Աիդա Հարությունյան | Մենք ափ ենք անալիք

Լուսանկարը՝ Միշել Ղայթանջյանի

ՏԱՍՆԻՆԸ

Այս տարի
ծննդյանս թիվը սիրելի է.
ասեղնագործ գործվածք է հիշեցնում,
որը կամ ուսերիդ պետք է գցես,
կամ էլ որպես երեսքող
իջեցնես դեմքն ի վար:
Այս տարի
ծննդյանս թիվը
եկող թռչունների ձայնով է խոսում,
դողում է ինչպես տերև՝
հենց նոր իր վրա ընկած կաթիլից,
որը, միահյուսվելով մանր կաթիլներից,
վերածվում է խոշոր կայլակի:
Այս տարի
թափանցիկ զգեստը հագիս՝
քայլում եմ ցուրտ փողոցներով,
զարկերակս առեղծվածորեն լռում է,
շոշափում եմ,
կուսական աղերսանք է հիշեցնում…

 

* * *

Դու թթվածին ես,
ես՝ բույր:
Հևում ես
կնքամոմի պատրույգի՝ վերջին հասած
կրակի նման,
վախենու՞մ ես կորցնել ինքնակամությունդ,
ես չեմ վախենում սպառվել քո մեջ…

 

* * *
Գնալուցս հետո
տարբեր ծաղիկներից
հոտ ես քաշում,
որ բույրս մոռանաս…

 

* * *
Մենք ափ ենք անալիք
ինչ-որ մեկի՝ վշտից չորացած
աչքերի տակ…

 

* * *
Քայլում եմ հարսի պես մաքուր՝
լորենիների սրտաձև տերևներից
հյուսած պսակը գլխիս,
սպիտակ շուշանների խորանից
լուր եմ ստանում,
որ լերկ ծառերը այսուհետ
ծաղկելուց հետո,
աշուն, թե ձմեռ,
կանաչ են մնալու…
քայլում եմ հարսի պես գլխիկոր,
ձյուն է գալիս,
ինչպես ենք սազում իրար,
խելագար սիրահարի
շնչերակի թրթռոցից
ջրից կարված վերմակ եմ դառնում:
Ձուկը ջրի վերին շերտ է բարձրանում,
արևը պտույտ է գալիս,
թեփուկերը փայլփլում են
կոտրված հայելու կտորների նման,
այդպես էլ չիմացա՝
մեզնից որ մեկն
առաջինը սիրահարվեց…

 

* * *

Տանիքից պոկված թիթեղի վրա
անձրև էր տեղում:
Հողը մատաղահաս աղջկա կրծքի չափ
վեր բարձրացավ.
պատիճից դուրս եկած
նորաբույս ծիլը լոգանք էր ընդունում
ցնցղուկի տակ…

 

* * *
Քեզնից հեռանալիս
զսպում եմ զգացմունքներս,
ինչպես սատկած շան տերը,
որ ծածուկ արտասվում է
պատի հետևում…

 

* * *
Օրորոցիս մեջ
ավազամաղով հող եմ լցնում:
Մանկությունս
հանգի՜ստ քուն է մտնում…

 

ԿՈՐԱԾ ՀԵՔԻԱԹ

Բոլոր հեքիաթները
անտառներում մնացին,
ծառերը հատեցին,
իրականն ու երևակայականը
միախառնվեցին իրար…

 

* * *

Ստեղծագործ մի ձեռք
կողդ կսմթեց:
Մաշկիդ
անտեսանելի մազանոթներից
հիրիկի նեկտար դուրս եկավ.
այդ ես էի ծնվում
քեզ համար…

 

 

ՋՐԱՀԱՐՍ
Քեզ տեսած օրից
ոտքերս վաճառեցի:
Վերջույթներս
լողակներ դարձան.
դու դիտմամբ
լողալ չես սովորում…

 

ԵՎԱ
Վարսերդ արևի տակ
արծաթին տվող կոհակներ,
զգեստդ երազի պես լուսանցիկ.
պատահական այգում մերկացար,
բոլորը հավատացին
դրախտի գոյությանը…

 

* * *
Երբ հարցնեն, թե ով եմ ես,
ասա՛, գիշերային լապտերի արտացոլանք եմ,
երևում եմ միայն անձրևից հետո,
ջրափոսի ողորկ հայելու վրա.
-Կասեմ՝ վախենում եմ ձեռք տալ,
վախենում եմ, որ իրար հաջորդող շրջանները
կխառնեն տեսքդ՝ այնքան խնամքով երփնագրված…

 

* * *
Ես երբեք արցունքներս չեմ սրբում,
սիրում եմ,
երբ շոյանքներով ճամփա են անցնում,
խամրում են,
բայց պահում են
պատմությունս բարակ աղով…

 

ՃԱՅ
Ծովի ջրերը
լերկ քարերի
կանաչ վարսերն էին շոյում.
ծովը խաղաղ էր լճի նման,
հայելու վրա մլուկներ էին մլմլում,
խանդանքով լցված
սկսեցիր, տարբեր ձայներ արձակելով,
սիգալ պարել գլխավերևում,
ծովը բորբոքվեց,
ալիք տվեց,
անսովոր ուժով վեր բարձրացավ՝
նահանջելիս իր հետ խորքերը տանելով.
կաքավելու ժամանակ,
երբ թևերդ այս ու այն կողմ էիր շարժում,
կույսի պես ձիգ կուրծքդ երևաց…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *