Տիգրան Գրիգորյան | Յոկո Տավադայի «Պատվիրակը» վեպը


Բնութագրելու համար ժամանակակից ճապոնական գրականությունը` նախ պետք է ծանոթանալ Ծագող արևի երկրի բազմաշերտ մշակույթին, որն իրապես յուրօրինակ է ողջ արևելյան Ասիայում։ Ինքնատիպ կենցաղը, բարքերը, կեցության գեղագիտական տարրերը հատկանշական են ճապոնական հասարակությանն առհասարակ և ժամանակակից կյանքը ևս ենթարկվում է այդ այլևս հեռավոր թվացող ավանդույթների ազդեցությանը։ Ժամանակակից Ճապոնիայի հիմքում ընկած է «արդիականություն» բառը, ինչպես հաճախ իրավացիորեն նկատում են պատմաբանները և փիլիսոփաները, սակայն այս երկրի հենասյուները ցույց տալու համար անշուշտ մեկ բառն անբավարար է թվում։ Արդիությունն ընդհանրապես խիստ բնորոշ է ճապոնիային արդեն 19-րդ դարի վերջից սկսած, երբ մոդեռնիզացվող կայսրությունը սկսում է թոթափել միջնադարի երկարաձիգ բեռը և մուտք է գործում է մի նոր դարաշրջան, որի ավարտն ավաղ ազդարարվում է միջուկային ռումբի պայթյունով։ Պատմագիտական տեսանկյունից կարճ ժամանակահատված է ընկած մեր և մարդկության պատմության մեծագույն աղետներից մեկի միջև, որը ըստ էության վերափոխեց գիտության հումանիտար ընկալումը և վերակերտեց ժամանակակից աշխարհակարգի մարդուն։ Միջուկային ռումբը ստեղծած գիտնականներն իհարկե փառքով պսակեցին իրենց անունը և նոր հորիզոն բացահայտեցին ֆիզիկայի բնագավառում, սակայն այդ հայտնագործությունը մարդկային գիտակցության մեջ արամատավորեց ատոմային սարսափը։ Հիմա, երբ թվում է՝ կանգնած ենք երրորդ աշխարհամարտի առաջ և հայտնվել ենք աշխարհակարգի փլատակների տակ, ու բոլորը կարծում են, թե այդ աշխարհակարգը ձևավորել են դաշնակիցները Պոտսդամում, Յալթայում կամ Թեհրանում, ես միանգամից հիշում են Ալեն Ռենեի սահմռկեցնող և նրբագեղ ֆիլմը՝ «Հերոսիմա, իմ սեր»։
Աղետը չափացանց մեծ հետք է թողել ճապոնական հասարակության վրա, և նոր գրականությունը, չնայած իր արծարծած թեմաների բազմազանությանը, այնուհանդերձ ենթագիտակցորեն պտտվում է այն հիշողության շուրջ, որը պարփակված է քաղաքականությամբ, պոպուլիզմի հեգնանքով, հոգեբանական խնդիրներով, բարոյագիտական հարցադրումներով, կայսրերի ոգեկոչմամբ, գիտության նվաճումներով և վերջապես բնությամբ։
Յոկո Տավադան ժամանակակից կին հեղինակ է, փիլիսոայության դոկտոր, որը հաջողությամբ պահպանել է ճապոնական գրականության ու մշակույթի հիմնական հայեցակետերը։ Նրա հակաուտոպիական վեպը ապագայի մասին է։ Այս ստեղծագործության մեջ նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում հենց իր երկրում, ուր տեխնածին աղետի հետևանքով ոչնչացման եզրին է հասնում բնությունը՝ ախտոտվում են հողը, օդը, ջուրը, ուտելքը դառնում է անպիտական ու վնասակար․ «Ասում էին, թե քանի որ «ծովի օր» կա, որը թույլ է տալիս մտորել ծովերի աղտոտվածության մասին, ապա ինչո՞ւ «Լեռներ օր» էլ չընդունել և այդպիսով՝ հարգանքի տուրք մատուցել հնուց գործարանների թափոնների զոհ դարձած լեռներին»։ Կառավարությունն ի շահ ժողովրդի որոշում է փակել երկրի սահմանները և Ճապոնիան հայտնվում է համաշխարհային մեկուսացման մեջ։ Վեպի գլխավոր հերոսներն արյունակիցներ են՝ իր տարիքն արդեն մոռացած Յոշիրոն, ծեր և համառորեն դիմադրող, ու նրա հաշմանդամ ծոռնիկ Մումեյը, որոնց երկխոսության և մտորումների վրա էլ կառուցված է այս երկը․
« – Մե՛ծ պապիկ, իսկ դու ինչու չես խմում (նարնջի հյութը)։
– Այս անգամ ընդամենը մի նարինջ էի գնել։ Երեխաները երկար պիտի ապրեն, այնպես որ, առաջնահերթությունը ձեզ է տրվում։
– Բայց եթե նույնիսկ երեխաները մեռնեն, մեծերը կարող են ապրել, իսկ եթե մեծերը մեռնեն, երեխաները չեն կարողանա ապրել, – երգելու պես ասաց Մումեյը, իսկ Յոշիրոն լռեց»։
Անցյալի և ապագայի միջև ստեղծված անախրոնիկ անցումները վեպի առանցքն են կազմում, և ընտանիքի անդամները դառնում են նույն իրադարձությունների համաժամանակյա վկան։ Յոշիրոն ցավում և ամաչում է բնության, մարդու հանդեպ նախորդ սերունդների գործած անխոհեմ արարքներից և այն ժառանգությունից, որը պատուհաս է դառնում երիտասարդների համար։ Ծերունին շարունակ մտորում է խաթարված աշխարհի շուրջ, ուր ամեն բան կորցնում է իր բնական և ողջամիտ հունը։ «Յոշիրոն հետո հասկացավ, որ այն, ինչ ցանկանում էր թողնել թոռանը, հարստությունն ու գիտելիքը, իր մեծամտության ցուցիչն էին։ Իսկ այս պահին միակ իրականությունը, որ նա ուներ, ծոռան կողքին ապրվող այս կյանքն էր։ Բաճկոնի պես մի կողմից նետելով իր հպարտությունը՝ նա ստիպված էր լինելու ավելի թեթև հագուստ կրել»,- գրում է Տավադան։ Մումեյին՝ որպես նոր սերնդի պատվիրակ վիճակված է հաղթահարել երկրի փակ սահմանները, որ կարողանա պատմել աշխարհին եղածը և կարողանա ելք գտնել այլևս թույլ չտալու տեխնածին աղետներ։ Այս վեպի գրության ընթացք զուգահեռվում է Ճապոնիայում վերջին տասնամյակներին տեղի ունեցած խոշոր էկոլոգիական աղետների հետ, որոնցից ամենացնցողը թերևս Ֆուկուսիամի ատոմակայանի վթարն էր և կղզիների առափնյա գոտիներն ավերած ցունամիները։ Բնության ու մարդու միջև ծավալվող ներդաշնակ երկխոսությունն ընդհատում է արհավիրքը և մարդը հայտնվում է այն ուժի առաջ, որը անհնար է զսպել կամքով կամ բանականությամբ։ «Հարկ է լռել բնության հետ»- ասում է Թոդայձիի վանականը, և իսկապես՝ բնության տարրերքի խորը վերապրումն է մարդու միակ իրական հնարավորությունը հասնելու բնության հետ ունեցած հոգևոր կապին։ Այսպիսով՝ իր մռայլ և հոռետեսական տրամադրությամբ հանդերձ՝ վեպը գրված է մեծ հումորով, հեգնանքով և նուրբ հոգեբանական դիտարկումներով․ այս վեպը միայն մարդկանց և աղետների մասին չէ, այն նաև ներկայացնում է հասարակության ու սերունդների գիտակացական բախումը, տագնապները, բարոյական հակադրումը, որ ուղղակիորեն տիպաբանվում է բնության հետ․ «Մասնագետներ կային, որ ասում էին, թե՝ «Ամբողջ մարդկությունը կանացիանում է», իսկ ուրիշներն էլ պնդում էին, որ «Տղամարդ ծնվածները կին են դառնում, իսկ կանայք՝ տղամարդ»։ Այն վայրերում, որտեղ ընդունված էր աղջիկ երեխաներին աբորտ անել, հավասարակշռությունը կորցրած և խելագարված բնությունը տարբեր հնարքների էր դիմում ․․․», – նկատում է Տավադան։ Ահա՛ այս և բազմաթիվ այլ խնդիրների, երկրագնդի և մարդկության ապագայի քննությանն է նվիրված «Պատվիրակը» վեպը, որը կշարժի ընթերցողների լայն շրջանակի հետաքրքրությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *