ԼՈՒՍԻՆԵ ԵՂՅԱՆ | Բանաստեղծություններ

Լուսինե Եղյան

  Հոգեբույժի մոտ

 

Երկաթե դռներից ներս անօգնական տաղավար է,
միջանցքի ամբոխը նոր անձրև էր փնտրում,
վերևում մոխրանում է երկինքը
ու վերջին պատի տակ դողում է նրա մարմինը,
ես չհասցրեցի.
ես էլ երբեք չեմ գտնի նոր տարածություն…

սպիտակ միջանցքում սուզվող մարդիկ են,
նրանք բոլորն էլ բացել են երկաթե դուռը
ու փոշիացել են նույն բազկաթոռին նստած,
դիմացը նոր սկսվող տենդից սևացող աչքեր են,
որտեղ բոլորը կմեռնեն, որովհետև բոլորը հիվանդ են,
բայց ոչ ոք մինչև վերջ չի հասցնի հազալ իր ցավը…

պատի ճեղքերից մեկում էլ ոչնչացնուն են տագնապը.
նա ընդամենը երեխա էր,
նա ընդամենը զգացել էր ասֆալտի սառնությունը
ու սարսափել՝ դիակները էլ ջերնություն չունեն…

Ձեր գրպաններում չօգտագործված նյարդեր կան,
Դուք երբևէ չեք հասկանա,
որ կորուստը սահմանափակ ցավ է,
երբ շուրդ բոլորը կարեկցանքի ձայն ունեն…

մի ուրիշ անգամ
ես էլի կպատռեմ խավար ու.

-անուն, ազգանուն ունես,
-Բոլոր մեռածները մահվան վկայական են ստանում, որ ետ վերադառանան՝
Ինձ դրանից չտվեցին…

***
Ես գիտեմ ամենաերկար բանաձևը, ես պարծենում եմ …

Մոխրագույն մառախուղը տնքում էր,
բառերի մի ամբողջ շղթա կտցահարում էր մարմիս,
ես ծախսեցի եմ իմ բոլոր գողացված կյանքերը,
ամբողջ մարմնով հպվեցի տիեզերքի շուրթերին,
փնտրեցի վերջը ազդարարող հնչյունը.
իմ պատմության դիմագիծը ավելի հեռու էր,քան սկիզբը…

Հա՛, դու գիտես իմ պատմության գաղտնիքը…
Վան Գոգի արևածաղիկը հիվանդ է,հիվանդ է,
նա կծկվել է վերմակի ծալքերում,
ու լիալուսնին ոռնում է իր ցավը,
ու հետո ինչ,որ նա,ավելի քան երբեք վախենում է,
ու կյանքը իր սարդոստայն է հյուսում նրա երակներում,
ուրվականի ձայնով մեկը, անվերջ հետևում է նրան եղեցական վարքին,
առավոտը սուրՃ մատուցում ու հեռամում կարմրած աչքերով.
հետո ինչ, որ ամեն ինչ սարսափելի վատ է,
Կարևորը ես գիտեմ ամենաերկար բանաձևը…

ծափահարել գտնված ժամանակի
Ու ողբալ գնացող օրվա հետևից…

Կրակը իր մատնահետքերն է մաքրում ճակատագրի անիվից,
ու թափառող մահը թերթների տակ թաղում է քո մարմինը
որքան տաղանդավոր էր քո թունոտ համբույրը,
եվ ինչքան տենդ կար քո թերի գոյության մեջ…

ես գիտեմ ամենակատարյալ բանաձև….
Ես պարծենում եմ,
Հա՛, ինչ օգուտ…

***
Պետք էր ուղղակի ոչինչ չնկատել.
թևանցուկ քայլել ծաղիկ վաճառող տղայի հետ,
թախծոտ աչքերի համար հիվանդանալ գրիպով,
մոռանալ ինչ-որ կղզի գրավելու մասին ՝ դե, պատերազմը չարիք է,
ու ապրել առանց մեռելներին զուգակցելու…

ամենասարսափելին մահվան տագնապը զգալն էր,
ինքնասպանվածը միակ չթուլացող երևույթն է,
հիվանդանոցի կինը ընդամենը բժիշկ է,
պետք չէ թաքցնել կապտած շուրթերը,
ուղղակի ես սպառվում եմ, ես վերջացա…

պահիր ինձ մի ուրիշ հեքիաթի համար,
այնքան կեղտոտ է այս գետինը՝ Ես չունեմ հողաթափեր,
սխալ զգացողությունը՝ ահա բանաստեղծության սիրտը,
քո տխրությունը իմ կործանման առաջին նախապայման է
եվ պետք չի չապրել իմ թափթփվածության մեջ,
ուղղակի ես չցանկացա սիրել,

նայիր,ուշադիր նայիր ձեռքերիս,
սա ոչնչացման ժեստ է՝ ահա ողբերգության ավարտը.

կինը նոր տարին մենակ կդիմավորի՝ ոչ ճոխ սեղանի հետ,
ես երկրորդ օրը կգնամ նրան շնորհավորելու,
ես գլուխս կմոտեցնեմ նրա ուսին ու ձեռքի հետ մանադարին կուտեմ,
նրա կպատմեմ մոլորակների դասավորության մասին,
ինքս ինձ կգովեմ, թե ուսումնասիրում եմ դրանք,
հետո կասեմ, որ ուշանում եմ ու դեռ պետք է աստիճաների վրա լացել,
ու դուռը կփակվի նրա ծերացած մատներով…

պետք էր կարողանալ ոչինչ չգիտակցել.
թևանցուկ քայլել ծաղիկ վաճառող տղայի հետ…
այսպես ես սպառվում եմ,
ես վերջացա…

Անչափահասը

Նրանք ամեն ինչ գիտեն.
քո ընդգծված մերկություն մի օր պատճառ կդառնա,որ բոլորը խղճան քեզ,
ներսումդ արմատավորված մոխրաման կա,
որտեղ ցավը շերտ-շերտ պահպանում է իր գոյությունը
ու մի օր էլ անձրևանոց կպահանջվի աչքերիդ համար…

բոլորն էլ իրենց ձեռքերը լվանում են դժոխքում,
բայց միայն դու կարողանում լսել մահվան պոեզիան,
հորիզոնից դուրս ես կարոտում եմ քո անհոգություն,
մի օր էլ՝ հավանաբար, ինչ-որ լուսնային գիշեր,
մեզ կներծծի կավահողի այս հաստ շերտը,
որտեղ մենք շատ զբաղված ենք սպանվելով՝
կարելի էր չէ, գոնե կրպակ բացել…

բայց չափահաս դառնալու ժամանակ չկա,
հա՛,հա՛,ժամանակ իսկապես չկա,
մենք որոշել ենք վերակառաուցել Նինվեն,
ու այնտեղ՝ քարերի արանքում, քո հնագետի հոգին է,
որի վրա քարացած փոշի կա…

ու եթե նույնիսկ մեզ մոտ ոչինչ չստացվի,
թող ինչ-որ մեկ գոնե մինչև մերջ ճանաչի քեզ…

դու կորար անտառում(իմ վերջին հուշը քեզանից),

ու եթե հեքիաթում քեզ փրկողներ կային,
ու անտառը գեղեցիկ տարածությունն էր՝ եդեմական բարիքներով,
այստեղ քո բացակայությունը նկատողներ չեղան,
անտառը քեզ սեղմեց իր որովայնում…
իսկ հետո ես չեմ հիշում. հեքիաթը ավելի ձեռնտու է…

***
Մի՛ լացիր, դու արդեն մեծ աղջիկ ես
ու երևի ավելի մեծ քան պետք է…

Պա՛պ, սա լիրիկական բանաստեղծություն է քո աղջկա մասին,
Նրա, ով ցերեկ որոնեց,բայց հիվանդ գիշեր գտավ,
ով իրեն անդունդը գլորեց` առանց դժոխքի փոխելու,
վիրակապեց իր սաղավարտը, բայց մեռավ առաջին փամփուշտից,
նրա, ում մասին մենք դեռ երկար կխոսենք, բայց` ոչ հիմա…

ես երբեք չզգացի կոպերիս զանգվածը,
ինչպես դատարկություն չստացա, երբ ինձ բաժանեցի զրոյի,
եվ արդեն մայրամուտ է, մայրամուտ է, պա՛պ,
իսկ ես չեմ հասկանում արևածագի իմաստը…

մի՛ կեր, շատ դառն է. մենք տառապում ենք շաքարախտով,
իսկ մեռնելը երկնային լեզուն սովորելու միակ տարբերակն է,
մենք ուրիշ մեկին կփոխանցենք մեր ձեռքերը.

Այս չժանգոտվող բառերի մեջ ես էլի մենակ եմ
ու առաջին անգամ չեմ փնտրում ցավազրկողներ,
որովհետև սա բանաստեղծություն է քո առողջ աղջկա մասին,
նրա, ով երազանքներ չկառուցեց միայն մեկ կյանք ապրելու համար…

մի՛ տխրիր, սրանք հեռացումի խոսքեր չեն.
ես արդեն թափահարում եմ թևերս
ու նույնիսկ զգում եմ կոպերիս ծանրությունը,
սրանք ուղղակի նախադասություն չդարձած բառեր են ,
որտեղ ես չեմ կարողանում ժպտալ,
որտեղ իրականությունը մոխրագույն երանգ ունի,
իսկ ես կանաչ էի սրում…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *