Բեքա Քուրխուլի | Մարադոնայի քայլերգը

ն ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում: 1991 թ. ավարտել է Թբիլիսիի առաջին փորձարարական դպրոցը, 1991-1996թթ. սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատերական ինստիտուտի Դրամատիկական արվեստի ֆակուլտետում, (Թամազ Ճիլաձեի արվեստանոցում):
Առաջին պատմվածքները լույս են տեսել 1991 թ.-ին «Մամուլի»  թերթում: Այնուհետև նրա պատմվածքները պարբերաբար տպագրվում են վրացական գրական ամսագրերում և թերթերում, ինչպիսիք են՝ «Ալտերնատիվա», «Դիլիս գազեթի» , «Չվենի Մծերլոբա» , «Ծիգնեբի» , «24 սաաթի» , «Պարնասի» , «Լիտերատուրուլի պալիտրա», «Լիտերատուրուլի գազեթի, «Գրականություն. Ցխելյե շոկոլադի», «Ապրա»:
1999-2004թթ. որպես ռազմական թղթակից աշխատել է Վրաստանի և Կովկասի թեժ կետերում: Նա ռեպորտաժներ է պատրաստել Աբխազիայից, Հյուսիսային Օսիայից, Ցխինվալիից, Ինգուշեթիայից, Վրաստանի Պանկիսիի կիրճից:
2006 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հարձակում և արշավանք Արևելյան Կովկասի լեռներում» թեմայով:
2011-2013 թթ. համագործակցել է “Media House Dekom”- ի, «Ցխելի շոկոլադի» և «Լիբերալ» ամսագրերի հետ:
2013 թ. գործուղվել էր Աֆղանստան։
«Մարադոնայի քայլերգը» տպագրվել է «Անակլիա» ամսագրում 2017 թվականին՝ վրացերեն և անգլերեն, ներառված է «Սկանդարա և այլ պատմվածքներ» պատմվածքների ժողովածուի մեջ («Ինտելեկտ» հրատարակչություն, 2017): Պատմվածքների ժողովածուն 2018 թվականին հաղթեց «Լիտերա» գրական մրցույթում՝ «Տարվա լավագույն արձակ ժողովածու» անվանակարգում։

 

Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։ »

Մատթեոս 11:27

Մարադոնան լեգենդ էր, ափի լեգենդ: Ինքն էլ չգիտեր՝ ում արյունն էր հոսում իր երակներում, և դա նրան առանձնապես չէր էլ հետաքրքրում։ Իսկական կրեոլ[1] էր, նրա տունը փողոցն էր՝ նրա մկրտության ավազանը և հոգևոր մաքրման ափը, իսկ ինքը՝ տեղանքի հարազատ  զավակը, արքայազնը, թագավորը և  տեր-տիրակալը:

 Կարճ պարանոցը հետ էր գցել, գանգրահեր, կլոր գլուխը և ցանցառ  արտի պես այստեղ-այնտեղ բուսնած մորուքով պատված դեմքը թեքել էր առ հարազատ կիզիչ արևը: Այդ հետ գցած պարանոցին տարբեր չափերի երկու կամ երեք թավա ու խեցի էր կախել և գդալներով հարվածում էր դրանց այնպես, ինչպես բասրեցի թափառական կամ ցնդած ռոք երաժիշտ Ջերի Լի Լուիսը, որն էլ իր հերթին այնպես էր շրխկացնում ռոյալը, ինչպես իր սևամորթ ազգանվանակից բռնցքամարտիկ Ջո Լուիսը իր մրցակիցներին, աննկարագրելի ռիթմեր էր ստանում և հետն էլ երգում  էր․ «Я Марадона, я Марадона, Марадона любит женщин!»[2]։

Մարադոնայի երգի և թավաների շրխկոցի ձայնից ամբողջ Սուխումիի լողափը նրա կողմ էր շրջվում: Բոլորի դեմքերը փայլում էին: Դուրս էին ելնում նաև «Ամրադանա» սրճարանից, ձայնակցում էին, ձեռքով անում, գումար տալիս, սուրճ, կոնյակ և շամպայն հյուրասիրում, նոր կպցրած ռուս «ծտերի» հետ ծանոթացնում և նրան էլ էին հպարտությամբ ներկայացնում՝ որպես տեղանքի  գլխավոր «տեսարժան վայրերից մեկը»՝ Մարադոնան:

«Привет, Марадона»[3],-կոտրատվում էին Մոսկվայից, Պետերբուրգից, Նովոսիբիրսկիից և  Չելյաբինսկիից  եկած շեկ, փոքրաքիթ  աղջիկները, որոնք հյուսիսի  սառած օրերից հանգստանալու համար տարիներ շարունակ գալիս էին իրենց սուխումեցի տղաների մոտ։ Հետաքրքրությամբ և զարմանքով էին դիտում այդ ծտերը, ովքեր միայն հիմա էին ունենում Մարադոնայի հետ ծանոթանալու պատիվը:

Մարադոնան հիմնականում մի փողատեր սուխումցի Բեգվավայի հետ էր ընկերություն անում: Այն ժամանակ շատ երիտասարդ Բիգվավան Սուխումիի ծխախոտի գործարանում էր աշխատում, և երևի պատկերացնում եք՝ Սուխումիի ծխախոտի գործարանում ինչ փողեր էին պտտվում:

Ամեն առավոտ այս Բիգվավան գրպանն էր դնում տասը մանեթների մանրած կարմիր հարյուր մանեթանոցը, ընկերների հետ նստում էր իր սև «Վոլգան» և ֆռֆռում ամբողջ Սուխումիով ու Աբխազիայով մեկ՝ որսալով իրենց հանգիստը վայելող ամենագեղեցիկ աղջիկներին:

Ամբողջ օրը նստում էին լողափին և համբուրվելու վրա թղթախաղ խաղում, իսկ երեկոյան քաշվում էին  Գագրայի քողտիկներ, Ռիծայի լիճը և «Բորդելիերո»: Այդ պահին իր երաժշտական ուղեկցությամբ գալիս էր Մարադոնան, անմիջապես՝ առանց հարցնելու, ձեռքը տանում էր ափին ծալած-դրված կապույտ ջինսե շալվարի գրպանը, որն էլ այն ժամանակ բանվորի երեք  ամսվա աշխատավարձի գին ուներ և որոշակի կարգավիճակի ցուցանիշ էր, ազնվորեն վերցնում էր 10 կամ 20 մանեթ, իսկ մնացած փողը զգուշորեն ծալում էր, նորից դնում գրպանը, ջինսն էլ կրկին տեղն էր դնում: Իսկ հետո գնում էր իր ճանապարհով և սկսում թավայի վրա ավելի զվարթ խփել «Я Марадона»[4]-ն։

«Հետս փայի մեջ է էդ հնարամիտը»,- ծիծաղելով մռթմռթում էր Բիգվավան, թեպետ դա ավելի շատ ասում էր գլուխ գովելու և իր ու Մարադոնայի հատուկ ընկերությունը ընդգծելու համար։

«Я Марадона, я Марадона, Марадона любит женщин!․․․»[5]։ Եվ միակ բանը, ինչը տեղի ունեցավ առանց Սուխումիի և նրա ափի գլխավոր սեփականատիրոջ թույլտվության, Սուխումիում, Աբխազիայում, ծովի  ափին, Գագրայի ու Տղվարչելիի սարերում 1992 թ. օգոստոսի 14-ին սկսված պատերազմն էր:

Տանկերի և թնդանոթների կրակոցների մեջ, ավտոմատների և գնդացիրների ձգձգված կրակահերթի  ընթացքում Մարադոնան անհետացավ: Կարծես թե, գոլորշիացավ՝ ի նշան բողոքի:

Սուխումցի թափառականի սուրբ անհոգությունը, լողափին կիզիչ արևի տակ փռված աղջիկները, «Ամրա»-ից բուրող սուրճի, կոնյակի, Սուխումիի նավահանգստում   կանգնած նավաստիներից գնված, օրիգինալ «Marlboro»-ի բույրը փոխարինվեց կրակոցների ծխով, ացետոնի համ ունեցող օղիով, «Աստրա»-ի, «Պրիմա»-ի և «Օթխմոցի»-ի մրով, գլխից ձեռք քաշած գվարդիականների արձագանքի ճիչով, առատորեն թափված արյամբ և մահվան կտրուկ հոտով: Այս պատերազմում Մարադոնան ոչ մի գործ չուներ: Այս պատերազմում վրացիները Սուխումիի համար ռուսների և աբխազների դեմ էին պայքարում, իսկ Մարադոնան վրացի էր, աբխազ էր, ռուս, չերքեզ, հույն, էստոնացի, Մարադոնան սուխումցի էր, և նա պատերազմը սկսելուն պես կորցրեց Սուխումին։ Թավաներով, խեցիներով, գդալներով, երգով և իր հարուստ ընկերոջից վերցրած 20 մանեթով ինչպե՞ս պիտի պաշտպաներ քաղաքը: Նվագելով, արվեստով ու երգով քաղաք չես կարող պաշտպանել…

Թեպետ Սուխու՜մին էլ կորցրեց Մարադոնային: Երբ պատերազմի առաջին ամիսներին ճակատի  երկու կողմում սուխումցի, վրացի և աբխազ էին միմյանց տեսնում, միանգամից ձայն էին տալիս իրար,- «Ей, Вася, Марадону не видел? Он у вас? Да нет, мы думали, он на вашей стороне!»[6]:

Այս սուխումական «Վասյա» դիմելաձևը այնքան հայտնի է, որքան քութաիսական «Սիմոն»-ը և թիֆլիսյան» տո»-ն :

«Присмотрим, Вася, если увидим, если вообще жив в этом аду…», «А кто этот ад устроил ёб твою», «Да пошли вы, козлы»[7]… և Մարադոնային փնտրելիս ամեն ինչ նորից էր սկսվում, իսկ հետո այնքան մարդ զոհվեց, այնքան դժբախտություն պատահեց, որ Սուխումը մոռացավ իր լեգենդը, էլ ո՞վ ուներ Մարադոնայի ժամանակը, բայց լեգենդը հենց նրա համար է լեգենդ, որ նրա ամբողջական և վերջնական մոռացումն անհնար է: Ժամանակ առ ժամանակ հիշում  էին, խոսակցություններ էին տարածվում, թե իբր  Ձիձարիայի փողոցում տեսել են Մարադոնային, լողափին են տեսել, կայարանում, Ճանբայի փողոցում, Ֆունիկլյորի մոտ էր լսվում նրա թափառական ռիթմերը և հայտնի «Я Марадона, я Марадона, я Марадона любит женщин!»-ն։ Բայց անձամբ նրան տեսնող չեղավ, միայն խոսակցություններ, անորոշ, պայթյունի, կրակոցի արձագանքին խառնված ձայներ․․․

Մարադոնան և Սուխումին կորցրին միմյանց:

Փոխարենը նրա գործարար և հարուստ ընկեր Բիգվավան ճշգրիտ գիտեր, որ թշնամուց իր քաղաքի և գործարանի պաշտպանությունը միայն զենքով էր հնարավոր, ուստի թողեց փող աշխատելը և կանգնեց Գումիսթայի մոտ՝ ռուսներին և նրանց հետ եկածներին  Սուխումի չթողնելու նպատակով: Ժամանակ առ ժամանակ Սուխումիում մնացած աբխազ բարեկամների, գործընկերների և ընկերների ընտանիքներին էլ էր պաշտպանում։ Պաշտպանում էր մինչև 1992 թ. օգոստոսի 14-ը, երբ իր ընկեր Մարադոնան անհետացավ, ճիշտ 13 ամիս և 13 օր հետո՝ արյունահեղ պայքարից հետո, մինչև նա էլ չկորցրեց իր Սուխումին և Սուխումիի փողոցների հայտնի «Сухуми, город без фраеров»[8]  նշանաբանը, դառն ու դաժան ինքնահեգնանք արտահայտությունը  չփոխարինվեց «Hy что, фраера, потеряли город!»[9]-ով։

Բիգվավան մոտորանավակով  իր ընտանիքին ու բարեկամներին Փոթի տեղափոխեց, փրկեց նրանց Կոդորի կիրճի դժոխային ճանապարհից: Բայց Թբիլիսիում էլ երկար չդիմացավ: Չդիմացավ չսալիկապատված, հոտած հանրակացարանում և կայարանի հրապարակում, փողոցում դժվար կյանքից, խավարից և պարտությունից զայրացած թբիլիսցիների թարս հայացքներին, «Ա՛յ փախստականներ, մեր տղաները սրանց համար այնտեղ զոհվեցին, իսկ սրանք այստեղ էին փախչում» բացականչություններին:

Առավել ևս, որ այդ նախատինքն անձամբ իրեն ընդհանրապես չէր վերաբերում: Հասկացավ, որ այստեղ՝ սեփական մայրաքաղաքում էլ չէր կարող մնալ, վերջին գումարով ողջ ընտանիքով Սոչի տեղափոխվեց, Աբխազիային մոտ, ասում էր՝ գոնե ծովի հոտի և ձայնի հետ սիրտս դեպի Սուխումի կուղարկեմ․․․։

Մի կտոր հացով նրան ծովն էր կերակրում:  Առավոտից երեկո անձրևի  և  արևի տակ կարթով ձուկ էր բռնում, հանձնում Սոչիի շուկայում իր հին ընկերներին,  որոնք,  ի նշան շնորհակալության, ձեռք էին մեկնում:  Եթե  բախտը բերում էր օրվա հացի, մակարոնի և անֆիլտր ծխախոտի  գումար էր հայթայթում, եթե ոչ՝ նա՝ Սուխումիի առաջին  «տուզերից» մեկը, ծովի ալիքների շրմփոցի և արմավենիների  ու մագնոլիաների  բույրի հույսով էր մնում:

Ահա ևս մի հիանալի օր․ մինչև մեջքը ջուրը մտած Բիգվավան ձուկ էր բռնում, հետն էլ մանր մաղում էր, բայց անձրևն ավելի հաճելի էր նրան, ձուկն էլ վատ չէր բռնվում:  Շատ ձուկ չկար, բայց այնպես էլ չէր, որ քոքից կտրված էր։ Եվ  հանկարծ կամացուկ  եկած ծովի ալիքների հետ, որ վրան կաթիլներ էր ցողում և թեթև օրորում, ձկից բացի, զարմանալիորեն  ծանոթ շրխկոց և հարազատ  խրոխտ ձայն լսեց…

«Я Марадона, я Марадона, Марадона любит женщин!․․․»։

Բիգվավան վախեցավ, մտածեց՝ գժվել է, նայեց, իրոք, Մարադոնան էր գալիս, այդ  հնարամիտը: Գալիս էր և նույնքան անհոգ երգում Սոչիի ափին, ինչպես այն ժամանակ հայրենի Սուխումիի լողափին:

Ինչպես միշտ տարօրինակ ձևով հետ էր գցել պարանոցը, արևից վառված, ուռած աչքերի բիբերից նայեց անձրևի կաթիլներից թրջված, ծովում կանգնած մարդուն և ճանաչեց: Բիգվավան հասկացավ,  որ Մարադոնան ճանաչեց իրեն։  Ճանաչեց և  սովորականի պես  նրա   ծալված,  արդեն գունաթափ շալվարի կողմը գնաց, որի վրա ցելոֆանե սև պարկ էր քաշած:

-Չէ՜, չանես, տղա՛, չանես դու, ա՛յ դու անիծված…

  Բիգվավայի խուճապի մատնվելը իզուր չէր: Կարմիր թումանների փոխարեն գրպանում ճմռթված ու արժեզրկված  ռուսական հազար ռուբլիանոց մի թղթադրամ  կար, որը հազիվ թե բավարեր մեկ ու կես բուխանկա հաց  գնելուն:

– Չանե՛ս, գնա՛, չունեմ ավել փող, ա՛յ տղա, էդ ի՞նչ ես անում։

Բիգվավան ափին մոտենալիս հազիվ էր հաղթահարում ծովի ալիքները, բայց  Մարադոնան արդեն ձեռքը գցել էր գրպանը, հետո շալվարը առաջվա նման ծալեց, դրեց իր տեղում՝ խնամքով ծածկելով սև ցելաֆոնե պարկով, գդալներով հարվածեց թավային և շարունակեց ճանապարհը: Գլուխը նորից հետ գցեց…

-Սպասի՛ր, Մարադոնա ՛տղա, չեմ վերցնելու այդ փողը, դրա տերն էլ մեռնի, սպասի՛ր, գոնե տեսնեմ քեզ, խոսեմ հետդ, հո՛ իսկապես կենդանի ես, դու հո՛ ուրվական չես, ա՛յ մարդ, ա՛յ վնասատու, հո՛ չես թվում ինձ՝ դժբախտիս:

Մարադոնան հետ էլ չնայեց: Նվագելով գնում էր, կարծես այս արևի տակ ոչինչ չէր փոխվել, և անձրևի կաթիլները նորից թրջում էին այնպես, ինչպես միշտ,  ինչպես առաջ: Բիգվավան դուրս եկավ ափ: Գցեց կարթը, հագավ իր կարծես չոր շալվարը, հետո բռնած չորս, թե հինգ ձուկն էլ ոչ թե թողեց, այլ շպրտեց, նետեց ծով և քիչ էր մնում կարթն էլ հետևից շպրտեր: Վերջին պահին մտափոխվեց:

Կանգնել էր Բիգվավան, նայում էր Մարադոնայի թիկունքին, որն  ավելի ու ավելի էր փոքրանում անձրևի կաթիլներում և ծովի ալիքներում: Հետո ձեռքը գրպանը տարավ  և ինչ-որ բանի կպավ, հանեց և ձեռքում մնացին միմյանց սեղմված, իրար մեջ ձուլված ռուբլիներ և դոլարներ, որոնց ողորմելիորեն կպել էր նրա ճմռթված  հազար ռուբլիանոցը:  Բիգվավան նստեց և լացեց: Այնպես լացեց, ինչպես կյանքում երբեք չէր լացել: Ոչ մի տեղ և երբեք…

Անձրևեց …

Իսկ հեռվից լսվում էր ափի անմահ լեգենդի՝ Մարադոնայի քայլերգը․ «Я Марадона, я Марадона, Марадона любит женщин!»․․․

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

[1] Իսպանացի տղամարդու և հնդիկ կնոջ երեխա։

[2] Ես Մարադոնան եմ, ես Մարադոնան եմ, Մարադոնան սիրում է կանանց (ռուս․)։

[3] Բա՛րև, Մարադոնա՛ (ռուս․)։

[4] Ես Մարադոնան եմ(ռուս․)։

[5] Ես Մարադոնան եմ, ես Մարադոնան եմ, Մարադոնան սիրում է կանանց․․․(ռուս․)։

[6] Է՛յ, Մարադոնային չես տեսե՞լ, հո ձեզ մոտ չէ՞։ Չէ՛, չէ՛, մենք մտածում էինք՝ ձեր կողմում մնաց (ռուս․)։

[7] Տեսնենք, Վասյա՛, եթե մի տեղ տեսնենք, եթե ողջ է այս դժոխքում․․․:Ո՞վ է ստեղծել այս դժոխքը, ես ձե՛ր․․․ Դե գնացե՛ք ձեր, ոչխա՛ր․․․(ռուս․)։

[8] Սուխումի, քաղաք առանց «հարիֆների» (ռուս․)։

[9] Դե ինչ, «հարիֆնե՛ր», կորցրի՞նք քաղաքը (ռուս․)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *