Սվետլանա Կոնեգեն | Որ միասին լսենք անձրևի ձայնը. Լորա և Տոնինո Գուերաների պատմությունը

Տոնինո և Լորա Գուերաներ

«…ՈՐ  ՄԻԱՍԻՆ  ԼՍԵՆՔ  ԱՆՁՐԵՎԻ ՁԱՅՆԸ …»

              Լրացել է իտալական կինեմատոգրաֆիայի «ոսկե դարաշրջանի» ամենանշանավոր դերակատարներից մեկի՝ Տոնինո Գուերայի  կնոջ՝ նրա պաշտելի Լորայի 80-ամյակը: Ինչ-որ պահ նրանց հանդիպեցրել է հենց ինքը՝ ժամանակը: 1975 թվականին Մոսկվա են ժամանել իտալացի մեծ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին և նրա ընկերը՝ նշանավոր բանաստեղծ, նկարիչ, գրող «Կազանովա 70», «Լուսանկարների խոշորացում», «Ամարկորդ»  ֆիլմերի սցենարների հեղինակը… Էլեոնորա Յաբլոչկինան  այդ ժամանակ «Մոսֆիլմ» կինոստուդիայի համեստ աշխատակցուհիներից էր: «Լորա». այդպես էր կոչում մաեստրոն իր սիրելիին:

      2012 թվականի մարտի 21-ին Տոնինո Գուերան այլևս չկար: Նա մահացավ հայրենի Սանտարկանջելո-դի-Ռոմանիա քաղաքում: Աճյունասափորն ամփոփվեց Պեննաբիլլիի նրա տան այգու ամենաբարձր կետում՝ սիրելի այգու պատի մեջ, որը հնուց ի վեր պահպանում է հերցոգ Մալատեստայի ամրոցը: Ըստ մաեստրոյի՝ հենց այդտեղից է ձեռքդ հասնում հավերժությանը:

Լորա Գուերան պատմում  է:

«Տոնինո Գուերայի աշխարհի հետ ծանոթացել եմ հենց նրա ֆոնդի միջոցով: Մեծ հաշվով, դա հիմա նույնիսկ ֆոնդ էլ չէ, այլ ասոցիացիա է՝ տեղավորված հնամենի եկեղեցու գետնահարկում: Մենք հիմա սեղանատանն ենք, որի կողքին հին ժամանակներից մնացած դամբարանի մի մասն է. այստեղ ժամանակն ասես կանգ է առել: Պեզարո և Ռիմինի գավառներն այս տարածքը վերանորոգեցին, պատրաստեցին Տոնինոյի համար: Ինչպես տեսնում եք, այստեղ ամեն ինչ կապված է նրա  հետ, նրա ստեղծագործության, ընկերների, աշխարհի հետ: Օրինակ՝ վերջին տարիներին նա տարված էր անձնական կահույք ստեղծելով, ինչին անվանում էր «mobelacci»՝ կահույքարան: Դիտմամբ հասարակ էր պատրաստում, որ մարդիկ տեսնեն և ասեն. «Ի՜նչ լավն է ու պարզ: Ես էլ կարող եմ այդպես պատրաստել»: Ահա այդ վիթխարի երկաթե թերթը, որ անվանում էր «Թերթ Տաճար», անձամբ սարքեց տեղացի դարբնի հետ: Հատկապես դրա ստեղծումից հետո Տոնինոյի մեջ ծնվեց մի զարմանալի արտահայտություն. «Խուլ է աղմուկը աշնանն ընկնող տերևի, որովհետև նրա հետ ընկնում է մի ողջ տարի»: Այստեղ շուրջբոլորը կախված են նկարներ՝ նրա «գունավոր մտքերը»: Տոնինոն, ախր, միշտ ասում էր, որ ինքն էությամբ բանաստեղծ է և ոչ թե նկարիչ, և երբ նկարում էր, պարզապես հանգստանում էր. «Նկարներն իմ գունավոր մտքերն են, իմ պատմվածքները»: Թեև, իհարկե, այդտեղ փոքր-ինչ խորամանկություն կա: Գուերան նկարիչ էր, խեցեգործ, խճանկարիչ, ներկարար, ատաղձագործ, ինչ-որ ուզեք: Ինչեր ասես, որ չի արել: Օրինակ՝ տարբեր քաղաքներում որպես նվեր տեղադրել է շուրջ յոթ շատրվան, աճեցրել է կախարդական «Քարերի այգին», ինչպես նաև «Մոռացված մրգերի այգին», որը հայտնի էր դեռևս հին հռոմեացիներին, սակայն բոլորովին մոռացված մեր՝ ժամանակակիցներիս կողմից… Այդ ամենը շռայլորեն ցրված է Մարեկկի գետի հունի երկայնքով և չնայած իր այժմյան խիստ համեստ չափերին՝ անցյալում եղել է հենց այն հայտնի Ռուբիկոնը, որը հանդիսավոր անցել է մեծն Կեսարը: Այստեղ՝ Պեննաբիլլիի մեր տանը հավաքվում էր  մարդկանց՝ նկարիչների, գրողների հսկայական խումբ: Այստեղ դեռևս 2011 թվականին՝ հինգ ամիս առաջ իր՝ «մի սենյակից մյուսն անցնելը» Տոնինոն ազատ ունկնդիրների համար վարում էր իր հայտնի կուրսը: Մենք հասցրինք այդ ամենը նկարահանել, իսկ դա նշանակում է, որ դրանք մնացին պատմության մեջ: Իրականում հաճույքով ու շատ էր դասավանդում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում՝ ՎԳԻԿ-ի բարձրագույն ռեժիսորական կուրսերում: Սակայն այդ վերջին դասախոսությունները, ինձ թվում է, արդեն այն ամբողջի բուն էությունն էին, ինչ նա հասցրել էր անել ու մտածել. դրանք դարձան նրա վերջին հայտնությունները:

ԽՆՁՈՐԸ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԹԻԹԵՌԸ, ՏՈՆԻՆՈՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ. ԽՆՁՈՐՆԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲ

 Որտեղի՞ց հայտնվեց այդ տարօրինակ «Մի սենյակից մյուսն անցնել» արտահայտությունը:

Երբ կյանքի վերջին շրջանում Տոնինոն արդեն լրջորեն հիվանդացավ ու հասկացավ, որ բժիշկներն իրեն օգնել չեն կարող, ասաց. ”Lasciatemi.Fatemi passare doicemente da una camera all’altra”- «Թողեք ինձ: Թույլ տվեք՝ խաղաղ անցնեմ մի սենյակից մյուսը»: Բոլորն իր խոսքն ընդունեցին որպես բանաստեղծական պատկեր: Սակայն դա այդպես չէ: Մի անգամ, երբ միասին Վոլոգդայում էինք, գնացինք տեսնելու վանքը, որտեղ կյանքի վերջին տարիներն էր անցկացրել բանաստեղծ Կոնստանդին Բատյուշկովը: Ամենուր մեզ ուղեկցում էր մի վանական. ի վերջո, նա մեզ տարավ բանաստեղծի գերեզմանի մոտ: Այդ ժամանակ Տոնինոն բոլորին նույն հարցն էր տալիս. «Ի՞նչ վերաբերմունք ունեք մահվան հանդեպ: Անձնապես ինձ դա բոլորովին դուր չի գալիս: Ես դրանից վախենում եմ»: Վանականն ամենևին չշփոթվեց: «Ինչո՞ւ ես մահից վախենում, Տոնի՛նիո: Չէ՞ որ դա շատ հեշտ է. մի սենյակից անցնում ես մյուսը»: Արտահայտությունն իր պարզությամբ, հավատի ուժով և հույսի խորությամբ  այնպես ապշեցրեց Տոնինոյին, որ նա հենց այդ խոսքն ասաց իր կյանքի վերջին վայրկյաններին:

Այստեղ՝ մեր տանը, ձեռակերտ խնձորներ շատ կան: Դա պատահական չէ: Խնձորը, ինչպես և թիթեռը, Տոնինոյի բանաստեղծական աշխարհի ամենակարևոր խորհրդանիշներն են: Խնձորները կյանքի  սկիզբն են: Դրանք պատկերված են նրա սփռոցների վրա  և ամենուր-ամենուր-ամենուր են: Դրանց մասին նա մտածել է, երբ եղել է 30 տարեկան, ոչ ավելի: Եվ արդեն այդ ժամանակից խնձորի խորհրդանիշը տարածվել է ողջ Ռոմանիայով մեկ: Իսկ թիթեռնիկները հայտնվեցին, երբ 22-ամյա Տոնինոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական գերության մեջ էր: Առաջին անգամ այնտեղ սկսեց բանաստեղծություններ հորինել: Հատկապես հորինել և ոչ թե գրել, որովհետև ո՛չ մատիտ կար, ո՛չ էլ՝ թուղթ: Իր առաջին բանաստեղծությունները նա հորինել է ռոմանոլոյի բարբառով ու ռիթմով, որ հիշելը հեշտ լինի: Ճամբարում կարոտից տանջահար գերիները հաճախ էին նրան խնդրում. «Իսկ հիմա դու մեզ ինչ-որ բան պատմիր»: Եվ նա սկսում էր հիշել իր հայրենի քաղաքը. դա կիսաիրականություն էր ու կիսահեքիաթ…

Այդ նույն ճամբարում եղել է կատարելապես ապշեցուցիչ մի պատմություն: Գերիների մեջ էր  Ֆորլիից բժիշկ Ստրոկին: Գերմանացիները նրան վերցրել էին իրենց մոտ որպես սանիտարական զորամասի բուժակ: Նա այնտեղից թուղթ էր թռցրել և Տոնինոյի համար գաղտնի գրի էր առել այդ բանաստեղծությունները: Եվ երբ վերջապես նրանց ազատագրել էին, նրան էր տվել նրա առաջին բանաստեղծություններով այդ առանձին-առանձին թղթերը:  Ինձ համար այդ պատմությունն անասելի հուզիչ է:

Թե ինչպես է նա հայտնվել ֆաշիստական ճամբարում, մի ուրիշ ահավոր պատմություն է: Գերմանացիները մտել են նրա հայրենի Սանտարկանջելո: (Իմիջիայլոց, եթե դուք երբևէ հայտնվեք այնտեղ (այստեղից այդքան էլ հեռու չէ), անպայման այցելեք Սան-Ջովեզե ռեստորան, որն ամբողջությամբ ու շատ հետաքրքիր ձևավորել է Տոնինոն: Մինչև հիմա այնտեղ է գտնվում եզակի խճանկարով նրա վառարանը, կախված են ազդագրեր, կան յուրահատուկ ձև ունեցող սափորներ, պահպանվել է շատրվանը, որ նույնպես նա է սարքել): Իսկ այդ ժամանակ նրանք ընտանիքով գերմանացիներից թաքնվել էին հարևան քաղաքում: Ծնողները սարսափելի վախենում էին, որ Տոնինոյին բանակ կտանեն: Եվ ահա մի անգամ հայրը հարցնում է ընտանիքի անդամներին. «Ձեզնից ո՞վ է համարձակը, որ կգնա և կկերակրի մեր կատվին»: Տոնինոն հանձն է առնում. «Ես կգնամ»: Գնում է տուն, որտեղ թաքնված էր կատուն: Շոգից տունը լցված էր լվերով: Կատուն մոտերքում ծառի վրա էր և անհաջող փորձում էր թռչնակ բռնել: Երբ Տոնինոն տնից դուրս է գալիս, տեսնում է դեմքին ուղղված ֆաշիստական ավտոմատի փողը: Սակայն ամենամեծ սարսափը տաբատի հետևի գրպանում եղած հակաֆաշիստական թղթերն էին: Նա կապ ուներ պարտիզանների հետ: Եվ եթե չկարողանար ճարպկորեն ու աննկատ դրանցից ազատվել, նրան իսկույն կգնդակահարեին:

ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՆՐԱ ՄԵՋ ՆՈՐԻՑ ԱՐԹՆԱՑԱՎ ԳԵՂԵՑԻԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ,  ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ  ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ճամբարի մասին Տոնինոն հատկապես սիրում էր պատմել մեկը, համարյա կախարդական մի պատմություն: Մի անգամ ճամբարային բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված սննդով, շրջվում է. նրանց համար սնունդ էին համարվում ջուրը և նրա մեջ եփված կաղամբի կտորները: Բոլորովին ուտելու բան չկար: Դա հենց Սուրբ Ծննդյան նախօրեին էր: Եվ միանգամայն ուժասպառ գերիները, որպեսզի փոքր-ինչ շեղվեն սննդի մասին մտքից, խնդրում են Տոնինոյին. «Մեզ այսօր պատմիր ինչ-որ բան տալյատելլի մասին». չէ՞ որ հենց տալյատելլին է ռոմանոլների սիրած մակարոնեղենի տեսակը: Այստեղ՝ բոլոր տներում խմորը սովորաբար գրտնակում են  հսկայական սավաններով, իսկ հետո հատուկ ձևով կտրատում: Տոնինոն սկզբում փոքր-ինչ զարմանում է. ինքը նախկինում մակարոն չէր պատրաստել: Բայց հետո հանկարծ հիշողության մեջ լողում են ամենաջերմ հիշողությունները, թե ինչպես էր մանկության տարիներին մայրը խմոր պատրաստում, նրա կապույտ փոքրիկ պահարանը, որտեղից ալյուր էր հանում և ցանում խոհանոցի սեղանին: Նա իրեն լուրջ տեսք է տալիս և սկսում է իր «խոհանոցային» պատմությունը՝ զուգակցելով այն կենդանի արտահայտիչ մնջախաղով: «Այսպես, սկզբում վերցնում ենք ալյուրը: Այսօր մենք քանի՞ հոգով ենք ընթրելու: Քսանչորս հոգով:  Այդ դեպքում  պետք է վերցնենք երեսուն հատ ձու»: Եվ սկսվում է մի գրավիչ թատերական ներկայացում: Նա վարժ հարում է երևակայական ձվերը: (Արդեն հետո նա ինձ պատմում էր, որ կյանքում երբեք չի հանդիպել այդքան երախտապարտ, ագահությամբ լսող ուշադիր ունկնդիրների): Նրա շուրջն ամենքը շունչները պահել էին: Այնուհետ մաեստրոն սկսում է մակարոնը պատրաստել, գրտնակում է խմորը, իսկ կողքին էլ ասես ջուրն է եռում: Նա հմտորեն կտրտում է տալյատելլեն այնպես, ինչպես ընդունված էր իրենց գյուղում: Ոչ մի դեպքում  չէր կարելի կտրատել իդեալական՝ հավասար.  անպայման պետք է լինեին ատամի տակ ընկնող, ինչ-որ չափով կոշտ, անկանոն կտորներ: Հետո Տոնինոն ճարպկորեն, ինչպես աճպարար, պատրաստում է նաև թանձրուկը: Բոլորի ախորժակը գրգռվում է: Իսկ հետո սկսում է այն բաժանել իր գերի ընկերներին: «Ֆաբրիցի՛, քեզ պարմեզանո՞վ»: «Իհա՛րկե»: Եվ ի պատասխան՝ «խոհարարը» շռայլորեն  «ափսեի» մեջ  «թանկարժեք պանիր»  է  լցնում: Դուք միայն  պատկերացրեք  այդ շռայլ, բարի, գեղեցիկ և դրա հետ մեկտեղ ահավոր մնջախաղը ֆաշիստական սոված ճամբարում: Ի վերջո, երբ նա արդեն  լիովին ուժասպառ փլվում է մի մեկուսի անկյունում, հետևից լսում է ինչ-որ մեկի սրտաճմլիկ ձայնը. «Ասա՛, իսկ ինձ լրացուցիչ  չի՞ հասնում»:

Երբ Տոնինոն գերությունից ազատվում է, այդ մասին գրում է միայն մի շատ կարճ բանաստեղծություն: Ցավոք, թարգմանելիս շատ բան կորչում է. երբ իտալացիներն այն լսում են բնագրով, հիացմունքից քարանում են: «Կյանքում ես բավական շատ երջանիկ պահեր եմ ունեցել: Սակայն ավելի երջանիկ էի, երբ Գերմանիայում ազատագրվեցի, և կարողացա նայել թիթեռնիկին՝ առանց այն ուտելու ցանկության»: Այլ խոսքով՝ գերությունից հետո նրա մեջ նորից վերադառնում է գեղեցիկի զգացողությունը, մարդկային արժանապատվությունը և հայեցողության կարողությունը. չէ՞ որ ճամբարում ուզում ես տառացիորեն ամեն ինչ ուտել:

… Որոշ ժամանակ Տոնինոն ու ես միասին ապրեցինք Հռոմում, իսկ 1989-ին տեղափոխվեցինք Պեննաբիլլի, որովհետև մեծ կինոն մեռնում էր, իսկ նա չէր ուզում ներկա լինել նրա հոգեվարքին: Այստեղ նրան այցելում էին իտալացի շատ ռեժիսորներ: Սկզբում եկավ մեծն Ֆրանչեսկո Ռոզին՝ աշխատելու «Զինադադար» ֆիլմի վրա, հետո՝ Տավիանի եղբայրները: Վերջինը, որ այստեղ իր հետ գրել է, Թեո Անգելոպուլոսն էր՝ հույն հանճարեղ ռեժիսորը: Այստեղ նաև երիտասարդ, իրարից տարբեր շատ ռեժիսորներ են փորձել նկարահանումներ կատարել, սակայն, մեծ հաշվով, լուրջ կինոն արդեն վայրէջք էր ապրում: Տոնինոն անխուսափելիորեն սկսեց հայացքն ուշադիր հառել անցյալին. նա ասես վերադարձել էր իր Իթակե՝ այստեղ՝ մանկության օրրան, և սկսեց նորից գրել պոեմներ՝ վեց ամբողջական գործ: Ու նաև մի քանի գրքեր: Դրանով հանդերձ, անդրադարձավ այն ամենին, ինչին անխուսափելի վերադառնում է գյուղացու ընտանիքում ծնված մարդը. բնությանը: Ստեղծեց այգիներ, շատրվաններ և ընդհանրապես որոշ կարևոր բաներ. չէ՞ որ նրա կյանքի նշանաբանն էր. «Պետք է մարդկանց համար ինչ-որ անհրաժեշտ բան անել»:

Պեննաբիլլի փոքրիկ քաղաքը՝ որպես մեր կյանքի վերջին, իսկ գուցեև գլխավոր վայր, պատահական չընտրվեց: Սանտարկանջելոն, որտեղ 1920 թվականին ծնվել է Տոնինոն, այստեղից այնքան էլ հեռու չէ: Նրա  ծնողները գյուղացիներ էին, և ահա շուկա գնալու օրվա նախօրեին՝ դեռևս գիշերը, նրանք իրենց հայրենի քաղաքի բանջարեղենով բեռնված սայլերով դուրս էին գալիս և բռնում էին Պեննաբիլլիի ճանապարհը: Կանաչին հատկապես կարելի էր շահավետ վաճառել այստեղի շուկայում, որովհետև այս տեղանքը լեռնային է, կանաչի քիչ է աճում: Իսկ Սանտարկանջելոն, հակառակը, գտնվում է հարթության վրա. ողջ տարբերությունը դրա մեջ է… Իսկ այստեղից էլ իրենց հետ փայտ ու ածուխ էին տանում: Բացի դրանից, Պեննաբիլլին եպիսկոպոսարան է: Այստեղ է Սան-Մարինո Հանրապետության եպիսկոպոսի նստավայրը: Այստեղ է նաև հսկայական սեմինարիան, որտեղ 20-րդ դարասկզբին սովորել են ավելի քան հազար սեմինարիստներ: Մի խոսքով, դա խոշոր կաթոլիկական կենտրոն է:

Լուսաբացին՝ ժամը 4-ին, Տոնինոն՝ ընտանիքի կրտսեր երեխան, սայլի հետևից հազիվ էր քայլում. քայլելիս տառացիորեն քնում էր, և որպեսզի վերջնականապես չքներ, հայրը նրան մի կտոր անտանելի գարշահոտ «քարանձավային պանիր» էր տալիս՝ հոտ քաշելու համար, որն ակնթարթորեն արթնացնում էր: Գյուղացիներն այդ ժամանակ  անպայման հագնում էին բաճկոնակներ ու դնում էին բորսալինո նրբագեղ գլխարկներ: Իսկ բաճկոնակի գրպանում պահում էին այդ նույն «քարանձավային պանրից»: Որտեղից է այդ տարօրինակ անվանո՞ւմը: Բանն այն է, որ երկար ժամանակ պանիրը պահում էին հռոմեական քարանձավներում, իսկ երբ այնտեղից հանում-բերում էին, անտանելի հոտ էր տարածվում:

Ինձ թվում է՝ Տոնինոյի ծննդյան փաստը հենց հատկապես այս աստվածային գեղեցիկ վայրերում, նշանակալի դեր է խաղացել նրա՝ իսկական մեծ հումանիստի բնավորություն ձևավորելու առումով: Դա է գլխավոր արժանիքը: Հիշում եմ, երբ մահանում էր, սենյակից դուրս եկավ լաց եղած Էնրիկա Անտոնիոնին՝ բացականչելով. «Ես չեմ տեսել մեկին, որն անգամ մահանալիս այդքան շռայլ լինի ընկերների հանդեպ»: Մինչև կյանքի վերջ նա աջակցեց  բոլորին, խորհուրդներ տվեց, օգնեց:

ՏՈՆԻՆՈՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՄԵՐ ՏԱՆ ԱՌՋԵՎԻ ՈՂՋ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԼԻ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐՈՎ: ՆՐԱՆՔ  ՆՍՏԵԼ  ԷԻՆ  ՇՐՋԱՆԱՁԵՎ  ԵՎ ԵՐԳՈՒՄ ԷԻՆ… ՆՐԱ  ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրա վերջին ծննդյան օրը՝ 2012 թվականի մարտի 16-ին, մարդիկ զարմանալի տոն էին կազմակերպել: Տոնինոն անկողնուց այլևս վեր չէր կենում: Մենք Սանտարկանջելոյում էինք: Այնտեղ էինք տեղափոխվել, որովհետև  նախօրեին ձմեռը շատ դաժան էր եղել, անհավատալի ձյունառատ: Այստեղ երբեք նման հսկայական ձյունակույտեր չէին եղել, որ այնպես սիրում էր Տոնինոն: Մեր տան ողջ երկու հարկերը տառացիորեն կորել էին ձյան տակ: Տանիքների հենասյուները չէին դիմանում, որոշներն ընդհանրապես փլվել էին: Ճանապարհները միանգամայն անանցանելի էին դարձել: Ձյան մեջ հատուկ թունելներ էին փորվել: Պարզապես տարերային աղետ էր: Այդ պատճառով մենք ստիպված տեղափոխվեցինք:

Եվ ահա Տոնինոյի ծննդյան օրը մեր տան առջևի հրապարակը լցվեց երեխաներով: Նրանք շրջանաձև նստել էին  հենց պատուհանների տակ  և ռոմանոլյան բարբառով երգում էին… նրա բանաստեղծությունները: Իսկ այդ պահին հրապարակում իտալական դրոշի տեսքով իր գեղեցկությամբ հսկայական տորթն էր փայլում: Մարեկկի գետի երկայնքով սփռված ողջ 12 փոքր քաղաքների քաղաքապետերը՝ հանդիսավոր հագնված քաղաքապետարանային հատուկ ժապավեններով, եկել էին  մեզ մոտ և նույնպես կանգնել էին պատուհանների տակ: Բնակիչներից շատերը Տոնինոյի մեծ ֆիլմերի հերոսների հագուկապով էին, օրինակ, Գրադիսկոյը՝ «Ամարկորդ»-ից, և փոքր բեմադրություններ էին ներկայացվում տառացիորեն ողջ քաղաքում: Սակայն ամենահուզիչը  թերևս ուրիշ բան էր. մարտ ամիսն էր, այգիները ծաղկել էին: Ամենուր ծաղկած նուշի զգլխիչ բույրն էր: Երբ նուշը ծաղկում էր, Տոնինոն սովորաբար ասում էր. «Ահա, տեսնո՞ւմ ես, մենք այդ աստվածային ծաղկեբույլի մեջ ենք»: Մարդիկ ահռելի քանակությամբ ծաղկած նուշի հսկայական կտրված ճյուղեր էին բերել և դրանցով լցրել էին տան առջևի հրապարակի ողջ շատրվանը: Նրանք դա արել էին այն պատճառով, որ եթե Տոնինոն այնուամենայնիվ մոտենար պատուհանին, ապա կարող էր պատկերացնել, թե Պեննաբիլլիի իր հոյակապ  այգում ի՜նչ շքեղ էր ծաղկել  նուշը…

Ի վերջո, նրան հարցրի՝ կարելի՞ է ներս հրավիրեմ հրապարակում կանգնած քաղաքապետերին: Նրանք կանգնեցին նրա մահճակալի շուրջբոլորը, և նա նրանց ասաց. «Տղանե՛ր, դուք պետք է միմյանց պատվար լինեք: Որովհետև միասին ավելի հեշտ է պաշտպանել գեղեցկությունը»: Այդ խոսքերն ասում էր մահացող մարդը, որը 5 օր հետո այլևս չէր լինելու: «Դուք ունեք երկու գանձ՝ գետն ու ճանապարհը: Եվ եթե ձեզնից մեկն ինչ-որ բան փչացնի, մյուսների համար վատ կլինի»: Այդ օրվանից ի վեր՝ ամեն տարի, նրանք հավաքվում են Բանաստեղծի քարաժայռի մոտ, որտեղ Տոնինոյի աճյունն է:

Սակայն մահ չկա: Իմ Մաեստրոն, իմ Տոնինոն հատկապես հիմա է ինձ սովորեցնում, որ մահ գոյություն չունի:

Տոնինոյին հաջողվեց ամբողջովին կերպարանափոխել և՛ այդ փոքրիկ գեղեցիկ Պեննաբիլլի քաղաքը, և՛ մյուս քաղաքներն էլ, որ տարածված են Մարեկկի գետի երկայնքով: «Յոթ շատրվաններ», «Մոռացված մրգերի այգի», «Մտքերի տաճար», «Մեկ նկարի թանգարան»,  արևային ժամացույց, որտեղ որոշակի ժամերի, ըստ Տոնինոյի, կարող եք տեսնել  Տարկովսկու և Ֆելինիի ստվերները ու նաև հենց նրանց՝ հավերժորեն հեռացած իր ընկերների առաջին հուշարձանները: Իր «Քարերի այգում» նա կանգնեցրել  է Ջուլիետա Մազինիի, Անդրեյ Տարկովսկու (այնտեղ նույնիսկ նրա մատուռը կա), Միքելանջելո Անտոնիոնիի, Սերգեյ Փարաջանովի, Թեո Անգելոպուլոսի հուշարձանները… Բացի դրանցից՝  ստեղծել է մի շարք տարբեր փոքրիկ ձեռակերտ «հեքիաթային վայրեր», որտեղ հիմա հաճույքով ու անընդհատ գալիս են մարդիկ, հաճախ հատկապես աշակերտներ.  այդ վայրերը  Տոնինոն անվանեց «հոգու անկյուններ»՝ luoghi dell’anima.

… Այո՛, ես ու Տոնինոն ծանոթացել ենք, երբ նա հիսունն անց էր, բայց միասին անցել ենք նրա կյանքի գլխավոր շրջանները, բացառությամբ սկզբնական շրջանի: Տոնինոն հաճախ էր ասում. «Դա մենք միասին ենք արել»: Ես ընդդիմանում էի. «Դե ո՛չ, դա դո՛ւ ես արել»: «Կարևոր չէ,- պատասխանում էր,- ես պաշտպանող հուսալի ու պինդ թիկունք եմ ունեցել»: Գուերան, իրոք, հաստատում էր, որ այդ ամբողջը մենք միասին ենք ստեղծել: Միակ բանը, որ կարևոր եմ համարում (և դա քիչ թե շատ հոգեկան կայուն հանգստություն է), Տոնինոյի բանաստեղծությունների ռուսերեն իմ թարգմանությունն է և փաստը, որ նրան ծանոթացրել եմ այն ժամանակվա Ռուսաստանի լավագույն  մարդկանց հետ: Իսկ նրանք իրենց հերթին շատ էին սիրում Տոնինոյին: Հրաշալի թատերական նկարիչ Սերգեյ Բարխինը, ռեժիսոր Վլադիմիր Նաումովն ու նրա կինը՝ դերասանուհի Նատալյա Բելոխվոստիկովան, ռեժիսորներ Սաշա Սոկուրովը, Անդրեյ Խրժանովսկին, Սերգեյ Փարաջանովը, նկարիչ ու ռեժիսոր Ռուստամ Խամդամովը և Յուրի Նորշտեյնը, չասած արդեն մեծն Անդրեյ Տարկովսկու մասին. նրանք բոլորը դարձան նրա մեծ բարեկամները:

ԵՐԲ ՏՈՆԻՆՈՆ ԵՎ ՏԱՐԿՈՎՍԿԻՆ ԶՐՈՒՑՈՒՄ ԷԻՆ ԻՐԱՐ ՀԵՏ, «ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ» ԶԳՈՒՇԱՆԱԼՈՎ,  ՄԻՇՏ  ՏՆԻՑ ԴՈՒՐՍ  ԷԻՆ  ԳԱԼԻՍ,  ԻՋՆՈՒՄ  ՆԵՐՔԵՎ՝ ՓՈՂՈՑ՝  ՁՅԱՆ ՏԱԿ 

Տոնինո Գուերա, Անդրեյ Տարկովսկի

1975 թվական: Ես աշխատում էի «Մոսֆիլմ»-ում: Հենց նոր մահացել էր «Մոսֆիլմ»-ի դիրեկտոր, պրոդյուսեր Սաշա Յաբլոչկինը՝ իմ առաջին ամուսինը, որին բոլորը շատ էին սիրում: Ի դեպ, նա ռեժիսոր Վոլոդյա Նաումովի մոտ ընկերն էր: Մենք բոլորս այդ ժամանակ ապրում էինք  «Աերոպորտ» մետրոյի մոտ: Դերասանուհի  Էլզա Լեժդեյը՝ Նաումովի առաջին  կինը, հենց նոր էր լքել Վոլոդյային, իսկ Նատալյա Բելոխվոստիկովան նրա կյանքում դեռ չէր հայտնվել: Ալեքսանդր Ալովը՝ նրա մշտական ընկերը, դեռևս ողջ էր: Եվ ընդհանրապես, ողջ «Աերոպորտը» ընկերություն էր անում,  և միմյանց հետ շփվում էին տառացիորեն ամեն օր: Ահա այդ շրջանում իմ Սաշան ու Վոլոդյան ամեն օր շախմատ էին խաղում, իսկ երբ  հեռուստացույցով ֆուտբոլ էր լինում,  այդ ժամանակ ռեժիսոր Էլեմ Կլիմովից բացի, ընդհանրապես հավաքվում էին բոլորը: Իմ Սաշան մահացավ տառացիորեն մի վայրկյանում. փողոցով քայլելիս հանկարծ վայր է ընկնում: Նրա թաղումից հետո ես ընդհանրապես ոչ մի տեղ չէի գնում, և իմ ընկերները փորձում էին ինձ դուրս քաշել, կյանք վերադարձնել: Եվ եղավ այնպես, որ մոսկովյան միջազգային կինոփառատոնին մասնակցելու եկան մեծն իտալացիները՝ Միքելանջելո Անտոնիոնին, Տոնինո Գուերան և կինեմատոգրաֆիայի  համար կարևոր էլի մի քանի մարդիկ:

Անդրեյ Տարկովսկի, Տոնինո և Լորա Գուերաներ, Միքելանջելո Անտոնիոնի

Դրսում 1975 թվականն է: Ինձ զանգեց իմ բարեկամ Վալերա Սերովը և պատմեց այդ հյուրերի մասին: Նրանք սահմանափակված էին բացառապես միայն «Ռոսիա» հյուրանոցով, որտեղ ամեն ինչ շատ չոր ու պաշտոնական էր. ո՛չ բանջարեղեն կար, ո՛չ միրգ, ո՛չ էլ պարզապես մարդկային շփում: Մի խոսքով, իտալացիներն այդ ամենից արագ հոգնում են, և մերոնք որոշում են նրանց հրավիրել մի իսկական մոսկովյան տուն: Երկար մտածում են և ի վերջո ընտրում ակադեմիկ, հայտնի նյարդավիրաբույժ, Բուդենկոյի անվան կլինիկայի դիրեկտոր Սաշա Կոնովալովի տունը. նա իմ ընկերուհի Իննայի ամուսինն էր: Սաշան գեղեցկատես էր, Տոնինոն նրան ողջ կյանքում անվանում էր Պոլ Նյուման[2]: Նրանց որդին իմ սանիկն էր: Տունը գեղեցիկ էր, պատերից նկարներ էին կախված, ունեին հսկա  գրադարան, ռոյալ: Շքեղ սեղան էր բացված. շատ կանաչեղեն կար, իսկական՝ շուկայից: Այնպես որ, երբ հայտնվեցին իտալացիները և տեսան ողջ շքեղությունը, պայթեցին նրանց բուռն անկեղծ ծափահարությունները: Ի վերջո, ինձ համոզեցին գնալ, ընդ որում, փաստարկն իսկապես  ծանրակշիռ էր. «Լո՛րա, կենդանի Անտոնիոնիին դու մեկ էլ ե՞րբ ես տեսնելու քո կյանքում»: Ես նստեցի, մտածեցի, որ, իրոք, ե՞րբ եմ տեսնելու նրան և վեր կացա ու գնացի: Այնտեղ առաջին անգամ  ես ու Տոնինոն տեսանք իրար: Սակայն հաջորդ առավոտ նրանք արդեն մեկնեցին: Հիշում եմ՝  Տոնինոն ինձ միայն մի բան հարցրեց՝ արդյոք եղե՞լ եմ Իտալիայում: Իհարկե, թարգմանչի միջոցով: Այդ ժամանակ ես իտալերեն չէի խոսում: «Ո՛չ, Իտալիայում չեմ եղել»,- խոստովանեցի ազնվորեն: «Անպայման եկեք, պետք է անպայման տեսնել այն»: «Անպայման կգամ»,- ոչ լիովին անկեղծորեն խոստացա ես: Բայց նա,  ախր, միամիտ էր. ոչ մի բառ չգիտեր ո՛չ այն ժամանակվա օվիրի[3], ո՛չ աշխատավայրից տրվող բնութագրի և ո՛չ էլ խորհրդային կարգերի՝ արտասահման մեկնելու հետ կապված դժվարությունների մասին:  Ես նրան տեսա այնքան կենդանի ու հուզմունքով ինչ-որ բան պատմելիս, արտահայտիչ շարժուձևով, այն ժամանակ դեռևս ձյութի նման սև մազերով, թափանցող անհավատալի հայացքով (նա մինչև կյանքի վերջ մնաց այդպիսին), վառ խառնվածքով: Մնացածները աչքերը լան բացած նայում էին Անտոնիոնիին, որը, ի դժբախտություն իրեն, այդ երեկո անտանելի հարբուխ ուներ: Նրա Էնրիկան, որն այն ժամանակներից ի վեր իմ շատ սիրելի ընկերուհին է, այդ երեկո ինչ-որ բանի համար վիճեց Անտոնիոնիի հետ (նա այդ ժամանակ 19 տարեկան դյուրաբորբոք աղջիկ էր) և աստիճաններով ինչ-որ տեղ վազեց…Մի խոսքով, նրանք մեկնեցին: Ես Տոնինոյին ասացի, որ Իտալիա կարող եմ գնալ միայն կա՛մ որպես բարեկամուհի, կա՛մ որպես հարսնացու: Եվ 20 օր անց հանկարծ որպես «հարսնացու» Իտալիա մեկնելու հրավեր ստացա: Հասկանալի է՝ այդ թուղթը ես խցկեցի, պարզ է, թե որտեղ, և իրականում մոռացա դրա մասին: Բայց կես տարի անց հարմար առիթով (այն ժամանակ Իտալիա մեկնեց ռեժիսոր Դմիտրի Պոլոնսկին) նամակ ուղարկեցի, որ գալ չեմ կարող, շատ զբաղված եմ, այնպես որ, «ավելի լավ է՝ Դուք եկեք մեզ մոտ՝ Ռուսաստան»: Պոլոնսկին նամակը տանում է՝ Տոնինոյին հանդիպելով Հռոմի իր բնակարանում: Գուերան, որ հասցրել էր մի լավ (բավական լավ) մոռանալ ինձ, խոստովանում է. «Ես այդ կնոջը լավ չեմ հիշում, միայն ինչ-որ քնքշության զգացում եմ հիշում… Իսկ նա գոնե քամակ ունի՞»: Օ՜, դա իսկական նուրբ էության տեր բանաստեղծի հարց էր: Այդ ժամանակ Դիման՝ շատ ուրախացած, ողջ համոզվածությամբ հավաստիացնում է.  «Իհարկե ունի: Եվ այն էլ ինչպիսի՜»:

Միքելանջելո Անտոնիոնին և Տոնինո Գուերան նկարիչ Բորիս Մեսերերի արվեստանոցուն, Մոսկվա, 1976թ

Այնուամենայնիվ, Տոնինոն Սերգեյ Բոնդարչուկի հրավերով եկավ Մոսկվա: Սերգեյը, որ նկարահանվել էր Իտալիայում, և այստեղ ամեն ինչից տեղյակ էր, նրան խնդրում է սցենար գրել Մոսկվայի մասին: Այն գրվեց և կոչվեց. «Մենք չենք մեկնում»: Բայց,  դա չընդունեցին: Փոխարենը հենց այդ ժամանակ սկսվեց իմ ու Տոնինոյի բուռն սիրավեպը: Այն ինչ-որ ձևով միայն մերը չէր. դրան ծայրահեղ  հետաքրքրությամբ տառացիորեն հետևում էր մեր ողջ շրջապատը՝ ներառյալ Ազգային անվտանգության կոմիտեն:  Իմիջիայլոց,  դրանից ավելի ուշ էլ մեր համատեղ կյանքը երբեք չեղավ նեղ անձնական՝ փակ կողմնակի աչքի համար: Մենք երկուսս էլ մեր կառուցվածքով այդպիսինն ենք:

Երբ Տոնինոն եկավ, ես պետք է «Մոսֆիլմ»-ի կողմից դիմավորեի նրան: Նա սաստիկ փաթաթվել էր շարֆով, գլխարկով, ձեռնոցներով. ձմեռ էր, -30 աստիճանի սառնամանիք: Եվ քանի որ ես էլ նրան լավ չէի հիշում, ապա ժպտում էի համարյա բոլոր իտալացիներին, որոնք առանձնանում էին ժամանողների խմբից: Երբ, վերջապես, Տոնինոն դուրս եկավ, սկսեց ցրտից ահավոր գոռալ՝ հայհոյելով  ամենաընտիր իտալական հայհոյանքով: Ես ոչինչ չէի հասկանում, և երբ ինձ հարցրին, թե նա ինչու է այդպես գոռում, ընդդիմացա. «Նա չի գոռում, երգում է: Դա իսկական իտալական բելկանտո է»:

Սկզբնական շրջանում մենք շփվում էինք թարգմանչի միջոցով: Խոսում էր ֆրանսերեն, իսկ  ես՝ գերմաներեն: Պետք է  հիշել, որ Ազգային անվտանգությունը հետևում էր մեր ամեն քայլին: Իմիջիայլոց, երբ Պետկինոն դադարեց գոյություն ունենալուց, և իր ողջ արխիվը թափում էին, «Տոնինո Գուերա» թղթապանակում գտան ոչ միայն նրա սցենարները, այլև կոմիտեի ողջ մանրամասն հաշվետվությունը մեր ինտիմ հանդիպումների մասին: Հիշում եմ՝ այդ ժամանակ ինձ հարցրին. «Ուզո՞ւմ ես վերցնել»: Իսկ ես հիմարի պես հպարտորեն ասացի՝ ո՛չ: Ի՜նչ պատմություն կլիներ. իսկական վեպ…

ՖԵԼԻՆԻԻՆ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՆԻՆՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ  ՏՎԵՑ ՀԱԳՆԵԼ ԱՀԱ ԱՅՆ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏԸ  ԵՎ  ԱՅԴ  ԲԼՈՒԶԸ

 Մի անգամ թռչնի շուկայում նա ինձ համար մի դատարկ վանդակ գնեց և կախեց «Մոսֆիլմ»-ի իմ սենյակում: Եվ ամեն օր ինձ համար դրա մեջ ինչ-որ գրառումներ էր գցում՝ զգուշացնելով, որ երբ ինքը գա, ես պետք է դրանք կարդամ, անգիր անեմ և այդպես իտալերեն սովորեմ: Հիշում եմ՝ առաջին արտահայտությունը, որ հանեցի և մտապահեցի, այս էր. «Եթե դու լեռան չափ ձյան կույտ ունես, ստվերում պահիր»: Կային շատ ավելի անձնական նամակներ: Դրանցով  պետք է հասկանալ Տոնինոյին, նա երբեք ուղղակի սեր չի խոստովանել, սակայն կարող էր գրել. «Այսօր համարյա, համարյա սիրում եմ քեզ մահվան չափ»: Այդ վանդակում կային նրա շատ արտահայտությունները, մտքերը, նկարները: Նա Ռուսաստանում նորից նկարել սկսեց: Իր հետ մածուկներ, ներկեր էր բերել: Պարզապես այն պատճառով, որ շուրջբոլորը խոսում էին ռուսերեն, հաճախակի ստիպված էր լինում բացատրվել ահա նման նկարներով: Ես այսօր հենց դրանք էի նայում, և ձեռքս ընկավ մի հրաշալի նկար, որի վրա գրված էր. «Լորայի տունը իմ մենության մեջ»: «Մոսֆիլմ»-ի ղեկավարությունը նույնպես չէր կարող չարձագանքել մեր այդ ռոմանտիկ հարաբերություններին, և ինձ՝ որպես պաշտոնի իջեցում խմբագրությունից տեղափոխեցին արխիվ: Բայց հակառակ այդ ամենին՝ մեր այդ ժամանակվա ձմեռը ցնցող «տաք էր»: Ես Տոնինոյին ծանոթացրի Բելլա Ախմադուլինայի, Անդրեյ Տարկովսկու հետ, որն այդ ժամանակ Գրիգորի Չուխրայի  փորձարարական միավորումում իր «Ստալկեր»-ն էր նկարահանում: Մենք հարևաններ էինք: Երբ Տոնինոն զրուցում էր Տարկովսկու հետ, նրանք, զգուշանալով «գաղտնալսումից», միշտ տնից իջնում, գնում էին փողոց՝ ձյան տակ: Իսկ երբ տուն էր գալիս, բարձերով փակում էր հեռախոսները: Հիշում եմ՝ հին Նոր տարվան՝  հունվարի 13-ին նվիրված  հրաշալի հանդիպումը հին կինոյի տանը: Այնտեղ էր հենց այն նույն Սաշա Կոնովալովը Իրինայի հետ, որոնց տանն առաջին անգամ մենք հանդիպել էինք: Եկել էր Բրունո Պոնտեկորվոն կնոջ՝ Ռիմա Ամիրէջիբիի՝ բանաստեղծ Միխայիլ Սվետլովի նախկին կնոջ հետ: Նա շատ հայտնի ֆիզիկոս էր, պատերազմի ժամանակ Իտալիայից փախել էր Խորհրդային Միություն: Եկել էին Բորյա Մեսսերերը՝ Բելա Ախմադուլինայի և շատ ուրիշների հետ: Հետո մենք բոլորս չկարողացանք տաքսի կանգնեցնել և մեր հարևանի՝ Տարկովսկու հետ միասին կինոյի տնից այդ ահավոր մոսկովյան սառնամանիքի միջով քայլելով հասանք «Աերոպորտ»:

Հիշում եմ՝ Տոնինոն բարկությամբ փշուր-փշուր արեց բոլորի՝ այն ժամանակ նորաձև համարվող ֆիննական ու շվեդական կահույքը: Հիշում եմ՝ հրաշալի նկարիչ Միշա Ռոմադինը աղաղակով եկավ մեզ մոտ. «Տոնինո՜, ես իմ ողջ «Ամպիրը» նետեցի ձյան մեջ»:    «Դե, դու մի քիչ «տաքացար»,-որոշակի հեգնանքով պատասխանեց նրան Տոնինոն: Նա միշտ ասում էր. «Ձեզ մոտ տառացիորեն 3 կոպեկով վաճառվում են այնքան գեղեցիկ  «լիբերտի»-ոճով բուֆետներ, իսկ դուք առնում եք այդ սարսափելի ֆիննականը: Մի խոսքով, դա, ի զարմանս մեզ, մոսկովյան  «տաք»  ձմեռ էր:

Ահա այդպես «Ռաֆայելի Օրը», որի մասին իր հրաշալի բանաստեղծության մեջ գրել է Բելան՝  այնքան սիրելի Տոնինոյի համար, մեզ մոտ եղավ հատկապես այդ ձմռանը: Ի դեպ, հենց այդ ժամանակ առաջինը Բելան սկսեց թարգմանել նրա բանաստեղծությունները: Հենց այդ շրջանում եղել են շատ ծիծաղելի, հիանալի, նաև միանգամայն ֆանտաստիկ  պատմություններ: Բացի մեկից, որ կապված է Պետկինոյի քննարկած «Մենք չենք մեկնում»-ի սցենարի հետ: Այնտեղ կային շատ նովելներ և միանգամայն ցնցող հերոսներ: Օրինակ՝ հերոսուհիներից մեկն աշխատում էր Կազանի կայարանում՝ մոր ու մանկան սենյակում: Մյուսն ասֆալտ էր փռում: Եվ, իհարկե, կենտրոնում իտալացի հերոսն է ու օրիորդը, որին սիրահարված է նա: Նա նրան սեր էր խոստովանում Մայիսի 1-ին նվիրված  խորհրդային փառավոր տոնի ժամանակ՝ խորհրդային բանակի սապոգի ահավոր ցնցող դոփյունների ներքո, որ տարածվում էին քաղաքի բոլոր բարձրախոսներից: Մոսկվայի մասին ֆիլմը բարդ էր՝ բաղկացած բազմաթիվ նովելներից: Ավարտվում էր այսպես. հերոսը և հերոսուհին, որոնց հետևում՝ ստվերում ինչ-որ տեղ,  իհարկե, ես ու Տոնինոն էինք, գնում են Կազանի կայարան: Այն, իմիջիայլոց, Տոնինոյին ցնցեց ահավոր շատ աղքատ մարդկանցով, որ կեղտոտ ցանցապարկերով կողք կողքի թավալվում էին հատակին՝ այստեղ ու այնտեղ… Դա ժողովուրդների ամենաիսկական վերաբնակեցում էր: Տոնինոն սարսափով էր նայում այդ ամենին: Այսպես, ըստ սցենարի, գնացքը մեկնում է Վլադիվոստոկ: Ուղեկցորդուհիները գոռում են կառամատույցում համբուրվող զույգի վրա. «Արագացրե՜ք: Գնացքն ուղևորվում է»: Այդ պահին Տոնինոյի հերոսը շրջվում և ասում է. «Իսկ մենք չե՜նք մեկնում»: Պետկինոյի չինովնիկները սցենարի հեղինակին հարցնում են. «Դուք մեզ մոտ՝ Մոսկվայում, տեսե՞լ եք Լիխաչովի անվան գործարանը, նշանավոր բարձրահարկերը, ժամանակակից դպրոցները և մանկապարտեզները: Տեսե՞լ եք: Այդ դեպքում ինչո՞ւ են սոցիալիզմի այդ ձեռքբերումները լիովին բացակայում ձեր սցենարում»: Դրան Տոնինոն հանգիստ պատասխանում է. «Ես հիմա հասկացա, թե մենք բոլորս ինչպես ենք սխալվել: Երբ Վիտտորիո  դե Սիկան նկարեց իր մեծ ֆիլմը՝ «Հեծանիվ գողացողները» , այն ժամանակ իշխանության գլուխ եղած ֆաշիստները բարկացել էին, որ ժամանակակից պատմության վիթխարի իրադարձությունների և հարյուրամյակի կառուցման ֆոնին նրան հետաքրքրել են փողոցային գողերի թշվառ խնդիրները:  Այն ժամանակ մենք՝ մտավորականությունը, նկարիչները, պաշտպանեցինք ֆիլմը, և հենց այդ ուղղությունն է կինոյում կոչվում «իտալական նեոռեալիզմ»: Բայց մենք, ավաղ, ինչպե՜ս սխալվեցինք»: Դրանից հետո նա վեր կացավ և դուրս եկավ: Այդպես ավարտվեց նրա աշխատանքը Սերգեյ Բոնդարչուկի հետ:

ԱՅՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ  ՆՄԱՆ  ՇՐՋԱՊԱՏՈՒՄ, ՆՈՒՅՆՆ Է,  ԻՆՉ  ՀԱՅՏՆՎԵՍ  ԵՐԱԶ ՈՒՄ

Սակայն 1976-ին նա և Միքելանջելո Անտոնիոնին նորից եկան բնապայմաններ ընտրելու՝ կապված պլանավորվող «Հյուսիսային քամի»-ի կամ «Թղթե օձ»-ի նկարահանումների համար: Դա կարող էր լինել միանգամայն հիանալի հեքիաթ, ինձ համար մինչև հիմա անսահման ցավալի է, որ այդպես էլ այն չնկարահանվեց: Այն ժամանակ նկարահանումները պլանավորվել էին նաև Ուզբեկստանում՝ Տաշքենդում: Ես շարունակում էի աշխատել «Մոսֆիլմ»-ի արխիվում: Նրանք ուզում էին իրենց հետ տանել մեր ողջ խմբին՝ նկարիչ ու ռեժիսոր Ռուստամ  Խամդամովին, Ալիկ Խամրաևին և ինձ: Հենց այդ ժամանակ էլ տաշքենդյան կինոփառատոնի օրերն էին ընթանում: Իմ ենթադրյալ մեկնումի հետ կապված Տոնինոն գնում է խոսելու այն ժամանակվա  կինոյի մինիստր Ֆիլիպ Երմաշի հետ: Նա մտնում է նրա առանձնասենյակ և առանց քաշվելու ասում. «Դու հիմա ո՞նց ես կանանց հետ: Նրանց հետ դեռ ինչ-որ բան կարողանո՞ւմ ես»: Երմաշը կարմրում և ի պատասխան՝ քթի տակ ինչ-որ անհասկանալի բան է ասում: «Իսկ ես ու Յաբլոչկինան կարողանում ենք, այդ պատճառով խնդրում եմ՝ թույլ տաս՝ նա ինձ հետ Տաշքենդ գա»,-անվրդով շարունակում է Գուերան: Այնպես որ, ինձ տառացիորեն թույլ տվեցին որպես նրա սիրուհու:

Իսկ հետո եղան Խիվան, Սամարղանդը, մեր միանգամայն ֆանտաստիկ ընդհանուր ճամփորդությունը: Երկրորդ օրը ես իհարկե ցանկացա վերադառնալ: Պատճառը ծիծաղելի էր: Ես ու Խամդամովը ճիշտ մեկ րոպե ուշացանք նախաճաշից, որին ի պատասխան՝ լսվեց հուսահատ, բարձր ու սուր տիպիկ իտալացու ճիչ. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Դուք թույլ եք տալիս սպասել ձեզ»: Ես լաց եղած աչքերով նետվեցի դեպի Ռուստամը՝ հավաքելու ճամպրուկը: «Իհարկե գնանք,-հլու հնազանդ ասաց Խամդամովը,- բայց ես վերնաշապիկս նոր եմ լվացել»:   Եվ այդ պահին, ասես ոչինչ էլ չի եղել, ներս մտավ ժպտադեմ Տոնինոն  և հարցրեց. «Իսկ դուք ո՞ւր եք այսպես պատրաստվում: Անձնապես մենք գնում ենք Ֆերգանա»: Ռուստամը երկչոտ նայեց իմ կողմը. «Գուցե այնուամենայնիվ մնա՞նք»: Եվ մենք, իհարկե, ի վերջո մնացինք…

Այդ գեղեցիկ ճամփորդությունից հետո մեր նամակագրական  և հեռախոսային սիրավեպը սկսեց շատ բուռն զարգանալ:  Այն ժամանակ միջազգային հեռախոսային խոսակցությունները հսկայական գումար արժեին: Եվ ռոմանոլացի հեռախոսավարը, որ բավականին լսել էր մեր սիրային շաղակրատանքը, սկսեց արդեն անվճար միացնել Տոնինոյին: Այդպես հայտնվեց մեր սեփական հեռախոսային հրեշտակը, որի հետ մենք հետո շատ մտերմացանք: Տոնինոն և Անտոնիոնին  մեկ անգամ չէ, որ գնացել են խորհրդային դեսպանի  և ուրիշ ղեկավարների մոտ՝ խնդրելով՝ թույլատրել ինձ մեկ ամսով մեկնել Իտալիա: Եվ ահա 1967 թվականի ձմռանը՝ հունվարին, ես առաջին անգամ մեկնեցի: Դա հսկայական  հաղթանակ էր՝ հասնել թույլտվության՝ մեկնելու կապիտալիստական երկիր. ինձ ուղեկցում էր ավելի քան 40 մարդ՝ ներառյալ այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհի, փայլուն ռեժիսոր Լարա Շեպիտկոն: Սակայն կար պաշտոնական պայմանավորվածություն. 30 օր հետո պետք է վերադառնայի:

 

Տոնինո և Լորա Գուերաներ

ՏՈՆԻՆՈՆ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԵՍ ԼՈՐԱՅԻ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՑԱ, ՈՐ ՄԻԱՍԻՆ ԼՍԵՆՔ ԱՆՁՐԵՎԻ  ՁԱՅՆԸ  ԵՎ  ՏԵՍՆԵՆՔ՝  ԻՆՉՊԵՍ  Է  ՁՅՈՒՆ ԳԱԼԻՍ

Իմ առաջին ծանոթությունը Իտալիայի հետ առանձին «ոդիսական» է: Իտալական կյանքի վեցերորդ օրը Անտոնիոնին իր կողքին նստեցրեց Էնրիկային, ինձ ու Տոնինոյին, և մենք միասին գնացինք ճամփորդելու ողջ երկրով մեկ: Իսկ  դա նշանակում է՝ ես առաջին անգամ տեսա Իտալիան իրենց աչքերով: Իսկ Հռոմ վերադառնալուց հետո  Տոնինոն ինձ ծանոթացրեց  Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի հետ: Ֆեդերիկոն Տոնինոյին ճաշի էր հրավիրել ռեստորանի հրաշալի տիրուհու՝ իր Չեզարինայի մոտ, որին բերել էր Ռոմանիայից:  Այդ խոհարարուհին, ի վերջո, Հռոմում հսկայական գումար աշխատեց. նա ուներ հիանալի ռեստորան՝ ռոմանոլյան շատ համեղ  խոհանոցով:  Երբ առաջին անգամ ներս մտա այդտեղ, իմ ոտքերն ու ձեռքերը դողում էին: Որպեսզի դուր գամ Ֆելինիին, Տոնինոն խորհուրդ էր տվել հագնել «ահա այդ կիսաշրջազգեստը և այդ բլուզը»: Դրանով հանդերձ, խիստ հրամայեց. «Միայն խնդրում եմ, Ֆեդերիկոյից մի՛ թաքցրու, որ ես քեզ դուր եմ գալիս»: Հիշում եմ՝ մեր ընթրիքի վերջում Ջուլիետան սեղանից հավաքեց ողջ քաղցրավենիքը, փաթաթեց փոքրիկ հանգույցով և դրեց պայուսակիս մեջ՝ ասելով. «Կե՛ր, ախր դու ոչինչ չկերար»: Այո՛, ես ցնցված էի: Ես ստիպված էի ձև անել, որ ամեն ինչ լավ է, երբ Մաստրոյանին նվիրում էր շքեղ վերարկու, Կրիցիան՝ ինչ-որ բան իրենից, իսկ Սոֆի Լորենը սպագետի էր պատրաստում… Ֆելինին, որպեսզի ինձ աշխուժացնի, իմ առաջ իր գիրկը բացեց՝ ասելով. «Տոնի՛նո, որտեղի՞ց ես գտել այս սիբիրյան կատվին»: Իմիջիայլոց, հետո էլ էր նա ինձ այդպես անվանում: Խորհրդային մարդու համար այն դարաշրջանում Իտալիայում հայտնվելը և այն էլ՝ նման շրջապատում, միևնույնն է, թե հայտնվես երազում: Ես ինձ երբեմն այդպես էլ զգում էի:Պետք էր պատկերացնել՝ ինչքան էր Տոնինոն հոգնել ինձնից, իմ՝ այնտեղ լինելու վերջին օրերին: Այն բանից, որ ես հասցնեմ իմ բոլոր ընկերների համար նվերներ ընտրել, այն բանից, որ մշտապես բերանս բաց նայում էի  խանութների ցուցափեղկերին, իսկ Վենետիկում ընդհանրապես ուշքս գնաց: Ի վերջո, Տոնինոն փոքր-ինչ անորոշ ձայնով ասաց. «Գուցե մի տարի անց ես էլի գամ, կզանգենք իրար»: Բայց ես, միևնույնն է,  երջանիկ էի և զգում էի, որ իմ կյանքի ամենակարևոր տոնն արդեն եղել է: Եվ, այնուամենայնիվ, Մոխրոտիկի պարահանդեսն անցավ, թեև Մոսկվա վերադառնալով էլ ես մի ողջ ամիս այցելում էի բոլոր ընկերներիս ու պատմում: Իտալիայից վերադառնալիս ինձ նվիրել էին երեք մուշտակ: Սակայն ուղեբեռում  երեքը տեղավորել հնարավոր չէր: Այնպես որ, միաժամանակ երեքն էլ քաշեցի վրաս: Եվ այդպես, պայուսակս առաջ թեքած, ներս ընկա ինքնաթիռ: Իսկ այդ ժամանակ (ինչպես լինում է միշտ) Իտալիայից Ռուսաստան էր մեկնում «Մոսֆիլմ»-ի դիրեկտոր ընկեր Սիզովը: Նա նայեց ինձ անկեղծ սարսափով և ասաց. «Յաբլոչկի՛նա, ի՜նչ է,  դուք խելքներդ թռցրե՞լ եք: Մոսկվայում  զրո աստիճան է»:

Դե իհարկե, Տոնինոն նորից սկսեց զանգել: Նրա հարցերից մեկը պարզապես խլացնող էր. «Դու պատրաստե՞լ ես բոլոր փաստաթղթերը»: Ես իրեն բացատրում եմ, որ համաձայն խորհրդային օրենքների՝ կապիտալիստական երկիր կարելի է մեկնել երկու տարին մեկ: Եվ հանկարծ Տոնինոն սկսում է գոռալ. «Ինչպե՞ս թե: Ես պաշտոնապես ամուսնալուծվել եմ: Բաժանել եմ իմ ունեցվածքը: 75 տոկոսը տվել եմ նախկին կնոջս…»: Եվ հանկարծ լեզվիցս թռավ. «Այդ ամենն ի՞մ պատճառով: Դե պետք չէր անել…»… «Իսկ նա տեսե՜ք, տեսե՜ք, նույնիսկ չի բարեհաճել ծննդյան վկայականի մասին տեղեկանք վերցնել»: Բայց ինչո՞ւ վերցնեի. չէ՞ որ մինչև հիմա ոչ ոք ինձ առաջարկություն չի արել: Ի վերջո, ահա թե ինչ տարօրինակ  ձևով այն արվեց: Գուերան պատվիրեց շտապ հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և նշանակեց հարսանիքի ժամանակը՝ սեպտեմբեր: Զագսում նշանակեցին 13-ին: Տոնինոն հավանություն տալով՝ թեքվեց՝ դա լավ է: Տեղացի պետերը մեր գլուխը երկար տարան, սակայն հարսանիքը, միևնույնն է, եղավ: Անտոնիոնին ու Տարկովսկին վկաներ էին: Հետո «Ռոսիա» ռեստորանում պաշտոնական ընթրիքն էր: Բոլորը նստել և լսում էին, երբ Տոնինիոն ասաց. «Ես ամուսնացա Լորայի հետ, որ միասին լսենք  անձրևի ձայնը ու տեսնենք՝ ինչպես է ձյուն գալիս…»

Ինչ եղավ հետո՞: Հետո պարզապես սկսվեց կյանքը»:

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե  Մեսրոպյանի

[1] Լորա Գուերայի պապը(մայրական) եղել է Կարսի վերջին նահանգապետը:

[2]Պոլ Նյուման (1925-2008), ամերիկյան դերասան:

[3] Անձնագրերի և վիզաների վարչություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *