Գեղեցիկ անուն է, չէ՞. Զոյա: Ասես մեղուներ բզզացին: Ինքն էլ է գեղեցիկ՝ բարձր հասակ և այլն: Մանրամասնե՞ր: Խնդրեմ մանրամասները. ոտքերը լավն են, կազմվածքը լավն է, մաշկը լավն է, քիթը, աչքերը՝ ամեն ինչ լավն է: Շագանակահեր: Ինչու ոչ շիկահե՞ր: Որովհետև կյանքում բոլորի բախտը չի բերում:
Երբ Զոյան ծանոթացավ Վլադիմիրի հետ, նա պարզապես ցնցված էր: Կամ, համենայնդեպս, հաճելիորեն զարմացած:
– Օ՜,- ասաց Վլադիմիրը:
Այսպես ասաց: Ու Զոյային հաճախ, շատ հաճախ տեսնելու ցանկություն հայտնեց: Բայց՝ ոչ միշտ: Ու դա վշտացրեց Զոյային: Նրա մեկսենյականոց փոքրիկ բնակարանում Վլադիմիրը միայն ատամի խոզանակն էր թողնում. անկասկած ինտիմ իր է, բայց ոչ այնքան, որ տղամարդուն պինդ կապի ընտանեկան օջախին: Զոյան ուզում էր, որ Վլադիմիրի շապիկները, վարտիքները, գուլպաները մնան իր տանը, հարազատանան սպիտակեղենի պահարանին, գուցե աթոռին թափված լինեն, որ, այ այսպես, վերցնի որևէ սվիտեր ու թրջոց, դնի «Լոտոսի» մեջ: Հետո շիտակ կախի չորանալու: Բայց՝ չէ՜, հետքեր չէր թողնում. ամեն ինչ պահում էր իր կոմունալ բնակարանում: Նույնիսկ ածելին այնտեղ էր: Չնայած՝ ի՜նչ էր այնտեղ անում մորուքավորը: Նա երկու մորուք ուներ. մեկը՝ թավ, մուգ, իսկ մյուսը՝ կարծես ուրիշ, ավելի փոքր, շիկավուն, նեղ փնջիկով բուսնել էր կզակին: Տեսնելի՜ք էր: Երբ ուտում կամ ծիծաղում էր, այդ երկրորդ մորուքն ուղղակի թռչկոտում էր: Վլադիմիրը բարձրահասակ չէր, կես գլուխ ցած էր Զոյայից, մի քիչ վայրենատես, մազոտ: Ու շատ արագ էր շարժվում: Վլադիմիրը ինժեներ էր:
– Դուք ինժենե՞ր եք,- քնքուշ ու ցրված հարցրեց Զոյան առաջին հանդիպմանը, երբ նստած էին ռեստորանում, ու նա, բերանը մի միլիմետր բացած, շոկոլադի սոուսով խմորագնդիկներ էր համտեսում՝ ձևացնելով, թե ինչ-ինչ ինտելեկտուալ պատճառներով այն իրեն դուր չի գալիս:
– Էդպե՜ս,- ասաց նա՝ նայելով Զոյայի կզակին:
– ԳՀԻ-ո՞ւմ…
– Էդպե՜ս:
-…թե՞ արտադրությունում:
– Էդպե՜ս:
Դե արի ու հասկացիր նրան, երբ այդպես նայում է: Ու մի քիչ էլ խմած է: Ինժեներն էլ վատ չի: Ճիշտ է, ավելի լավ է վիրաբույժ լիներ: Զոյան հիվանդանոցում էր աշխատում, տեղեկատվականում, սպիտակ խալաթ էր հագնում ու դրանով մի քիչ պատկանում էր այդ զարմանալի բժշկական՝ ճերմակ, օսլայած աշխարհին, որտեղ ներարկիչներ ու մածկիչներ են, սայլակներ ու եռուցիչներ, ու սեւ կնիքներով կոպիտ, մաքուր սպիտակեղենի տրցակներ ու վարդեր, ու արցունքներ, ու շոկոլադի կոնֆետներ, ու անվերջանալի միջանցքներով սրընթաց տարվող կապտած դիակ, որի ետևից հազիվ հասնելով թռչում է փոքրիկ վշտացած հրեշտակը՝ թռչնային կրծքին ամուր սեղմած տառապյալ, ազատագրված, տիկնիկի պես բարուրած հոգին:
Իսկ այդ աշխարհի արքան վիրաբույժն էր, և անհնար էր անդող նայել նրան, երբ սենեկապետերի օգնությամբ լայնարձակ պատմուճան հագած ու կապաթելերով կանաչ թագ դրած՝ կանգնում է՝ վեհակերպ բարձրացրած իր անգին ձեռքերը՝ պատրաստ արքայական սրբազան առաքելության՝ ճակատագիր վճռելու, գրոհելու և հատելու, պատժելու և փրկելու ու կյանք պարգևելու շողշողացող սրով… Ինչո՞վ արքա չի: Ու Զոյան շատ, շա՜տ էր ուզում ընկնել վիրաբույժի արյունոտ գիրկը: Բայց ինժեներն էլ լավ է:
Այդ անգամ լավ ժամանակ անցկացրին ռեստորանում, ու Վլադիմիրը, դեռ չիմանալով, որ կարող է հույսեր կապել Զոյայի հետ, առատաձեռն էր:
Հետո նա սկսեց խնայել, գործնական ուսումնասիրում էր ճաշացանկը, իր համար միայն մսային ուտելիք վերցնում՝ ոչ թանկ, ու երկար չէր մնում ռեստորանում: Իզուր էր Զոյան թախծագորով նստում, անտարբեր տեսք ընդունում, մի քիչ հեգնոտ, մասամբ՝ մտախոհ. ենթադրվում էր, որ դեմքին դրոշմվում են նրա բարդ հոգևոր կյանքի հպանցիկ երանգները՝ նրբագեղ թախծի կամ նրբին հիշողության կարգի, նստում էր՝ իբր հեռուն նայելով, արմունկները նրբորեն սեղանին հենած ու ներևի շրթունքը ցցելով՝ ծխի գեղեցիկ օղակներ էր արձակում դեպի պատկերազարդ կամարները: Դիցանուշի խաղ էր: Բայց Վլադիմիրը վատ էր մասնակցում. ուտում էր հաճույքով, առանց որևէ տխրության, մի շնչով խմում, ծխում անթախծագորով. արագ, ագահ տարածում էր գարշ ծխահոտը, ահա դեղին մատը պտտելով՝ ճզմում է քնթուկը մոխրամանի մեջ: Հաշիվը կիպ մոտեցնում էր աչքերին, ահավոր զարմանում և անմիջապես սխալ գտնում: Իսկ ձկնկիթ երբեք չէր պատվիրում. իբր՝ ձկնկիթ միայն արքայադուստրերն ու գողերն են ուտում: Զոյան նեղանում էր. մի՞թե ինքը արքայադուստր չէ՝ թեկուզ և չճանաչված: Իսկ հետո ընդհանրապես դադարեցին ռեստորան գնալ․ նստում էին տանը: Կամ էլ մենակ էր նստում: Ձանձրալի էր: Կուզեր՝ ամռանը գնային Կովկաս: Այնտեղ աղմուկ է ու գինի ու գիշերային ծղրտան ծովափ,ու լիքը հետաքրքիր տղամարդիկ, ու նայելով Զոյային՝ կասեին՝ «Օ՜» ու կշողացնեին ատամները: Դրա փոխարեն Վլադիմիրը ինչ-որ բայդարկա քարշ տվեց տուն, բերեց երկու ընկերներին՝ իր պես հոտավետ, վանդականախշ կովբոյկաներով, ու նրանք չորեքթաթ սողում էին հատակին՝ ծալելով ու բացելով, ինչ-որ կարկատաններ դնելով, բայդարկայի զզվելի ողորկ մարմինը մաս-մաս խոթում էին ջրով թասի մեջ ու անընդհատ գոռում՝ «Հոսո՜ւմ է: Չի՜ հոսում»:
Իսկ Զոյան նստել էր թախտին՝ խանդելով, նեղվածքից դժգոհ, ու անընդհատ վեր էր քաշում ոտքերը, որ Վլադիմիրը կարողանա տեղից տեղ սողալ:
Հետո ստիպված նրա ու ընկերների հետ գնաց այդ զարհուրելի արշավին՝ հյուսիս՝ ինչ-որ լճեր, ինչ-որ ապշեցուցիչ կղզիներ փնտրելու, և սառչում ու թրջվում էր այնտեղ, իսկ Վլադիմիրից շան հոտ էր գալիս: Արագ թիավարելով, ալիքների վրա վեր-վեր թռչելով՝ սլանում էին մռայլ, հյուսիսային, արճճե մթությամբ փքված լճի վրայով: Զոյան նստել էր ուղիղ ատելի բայդարկայի հատակին՝ մարզական տաբատի մեջ այնպե՜ս խղճալի ու նիհար,առանց կրունկների խիստ կարճացած ոտքերը ձգած, ու զգում էր, որ քիթը կարմիր է, մազերը կպել են իրար, ու ջրի թշնամական ցայտերը լղոզում են թարթիչների ներկը, իսկ առջևում դեռ տառապանքի երկու շաբաթ կար՝ խոնավացած վրանում, սոճուտով ու հապալասենու թփերով ծածկված անմարդաբնակ ժայռի գլխին, օտար, վիրավորելու չափ կայտառ մարդկանց, խաշած ոլոռի խտածոյով ճաշի շուրջ բարձրացրած նրանց աղմուկ-աղաղակի մեջ: Ու Զոյայի հերթն էր՝ խոր սառցասառը լճում լվանալու յուղոտ ալյումինե թասերը, որ, մեկ է՝ կեղտոտ էին մնում: Ու գլուխն էլ կեղտոտ էր ու քոր էր գալիս գլխաշորի տակ:
Բոլոր ինժեներներն իրենց կանանց հետ էին, ոչ մեկը հատուկ չէր նայում Զոյային, չէր ասում «Օ՜», և նա իրեն անսեռ շալվարավոր ընկեր էր զգում, ու զզվելի էր նրանց ծիծաղը խարույկի շուրջ, կիթառի ծնգծնգոցը, ցնծագին աղաղակները բռնված գայլաձկան առթիվ: Կատարելապես դժբախտ՝ պառկում էր վրանում, ատում էր երկմորուք Վլադիմիրին եւ ուզում էր շուտ ամուսնանալ նրա հետ: Այդ ժամանակ օրինական կնոջ լիարժեք իրավունքով հնարավոր կլիներ չայլանդակվել, այսպես կոչված՝ բնության գրկում, այլ մնալով տանը՝ թեթեւ ու նուրբ խալաթով (լիքը ժանյակներ, ԳԴՀ արտադրանք) ոտքը ոտքին գցած նստել բազմոցին, ու որ «պատ» կահույք ու գունավոր հեռուստացույց լինի (թող Վլադիմիրն առնի), վարդագույն լույս՝ հարավսլավական լուսամփոփից, ու որևէ թեթև բան խմել, ու որևէ լավ բան ծխել (թող հիվանդների ազգականները նվիրեն), սպասել նավակային արշավից Վլադիմիրի վերադարձին ու դիմավորել նրան մի քիչ դժգոհ ու կասկածանքով՝ հետաքրքիր է, ի՞նչ էիր անում այնտեղ առանց ինձ, ո՞ւմ հետ էիր գնացել, ձուկ բերե՞լ ես, իսկ հետո, թող որ այդպես, ներել նրա երկշաբաթյա բացակայությունը: Իսկ այդ բացակայության ընթացքում գուցե եւ զանգի ծանոթ վիրաբույժը՝ սիրախոսություններով, ու Զոյան հեռախոսը ծույլ գրկած ու բազմանշանակ դեմքով,ծոր կտա. «Ի՞նչ ասեմ… չգիտե՜մ… Կնայե՜մ… Իրո՞ք այդպես եք մտածում…»: Կամ կզանգի ընկերուհուն. «Հա՜, բա դո՞ւ… Բա ի՞նքը… Հա՜… Բա դո՞ւ…»:
Ա՜խ, քաղա՛ք: Շքեղություն են և՛ երեկոն, և՛ թաց ասֆալտը, և՛ նեոնային կարմիր լույսերը ջրփոսերում՝ կրունկների տակ:Իսկ այստեղ ալիքները ծանր խփվում են ժայռին, քամին խուլ աղմկում է ծառերի սաղարթներում, խարույկն իր հավերժական պարն է պարում, ու գիշերը նայում է թիկունքից, ու ծվծվում են վրաններում ինժեներների տգեղ կանայք: Ձանձրո՜ւյթ:
Վլադիմիրն ինքնամոռացման մեջ էր, շուտ էր արթնանում, քանի լիճը խաղաղ ու լուսավոր էր, սոճիներից կառչելով ու ձեռքերը խեժոտելով՝ իջնում զառիվար լանջով, ոտքերը չռած կանգնում թափանցիկ ջրի խորքը գնացող գրանիտե սալի վրա, ֆռթացնելով ու կռնչալով լվացվում ու երջանիկ աչքերով նայում էր սափորը ձեռքին կանգնած քնատ, անշպար, խոժոռ Զոյային: Հը՞: Երբևէ այսպիսի լռություն լսած կա՞ս: Լսիր՝ ինչ խաղաղ է: Բա օ՞դը: Երանությո՜ւն»: Ա՜խ, ինչ զզվելին էր: Ամուսնանալ, արագ ամուսնանալ նրա հետ: Աշնանը Զոյան Վլադիմիրի համար հողաթափեր առավ: Վանդակավոր, հարմարվետ, միջանցքում բերանբաց սպասում էին նրան՝ մտցրո՛ւ ոտքդ, Վո՛վա: Էստեղ դու տանն ես, էստեղ խաղաղ հանգրվանում ես: Մնա մեզ հետ: Ո՜ւր ես փախչում, հիմարի՛կ։ Իր լուսանկարը՝ շագանակագույն մազեր, աղեղնաձեւ հոնքեր, խիստ հայացք, Զոյան խցկեց Վլադիմիրի դրամապանակը. ձեռքը կտանի մշտական տոմսը կամ փող հանելու, կտեսնի իրեն, այսքա՜ն գեղեցիկ, ու կճչա՝ ա՜խ, ինչու չեմ ամուսնանում: Բա որ ուրիշը փախցնի՞: Երեկոները, սպասելիս, պատուհանի գոգին էր դնում վարդագույն կլորոտն լամպը՝ ընտանեկան փարոս խավարի մեջ: Որ կապերն ամրանան, որ սիրտը տաքանա. մթին է պալատը, գիշերը՝ խավար, բայց լույս է վառվում, վառվում քեզ համար. իր հոգու աստղն է, որ չի քնում, բանկա է փակում գուցե կամ լվացք է անում: Փափուկ էին բարձիկները, մսագնդիկները՝ փափուկ, երկու անգամ մսաղացով անցկացրած, ամեն ինչ կանչո՜ւմ է պարզապես, ու Զոյան բզզում էր մեղվի պես. շտապիր, հոգի՛ս: Շուտ արա, անպետքի մեկը: Ամուսնանալ էր ուզում, քանի դեռ քսանհինգ չկա. հետո արդեն՝ վերջ, կվերջանա ջահելությունը, քեզ կհանեն սրահից, տեղդ ուրիշները կգրավեն՝ աշխույժ, գանգրահեր: Առավոտյան սուրճ էին խմում: Վլադիմիրը «Շարժիչանավակներ ու առագաստանավեր» ամսագիրն էր կարդում, ծամում էր, փշրանքները կպել էին երկու մորուքներին, Զոյան թշնամական լռում էր, նայում էր նրա ճակատին՝ հեռազգա հոգեհոսքեր ուղարկելով. ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր, ամուսնացի՛ր: Երեկոյան էլի ինչ-որ բան էր կարդում, իսկ Զոյան պատուհանից դուրս էր նայում ու սպասում՝ երբ են քնելու: Վլադիմիրն անհանգիստ էր կարդում, լարվում էր, քորում գլուխը, ցնցում ոտքը, քրքջում ու գոչում. «Չէ՜, հապա լսիր» ու ծիծաղից խեղդվելով՝ Զոյայի համար կարդում իրեն այդպես դուր եկածը: Զոյան թթված ժպտում կամ նայում սառն ու անթարթ, ոչ մի կերպ չէր արձագանքում, ու նա շփոթված օրորում էր գլուխը, խեղճանում ու քրթմնջում էր. «Բայց ուժե՜ղ է տղան»՝ հպարտությունից շարունակելով անվստահ ժպտալ: Զոյան ուրախություն փչացնել գիտե՜ր: Չէ՛, իսկապես. ապրում է իր քեֆին: Ամեն ինչ՝ մաս-մաքուր, հավաքած,սառնարանը ժամանակին հալեցվում: Նրա ատամի խոզանակն է այստեղ: Տնային ոտնամանները: Ուտացնում-խմացնում են: Մաքրման տանելիքկա՞. խնդրեմ: Աստծո՜ւ սիրուն: Ի՞նչ ես մտածում էսքանից հետո, որ չես ամուսնանում, զուտ մարդկանց տրամադրությո՞ւնն ես փչացնում: Ախր, որ հաստատ իմանանք՝ չես պատրաստվում, այդ դեպքում՝ ցտեսություն: Կուկո՛ւ: Բարևներ մորքուրին: Բայց ո՞նց իմանաս նրա մտադրությունները:
Զոյան ամեն դեպքում չէր համարձակվում ուղիղ հարցնել: Բազմադարյա փորձը հետ էր պահում: Մեկ վրիպած կրակոց, ու վերջ, ամեն ինչ կորած է. որսը փախչում է, միայն փոշին ու կայծկլտացող կրունկները կտեսնես: Չէ, ծուղակը պիտի գցես: Իսկ սրիկան լավ էլ հարմարվե՜լ է: Իրեն զգում է ինչպես տանը: Լրիվ ձեռնասուն է դառել: Կոմունալ բնակարանից բերեց վերնաշապիկները, պիջակները: Հիմա նրա գուլպաները թափված են ամենուր: Տուն մտնելուն պես՝ ոտքերը հողափերի մեջ: Ձեռքերն է շփում. «Իսկ ի՞նչ ունենք էսօր ընթրիքին»: «Ունենք»՝ նկատի ունեցեք: Այդպես էլ ասում էր:
– Մի՛ս,- ատամների արանքից նետում էր Զոյան:
– Մի՞ս: Հրա-շա-լի՜ է: Հրա-շա-լի՜: Իսկ ինչից ենք էդպես դժգոհ:
Կամ երազանքի գիրկը կընկնի.
– Կուզե՞ս մեքենա առնենք: Ման կգանք՝ ուր սրտներս ուզի:
Ծաղրուծանակ է պարզապես: Կարծես չէր էլ պատրաստվում հեռանալ Զոյայից: Բայց եթե չես պատրաստվում, ամուսնացի՛ր: Զոյան առանց երաշխիքի սիրել չէր ուզում: Զոյան ծուղակներ էր լարում. փոս էր փորում, ծածկում ճյուղերով, քաշո՜ւմ էր, քաշո՜ւմ էր… Մեկ էլ տեսար, արդեն հագնված ու քսված, հրաժարվում էր հյուր գնալ, պառկում էր բազմոցին ու վշտոտ նայում առաստաղին: Ի՞նչ է պատահել: Չի՜ կարող… Ինչո՞ւ: Որովհետեւ… Չէ, իսկապես, ի՞նչ է եղել: Հիվա՞նդ ես: Ի՞նչ է պատահել: Կամ էլ՝ չի կարող, չի գնա, ամաչում է ծիծաղատեղ դառնա, բոլորը մատով ցույց կտան՝ իբր որպես ի՞նչ ես վեր կացել-եկել: Բոլորը կանանց հետ են, չէ՞…
Հիմարությո՜ւն, ասում էր Վլադիմիրը, այնտեղ կանայք լավագույն դեպքում մեկ երրորդն են, ու դրանք էլ՝ ուրիշի: Եվ մինչեւ հիմա Զոյան գնում էր ու՝ ոչինչ: Մինչեւ հիմա գնում էր, իսկ հիմա չի կարող, նուրբ հոգի ունի․ վարդի պես, թոշնում է վատ վերաբերմունքից:
– Հետաքրքիր է, էդ ե՞րբ եմ քեզ վատ վերաբերվել:
Եվ այլն, եւ այլն, եւ այլն, ու ողջը՝ հեռո՛ւ, հեռո՛ւ քողարկված փոսից: Վլադիմիրը Զոյային տարավ ինչ-որ նկարչի մոտ, ասում էին՝ շատ հետաքրքիր: Զոյան պատկերացրեց բոմոնդը, արվեստաբանների խմբերի կանայք՝ փնթփնթան պառավներ, բոլորը՝ փիրուզագույն հագած, իսկ վզերը՝ հնդուհավի վզեր. տղամարդիկ՝ նրբաճաշակ, կրծքագրպաններում՝ գունավոր թաշկինակներ, հաճելի բուրում են: Ինչ-որ քթակնոցով ազնվատես ծերուկ է խցկվում: Նկարիչը՝ թավշյա բլուզով, գունատ, ձեռքին ներկապնակ: Այստեղ մտնում է Զոյան: Բոլորը՝ «Օ՜»: Նկարիչը սփրթնում է:
«Դուք պետք է բնորդեք ինձ»: Ազնվազարմ ծերուկը նայում է թախծոտ ազնվականական հայացքով. նրան ինչ-որ տեղ ճամփեցին,Զոյայի բուրմունքն արդեն նրա համար չէ: Զոյայի դիմանկարը,- նյու,- տանում են Մոսկվա: Ցուցահանդես՝ Մանեժում: Միլիցիան զսպում է ամբոխին: Վերնիսաժ՝ արտասահմանում: Դիմանկարը պաշտպանված է զրահապատ ապակիով: Երկուական են ներս թողում: Ոռնում են շչակները: Բոլորը սեղմվեն ձախ կողմ: Մտնում է պրեզիդենտը: Նա ցնցված է: Ո՞ւր է բնօրինակը: Ո՞վ է այս աղջիկը…
– Էստեղ ոտդ չկոտրես,- ասաց Վլադիմիրը: Իջնում էին նկուղ: Տաք խողովակներից կախկխվել էր խծուծը: Արվեստանոցում տաք է: Նկարիչը՝ճղճղված քրջերով ինչ-որ ճլեզ,- ծանր քարշ տվեց-բերեց նկարները: Տարօրինակ է նկարված. օրինակ, մեծ ձու, իսկ ձվից դուրս են գալիս բազմաթիվ փոքրիկ մարդուկներ, ամպերի մեջ թևածում է Մաո Ցզե Դունը՝ կիրզայե սապոգներով ու նախշանկար խալաթով, ձեռքին թեյաման է: Այս ամենը կոչվում է «Կոնկորդանս»: Կամ այս մեկը. խնձոր, իսկ խնձորից դուրս է սողում ակնոցավոր ու պորտֆելակիր որդը: Կամ. վայրի ժայռոտ տեղանք, ձիաձետեր, ձիաձետերից դուրս է գալիս հողաթափերով մամոնտը: Պստիկ մեկը նշան է բռնել նետ-աղեղով: Իսկ կողքից փոքրիկ քարանձավ է երևում. ներսում էլեկտրալամպ է՝ լարից կախ. Հեռուստացույցը միացած է, վառվում է գազօջախի կրակը: Նույնիսկ թավան է մանրամասն նկարած, իսկ սեղանիկին՝ ձիաձետերի փունջ: Կոչվում է «Մամոնտի որս»: Հետաքրքիր է: «Համարձակ է, չէ՞,- ասում էր Վլադիմիրը,- համարձակ է, համարձա՜կ… Բա գաղափա՜րը»: «Գաղափա՞րը,- ուրախ զարմանում էր նկարիչը:- Նեղացնո՜ւմ եք: Ես պերեդվի՞ժնիկ եմ, ի՞նչ է: Գաղափա՜ր: Գաղափարներից, ախպե՛րս, պիտի փախչես գլխապատառ ու հետ չնայես»:
«Չէ, բայց համենայնդեպս…»: Սկսեցին վիճել, ձեռքերն էին թափահարում, նկարիչը երերուն կավե փոքրիկ գավաթներ էր դնում ցածրիկ սեղանին, թևքով սրբում անմաքուր տարածքը: Անհամ մի բան խմեցին, վրան երեկ չէ առաջին օրվա քարապինդ պատառներ կերան: Տանտիրոջ պայծառ, ասես պրոֆեսիոնալի չտեսնող աչքերը սահում էին Զոյայի մակերևույթներով: Զոյայի հոգին հայացքը չէր բռնում, ասես չկար: Վլադիմիրը կարմրատակել էր, մորուքները գզգզվել էին, երկուսն էլ գոռում էին, «աբսուրդ» ու նման բառեր բղավում. մեկը Ջոտոյին էր հղում անում, մյուսը՝ Մոիսեենկոյին. Զոյային մոռացել էին: Գլուխը ցավում էր, ականջները թնդում՝ դո՛ւմ, դո՛ւմ, դո՛ւմ: Պատուհանից այն կողմ, խավարում կուտակվում էր անձրևը, փոշոտ լամպը առաստաղի տակ լողում էր շերտավոր կապտավուն ծխի մեջ, կոպտատաշ սպիտակ դարակներին ջարդրտված, սարդոստայնով պատած սափորներ էին խմբվել՝ ղրիմյան տատասկներով: Զոյան չկար այդտեղ ու ոչ մի տեղ չկար: Մնացած աշխարհն էլ չկար: Միայն ծուխ ու աղմուկ. դո՛ւմ, դո՛ւմ, դո՛ւմ:
Տուն գնալիս Վլադիմիրը գրկեց Զոյայի ուսերը:
– Շատ հետաքրքիր մարդ է, չնայած ցնդած է: Լսեցի՞ր դատողությունները: Հրաշք է, չէ՞:
Զոյան չարացած լռում էր: Անձրև էր գալիս:
– Դու կեցցե՛ս,- գոռում էր Վլադիմիրը:- Իսկ հիմա՝ տուն ու թունդ թեյ, հա՞:
Սրիկա Վլադիմիր: Անազնիվ, ստոր հնարքներ: Ախր որսի կանոններ կան. մամոնտը որոշ տարածություն հեռանում է, ես նշան եմ բռնում, արձակում նետը, վըզ-զ-զ-զ-զ-զ,- պատրաստ է: Ու մարմինը քարշ եմ տալիս տուն. ահա եւ միս՝ երկար ձմեռվա համար: Իսկ սա ինքն է գալիս, մոտենում, խոտ է որոճում, կողը քորում՝ պատին քսելով, ննջում արեւի տակ,ձեռնասուն ձևանում: Թույլ է տալիս՝ իրեն կթեն: Իսկ փարախը չորս կողմից բաց: Աստվա՜ծ իմ, փարախ չկա էլ: Ախր, կփախնի, կփախնի՜, պարոնա՛յք: Ցանկապատ է պետք, պարաններ, ճոպաններ:
Դո՛ւմ, դո՛ւմ, դո՛ւմ: Արևը իջավ: Արևը ելավ: Պատուհանին նստեց աղավնին՝ օղակած տոտիկով, խիստ նայեց Զոյայի աչքերին: Ահա՛, ահա, խնդրե՜մ: Նույնիսկ աղավնուն, նույնիսկ քոսոտ թռչունին օղակում են: Սպիտակ խալաթներով գիտնականները, ազնիվ, ուսյալ դեմքերով, գիտությունների թեկնածուներ, բռնում են աղավնյակին,- թույլ տվեք անհանգստացնել, հոգյա՛կս,-եւ աղավնին հասկանում է, աղավնին չի առարկում, առանց որեւէ կո-կո-կո-ի նրանց է պարզում իր կարմիր կաշվե ոտքը,-խնդրեմ, ընկերնե՛ր: Ձեր գործն արդար է: Շը՛խկ: Եվ արդեն հենց այնպես չի թռչում, ոռքի տակ չի ընկնում անտաշ ճիչերով, փախս չի տալիս կախ ծնոտներով բեռնատարներից, ո՜չ, գիտական պտտվում է քիվի ու պատշգամբների շուրջը, գրագետ կտցում նախատեսված հատիկն ու հստակ հիշում, որ իր ծերտի գորշ բծերն անգամ այսուհետ պայծառացած են գիտության անկաշառ շողերով. Ակադեմիան գիտի, տեղյակ է, ու հարկ եղած դեպքում պատասխան կպահանջի:
Զոյան այլեւս չէր խոսում Վլադիմիրի հետ, նստում ու նայում էր պատուհանին՝ ժամերով մտածելով գիտական աղավնու մասին: Որսալով ինժեների տխուր հայացքը՝ լարվեց. հը՛: Ո՞ւր են նվիրական բառերը: Ասա՛: Հանձնվո՞ւմ ես:
– Զո՛յինկա, ի՞նչ ես անում: Ես քո հանդեպ սիրով, իսկ դու ինձ…,- ծամծմում էր երկմորուքը։
Զոյայի դիմագծերը քարացել ու սրվել էին, և վաղուց արդեն ոչ ոք չէր ասում «Օ՜» նրան տեսնելիս, ու պետք էլ չէր. նրա հոգում վառվող անմար վշտի կապույտ կրակը ծածկել էր աշխարհի բոլոր կրակները: Ոչինչ չէր ուզում անել, ու Վլադիմիրն ինքն էր փոշին առնում, ինքն էր թափ տալիս կարպետը, ինքն էր ձմեռվա համար բադրջանի խավիար փակում: Դո՛ւմ, դո՛ւմ, դո՛ւմ՝ տրոփում էր Զոյայի գլխում, և աղավնին կրակե նշանի մատանիով հառնում էր խավարից՝ հանդիմանությամբ խոժոռելով հայացքը: Զոյան ուղիղ ու ձիգ պառկում էր թախտին, գլուխը ծածկում պլեդով ու ձեռքերը ձգում կողերին: Անսահման վիշտ. այդպես կանվանեին նրա քանդակը դարակին դրած ալբոմի միջնադարյան վարպետները: Անսահման վիշտ. այ այդպես: Օ, միայն նրանք ճշմարիտ կքանդակեին նրա հոգին, նրա ցավը, նրա պլեդի բոլոր ծալքերը, կքանդակեին ու կդնեին գլխապտույտ հարուցող ժանեկավոր տաճարի գմբեթին, ամենագագաթին ու խոշոր պլանով լուսանկար կանեին. «Զոյա: Դետալ: Վաղ գոթիկա»: Կապույտ կրակը տաքացնում էր բրդե քարանձավը, շնչելու օդ չկար: Ինժեները ոտքերի ծայրերին դուրս էր գալիս սենյակից: «Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւր» կռունկաձայն կանչում էր Զոյան, և ամուսնացած աղավնին քմծիծաղում էր: «Ես այնպես… ձեռներս լվանամ… դու հանգստացիր»,- վախեցած շշնջում էր չարագործը:
«Սկզբում իբր ձեռքերը լվանալու, հետո՝ իբր խոհանոց, իսկ էնտեղ մուտքի դուռը կողքին է,- ականջին հուշում էր աղավնին:- Ու մեկ էլ՝ դուրս եկավ…»:
Իսկապե՜ս որ: Նա օղակը գցեց երկմորուքանու վզին, պառկեց թախտին, քաշեց ու ականջ դրեց: Մյուս ծայրին՝ շրշյուն, հառաչանք, թփթփոց: Երբեք այդ մարդը նրան առանձնապես դուր չէր եկել: Չէ՜, ի՞նչ դուր գալ. զզվում էր նրանից: Փոքրիկ, հզոր, ծանրաքաշ, արագ, մազմզոտ, անզգա անասուն:
Դեռ որոշ ժամանակ քաշկռտվում էր, ծմրկտում, շարժվում, մինչեւ վերջապես հանդարտվեց՝ մեծ սառցաշրջանի երանելի, թանձր լռությամբ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի