Հրաչ Բեգլարյան | Մանուկ ճգնավորի և այլ բաների մասին

Երբ Մանուկ ճգնավորն անհետացավ, ոչ ոք չհավատաց նրա մարմնով Երկինք համբառնալու լուրին: Վանականներից ոմանք կասկած էին հայտնում, թե Մանուկն իբրև Երկնքից էր առաքված, երկրի վրա ապրող վանականների հավատը չափելու կամ նրանց հավատն ամրապնդելու համար: Բայց, ո՞ր դարում ենք ապրում: Հիմա մարդը նյութի ու մարմնի գերին է, և որքան էլ որ Աստծո փեշերից կախվի, նույնիսկ հոգով Երկինք բարձրանալ չի կարողանա, էլ ու՞ր մնաց` մարմնով:
Ճիշտ է, հակասական լուրեր էին պտտվում Մանուկի անհետանալու մասին, սակայն ոչ ոք կարգին չգիտեր նրա ուր լինելը: Իբր տեսնողներ էին եղել, թե ինչպես նրա կիսամաշ կարմիր «Նիվան» գիշերով ինքն իրեն քշել, բարձրացել է «Մաշտոցներ» ու ջուր է բերել վանքի համար: Բայց 21-րդ դարը տիեզերքը նվաճելու դար է, 21-րդ դարը անդրանցականի հետ տեխնիկայի միջոցով հարաբերվելու դար է և ոչ ոքի չես զարմացնի անվարորդ երթևեկող մեքենայով:
Մեքենան` մեքենա, սակայն արդեն մեկ շաբաթ էր, որ Մանուկ ճգնավորը չկար: Ոստիկանությունը եկել, մեկ-մեկ քննել էր վանքի բնակիչներին, նրանց ճգնությունն ու Աստծուն նվիրված լինելու փաստը կասկածի տակ էր առել, սակայն Մանուկ եղբորը գտնել չէր կարողացել: Քննության ժամանակ վանահոր աչքերից արցունք էր ցայտել ու կերկերուն ձայնով աղոթել էր Մանուկ եղբոր հոգու համար: Հոգի, որ որքան էլ Աստծուն նվիրված, սակայն մի քիչ մանկամիտ ու մի քիչ խենթ էր:
– Մանուկ եղբայրը չէր բավարարվում մեր սուրբ մենաստանում աղոթելով,- ասել էր վանահայրը,- նա հաճախ էր ուխտի գնում:
Եվ իրոք, անկրքության դեմ պայքարող ճգնավորն իր համար կիրք էր դարձրել ուխտագնացությունը: Չէր նայի` ձմեռ է, թե՞ ամառ, վեր կկենար ու ուխտի կգնար ձորերի մեջ կորած կամ սարի գագաթին ասես դարերի վրա պահակ կարգված որևէ մատուռ:
– Մանուկ, զավակս, մեն-մենակ լավ չէ այդքան ճանապարհ գնալը,- նրան ամեն անգամ հորդորում էր վանահայրը և ամեն անգամ նույն պատասխանն էր ստանում.
– Հայր սուրբ, Մանուկը մենակ չէ: Աստված միշտ ու մշտապես նրա հետ է:
Վանահայրը գիտեր, որ նախանձը մահացու մեղքերից մեկն է, սակայն նախանձում էր Մանուկի հավատին: Մանուկին ի՞նչ կա, նա չգիտի, որ հաճախ Աստծո տեղակ սատանան է ուղեկից լինում մարդ արարածին: Աղոթում էր Մանուկի համար և հավատում, որ նրա անսակարկ հավատն անվարձ մնալ չի կարող: Աստված ամեն մարդու տալիս է իր հավատքի չափով, և եթե Մանուկ ճգնավորը հավատում է, որ Աստված միշտ ու մշտապես իր հետ է, ուրեմն…
Մանուկ ճգնավորին, նրա մարմինը կամ մարմնի մնացորդները փնտրեցին ամենուր. լճահայաց քարափների ու քարանձավների մեջ, «Մաշտոցներ» տանող ճանապարհի վրա, Ձորի սրբի մացառների մեջ, բայց ոչ մի տեղ նրան հիշեցնող որևէ բան չգտան: Շաբաթվա բոլոր ժամերգությունների ժամանակ խնդրեցին Տիրոջը, Տիրամոր բարեխոսությունն աղերսեցին, վանահայրը կարգադրեց, որ օրը չորս անգամ քաշեն եկեղեցու մեծ զանգի պարանը, գուցե թե հեռուներում մոլորված եղբայրը զանգի ղողանջը փարոս դարձրած` գա, հասնի, բայց դա ևս օգուտ չտվեց:
-Տե՛ր, փորձության պահին մի՛ լքիր մեղավորներիս,- աղոթում էր վանահայրն օրնիբուն, իսկ Մեսրովբ աբեղան համոզված էր, որ Մանուկ ճգնավորը ջրահեղձ է եղել: Կանգնում էր լճի ափին, հայացքը հառում ջրի հատակին խայտացող ջրիմուռներին ու հոգոց էր հանում: Թե Մանուկը մի շաբաթ առաջ ջուրն ընկած լիներ, նրա մարմինը հիմա ձկներին ու խեցգետիններին կեր դարձած կլիներ, իսկ նրան գտնելն` անհնար: Մեսրովբ աբեղան ջրակուր եղածների հոգու համար աղոթք էր շշնջում, ոստիկանության աշխատակիցները գիշեր ու զօր հսկում էին վանականներին, վանահայրը լալիս էր, չիմանալով` ո՞ղջ մարդու համար աղոթք կարդա, թե՞ մահացածի հոգու համար խնդրի Տիրոջը:
Իսկ Մանուկը չկար: Երբ վանք եկավ, փողոցի թափառական շան լակոտի նման անխնամ ու կեղտոտ էր: Մի բան գիտեր միայն` ուտել: Եվ, չնայած նրան, որ Մեծ պահքի առաջին շաբաթը նոր էր բոլորել, վանահայրը կարգադրեց լիուլի կերակրել նրան: Ինչքան տային` կուտեր, որքան ուտեր` չէր հագենա: Հետո, երբ ամիսների հետ աչքը կշտացավ, կշտացավ նաև որկորը և հայացքն այլևս սեղանին տնկած չէր մնում: Նրան կերակրելուց, հագեցնելուց և բուժելուց հետո վանահայրը ցանկացավ ճանապարհ դնել.
– Ո՞ւր գնամ,- զարմացավ Մանուկը:
– Ուր սիրտդ կուզի, զավակս, որտեղից եկել ես:
– Սիրտս այստեղ է ուզում, հայր սուրբ,- անմեղ ժպտաց Մանուկը,- իսկ ես փողոցից եմ եկել: Աշխարհում ոչ ոք չունեմ: Ի սեր Աստծո, ինձ մի վռնդիր:
Եվ վանահայրը հրաման տվեց, որ նա վանքում մնա: Առաջին տարիներին այգու գործերն էր անում, տարածքը մաքրում, իսկ հետո նաև վարորդություն սովորեց: Կարմիր «Նիվան» ձեռնասուն ջրկիր ջորի դարձավ նրա համար: Հետո, օրերի ու տարիների հետ Աստված այնքան հղկեց նրան, որ Մանուկ եղբայրն իրեն ճգնության տվեց: Մեկ-մեկ նրա աղոթքն այնքան թանձր և առարկայական էր լինում, որ նրան մոտենալիս մարդու մարմինը փշաքաղվում էր:
Վանքում ապրեց տասը տարի և հենց իր գալու օրն էլ անհետացավ: Ոչ ոք նրա անհետանալու օրը չիմացավ: Ո՞վ էր իր հոգու հոգսը թողած հիշելու, թե Մանուկ եղբայրը որ թվի որ ամսի, որ օրն է հայտնվել վանքում: Վանականները վերևից էին նայում նրան: Իբր` Մանուկն ի՞նչ վանական կամ ի՞նչ ճգնավոր: Աղոթքի ժամանակ բառերը խառնում է իրար, գրաբարի դարձվածքները ճիշտ չի արտասանում, իսկ սաղմոսերգության ժամանակ` թող ու փախիր նրանից: Մանուկն ինքն էլ իրեն վանական, հոգևորական ու ճգնավոր չէր համարում: Ապրում էր իր համար, աննկատ, առանց աչքի ընկնելու, մեկ-մեկ աչքից հեռու աղոթք էր կարդում իր խցի դուռը շփոթմամբ բախած հավատացյալ ուխտավորների համար ու չգիտեր, որ Աստված ավելի լավ է լսում իր կիսատ-պռատ, բառերն իրար խառնած աղոթքը: Ինքը չէր տեսնում` մյուսները տեսնում կամ զգում էին, և բողոքը ձնագնդի դարձած` զարնվում էր վանահոր դռանը.
-Հայր սուրբ, արգելք դիր, թույլ մի՛ տուր, որ Մանուկն աղոթք կարդա հիվանդների վրա:
-Աղոթելը յուրաքանչյուր քրիստոնյայի իրավունքն ու պարտքն է,- ժպտում էր վանահայրը, Մանուկին չէր արգելում, իսկ դժգոհությունն ավելանում էր, և նախանձի դևն իր ճանկերն էր խրում վանականների սրտի մեջ:
Այս մասին ոստիկանությունը չգիտեր, այս մասին վանականները գիտեին և նրանց մեծ մասը ոչ թե անհանգստանում էր Մանուկի անհետանալու համար, այլ միայն նրա խնամքոտ ձեռքի պակասն էր զգում պարտեզում: «Ո՞վ գիտե, գլուխը տնկած ուր է գնացել»,- ժպտում ու քրթմնջում էին շատերը, ի նկատի ունենալով նրա ուխտագնացության սերը:
Իսկ Մանուկ ճգնավորն արդեն մի շաբաթ է չկար: Վանքը գաղտնի ու բացահայտ հսկող ոստիկանները հոգնել էին, ուր որ է պատրաստվում էին գործը փակել փաստ չլինելու պատճառաբանությամբ, երբ վանահորից դժգոհ վանականների մի մասը Մեսրովբ աբեղայի գլխավորությամբ, Մանուկի անհետանալն առիթ դարձնելով, բացահայտ ելավ վանահոր դեմ: Հավաքվեցին բակում, սկսեցին բարձր-բարձր խոսել, իսկ հետո, երբ սատանան լրիվ տիրեց նրանց սրտներին, հայհոյանքներ պոկվեցին շուրթերից: Վանահոր նկատմամբ զայրույթը հասավ գագաթնակետին, երբ նա, վանքի կանոնադրությանը հավատարիմ, հայտարարեց, թե ստիպված կլինի անհնազանդներին հեռացնել: Նրանք շարասյուն կազմեցին, ընթրիքի ժամանակ չկերած խնձորներով սկսեցին հարվածել վանահոր ավտոմեքենային: Ավտոմեքենայի ազդանշանային համակարգը միացավ և խնձորների տարափի տակ սկսեց վայնասուն հանել… Հետո վանականները շարժվեցին ճանապարհով:
-Ո՞ւր,- արդեն մի քիչ շփոթահար ու մոլոր` փորձեց նրանց կանխել վանահայրը, սակայն շարքերի առջևից սատանան էր քայլում և վանականների բերանով սկսեց բարբառել.
-Մանուկին վերացրեցիր, հիմա էլ հերթը մե՞զ հասավ, գնում ենք Վեհափառին բողոքելու:
-Այս վանքում երբևէ արդարություն պիտի լինի՞, թե ինչպես փչի զառամյալ ուղեղիդ, այնպես ես վարվելու մեզ հետ…
-Կամ դու վանահայր կմնաս այս վանքում, կամ մենք…
«Մեղա Քեզ, տեր Աստված,- սկսեց մտքի մեջ կոծել վանահայրը,- մեղա Քեզ, ես գիտեմ, որ իմ անօրենությունների կրակը չի կարող մարել նույնիսկ Վանա լճի ջուրը: Փորձության պահին մի՛ լքիր մողավորիս»:
Շարասյունը հայհոյելով ու աղմկելով շարժվեց մինչև մայրուղի և, եթե ոստիկանները չլինեին, նրանք կփակեին մայրաքաղաք մտնող և դուրս եկեղ մեքենաների երթևեկը:
Իսկ երբ ոստիկաններից զսպված վանականների խումբը վանք վերադարձավ, նրանց բացականչությունների ու մեղադրանքներից թև առած ոստիկանության մեքենան վանահոր վրա փակեց իր դռներն ու ճիչեր արձակելով հեռացավ: Անվանահայր մնացած վանքը դարձավ սատանայի ապաստան: Վանականներն այդ օրը գիշերային ժամերգություն չարեցին, չաղոթեցին նաև առավոտյան, սեղանատանը նստեցին իրենց ուզածի չափ, թափառեցին, բամբասեցին մինչև կեսօր: Կեսօրին որկրամոլությամբ զբաղվեցին և չտեսան, թե հրեշտակների բազմությունն ինչպես է կոծում եկեղեցու գավթում հավաքված: Չտեսան նաև հրճվանքը սատանայի ու դևերի:
Եվ միայն հաջորդ իրիկուն, երբ շատ ուտելուց սկսեց ցավել Մնացական եղբոր որովայնը և երևակայական ազատության արբեցությունից խելքի գալով աղոթքի կտրված թելը կապել փորձեցին, հասկացան, որ սատանայախաբ են եղել: Ժամերգության ջերմությունը չզգաց ոչ ոք և հասկացան, թե վանահայրն ինչ է եղել իրենց համար:
Գիշերը հավաքվեցին, որոշեցին գիր հղել ոստիկանություն և պաշտպանել վանահորը: Գրեցին մինչև լուսաբաց, առավոտյան թուղթը բաժին տարան, բայց ոստիկանությունը չգիտեր յոթ անգամ յոթանասուն հեղ ներելու պատգամը և չէր մոռացել վանականների լուտանքները, նրանց աղմկոտ ըմբոստությունը չէր մոռացել և միայն թուղթը կարդալով ու թերահավատ քմծիծաղով սահմանափակվեց:
-Ո՞ւր է Մանուկ Մինասյանը,- սկզբում հանգիստ, իսկ հետո ավելի ու ավելի խիստ` վանահորը հարցնում էր քննիչը:
-Չգիտեմ, եղբայր,- ժպտում էր վանահայրը:
-Չգիտե՞ս, իսկ քո վանականներն ինչո՞ւ են ասում, թե նրա գլուխը դու ես կերել:
-Ես մեղավոր մարդ եմ, Աստծո և մարդկանց առաջ բազում մեղքեր եմ գործել, սակայն Մանուկ ճգնավորին չեմ սպանել:
-Իսկ ու՞ր է: Գուցե ջրի մե՞ջ ես խեղդել:
-Չէ, Աստված չանի:
-Բա Մեսրովբ աբեղան ինչո՞ւ է այդպես կարծում:
-Մեսրովբ աբեղան արտասահմաններում է կրթվել, Սուրբ Գրքի մեկնությունը նրանից լավ ոչ ոք չի կարող տալ, բայց…
-Ի՞նչ բայց:
-Բայց ես Մանուկ եղբոր անհետացման մասին բան չգիտեմ:
-Իսկ էդ ո՞նց եք սարքել, որ «Նիվան» մեն-մենակ աղբյուր է գնում:
-Ես չեմ տեսել, ես էլ եմ լսել, որ մեքենան, իբր, մեն-մենակ գնացել է աղբյուր ու էնտեղից ետ է եկել: Գնացել է դատարկ տակառով ու ետ է եկել լիքը: Երբ Մանուկը չէր անհետացել` էլի էր էդպես լինում: Ոչ ամեն անգամ, բայց լինում էր: Անքննելի են Աստծո ճանապարհները:
-Միամիտ չկա: Մի բան հորինած կլինեք,- գոռում էր քննիչը: Գոռաց այնքան, մինչև որ ձայնը խզվեց, իսկ հետո, հատկապես գիշերային հարցաքննության ժամանակ սկսեց ծեծել ծերունուն:
Առաջին հարվածների ժամանակ, քանի դեռ կամքը չէր կոտրվել, վանահայրը մտքի մեջ աղոթում էր քննիչի համար, իսկ երբ հարվածներն ուժգնացան և նրա տկար մարմինն սկսեց անտանելի ցավել, լաց եղավ.
-Խեղճուկրակիցս ի՞նչ եք ուզում:
Իսկ երբ քննիչը շատ գոռալուց խռպոտած ձայնով հարվածների արանքում սկսեց հայհոյել, վանահայրն ըմբոստացավ.
-Ձեզ ո՞վ է իրավունք տվել: Մենք ազատ երկրում ենք ապրում, ես կբողոքեմ:
Քննիչը հոգնե՞լ էր, թե՞ վանահոր սպառնալիքից զգաստացավ, դադարեցրեց ծեծն ու ոստիկաններին հրամայեց նրան մենախուց գցել:
… Վանքի սատանայազարկ լինելու և վանահոր բանտարկվելու լուրը վեհարան հասավ երկու օր հետո միայն: Ու մինչ Վեհափառը փորձում էր ազդել դեպքերի ընթացքի վրա, բանտված վանահայրը տեսիլք տեսավ: Չէր քնել, պատառ-պատառ եղած մարմինը ցավում էր բջիջ առ բջիջ: Վանահայրն, այդ կսկիծը բանի տեղ չդնելով, փորձում էր աղոթել, փառք վերառաքել Փրկչին, որ իր նման մեղավոր մարդուն չի մոռացել և նման փորձության է ենթարկում: «Տեր, փորձության պահին մի՛ լքիր տկարիս»,- շշնջում էին նրա ուռած շուրթերը, իսկ սիրտը Մանուկի մասին էր մտածում: Եթե ողջ է, մի՞թե այդքան երկար կկարողանար համբերել ու վանք չգալ, իսկ եթե մեռած է, ուրեմն` որտե՞ղ: Մի՞թե եղբայրներից որևէ մեկն է նրա մեղքի տակ մտել: Եթե այդպես է, ուրեմն առաջին մեղավորն ինքը` վանահայրն է, որ իր վանքում նման բաներ են կատարվում:
«Տեր, փորձության մեջ մի՛ լքիր մեղավորիս»,- շշնջում էր նա և վերքերի ու կապտուկների ցավն անտեսելով խնդրում էր վանքի, վանականների, և մանավանդ, Մանուկ եղբոր համար: Եվ ահա, երբ գիշերը կես էր եղել և նրա փակ կոպերը այդպես էլ քուն չէին պարգևել մարմնին, հարթմնի տեսավ Մանուկ եղբորը:
-Մանու՞կ,- շուրթերը շարժելով անձայն հարցրեց ծերը:
-Աստված օգնական, Հայր սուրբ,- սովորական ժպիտով ողջունեց ճգնավորը:
-Ինչպե՞ս ներս մտար:
-Հայր սուրբ, դու չգիտե՞ս, որ հոգին սահման չի ճանաչում:
– Մեռե՞լ ես:
– Հոգիս բաժանվել է մարմնիցս:
-Իսկ մարմինդ ու՞ր է:
-Ձորի սրբի մացառների մեջ:
-Քո մահո՞վ մեռար:
-Ամեն ոք մեռնում է այնպես, ինչպես որ նախասահմանված է իր համար: Ուրեմն` իր մահով է մեռնում:
-Բայց ինչո՞ւ անժամանակ հեռացար:
-Անժամանա՞կ,- զարմացավ Մանուկը,- անժամանակ մահ չի լինում: Աստված ամեն մեկին տանում է այն ժամանակ, երբ նրա հոգին լինում է ամենամաքուր վիճակում: Եվ որքան էլ մնա, դրանից հետո այլևս էլ չի աճելու:
Վանահայրն այս ամենը շատ լավ գիտեր, բայց իր իմացածը մի անգամ էլ էր ցանկանում հաստատել, դրա համար էլ հայացքը Մանուկի երեսին հառելով՝ նորից հարցրեց.
-Իսկ մեռնելը հե՞շտ է:
-Հեշտ է, նույնիսկ` չափից ավելի, Աստծո առաջ պատասխան տալն է դժվար:
– Մանուկ եղբոր մարմինը Ձորի սրբի մացառների մեջ փնտրեք,- հաջորդ օրը քննիչին ասաց ծերը:
-Ա՜,- ժպտաց քննիչը,- վերջապես որոշեցիր խոստովանե՞լ:
– Ես գիշերն իմացա:
-Ումի՞ց:
-Մանուկ եղբայրը հայտնվեց տեսիլքի մեջ,- տառապած ու տխուր չէր, կարելի է ասել` ուրախ էր նույնիսկ:
– Ասում ես Ձորի սրբի մացառների մե՞ջ,- վանահոր խոսքի վերջին մասը չլսելու տվեց քննիչը: Նրա համար հասկանալի էր ամեն ինչ. վանահայրն իր հեղինակությունը պահպանելու համար ինչ-որ տեսիլքի մասին պատմություն է հորինում: Բա ո՞նց, իրենք սուրբ են, զօր ու գիշեր երկնքի հետ են առնչվում, բա ո՞նց կլինի` տեսիլք չտեսնեն:
Ոստիկանների ջոկատը, տեղազննության սարքերով զինված, հասավ Ձորի սուրբ, սանտիմետր առ սանտիմետր հետազոտեց մացառները, շրջապատն ուսումնասիրեց, բայց ո՛չ Մանուկի մարմինը գտավ, ո՛չ մարմին հիշեցնող որևէ բան: Մինչև երեկո հոգիները բերանները եկավ ու ձեռնունայն վերադարձան:
-Ո՞նց թե,- զարմացավ վանահայրը,- Մանուկ եղբայրն ինքը ասաց, իսկ նա ոչ մի անգամ չի ստել:
-Ճիշտն ասա,- նորից խստացավ առժամանակ փափկած քննիչը:
-Ես ասել եմ այն, ինչ գիտեմ,- անմեղ աչքերը քննիչի դեմքին հառեց վանահայրը և նորից աղոթք արեց կտտանքներին դիմանալու համար:
… Վանքը` իր արածից զղջացած, վանքը` ինքն իրենից դժգոհ` կուչ էր եկել Տիրոջ ու տիրադավության արանքում: Հովվի ու առաջնորդի կարիք էր զգում, բայց չէր համարձակվում այդ մասին բարձրաձայն խոսել: Մաքուր, անխաթար աղոթք էր ցանկանում, բայց դրա փոխարեն զգում էր, թե ինչպես է մասնատվում ու բզիկ-բզիկ է լինում աղոթքի բարակած թելը: Վանահորը ետ ստանալու համար դիմում էր Աստծուն, բայց մնում էր անպատասխան, կաթողիկոսին էր դիմում և հույսի ու հուսահատության հառաչանք լսում, իշխանություններին էր դիմում, իսկ նրանք գործարք էին առաջարկում.
-Դուք` Մանուկ Մինասյանին կամ նրա դիակը, մենք` վանահորը:
Ինչպե՞ս վերադարձնեին, երբ մարդը չկար` թաթով-չարխով անհետացել էր, վանքում ու վանական եղբայրների մեջ փոխադարձ կասկածանքի ու անվստահության մի հաստ նստվածք թողնելով:
… Երկար քննեցին վանահորը և նրա տարօրինակ վարքը տեսնելով` վերջապես որոշեցին հոգեբան հրավիրել: Գուցե մարդը ոչ թե խաղում է, այլ իրոք աներկրային բա՞ն է տեսել կամ խելքը թռցրե՞լ է:
Հոգեբանը լսեց վանահոր պատմությունը Մանուկ եղբոր հայտնվելու մասին, լուրջ դեմքով տմբտմբացրեց գլուխն ու եզրակացություն գրեց ծերունու խելագարված լինելու մասին:
Հետո, երբ Շտապ օգնության մեքենան եկավ, Մանուկը նորից հայտնվեց վանահորը:
-Աստված օգնական, Հայր Սուրբ:
-Աստված պահապան, զավակս,- ժպտաց վանահայրը,- մի՞թե ինձ խաբեցիր:
-Չէ, Հայր Սուրբ, ինչո՞ւ խաբեմ: Դու ինքդ ես խաբում քեզ ամեն օր. իբրև թե աղոթք ես անում: Չգիտես, որ քո և մյուս եղբայրների աղոթքն անմաքուր է և միշտ բռնված է մնում այսերի կողմից: Այն հազվադեպ է Աստծուն հասնում:
-Վա՜յ ինձ,- կոծեց վանահայրը,- իսկ քո՞նը:
-Իմն ավելի շատ է հասել, դրա համար էլ այսպես եմ:
-Լավ, հապա մարմինդ ու՞ր է:
-Մարմի՜նդ, մարմի՜նդ,- մի քիչ նեղվեց Մանուկը,- ինչպե՞ս չես հասկանում, որ մարմինը փոխվել կարող է: Ի՞նչ պարտադիր է, որ թանձր ու կոշտ լինի:
-Հապա՞…
-Երբ Տիրոջ ողորմության սպունգը քսվում է մարմնին, այն դառնում է թափանցիկ ու լուսե:
-Ես այդ մասին պատմում եմ քննիչին, իսկ նա փաստեր է ուզում: «Տեսիլքը փաստ ու ապացույց չէ,- ասում է,- տեսիլքով չէ, որ արդարացնում կամ մեղադրում են կասկածյալին»…
-Մի՛ նեղվիր, վանահայր,- ժպտաց Մանուկը:
Ծերունին նրան մեկնեց շղթայված ձեռքերն ու հայացքով հոշոտված մարմինը ցույց տվեց:
-Քո խաչն է: Մոռացե՞լ ես մեր Տիրոոջ տառապանքներն ու վերքերը: Դա քո կասկածոտ-մեծամտության արդյունքն է, որ թաքցնում էիր խոնարհության տակ:
-Ի՞նչ,- ակնաջներին չհավատաց վարդապետը:
-Այո, քեզ Խոնարհ են կոչում և նույնիսկ ինքդ ես հավատում դրան, սակայն հենց քո խոնարհամտության մեջ քեզ բռնեց սատանան: Դու գաղտնի հպարտանում էիր քո խոնարհությամբ:
-Վա՜յ ինձ,- բարձրաձայն հառաչեց վանահայրը:
-Վախենո՞ւմ ես, տերտեր,- քմծիծաղեց ուղեկցող ջահել լեյտենանտը: Բայց վանահայրը նրան չպատասխանեց, այլ շուռ եկավ Մանուկի կողմը.
-Բա եղբայրներն ինչո՞ւ այդպես արեցին:
-Ինչու՞, ինչու՞, – նրա տոնով մրմնջաց Մանուկը,- այդքան տարվա հոգևորական ես և չգիտես, որ մարդ արարածի սիրտը ագահ է ու կասկածամիտ: Տու՛ր նրան այն քաղաքը, որտեղ ինքն ապրում է և կթվա, թե քիչ է: Երկիրը կուզի: Երկիրը տաս` աշխարհին կցանկանա տիրանալ, հետո` տիեզերքին: Եվ որքան մեծանա իշխանությունը, այնքան կաճի կասկածամտությունը, ուշք ու միտքն այն կլինի, թե արդյոք որևէ մեկն իր իշխանությանը չի՞ սպառնում:
-Մի՞թե ես էլ,- իր մասին մրմնջաց վանահայրը:
-Դու՞: Դու կարծես թե չէ, սակայն քո ունեցածը չէիր տեսնում և ինձ էիր նայում: Մանուկը ո՞նց է անում, որ «Նիվան» ինքն իրեն գնում է աղբյուրը, էդ ո՞նց է լինում, որ անգրագետ, թերուս Մանուկին մարդիկ ավելի շատ են սիրում,- էլի՞ թվեմ,- Մանուկը դարձավ վանահոր կողմն ու նայեց նրա աչքերին:
-Չէ՜, բավ է,- տնքաց վանահայրը,- բայց մարդս մեղավոր է:
-Այո, դրա համար էլ ոմանք իրենց մեղքերի համար այս աշխարհում են հատուցում, ոմանք` այն:
-Իսկ դո՞ւ, մի՞թե անմեղ ու անմեղսունակ ես եղել,- մրմրնջաց ծերը:
– Աստված գիտե, դու իմ խոստովանահայրը չես եղել: Ես ոչ ոքի չէի վստահում Տիրոջից բացի,- ուղիղ պատասխանից խուսափեց Մանուկը:
-Ի՞նչ է լինելու իմ վերջը,- փորձեց զրույցից գործնական օգուտ քաղել վանահայրը, բայց տեսավ, որ Մանուկ ճգնավորն աներևույթ է դարձել:
-Ինձ մի՛ լքիր, Մանուկ եղբայր,- բարձրաձայն հեկեկաց նա,- առանց այն էլ Աստված լքել է տկարիս:
-Էլի գժությունը բռնեց,- դժգոհ մրթմրթաց լեյտենանտը և հայհոյանքների մի փունջ արձակեց:
Հետո հոգեբուժարանի պատերն իրենց մեջ առան վանահորը և աշխարհում նրան այլևս ոչ ոք չհիշեց, բացի վանքի այգում նրա տնկած մատղաշ բալենիներից, որոնց նա ջրում ու խնամում էր ամեն օր: Իսկ վանքը աշխարհին ու աշխարհի իշխանին գերի` այդ մասին չգիտի և իբր ամեն օր պայքարում է նրա դեմ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *