Հովիկ Մխիթարյան | Մահվանը սպասելիս

Մի երազիր մահը: Նա երբեք չի ուշանում և գալիս է իր ժամանակին:

Ծեր կինը երկար էր սպասել մահվանը: Այն պահից, երբ ստվերներ դարձան սիրո պայծառ երազանքները և մարեցին անվերադարձ: Երբ հրաժեշտ էր տալիս ամուսնուն ու նրանից հետո կորցրեց տարիների հաշիվը: Իսկ ո՞ւմ են պետք տարիներն ընդհանրապես, եթե նրանք չեն խոսում սրտի հետ:
Ծեր կինը միշտ չէր ծեր եղել: Երիտասարդ ու ծաղկուն, շատ երազանքներ թաղեց իր մեջ: Երազանքների վախճանն ազդարարեց նոր կառուցվող տան վրա աշխատելիս եղեռական մահով կյանքին հրաժեշտ տված ամուսինը: Տունը, որ հույս ուներ դառնա իր երիտասարդության ու երջանկության սկիզբը, նշանավորեց դրանց վախճանը: Այն մնալու էր որպես հուսալքության, կարոտի ու դառնության տարօրինակ խորհրդանիշ: Հետո կծնվի տղան, կիմաստավորի կնոջ գոյությունն ու ապագայի հույս կտա… Ապագայի հույսերը ծվարում էին հարազատական բարեկամական միջավայրում մխիթարություն գտնելու հույսերում, որտեղ ձգտում էր ուրախության ծվեններ պոկել:
Կինը հաճույքով մաքրում էր այգին, խնամում ծառերը, որ միշտ առատ բերք էին տալիս`տանձ, բալ, և խնձոր: Իսկ ազնվամորին այգու զարդն էր, որից միշտ բաժին էր հանում շատերին: Աշխատում էր մի քանի տեղ` արագ վազելով մի աշխատատեղից մյուսը: Դժգոհ չէր կյանքից, թեպետ անզգա հասարակությունը ճզմում էր և գռմռում ապրելու իր իրավունքի վրա:
Ապրելու, կյանքի վազվզոցը մեղմում էր միայնության զգացումը, իսկ միակ տղայի հանդեպ սերը`բերկրանք պատճառում: Երբեմն միայն անիմաստության ու միայնության որդն էր կրծում նրա միտքն ու հոգին: Եվ աստիճանաբար, անհուսորեն մահանում էր խեղված կանացիությունը, մինչ տարիները դառնում էին հիվանդություններ ու մանր-մունր տկարություններ, որպեսզի մահը տանելի ու ցանկալի լիներ: Իր հիվանդությունները ոչ մեկին այլևս չէին հետաքրքրում, երազանքներն` առավել ևս:
Մահվան մասին մտքերն ուշ եկան: Այն ժամանակ, երբ ապրած տարիների քանակով առաջ անցավ ամուսնուց: Երբ ամուսնու խաղաղ նինջն ապահովող պարզ շիրմաքարի կողքին, հանդարտ օրորվող ուռենու ճյուղերի սոսափյունի ներքո խորհում էր կորսված երջանկության մասին ու հավերժության հաճելիորեն տարօրինակ սարսուռն զգում իր ներսում:
Տառապանքն ապրելու բնականոն ձև դարձավ նրա համար և դա այնքան աննկատ կատարվեց, որ ինքն էլ չհասկացավ թե ինչպես կատարվեց: Տարիներն անսովոր արագությամբ սպառեցին իրեն: Արդեն չէր հասցնում հետևել տնտեսությանը: Կուտակվում էր ամեն ինչ: Տնային գործերը, փոքրիկ այգում աշխատանքները, մրգերն ու ազնվամորին գոնե հարազատներին հյուրասիրելը. դա էր միայն, որ բարձրացնում էր կյանքի գինը:
Տղայի ներկայությունը, սիրո ջերմ թրթիռը կուսական մնացած կրծքի տակ, հույս և ծերության մխիթարանք էր, որին, ավա՜ղ, վիճակված չէր իրականանալ: Աշխատանքում, ամենուր տղայի կյանքն էր դասավորում, թոռների ապագան գծագրում իր մտքում, զրույցներում և երազանքներում: Դադարեց հորինել ապագայի իր տունը, որ անշուք էր և այդպես էլ մնաց և միայն հիշողություններն էին հարստացնում այն: Իր մշտապես նորոգվող տանիքով, շինարարական այլ մանր ու մեծ գործերով նա շրջապատի խղճահարությունն էր առաջացնում միայն:
Իսկ տարիները կուտակվում էին անհեթեթ ու անհասկանալի արագությամբ, ավելացնում հուշերի մորմոքը: Ֆիզիկական ցավերը նվազագույնն էին, որ անհանգստացնում էին նրան, երբ հոգնում էր և կարգին չէր հանգստանում: Իսկ մահը, որ յոթ սարից այս կողմ էր եկել, այնքան էլ հեռու չէր թվում, թեպետ չէր վախենում նրանից: Շատ աննկատ էր եկել մահվան հանդեպ հաղթանակը, որովհետև նա միայն հանգստություն էր բերելու:
Նա հույս ուներ ինչ-որ տեղ` երկինքներում հանդիպել այն միակ տղամարդուն, ով եղել էր ու մնալու էր իր առաջինն ու միակը: Ամեն ինչ` իր ժամանակին,-այսպես էր ասում նա,-մահից ավելի սարսափելի ապրելն էր, որովհետև եթե դու ծեր ես, հոգնած ու միայնակ, ամեն քայլի ապացուցում ես ապրելու քո իրավունքը և գոյության անհրաժեշտությունն այս աշխարհում: Տարիներն այլևս նոր բան չէին ավելացնում` միայն անորոշ հույսերի պատառիկներ: Մեծացրեց տղային իր սեփական մարմնի ջերմությամբ, սիրով ու փնթփնթոցով, անպաշտպան լացով: Դա փողի լաց չէր, այլ միայնության, տղամարդկային ուժի պակասի և չհասկացված լինելու ողբ:
Կյանքը լցվում էր տղայի ուսման, մայրաքաղաքում պահելու համար կոպեկ-կոպեկ գումար հավաքելու հոգսերով: Ոտքերի ցավն ուժեղացավ, երակներն ավելի լարվեցին: Պարզվեց, որ երիկամներ էլ ունի և նրանց խնամք է հարկավոր: Լսող էր փնտրում, որ ողբա. իսկ ո՞ւմ էր հետաքրքրում միայնակ կնոջ լացը, երբ նույնիսկ ամուսինդ էր լքել` մահանալով ժամանակից այնքա՜ն վաղ: Ահա թե երբ կարող է մահը ցանկալի ու սպասված լինել և ուշանալ…
Չնայած կյանքի բոլոր հարվածներին, չէր մոռանում պայքարի իր զենքը` բարոյականությունը, որով պայքարում էր տղայի և իր ապագայի համար, որ տղան մեծ մարդ կդառնա, կշենացնի տունը և ինքն այլևս կարիք չի ունենա աշխատելու: Ու մինչ փլուզվում էին իր հորինած և կառուցած պատրանքներն ու խաղաթղթե տնակները, Աստծո մասին միտքն աստիճանաբար իրողություն էր դառնում նրա համար: Իսկ տղայի ու հարսի միաձուլված հարձակումները և անըմբռնողությունը եկան լցնելու անհուսության տառապանքների բաժակը:
Ծեր կինը հասկացավ մարդուն ապավինելու ողջ անիմաստությունը, երբ թոռներն են անգամ սկսում չնկատել իրեն, ինչքան էլ ինքը շարունակում էր սիրել նրանց իր մանկականորեն մաքուր հոգով: Երբ տղայի ընտանիքը հեռացավ իրենից, դա վերջին սարսափն էր, որ իրականացավ: Մենություն`մինչև վերջ: Փողն այլևս նշանակություն չուներ։ Տղան լիուլի բավարարում էր`փոխարինելով զգացմունքները հեռուներից կանոնավոր եկող անկյանք թղթի կտորներով… Վերջ լավ մայր լինելու իր ցանկություններին, ավանդական-դասական սկեսուր լինելու իր ցանկությանը և թոռներով ջերմանալու մխիթարությանը: Վերջ կյանքը միայնությամբ չավարտելու երազանքներին:
Մենություն, որ այլևս անվերադարձ էր…
Կարոտի, սիրո, իր հանդեպ կարեկցանքի մի ամենակուլ հրեշ բնակվեց հոգում: Ամեն առավոտ կանգնում էր պատուհանի առաջ և դիտում փոքրիկ այգին` անխնամ, արդեն փնթի ու տրորված: Ջերմության, անցյալի հուշերի ուրախության ալիքներն էին հորդում ներսում: Չհասկացված հույզերի, իր կյանքի չկարդացած էջերի, անավարտ, բայց ավարտվող կյանքի, անբարյացակամ ու անտարբեր մարդկանց հանդեպ սիրո փշրվող ու վերստին ծառս եղող ալիքները…
Աստվա՞ծ… կա՞ արդյոք Նա, որտե՞ղ է բնակվում և որտե՞ղ է այդ Աստծո հավիտենական կացարանը։ Նա կարո՞ղ էր ամոքել իր ցավը: Տարիներ առաջ կարիքավորներին տրվող օգնության հետ մանկական Աստվածաշունչ էին նվիրել իրեն: Ծեր կինը, որ արդեն տնքտնքալով էր քայլում` լացող հոդերով, երիկամներով ու սրտով` թողնված հարևանների ու սրտացավ հարազատների խնամքին, սկսեց կարդալ մանկական Աստվածաշունչը և ընդունել իր մանկական հոգով:
Մահը ցանկալի հյուր էր ծեր կնոջ համար, բայց նա վերջինն է ժամանում, երբ մինչև հատակը խմում ես դառնության բաժակը և վերջին հայացքն ես գցում քո ողջ կյանքին: Նորից ահագնացավ մանկության կարոտը՝ գյուղական անշուք խրճիթը, որ արքայական դղյակ էր թվում իրեն, երդիկից բարձրացող ծխի մարմանդ քուլաները` երկնային հեքիաթ, որ հանդա՜րտ բարձրանում էր վեր և ցնդում: Վաղուց մահացած ծնողները, կենդանի քույրն ու եղբայրը այդ հեքիաթի միակ իրական հերոսներն էին: Միայնությունն օգնում էր, որ հիշողության ուժով մեկ անգամ էլ թարմացնի մտքերն ու հույզերը անցած գնացած կյանքի ու հոգու աչքերի առաջ պատկերվող, գալիք հավիտենության զանգերը:
Անաղմուկ, սակայն հաստատուն մոտենում էր վերջը: Հիշողության մեջ առկայծում էր մի հին ողբ, երբ անկեղծ լացեց սկեսրայրի դիակի վրա`«ինձնից խռով ես գնում, հայրի՛կ ջան»: Անարդար էր նրա հանդեպ, նեղացրել էր ու զղջացել դրա համար, բայց չհասցրեց ասել: Աստված կների՞ իրեն, ծեր մարդուն նեղացնելու համար, իսկ կլինի՞ մեկը, որ այդպես սրտաբուխ լացի իր վրա:
Ու սկսեց պատրաստել անհրաժեշտ պարագաները` փող հավաքեց ներքնակի տակ, կարպետ-խալիչա, ննջեցյալի համապատասխան հագուստ. այդպիսի կարգ էր սահմանել հասարակությունը-մերժել չէր կարող: Իսկ վախճանը վաղուց էր եկել. արդեն այն ժամանակ, երբ տղան մտմտում էր ծախել իր երազանքների անհուսորեն անավարտ տունը:
Մնացին մահվան սպասումները: Դրանից հետո սկսեց կասկածել ամեն ինչին` մարդկանց, իրականությանն ու կյանքին: Միայն Աստված էր կենդանի, որ ամեն օր էր զգացնել տալիս Իր ներկայությունը: Իր մանկական սրտով ու թոթով խոսքերով նա աղերսեց այն Միակին, Ով միայն կարող էր հասկանալ ու ընդունել Իրեն: Ով այդ ամբողջ ժամանակ մեկ վայրկյան անգամ չէր լքել իրեն. ինքն էր, որ չէր հասկացել, բայց անշեղ քայլել էր Նրա հետ: Նա` ամենայն ինչի Արարիչն ու հավիտենականը, գիտե՜ր իրեն:
Նա` Աստված այնքան մեղմիկ ու սահուն էր մտել իր կյանքը: Իր կյանքը, դաժան ու անմարդկային, անիմաստ հորինվածք կարող էր թվալ, եթե չլիներ Աստված: Կարդում էր Նրա խոսքը հեգելով. «…զի նրանցն է արքայությունը»: Իրե՛նն է արքայությունը: Ահա թե ինչու ավելի շատ հավանեց մանկական Աստվածաշունչը, որ դրեց մի աչքի ընկնող տեղ, որ միշտ աչքի առաջ լինի: Նրա մթագնող հայացքի առաջ հավերժության արշալույսներն էին հուրհրատում:
Նա հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու համար գալիս է մի պահ, երբ նա այլևս չի վախենում ոչնչից: Երբ կյանքն ու մահը միաձուլվում են ակնթարթի հավերժության մեջ և մարդը դառնում է հավերժի ուխտավոր: Նա սկսեց զրուցել Աստծո հետ. այդ զրույցներին էր ձգտել իր ողջ կյանքում ու փափագել, որ լինի Մեկը, Ով կբացատրի կյանքի խորհուրդն ու ցույց կտա անսահմանության ճանապարհը:
Հիմա արդեն չէր վախենում ոչ մի բանից, նույնիսկ մահից: Չէր սպասում մահվանը, որովհետև գիտեր, որ երբ գա, իրեն չի հարցնելու:
Հետո մի անգամ էլ կարգավորեց տունն ու այգին: Մտովի հրաժեշտ տվեց բոլորին, թոռներին` հատկապես։
Մնում էր մի փոքր էլ համբերել… մի փոքր էլ լացել, կարոտել բոլորին ու սիրել Աստծուն: Հետո կգա մահը. նա հուշիկ կգրկի ծեր կնոջը` որպես արդարության իր միակ հույսն ու մխիթարությունը, որին նա երկար էր սպասել և որը եկավ ի՛ր ժամանակին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *