Հայկ Հովյան | էրիվան noir: Նժդեհյանա

Օգոստոսը կեսն արդեն հատել էր:
Էրիվանի բնական ամֆիթատրոնը վեր էր ածվել շիկացած թավայի ու փողոց նետված մարդկանց հալեցնում էր ասես կարագի կտորների: Հալեցնում էր այնպես, որ նրանցից միայն ճենճոտ հետքը մնար:
Աստաֆյան ու Դոկտորսկայա փողոցների խաչմերուկում պնդոտ խցանում էր: Էրիվանյան հաշվետվություններում խցանմանը երբեք խցանում չէին ասում, այլ դանդաղ շարժընթաց: Էդպես կարելի էր ձև տալ, թե ամեն բան կարգին է, ոչ մի խցանում էլ գոյություն չունի, և ոչ էլ կարգավորման անհրաժեշտություն կա, քանի դեռ մեքենաները հաջողացնում էին սողալ կրիայի արագությամբ:
Մաշված մոպեդը մի կերպ խցկվել էր Տոյոտա Քեմրիի ու ամորտիզատորները թափած բեռնատար գազելի արանքը: Գոնե էդպես կարելի էր այրող արևից փոքր ինչ պաշտպանվել: Խաչմերուկի բերանին` հոծ գծերի վրա, լռվելն իհարկե սպառնում էր տուգանային միավորներով, բայց դա կարծես թե չէր հուզում մոպեդը հեծնածին: Գազելի քառանկյուն բեռնախցիկի կողապատը մրի մեջ կորած էր: Անիվներին մոտ մուգ շականագույնից բարձրանում էր մինչև մեքենայի տանիքը` հազիվ երևան հանելով գործարանային գույնը:
Ձեռքը տարավ փոշոտ մակերեսին ու ցուցամատով փորձեց գիծ քաշել: Մրուրը պնդոտն էր, բայց մի կերպ տրվեց մատների ճնշմանը:
Սկզբում փոքր եռանկյուն, ապա կողքին ավելի մեծը: Վատ չէր… մնաց մեծի գագաթը ձյունով ծածկել:
-… մեր լեռն ա, մեր լեռն ա, մեր լեռն ա,- սևացած մատերը ռիթմիկ զարկում էին գազելի բեռնախցիկի մակերևույթին: Հատկապես էդ կտորը շատ էր սիրում` հաճույքից գլուխը տմբտմբացնելով,- մեր լեռն ա, մեր լեռն ա…
Լուսաֆորը փոխեց կանաչի ու մետաղյա տաշտերը մռնչոցով նետվեցին առաջ: Առաջին շարքը, երկրորդը ….. ձեռքն արագ ետ քաշեց շարժվող գազելից, ռեզինե հողաթափը սեղմեց ոտնակին, ու մոպեդը շպրտվեց առաջ` ետ չմնալով երթևեկից:
Խաչմերուկի կենտրոնում դժոխքի կաթսա էր, քշում էին ըստ սրիկայության աստիճանի` ով ինչպես կարող էր:
-Քաշիր վրես… բե´ս ,- քիչ էր մնացել մանուշակագույն փաթթոցը գլխի վրայից թռցներ….ուղղեց` քթի տակ մրթմրթալով դիմացը կտրած անթրաշ ջահելի ուղղությամբ, ապա ձեռքը տարավ մոպեդի նավախելին փակցված տանկիստի գլխարկովի նկարին ,- ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը…
Ռաջն ընդամենը երկու լեզու գիտեր` Հ1-ի ոսկեղենիկ հայերենն ու 14-ի կռուգի մատը:
Մազերը սաթ սև, բեղերը ցից-ցից, մաշկը Քենդիի 80%-անոց դառը շոկոլադ… էլ ինչ էր պետք զատվելու համար Էրիվանի իրենց բարձր սորտ երևակայողներից` երևի մեկ էլ անգլերենի բենգալյան ակցենտի առկայությունը, բայց ճակատագրի բերումով Ռաջը չգիտեր անգլերեն և ոչ մի բառ:
Բայց գանք ամենասկզբից:
Պատմական ընթացքը Էրիվանում ձևավորել էր երեք կաստա:
Քաղաքում արդեն ոչ ժամանակավորապես հաստատված ռուս միգրանտներն առաջին սորտն էին համարվում: Նրանց քիմքին ու ճաշակին էին փորձում հարմարվել Էրիվանի բիզնեսն ու սպասարկման ոլորտը: Ում ձեռքին ճար կար, փորձում էր սիրաշահել նրանց ու մի պատառ ավել փախցնել:
Ռուսներն ունեին փող, քմահաճ պահանջներ ու կայսերական ամբիցիաներ, բայց չէին համարում Էրիվանն իրենց քաղաքը: Հյուսիսից եկածների մտքերում այն շարունակում էր մնալ փլվող կայսերության մի հեռու ծայրագավառ, որտեղ պատրաստ են հյուրընկալել իրենց, սնել ու մեջքները տրորել:
Էրիվանն իրենցն էր, բայց իրենց քաղաքը չէր:
Իսկ, այ, իրականում, ով քաղաքի տերն էր` բազմաչարչար ազգն հայոց, որ չնայած Էրիվանի թուղթ ու թամասուքով տեր-տիրականն էր, բայց դեռևս ինքն էլ չէր գիտակցում, թե այդ ինչպես է սեփական քաղաքում հայտնվել երկրորդական դերերում ու անճարությունից ինքնահաստատման զայրույթը պարպում էր անդրծովյան եկվորների` երրորդ սորտ հնդիկների վրա:
Սրանք խոցելի էին ավելի, քան կարող էին լինել հրեաները հին Եգիպտոսում, և գերազանցապես զբաղվում էին այնպիսի աշխատանքերով, որոնք տիտղոսակիր տեղաբնիկներն էլ վաղուց հարիր չէին համարում կատարել:
Երեք խմբերն էլ առանձնապես չէին շփվում միմյանց հետ, թեև ապրում էին կողք-կողքի․ ամեն մեկն առանձնացած իր ուրույն գետտոյում և ոչ էլ ցանկություն ուներ առնչվելու մյուսների հետ:
Միֆն ու նախապաշարմունքներն էին միայն, որ պարուրել էին Էրիվանում բնակվողների իրար մասին ունեցած պատկերացումները:
Ռաջն էրիվանում չէր ծնվել, բայց էրիվանյան մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությանը դժբախտաբար զոհ գնացած հորը կորցնելուց հետո մայրը նրան մի կերպ մեծացրել էր քաղաքի փողոցներում հավաքարարություն անելուն զուգահեռ… մեծացրել էր, որպես հասարակ մի էրիվանցի: Ինչ աներ խեղճ կինը, ինքն էլ մի առանձնապես չգիտեր, թե ինչ բան է հինդու մեծացնելը:
Տղան կիսատ պռատ հայկական դպրոց էր գնացել, Մարտի 8-ին ուսուցչուհու համար նվերի փող հավաքել, Թումանյան ու Սևակ արտասանել, գլուխը մի 100 անգամ տանը մոռացել ու ծխելու համար տնօրենի աշխատասենյակում ապտակ կերել:
Դպրոց էր էլի, թե էս զարգացած դարում անգիր անելու վրա հիմնված փտած համակարգը ինչ կարող էր սովորեցնել երեխային՝ Էրիվանի ջունգլիներում գոյատևելու համար:
Իսկ, այ, կյանքի իսկական դպրոցը դարձել էին Զեյթունի 14 կռուգն իր հարակից եզդիական թաղով, այլանդակության սահմանին բարքերով ու 4 հարկանի ցածր առաստաղով պանելայինի իրենց հարևան Օնիկ բիձեն` մի երդվյալ նժդեհական:
Բիձուց Ռաջը սովորել էր թե ինչ է հայը, շուն թուրքը, խոզ ռուսն ու տուտուց վրացին, ինչ նամակ էր գրել Նժդեհը Հիտլերին, ինչպես էր Տաթևի ձորը նետել բոլշևիկներին, ինչ բան է արիացին ու Խուստուփի արծիվը… անգամ տղայի 15-ամյակին հետը ուխտի էր տարել Սպիտակավոր ու սովորացրել տնական յաթրջի խմել:
Բիձու մահից հետո չէր գտնվի ողջ Զեյթունում մեկն, ով Ռաջից լավ իմանար թե ինչ է ցեղակրոնությունն ու Նժդեհի ուսմունքը:
Անգամ ստորագրություն էր հորինել իրեն` Զեյթունի Արծիվ, ու պտտում էր Զ-ի պոչը տառերի շուրջ:
Ռաջն էր` նժդեհական ու արիացի:

Մոպեդը հանեց մայթին: Խանգարում էր անցնող-դառնողին… «բայց վրեն»` քթի տակ մրթմրթած, Էրիվանն էր, որտեղ առանց զոռբայության մեկդ երկուս հաստատ չէր դառնա:
Շալվարը քաշեց վեր, դեղին տուփն առավ մեջքին ու նեղլիկ դալանով մտավ ներս:
Էրիվանի կենտրոնի բակերից էր, մեջտեղում տաղավարով ու բակի միակ կարգին տղու անունը կրող պուլպուլակով:
Կարգին տղերքն Էրիվանում որպես կանոն գետնի տակն էին վաղուց…
Բակում առաջին անգամ չէր: Անուշիկենց բակն էր: Դալանի կողքի մուտք, երրորդ հարկ, աջ կողմի դուռ:
Մի 50 անգամ արդեն առաքանի բերած կլիներ:
Հիմնականում շաուրմա, կծու թևիկներ, մի երկու անգամ էլ թոմ-յամ:
Ախ այդ Անուշիկը…. գլուխը տմբտմբացրեց Ռաջը:
Մազերի աջ կեսը կարճ խուզած, ձախ կեսը թունդ բլոնդի վրա… թվում էր թե աջ կիսագունդը դեռ պայքարում է անխուսափելի բլանձինկայացման դեմ, իսկ ձախն արդեն վաղուց է հանձնվել:
Ագրեսիվ սանրվածքը կենդանական աշխարհի նախազգուշացնող գունավորման պես հուշում էր սեռաքաղց որձակներին, որ գործ ունեն չափավոր ֆեմինզմի ու անձակենտրոն իրավունքերի մի պայթունավտանգ համաձուլվածքի հետ, ու ստիպում էր նրանց նահանջել` սիրալիր անվանարկելով «բոզի շառ»:
Դասական ՀԿուհի էր Անուշիկը… անտանելի լաչառ, բայց որի հասարակական ակտիվությունը հիմնականում արտահայտվում էր շաուրմայի և տաքսու ուշացման դեպքերում միայն՝ բովանդակ Էրիվանը մայրուղի հանելու տեսքով։
Ռաջը հիշեց իրենց առաջին հանդիպումը, երբ Անուշիկի դելիվըրի-մելիվըրին հակադարձեց Նժդեհով` «Արդարացիորեն դատապարտում ենք օտարախոսներին, քանզի նրանց հոգիները նմանվում են պղնձի, որից հրեան զատել է արծաթը։ Ընդունում ենք, թե լեզուն միակ կամուրջն է, որ ձգված է մնում անցյալի և ներկայի միջև»:
Հանուն անկեղծության պետք է շեշտել, որ Նժդեհին ցիտելիս Ռաջը ճակատագրական սխալ թույլ տվեց…. արտասանեց` հայացքն Անուշիկի կրծքերին մեխած:
-Կարող ա դեմքիս նայե՞ս,- շխկացրեց լեգենդար շաբլոնը՝ էդ գիտեր միայն, բացի շշպռելուց այլ մարտավարական «սքիլեր»-ի առանձնապես չէր տիրապետում: Ինչևէ, անկեղծացումը շարունակելով՝ պետք է նկատել, որ եթե Անուշիկի վրա ինչ-որ նայելու բան կար` դա նրա կրծքերն էին: Մի երևելիություն չէին իհարկե, բայց Ռաջի վրա կաթնագույն մաշկը շշմեցնող ազդեցություն էր թողել:
Իսկական արիացու նախամայր էր Անուշիկը… համենայն դեպս այդպես էր թվում Ռաջին: Մորթը՝ կաթնագույն, աչքերը բաց գույնի, մազերը՝ խարտյաշ, թեպետ և ներկած… տեսնես իր նախնիներն է՞լ ժամանակին խարտյաշ ու կապուտաչյա են եղել` մտածում էր Ռաջը…. հաստատ-հաստատ, Հնդկաստանից մինչև Եվրոպա… իրենցը պետք է լինի աշխարհակալությունը, և ամբողջ մոլորակը պիտի դղրդա միացյալ արիականության ոտքերի տակ: Էդպես էր վանգում Օնիկ բիձեն…
Բայց դրա համար զավակներ են պետք, արիացի զավակներ … շատ, շատ-շատ… ասենք 5,6,10 , որքան շատ, այնքան լավ:
Անուշիկը կպարգևի իրեն 10-ը… ախ, այդ Անուշիկը: Գուցե՞ այսօր ստացվի մի քանի բառ ավել փոխանակել:
Շալվարը քաշեց վեր ու ձեռքը տարավ դոմոֆոն կոչեցյալին: 27B էր անհրաժեշտ հավաքել: Էրիվանցիները բաժանվում էին երկու խմբի… նրանք, ովքեր դրան կասեին 27 Վ, և նրանք, ովքեր 27 Բ: Ըստ Վ-ի ու Բ-ի առոգանության՝ Ռաջը կարող էր գուշակել, թե որքան թեյավճար կթողնի հաճախորդը:
Ցուցամատը դեռ չէր հասել մաշված կոճակին, երբ հետևից ձայն առավ:
-Ջիմի՜, էլի դո՞ւ արա… հլը արի…
Էրիվանի այդ արան… ատում էր Ռաջը դրա հնչեղությունը…. ինչպես կասեր Նժդեհը` «Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը»… իսկ խոսքն այդ նաիրյան արան էր, որ սերմանում ենք այսօր և վաղն ազգովին պիտի հնձենք…
Պտտվեց, քթի տակ մտմտալով` միշտ վեհ, ազնիվ, արիական մտածումներ, որոնք բյուրեղանում են որպես ուրախություն, ներքին հանգիստ, քաղցրություն՝ դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի: Նժդեհով տրամադրում էր իրեն։
Պուլպուլակի դիմաց 5-6 հոգի էին:
Ռաջը խոր շունչ քաշեց: Կյաժին արդեն երկու անգամ հանդիպել էր: Երկու անգամն էլ՝ Անուշիկի պատճառով:
Առաջին անգամ ինքն էր մոտեցել՝ Էրիվանյան սովորույթի համաձայն թաղի տղերքի հետ խոսելու, ներկայանալու, տեղեկանալու, ծանոթանալու, հավանություն ստանալու, գնալ-գալու ու օդերը բացելու:
Կյաժն, իհարկե, Ռաջին ուղարկել էր ճակատի խալի ուղղությամբ… էդ էր մնացել՝ Բոքսի Քուչա հնդիկ մտներ աղջկա թեմայով: Անուշիկն, իհարկե, «պո հույ» էր բակի տղերքին։ «Բոզի շառ» էր, եթե հիշում եք, այն էլ՝ վարձով ապրող, բայց թաղի «ճիշտ» դրվածքը պահանջում էր, որ չի կարա հնդիկը մտնի իրենց Քուչա։ Էդ Բոքսի Հայաթն էր, ապե ․․․․․
Գանդի-մանդի, կամասուտրա, քարի-մարի, Կրիշնա, Բուդդա, Զիտտա-գիտտա…. էն ամենը, ինչ Էրիվանում գիտեին Հնդկաստանի մասին, խառնել էին իրար, տվել Ռաջի ձեռքն ու ճամփել այնտեղ` չգիտեմ որտեղ:
Անգամ բացատրվելու հնարավորություն չէին տվել:
Ինչ գործ ունի Հնդիկը Բոքսի հայաթում…
Երկրորդ անգամ թեթև հրմշտոցով էր պրծել, բախտի բերմամբ պարեկներ էին պտտվել մոտակայքում…
Դե վերջը, այս անգամ խոսել էր պետք, վախերը հաղթահարել ու խոսել:
Հիշեց Նժդեհին՝ «Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է: Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում»:
Ուսից իջեցրեց դեղին արկղն ու քայլեց առաջ:
Մինչև պուլպուլակը մի 15-20 քայլ կար, ու Ռաջը քթի տակ մտմտաց․ «Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել որևէ հայ մարդու հանդեպ…»։
Չէ մի չէ, ինքն իրեն ստում էր․ պարզապես ծեծ չէր ուզում ուտեր, բայց հետն էլ ուզում էր պահպաներ Անուշիկի մասին մտածելու իրավունքը: Ուզածը մեծ բան չէր:
Կյաժը, ձեռքերը գրպանները դրած, սպասում էր: Էրիվանի ոսկե քյարթության մի դասագրքային ներկայացուցիչ էր Բորիսը, որ ռուս տատուց ժառանգել էր թեթև շատենին խփող մի մազափունջ ու մեկ էլ ոչ նաիրյան անուն՝ այն էլ տատի կամային հատկանիշների շնորհիվ։ Ինչ խոսք, դավալեցի Բարսեղ պապու անունը շատ ավելի կսազեր Բոքսի Հայաթի քայլող մունաթին, քան տատի ջահել ժամանակվա ով գիտե՝ որ սիրածի մասին այդ հիշատակումը՝ Բորիս ․․․
– Քեզ ի՞նչ ասինք էն անգամ, արա՛,- մի քայլ առաջ արեց։ Ֆիզիկապես ճնշել էր պետք՝ թաղային հոգեբանության քայլող ձեռնարկ էր Կյաժը: Մյուսները կիսաշրջան կազմեցին` արյան հոտն առած գիշատիչների պես:
Ռաջը կախեց աչքերը։ Գիտեր, որ սա սովորական լավ ապերների միջև դիմակայություն չէր` հավասարը հավասարին:
Հնդիկը « by default» հարիֆ էր Էրիվանում… էդպես էր աշխարհի կարգը:
Նաիրյան այդ քաղաքում մարդիկ ծայրահեղաբար կա՛մ լավ տղա էին լինում, կա՛մ հարիֆ կամ չմո… ինչպես նաև մեջտեղում դիրքավորված` նորմալ մարդ ու կարգին տղա: Հայերն իրար «առաջին հայացքից» լավ տղա էին ընկալում, մինչև դիմացինը չապացուցեր հանկարծ իր հարիֆ, չմո, կամ ավելի վատ` չաթլախ ու բոզ լինելը:
Իսկ Նաիրյան կոդեքսն ասում էր, որ հարգել կարելի է միայն լավ, կարգին տղերքին ու նրանց առջև է պետք խոսքերի ու արարքների համար պատասխանատու գտնվել: Հարիֆներին ու չմոներին խաբել, քցելը «մոմենտ» չէր Էրիվանում … աշխարհի բանն էր էդպիսին:
Ռուսները հայերի համար ի վերուստ հարիֆի պիտակով էին, բայց եթե կարողանային հիմնավորել իրենց կարգին տղա լինելը` կհարգվեին գրեթե հայ տղերքին հավասար ու նրանց քցելը չէր համարվի աստվածային մի շնորհ:
Ռուսներն ունեին իրենց աքիլեսյան գարշապարն իհարկե` խմելուց կորցնում էին հետանցքն ու վերածվում մոլոր կենդանու: Իսկ Էրիվանում խմած արարքների հանդեպ ներողամտություն չկար, և գինովցած չաթլախությանը նույնպիսի պատիժ էր հասնում ինչպիսին «օյաղ» չաթլախությանը:
Դե վերջը… ռուսներին բարդ էր վստահելը` կարգին տղուց մինչև չաթլախություն կես շիշ էր նրանց համար:
Իսկ հնդիկները … էհհհ, հնդիկները:
Հնդիկերն, ի տարբերություն ռուսների, «սուրբ» գրքի մարդիկ չէին, չգիտեին կոդեքսի և ոչ մի «ճիշտ», գաղափար չունեին՝ ինչ ասել է լավ տղա ու անգամ լսած չկային, թե ով է Վասյա Բրիլիանտը:
Հնդիկները հարիֆների հարիֆն էին, չմոների չմոն, և նրանց չէր փրկում անգամ լավ տղուն հարիր պահվածքը… աղջկա ասածն Էրիվանում ավելի «ասնավանի» էր, քան հնդիկինը…
Ռաջը խոր շունչ քաշեց: Միակ հույսը Նժդեհն էր:
Մի աստվածային կերպար, ում անունը թնդում էր Էրիվանով մեկ, նրա մասին խոսում էին ամեն պատի տակ և շիրիմին գնում ուխտագնացության:
Նժդեհը Նաիրիի պահապան հրեշտակն էր, հայրենասիրության ու նվիրվածության մարմնացումը: Նժդեհի անունից ավելի չարչրկված միայն մի բան կար Էրիվանում… Արարատը:
Էլ ինչը կարող էր օգնել Ռաջին համարվել գոնե նորմալ տղա ու Անուշիկին արժանի, քան Նժդեհի և ցեղակրոնության իմացությունը, արիացի լինելը: Չէ որ հայերն էին, որ ողջ աշխարհին փորձում էին հավատացնել, որ իսկական արիացիներն իրենք են, որ արիական նախահայրենիքն այս լեռներում է և որ իրենք արիական ճշմարիտ ժառանգներ են: Չկար Էրիվանում ավելի արիացի մեկը՝ քան Ռաջն էր ․․․
Ուռռա˜, ուռռա˜, ուռռա˜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա:
Նժդեհը Ռաջին օգնական…
-Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան,- խոր շունչ քաշեց` ինչ լինում է թող լինի….միայն ազնիվն է զորավոր ,- ես Անուշիկին սիրում եմ, ախպերներ… ճշմարիտ, ճշմարիտ եմ խոսում, ինչպես Նժդեհն է ասել` Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց:
Ես Անուշիկին եմ սիրում… ուզում եմ, որ մենք ապրենք ցեղորեն, ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ բերենք երկու նոր վրիժակների, հինգը, ութը, տասը: Մեր մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն մեզնով չեն վերջանա, այլ կշարունակվեն ու կծաղկեն մեզնով ու մեր ժառանգներով….Ես Ցեղաճանաչ եմ, և ահա գիտեմ, որ Մեծ է այս Ցեղը…
Ճանճ չէր տզզում Բոքսի Հայաթում: Պուլպուլակի ջուրը հորդում էր անշտապ ու արևը շիկացնում էր մետաղյա տանիքները:
Նաիրյան օգոստոս էր Էրիվանում:
Կյաժն ու մյուսներն անշարժ էին, լուռ նայում էին իրենց առջև ձեռքերը վեր պարզած Ռաջին:
«Միթե՞ կիրականանա Օնիկ բիձու մարգարեությունն իմ արիացի եղբայրք»․ Ռաջին թվաց, թե աշխարհը փոխվեց, Կյաժն ու տղերքը հրես իրենց գիրկը կառնեն գտնված եղբորը, Անուշիկը պատուհանից կժպտա ու կյանքը կդառնա հնդկական կինո` կերգեն իր սիրելի «Մեր Բակի» երգերը, կհավաքվեն Աշոտը, Հրանտը, Լալան ու օղորմածիկ Ինժեներ բալեն, Անուշիկը կգոռա` նու գավարի ժե, Ռաջ, ինքը կասի` Անուշ, ես քեզի… ու ամոթից կկախի գլուխը:
«Ախ իմ հարազատներ, մեր արիական միությունը կծնի բազում մանչուկներ, ցեղի ռազմիկներ ու աշխարհը կդողդողա մեր արիական ուժի դեմ, ինչպես Նժդեհը կցանկանար»` Ռաջի աչքերում քիչ մնաց արցունք երևար: Հանկարծահաս հովը պտտվեց բակով մեկ, շոյեց Ռաջի ճակատն ու սլացավ, գնաց հասավ Հնդկական օվկիանոսի ափերին` լուր տանելով, որ Ռաման, վերջապես հաղթելով դևերի թագավորին, գտավ իր Սիտային…
Արիական օգոստոս էր Էրիվանում:
-Գժվա՞ր, յոբընի … ստեղ նժդեհ-մժդեհ քունող չկա,- կյաժի կողքին կանգնած կարճլիկը տնկեց ձեռքը,- էս աղջկա թեմա ա, արա…
Ռաջը մտքում դեռ պարում էր իր մոգական պարը և երկնքից քիչ մնաց ընկներ ցած:
– Գիտի՝ ընտրարշավի ա եկել չաթոն ․․․ Նժդեհ ասում ա ,- անգամ չնայեց ասողն ով էր, կարծես հեռվից լսեր հավաքվածների հռհռոցը։
Ախր ոնց թե, բա Նժդեհն ու հայրենիքը, բա արիական ցեղն ու Անուշից ունեցած զինվորները, բա Էրիվանն ու Մեծն Նաիրին… ո՞նց չեն հասկանում:
-Ես ախր… Անուշիկին,- կմկաց:
-Լսար՝ քեզ ինչ ասինք, արա, էս հայաթ էլ չմտնես ,- Կյաժն էր, ձեռքի թզբեհը երկարացրեց,- Անուշ-մանուշ… դեղին յաշիկդ, Նժդեհդ վեկալում ու սիկտիր ես լինում…
Ռաջը չէր կարողանում հավատալ:
-Արի, արի հլը,- մեկը թևանցուկ արեց: Էրիվանյան թեմաներում միշտ լինում էր այդ մեկը, որ փորձում էր բարի ոստիկան խաղալ ու մի կողմ քաշելով՝ մտնել զոհի տամարը՝ փափուկ ուժ կիրառելով,- Կյաժի հետ գործ չունես… համեստ տղա էս երևում.. ի՞նչ մի եկել ընգել էս մեր քուչեքը: Քանի՞ անգամ քեզ ասենք, որ էս հայաթ աղջկա հարցով չմտնես: Չենք խուրդվելու հետդ` խի, ոնց, ինչի համար… Նժդեհ բան, տենց անուններ քիչ տուր։ Էստեղ լրիվ ուրիշ թեմա ա, ի՞նչ Նժդեհ․․․ էլի մերն ա, հարց չկա ․․․ Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ բան, իրանց ցավն էլ տանեմ, մեր մեծերը, մեր սրբություններն են, բայց դու ջոգի, որ էս ուրիշ թեմա ա։ Հայաթ ա, ապե ․․․ քուչա ա, օջախ ա, աղջկա թեմա ա, հարգանք ա, պատիվ ա ․․․ ի՞նչ Նժդեհ, ընտրարշավի չես եկել բոզը ․․․ մեկ ա, չես կարա հիմա դու էսքանը ջոկես, քո հասկացությունը էդքան չի: Տենց, իմացի, որ ճիշտը էս ա ու գնա խախանդ ճամփովդ…. եղա՞վ… Կյաժի հետ գործ չունես..
Լավ տղա ես հոգիդ բարի, Էսօր գնա, էգուց արի…,- ձեռքը դրեց Ռաջի ուսին:
-Կատակ ա անում, արա՛… հմի էլ չհելնես էգուց գաս ,- Կյաժի կողքին կանգնած կարճլիկը հռհռաց: Մյուսները հետ չմնացին:
-Բայց Նժդեհը …
Նժդեհը․․․․․ Տաղավարի երկաթե սեղանին շեղջված խաղաթղթերից մի քանիսը քամու թեթև տարուբերումից թափվեցին ցած: Էրիվանյան օգոստոսներում դեռ պատահում էին պատահական քամիներ, որ վրա էին հասնում խեղդող շոգերին։
Թզբեհի առաջին հարվածը կպավ հենց քունքին: Էրիվանում թզբեհով ծեծն ավելի վիրավորական էր, քան նույնիսկ անգամ թարս ապտակը։
Պրկված թելը կտրվեց ու հատիկները ցրիվ եկան բակով մեկ` սև, խամրած փայլով կտկտացին շիկացած ասֆալտին: «Բերդի գործ» էր հաստատ` բիլիարդի գնդից պատրաստված…
Թզբեհին հետևեցին բռունցքի հարվածները:
-Գիժ գանդոն… քեզ ի՞նչ ասինք,- Ռաջն էլ չէր լսում ոչինչ: Կծկվել էր գետնին ու մտքին մի բան էր միայն` կենդանի մնալ…Էրիվանում 10 հոգով մեկին շանսատակ անելը սովորական երևույթ էր․․․

Օգոստոսը կեսն արդեն հատել էր:
Էրիվանի բնական ամֆիթատրոնը վեր էր ածվել շիկացած թավայի ու փողոց նետված մարդկանց հալեցնում էր ասես կարագի կտորների: Հալեցնում էր այնպես, որ նրանցից միայն ճենճոտ հետքը մնար:
Մաշված մոպեդը լռվել էր գրողի տարած խաչմերուկում ու սպասում էր ուշացող կանաչին:
Արյունն ու քրտինքը հոսում էին հեծյալի պատառոտված շապիկի տակից: Ծանր էր շնչում։
Ռաջին թվաց, թե արևը կարծես խղճաց իրեն ու այրող ճառագայթները ետ քաշեց տապակվող ծոծրակից: Բարձրացրեց գոլած աչքերը: Արևը չէր:
Դիմացը ցցված երկնահաս արձանն էր իր ստվերի տակ առել Ռաջի ջլատված մարմինը: Հայացքը գցեց վարդագույն տղամարդու հատու դիմագծերին: Խիստ էին, բայց ոչինչ չասող։
Մյաս-նիկ-յան: Մի կերպ ընթերցեց:
Տեսնես ո՞վ է էս բարի մարդը, որ փրկում է իրեն արևից… ի՞նչեր է արել Էրիվանի համար.. երևի մեծ գործեր… Նժդեհից էլ մե՞ծ` հնարավոր չէ…
-Քշի´ արա… Ջիմի հո´շշշ ,- հետևից բղավեցին: Հայհոյականչ շչակները նույնպես չուշացան:
Ռաջն անգամ չպտտվեց:
– Հայերի խնդիրը այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ՝ որ կան թուրքանման հայեր ․․․
Հայացքը մի անգամ էլ ուղղեց վարդագույն արձանին, ապա ձեռքը երկարացրեց տանկիստի գլխարկովի նկարին։ Մի քանի ակնթարթ երկմտելուց հետո առավ այն, ճմռթեց և նետեց անմիջապես երթևեկելի գոտում ․․․
– Սիկտիր արա է ,- արնոտ մատներով սրբեց շաղվող աչքերը,- էս գանդոններին ոչ մի բանով չես գոհացնի․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *