Անրի Գրիգորյան | Մեղա քեզ, մեղու

Դուռը բացեցի, տենամ՝ տատս խալաթն ա փոխում։ «Դուրս կորի, շան թուլա», ոտը խփեց գետնին։ Էս մեր խելառ շունն էլ հետևիցս ընկավ։ Վազելուց կպա տատուս սիրած սափորին, որի վրա տկլոր աղջիկ էր նկարած ու որի մեջ մաման ցորենի հասկեր էր դնում։ Ես էլ ինչ միջատ գտնում՝ սատկացնում ու կերցնում էի էդ տկլոր աղջկան։ Դրսում մեղուները բզզում էին։ Ինձ չեն թողում մոտենալ փեթակներին։ Մեղուներին հեռվից եմ նայում։ Նրանց զորքերի եմ բաժանում ու կռվացնում իրար դեմ։ Ծիծաղից թուլանում եմ, երբ մեղուները իրար շանսատակ են անում։ Մամաս չի սիրում, երբ ասում եմ մեղուները զինվորներ են, իսկ ես՝ նրանց հրամանատարը։ Ա՛յ հոպարս կթողեր մոտենալ մեղուներին։ Նա զինվոր էր՝ իսկական մեղու։ Ես մենակ նրա նկարն եմ տեսել պատի վրա։ Մի օր տատս բռնեց ձեռս ու ասեց՝ «հոպարդ ա, մեծանաս՝ նրա նման կըլնես՝ սիրուն ու խելացի»։ Բայց տատս գիտի, որ ես խուժան եմ ու ավազակ։ Մաման դռնից նայում էր մեզ։ Ոնց որ էն մեր սեղանի կուժը ըլներ մաման։ Համա թե վախենալու ա, երբ տենց սառում ա։ Մի անգամ թիթեռի թևեր էի պոկում, երբ մամաս տեսավ ու այ տենց սառեց։ Մեկ էլ էն մեր ծառից եմ վախում մի քիչ։ Պուճուր վախտ՝ ավելի շատ։ Տակից հողը քաշվել ա, արմատները դուրս են հելել, ոնց որ առնետի հաստ պոչեր ըլնեն։ Երբ քամի ա փչում, նենց մի ձեն ա հանում՝ ուուու՜, փախնելս գալիս ա։ Էս քաջ մեղուներս էլ չեն թռնում էդ կողմերը։ Տատուս ոտքերի վրա էլ էդ արմատներից կան։ «Ախ երակներս, երակներս»։ Տատս բողոքում ա, որ կովը կթելուց թևերը պոկվում են։ Տատուս ձեռքերից միշտ կաթի հոտ ա գալի։ Երբ ինձ գրկում ա, պաչպչում, չեմ շնչում, դիմանում եմ։ Ինձ ասում ա՝ «քեզ շատ եմ սիրում, շան թուլա»։ Ա՛յ, եթե սիրուն ու խելացի չդառնամ՝ էլ չի սիրի ինձ։ «Պապի, պապի, սեր ի՞նչ ա»։ «Մածունի սե՞ր»։ «Մարդու՜»։ «Նույն մածունի սերն ա, բալես, ուտում-ուտում ես, պրծնում ա, քեզ մնում ա մածունը»։ Պապս մի զորք մեղու ունի։ Էնքան մեղու ա կծել, որ ուր էլ ձեռ տաս՝ քար ա։ Նրա մեջ ծաղիկների հյութ ա հոսում, որ հավաքում են էս շան թուլա մեղուները դաշտերից։ Էդ հյութը հասնում ա նրա սրտին ու սրտի մեջ մեղր դառնում։ Էդ մեղրից էլ նոր մեղուներ են դուրս գալի ու բզզում։ Դրա համար պապս մի քիչ բզիկներով ա։ Երբ ձմեռը գալիս ա, փեթակները իջացնում են նկուղը։ Ա՛յ էդտեղ էլ քնում են մեղուները։ Ամառը լավ ա, համ էլ լիքը միջատ կա։ Ու՜խ ինչ լավն են էն սև աչքերով կարմիր միջատները։ Եղևնու փուշը խրում էի նրանց հետևն ու նայում, թե ոնց են տանջվելով քարշ գալի էդ դմբոները։ Իսկ ձմեռը գլուխս տանում են՝ կամաց քայլի, մի աղմկի, խելոք մնա, մեղուները կզարթնեն, ու՜ֆ, էռնակ զարթնեն, հերիք չի՞ քնեն։ «Չի կարելի, դմբո, եթե զարթնեն, կմտածեն գարուն ա էկել, իսկ դրսում ձմեռ ա, ծաղիկ չկա, ու կարոտից կսատկեն»։ «Պապի, ի՞նչ ա կարոտ»։ «Մամա, ի՞նչ ա կարոտ»։ «Տատի, ի՞նչ ա կարոտ»։ «Սրտիս հետ գնա հա՞»։ Երևի մեծերի բանն ա էդ կարոտը։ Ուրեմն անհամ բան ա։ Մի բզեզ ընկավ մեջքի վրա։ Ծիծաղից թուլացա։ Գեշ ոտքերը ա՜յ սենց շարժում էր, չէր կարում շուռ գալ։ Մի փետ վերցրի ու կոխեցի դրա փորը։ Մեղուն ուրիշ ա։ Էռնակ մեղու ըլնեի։ Ու՜խ, էնքա՜ն կծեի պապուս։ Իրա ամենասիրած մեղուն կըլնեի։ Ամենաուժեղ զինվորը։ Մամաս վայ թե չսիրեր ինձ։ Դե չի ուզում, որ զինվոր դառնամ։ Երբ հարցրին ինձ՝ ինչ ես դառնալու, ասի՝ զինվոր։ Բոլորը խնդացին։ Մամաս՝ չէ։ Թաքուն նայեցի հոպարիս։ «Պապի, հոգին ի՞նչ ա»։ «Հոգին մարդու մեջ ա»։ «Մարդը էրկու հատ ա՞»։ «Հա, մեկը էրևում ա, հրես՝ ձեռ ու ոտ ունես, մյուսը քո մեջ ա»։ «Փորիս մե՞ջ»։ «Հա՛, հա՛, հոգիս հանեցիր»։ «Էդ ո՞նց, ի՞նչ կըլնի, եթե հոգին հանեն»։ «Մարդը կմեռնի»։ «Հոպարի հոգին էլ հանեցի՞ն»։ «Հա»։ «Էդ ինչ փիս բան ա էդ հոգին, համ չի էրևում, համ էլ հեշտ ա հանվում»։ Էդ գիշեր չկարացա քնել։ Էռնակ հոգիս ի՞նչ տեսակ ա, ու՞մ ա նման, տենաս ինձ ա նմա՞ն, հոպարիս ա նմա՞ն, տենաս պի՞նդ ա նստած մեջս։ «Պապի՜, պապի՜»։ «Չմոտենաս», գոռաց փեթակի մոտ։ «Պապի, մեղուներն էլ հոգի ունե՞ն»։ «Ո՞նց չունեն, ամեն շարժվող բան էլ հոգի ունի»։ «Իյա, ավտոն է՞լ»։ «Հա, ավտոյի հոգին բենզինն ա»։ «Հոգին էլ կարա պրծնի՞»։ «Հա»։ «Բա ի՞նչ անել, որ շուտ չպրծնի»։ «Պըտի մեծ հոգի ունենաս»։ Պապս սկսեց փսփսալ մեղուների հետ։ Տենց մեկ էլ տատուս հետ ա փսփսում։ Մենակ իրանից ա վախում։ Տատը ինչ ասում՝ անում ա, ձեն չի հանում, մի հատ թութ կծամի, մի գդալ մեղր կլպստի ու կանցնի գործի։ Տատս էլ համ ջղայնացած կխոսա, համ գործ կանի, համ էլ կտենա, որ հելել եմ աթոռին ու աթոռից ուզում եմ հելնել սերվանդին՝ «շուտ արա՝ իջի, շան թուլա»։ Տատս շատ քիչ ա ջղայնանում վրես։ Երբ կռվում են հետս, ինքը թաքուն ճակատս ա պաչում, հետո միսս ա պոկում՝ «էլ չանես տենց, շան թուլա, շատ էլ որ սիրում եմ քեզ»։ Երբ տատս գտավ ջարդված սափորը, գոռաց՝ «վու՜յ, ամա՜ն, քոռանամ ես, շան թուլեն ա արել, էդ էրես առածն ա արել»։ Էն մեր խելառ շունը հայաթից պուկ փախավ։ Մնացի մենակ ես՝ էս մի շան թուլես։ Մամաս ձեն չէր հանում։ Պապս փեթակների մոտ էր։ Տատս ուզում էր կպցնել տկլոր աղջկան։ «Քեզ ասում եմ՝ էդ շան թուլեն ա արել»։ Ու էս մամաս շան պես թռավ վրես ու սկսեց ծեծել։ Ականջներիս մեջ բզզում էր։ Խոհանոցից մի դանակ էի թռցրել։ «Տենաս ի՞նչ կա էն կախարդ ծառի մեջ»։ Գնացի մոտն ու սկսեցի դանակով ծակել նրան։ Էդ պահին զգացի, որ հետևից մեկը մոտեցավ ինձ։ Դանակը ձեռիցս ընկավ։ Վե՜րջ, բռնվա՜, հեսա էլի ծեծ եմ ուտելու։ Տատս գրկեց ինձ ու սկսեց գժված պաչպչել։ «Դե լավ տատի, լավ, հերիք ա պաչես»։ Տատուս ձեռքերից նոր կթած կաթի հոտ էր գալի։ Վայ, տատ, չունենամ քեզ։ Տատս ինձ սեղմեց դոշերի մեջ։ Ամաչեցի ու աչքերս պինդ փակեցի։ «Վայ քու արա», գոռաց պապս։ Տատս վազեց մոտը։ «Մոտ չգաս», գոռացին վրես։ Տատս մտավ մեղուների մեջ։ Պապս աչքն էր բռնել։ Մեղու էր կծել նրան։ Մամաս էլ վազեց մոտները։ Էրկուսով շոյում էին պապուս աչքը։ Տուն մտանք։ Մաման հաց դրեց։ Սեղանի ներքևը բլոճ էր վազում։ Հենց մոտեցավ աթոռիս՝ տրորեցի։ Տենամ՝ քաքիկի գույն չամիչ ա դառել հիմարը։ Տատս խոհանոցում կարագ էր մերում։ Հետո պապան էկավ։ Ոնց որ միշտ նստեց սեղանի մոտ ու սկսեց սպասել, երբ ա մաման ճաշ տալու։ Պապաս միշտ հոգնած ա գալի տուն ու երկար ձեն չի հանում։ Պապաս ու պապս հեռուստացույց էին նայում։ «Վու՜յ աման», լսվեց տատուս ձենը։ Ես ասի՝ տկլոր աղջիկը սաղացավ սատկած միջատներից։ Բայց դրսից մեր էն խելառ շան լացը լսվեց։ Շունը կանգնած էր հայաթում, թաթը՝ արունոտ։ Էդ գիշեր չկարացա քնել։ Աչքիս դեմը էդ օրվա մրջնանոցն էր, որի մեջ տաք ջուր էի լցրել։ Մրջյունները փախնում էին։ Նրանցից մեկը վազում էր մեր տան կողմը։ Կորցրի նրան։ Իզուր էլ շանսատակ չարի։ Հիմա՝ էս կեսգիշերին, ոնց որ թե վախ մտավ սիրտս։ Չըլնի էդ մրջյունը մեր տուն ա մտել ու հիմա իմ սենյակում ա՝ մահճակալիս տակ։ Բա որ քնիս մեջ բարձրանա տեղաշորս։ Բա որ բերանս բաց մնա քնիս մեջ, ու էդ շան թուլեն մտնի բերանս։ Վույ ամա՜ն, մեղուները հանկարծ չիմանան, որ մրջյունից եմ վախեցել։ Ես քաջ տղա եմ, խելացի ու սիրուն, հոպարիս պես զինվոր։
Մրջյունը բարձրացավ ծնկիս։ Երբ հղիացա, սկեսուրս ասեց՝ տղա ես ունենալու, իմ զոհված տղու անունն ես դնելու։ Երբ տղես ջարդեց սափորը, սկեսուրս չարացավ։ Ամաններն էի լվանում։ Ինքը կարագ էր մերում։ «Եթե չես ուզում ինձ մամա ասես, մի ասա»։ Ծորակի ջուրը ուժեղացրի։ Սկեսուրս գոռում էր, որ տղես ա ջարդել սափորը։ Մրջյունները սատկած ճանճ էին տանում։ Սափորը տղու նվերն էր մորը՝ մինչև բանակ գնալը։ Տղեն բանակում զոհվեց։ Սափորի մեջ ցորենի հասկեր դրեցի։ Թվաց՝ դուրը չեկավ, հանեցի։ Մյուս օրն ինքը դրեց։ «Տղեդ ա ջարդել, էդ շան թուլեն ա ջարդել»։ Չէի կարում նրան մամա ասել։ Ցանկապատի վրա ագռավ նստեց։ Հետո՝ մորեխ։ Ագռավը կտուցով չմփեց մորեխին։ «Ի՞նչ էղավ», գոռաց սկեսրարս։ «Ագռավը կերավ մորեխին»։ «Բա ի՞նչ պըտի աներ, դու հաց չես ուտու՞մ, հիմա էդ ագռավն էլ զարմանա՞ վրեդ»։ Մորին հասել էր ցանկապատի տակ։ Մեղուներից վախում էի։ Սկեսրարս քաշեց թևիցս, փեթակների միջով տարավ մորենու մոտ։ Մի հատիկը բռիս մեջ էի պահում, մյուսը գցում բերանս։ Մի աչքս մորենու վրա էր, մյուսը՝ սկեսրարիս։ Նրա հոնքի մոտ մեղու էր բզզում։ Սկեսրարս մեղրի փողից մի մասը հետ ա գցում իրա թաղման համար։ Երբ հղիացա, փողը տվեց տղուն։ «Հըմի ձեզ էդ փողը ավելի շատ ա պետք, ես հլը կհասցնեմ մեռնել»։ Էրկու տարեկան տղես թռվռում էր մրջյունի վրա։ Մրջյունը չէր կարում փախչել թմբլիկի տակից։ Սկեսուրս չէր հանգստանում։ «Տղե՛դ, տղեդ ա ջարդել»։ Տեղից պոկվեցի, սկսեցի ծեծել տղուս։ Նրա ոտքի տակից բլոճ էր փախչում։ Շրջվեցի, որ նայեի սկեսուրիս։ Չկար։ Ամուսնանալուց հետո առանձին պիտի ապրեինք։ «Մեր աղջիկը գոմ ոտք դրած չկա», զգուշացրին մերոնք։ «Մեկ ա առանձին են ապրելու, ուզում են կով պահեն, ուզում են՝ կրիա», քմծիծաղեց սկեսուրս։ Տեգրս զոհվեց բանակում։ Մենք մնացինք էս տանը։ «Տես հա՜, գոմ չմտնես, հենց մտար՝ էդ կովին վրեդ կգցի»։ Կովին սկեսուրս էր կթում։ Մրթմրթալով մտնում էր գոմ, տնքտնքալով դուրս գալիս։ Նստում էր մոտս, փեշը բարձրացնում, փռում փքված երակները։ «Չէ՜, չեմ ձգում, ավելի լավ ա ծախենք, իրիգունը տղես գա, խոսամ հետը, թող տանեն շուկա՝ ծախեն»։ «Ինչքա՞ն կտան»։ Փեշը բաց թողեց, աչքերը տնկեց վրես։ «Վատ ա՞, որ միշտ թարմ կաթ ենք ունենում»։ Ես գոմ չէի մտնում։ Սկեսրարս իրա թաղման փողը գցեց սեղանին։ Սկեսուրս թփթփացրեց ուսին։ Երկրորդ կովն առան։ Տղես փախավ ծառի մոտ։ Հետևից պինդ գրկեցի նրան։ Ձեռքի դանակը վախեցած գցեց։ Պաչում, չէի հագենում։ Ամուսինս պատի կողմ շրջված քնած էր։ Սեղմեցի մեջքի պզուկը։ Առավոտը աչքերս բացեցի առաստաղի սարդի վրա։ Սկեսուրս մտավ՝ տեղաշորի արյունը ստուգելու։ Պաչեց ինձ։ Երևի էդ պահին էի մամա ասելու։ Հյուրեր էկան։ Հերթով պաչեցին ինձ։ Շատերին չէի ճանաչում։ Ջանս քոր մտավ։ Ամուսինս դրսում ծխում էր։ Հորթ մորթեցին։ Խորոված էին անում։ Սկեսուրս պղնձով ջուր թափեց։ Ջուրը կարմիր էր։ Ինձ ասեցին սուրճ դնեմ։ Բազմոցի վրա տեգրս էր նստած։ Բանակից էրկու օրով տուն էր էկել։ Երբ նրան սուրճ էի տալիս, անուշ ժպտաց ինձ։ Մյուս օրը վերադարձավ բանակ։ Սկեսուրս ձեռքերը սեղմեց փորին, ծալվեց մարդու ձեռքերի մեջ։ Բազմոցի վերևը տղու նկարն ա կախած։ Ամեն շաբաթ գնում էին նրա գերեզման։ Ամեն շաբաթ միս էինք խաշում։ Ամեն շաբաթ հյուրեր էին գալիս։ Ամեն շաբաթ սեղան էի գցում։ Մսի հոտից սիրտս խառնում էր։ «Էռնակ քեզ, հետ կտաս՝ կթեթևանաս», ասեց սկեսուրս։ Էրկու բլոճ պատուհանի թիթեղի վրա կռվում էին։ Ամեն շաբաթ շոկոլադի տորթ էի թխում։ Շոկոլադի տորթի վրա ելակներ դարսեցի։ Սկեսուրս չարացած պոկեց ելակները։ «Տղես շոկոլադի տորթ էր սիրում, ոչ թե՝ ելակի»։ Հատակին ընկած ելակի վրա մրջյուններ հավաքվեցին։ Վերան փսփսում էր սկեսուրիս ականջին։ «Իմացի, որ տղեդ հիմա երկրորդ կյանքն ա ապրում»։ Սկեսուրս թփթփացրեց նրա ծնկին։ «Ես նրան երկրորդ կյանք չեմ տվել, Վերա»։ Հյուրերը միս էին ծամում։ «Թթու վարունգ ունե՞ք»։ Նկուղ իջա։ Թակարդի մեջ մուկ էր ընկել։ Մի ձեռք երկարեց դռնից, փախցրեց դռան մոտ դրված շիշը։ Ճչացի։ Ամուսինս վազեց մոտս։ «Հանգստացի, բան չկա»։ «Բայց տեսա, տեսա․․․»։ «Կնգադ սենյակ տար», ասեց սկեսուրս։ Ամուսինս լսեց մորը։ «Կինարմատ ա էլի, աչքին մի բան թվացել ա»։ «Ե՞րբ եք փակել էս վարունգը»։ Սարդը մի թելով իջավ մոտս։ Սկեսուրս վազեց փեթակների մոտ։ Սկեսրարիս մեղու էր կծել։ Վերցրի գետնին գցած դանակը, վազեցի մոտները։ Մեղուն խայթեց տղուս թուշը, երբ թևից բռնած նրան տանում էի մորենու մոտ։ Այտուցվեց։ «Տղես էլ մեղվի ալերգիա ուներ», սկեսուրս շոյեց տղուս գլուխը։ Առաստաղի սարդը մեծացավ։ Կողքերը պուճուր սարդեր հայտնվեցին։ Ալարում էի անկողնուց վեր կենալ։ Սկեսուրս գլուխը ներս մտցրեց։ «Միսն արդեն դրել եմ, չես հելնու՞մ»։ Մտավ, կողքի քաշեց վարագույրը։ Գերեզմանից սոված էկան։ Միս էին ուտում, օղի խմում։ «Հըմի դուք շատ էրեխա պըտի ունենաք»։ «Բազմացեք, աղջիկ ջան, բազմացեք, թող Աստծո օրհնանքը անպակաս ըլնի ձեզանից»։ «Տղե՜րք, տղերք բեր էս դառնացած օջախին»։ Աչքի տակով նայեցի սկեսուրիս։ Շոկոլադի տորթ էր ուտում։ Ամուսինս շրջվեց պատի կողմը։ Սեղմեցի մեջքի պզուկը։ Տունը էրեխեքով լցվեց։ Բոլորի քթից հոսում էր։ Չէի հասցնում սրբել։ Թաշկինակը լցվում էր խլինքով։ Ձեռքերս խլինքի մեջ էին։ Մատներս իրար էին կպչում։ Թաշկինակը ճպճպում էր մեղրի մեջ։ Էրեխեքի քթից մեղր էր գալիս։ Նրանք մեղր էին խնչում ձեռքերիս մեջ։ Սկեսուրս բազմոցին նստած նայում էր ինձ։ Աչքերս բացեցի պատի վրա։ Սարդը պստիկ միջատ էր տանում։ Սկեսուրս մենակ մնաց սեղանի մոտ։ Կեղտոտ ամաններն էի հավաքում։ Շոկոլադի տորթի մեջ բոռ էր թավալվում։ «Ու՞ր գնաց իմ տղեն», ասեց սկեսուրս։ Տղուս մոտեցրեց տեգրոջս նկարին։ «Հոպարդ ա, երբ մեծանաս, նրա պես սիրուն ու խելացի կըլնես»։ Մուկն ընկավ թակարդը։ Սպիտակ ձեռքը փախցրեց շիշը։ Տեգրս անուշ ժպտաց ինձ։ Սկեսուրս ձեռքերը սեղմեց փորին։ Մենք ուզեցինք, որ տղա ըլներ՝ տղա էղավ, մենք ուզեցինք, որ մեր զոհված տղու անունը կրեր՝ կրեց, իսկ դու գնա սուրճ դիր, մի բան թխի, հետո արի քիթը մաքրի։ Հենց սկեսուրս տեսավ ինձ, տղուս սեղմեց իրեն։ Հայաթ դուրս էկա։ Սկեսրարս պատ էր շարում։ Հակոբենց հետ գժտվել էր, մեր տների միջև պատ էր շարում։ Գոմի պատուհանից կովի գլուխն էրևաց։ Ականջով արեց ինձ։ Սկեսրարս հորթուկին գրկած դուրս էկավ գոմից։ Տղես վազեց նրանց մոտ։ Վախեցա, որ կվնասի հորթին։ Երբ հիվանդանոցից դուրս գրեցին ինձ, ամեն օր հյուրեր էին գալիս մեր տուն։ էրեխեն լաց էր լինում։ Փորիս կարերը ցավում էին։ Տղուս ապագայի, տեգրոջս հիշատակի կենացներ էին խմում։ Հազիվ քնացնում էի էրեխուն, վազում՝ սուրճ դնում։ Երբ սկեսուրս կտրում էր թխածս տորթը, թվաց՝ փորիս կարերը բացվում են։ Ջուր շփեցին դեմքիս։ «Լավ չես ուտում, աղջիկ ջան, կաթդ կչորանա, ձագն առանց կաթ կմնա»։ Տղես հավաքեց սարդերիս, վառեց։ «Էրեխա ա էլի», ամուսինս շրջվեց պատի կողմը։ Սեղմեցի մեջքի պզուկը։ Սկեսուրս մտավ գոմ։ Գոմի պատուհանից ներս նայեցի։ Սկեսուրս խոսում էր։ Ես կաթի ձենն էի լսում։ «Գնա, խանգարում ես», գոռաց։ Ճաշում էինք։ Մոտ նստեցի տղուս։ Շունը վնգստում էր՝ արյունոտ թաթը կախ։ Սկեսրարս նրան դրեց մեքենայի մեջ։ Մի անգամ գիշերը մեր հայաթում բու սպանեց։ Վերադարձավ՝ շունը գրկին։ Շան թաթը փաթաթած էր։ Տղես շոյեց նրա ականջները։ «Փող պե՞տք ա քեզ», հարցրեց ամուսինս։ «Շրթներկս ա կոտրվել»։ Անսարդ առաստաղին էի նայում։ «Առավոտ բարձիդ տակ կդնեմ, մամային մի ասա»։ Շրջվեց պատի կողմը։ Նայեցի մեջքին։ Տղուս շան կողքին քնած գտանք։ Կովերը նախիրից տուն էկան։ Սկեսուրս խոհանոցում էր։ Դույլով մտա գոմ։ Կովը չնայեց ինձ։ Շոյեցի տաք փորը։ Քաշեցի պտուկից։ Կաթ չեկավ։ Էլի քաշեցի։ Կովը թափահարեց պոչը։ Քաշքշեցի պտուկները։ Կովը քացով խփելու փորձ արեց։ Հենց խաղաղվեց, նորից մոտեցա։ Ցուցամատով զգույշ օղակեցի պտուկը, բութ մատով սեղմեցի, քաշեցի ներքև։ Անսպասելի կաթը պզզաց դույլի մեջ։ Ուրախությունից ճչացի։ Էլի քաշեցի։ Էլի պզզաց։ Մյուս պտուկն էլ բռնեցի։ Կաթը չռռում էր դույլի մեջ։ Աղմուկ լսեցի։ Երևի սկեսուրս ա։ «Մա՞մ»։
Էս մեր շունն էլ, ոնց էղավ, թաթը տրորեց, վնգստոցով մտավ հայաթ, սիրտս չդիմացավ, վռազ դրի ավտոս, ասում եմ՝ ոչինչ, քուչիկ ջան, մի քիչ դիմացի, էսա տեղ ենք հասնում։ Համա թե մուխանաթ բան ա էս ցավը, մարդ ու կենդանի նույնությամբ են զգում, տենաս մեղունե՞րն էլ ցավ ունեն, իսկ մրջյու՞նը։ Մարդ կա՝ ասում ա՝ ես միս չեմ ուտում, վա՛հ, բույսն ինչո՞վ ա պակաս անասունից, ա՛յ մարդ, ի՞նչ իմանամ, կոտրած ծառի մեջքը չի՞ ցավում, վազի կոտրած ոտքը չի՞ ցավում, դդմի գլուխը չի՞ ցավում, ով գիդի՝ բեթար ցավ ա, է՜, ըսենց որ գնա՝ մարդը շուտով առյուծին էլ կարգելի եղնիկ ուտել, օձին էլ՝ մուկ։ Ըտենց բան ա մարդը, նայում ա հայելու մեջ, ընդեղ էլ իրա նման մարդ ա տենում, բայց քթին չի կապում, էդ մարդու դեմն առնում ա, ինքն իրա արյան հոսքին հակառակ ա հոսում, խելքն էլ էդքան չի կտրում, որ ինչ էլ տանի բերանը, բույս, թե միս, ուտելն արդեն բռնություն ա, էն, որ մի բան ատամներիդ տակ ծամում, փշրում ու կուլ ես տալիս՝ արդեն մի պստիկ վայրագություն ա։ Ու էս մարդն ուզում ա մեռնելուց հետո շարունակվի, էսքանից հետո էլի շարունակվի՞, ասում ա՝ չկարծես գնալու եմ, կորելու, ես հոգի ունեմ, հըմի՝ ի՞նչ, առյուծն էլ հոգի ունի՞, շու՞նը բա, չէ, չէ՜, անասունը ի՞նչ հոգի, այսինքն՝ էս շունը, որ նույն ցավն ա ապրում, ինչ դու, հոգի չունի՞, հա՞, էդ ընչի՞ որ, մյուս կողմից էլ, եթե շունը հոգի ունի, ուրեմն կովերն էլ, կատուներն էլ, ճանճերը, մեղուները, մրջյունները, հըմի կասեն՝ մրջյունը ի՞նչ հոգի, ո՞նց կարա էդ մի պստիկ կետը մեջը հոգի ունենա, հա՞, բա որ էդ կետիկը ցորենի հատիկ ա շալակած տանում, չե՞ն ասում՝ ո՞նց ա էդ կետիկը մի ամբողջ կյանք տեղափոխում, բա բույսե՞րը, ո՞վ ասեց, որ ծառը հոգի չունի, մի բան, որ աճում ա ու հողի մեջ անցյալ ունի՝ հոգի չունի՞։ Բայց ո՞նց կարա էդքան հոգի մի տեղ գնա, մի Աստծու հույսին ըլնի։ Էհ, ի՞նչ հոգի, ի՞նչ բան, սաղ էդ մարդն ա էլի, իրա համար հոգի հնարեց ու ինքն էլ սկսեց վախենալ մեռնելուց։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, առաջ ես էլ էի վախում մեռնելուց, տատս էնքան ասեց, որ վախում ա մահից, վերջը ինձ էլ վարակեց, երևի ուզում էր ազատվել էդ վախից, տվեց ինձ, մտածեց, փոքր ա, ինքը կդիմանա վախին, ես մեծ կնիկ եմ, վախենալու վախտերս վաղուց անցել են, համ էլ մի ոտս արդեն էն աշխարհում ա։ Տատս արևի տակ մեռավ, ա՜յ էն մորենու տեղը՝ ցանկապատի տակ առաջ նստարան էր դրված, ցանկապատի վրա էլ թիթիզ նունուֆարներ էին գլուխ գլխի բարձրանում, էդ նստարանի վրա մեռավ, հետո, ոնց էղավ, նունուֆարները չքվեցին, տեղը լաչառ մորենու թուփ բռնկվեց։ Թե ուզում ես իմանալ, մարդը չի մեռնում, մարդը պրծնում ա, իսկ եթե պրծնում ա, ուրեմն՝ կարա նաև սկսվի, ուրեմն՝ գնում ա մինչև ծնվելը, իսկ մինչև ծնվելդ լավ ա, որովհետև միշտ մոտ ես մորդ, դու չես զգա, դու չես ըլնի, բայց մոտ կըլնես մորդ, թեկուզ էլ երբեք չծնվես՝ միշտ մոտ կըլնես մորդ։ Մեղրս ծախում եմ, թաղմանս համար փող հավքում, էս կնիկս էլ ինձ ուտում ա թե՝ փողը պըտի ծախսես, ոչ թե բարձիդ տակ թթվացնես, ես էլ իսկականից հոմ վրեն չեմ նստել, յա՜, ինչքան ա էղել, հանել-տվել եմ, սրան էս ա պետք, նրան՝ էն, քարից հո չե՞մ, վայ կնիկ, կնիկ, էս մեղուներս չըլնեին, ի՞նչ էր հալս ըլնելու, մենակ կնիկս ինձ կկծեր, հիմա լավ ա, մեղուներս էնքան են ինձ կծել, կնգաս համար տեղ չի մնացել, մեղու ասի, միտս էկավ, համա թե հոտառություն ունեն դրանք, տո՛, եթե խմած մոտենում եմ իրանց չէ՞, հոտն առնում են, ա՛յ մարդ, անցնում գրոհի՝ ամեն տեղից կծմծում ինձ, ինչ էի ասու՞մ, հա, մեր տղու մահից հետո մի կողմ քաշվեցի, կնգաս թողում եմ՝ ինչ ուզի անում ա, ինչ ուզի՝ խոսում ա, ասում եմ՝ բալքի սիրտը հովանա, միտքն էլ միշտ զբաղված մնա, ընձի էս մեղուները հերիք են, նրանց բզզոցը ուրիշ ամեն ինչ ծածկում ա, հետները վաղու՜ց լեզու եմ գտել, գյոզալ արաղս էլ հո կա ու կա, մի բաժակ քաշում եմ գլուխս, թըզբեհս վերցնում ու պառկում մեր էն գիլասի ծառի տակ, որ մի տարի լավ գիլաս ա տալի, մյուս տարին էլ պուճուր աղջկա պես նեղանում, անհամանում ա։ Ուրեմն էս կնիկս ինչ ասում՝ անում եմ, կոտրված սիրտը չեմ կոտրում, հենա՝ ջանը ցեց ընգավ, ասեց՝ մի հատ էլ եմ կով ուզում, մուրազը կատարեցի, ոտս կախ գցի, թաղումս էլի հետաձգի, մեկ էլ բալեն ա՝ «պապի՛, պապի՜, էս եմ ուզու՜մ, էն եմ ուզու՜մ, ա՜ռ», պապու սիրտն էլ՝ լխկած թու՜զ, ա՛ռ ու տա՛ր։ Բալես էրկու տարեկան էր, վազվզում էր, նոր տարի էր, հակոբենք էկել էին մեր տուն, սեղան էինք նստել, «ափսոս շաքար ունես, Հակոբ, քեզ քաղցր չի կարելի, հարսս էն տեսակ անմահական տորթեր ա թխում, ուտում ես՝ սիրտդ մեջը հալվում, գնում ա, տեղը՝ խուտուտ տվող քաղցրություն ա մնում», «սուս մնա, անաստված, լոզերս գնացին, հիմա, որ ուտեմ ու մահվան դուռը հասնեմ՝ քո խղճին կմնա», մեկ էլ էս Հակոբը սկսեց Աստծուց խոսալ, արաղն էլ լեզուն արձակել էր, կնիկն էլ՝ Վերան, գլխով էր անում մարդուն ու հավի բուդ ուտում, ես էլ բռնեցի ասի՝ «Հակոբ ջան, ախպեր ջան, տենու՞մ ես էն տոնածառը», «տենում եմ», «տենու՞մ ես էն խաղալիք շունիկին, որ դրել ենք տոնածառի առաջ», «տենում եմ», արաղաշաղախ աչքերն էլ ճպճպացնում ա, «ա՛յ էդ շունիկին դրել ենք, որ բալեն չմոտենա տոնածառին, խաղալիքներին ձեռ չտա, ասում ենք՝ բալիկ ջան, չմոտենաս տոնածառին, թե չէ՝ հաֆոն կկծի քեզ, բալեն էլ հավատում ա ու մոտ չի գնում», «ի՞նչ ես ուզում ասել, ուստա՛», ուսերը վեր քաշեց Հակոբը, «դե որ ասում ես՝ Աստված․․․», «ո՞նց․․․ էդ դու Աստծուն համեմատեցիր շան հե՞տ, արա», «չէ՜, այ Հակոբ, չես հասկանում՝ ինչ եմ ասում», «շատ լավ էլ ջոգեցի, դու Աստծուն համեմատեցիր շան հետ», «չէ, չէ՜, Հակոբ ջան, ես քեզ ասում եմ, որ․․․», «․․․որ Աստծուն շան տեղ դրիր», «ի՜նչ հիմարություն, ա՛յ ախպեր», «վեր կաց, Վերա, գնում ենք», Վերան ափսոսալով բուդը դրեց ափսեի մեջ ու բերանը սրբելով հելավ, հետևներից ընգա, «ներող էղիր, Հակոբ ջան, ախր սխալ հասկացար ինձ, Հակոբ, Հակոբ ջան, մնա, մի գնա, Հակո՛բ», Հակոբը սեփական տանս դուռը անշնհորք շխկացրեց այ էս քթիս դեմը։ Հըմի ուտում, ուտում եմ տորթը, բայց սիրտս չի հալվում, քար ա դառել, ժայռի բեկոր, բռունցքս խփում եմ սեղանին՝ «էդ Հակոբ կոչեցյալի ոտը էս տանն ու էս հայաթում էլ չի ըլնի»։ Էդ օրվանից երբեմնի լավ հարևաններ թշնամի դառանք, իրար տենում՝ չէինք բարևում, եթե իրար ռաստ էինք գալի նույն աղբըրի գլխին՝ կուսական ջուրը թողում չխմած, փախչում էինք։ Բա որ մի օր էս խելառ մեղուներս էդ ստահակի հայաթի ծառի վրա բեչա տվի՞ն, սիրտս կանգնեց, հելա՝ վռազ թափ տվի փեթակի մեջ։ Մի օր էլ տելեվիզըրով էն չաչանակ Թրամփին ցույց տվին, ասին՝ պատ ա կառուցելու, որ մեքսիկացու ռեխը էլ չտենա, վա՛հ, մտածեցի, աշխարհի էդ հուժկու երկրի բռփեջ առաջնորդը էս ի՜նչ լավ բան ա մտածել, ո՞նց իմ խելքը չէր կտրել, տո՛, վերցնում, քյասար պատ ես շարում ու խախանդ լռվում քո հըմա, մտքիս դրի տենց մի պատ էլ ես շարեմ մեր հայաթի վերջում, որ ոչ Հակոբի սֆաթը տենամ, ոչ էլ դրա տունուտեղը, որ ինձ թվա՝ էդ պատի հեդևը ոչ թե անասուն Հակոբն ա, այլ՝ անծայրածիր չքնաղ մարգագետին ա, ուր մենակ թիթիզ թիթեռներն են ճախրում ու մոլորված հորթերը արածում, օխա՜յ։ Տղես էլ թե՝ էրեխա հո չե՞ս, պա՛, իյա՜, ուրեմն Թրամփն էլ ա էրեխա՞, մեծ երկրի մարդը ո՞նց կարա էրեխա ըլնի, ուրեմն գիդի չէ՞ ինչ ա անում, ես էլ իմ պատը կշարեմ, թախտս կքաշեմ էդ պատի տակ ու խախանդ կպառկեմ վրեն, «պապ, լավ էլի, դրա վրա փող ես մսխելու՞», «հա, հենց ըտենց, իմ թաղման փողն ա, քե՞զ ինչ», ասում ա բեր՝ թազա տրակտոր առնեմ, հասկացա, տղա ջան, էդ էլ մյուս թաղմանս փողով կառնենք, ես ոնց ջոգում եմ ընձի մեռնել չկա, ձեր ձեռը կրակն եմ ընգել, գրողը տանի, հավերժ ապրելու եմ, Աստծու աչքն էլ ջուր կտրի։ Վերջը պատս շարեցի ու հոգիս խաղաղվեց, էլ ոչ Հակոբ էի տենում, ոչ հիշում, ոնց որ երբեք էլ գոյություն չունենար էդ Հակոբը, կնիկս էլ կպել էր, թե իզուր ստվեր ես գցում մեր հայաթում, ասի՝ դու սուս, տունը՝ քոնն ա, այգին՝ իմը, ես դրսի պատ եմ, դու՝ ներսի։ Մեր տղի մահից հետո կնիկս բերանը ջուր առավ, էլ ոչ լացում էր, ոչ էլ՝ խոսում, կեսբերան մի բան գցում էր, էդ էր, ասում էի՝ այ կնիկ, ձեն հանի, մի բան ասա, ըտենց չի կարելի, ձենդ կկորի, նայում էր էրեսիս, աչքերն էլ չէր թարթում, մի անգամ էլ խմած գնացի մոտը, գրկեցի, սկսեց բռունցքներով գազազած խփել մեջքիս, վերջում էլ ուժեղ կծեց ուսս, «վայ մեղա քեզ, մեղու, մեղա՜», շշկռված նայեց ինձ, թափ տվեց ձեռն ու գնաց, երբ գոմ էր մտնում կովին կթելու, թաքուն գնում էի, կանգնում գոմի պատուհանի մոտ, ականջ դնում, էդ օրերին մենակ կովի հետ էր խոսում, խոսում էր, ու կաթը չռռում էր սրտիս մեջ, կովին պատմում էր, որ մեր զոհված տղուն շատ ուշ ունեցավ, կաթ չհավաքվեց կրծքերի մեջ, որ տղին տար, ափսոս տղեն մոր կաթը չկերավ, ուշացավ մեր տղեն, չհասցրեց մեր տղեն, իրիգուններն էլ ականջ էր դնում բվի գվվոցին, մեկ-մեկ էլ դուրս էր գալի հայաթ, կանգնում ծառի տակ ու երկար նայում էս բվին, թե ինչ էր գտել էս բվի մեջ կամ ուրդուց էր էս բուն բուսնել՝ մենակ Աստված գիդի, մի անգամ էլ գիշերը թաքուն վերցնում ա հրացանս, դուրս ա գալիս հայաթ ու կրակում ա էս բվի վրա, դուրս թռա հայաթ, տենամ՝ կնիկս գիշերանոցով կանգնած ա, հրացանը՝ ձեռին, ջարդված գլխով բուն էլ ոտքերի տակ, հենց տեսավ ինձ, հրացանը գցեց, ընգավ ծոցս ու հո չի լացում, հո չի լացում, ասում եմ՝ կնիկ ջան, հանգստացի, կնիկ ջան, ու հո չի լացում, հո չի լացում խենթը, ասում ա՝ իրանց չասես, որ ես եմ արել, հետն էլ ուսս ա կծում, ցավում ա, դիմանում եմ, տան լույսը վառվեց, կնգաս ասի՝ վազի գոմի մեջը պախկվի, հրացանն էլ ձեռս վերցրի, դռան շեմին տղես էրևաց, ասի՝ բան չկա, բուն համը հանեց, սատկացրի, տղես ասեց՝ «խելքդ տեղը չի արդեն, պա՛, գշերվա կեսին ո՞վ ա բու որսում», շշկռված նայեցի վրեն, ծիծաղներս բռնեց, էս հարսս էլ խրտնած եղնիկի պես նայում էր ինձ տան խորքից, խեղճը երևի կարծում էր իսկականից ցնորվել եմ, երբ լույսերը անջատեցին, շտապեցի գոմը, համա թե աստղազարդ գիշեր էր էդ գիշեր, տո՛, մարդու սիրտ էր հուրհրում, ընձի քսան տարեկան լակոտ զգացի, քամի փչեց թևերիս տակ ու վազեցի գոմը, վազում էի, ու հողը ոտերիցս քաշում էր, տղես քսան էլ չդառավ, վազում էի կնգաս մոտ, որ ասեմ՝ դուրս արի, կնիկ ջան, տես՝ ինչ գիշեր ա, տես՝ ինչքան իսկական աստղեր են վառվռում, մտա գոմ, տենամ՝ կնիկս դեզի վրա պառկած՝ քուն ա մտել։ Լույսը բացվեց։ Ծեր մայր մեղվին փոխարինեց նորը, նոր մայր մեղուն թռավ բոռի հետ, հարսանեկան թռիչքից զուգավորված վերադարձավ փեթակը։ Այ մարդ, էս բոռն ինչ էլ կրքով ա անում թագուհուն, որ պլոր-մլորը պոկվում, մնում ա թագուհու մեջ, ինքը ուժասպառ ու անպլոր, բայց երանության մեջ՝ ընկնում-մեռնում ա, փառահեղ մահ եմ ասել, է՜, իսկ թագուհին քոքահան գանձն իր մեջ առած վերադառնում ա իրա թագավորությունը, որ նոր մեղուներ բզզացնի, իսկ մենք խեղճ բոռերին քշում ենք, չենք թողում մեղր ուտեն, մի հատ էլ պորտաբույծ ենք անունը դնում։ Ընտանիքի նոր մայրը ձվեց, ընտանիքը ապահով էր, սիրտս փառավորվեց, անուշ լինի խմածդ կաթնահյութը, մայր մեղու։ Տնից ծիծաղի ձեն էկավ, կնիկս ու հարսս չանա էին խփում, սիրտս լցվեց, կնիկս բլբուլ էր կտրել, հետո հարսս դուրս էկավ հայաթ, փեթակների մոտ կանգնած՝ սիրուն աչքը մորենու կարմիրի վրա էր, չդիմացա, թևից բռնեցի ու մեղուների միջով հասցրի մորենու մոտ, անուշ արա, աղջիկ ջան, հարսս վրա-վրա ուտում էր մորու փքված հատիկները, հարսս հղի էր։ Բալես խաղում էր շան հետ, տրորված թաթից հետո հանգիստ չէր թողում նրան, հոգին հանում էր, հետը քնում, հետն արթնանում։ Տղես հանդից էկել էր, ճաշ էր ուտում, տելեվիզըրով ինչ-որ մեյմունություն էին ցույց տալի, իբր նայում էինք, էնքան, որ նայելու բան ըլներ, աչքներս վրեն պահեինք, որ իրար էրեսին չնայեինք։ Հարսս բազմոցի վրա հելել, տղուս նկարն էր սրբում։ Կնիկս էլ պոպոկ էր ջարդում։ Աչքիս պոչով տղուս նայեցի, մազերը սկսել են սպիտակել, այ մարդ, էս ե՞րբ հանկարծ սկսեցին սպիտակել էս համբալի մազերը, այ քեզ բա՜ն, մազերս շատ ուշ են սպիտակել, էս ջահելին ի՞նչ էղավ։ Դուռը ծեծեցին, բալեն ու շունը վազեցին։ Վերան էր, ա՜յ քեզ գըշերվա էրազ։ «Վերա ջա՞ն, նստի․․․ ի՞նչ ա էղել», կնիկս աթոռ տվեց։ Վերան տեղից չէր շարժվում, ինձ էր նայում։ «Հակոբը մեռնում ա, շաքարից սիրտը վատացել էր էս քանի վախտ, էսօր-էգուց ա, հարցրի՝ ի՞նչ ես ուզում, Հակոբ ջան, ինչ էլ ասես՝ կտամ, մենակ ասա սիրտդ ի՞նչ ա ուզում, հորթի պես նայեց ինձ, ասեց՝ մի գդալ մեղր տուր, նայեցի՝ տանը մեղր չունենք․․․»։ Վեր թռա տեղից։ «Հա՛, հա՛, բա ոնց, Վերա ջան, հեսա բերեմ, ցավդ տանեմ, հեսա տամ, մի․․․ մի մտածի, Վերա ջան, սպասի, էսա գալիս եմ»։ Մտա խոհանոց, մի գդալ վերցրի, խելքս լրիվ թռցրել եմ, ի՞նչ գդալ, բացեցի պահարանը, մի տարա մեղր հանեցի, տարան պուճուր թվաց, մյուսը վերցրի, էլի պուճուր թվաց, վերջը երեք տարա գրկեցի։ «Վերա ջան, տա՛ր»։ Վերան մեկը վերցրեց, մյուսներից հրաժարվեց, զոռով դրի ձեռի մեջ։ «Էրեխեքը կուտեն, Վերա ջան, հիմա գնա, շտապի, ցավդ տանեմ, Հակոբը սպասում ա, շուտ արա, էլ մի սպասացրու»։ Հայաթ դուրս էկա, ոտերս չէի զգում, դեմս չէի տենում, էնքան որ քայլում էի, էնքան որ գնում էի, ու բզզում էր, ամեն ինչ բզզում էր, թափս թուլացրի, բզզոցն էլ կտրվեց, կանգ առա․ դիմացս պատն էր։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *