Մեկ այլ իրականությունում,
որտեղ մարդիկ խոսել չեն կարողանում
եւ աչքերն են միայն կարեւոր,
ամեն ինչ հարազատին հրաժեշտ տալու օրվա պես
հանդարտ եւ լուռ է..
ու անսուտ։
Այդ իրականությունում
լեզուներ ու բառեր չկան,
եւ ոչ էլ ականջներ։
Այդ մոլորակը
երկու ճշմարիտ լեզու ունի`
աչքեր ու ձեռքեր։
Այնտեղ սուտ չկա,
Չէ՞ որ աչքերը մի անթողելի սովորություն ունեն`
ամենավերջին դավադրի պես
մատնում են բառերիդ։
Ու որովհետեւ ձեռքերը
միշտ ավելի խոսուն են,
քան մեր ականջներին հասածը։
Մեկ այլ իրականությունում
կյանքն ավելի գեղեցիկ է,
որովհետեւ խոսքերը ոչինչ չեն կործանում։
Մարդիկ խոսել չգիտեն
ու գրել նույնպես.
եւ դա, թերեւս,
ամենագեղեցիկն է։