Հեռացող
ինձ համար աննկատ էր հոսանքը։
Մեղմածոր
նույն պատկերն է իմ շուրջը։ (Սա արդեն աղերսանք էր։)
Ինչ հապճեպ ընտրվեց ապրելու-ապրելու ժամանակը.
Մայր իմ, դու
երազում էիր, որ սա ինձ հետ կատարվի, եւ ահա` ես մենակ եմ։
Վ․ Աթաբեկյան
Մենք փրկություն էինք փնտրում, բայց գտանք ինքներս մեզ։ Ավելի արգասաբեր ու միաժամանակ անպտուղ ճամփա դեռ ոչ ոք իր օրում չի մտածել։ Մենք հավատացած էինք, թե փրկություն ենք փնտրում եւ գտանք ինքներս մեզ։ Մերկ ու խոնավ, ինքներս մեր մերկությունից խրտնած ու նվաստ, մեր մերկությամբ հպարտ ու լի։
Անձրեւից հետո հողի հոտը լավն է, բայց ում է պետք։ Կոնկորդի հրապարակից ոտքով «Բարեկամություն» հասնելու եւ փարիզներ ետ դառնալու եղանակ է, բայց դա արդեն ապրել եմ։ Ինձ ծխել չի կարելի, ոնց որ էս աշխարհում եւ ոչ ոքի։ Դա նման է ներքին պայքարի, հանձնվելուն անպատրաստ թոքերի համառության․ ո՞վ ավելի շուտ կհանձնվի՝ իրենք, թե՞ թարախի հերթական բաժինը, որ մահացու մեղքի պես է կուլ գնում։ Բառերը թաց են անտեր շան պես, ու ոչինչ չի գրվում․ դա մի գին է, որ արժե վճարել․ ես անվերջ ինչ-որ գին եմ վճարում, բայց առեւտրական էդպես էլ չդարձա։
Մենք փրկություն էինք փնտրում, Լեա․․․եւ գտանք մեր դատարկությունը՝ հայրենիքի մեջ, որի միակ որոշիչը էդպես էլ մնաց հողը։ Դարերը՝ շարվեշարան, կրոն կրոնի հետեւից՝ առանց մարսելու՝ բացակայությամբ հավատի՝ քրմերի ու սքեմավորների աշխարհիկ, երբեմն՝ երկրից կտրված ոտքերի լայնքին համարժեք, չեղած հավատի ռուիններ, տարիները՝ իրար ետեւից՝ շարունակ լաց ու կոծի բեմադրություն, լացը՝ անբովանդակ, լացը՝ մրցասպարեզում հերոսության գործակից, շրջանները՝ նույնը՝ մենք գալիս ենք, որ եւ այլն։ Շրջանները՝ մսաղաց, արատավոր շրջանակը՝ առանց փակվելու հույսի, գաղափարախոսությունը չկա։ Բացակա դրա միջից՝ օգտվող բոլորը, եւ մնացած բոլորը՝ քավության նոխազի դիրքից․ բոլորն ատում են բոլորին, եւ բոլորն են մեղավոր, որովհետեւ մեղադրողը բոլորն են։ Հայրենիքը, փաստորեն, մնաց հող, փրկության հույսը՝ ուրիշին ապավինելու հավերժական ձգտում, փրկություն էլ չկա։
Կոնկորդի հրապարակից մինչեւ «Բարեկամություն» տեսնես քանի՞ հայրենիք է մսխվել ու քանիսն են ցնդել մայրէնիքի դարդից՝ առանց մաքրելու բառերը նախորդ բոլոր իմաստներից։ Հայրենիքները՝ հեչ, մեղքը բառերը կեղտոտելն է։ Իսկ բառերը կեղտոտվում են ամեն ստահակի բերնից սխալ իմաստով դուրս գալով, ու շատանում է աշխարհի դժբախտությունը։
Մենք, այսինքն, փրկություն էինք փնտրում լեզվի մեջ։ Առաջին բառն արտասած պարզ մարդու պես խրտնած ու զգուշավոր, որ վրեժխնդրությունը զիջի։ Զարմանալին եւ հասարակը հակառակ տրամաբանությամբ նկարագրելիս, մերկանդամ կնոջ պես զգույշ ու խաղի պատրաստ, լիքը սրտով ու կենսափորձը չեղարկող շռայլությամբ։ Մոտենում էինք լեզվին ու կերակրում դրախտի դռնապանին, որ բառը մատուցվի հաղորդության գինուց անուշ, որ հաղորդակից անոթի ականջները լսեն լույսն ու խավարն ընկալեն՝ որպես անհերքելի իրողություն, որ մեր չգոյությունը հետո միս ու արյուն ունենա․ նրանց պահանջածը դա էր՝ տեսանելին։ Փոխարենը գտանք բացարձակ արժեզրկում, ու ինքնագոհ ժպիտների տակից դուրս պրծնող պարզունակ զառանցանք՝ հասկացնելու համար՝ լեզուն խաղից դուրս է, քանի կա փորը, առնանդամը եւ այլ մարմնի մասեր։
Կոնկորդի հրապարակից մինչեւ «Բարեկամություն» տեսնես քանի՞ լեզու է նահանջել գեղեցիկին մարմին ու հոգի տալու ցանկությունից։
Մենք փրկություն էինք փնտրում ընտանիքում, Լեա։ Փոխարենը՝ մայրության մտքից ուռած ու դժբախտ թխսկան մայրեր՝ լուսապսակի պես գլխին մեխած տիտղոսը եւ բացակա հայրեր՝ բացարձակ անհաղորդ, բացարձակ անմասն։ Ընտանիքներ, որտեղ վարժեցնում էին հոգով հաշմված ամեն տեսակ արարած, բայց ոչ երբեք մարդ՝ հարաբերականորեն ազնիվ, հարաբերականորեն, մարդ, հարաբերականորեն արարիչ։
Կոնկորդի հրապարակից մինչեւ «Բարեկամություն» տեսնես քանի՞ ընտանիք է երրորդ կենացը խմելիս բարեպաշտության մատաղացու, լավ զավակ ու մայր թագադրվում։
Մենք փրկություն էինք փնտրում սիրո մեջ, Լեա․․․ մարմնից մարմին, հոգուց հոգի․․․ հանգման խնդիր՝ անուղղակի։ Փորձելով ամենայն աղբ եւ ուրանալով ամենայն ինչ, համոզելով ու չհամոզվելով, տեսանելով բանը եւ չտեսնելու տալով, փաթաթված մենակությանն անդավաճան ու վախի մեջ, թե մեզ կբաժանեն դրանից։ Մենք փրկություն էինք փնտրում սիրո մեջ, իսկ մեր մեջ՝ սերը բացակա։ Ամեն տղամարդ՝ պարարտ կավահող, ամեն կին՝ դատարկ սկիհ։ Ամեն ծնված սեր՝ կերակուր՝ մնացածի աչքին ու երեսուն արծաթ՝ մինչեւ վերջին աքլորականչ։
Մենք փրկություն էինք փնտրում սիրո մեջ, եւ սերն էլ մեզ փրկություն չեղավ։
Հետո կատարվեց կյանքը, որովհետեւ չկատարվեց փրկությունը։ Սանձ չունեցած զամբիկի պես վազքը ոտքի սնունդ անելուց հետո մենք կանգ առանք՝ տեսնելու՝ ոնց են թաղում անմարմին աստվածներին։ Կանգնեցինք թաղման ծիսակարգը վայելելու կիսամեռ հույսով՝ ունկ ու պռունկ փակած․ բաց էին մինայն աչքերը, միայն մեր աչքերը։ Եւ մատուցվեց փրկությունը՝ հողի մեջ խորը փորած․ ամեն ինչ եղել է, միայն մենք չենք եղել։ Եւ ծաղիկները փակեցին հանգիստը կորցրած միտքը, եւ ծաղիկները սպիտակ էին ձյունի պես, իսկ աստվածները՝ անտարբեր ու լուռ, բայց ներողամիտ, ինչպես ոչ մի աստված։
Մենք փրկություն էինք փնտրում, Լեա, եւ գտանք ինքներս մեզ՝ հողը բերաններումս, փակ աչքերով ու դատարկ ափերով, լուռ՝ քարի պես ու մենակ, ինչպես խաչվելիս։ Մենք գտանք մեզ, ու խաղը պառավեց։
Եւ այլն։