***
աշունն ի՞նչ գիտի երազանքն ինչ է…
իմանար,
թռչունները չէին գնա,
ծաղիկները չէին մեռնի,
տերևները կանաչ կմնային…
ես էլ չէի երազի…
թեև իմ երազանքների աստղերը
վաղուց պոկ չեն գալիս տիեզերքից…
համառ են.
նայում են անիվների տակ տրորված գույներին
հպարտ են.
իրենք չընկան…
դեպի ու՞ր են շարունակվում
մահամերձ քայլերս…
միևնույն է,
իմ աստղերն աշխարհ գալ չեն ուզում.
ինչ-որ մեկն
ինչ-որ տեղում
ինչ-որ բան է անում
դե
երևի ես էլ դառնամ աշուն…
թռչուններիս բաց թողեցի,
մնում է
չերազեմ
չերազեմ
ու չընկնեմ անիվների տակ…
***
գալարվելով անկողնու դատարկության մեջ
ու մաշկիս վրա զգալով սավանների խաղը
ես սեղում եմ կոպերս…
խճանկար եմ ես,
որ դարեր առաջ սոսնձել ես քո համբույրներով ՝
հատիկ-հատիկ հավաքելով,
ու հիմա կարոտը քայքայում է ինձ նույն ժամանակի մեջ,
որ ինձ էիր տվել…
քեզ չեմ պատկանել, բայց քոնն եմ եղել՝
որպես անկանոն ստեղծագործություն,
որ սիրել գիտի…
ու գիշերներով սավաններն են խաղում մաշկիս վրա՝
ասես վրձիններ,
որ փորձում են վերստեղծել ժամանակը
սկզբի գույներով…
քամին է լցվում բաց պատուհանից
փորձելով զովացնել անմարմին կիրքն իմ
ու
լուսինը հանդարտ սահում է իմ մեջ…
փակ կոպերիս տակ հուշեր են լցվում
հետո բացվում որպես ձնծաղիկներ,
որ գարունն են զգում…
դու չկաս
ու ես վերջանում եմ քո տված ժամանակի մեջ…
***
Երբ ժամանակն է վազում
պատուհանիդ տակով
իսկ վայրկյանները շոշափում են ներսդ
դու շրջագիծ ես
ու մարդիկ
որ վազում են ժամանակից առաջ
ու մարդիկ
որ վազում են ժամանակի միջով
ու մարդիկ
որ ժամանակին այդպես էլ չեն հասնում
քոնը չեն
երբեք
թեև պատկանում են քո ժամանակին
ժամանակն է վազում պատուհանիդ տակով
ու մարդիկ,
որ պատուհանիցդ ներս էին
ու վայրկյանները,
որ շոշափում էին ներսդ
քո ժամանակի մեջ այլևս չկան
բայց
ցմահ
քոնն են…
***
լռությունը անտարբերության երգն է արտամղում
սրտամկանի ողջ կարողությամբ
ու աղմուկի մեջ
զարկերակները փոխում են իրենց հունը՝
ի պատասխան խաղի,
որ վտանգավոր է դառնում ապրելու համար…
արյունը հրաժարվում է սիրտ վերադառնալ,
որովհետև չի հասցնում դատարկվել կյանքից…
նյարդախրձերի վրայով
պսևդոկյանքեր են քայլում
ու դու ստիպված հանդուրժում ես ամեն նոր լիցք
որ կապ չունի քեզ հետ,
բայց անհրաժեշտ է ապրելու համար.
ուրեմն մեռնել է պետք՝
թողնելով կյանքը երակների մեջ,
որ դեռ դեպի սիրտ են գնում՝
անգիտակցաբար շարունակելով մահը ՝
կյանքի հուշերով,
որ վերցրել էիր բջիջներում մոլորված ժամանակներից…
***
մենք ձեռք ձեռքի տված չքայլեցինք դեպի վերջը՝
լուսավոր փողոցներով
ու երգերով,
որ երջանկության մասին պիտի լինեին
մենք չհասանք կարոտի ջերմությանն
այլ մնացինք կրակի մեջ,
որ այրում է ամեն պահը գոյության՝
առանց ճիչ ու առանց ծուխ.
որովհետև աղմուկի մեջ չի լսվում
ու մոխրագույնի մեջ չի երևում
ցավը
մենք չեղանք մինչև վերջ
բայց կշարունակվենք վերջից հետո
երբ եղանակները կլինեն անկախ ժամանակից
իսկ ծովերը չեն բաժանի ցամաքները՝
այլ կմիացնեն…
երբ արևը մայր կմտնի այգաբացերին
իսկ վերջալույսը երկնագույն կլինի՝
նման խաղաղությանը, որ մեր հոգունն է
երբ քայլերը կտանեն այնտեղ
ուր պիտի լինեինք
ու բոլոր տրամադրությունները
դեպի նույն կետը կքայլեն
այնտեղ,
ուր դեռ դրախտն է՝
ծանրացած արգելումի պտուղներով,
որ անտարբերության մեջ կգլորվեն մոռացումի գետերով
դեպի սկիզբ,
ուր մենք չենք եղել
մենք կլինենք վերջից հետո
ու Աստված չի զղջա իր արարումի համար…