Սա նրա վերջին «ետթռիչքն» է այս տարի: Օդանավակայանից դուրս գալով՝ Լին Ժոուն զանգ է տալիս Սյու Ուին: Սյու Ուն ասում է, որ արդեն նրա համար ետդարձի տոմս է գնել դեպի Էնզե քաղաք: Քանի որ Նոր տարին շուտով մոտենում է, տաքսիների հերթերը երկար են, և Լին Ժոուն ստիպված է անվավոր ճամպրուկը քարշ տալ, որպեսզի օդանավակայանի ավտոբուս նստի: Սիրտը ծանրացած է, ճամպրուկը քարշ է տվել ամբողջ մի հավերժություն: Դա երկար ժամանակ է պահանջում: Երբեք նախկինում այսքան երկար չի քայլել դեպի տուն: Դանդաղ, ավելի դանդաղ, որքան դանդաղ, այնքան լավ: Ամենալավն այն կլիներ, եթե ինքնաթիռն ուշ վայրէջք կատարեր, եթե այս ավտոբուսը ջարդվեր, փչանար:
Ավտոբուսում նստած՝ նայում է մարդկային բնակության նշաններին, որ աստիճանաբար հայտնվում են Պուդոնից Պուկսի ձգվող ավտոմայրուղու կողքին: Տներ, ջուր, անասուններ, փոքր տրակտորներ: Հետո կամաց-կամաց հայտնվում են սուպերմարկետները, տան շինանյութերի խանութները, բնակարանային համալիրները՝ ընդհուպ մինչև Լուպու կամուրջ: Նա Սյու Ուին ընդհանրապես հաղորդագրություն չի ուղարկել, բացի այն մի հեռախոսազանգից: Թվում է, սովորություն է դարձել: Հիշում է, թե ինչպես էին առաջին անգամ սիրահարվել, ինչպես ամուսնությունից անմիջապես հետո Սյու Ուն օդանավակայանում անպայման սպասում էր իրեն, երբ ինքը վերադառնում էր ինքնաթիռով, և եթե նույնիսկ նա չէր կարողանում աշխատանքից դուրս գալ ու դիմավորել, իրար անընդհատ հաղորդագրություններ էին ուղարկում՝ հենց որ ինքնաթիռը վայրէջք էր կատարում, և գրում էին այնքան, մինչև որ տանն էին լինում: Երբ ինքը տուն էր հասնում, ճաշասեղանին միշտ ճերմակ վարդերի փունջ էր դրված: Սյու Ուն վարդերը գնած էր լինում նախորդ գիշեր և վստահ էր, որ հաջորդ օրը բացված կլինեն: Լին Ժոուն սիրում է ճերմակ վարդեր: Երբ համալսարանում սովորում էր, իր սիրած վեպը «Ճերմակ վարդն» էր: Այնտեղ ասվում էր, որ ճերմակ վարդերը խորհրդանշում են հանդարտությունը, անկախությունը և ուժը: Անկեղծ ասած՝ Լին Ժոուն առանձնապես անկախ կամ ուժեղ անձնավորություն չէ: Բայց հանգիստ է: Յոթ տարի աշխատելուց հետո զգում է, որ ժամանակն ու կյանքն իրեն ճերմակ վարդի են վերածել, նույնիսկ եթե ոչ մի վարդ իրեն չի սպասում ճաշասենյակի սեղանին, երբ այսօր տուն վերադառնա:
Երբ տուն է հասնում, Սյու Ուն արդեն այնտեղ է: Ինքը զարմանում է՝ տեսնելով, որ նա կերակուր է պատրաստել, իսկ սեղանին ճերմակ վարդերի մի փունջ է դրված: Տեսնելով Լին Ժոուին ներս մտնելիս՝ նա բազկատարած ընդառաջ է գալիս: Դա կլիներ իրենց առաջին գրկախառնությունը՝ վեց ամիս առաջ սկսված սառը պատերազմից հետո: Բայց Լին Ժոուն արդեն անսովոր է այդպիսի շփման և խուսափում է դրանից՝ կռանալով, որպեսզի կոշիկների կապերն արձակի: Շփոթված և արհամարհված՝ Սյու Ուն կանգնում է միջանցքում: Մի պահ հապաղում է, ապա կրկին փորձում է ջերմ ընդունելություն ցուցաբերել՝ ձեռքը մեկնելով, որպեսզի ճամպրուկը վերցնի:
— Ես ուտելու բան եմ պատրաստել: Վաղուց է, ինչ միասին սեղան չենք նստել, — ասում է նա:
— Օ: — Լին Ժոուն հանում է շարֆը և մտնում խոհանոց: Նա պետք է ձեռքերը լվանա, մտքերն ի մի բերի: Խոհանոցն այն նույն տեսքն ունի, ինչ տեսք որ ուներ իրենց ամուսնության առաջին տարում. ոչ մի բիծ, ժամանակի ու տարիքի ոչ մի նշան: Լին Ժոուն ոչ հաճույք է ստանում ինչ-որ բան պատրաստելուց, ոչ էլ գիտե ինչպես պատրաստել: Եվ նրանք ուտում են, երբ քաղցած են, երբեմն միասին, երբեմն ամեն մեկն իր համար, ընկերների հետ: Երբեմն Սյու Ուն է պատրաստում, թեև երբ այդպես է լինում, դա անշուշտ հանգեցնում է սիրառատ գիշերի՝ ննջասենյակում: Սյու Ուն միշտ պատրաստ էր դրան — ինչպես և Լին Ժոուն — դրա համար էլ իրենց ամուսնության առաջին երեք տարում Լին Ժոուն երկու անգամ հղիացավ: Սակայն երկու երեխային էլ կորցրեց հղիության առաջին երկու ամսվա ընթացքում: Լին Ժոուն սկզբում չէր մտածում դրա մասին, քանի որ նրա նման խորհրդատուները շատ ժամանակ էին անցկացնում տարբեր վայրեր թռչելով, և կարծում էր, թե վիժումները գերլարվածության հետևանք են: Բայց իրենց ամուսնության չորրորդ տարում, երրորդ անգամ հղիանալուց հետո, թողեց աշխատանքը, որպեսզի կարողանա տանը հանգստանալ: Հղիության երկրորդ ամիսը լրանալուց մի քանի օր առաջ նորից վիժեց: Այս անգամ Լին Ժոուն և Սյու Ուն երկուսն էլ խիստ անհանգստացան: Շատ բուժհաստատություններ այցելեցին, բայց միայն նույն պատասխանն էին ստանում՝ պարբերաբար կրկնվող վիժում: Եվ բժիշկը խորհուրդ տվեց՝ քանի որ Լին Ժոուի առողջությունն այսպես թե այնպես խոցելի է, լավ կլինի էլ չփորձեն երեխա ունենալ, որովհետև հաջորդ վիժումն արդեն նրա կյանքը վտանգի տակ կդնի: Այդ երեկո, երբ հիվանդանոցից վերադարձան, ոչ Լին Ժոուն, ոչ Սյու Ուն չկարողացան քնել:
Ջուրն անչափ սառն է: Լին Ժոուն օճառը սեղմում է ձեռքերի մեջ և երկու ձեռքը միասին քսում իրար: Միջամատին գեղեցիկ ոսկե մատանի է: Այն, ամենայն հավանականությամբ, պատկանելիս էր եղել Սյու Ուի մորը: Երկար նախապատմություն ունեցող ընտանեկան ժառանգական մասունք, որ Սյու Ուի հայրն էր տվել մորը՝ Լին Ժոուի և Սյու Ուի ամուսնությունից շատ առաջ: Շանհայ վերադառնալուց հետո Լին Ժոուն և Սյու Ուն գնացել էին ոսկերչի մոտ՝ դրա նման մեկ այլ օրինակ Սյու Ուի համար պատվիրելու, որպեսզի կրեր որպես հարսանեկան մատանի: Լին Ժոուի շատ գործընկերներ հիացած էին դրանով: Նուրբ, մաքուր ոսկու վրա նշաններ են փորագրված: Ոմանք կարծում էին, թե դրանք Սանսկրիտով են գրված, ոմանք էլ ասում են, թե հնագույն հնչյունական խորհրդանիշեր են: Մինչդեռ ուրիշներն էլ հարցնում էին՝ արդյո՞ք դա նման չէ ամբրոսիայի ընձյուղի, այնպիսի ընձյուղի, որ կրել է Բուդդան: Լին Ժոուն հինգ տարի է՝ նայում է այս մատանուն: Նա նույնպես կարծում է, որ տարօրինակ այս խորհրդանիշերը, որ փորագրված են մատանու վրա, նման են ամբրոսիայի ընձյուղի:
Հանկարծ Սյու Ուն գրկում է նրան ետևի կողմից՝ բազուկներով իրանին փաթաթվելով: Գլուխը դնում է ուսին:
— Արի ուտե՛նք:
Լին Ժոուն հանկարծակիի եկած՝ ուսերն է թոթվում, որ ազատվի, և պատահաբար խփում է Սյու Ուի կզակին: Մի պահ Սյու Ուի աչքերին աստղեր են երևում:
— Գրո՛ղը տանի, ի՞նչ ես անում:
Սյու Ուն զայրացած է, Լին Ժոուն էլ ուրախ չէ: Երկուսով նորից խորասուզվում են լռության մեջ:
Շատ ավելի ուշ Սյու Ուն ոտքերն իր վերմակի տակից մեկնում է առաջ՝ փորձելով փաղաքշել Լին Ժոուին: Վերջինս անշարժանում է՝ քնած ձևանալով: Մինչ Սյու Ուն ծանր հոգոց է հանում, Լին Ժոուն նայում է լուսամուտից դուրս: Նրանք սկսեցին առանձին քնել վեց ամիս առաջ: Լին Ժոուն չէր ուզում նրան մոտ թողնել, որովհետև վախենում էր, թե կհղիանա, վախենում էր չորրորդ անգամ վիժելուց: Առաջին երեք վիժումներից հետո վերականգնվելով՝ նա այնքան թույլ էր լինում, որ հազիվ էր կարողանում խոսել: Դրանից հետո որոշեց ոչ մի երեխա չունենալ: Բայց Սյու Ուի ընտանիքը տղա էր ուզում: Եթե նույնիսկ նրանց առաջին երեխան աղջիկ լիներ, պիտի անպայման հաջորդը տղա ծնվեր: Սյու Ուն և Լին Ժոուն միշտ վիճում են այս հարցով: Սյու Ուն ասում է՝ եկ նորից փորձենք: Իսկ Լին Ժոուն նայում է նրան ու հարցնում՝ արդյո՞ք նրա ընտանիքն իր մահն է ուզում:
Լին Ժոուն ամեն բան անում է հեռավոր գործուղումների մեկնելու համար, որպեսզի կարողանա սահմանափակել մեկ ննջասենյակում մնալու իրենց ժամանակը: Խորհրդատուների գործուղումները կարող են տևել ամենաքիչը մեկ շաբաթ, ամենաշատը՝ երեք ամիս, և նույնիսկ եթե նրա ընկերությունը պատրաստակամություն է հայտնում վճարելու, որպեսզի նա ամեն շաբաթ ետ թռչի, ինքը պարտավոր չէ ընդունել այդ առաջարկը: Նրան սկսել է դուր չգալ տուն վերադառնալը, և հազվադեպ է ուրիշների մոտ հիշատակում Սյու Ուի անունը: Երբեմն, տեսնելով, թե ինչպես են իր գործընկերուհիները երջանիկ, երբ ամուսինները նրանց ողջունում են օդանավակայանում, կամ լսելով նրանց երկար ու ջերմ հեռախոսազրույցները հյուրանոցում, իրեն խիստ հիասթափված է զգում: Հիշում է այն ժամանակները, երբ ինքն ու Սյու Ուն թունդ սիրահարված էին, բայց հիմա երբ զանգում է նրան, պարզապես վիճում են: Եթե Սյու Ուն քնքշորեն է վերաբերվում իրեն, սկսում է անհանգստանալ ու տագնապել: Մտածում է, որ նա ուզում է իրեն շողոքորթելով, փայփայելով համոզել ու տուն բերել, համոզել ու անկողին մտնել հետը, համոզել ու հղիացնել: Վախեցած է, շվարած, կարկամած, և իր սարսափը վերածում է գրգռվածության ու զայրույթի՝ թույլ տալով, որ այդ ամենը դուրս հորդի: Այնքան երկար ժամանակ է այսպես, որ Սյու Ուն հիմա կարծում է, թե դիտավորյալ է այդպես անում, մտադրված դժվարություններ է ստեղծում, և այլևս իր հետ նախկին համբերատար, քնքուշ տոնով չի քննարկում ոչինչ:
Նրանք պատրաստվում են գնալ Չժեցզյան նահանգի հարավ՝ Էնզե, որպեսզի Նոր տարին անցկացնեն Սյու Ուի հայրենի քաղաքում, ինչպես միշտ են անում: Լին Ժոուն գիտե, որ չի կարողանա խաբել սկեսրայրին: Ասելու է նրան, որ ինքը չի կարող երեխաներ ունենալ: Ոչ այն պատճառով, որ չի ուզում: Այլ այն պատճառով, որ դա կսպանի իրեն: Գիտե, թե ինչու Սյու Ուն այս երեկո ընթրիք պատրաստեց: Հույս ունի մեկ անգամ էլ պարզել իր մտադրությունը նախքան Էնզե վերադառնալը: Արդեն վաղուց է, որ սիրով չեն զբաղվել: Այն մի քանի անգամն էլ, երբ զբաղվում են, Լին Ժոուն պահանջում է, որ նա պաշտպանական միջոց կրի սկզբից մինչև վերջ, իսկ հետո անմիջապես գնում և ամենայն խնամքով լվանում է ինքն իրեն: Սյու Ուն նույնպես զգում է, որ ամեն բան միապաղաղ ու միօրինակ է դարձել: Երբ նրանք միասին քնում են, Սյու Ուն այն զգացողությունն է ունենում, թե ինքը պարզապես մեխանիկական շարժումներ է անում, քանի որ զուգընկերուհին կարծես չի հասկանում ինչպես հաճույք ստանա:
Սերը հաճույքի մի տեսակ է և այն ներառում է սեռական հարաբերության հաճույքը: Եթե զուգընկերներից մեկը մտամոլոր է, մթնոլորտը խաթարված է: Սյու Ուն աստիճանաբար սկսում է մտածել, որ առանց սեռական հարաբերության իրենց սերը վտանգված է: Երբ Լին Ժոուն կորցնում է հետաքրքրությունը, իր ուշադրությունն էլ է շեղվում այլ ուղղությամբ: Նա սկսում է հետաքրքրվել աշխույժ երիտասարդ ստաժյորով: Բայց ինքը նրանից տարիքով մեծ է, և իր տարիները ծանր են երիտասարդության սրընթաց վազքի համար: Երեսուներեքամյա Սյու Ուն վերահսկում է իր մարմնական մղումները: Նա ուզում է բուռն ու անզուսպ սիրով զբաղվել միայն մեկ անգամ, բայց երբ ետ է նայում Լին Ժոուի հետ անցկացրած յոթ տարիներին, գիտե, որ կան որոշ բաներ, որոնք չի կարող մոռանալ: Գիտե, որ կան բաներ, որոնք եթե մեկ անգամ արվեն, չեն կարող ի չիք դառնալ: Այդ ստաժյոր աղջիկը բարեհաճ է Սյու Ուի հանդեպ, ինքն էլ նրա հանդեպ է բարեհաճ: Նա ամեն առավոտ Սյու Ուի համար նախաճաշ է գնում, իսկ Սյու Ուն էլ նրան ամեն երեկո տանում է ինստիտուտ: Երբեմն Սյու Ուն մտածում է, թե հենց այս մաքուր, պլատոնական զգացմունքներն են իրեն բավականություն պատճառում, նրանց մտերմիկ, հարմարավետ ջերմությունը ձմռան կեսին, հար և նման գավաթներում լցված ետկեսօրյա տաք թեյին, որ Էնզե քաղաքում տարեցներն են խմում: Թեև նա երբեք աղջկա առջև չէր բացվում, մի օր աղջիկը կորցրեց ինքնատիրապետումը: Արտասվալից աչքերով եկավ իր մոտ և ասաց՝ դու ինձ դուր ես գալիս: Տուն գալով՝ այդ գիշեր Սյու Ուն չկարողացավ քնել: Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, աղջկան էր տեսնում՝ կարմրած և աչքերն ուռած:
Այս երեկո Սյու Ուն երազում մորն է տեսնում: Հիշում է նրան, երբ նա երեսուն տարեկան էր՝ կլոր, փափուկ և տաք, նստած փոքր սեղանի լամպի լույսի տակ, հոր գուլպաները կարկատելիս: Այդ օրերին հայրն աշխատում էր շրջանային դիակիզարանում: Ասում են, որ նրա մասնագիտության մարդիկ պետք է պատշաճ հագնվեն: Նրանց հագուստի վրա չպետք է բաց տեղեր կամ ծակեր լինեն, այլապես չար ոգիները ներս կթափանցեն: Դրա համար էլ մայրն ամեն օր ամենայն մանրամասնությամբ ներս ու դրսից զննում էր հոր շորերը՝ կարկատելով և կարերն ամրացնելով: Սյու Ուն հիշում է, թե ինչպես էր հայրը երբեմն հայտնվում մոր ետևում և թեթև շոյում ուսը: Մայրն ամաչելով, շիկնած՝ նրա հետ մտնում էր ննջարան: Սյու Ուն այդ ժամանակ ընդամենը վեց տարեկան էր, և անմեղ ու անմեղսունակ՝ փորի վրա պառկում էր ննջասենյակի դռան առջև, որպեսզի գաղտագողի նայի դռան տակից: Հոր մարմնի վրա խոնարհված մոր մերկ մարմինը շատ սպիտակ էր, ինչպես նեֆրիտի փայլուն մի կտոր ցեխոտ ջրափոսում: Ինքը չէր հասկանում, թե ինչ է դա: Հետո, երբ արդեն չափահաս էր, հասկացավ, որ տեսել է ծնողներին սեր անելիս: Մի քանի տարի անց մայրը մահացավ արնահոսությունից՝ վիժումից հետո: Եվ հայրը, միայնակ, Սյու Ուին տասը տարեկանից մեծացրեց: Սյու Ուն միշտ լսել է հորը և երբեք չի հակառակվել նրան:
Սյու Ուի մոր մահը ծանր քարի նման ճնշում է Լին Ժոուի միտքը: Նա զգում է, որ սա նախանշան է, զգուշացում, որին պետք է ուշադրություն դարձնել:
Հաջորդ օրը վաղ առավոտյան Լին Ժոուն արթնանում է և տեսնում, որ Սյու Ուն, արդեն արթուն, դատարկ հայացքով առաստաղին է նայում: Երկար լռությունից հետո Սյու Ուն վերջապես ասում է՝ մենք ամուսնալուծվելու ենք: Վաղը կդիմեմ հայրիկին բոլոր թղթերի համար:
— Շատ լավ: — Լին Ժոուն ցնցված է, բայց տիրապետում է ինքն իրեն: Շրջվում է կողքի՝ ցանկանալով որոշ ժամանակ այդպես պառկել: Սյու Ուն վեր է կենում, որպեսզի գնա լոգարան: Լին Ժոուն սկսում է լաց լինել և լսում է ծորակի ձայնը: Նրա հեկեկոցները լեռան աղբյուրի են նման, արցունքներն անվերջ հոսում են:
Լոգարանում Սյու Ուն նույնպես լալիս է:
Հարավային Չժեցզյանի աննկատելի մի անկյունում ընկած Էնզեն մի քաղաք է, որը մոտ հազար տարվա պատմություն ունի: Ասում են, որ կայսր Ցյանլունը այստեղով է անցել դեպի հարավ շրջագայությունների ժամանակ՝ քաղաքն անվանակոչելով Էնզե, որ նշանակում է կայսերական բարերարություն, որովհետև պատվել էր քաղաքը՝ իր համար տեղացի երիտասարդ մի աղջկա ընտրելով: Ոմանք էլ ասում են, թե Ցյանլուն կայսեր սիրելի հարճերից մեկի անունը Էնզե է եղել, և նա մահացել է խորհրդավոր հանգամանքներում, երբ ճամփորդելիս են եղել: Եվ երբ նրան թաղել են այդտեղ, նրա հիշատակը հարգելու համար քաղաքի անունը փոխել են՝ անվանելով Էնզե… Լեգենդի այդպիսի շատ տարբերակներ կան, և Սյու Ուն շատ է լսել այդպիսի բաներ իր կյանքում, բայց նրա հայրը հակված էր հավատալու այս վերջին տարբերակին: Նա ասում է, որ դա լսել է իրենից տարիքով շատ մեծ մի ոսկերչից, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Ակներևաբար, ոսկերիչը հարստացել էր գերեզման կողոպտողներից ձեռք բերված գանձերը վաճառելով:
Լին Ժոուն այնուամենայնիվ տուն է ուղեկցում Սյու Ուին: Այստեղ էին առաջին անգամ հանդիպել: Լին Ժոուն ինստիտուտն ավարտելուց հետո ընկերուհիների հետ ճամփորդում էր: Երիտասարդ աղջիկների խումբը ծիծաղելով քայլում էր գետաքարով սալարկված ճանապարհներով՝ քաղաքի բոլոր տղամարդկանց այրող հայացքներին արժանանալով: Սյու Ուն այդ տղամարդկանցից մեկն էր, բայց նա եկել էր քաղաք մոր գերեզմանը մաքրելու և մտադիր էր շուտ ետ գնալ Շանհայ՝ աշխատանքի: Սյու Ուն քսանհինգ տարեկան էր: Երեք տարի առաջ էր համալսարանն ավարտել և արդեն ինժեների օգնական էր: Կարծես թե հենց առաջին հայացքից սիրահարվեց Լին Ժոուին: Որովհետև նա այնքան հանգիստ էր թվում: Աղջիկները նրան խնդրել էին, որ իրենց լուսանկարի: Սյու Ուն մի քանի անգամ հայացքը կենտրոնացրեց Լին Ժոուի վրա՝ թաքուն նրան նայելով, մինչև որ նրա ժպիտը սառեց և աչքերն ապակու պես փայլեցին: Ինչո՞ւ է այդքան երկար նախապատրաստվում: Դա նրանից էր, որ ինչ-որ մեկը սկսել էր բողոքել, թե Սյու Ուն արագ է լուսանկարել: Նա նյարդայնացավ, և լուսանկարը խավար ստացվեց:
Հետո Սյու Ուն փնտրեց գտավ Լին Ժոուի հեռախոսահամարը և հենց որ Շանհայ վերադարձավ, սկսեց բուռն կերպով սիրահետել նրան: Հրավիրում էր նրան ճաշի, տանում էր զբոսանքի, գնում էին կինոթատրոն, խաղերի էին մասնակցում, սրճարանում միասին սուրճ էին խմում: Համատեղ կյանքի առաջին տարում նա աշխատանքի մասին քիչ էր մտածում: Միակ բանը, ինչի համար ափսոսում էին, այն էր, որ նախկինում չէին հանդիպել: Այդ տարի Լին Ժոուն նոր-նոր էր սկսել աշխատել:
Հանուն սիրո հնարավորինս խուսափում էր գործուղումների մեկնելուց, այդ պատճառով էլ երկու տարի անց իր հետ աշխատողներից բոլորը պաշտոնի բարձրացում ստացան՝ դառնալով խորհրդական, մինչդեռ նա դեռ օգնականի պաշտոնում էր: Բայց Լին Ժոուն դեմ չէր: Եթե ուներ Սյու Ուին, ուրեմն ամեն ինչ ուներ:
Եթե հղիանալու հետ կապված նրանց մտահոգությունը չլիներ, նրանք հավանաբար դեռ սիրող ամուսին ու կին կլինեին, և վերջին երկու տարիների ընթացքում Լին Ժոուն ամեն դեպքում շարքային աշխատողից աստիճանաբար առաջ քաշված կլիներ իր աշխատանքում: Նա արդեն կարողանում էր սեփական խումբը ղեկավարել՝ հաճախորդների հետ գործարքներ կատարելու համար: Այդուհանդերձ, նույնիսկ երբ զգում էր, որ օր օրի ամեն ինչ դեպի լավն է գնում, թվում էր, թե իրենց ամուսնությունն անդառնալիորեն շարժվում է դեպի իր վերջնակետը:
Երկար ժամանակ առանձին ապրել, ոչ մի խոսքային հաղորդակցություն, ոչ մի ֆիզիկական փոխներգործություն: Այո, ի՞նչ իմաստ ունի այդ ամուսնությունը հիմա: Եվ երեխաներ էլ չկային:
Երբ Սյու Ուի հայրը լսում է, որ որդին պատրաստվում է ամուսնալուծվել, երկար ժամանակ լուռ է մնում: Վերջապես սեղմում է իր ծխամորճը:
— Ես դա թույլ չե՛մ տա: — Այդ ասելով՝ դուրս է գալիս սենյակից, ձեռքերը թիկունքին դրած: Սյու Ուն և Լին Ժոուն կարկամած իրար են նայում՝ առանց բառ իսկ ասելու: Երեկոյան ծերունին վերադառնում է մի հինգ-վեց շիշ օսմանթուսի տեսակավոր գինի բերելով, որպեսզի խմի իր զավակի հետ: Խմում է այնքան, մինչև երերում է, ապա, կարմրած աչքերով և դեմքին խոր ցավի արտահայտություն, ասում է՝ տղաս, դու իմ որդին չես:
Սյու Ուի հայրն ու մայրն ավելի քան տասը տարի ամուսնացած էին, բայց դեռ երեխա չունեին: Նրանից չէր, որ մայրը չէր կարող հղիանալ, բայց ամեն անգամ, երբ նա հղիանում էր, վիժում էր: Հետո նրանք գնացին շրջանային մանկատուն, որ այնտեղ տղա երեխա գտնեն և ընդունեն որպես իրենց միսն ու արյունը հանդիսացող սեփական երեխայի: Բայց Սյու Ուի մայրը չէր ուզում հավատալ ճակատագրին և պնդում էր, որ շարունակեն ընտանեկան շառավիղը: Եվ այդպես շարունակվեց: Վիժում վիժումի ետևից: Դա հանգեցրեց նրան, որ թմբլիկ ու առողջ կինն աստիճանաբար թուլացավ և հյուծվեց: Ի վերջո նա մահացավ սաստիկ արյունահոսությունից: Սյու Ուի հայրը տարիներ շարունակ մեղադրում էր ինքն իրեն: Նա այդքան երկար տարիներ աշխատել էր դիակիզարանում: Տեսել էր մահ և տեսել էր կյանք: Ինչո՞ւ էին այդքան մտահոգված տոհմական շառավղի շարունակությամբ:
Հիշեց այն ժամանակները, երբ իր ընկեր ծեր ոսկերիչն ասում էր՝ դու միայն մեկ կյանք ես ստանում: Բավարարվիր քեզ վիճակվածով: Մի փնտրիր այն, ինչ չի վիճակվել, որ ունենաս: Ամենավատ բանը, որ կարող ես անել, ուրիշների ունեցածի վրա սևեռվել մնալն է և այդ ընթացքում սեփական երջանկությունդ կորցնելը:
— Գիտե՞ս՝ այն օրերին ոսկերիչը բավականին Կազանովա էր: — Ծերունին շատ է խմել: Նա բարձրացնում է բաժակը և խոսելիս գլուխն այս ու այն կողմ է տարուբերում: — Հետո նա սիրահարվեց մի հիմարիկ աղջկա, երբ հիսուն տարեկան էր: Իր արհեստանոց-կրպակը տվեց աշակերտին և հեքիմ դարձավ, ամբողջ օրն իր այդ աղջկա հետ լեռներն էր մագլցում ու դեղաբույսեր հավաքում: Ոմանք ասում էին, որ այդ աղջկա հետ քնել է սարերում: Բայց ո՞վ իմանա: Մարդիկ ուղղակի պետք է իրենց գործով զբաղվեն: Աղջկան կարճ կյանք էր վիճակված: Ընդամենը մի քանի տարի անց մահացավ թոքախտից: Ես էի նրա մարմինը դիակիզում, իսկ ընկերս դրսում կանգնած լալիս էր ու ողբում, մինչև որ գիտակցությունը կորցրեց: Տղաս, եթե ուզում ես իմանալ ինչ է սերը, ասեմ. սերն այն է, երբ դու միայն ուզում ես, որ տվյալ մարդը կողքիդ լինի, հիմար է նա թե ոչ, կարող է երեխաներ ունենալ թե ոչ: Մորդ մահն անիմաստ կորուստ էր, անիմաստ կորուստ:
Սյու Ուն քրթմնջացող հորն անկողին է դնում: Նա նույնպես մի քիչ խմած է, աչքերից արցունքներ են հոսում: Լին Ժոուն անհաղորդ հայացքով նստած է դրսի սենյակում: Նրա առջևի սեղանին ուտելիքի ափսեներ են և խմիչքի՝ կիսով չափ դատարկ մի շիշ: Նա բաժակը բարձրացնում է, մոտեցնում շուրթերին և երեք անգամ անընդմեջ խմում: Հետո հենվում է սեղանին ու անզուսպ լաց լինում: Կարծես ինչ-որ մեկը սեղմելով տրորում, տակնուվրա է անում սիրտը: Շնչահեղձ է լինում:
Այդ երեկո Սյու Ուն և Լին Ժոուն նորից քնում են նույն վերմակի տակ: Սյու Ուն բուռն ցանկություն չունի նրա հանդեպ, բայց երկու մարմինները քնում են միասին՝ օսմանթուսի գինով տոգորված: Հաջորդ օրը նման է նրանց հանդիպման առաջին օրվան: Ձեռք ձեռքի շրջում են քաղաքում: Հիշում են, երբ առաջին անգամ սիրահարվել էին, և հասկանում են, որ ոչ ոք ոչինչ չի մոռացել: Սյու Ուն հասկանում է, որ կարող է միայն ներողություն խնդրել այս փոքրիկ աղջկանից: Քաղաքի ծայրին գտնվող թեյատներից մեկում հանդիպում են մի ծերունու: Երբ նա հեռվից տեսնում է Լին Ժոուին, վեր է կենում և մոտենում նրան: Ցանկություն է հայտնում կարդալ նրա բախտը: Սյու Ուն կարծում է, թե խաբեբա է, և ձեռքով նշան է անում, որ հեռանա: Մենք դրա կարիքը չունենք: Հիմա նա միայն մի բան է ուզում՝ պաշտպանել սիրելի կնոջը:
Բայց ծերունուն հնարավոր չէ տարհամոզել: Նայում է Լին Ժոուի աջ ձեռքի մատանուն և պնդում, որ նա հանի մատանին, որպեսզի ինքը կարողանա զննել այն:
— Գիտե՞ք ինչ են նշանակում այս բառերը: — Նա քրթմնջում է ինքն իրեն: — Այսքան երիտասարդ աղջիկ՝ ինչպե՞ս կարող ես այսպիսի ծանր բան կրել: — Այս ասելով՝ մեծ ձեռքի վրա պատճենում-նկարում է մակագրությունը, որպեսզի Լին Ժոուն և Սյու Ուն կարողանան տեսնել: «Մանտրա՝ մաքուր երկրում վերածնվելու համար»…
Namoamitabhayatathagataya… Սա վերածննդի հմայական խոսք է: Միայն մեռած մարդիկ պետք է սա կրեն: Ամբրոսիան նրանց վերջին կյանքի մեղքերը սրբելու համար է: Ծերունին տարուբերում է գլուխը:
— Դու չպետք է սա կրես: Դու չպետք է սա կրես:
Շանհայ վերադառնալուց հետո Լին Ժոուն և Սյու Ուն անում են այնպես, ինչպես ծերունին է ասել իրենց, և մատանին նվիրաբերում են Բուդդային՝ նրա արձանի ստորոտի առջև՝ նախասրահի մուտքի մոտ: Մի օր նրանք նույն երազն են տեսնում:
Այդ երազում Սյու Ուի մայրը առաջվա պես կարկատում է, բայց այս անգամ նա երիտասարդ է, ընդամենը քսան տարեկան: Լամպի աղոտ, դեղին լույսի տակ նա զննում է Սյու Ուի հոր շորերը՝ անցքեր փնտրելով: Հանկարծ հասնում է վերնաշապիկի գրպանին և այնտեղից ոսկե մի մատանի է հանում: Ձեռքին պահած զննում է այն: Մատանին նրան դուր է գալիս: Նա այն դնում է իր մատին:
Տասնութ ամիս անց Լին Ժոուն առողջ մի տղա է ծննդաբերում: Սյու Ուն նրան անվանակոչում է Սյու Էնցզի, որ նշանակում է՝ Բարերարությունը շարունակվում է:
Մատանին, իսկապես, շատ տարիներ առաջ գերեզմանում գտնվող մի դիակից էր հանվել: Թե ով էր գերեզմանում, հնարավոր չէր եղել պարզել: Բայց ասում էին՝ դա հենց իր՝ օրիորդ Էնզեի, Ցյանլուն կայսեր ամենասիրելի հարճի մարմինն է: Գերեզման կողոպտողները մատանին վաճառել էին ոսկերչին: Երբ նա հիսուն տարեկան էր, հանդիպեց այն հիմարիկ աղջկան: Աղջկա փորն ուրիշ մեկն էր կլորացրել, բայց նա վիժում էր, երբ սայթաքեց ոսկերչի կրպակի առջև: Ոսկերիչը փրկեց նրան և մի մատանի տվեց, որ դնի, մատանի, որը կկանխեր հետագայում հղիանալը: Նա աղջկան պահեց իր մոտ: Ոսկերիչը երբեք չէր նայել, թե մակագրությունն ինչ է նշանակում, ոչ էլ մտադիր էր եղել: Աղջկա մահից և նրա մարմինը դիակիզելուց հետո Սյու Ուի հայրն այդ տարօրինակ մատանին գտավ մոխիրների մեջ: Նա մտադիր էր մատանին վերադարձնել ոսկերչին՝ երբեք չմտածելով, որ իր նորապսակ կինն ինքը կգտնի այն ու կկրի իր մատին: Սյու Ուի ընտանիքն այն ժամանակ այնքան աղքատ էր, հայրը մոր համար երբեք այդպիսի բան չէր գնել: Եվ հայրը որոշեց պարզապես կնոջը տալ այն՝ որպես նվեր: Այդպես էլ եղավ: Ժամանակին որպես հակաբեղմնավորիչ ծառայող մատանին, որի վրա Վերածննդի մանտրան է մակագրված, վերջին հաշվով փոխանցվեց Լին Ժոուին:
Սյու Ուն և Լին Ժոուն ոչինչ չգիտեն այս պատմության մասին, բայց նրանք դեն չեն գցել մատանին, այլ արել են ծերունու ասածը: Ի վերջո, մատանին էր, որ նրանց համար հասկանալի դարձրեց՝ մատիդ մատանին կարելի է փոխարինել մեկ ուրիշով, բայց սերը և կողքիդ գտնվող մարդուն երբեք հնարավոր չէ փոխարինել:
Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի
