Լյու Ցըսին | Սեղմում

Տիեզերքի սեղմումը տեղի կունենա արևածագից 1 ժամ, 24 րոպե, 17 վայրկյան առաջ։
Դիտարկումները իրականցվելու են Ազգային աստղադիտարանի ամենամեծ դիտասրահում: Դիտասրահը ստանում է գեոսինխրոն ուղեծրով պտտվող տիեզերական աստղադիտակների ուղարկած պատկերները, և այն ցուցադրում բասկետբոլի դաշտի մեծության էկրանին։ Հիմա, էկրանը դեռ դատարկ էր։ Ներկաները շատ չէին, բայց բոլորը տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի ու տիեզերագիտության հեղինակություններ էին՝ աշխարհի այն քիչ մարդկանցից, որ իսկապես հասկանում էին սպասվող պահի նշանակությունը։ Այժմ նրանք լուռ նստած սպասում էին այդ պահին, ինչպես կավից նոր ստեղծված Ադամն ու Եվան սպասում էին Աստծու կյանքի շնչին։ Միայն աստղագիտարանի տնօրենն էր անհանգիստ գնում-գալիս։ Հսկայական էկրանը շարքից դուրս էր եկել, իսկ վերանորոգման համար պատասխանատու ինժեները դեռ չէր եկել։ Եթե չկարողանա գալ, տիեզերական աստղադիտադիտակից եկած պատկերները միայն կարող էին փոքր էկրանին ցուցադրվել ու այդ կարևորագույն պահի տպավորությունը կփչանար։
Պրոֆեսոր Դին Ին ներս մտավ։
Բոլոր գիտնականները կենդանացան, միասին ոտքի կանգնեցին։ Բացի տասնհինգ միլիարդ լուսային տարի շառավղով տիեզերքից, միայն այս մարդը կարող էր նրանց մոտ խորը հանգանքի զգացողություն առաջացնել։
Դին Ին սովորականի պես ինքնահավան տեսքով ներս մտավ, ոչ ոքի չբարևեց, ոչ էլ նստեց իր համար նախապատրաստած մեծ ու հարմար աթոռին, այլ քայլեց սրահի մի անկյուն` այնտեղ գտնվող ապակե ցուցափեղկում պահվող մեծ կավե սկավառակով հիանալու: Սա աստղադիտարանի գանձն էր, Արևմտյան Ճոուի ժամանակաշրջանի անգին հնություն էր, վրան ամառային գիշերվա աստղային քարտեզ էր փորագրված, որը տեսել են հազարավոր տարիներ առաջ արդեն հող դարձած մարդկանց աչքերը։ Այս սկավառակը դարերի փորձություն էր անցել ու արդեն քայքայման եզրին էր, վրայի քարտեզը պարզ չէր երևում, բայց դահլիճից դուրս աստղային երկինքը դեռ պարզ էր։
Դին Ին մեծ սխամորճ հանեց, վերարկուի գրպանը փորեց, մի ծխամորճի չափով թութուն հանեց, հետո կողքիններին առանց բանի տեղ դնելու վառեց ճխամորճն ու սկսեց ծխել։ Բոլորը զարմացան, քանի որ նա սուր տրախեիտ ուներ, առաջ չէր ծխում, ուրիշներն էլ նրա առաջ չէին համարձակվում ծխել։ Բացի դրանից, սրահում արգելված էր ծխելը և այդ մեծ ծխամորճը տասը ծխախոտից շատ ծուխ էր արձակում։
Բայց պրոֆեսոր Դինը ամեն ինչ անելու իրավունք ուներ։ Նա հիմնել էր դաշտի միասնական տեսությունը, իրականացրել Անշթայնի երազանքը։
Նրա տեսության հիման վրա հաշվարկված տիեզերքի տարածության վերաբերյալ մի շարք լայնածավալ կանխատեսումներ ճշգրիտ հաստատվեցին իրական դիտարկումներով։ Հետո, դաշտի միասնական տեսության մաթեմատիկական մոդելով հարյուրից ավելի սուպերհամակարգիչներ անդադար աշխատեցին երեք տարի, հանգեցին անհավատալի եզրականության, տասնհինգ միլիարդ տարի ընդլայնվող տիեզերքը երկու տարուց կսկսի սեղմվել։
Հիմա այդ երկու տարվան մի ժամ էլ չի մնացել։ Սպիտակ ծուխը հավաքվել էր Դին Իի շուրջը՝ ձևավորելով երազային նախշեր, կարծես այդ անհավատալի մտքերը նրա ուղեղից դուրս էին լողում։
Տնօրենը զգուշորեն մոտեցավ Դին Իին, ասաց․
-Պրոֆեսոր Դին, էսօր նահանգապետն է գալու, իրեն հրավիրելը հեշտ չի եղել, խնդրում եմ, իր վրա մի քիչ ազդեցություն գործեք, որ մեզ մի քիչ փողով աջակցի։ Ձեզ էսպիսի բաներով չպիտի շեղեի, բայց աստղատիտարանի միջոցների վիճակը ծայրահեղ ծանր է, պետությունը էս տարի չի կարող աջակցել, ստիպված ենք նահանգից խնդրել։ Մենք երկրի գլխավոր տիեզերական դիտարկումների բազան ենք, բայց տեսեք ինչ վիճակում ենք հայտնվել, անգամ ռադիոաստղադիտակի էլեկտրականության ծախսերը չենք կարողանում փակել, հիմա, մենք արդեն սրա համար ենք պլաններ կազմում,- տնօրենը մատնացույց արեց աստղային քարտեզի սկավառակը, որով հիանում էր Դին Ին,- եթե մշակութային արժեքների օրենքը չլիներ, արդեն վաղուց վաճառած կլինեինք։
Այդ պահին նահանգապետն ու երկու ուղեկցող անձինք մտան սրահ, նրանց դեմքից երևում էր աշխատելու հոգնածությունը, նրանք երկրային կյանքի շունչ ներս բերեցինք այս կտրված վայր։
-Ներողություն, օ, պրոֆեսոր Դին, բարև Ձեզ, բարև բոլորին, կներեք ուշանալու համար։ Էսօր անդադար անձրևներից հետո առաջին արևոտ օրն է, ջրհեղեղի պատճառով վիճակը ծանր է, Յանցզին մոտենում է հազար ինը հարյուր ինսունութ թվականի ամենաբարձր մակարդակին։
Տնօրենը ոգորված բազմաթիվ ողջույնի խոսքեր ասաց, հետո նահանգապետին Դին Իի մոտ ուղեկցեց․
-Հիմա պրոֆեսոր Դինին կխնդրեմ Ձեզ ներկայացնի տիեզերքի սեղմման գաղափարը․․․ , – նա միաժամանակ Դին Իին աչքով արեց։
-Չեղավ, ես նախ ասեմ էդ գաղափարի մասին իմ պատկերացումները, հետո պրոֆեսոր Դինին ու մնացած գիտնականներին կխնդրեմ ուղղել ինձ։ Նախ, Հաբլը հայտնաբերեց տիեզերքի կարմիր շեղման երևույթը, չեմ հիշում որ թվականին։ Մեր դիտարկած բոլոր գալակտիկաների էլեկտրոմագնիսական ճառագայթումը սպեկտրում շեղվում է դեպի կարմիրը, ըստ Կեպլերի էֆֆեկտի, սա ցույց է տալիս, որ բոլոր գալակտիկաները մեզնից հեռանում են։ Վերոնշյալ երևույթից կարող ենք եզրակացնել, որ տիեզերքը ընդլայնվում է, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ տիեզերքը տասնհինգ միլիարդ տարի առաջ մեծ պայթյունից է ծնվել։ Եթե տիեզերքում նյութի միջին խտությունը որոշակի արժեքից փոքր է, տիեզերքը հավերժ կընդարձակվի, եթե միջին խտությունը որոշակի արժեքից բարձր է, գրավիտացիան աստիճանաբար կդանդաղեցնի ընդարձակումը, վերջում կկանգնեցնի, հետո, գրավիտացիայի ազդեցության տակ տիեզերքը կսկսի սեղմվել։ Նախկինում տիեզերքում դիտարկված մատերիայի զանգվածը մարդկանց տանում էր առաջին եզրակացությանը, սակայն հետո հայտնաբերեցին, որ նեյտրինոները զանգված ունեն, և տիեզերքում հայտնաբերեցին մեծ քանակությամբ նախկինում չդիտարկված մութ մատերիա, ինչը տիեզերքի ընդհանուր զանգվածը մեծապես ավելացրեց, մարդկանց երկրորդ եզրակացությանը բերեց, որ տիեզերքի ընդարձակումը աստիճանաբար դանդաղում է, վերջում սեղմվելու է, տիեզերքի բոլոր գալակտիկաները կհավաքվեն մի գրավիտացիոն կենտրոնում, էդ ժամանակ, նույն Կեպլերի էֆֆեկտով, մենք կտեսնենք, որ գալակտիկաների ճառագայթումը սպեկտրում տեղաշարժվել է դեպի կապույտը, այսինքն՝ կապույտ շեղում է լինելու։ Հիմա պրոֆեսոր Դինի դաշտի միասնական տեսությունը հաշվարկել է տիեզերքի ընդարձակումից սեղմում անցնելու ճշգրիտ պահը։
-Հիանալի է, – տնօրենը գովասանքով մի քանի անգամ ծափ տվեց, – քիչ են էնպիսի ղեկավարները, որ հիմնարար գիտություններից Ձեզ նման էսքան լավ պատկերացում ունենան, իմ կարծիքով, պրոֆեսոր Դինը ևս էդպես է մտածում, – նա էլի Դին Իին աչքով արեց։
-Ասածդ հիմնականում ճիշտ է, – Դին Ին ծխամորճի մոխիրը դանդաղ թփթփացրեց մաքուր գորգին։
-Ճիշտ է, ճիշտ, եթե պրոֆեսոր Դինը էդպես է մտածում․․․ – տնօրենը ուրախությունից ոգևորվել էր։
-Բավարար ճիշտ, որ ցույց տա իր մակերեսայնությունը, – Դին Ին նորից գրպանը փորեց, թութուն հանեց։
Տնօրենի հայացքը քարացավ, գիտկանանները մյուս կողմից ցածրաձայն քրքջացին։
Նահանգապետը մեծահոգաբար ժպտաց․
-Ես էլ եմ ֆիզիկա սովորել համալսարանում, բայց նախորդ երեսուն տարվա ընթացքում համարյա ամեն ինչ մոռացել եմ, ներկաների համեմատ, իմ ֆիզիկայի ու տիեզերագիտության գիտելիքները վախենամ նույնիսկ մակերեսայինի չեն հասնի։ Ա՜յ, ես հիմա միայն Նյուտոնի երեք օրենքներն են հիշում։
-Բայց հասկանալուց հեռու ես, – Դին Ին վառեց նոր լցրած ծխամորճը։
Տնօրենը չիմանալով լացի, թե ծիծաղի, գլուխն օրորեց։
-Պրոֆեսոր Դին, մենք երկու լրիվ տարբեր աշխարհներում ենք ապրում, – նահանգապետը ծանր մտքերով ասաց, – իմ աշխարհը իրական, առանց լիրիկայի, ձանձրալի աշխարհ է, մենք ամբողջ օրը մրջյունների պես աշխատում ենք, մեր մտահորիզոնն էլ մրջյունների նման սահմանափակ է։ Երբեմն խոր գիշերին գրասենյակից դուրս գալ, գլուխը բարձրացնել աստղերին նայելը մեզ համար հազվադեպ շքեղություն է։ Ձեր աշխարհը ամբողջությամբ անըմբռնելի է ու առեղծվածային, Ձեր մտքերը ընդգրկում են միլիարդավոր լուսային տարիների տարածություն ու միլիարդավոր տարիների ժամանակ, երկրագունդը Ձեզ համար ընդամենը տիեզերքի մի փոշեհատիկ է, էս դարաջրջանը Ձեզ համար հավերժության մեջ ընդամենը կարճ, անչափելի մի ակնթարթ է, ամբողջ տիեզերքը կարծես Ձեր հետաքրքրությունները բավարարելու համար գոյություն ունենա։ Անկեղծ ասած, պրոֆեսոր Դին, ես իրոք նախանձում եմ Ձեզ։ Երիտասարդ տարիներիս ես էլ էդպիսի երազանքներ ունեի, բայց Ձեր աշխարհ մտնելը շատ բարդ է։
-Բայց էսօր ընդհանրապես դժվար չի, գոնե կարող եք պրոֆեսորն Դինի աշխարհում մնալ մի քիչ, միասին ականատես լինենք էս աշխարհի ամենակարևոր պահին, – ասաց տնօրենը։
-Ես էդքան բախտ չունեմ։ Կներեք ինձ, Յանցզիի ամբարտակները պայթելու եզրին են, պիտի շուտ գնամ, որ դեմն առնեմ, գնալուց առաջ մի հարց եմ ուզում տալ պրոֆեսոր Դինին, էս հարցերը գուցե Ձեզ համար անլուրջ ու ծիծաղելի են, բայց ես երկար եմ մտածել դրանց մասին ու չեմ հասկացել։ Առաջին հարցը՝ տիեզերքի սեղմվելու նշան է, որ տիեզերքը կարմիր շեղումից անցնում է կապույտ շեղման։ Մենք կտեսնենք, թե ինչպես են բոլոր գալակտիկաների ճառագայթման սպեկտրերը միաժամանակ դեպի կապույտ շեղվում։ Բայց հիմա ամենահեռու գալակտիկաները միլիորադավոր լուսային տարիներ մեզնից հեռու են, Ձեր հաշվարկներով, տիեզերքը միաժամանակ կսեղմվի, էդ դեպքում, մենք միլիարդավոր տարիներ հետո նոր կկարողանանք տեսնել էդ գալակտիկաների կապույտ շեղման երևույթը, անգամ ամենամոտիկ Կենտավրոսի համաստեղծությունից էլ չորս տարի հետո նոր կտեսնենք կապույտ շեղումը։
Դին Ին դանդաղորեն դուրս փչեց ծուխը, ծուխը մնաց օդում, ասես պարուրաձև միկրոգալակտիկա․
-Շատ լավ է, էդ մեկը նկատեցիք, մի քիչ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողի նմանվեցիք, թեև դեռ մակերեսային ուսանողի նման եք։ Հա, մենք միաժամանակ ենք տեսնելու տիեզերքի գալակտիկաների սպեկտրի կապույտ շեղումը, ոչ թե հաջորդաբար չորս տարուց մինչև միլիոնավոր տարիներ։ Սա բխում է տիեզերական մասշտաբների սահմաններում քվանտային էֆֆեկտից, դրա մաթեմատիկական մոդելը շատ բարդ է, ֆիզիկայում ու տիեզերագիտությունում ամենաբարդ նկարագրվող հասկացությունն է, հույս չկա, որ Դուք կհասկանաք։ Բայց Դուք քանի որ արդեն առաջին հարցի պատասխանն ունեցաք, Ձեզ կհիշեցնի, որ տիեզերքի սեղմվելու հետևանքները մարդկանց պատկերացրածից ավելի բարդ են։ Էլի հարցեր ունե՞ք։ Է՜, պետք չի անմիջապես հեռանաք, էդ գործը, որ պիտի գլուխ բերեք, էդքան հրատապ չի, ինչքան կարծում եք։
-Ձեր ամբողջ տիեզերքի համեմատ Յանզցիի վարարումները, իհարկե, ոչ մի բան են։ Պրոֆեսոր Դին, առեղծվածային տիեզերքը իհարկե գրավիչ է, բայց իրական կյանքն էլ պետք է ապրել։ Ես իրոք պետք է գնամ, շնորհակալություն ուսուցանելու համար, մաղթում եմ էս գիշեր տեսնեք ձեր ուզածը։
-Դուք ինձ չեք հասկանում, – ասաց Դին Ին, – հիմա Յանցզիի ամբարտակի վրա ջրհեղեղի դեմ պայքարող շատ մարդ կա հաստատ։
-Բայց ես իմ պատասխանատվությունն ունեմ, պրոֆեսոր Դին, պիտի վերադառնամ։
-Էլի չեք հասկանում ասածս։ Ասում եմ, ամբարտակի մարդիկ հաստատ հոգնած են, կարող եք թողնել գնալ։
Բոլորը զարմանքից քարացան։
-Ի՞նչ․․ գնա՞ն։ Ինչի՞, տիեզերքի սեղմո՞ւմը նայեն։
-Եթե հետաքքրված չեն, կարող են տուն գնալ քնելու։
-Պրոֆեսոր Դին, հուսամ՝ կատակում եք։
-Լուրջ եմ ասում, իրենց արածն իմաստ չունի։
-Ինչի՞։
-Տիեզերքի սեղմվելու պատճառով։
Երկար լռությունից հետո նահանգապետը ցույց տվեց սրահի անկյունում ցուցադրվող հին աստղային քարտեզի սկավառակը, ասաց․
-Պրոֆեսոր Դին, տիեզերքը անընդհատ ընդարձակվել է, բայց հին ժամանակներից մինչև էսօր մեր տեսած տիեզերքը չի փոխվել։ Սեղմումն էլ է էդպես, մարդկության ժամանակն ու տարածությունը տիեզերքի ժամանակի ու տարածության համեմատ էնքան աննշան են, որ կարելի է անտեսել, բացի մաքուր տեսական կարևորությունից, ես չեմ կարծում, որ սեղմումը մարդկության կյանքի վրա որևէ ազդեցություն կունենա։ Մենք գուցե անգամ հարյուր միլիոն տարի հետո չկարողանանք դիտարկել սեղմվելու հետևանքով առաջացրած գալակտիկաների փոքր տեղաշարժը, եթե էդ ժամանակ դեռ լինենք։
-Մեկ ու կես միլիարդ տարի, – ասաց Դին Ին, – եթե մեր ներկայիս ամենաճգրիտ սարքերը օգտագործենք, մեկ ու կես միլիարդ տարի հետո նոր կկարողանանք դիտարկել էդպիսի տեղաշարժերը, էդ ժամանակ արևը արդեն մարած կլինի, երևի մենք էլ չենք լինի։
-Իսկ տիեզերքի ամբողջական սեղմվելու համար տասը միլիարդ տարուց ավելի պետք կլինի։ Դրա համեմատ, մարդիկ տիեզերքի էս ծառի վրայի մի կաթիլ ցող են, իրենց կարճ կյանքի ընթացքում չեն կարող զգալ մեծ ծառի աճը։ Երբեք չհավատաք ինտերնետի ծիծաղելի բամբասանքներին, որ ասում են երկրագունդը ճզմվելու է տափակի։
Այդ պահին, մի երիտասարդ աղջիկ ներս մտավ, գույնը գցած, աչքերը խամրած, նա էր մեծ էկրանի ինժեները։
-Սյաո Ճան, շատ անմիտն ես։ Գիտե՞ս ինչ օր է էսօր, – տնօրենը կատաղած բղավեց նրա վրա։
-Հայրս քիչ առաջ հիվանդանոցում մահացավ։
Տնօրենի բարկությունը անմիջապես մարեց։
-Ներողություն եմ խնդրում, չգիտեի, բայց տես․․․
Ինժեները ոչինչ չասաց, միայն լուռ քայլեց դեպի էկրանը կառավարող համակարգիչը և գլուխը թաղած սկսեց անսարքությունը զննել։
Դին Ին ծխամորճը ծամծմելով դանդաղ նրան մոտեցավ։
-Ա՜խ, աղջիկ, եթե իրոք հասկանայիր տիեզերքի սեղմումը, հորդ մահը քեզ էդքան չէր ցավեցնի։
Դին Իի խոսքերը բոլոր ներկաներին բարկացրին, ինժեները բարկությամբ ոտքի կանգնեց, նրա գունատ դեմքը բարկությունից կարմրեց, աչքերը արցունքներով լցվեցին։
-Դուք էս աշխարհի մարդ չեք։ Ձեր տիեզերքի համեմատ հայրը ոչ մի բան է, բայց ինձ համար հայրս կարևոր է, մեզ նման հասարակ մարդկանց համար կարևոր է։ Իսկ Ձեր սեղմումը ընդամենը գիշերային երկնքում ամենաթույլ լույսի հաճախականության փոքր փոփոխություն է, էդ փոփոխությունը, նույնիսկ էդ լույսը եթե ճշգրիտ հաշվարկման գործիքներ չլինեին, հազար տարի ոչ մեկը չէր տեսնի։ Սեղմումը ի՞նչ է։ Հասարակ մարդկանց համար ոչ մի բան է։ Տիեզերքը կընդլայնվի, թե կսեղմվի, մեզ համար ի՞նչ տարբերություն։ Բայց հայրերը մեզ համար կարևոր են, հասկանո՞ւմ եք։
Երբ ինժեները գիտակցեց ում վրա է բարկացել, իրեն զսպեց, շրջվեց, շարունակեց իր գործը։
Դին Ին, հոգոց հանելով, գլուխն օրորեց, նահանգապետին ասաց․
-Հա, ինչպես ասում էիք, երկու աշխարհ։ Մեր աշխարհը,- նա ձեռքը իրեն ու խմբի ֆիզիկոսներին ու տիեզերագետների շուրջ շրջան գցեց, հետո ցույց տվեց ֆիզիկոսներին, – փոքր չափսը միլիմետրի տասը քվադրիլիոներորդն է, – հետո ցույց տվեց տիեզրեագետներին, – մեծ չափսը հարյուր միլիոն լուսային տարին է։ Սա աշխարհ է, որը միայն երևակայության միջոցով կարելի է ընկալել, իսկ ձեր աշխարհում, կան Յանցզիների հեղեղումներ, սուղ բյուջեներ, մահացած ու դեռ ողջ հայրեր․․․ իրական աշխարհ։ Բայց ցավալի է, որ մարդիկ միշտ ուզում են բաժանել այս աշխարհները։
-Բայց Դուք տեսնում եք, որ առանձին են, – նահանգապետն ասաց։
-Չէ, թեև տարրական մասնիկները փոքր են, բայց մեզ են կազմում, թեև տիեզերքը մեծ է, մենք դրա մեջ ենք։ Միկրո ու մակրո աշխարհի ամեն մի փոփոխություն ազդում է մեր ամեն ինչի վրա։
-Բայց մոտալուտ տիեզերի սեղմումը մեր ինչի՞ վրա է ազդելու։
Դին Ին հանկարծ ծիծաղից պոռթկաց, այս ծիծաղը բացի նյարդային լինելուց նաև առեղծվածային էր, փշաքաղեցնող։
-Լավ, ֆիզիկայի ուսանող, խնդրում եմ ասա ինչ հիշում ես ժամանակի, տարածության ու մատերիայի փոխազդեցությունների մասին։
Նահանգապետը հնազանդ տարրական դպրոցի աշակերտի պես հնազանդվեց, սկսեց անգիր ասել․
– Ժամանակակից ֆիզիկան, որը ձևավորվում է հարաբերականության տեսության ու քվանտային մեխանիկայի տեսությունների հիման վրա, ապացուցել է, որ ժամանակն ու տարածությունը չեն կարող գոյություն ունենալ մատերիայից անկախ, չկա բացարձակ ժամանակ և տարածություն, ժամանակը, տարածությունը և մատերիան միաձուլված են իրար։
-Շատ լավ է, բայց ո՞վ է դա իրոք հասկանում։ Դո՞ւք, – Դին Ին հարցրեց նահանգապետին, հետո շրջվեց դեպի տնօրենը, – Դո՞ւք, – շրջվեց դեպի գլուխը թաղած աշխատող ինժեներին, – Դո՞ւք, – հետո շրջվեց սրահի մնացած տեխնիկներին, – դո՞ւք, – վերջում շրջվեց դեպի գիտնականները, – նույնիսկ դու՞ք։ Չէ, ոչ մեկդ չեք հասկանում։ Դուք դեռ ըստ բացարձակ ժամանակի ու տարածության եք ընկալում տիեզերքը, գետնի վրա քայլելու պես բնական է։ Բացարձակ ժամանակն ու տարածությունը ձեր մտքերի գետինն է, դա լքելով դուք ոչինչ չեք կարողանա վերահսկել։ Երբ խոսքը տիեզերքի ընդարձակման կամ սեղմվելու մասին է, դուք մտածում եք, որ սա ընդամենը տիեզերքի գալատիկաների իրարից հեռանալն ու մոտենալն է բացարձակ տարածության ու ժամանակի մեջ։
Նա խոսելով քայլեց դեպի ապակե ցուցափեղկը, ձեռքը ձգեց, բացեց դուռը, արժեքավոր աստղային քարտեզի սկավառակը հանեց, ձեռքին դրեց, շոյեց, հիացավ։ Տնօրենը ծայրահեղ անհանգիստ երկու ձեռքը պահեց սկավառակի տակ, որ պաշտպանի, այս գանձը քսան տարուց ավելի ոչ ոք չէր համարձակվել տեղից շարժել։ Տնօրենը անհանգիստ սպասում էր, որ Դին Ին քարտեզը դնի իր տեղը։ Բայց նա չդրեց, այլ մի ձեռքով շպրտեց։
Թանկարժեք գանձը գորգի վրա բաժանվել էր անթիվ կավի կտորների։
Օդը սառեց, բոլորը քարացան։ Միայն Դին Ին էր անհոգ քայլում, սա սառած աշխարհի միակ ակտիվ տարրն էր, իր ձայնը շարունակեց հնչել․
-Ժամանակն ու տարածությունն ու մատերիան անբաժանելի են, տիեզերքի ընդարձակումն ու սեղմումը ներառում է ամբողջ ժամանակն ու տարածությունը, հա, ընկերներ, ամբողջ ժամանակն ու տարածությունը։
Նորից ինչ-որ բանի փշրվելու ձայն լսվեց, մի ֆիզիկոսի ձեռքից ընկած ապակե բաժակ էր։ Նրա ցնցվելու պատճառը մնացածից տարբեր էր, ոչ թե աստղային քարտեզը, այլ Դին Իի խոսքերի իմաստը։
-Ուզում եք ասել․․․ – մի տիեզերագետ հայացքը հառեց էր Դին Իին, խոսքերը կոկորդում խրվել էին, դուրս չէին գալիս։
-Հա, – Դին Ին գլխով արեց, հետո նահանգապետին ասաց, – իրենք հասկացան։
– Ուրեմն, սա՞ է բացասական ժամանակի պարամետրի իմաստը դաշտի միասնական մաթեմատիկական մոդելի հաշվարկման արդյունքներում, – մի ֆիզիկոս հանկարծ գիտակցեց, ասաց։
Դին Ին գլխով արեց։
-Ինչի՞ շուտ չեք հայտարարել աշխարհին։ Շատ անպատասխանատու եք, – մյուս ֆիզիկոսը ասաց զայրացած։
-Իմաստը ո՞րն է։ Ամբողջ աշխարհում մենակ քաոս կստեղծվեր, ժամանակի ու տարածության հետ ի՞նչ կարող ենք անել։
-Ինչի՞ մասին եք խոսում, – հարցրեց նահանգապետը շփոթված։
-Սեղմումի․․ – տնօրենը, որ նաև աստղաֆիզիկոս էր, երազի պես քթի տակ ասաց։
-Տիեզերքի սեղմումը մարդկանց վրա ազդեցություն կունենա, հա՞։
-Ազդեցությու՞ն։ Չէ, ամեն ինչ կփոխի։
-Ի՞նչ կփոխի։
Գիտնականները շտապ իրենց մտքերն էին դասավորում, ոչ ոք չպատասխանեց նրան։
-Ասեք ինձ, սեղմվելիս, կամ տիեզերքի կապույտ շեղման անցնելուց հետո, ի՞նչ է լինելու, – տնօրենն անհանգիստ հարցրեց։
-Ժամանակը շրջվելու է, – Դին Ին պատասխանեց։
-․․․․․․․․․․․․․․․ շրջվելու՞, – նահանգապետը շփոթված նայեց տնօրենին, նորից նայեց Դին Իին։
-Ժամանակը հակառակ է շարժվելու, – տնօրենը պարզ բացատրեց։
Հսկայական էկրանը այդ պահին վերանորոգվեց, հոյակապ տիեզերքը հայտնվեց բոլորի աչքի առաջ։ Սեղմումը ավելի վիզուալ դարձնելու համար համակարգիչները մշակում են տիեզերական աստղադիտակի ուղարկած պատկերները, և հաճախականության փոփոխության արդյունքում ստացված գունային էֆֆեկտները չափազանցրած ցույց տալիս։ Հիմա բոլոր աստղերի ու գալակտիկաների լույսը էկրանին կարմիր էր երևում՝ ցույց տալով ընդարձակվող տիեզերքի կարմիր տեղաշարժը։ Երբ սեղմումը սկսվեր, դրանք միաժամանակ կապույտ էին դառնալու։ Էկրանի մի անկյունում կապույտ շեղման անցնելու հետհաշվարկն էր՝ հարյուր հիսուն վայրկյան։
-Մեր ժամանակը տիեզերքի հետ միասին տասը միլիարդ տարուց ավելի ընդարձակվել է, բայց հիմա, էդ ընդարձակմանը երեք րոպե էլ չի մնացել, սրանից հետո ժամանակը տիեզերքի հետ կսեղմվի, ժամանակը հակառակ կշարժվի, – Դին Ին քայլեց քարացած տնօրենի դիմաց, ցույց տվեց փշրված աստղային քարտեզը, – պետք չի տխրել էս հնության համար, կապույտ շեղումից քիչ անց, կտորները կվերականգնվեն, քարտեզը կվերադառնա ցուցափեղկ, տարիներ հետո, կվերադառնա հողի մեջ թաղվելու, մի քանի հազար տարի հետո, կվերադառնա այրվող հնոց, հետո մի հին աստղագետի ձեռքում կդառնա ցեխի գունդ․․․ – նա քայլեց երիտասարդ ինժեների մոտ, – հայրիկիդ համար էլ մի տխրեք, ինքն էլ շուտով կվերակենդանանա։ Եթե Ձեզ համար նա կարևոր է, Դուք հաստատ պիտի մխիթարվեք, քանի որ սեղմվող տիեզերքում նա Ձեզնից երկար է ապրելու, կտեսնի ինչպես եք որպես երեխա հեռանում աշխարհից։ Այո, մենք՝ ծերերս, նոր ենք սկսել կյանքի ճամփորդությունը, մինչդեռ դուք՝ ջահելներդ արդեն կյանքի մայրամուտին եք մոտենում, կամ կարելի է ասել՝ մանկությանը, – նա նորից մոտեցավ նահանգապետին, ասաց․
-Եթե անցալ չկա, Յանցզիի վարարումներն էլ ապագայում Ձեր պաշտոնավարման ընթացքում դուրս չեն գա ափերից, քանի որ հիմա էս տիեզերքի ապագային ընդամենը հարյուր վայրկյան է մնացել։ Սեղմվող տիեզերքի ապագան ընդլայնվող տիեզերքի անցյալն է։ Ամենամեծ վտանգը մինչև հազար ինը հարյուր ինսունութ թիվ չի լինի, բայց էդ ժամանակ Դուք արդեն մոտեցած կլինեք Ձեր մանկությանը, դա արդեն Ձեր պատասխանատվությունը չի լինի։ Մի րոպե է մնացել, հիմա ինչ էլ անես, ապագայում հետևանքներ չեն լինի, բոլորը կարող են անել այն ինչ ուզում են, առանց անհանգստանալու ապագայի մասին, էս աշխարհում էլ ապագա չկա։ Ինչ վերաբերվում է ինձ, հիմա ընդամենը իմ սիրած բանն եմ անում, բայց առաջ տրախեիտի պատճառով էդ փոքր բանը չէի կարողանում անել, – Դին Ին նորից մեծ ծխամորճը գրպանից հանած թութունով լցրեց, վառեց ու սկսեց հանգիստ ծխել։
Կապույտ շեղմանը մնաց հիսուն վայրկյան։
-Անհնար է, – բղավեց նահանգապետը, – տրամաբանություն չկա, ժամանակը շրջվի՞։ Ամեն ինչ հակառակ ուղղությա՞մբ աշխատի, մի՞թե մենք էլ թարս ենք խոսելու։ Անըմբռնելի է։
-Կվարժվեք։
Կապույտ շեղմանը մնաց քառասուն վայրկյան․
-Այսինքն, ապագայում ամեն ինչ կրկնվելու է, պատմությունն ու կյանքը ինչքան անհամ կդառնա։
-Չէ, դու ուրիշ ժամանակի մեջ ես լինելու, ներկայիս անցյալը Ձեր ապագան է լինելու, մենք հիմա էդ ժամանակի ապագայում ենք։ Դուք չեք կարողանա հիշել ապագան, երբ կապույտ շեղումը սկսվի, Ձեր ապագան դատարկ է լինելու, դրա մասին Դուք ոչինչ չեք հիշելու, ոչինչ չեք իմանալու։
Կապույտ շեղմանը մնաց քսան վայրկյան։
-Անհնար է։
-Դուք ապագայում կպարզեք, որ ծերությունից մանկություն գնալը, հասունությունից մանկականություն գնալը ինչքան խելամիտ ու ինչքան բնական է, եթե մեկը ասի, որ ժամանակը ուրիշ ուղղություն էլ ունի, կմտածեք, որ անհեթեթություններ է խոսում։ Շուտով, տասից ավելի վայրկյան կա, դրանից հետո տիեզերքը տարօրինակ կետով կանցնի, էդ պահին ժամանակը գոյություն չի ունենա։ Հետո մենք կմտնենք սեղմվող տիեզերք։
Կապույտ շեղմանը մնաց ութ վայրկյան։
-Անհնար է։ Իրոք անհնար է։
-Ոչինչ, շուտով կիմանաք։
Կապույտ շեղմանը մնաց հինգ, չորս, երեք, երկու, մեկ, զրո։
Տիեզերքի աստղային լույսը նյարդային կարմիրից անցնում է դատարկ սպիտակի․․․․
․․․ ժամանակը տարօրինակ կետում է․․․․
․․․աստղերի լույսը սպիտակից հանդարտ, գեղեցիկ կապույտի է անցնում, կապույտ շեղումը սկսվել է, տիեզերքի սեղմումը սկսվել է։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․է լեվսկս ըմւոմղես իքրեզեիտ,է լեվսկս ըմւողեշ տյւոպակ ,մւոնցնա է իտյւոպակ կիցեղեգ ,տրադնահ ցիկատիպս ըսյւոլ իրեղտսա․․․
․․․․է մւոտեկ կանիրօրատ ըկանամաժ ․․․
․․․․իկատիպս կրստադ է մւոնցնա ցիրմրակ նիյադրայն ըսյւոլ նիյաղտսա իքրեզեիՏ
։որզ ,կեմ ,ւոկրե ,քերե ,սրոչ ,գնիհ ցանմ ընամղեշ տյւոպաԿ
։սանամիկ վոտւոշ ,չնիչՈ-
։է րանհնա քորԻ ։է րանհնԱ-
։նայկրյավ թւո ցանմ ընամղեշ տյւոպաԿ
։քրեզեիտ ղովմղես քնենտմկ քնեմ ,ոտեՀ ։անենւո իչ նւոյթւոյոգ ըկանամաժ նիհապ սյա ,ինցնակ վոտեկ կանիրօրատ ըքրեզեիտ ոտեհ ցինայկրյավ ինաքնսատ ,ակ նայկրյավ ինաք նսատ ,վոտւոՇ ։մւոսոխ է րեննւոյթւոթեթեհնա ան րո ,քեծատմկ ,ինւո լէ նւոյթւողղւո շիրւո ըկանամաժ րո ,իսա ըկեմ եթե ,է նականբ նաքչնի….

 

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *