծաները, որ նախշազարդում են ծեր մարդու մարմինն առավել, քան հոգին։ Այսպես, ես իրականացնում եմ իմ վերջին ճամփորդությունն ու ցանկությունը, այն է թե՝ չեմ փչացնում քո երիտասարդ մարմինը՝ փոխարենը խլելով հոգուդ այն փոքրիկ բաժինը, որ պատրաստ էիր ծախել սատանային։ Սիրով՝ Ջուդիթ՝ անտեղյակ այդ երեսուն արծաթին․․․»։
Հոգեհանգստի կարգը ավազուտներում եւ վերջին հրաժեշտը Ջուդիթը պատվիրակել էր ինձ։ Մեն-մենակ։ Ոսկու մեջ ու լույսի։ Նե ոչ ոք չուներ։ Բացի ինձնից։ Ես այդ վշտի մեջ համարյա երջանիկ էի․ փաստորեն, ես միայն մի ժամով ներա միակ ունեցածն էի։ Եւ միայն մի գիշերում, փաստորեն, ես գտա ու կորցրի մորը, ում երազել էի ունենալ, սիրուհուն, ում միշտ փափագել էի, եւ քրոջը, ով այդպես էլ չբեղմավորվեց մորս որովայնում։