Արթուր Միրզոյան | Մատյան Հեգնության

Արթուր Միրզոյան

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Մատյան Հեգնության

Ահա, սկսումեմ իմ երգը` ամենեւին ոչ երգեցիկ,
Եւ խոսքն իմ, որ հեչ խոսքի նման չէ:
Ես սկսում եմ այն, որը վերջացնում են բոլորը,
Եւ փակում նրանով, որով ամենքն են բացում:
Դա ծիսական մի բան է, որ
Ես էլ չեմ հասկանում, բայց անում եմ
Մեքենայորեն, քանի որ այդպես պիտի լինի:
Ահա սկսում եմ ես դատարկության աղոթքը
Համամարդկային, սեղմումի, երբեք` լայնացման
Աղոթքն եմ անում, որ հետո
Չմնան սերունդներ ինձ հարգող,
Ես հորինում եմ պատումներ տխմար:

Դա է իմ առաքելությունն ու դերը`
Անփույթ բացակայության գովքը:

Սրտիս բնավ ոչ ողբաձայն բայց բարձրուղեշ`
Սեքվոյայի սաղարթի նման,
Աղաչանքների փունջն իմ դատարկ
Ուղարկում եմ Քե’զ,
Լցվածի Աստված:
Աղոթում եմ քեզ, որ ես էլ լցվեմ,
Բայց դատարկությամբ
Ոչ իմ գոյության,
Ոչ այն աշխարհի,
Որ դեռ զիգոտ է:
Ես աղոթու՛մ եմ Քեզ,
Բայց չեմ ուզում
Լսել
Աղոթքի ձայնն իմ բարձր`
Գալարափողի ձայների նման,
Այլ միայն Քեզ ու Լռությունը
Քո։ Ուզում եմ լսել անվերջ,
Քանի որ հեռու բաների մեջ, որ
Դեռ չգիտեմ,
Քո հորինվածքն է:
Արքետիպերն եմ ուզում քեզանից,
Քո գծագի’րն ինձ տուր Դատարկության:
Ես աղոթում եմ Քեզ հանուն
Այն բանի, որ դեռ չի ծնվել ու չկա:
Ես աղոթում եմ հանուն ապաշնորհ
Երիտասարդության,
Հանուն իմ էշության ու Քո լռության.
Հանուն բացակայության, նիհիլի,
Մերժման,
Աղոթու~մ եմ Քեզ, հանուն Քո
Փառքի, որ լցնելուց զատ
Դատարկում է:
Ես աղոթում եմ հանուն Լռության,
Ես աղոթում եմ հանուն ինձ ու Քեզ,
Ես աղոթում եմ առանց Քեզ էլ,
Բայց դա արդեն ուրիշ պատում է:
Ես աղոթում եմ,
Որ էլ չաղոթեն ուրիշները Քեզ,
Ես աղոթում եմ, ոչ որովհետեւ վախեցա,
Այլ որովհետեւ չճանաչեցի:
Բայց անգամ սպիտակ հագած`
Հիմա ինձ ես չար չեմ զգում ու
Անգամ քո կնիքը ինձ մեղավոր դարձնող չի:
Ես աղոթում եմ նրա համար,
Որ մեղավոր չլինեմ,
Բայց դա այն մեղքը չէ,
Որ նրանք կարծում են:
Ես աղոթում եմ, որ աղոթեմ,
Որ չաղոթեմ հետագայում:
Ես աղոթում եմ որ դատարկվեմ,
Որ լցվեմ նորից,
Ես փշուր-փշուր ծակում եմ ինձ,
Ճղում եմ էգո-ս, որ
Ապացուցեմ.
Քարի մեջ արյուն կա:
Ես աղոթում եմ, որ լուռ մնան
Այլք
Ու լռում եմ, որ թողեմ՝ խոսեն։
Հա՛, լռում եմ, բայց ոչ բռնաբար,
Ոչ նրանից, որ հոգնել եմ խոսել,
Կամ որ չեն թողնում։
Լռում եմ դատարկությունից,
Լռում եմ չափից շատ բացակայության պատճառով,
Իմ էշությունից եմ լռում,
Լռում եմ Քո լռությունից։
Կծկման, ներփակման, սեղմման,
Կորուսման, ինտրոյի համար եմ
Լռում։ Լռում եմ, որ չլայնանամ,
Որ չհայտնվեմ, որ դուրս չընկնեմ,
Լռում եմ, որ ձգվի յոթերորդ օրը,
Որ չգա հերիք-ը, որ չգան առավոտն
Ու Բարի լույսը, որ ինձ համար
Մնա գիշեր։

-Թաղեմ քեզ, մտնես գետինը։
-Թքեմ նամուսիդ։
Չորս՝ ծանր ինչպես․․․
Երեք՝ ոչ այնքան։

 

***

Էշին նստած
Ու յուր երկար վարսերն
Ազատ՝
Տրված քամուն արագության,
Անցնում է նա
Հին փողոցով։

Քամին դանդաղ
Քշում-տանում է
Տերեւները խշշան
Ու չորացած։

Պառավներն
Ակռապլիկ բերանները
Չխկացնելով
Բայում են։

Քամին վարսերին է խփում,
Իսկ նա դանդաղ
Անցնում է:

Տերեւները ու՞ր են գնում։

Հայացքը ասես
Լորձով պատված լինի։

․․․Քահանաները՝
Անիծող հայացքներով,
Կանայք՝
Դեմքերով զարհուրած․․․

Հոգնած հոգիները
Խաղալիք են գտել։

Անցնում է նա՝
Վարսերն ազատ,
Բաց աչքերով։
Նստած էշին,
Սպիտակ իր հագուստով,
Որ թրթռում է,
Ինչպես պոչը նապաստակի
Վազքի պահին։

Թքում է դեմքին
Մի պտղունց աշխարհը։
Անարգանքի ծո՜վ։

Դանդաղ՝
Թափորի նման
Անցնում է
Նա, եւ
Տղաները վեցտասնամյա
Թաքուն հայացքներ են գցում։

Դոշակի տակ ու վրա
Կճեպից ներս ու դուրս
Ապաստան չունի։

․․․Նա, ով կույս չէ,
Ում խնձորը կծած է,
Բժոտ չեն ում աչքերը․․․

Ով եղել է արեւադարձներում
Հյուսիսային ու խեցգետնի,
Ով պատռել է թաղանթն ու
Պատը քանդել է,
Անարգված գնում է

Հեռու մի տեղ
Ուր ինքը չկա,
Ուր չկա ոչինչ։

Հիսուսի նման՝
Բաց ճակատով,
Էշին նստած․․․

․․․Նա, ում դեղին բանանի
Կճեպը հանած է,
Ում ծիրանի կորիզը
Կոտրել են,
Ում վարդագույն կոճակը,
Կամ նարնջագույն թոկը
Արձակած է․․․

Նա, ով գիտի թելել ասեղ,
Ով մեղանչել է,

Լավ է՝ խաչվի։

Այրե՜ք նրան խարույկին,
Նրա՛ն, ով
Ողջախոհության վարտիք
Չի ձուլել։

․․․Մաքու՜ր,
Դատա՜րկ աշխարհներ,
Ուր չեն ձեւավորվել լեռները․․․

Նա, ով կույս չէ,
Գողգոթա է բարձրանում։

 

***

Ես եկա այստեղ շատ հեռվից
Ու այդ հողը գտա այստեղ։
Ցանեցի
Զգուշորեն
Հատիկներն այն բաների, որոնք
Ծնվել էին մեջս,
Կաղապարներ հորինեցի,
Հուշիկ-հուշիկ
Դրեցի իրերի սկզբնական քաոսը
Խորանարդաձեւ տուփերի մեջ,
Հորինեցի Սուպեր էգո-ն
Ու ասացի․
«Բարի է»։
Ու մեծացավ նա
Ու ճյուղավորվեց
Ու դուրս ելան ոստերը նրա
Տուփերի միջից, որ իր
Էությունն էին ու տարածվեցին
Տիեզերական ջրերի վրա,
Ջրերը նեղացան, գնացին։
Փոթորկեցի գաղափարների
Տարափ, ու յոթ հազար գիշեր
Ջրհեղեղ արի,
Ծնեցի Իդ-ը։
Նեղացա ինքս ինձնից,
Ջղատվեցի, պոկվեցի,
Նետվեցի լայնացումով
Արբելու ու կուլ տալու
Ամեն շերեփ օտարությունը։
Մածուցիկությունը սիրեցի իրերի
Ու բանաստեղծության
Էսթետիկան մոռացա։
Պայքարեցի իմ դեմ,
Երկրաշարժ եղավ,
Աշտարակս քանդվեց։
Կտորներս դարսեցի կաղապարների մեջ,
Բայց պայթեցին, ինչպես
Ծովափի քարերը Երկնային թագավորությունում։
Ու ասացի․
«Չար է»։
Թքեցին իմ դեմքին,
Լցրեցին անարգանքը
Պղնձե թասը։
Կորեց, մեռավ,
Ցնդեց
Մի կաթիլ ամոթս։
Չորացած, ամայի
Այդ հողում քնեցի
Հանդարտ
Ու երազի զառանցական
տենդում դարձա
Էգո։

 

***
Ես  լսում էի լռությունը՝
Որպես չասված խոսքեր,
Որպես կտորտանքներ
Արեւի՝ կոտրված ապակու մեջ
Ու որպես հյուսած թեւնոցներ։
Դա նրանց աշխարհն է
Ինքնախաբեությամբ լի
Եւ աշխարհը ես էի
Մի օր։
Ինձ համար բաց էր տիեզերքը
լռության
Ու գծված՝ փոշոտ կավճով։
Արժանապատվությամբ
Զգուշորեն հպում էի գրիչը
Թղթին,
Երբ թանաքը ուզում էր
Փչացնել այն։
Անառակին քնքշորեն համբուրում էի՝
Նրան վիրավորելով։
Եւ արվեստը անառակ է
Միշտ։
Տգեղորեն վեհանում էի
Ու պղծում անգամ քեզ
Ժամանակին,
Բայց դա անգամ կարեւոր չէ
Այսօր, երբ դատարկ շշերը
թթվածնի
Զնգում են։
Արի քայլենք մի փոքր
Այս բռնաբարված տիեզերքում,
Որի դահիճները մենք ենք։
Արի ստիպենք,
Որ թուղթը ճռռա կրկին
Ու անառակաբար եկ
Լիզենք թանաքը նրա վրայից։
Արի ծիծաղենք մարդկության
Վրա, չէ՞ որ այն այնքա՜ն
Զավեշտալի է կառուցված։
Եկ փչացնենք արժեքները բոլոր
Անխտիր, խազեր քաշենք
Դավթի մերկ ազդրերին,
Եկ բարձրացնենք մի նոր
Սրբապատկեր։
Բարեխոսությամբ բոլոր
Հարբեցողների,
Պոռնիկների ու օրինապահների
աստծո,
Եկ ճնշենք թուղթ ու մագաղաթ,
Որ վաղը մի բան գոնե փչացրած
Լինենք։
Արի կոտրենք էսթետիկան,
Բայց պահենք փշուրները
Մի տեղ,
Քամուն տանք դրանք,
Թող քշեն երկինքները հեռու։
Թող մի տեղ գեղեցիկը ծնվի,
Բայց ոչ այս գժանոցի
Մեջ։
Թող լռությունը դառնա լեզուն
Միակ,
Եւ չի լինի դերբայներ
Ու ածականի համեմատության
Աստիճաններ հորինելու կարիք։
Խռմփացնե՛նք եկ
Գռեհիկ պառավների պես,
Որ ձայներ չլսվեն ուրիշ։
Ե՛կ
Լսենք լռությունը
Որպես խոսքերի
Բացակայություն,
Երբեք՝
Չասված խոսքեր։
Արեւին մարել ստիպենք
Եկ,
Որ մնանք խավարում
Ու այդժամ չտեսնենք այլեւս
Երազներ,
Որ չարթնանանք սարսափից այլեւս
Ու ջրին ապուշություններ չպատմենք
Հորինված,
Որ ջրին ոչինչ չպատմենք։
Արի պայթեցնենք ամբարները բոլոր,
Որ չկուտակվի ոչինչ,
Որ հոսեն
Ժամացույցներն անգամ։
Հերն էլ անիծած,
Արի կուլ տանք
Այդ գրողի տարած
Էներգիան մութ,
Որ տիեզերքին
Հիացած չնայենք։

Արի անենք դա,
Որ հետո չմնա ոչինչ։
Արի գրենք
Վերջին գիրքը,
Որ այլեւս գրքեր
Չգրվեն։

 

Անկախության հռչակագիր

Վեց անգամ ինձ արին սրախողխող
Ու ծնվեցի։

Մեռել է գոյությունն արդեն ու միայն
Անգոյի սիրունությունն է մնացել,
Ժանգի էսթետիկան,
Մեռնելու վեհությունը տխմար,
Որ իրականում
Ճարտարապետություն է։
Եւ Տարածությունը հաղթող է
Այնտեղ
Ու չկա Ժամանակը։
Եւ Ժամանակը մեռել է։
Փա՜ռք Տարածությանը
Կենսազուրկ։
Փա՜ռք սեղմմանը։

Այնտեղ չկա գեթ մի
Բան, ու չկա
Ոչինչ՝
Բառի ամենաակնհայտ իմաստով։

Վեց անգամ էր պետք ինձ սրախողխող անել,
Որ նոր ծնվեի։

Ու ծնվեցի՝
Բացեցի աչուկներս պստիկ,
Բայց արդեն ոչ
Ճպուռի մեջ թաղված։
Կտրած պորտալարով
Ծնվեցի այս անգամ՝
Այնտեղ, իմ ուզած երկրում։

Եւ թող լսեն ազգերը բոլոր,
Թե ինչպես չեմ հեկեկում
Ու ինչպես չեմ լսում
Ձայները,
Որ հռչակում են երկրներ
Տխմար, օրենքներ տխմար,
Ու ազատություններ տխմար։
Ես հռչակում եմ մետաֆորիկ երկիր,
Որտեղից երբեք չեն արտագաղթում։
Փա՜ռք Խցանվածի երկրին,
Զի այն լավ է քան Սղության երկիրը,
Քան Բավության երկիրը
Ու թե հաճենաք՝ քան Լիությանը։

Թքած ընթերցողի վրա,
Նա մեռել է։


Երգ․ցերեկային

Եւ ինչ-որ լավ բան կա
Իմ մեջ, երբ ես մտածում եմ
Արեւների
Մասին․․․

․․․իմ մեղսավոր որդիք,
Եկե՛ք ձեր սիրելի
Հոր մոտ,
Եկեք այն երկիրը, որ ձեզ խոստացա,
Իմ պստիկ խրճիթ, իմ արեւային մարմին,
Որն արեւային եմ կոչում
Ավելի լավ զգալու համար
Սովորականից։

Այս ամենը գթառատ սուտ է․
Ասելը ձեզ, որ դուք կաք
Ու ձեզ ստիպելը լինել երջանիկ
Երբ նայում եք ինձ՝
Ձեր արեւային հորը,
Իմ մեղասավոր արեւք։

Օ՜, Յուպիտեր։

Ես ձեզ կստիպեմ ձեթ լացել ինձ համար,
Եւ կխեմեմ
Ձեր ողջ սերը
Իմ հանդեպ, եւ կրկին այրել ստերս,
Կրկին սիրել ինձ։

Այս ամենը սուտ է․
Շողալը աստղի պես, երբ
Առավոտ է։

Եզրափակում․
․․․եւ ինչ-որ տխուր բան կա
Աշխարհում,
Երբ այն սովորեցնում է մեզ երազել
Աստղերի մասին։

 

***
Դու կիմանաս, հուսամ, այն ամենն, ինչ չի եղել
մինչ այդ։
Հուսամ։

 

***
Այնբոլոր ծտերը, որ ծլվլում են
Թվիթերում,
ունեն
սեւ մազեր,
իսկ քո մազերը
կարմիր են․
ահա այստեղ է սկանդինավյան քաղաքակրթության
ողջ ողբերգությունը։

 

***
Դեղնակապույտ խիճին՝ Սեւամորեգույն երկաթից

Ես ու դու՝
Այդքան նման իրար։
Ջիղերով իրարից պոկված ու սերտաճած՝
Արմատներով։
Բայց ինչ-որ ուժ մեզ վանում է։
Մենք իրար օտար ենք
Արդ։
Սիամական երկվորյակներ։
Մեզ պոկել են իրարից։
Ճղել են, պատռել են կաշին ու բզկտել են միսը։
Մեզ որբացրել են, քույրս, սիրելիս։
Կտրել են պորտալարերը մեր,
Բարեկա՜մս, շպրտել են մեզ առնետների նման փորձասենյակի
Նողկալի չարակամները աշխարհի երկու բեւեռները դեպ։
Եւ գոռացել ենք մենք ու լաց ենք եղել, քույր, եւ ատել ենք իրար մենք անմիտ։
Եւ սպանել ենք իրար ու մեռել ենք, ու արյուն ենք հեղել։
Ես ու դու որքա՜ն հեռու ենք,
Բայց որքա՜ն առնչվում ենք իրար։
Իրար մեջ խառնվում ենք, իրարով շնչում ենք։
Հպվում ենք, վանում ենք իրար, բարեկամս, արյունս, թշնամիս։
Դու այսօր որքա՜ն դեղին ես ու կապույտ
Եւ ես՝ այնքա՜ն սեւ ու մորեգույն։
Բայց ես ու դու ի բնե մի գույն ենք,
Թեեւ դրա անունն էլ չեմ հիշում։
Մենք խառնվում ենք, լցվում ենք, դիպչում ենք,
Վերադառնում ենք, ցնդում ենք, վիճում ենք,
Մեռնում ենք ու կրկին հառնում ենք։
Ես ու դու նման ենք իրար,
Եւ իրար մոտ ենք այնքան։

 

Share Button

6 Կարծիք

  • Աշոտ Գաբրիելյան says:

    Հավատում եմ էս տղային, պինդ է, թոքերը տեղը, շունչը չի կտրվում: Կարևորը, որ ինքն իր նկատմամբ հավատը չկորցնի: Երես տալ է պետք:

  • Արփինե Կիրակոսյան says:

    Ապրես Արթուր! Հետաքրքիր ոճ ունես, հատկապես հավանեցի երրորդը, չորրորդը և վերջինը։ Շարունակիր նույն ոգով !!!

  • Սեդա says:

    Արթուր ջան, շատ ապրես դու։ Մտածել ես տալիս, զգալ ես տալիս, ոգևորում ես․․․ շատ ապրես։

  • Կարեն Անտաշյան says:

    Լուրջ պոտենցյալ եմ տեսնում, քեզ գտնելու ուղղության վրա ես, պետք է անշեղորեն հավատարիմ մնալ ներքին ծրագրին՝ ճիշտ տեղ հասնելու համար:

  • Ոսկեհատ says:

    Անչափ տպավորիչ էր,պատկերավոր ու յուրօրինակ….վաղուց նման ինքնատիպ հեղինակի չէի կարդացել …

  • Ու մի պարզ խորհուրդ էլ, որ մոռացան տալ: Պարզապես չգրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *