Նազելի Մարկոսյան | Թատերգության ժանրի ձևավորումը XIX դարի իրանական գրականության մեջ

Իրանում նոր, եվրոպական բնույթի թատրոնի սկզբնավորումը վերագրվում է XIX դարի վերջին քառորդին` լուսավորական շարժման վերելքի ժամանակաշրջանին (նախքան այդ իրանական արվեստը ներկայացնում էին միստիկ «tՙazie»-ների (շիայական ավանդական ներկայացում, որի թեման Քարբալայի ճակատամարտն է), «šabihxāni»-ի (առավելապես ուրախ թեմաներ շոշափող ներկայացում), «Տիկնիկային թատրոնի», ինչպես նաև «nemāyeš-e ruhouzi»-ի (երգիծական ժանրի ներկայացում, որի անբաժան մասն են կազմում երգն ու պարը) միջոցով):[1] XIX դարի երկրորդ կեսից Իրանում նպաստավոր պայմաններ են ստեղծվում դրամատուրգիայի զարգացման համար. հաջորդաբար պարսկերեն են թարգմանվում Միրզա Ֆաթալի Ախունդովի (1812-1878), ինչպես նաև ֆրանսիացի նշանավոր դրամատուրգների գործերը, փորձեր են կատարվում ազգային պիեսներ ստեղծելու ուղղությամբ: Պարսկերենով առաջին ազգային պիեսների ստեղծման նախաձեռնությունը պատկանում է հայազգի լուսավորիչ, հասարակական-քաղաքական գործիչ Միրզա Մելքոմ խանին (մինչ այդ գոյություն չուներ ոչ մի աշխարհիկ, առավել ևս սոցիալական կատակերգություն):[2]

Իր կատակերգություններում Մելքոմ խանը հանդես էր գալիս Իրանում իշխող ֆեոդալական կարգերի, երկրում տիրող կամայականության ու օրինազանցութ-յունների քննադատությամբ: Միաժամանակ, խթանելով գրական լեզվի զարգացումը՝ նա իր գրավոր շարադրանքներում խուսափում էր  արաբերեն անհասկանալի արտահայտություններ ու դարձվածքներ կիրառելուց: Տիրող անարդարություններն ու տխուր իրականությունը նկարագրելիս խոսակցական լեզվի գործածումը հնարավորություն տվեց Մելքոմ խանին առավել հասկանալի ներկայացնել ու բացատրել իրանցի ընթերցողին իր գաղափարները, տեսանելի դարձնել երկրի անմխիթար վիճակը: Մելքոմ խանը քաջատեղյակ էր Իրանի ղեկավարների անազնիվ, հանցագործ արարքներին, քանզի աշխատում և շարունակ շփվում էր իրանական հասարակության բարձր խավերի հետ:[3] Ուստի պատահական չէ, որ նրա պիեսներում քննադատություններն առավելապես ուղղված էին իրանական այդ վերնախավի պաշտոնյաների կողմից ձևավորված խայտառակ կաշառակերության համակարգի դեմ, որի պատճառով երկիրը հայտնվել էր փակուղու առջև:

Դրամատուրգի հրապարակած երեք պիեսներից ամենահայտնին, թերևս, «Արաբստանի նահանգապետ Աշրաֆ խանի արկածները Թեհրանում» կատակերգությունն է, որտեղ հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես է Արաբստանի նահանգապետը կանչվում Թեհրան և նահանգի երեք տարվա հաշիվը վճարելուց հետո, միայն բազմաթիվ կաշառքների ու մեծ դժվարությունների գնով նորից նահանգապետի պաշտոն  ստանալով, հեռանում մայրաքաղաքից:[4] Կողոպտիչ ու կաշառակեր նահանգապետին դարձնելով կողոպուտի զոհ՝ հեղինակը խարազանում է երկրում տիրող համընդհանուր կաշառակերության մթնոլորտը:

Դրամատուրգի՝ սուր սոցիալական ուղղվածություն ունեցող հաջորդ պիեսը «Զեման խան Բերուջերդիի կառավարման եղանակը և նրա արկածները» կատակերգությունն է: Պիեսի կենտրոնական կերպարներ Զեման խանն ու Ջահանգիրը, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, ժողովրդին կողոպտելու համար դիմում են բազմաթիվ խարդախությունների: Պիեսի երկրորդ գործողության մեջ հեղինակը ստեղծում է մի տիպիկ տեսարան, որտեղ մերկացնում է իրանական նահանգների կառավարիչների բարոյական ստորությունը: Այսպես, Ջահանգիրը նախատում է Զեման խանին՝ հայտարարելով, որ նա վատ կառավարիչ է, քանզի չի կարողանում շորթել ինչպես հարկն է: Զեման խանն էլ, իր հերթին, մեղադրում է ծառայապետին կաշառքներ չվերցնելու և իր տիրոջ մասին չմտածելու մեջ:[5] Կատակերգության ողջ քննադատությունն ուղղված է երկրում «օրինականություն և կարգ ու կանոն պահպանողների» դեմ:

Հաջորդը «Պատմություն Շահ Ղոլի միրզայի Քարբալա գնալու և նրա արկածների մասին Քերմանշահում, որտեղ մի քանի օրով իջևանել էր տեղի նահանգապետ Շահ Մորադի մոտ» պիեսն է: Այն քաղաքական արիստոկրատիային ուղղված սուր քննադատություն է, որտեղ հեղինակը կրկին անդրադառնում է ժողովրդին կողոպտելու ու կաշառակերության հարցերին, որոնք XIX դարի իրանական իրականության տիպիկ բնութագրիչներն էին: Կենտրոնական կերպար Շահ Ղոլին ոտքից գլուխ շահամոլության տիպար է, ով սովորել է ապրել ուրիշների հաշվին և շրջապատել իրեն փարթամությամբ: Փողը նրա կուռքն է, որից բացի այլ հետաքրքրություն չունի, իսկ հոգեպես նա ողորմելի մարդ է:  Ստեղծելով Շահ Ղոլիի կերպարը և ընդգծելով Իրանի կառավարիչների  ագահությունն ու հոգեկան աղքատությունը` դրամատուրգն ասես ակնարկում է. «Տեսեք, թե ում ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը»:[6]

Մելքոմ խանի կատակերգությունների կոնֆլիկտի էությունը հնի ու նորի պայքարն է, ընդ որում պիեսների դրամատիկական գործողությունները կառուցված են այնպես, որ շատ հաճախ զավեշտալի դրության մեջ են հայտնվում այն հերոսները, որոնք հանդես են գալիս որպես հին, իրենց դարն ապրած գաղափարների ու պատկերացումների կրողներ: Դրամատուրգի  ստեղծագործություններում ծիծաղը ոչ միայն մարդու բարոյական վերադաստիարակման միջոց է, այլև՝ ավատական կարգերի դեմ ուղղված պայքարի հզոր զենք:

Այսպիսով, ժամանակի համար սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ազգային ոգով գրված այս երեք պիեսները հանդիսացան իրանական թատերագրության հիմնաքարերը: Մելքոմ խանի կատակերգությունների անմիջական ազդեցությամբ 1908 թվականից Թեհրանում սկսեց հրատարակվել «Tiātr» («Թատրոն») շաբաթաթերթը, որում տպագրվում էին ժամանակի իրականության դեմ ուղղված երգիծական պիեսներ:[7]

Ժամանակի ընթացքում հայտնվեցին հեղինակներ (Ա. Իբրահիմով, Ս.  Ալիզադե, Հ. Մամադզադե), ովքեր կասկածի ենթարկեցին Մելքոմ խանի հեղինակային իրավունքը՝ նրա պիեսները վերագրելով ոմն Միրզա Աղային: Սակայն Արմենակ Բուդաղյանն իր «Հարցեր Միրզա Մելքոմ խանի պիեսների շուրջ» հոդվածում նշում է, որ Միրզա Աղան ոչ թե պատմական անձ է, այլ Մելքոմ խանի բազմաթիվ կեղծանուններից մեկը:[8]

1980թ. Թավրիզում հրատարակվեց  «Չորս պիես» վերնագրով մի գիրք, որում զետեղված էին Մելքոմ խանի երեք պիեսները և անանուն հեղինակի մի պիես: Գրքի առաջաբանի հեղինակ Մ. Մոումանին, շարունակելով ժխտել Մելքոմ խանի հեղինակային իրավունքը, ընդգծում է, որ նրան վերագրվող պիեսները գրել է Միրզա Աղա Թաբրիզին, որի կյանքի և գործունեության մասին, բացառությամբ ինքնակենսագրական տեղեկությունների, ուրիշ ոչինչ հայտնի չէ:[9] Սակայն գրքում զետեղված չորս պիեսների համեմատության արդյունքում պարզ է դառնում, որ առաջին երեք պիեսների և չորրորդի («Աղա Հաշեմ Խալխալիի սիրո  դառնությունը») միջև որևէ կապ չկա: Չորրորդ պիեսի բովանդակությունը բավականին համահունչ է վերնագրին. այն մակերեսային զգացմունքների և ձախողված սիրո մասին է,  մինչդեռ Մելքոմ խանի պիեսները կառուցված են բոլորովին այլ՝ սոցիալական բովանդակությամբ:[10] Այսպիսով, թեպետ Մելքոմ խանի՝ պիեսների հեղինակ լինելու հարցը շատ հաճախ կասկածի է ենթարկվել, սակայն գիտական աշխարհում այդպես էլ չեն հայտնաբերվել նրա հեղինակային իրավունքը ժխտող համոզիչ փաստարկներ:

Մեծ է Մելքոմ խանի երախտիքը նաև պարսից լեզվի նորացման գործընթացում: Լինելով մեծ ընդունակություններով օժտված տաղանդավոր անձնավորություն, շնորհալի գրող և թարգմանիչ՝ Մելքոմ խանը կարողացել է իր յուրահատուկ գրական ոճն ու ուղղությունը ստեղծել պարսից գրականության մեջ: Դրամատուրգի ոճին անդրադարձել են շատ գրականագետներ և լեզվաբաններ. իրանցի ականավոր բանաստեղծ, գիտնական-գրականագետ Մոհամմադ Թաղի Բահարը «Ոճաբանություն կամ պարսից արձակի զարգացման պատմություն» աշխատության մեջ շատ բարձր է գնահատում Մելքոմ խանի  ոճը՝ գրելով. «Մելքոմը արձակի մեջ մի հատուկ ուղղություն ընտրեց, որ կարելի է «Մելքոմի ուղղություն» անվանել: Հարց ու պատասխանի և պիեսների ձևով աշխատանքներ էր գրում, և բոլոր դեպքերում նրա նպատակը օրենքի բարեփոխումն ու նոր օրենքի սահմանումն էր»:[11] Մելքոմ խանի պիեսներին անդրադարձ է կատարել նաև պատմաբան  Օ. Զավարյանն իր՝ «Իրանի հեղափոխությունը և Մելքոմ խանը»  հոդվածում: Խոսելով իշխանությունների կամայականությունների և սոցիալական անարդարությունների դեմ Մելքոմ խանի պայքարի մասին՝ հեղինակը գրում է. «Քաղաքական գործունեություն ծավալելուց բացի Մելքոմ խանն արժանացել է «Իրանի առաջին դրամատուրգ» պատվավոր կոչմանը: Թատերական պիեսները նա օգտագործում էր սեփական գաղափարները տարածելու նպատակով: Թեև սյուժեի զարգացման և կոմպոզիցիոն կառուցվածքի տեսանկյունից դրանք այնքան էլ կատարյալ չեն, սակայն շատ կտրուկ են վարչական ապարատի թերությունները բացահայտելիս»:[12]

Այսպիսով, իրանական գրականության մեջ բոլորովին նոր՝ թատերգության ժանրի ձևավորման գործում մեծ է մեր հայրենակցի ՝ Միրզա Մելքոմ խանի ավանդը: Մելքոմ խանը՝ որպես նորարար, իր պիեսներով խոր հետք թողեց իրանական սոցիալական դրամայի զարգացման պատմության մեջ (նրան, իրավամբ, անվանում են «իրանական կատակերգության հայր»): Միաժամանակ, նա մասնակից դարձավ Իրանում ծավալված այն գրապայքարին, որ սկսվել էր ժողովրդախոսակցական լեզուն գեղարվեստական գրականության մեջ արմատավորելու համար:

[1] Մովսիսյան Հ., Շեխոյան Լ., Ժամանակակից պարսից գրականության պատմության ակնարկներ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1989, էջ 272:

[2] Մովսիսյան Հ., Էջեր պարսկական թատրոնի պատմությունից, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, Հ. IV, էջ 180:

[3] Բուդաղյան Ա., Գեղարվեստական արձակի ժանրերը, Սոցիալական մոտիվները ժամանակակից պարսկական արձակում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, էջ 8:

[4] Նույն տեղում, էջ 9-10:

[5] Будагян А., К вопросу о пьесах Мирзы Мальком-Хана, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1968, №10,  стр. 93.

[6] Բուդաղյան Ա., Գեղարվեստական արձակի ժանրերը, Սոցիալական մոտիվները ժամանակակից պարսկական արձակում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, էջ 14:

[7] Նույն տեղում:

[8] Будагян А., К вопросу о пьесах Мирзы Мальком-Хана, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1968, №10, стр. 97.

[9] Будагян А., Еще раз к вопросу об авторстве Мальком-хана, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1983, №7, стр. 46.

[10] Sadiq A.M., Panj nemāyešnāme-ye Mirzā Aqā Tabrizi, Tehrān, 1978, s. 59.

[11] Rāin E., Mirzā Malqom xān, zendegi va qušešhā-ye  siāsi-e u, Tehrān, 1972, s. 111.

[12] Будагян А., Еще раз к вопросу об авторстве Мальком-хана, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1983, №7, стр. 48.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *