Բանաստեղծ, լրագրող, գրող, հրատարակիչ, նկարների հավաքորդ:
Ծնվել է Բաքվում, ապրել Ուֆայում: Ավարտել է Մոսկվայի նավթային ինստիտուտի ինժեներ-տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է որպես ինժեներ: 1961 թվականից զբաղվել է գրական աշխատանքով: Թարգմանել է վրացի բանաստեղծների 7 գիրք: Միաժամանակ ակտիվորեն մասնակցել է ոչ պաշտոնական արվեստի կյանքին՝ հավաքելով ժամանակակից կերպարվեստի գործեր: Մասնակցել է հայտնի «Բուլդոզերային ցուցահանդեսի» (1974) կազմակերպմանը, իսկ ցուցահանդեսը 1975թ. փետրվարին ցրելուց հետո արտաքսվել է ԽՍՀՄ-ից: Մեկնել է Ֆրանսիա, որտեղ կարողացել է տանել նկարների իր հավաքածուի մի չնչին մասը միայն (500 նկարից 80-ը), մնացած մասը հետագայում տեղափոխվել է դիվանագիտական խողովակներով:
1976-ին Գլեզերը Փարիզին մերձակա Մոնժերոնում հիմնել է Ժամանակակից ռուսական վտարանդի արվեստի թանգարան (հետագայում իր հավաքածուի հետ նա տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Ջերսի): Ակտիվորեն զբաղվել է ցուցահանդեսային և հրատարակչական գործունեությամբ: Հիմնադրել է «Երրորդ ալիք» հրատարակչությունը՝ լույս ընծայելով համանուն ալմանախը (19 համար՝ 1976-1986 թվականներին) և «Ստրելեց» հանդեսը (1984-ից): Ս. Պետրունիի հետ համատեղ կազմել է «Ռուս բանաստեղծներն Արևմուտքում» անթոլոգիան (1986 թ.): Հեղինակ է ժամանակակից ռուսական արվեստի մասին մի քանի հուշագրային-հրապարակախոսական գրքերի: 1994-ից հրատարակվում և հանդես է գալիս Ռուսաստանում:
***
Հավատարմություն ոչ թե
Ընկերոջ կամ կնոջ հանդեպ,
Ինքդ քո՛ հանդեպ՝
որպես բարձրագույն բնույթ և օրենք,
Ծանր է ավելի, քան
հերոսաբար զոհ գնաս մարտում:
Եվ դա՛ է, ահա, որ մարդիկ կյանքում
դեռ չեն սովորել:
Կարոտակտ
Օսկար Ռաբինին
Ռուսաստանի հանդեպ կարոտ,
Կարոտ՝ սրտում հրեայի,
Մի անսահման, անծեր կարոտ,
Որ խավարից սև է, նայիր:
Ու լողում են աչքի առջև,
Ժապավենի պես կինոյի,
Երեք ջրհոր և կռունկներ՝
Մերձ գյուղակում Կուսկովոյի:
Նա Ռուսիայում լավ չի ապրել,
Քայլել է միշտ անհամարձակ:
Բայց կարոտակտն ինչու՞ այդպես
Եկավ, սրտին իր տիրացավ:
Եվ Վոլգայի ալիքներն են
Ցնորք դառնում հույժ տրտմալից,
Մերձմոսկովյան
ճամպաներն են
Գիշերն ի լույս երազ գալիս:
Ռուսաստանի հանդեպ կարոտ,
Կարոտ՝ սրտում հրեայի,
Մի անսահման, անծեր կարոտ,
Որ խավարից սև է, նայիր:
Մերձմոսկովյան տարածք
Մի երկու ժամից մայրաքաղաքն է,
Բայց ինչքան հա՛րթ է ու ճերմա՛կ ինչքան:
Պետք չէ ոչ մի տեղ շտապել արդեն,
Լուռ է ամեն բան…
Անշարժ է օդն այս մերձմոսկովյան,
Հեռու է ճամպի աղմուկը համառ:
Եվ կինն այն՝ անունով Պրասկովյա,
Գյուղի կարկանդակ է հանել հիմա:
Գոհ ենք, ասում է, ինչ ունենք՝ ունենք,
Եվ ապա ճերմակ սփռոց է բացում,
Համեստ սեղանին մոտ ենք գնում մենք:
Ասես պալատ է բոլորիս կանչում:
Կարկանդակն ենք մենք ուտում տնական,
Բացվել է այնպես ախորժակը մեր:
Երեկվա օրը՝ հոգսաշատ այնքան,
Լավ է, վերջապես մեզ չի տանջում էլ:
Անէացել է խուլ, մաշող ցավն իմ,
Եվ դրսում հա՛րթ ու ճերմա՛կ է այնքան:
Վաղ առավոտյան երազ եկավ ինձ
Լռությունը այն…
***
Պարզ էր օրը և թախծոտ,
Ազնվածին օր էր աշնան:
Կիրակի էր:
Բոսոր անտառն
Արքայաբար տերևներն է թափում իր:
Անշարժ էր օդը ցրտաշունչ,
Եվ պաղ կեչին,
Ինչպես օտար մի կին,
Նայում էր
իմ միջով…
Նապաստակը սուրաց արագ
Եվ չքացավ անմիջապես:
Կապույտ երկինքն էր շնչում անխռով:
Չորացել էին խոտերը,
և նեխահոտ տերևները
Խշխշում էին ոտքի տակ:
Հոկտեմբերյան անտառով
Անցնում էի ես:
Հանգիստ էր բերում
Խաղաղությունն աշնան:
Ուզում էի, որ այն
Ձգվի երկար՝
Այս պարզությամբ,
անձրևներով,
Երկարատև, խուլ օրերով,
Մերկությամբ ծառերի,
Նրանց գծերի սրվածությամբ,
Եվ այնպիսի տարօրինակ մի զգացումով
Մենության,
որի գրկում
Հաճույք ես զգում…
Այսպես եմ ես աշունը հասկանում:
Էլեգիա, 1917 թվական
Վնգստում էր շունն հատակին,
Եվ ոջիլն էր բարձին սողում,
Խմած Գորկին էր դառնագին
Լալիս. «Ռուսիա, ու՞ր ես լողում»:
Նա դեպի լույսն էր սլանում,
Ողջը սրբում՝ սև հողմի պես,
Լենինն էր սոսկ դա իմանում,
Մինչդեռ Գորկին բան չգիտեր:
***
Շրջապատված Վիեննայով գոթական,
Որ անհաղորդ է տխրությանն ուրիշի,
Հավատի հետ կորցնում եմ ամեն բան,
Ինչ կապված է անցյալի հետ, հուշի:
Մենությունն է կարծես դարձել գիլյոտին:
Գլորվում է գլուխս իմ ուսերից:
Մա՛հ, գուրգուրիր, ասես լինեմ քո որդին,
Ե
վրոպական գիշերվա մեջ սուզիր ինձ:
Երեք բանաստեղծություն
Օ. Ռաբինին և Վ. Կրապիվնիցկայային
**1.**
Դե, ո՞նց ես հիմա նկարում, Օսկար,
Ականջդ՝ գյուղի բուխարու երգին,
Ֆրանսիական հեռվում: Նայիր՝ անձրև է,
Սոֆրոնցևյան է բնապատկերը,
Նստած ենք տանն այս վայելուչ և հին,
Խմում ենք ո՛չ թե զզվանք «Սոլնցեդար»,
Այլ զուտ տեղական նոր քաշած գինի:
Դե, ո՞նց ես հիմա նկարում, Օսկար,
Քեզ չէի հարցրել՝ վաղուց կլինի:
Նկարիր, գրիր, իմ լավ բարեկամ,
Քո ստեղծածով միշտ ջահել ես դու,
Թեկուզ մեզ վրա չար բախտն է ազդում,
Բայց դեռ առջևում լուսե օրեր կան
(Ուղիղ իմաստով և անուղղակի),
Աքլորն է կանչում զիլ ու շեշտակի:
Աշուն է շուտով: Ով ծեր է, տկար,
Թող նա՛ վախենա: Բուխարու կողքին
Նստած ենք տանն այս վայելուչ ու հին:
Դե, ո՞նց ես հիմա նկարում, Օսկար:
**2.**
—Ի՞նչ, լա՞վ է հիմա… Տեսա՞ր, բարեկամ,
Կասկածում էիր՝ մեկնել, չմեկնել:
Թե՞ ուղենշան կա այստեղ, մե՞կն էլ…
Լսու՞մ ես, կարծես թե տարաժամ է,
Կանչում է նորից աքաղաղն երկար՝
Այս թախծոտ, թրջված, ուշ գիշերվա մեջ:
Եվ ի՞նչ լավ է, որ նկարում ես դու,
Բուխարին գվվում, երգն էլ Բուլատի
Հնչում է այնպես հուզիչ և ազդու,
Երգը՝ մեզ համար սահմանված բախտի:
Անձրև էր գալիս հինգ օր շարունակ,
Բայց լա՛վ էր այնպես մեր այն հարկի տակ:
Վառ էր բուխարին: Արինք խորոված:
Ճարճատում էին այրվող փայտերը,
Եվ ճոճվում էին մեր ստվերները,
Զրնգուն բոցն էր ալեհեր ջրանցք:
Փշատերևի բույրն էր տարածվում,
Մենք Լուբյանկայի մասին զրուցում,
Հինն էինք հիշում, գալիքն էր թովում:
Ընդհանուր առմամբ՝ նույնն էր մեր մտքին՝
Թե միասին ենք, Աստված կփրկի…
Եվ թթվաշ գինին մեզ քաղցր էր թվում…
**3.**
Հրաժեշտ, ընթրիք: Գինի փրփրուն:
Վերջին երեկո… ոչ թռիչքային,
Երգում է երգն իր մեր հին բուխարին:
Ի՞նչ լավ է այսպես, մեր բախտն է բերում:
Հավատարմությամբ, հավատով անշեջ՝
Բարեհաջ բախտին կվճարենք մեր:
Ո՞նց եմ ձեզ սիրում, իմ լավ ընկերներ,
Դե լցրու՛, Օսկար, գինին մինչև վերջ:
Մոմերն այս երեք վառիր, Վալյա, դու…
Թող խորհրդավոր նրանք առկայծեն:
Եվ հուշերը թող այստեղ թևածեն
Ու հալչեն, լուծվեն գիշերվա մթնում:
Անձրևը կույր է, ինչպես խավարը,
Մեղմ երգում ենք մենք երգը Բուլատի:
Զ
ինվորներ՝ փրկված հենց կամքով բախտի,
Բախտի մասին է փչում փողհարը…
***
Ամպրոպ չստացվեց: Բիրտ անձրևը, տես,
Ահա, Կուբայի առաջնորդի պես,
Հա՛ փնթփնթում է՝ չորս ժամ ձգվելով:
Ցրվեց հոգնաբեկ շղթան ամպերի,
Վեր է խույանում շարքը լեռների՝
Գորշ աքաղաղի նման փքվելով:
***
Ոտաբոբիկ՝ Բոսեով եմ թափառում,
Ինչպես առաջ՝ Օկա գետի ափերին,
Եվ հեռու եմ, Աստծուց շատ եմ ես հեռու,
Երբ հեռու եմ քեզնից այսքան, սիրելիս:
Կյանքն, իրոք որ, Պրովանսում լավ է միշտ:
Լեռներ են, ծով, արմավենիք շուրջը մեր:
Բայց ինչի՞ց է՝ հենց ջերմանում է հոգիս,
Վանահոր պես աղոթում եմ ողջ գիշեր:
Դե, Վոլոդյա, երգիր խռպոտ քո ձայնով,
Մի բան երգիր կյանքի մասին գայլերի:
Ա՛խ, վրդովիր դու իմ հոգին քեզանով,
Հետապնդման, որսի կրքով ինձ գերիր:
Լռություն է, անասելի մի հանգիստ:
Լայն բացում եմ լուսամուտն իմ ես էլի:
Օտար խոսքից սրտխառնուք եմ զգում միշտ,
Խորհրդային կինո գոնե դիտեի:
***
Անձրևն անձրև չէ, երկնքից կախված՝ կարծես հյուսվում է,
Եվ մեր գնացքն էլ հյուսվում է նույնքան դժկամ ու սառած:
Շուրջը՝ ուժասպառ, թմրած,
հոգնաբեկ տարածություն է,
Իսկ այնտեղ՝ վերում, մութ ամպերից դեն՝ արևն է մեռած:
Կեսքուն, կեսարթուն, կեսմտորուն է մարդկանց այս կույտը՝
Այս երիտասարդ շինարարները ծեր Եվրոպայի:
Մեր ռուսական արահետները թե իմանայի՛ն,
Միամիտները այս՝ խրամատները մեր իմանայի՛ն…
Ինչքա՛ն փորձեցի, – սակայն անգետ ու այնքան անփույթ են:
Սնանկ հոգիներ, սնանկ սրտեր ու մտքեր են չնչին,
Սոսկ գոյատևել, ապրել, վայելել, բազմանալ հանգիստ…
Թո՛ղ որ ռուսներին դժբախտությունից չի փրկի ոչինչ…
Բայց իրենց դուռն էլ կարմիր հմայքը մի օր կթակի:
Ունկերն են փակվում: Սոսկ մի բան գիտեն՝ հարմարավետ կյանք,
Հոգու հանգիստը միայն պահպանել: Իսկ ինչ չե՛ն ուզում,
Դեն են շպրտում հանգիստ ժպիտով մի եվրոպական,
Այս քնքշադընտանիք մտակռտվածներն՝ անկիրք, անհուզում:
Իսկ մեր գնացքը շարժվում է հարբած մուժիկի նման,
Հյուսվում է դանդաղ, ճոճվում, երերում այնքան հոգնաբեկ:
Ես վաղուց պիտի կծեի լեզուն իմ այս ռուսական:
Ներիր, Ֆրանսուա, որ անզուսպ եղա, զղջում եմ այնպես:
Թարգմանությունը ռուսերենից՝ Խորեն Գասպարյանի

