Պաուլ Ցելան | Մահվան ֆուգա

ՄԱՀՎԱՆ ՖՈՒԳԱ

Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք այն երեկոյան
խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք այն գիշերը
խմում ենք ու խմում
մենք փոս ենք փորում օդում ուր թաղվելու համար նեղվածք չէ
Մի մարդ է ապրում տանը նա խաղում է օձերի հետ նա գրում է
գրում է երբ Գերմանիայում խավար է իջնում քո ոսկե մազը Մարգարետ
նա գրում է ու ելնում է դուրս ուր փայլում են աստղերը սուլոցով կանչում է որսաշներին
կանչում է իր հրեաներին որ փոս փորեն հողում
և հրամայում է մեզ նվագել ու պարել

Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը
խմում ենք քեզ առավոտյան և կեսօրին խմում ենք քեզ երեկոյան
խմում ենք ու խմում
Մի մարդ է ապրում տանը և խաղում է օձերի հետ նա գրում է
գրում է երբ Գերմանիայում խավար է իջնում քո ոսկե մազը Մարգարետ
քո մոխրե մազը Սուլամիթ մենք փոս ենք փորում օդում ուր նեղվածք չէ թաղվելու համար

Նա կանչում է խորը ծակում երկիրը դուք բոլորդ երգում եք ու նվագում
Նա վերցնում է երկաթե թոկը թափահարում է կապույտ են նրա աչքերը
խոր ծակեք բահերով մինչդեռ դուք բոլորդ շարունակում եք նվագել ու պարել

Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք քեզ գիշերը
խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք երեկոյան
խմում ենք ու խմում
մի մարդ է ապրում տանը քո ոսկե մազը Մարգարետ
քո մոխրե մազը Սուլամիթ նա խաղում է օձերի հետ

Նա կանչում է մահվանը քաղցրորեն նվագելու մահը գերմանացի վարպետ է
Նա կանչում է նվագելու մռայլ ջութակներին ապա ծխի պես բարձրանում է օդ
ուր ամպերի մեջ գերեզմանն է այնտեղ նեղվածք չէ թաղվելու համար

Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը
խմում ենք կեսօրին մահը գերմանացի վարպետ է
մենք խմում ենք քեզ երեկոյան և առավոտյան խմում ենք ու խմում
մահը գերմանացի վարպետ է նրա աչքերը կապույտ են
նա հանդիպում է քեզ կապարե գնդակով հանդիպում է անվրեպ
մի մարդ է ապրում տանը քո ոսկե մազը Մարգարետ
նա իր հսկա շներով հալածում մեզ և պարգևում է գերեզման օդում
նա խաղում է օձերի հետ և երազում է մահը գերմանացի վարպետ է

քո ոսկե մազը Մարգարետ
քո մոխրե մազը Սուլամիթ

 

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Դու պիտի ասես օտար կնոջ աչքին՝ ջու՛ր լեր:
Նրանց, որ գիտես՝ սուզված են ջրում՝ օտար կնոջ աչքերում պիտի որոնես:
Դու պիտի նրանց դուրս կանչես ջրից՝ Ռու՜թ, Նոյեմի՜, Միրյա՜մ,
և զուգես օտար կնոջ աչքի առաջ,
զուգես, զարդարես նրանց օտար կնոջ ամպ-մազերով:
Դու պիտի ասես Ռութին, Միրյամին և Նոյեմիին.
Տեսեք, ես քնում եմ նրա մոտ:
Դու պիտի զուգես օտար կնոջը շքեղորեն:
Պիտի զարդարես նրան խոր ցավով Ռութի, Միրյամի, Նոյեմիի:
Դու պիտի ասես օտար կնոջը.
Տես, ես քնած եմ վաղուց նրանց մոտ:

 

ԿԱՂԱՄԱԽԻ

Կաղամախու ծառ, սաղարթդ ճերմակ փայլում է մթնում:
Իմ մոր մազերը էլ չեն ճերմակի:

Խատուտիկ ծաղիկ, ինչ կանաչ է քո երկիր-Ուկրաինան:
Իմ շեկ մայրիկը ետ չդարձավ տուն:

Անձրևի ամպ, քնո՞վ ես ընկել ջրհորի վրա:
Իմ անուշ մայրը արցունք է թափում ամենքի համար:

Բոլորակ աստղ, դու ժապավեն ես գործում ոսկեղեն:
Մայրիկիս սիրտը այնպես ցավում է ծանր կապարից:

Կաղնեփայտե դուռ, հրեշտակներից ո՞վ կբացի քեզ:
Քնքուշ մայրիկս ետ գալ չի կարող:

 

ՀՆՁՎՈՐՈՒՀԻՆ

Ես քնում եմ, իսկ աչքս մնում է բաց, քուն չունի:
Անձրևը կուժը լցրեց, մենք խմեցինք մինչև վերջ:
Մութը սրտին կհալածի, իսկ սիրտը՝ մի ցողունի:

Հնձվորուհի, քո հունձքը արդեն շատ է ուշացել:
Գիշերային պաղ քամի, մազդ ճերմակ է ձյան պես, աչքերը…

Գիտեմ՝ ինձ ինչ մնաց և գիտեմ՝ ի՜նչ եմ կորցրել:
Հնձվորուհին համրում է ժամերն, իսկ ես՝ տարիներ:

Անձրև էինք խմում մենք: Խմում էինք մենք անձրև:

ԲԱՐՁՐ ԼՃԻ ՎՐԱ

Փարիզ-մակույկը խարիսխ է գցել գավաթի մեջ —
Քեզ հետ կանգնած սեղանի մոտ խմում եմ քո կենացը:
Խմում եմ այնքան երկար, մինչև որ սիրտս մթնում է,
այնքան երկար, մինչև Փարիզը լողում է իր արցունքներում,
այնքան երկար, մինչև մակույկը պարուրվում է հեռվի շղարշով,
ծածկելով աշխարհը մեզնից.
այնտեղ ամեն «Դու» մի ոստ է, որին կախված եմ ես
տերևի նման լուռ և օրորուն:

ԱՍԻՍԻ*

Գորշավուն գիշեր:
Գորշավուն գիշեր՝ զանգի ղողանջից, ձիթենյաց փայլից դառած:
Գորշավուն գիշեր քո բերած քարով:
Գորշավուն գիշեր՝ քարով:

Լռիր, եղածը եղած է, լռիր:
Լցրու սափորը բերնեբերան լի:
Կավե սափորը:
Կավե սափորը, որի կողերին աճել են ամուր բրուտի ձեռքեր:
Կավե սափորը, որ փակել է հար ստվերի ձեռքը:
Քար, ու՞ր ես նայում, ու՞ր ես նայում, քար:

Դու գորշ կենդանուն քո գրկի մեջ առ:
Վարգող կենդանին:
Վարգող կենդանին՝ ձյան մեջ, որ շաղ է տալիս մերկ ձեռքը:
Վարգող կենդանին՝ մութ խոսքի առաջ փակուղի ընկած:
Վարգող կենդանին, որ մերկ ձեռքից է իր նինջը խժռում:

Փայլ, որ չունի էլ մխիթարանք, փայլ:
Մեռյալները դեռ աղերսում են, Ֆրանց:

*ՖՐԱՆՑ ԱՍԻՍԻ… Կաթոլիկ Եկեղեցու սուրբ:

 

***

Ով իր սիրտը գիշերով պոկում է կրծքից, նա ձեռքը վարդի է մեկնում,
Նրանն են վարդի թերթերն ու փուշը,
լույսը կտրվի նրան պնակով,
գավաթով՝ բուրմունք, նրա համար կշրշան ստվերները սիրո:

Ով իր սիրտը պոկում է կրծքից ու նետում է վեր՝
սխալներ չի ունենա այլևս,
նա կվանի քարը,
նրա ժամացույցը կհնչի իր արյան կանչով,
և ժամանակը դուրս կհորդի նրա ձեռքից,
նա կարող է խաղալ նախշուն գնդակներով
և խոսել հանգիստ իմ ու քո մասին:

ԱՅՆՔԱՆ ՈՒՐԻՇ ԵՍ ԴՈՒ ԴԱՐՁԵԼ

Այնքան ուրիշ ես դու դարձել, որ բնավ քեզ չեմ ճանաչում,
բաբախում է սիրտդ ամեն տեղ արծաթե աղբյուրների այնշեն երկրում,
ուր չի շարժվում ոչ մի ստվեր և չի ըմպում ոչ մի բերան,
ուր ջուրն հոսում է շողից ներս, շողը՝ փրփրում ջրի նման:

Դու փարվում ես աղբյուրներին, շողերի հետ թևում ես վեր,
դու մի խաղ ես հորինել նոր, բայց խաղն ուզում է մոռացվել:

Ես մենակ եմ ու դնում եմ մոխրե վարդը սևով լցված ամանի մեջ:
Քույր, քո շուրթի բառն ապրում է պատուհանի առջև, դրսում,
ու դեպ ինձ է լուռ մագլցում երազի պես:

Ես փթթումի մեջ եմ աշնած իմ ժամերի
ու մի պտղուց խեժ եմ պահում մոլոր թռչնիս,
որ գալիս է ամռան միջով՝ կտցին սառույց,
վառ փետուրին ձյան փաթիլներ է բերում ինձ:

Թարգմանությունը գերմաներենից՝ Ղուկաս Սիրունյանի
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *