Լուկիանոս | Մեռելների զրույցը

Հին հույն գրող-երգիծաբան Լուկիանոսը (հին հուն․՝ Λουκιανὸς ὁ Σαμοσατεύς, լատ․՝ Lucianus Samosatensis) ծնվել է 120թ. Ասորիքի Սամոսատ քաղաքում։ Լուկիանոսը իր երգիծական ստեղծագործություններում ծաղրել է հասարակական, կրոնական և փիլիսոփայական նախապաշարումները և իր ժամանակի այլ արատներ։

«Մեռելների զրույցը» երգիծանքում Լուկիանոսը այն միտքն է արտահայտում, որ փառքը, իշխանությունը, գեղեցկությունը, հարստությունը  առ ոչինչ են։

 

 

XIII

Դիոգենես և  Ալեքսանդր

 

Դիոգենես.- Այս ի՞նչ է։ Օ՜, Ալեքսանդր, դո՞ւ էլ մեռար մեզ նման։

Ալեքսանդր Մի՞թե չես տեսում, Դիոգենես, և ի՞նչն է զարմանալի, մարդ էի ու մեռա։

Դիոգենես.- Ուրեմն, Ամմոնը ստում էր՝ ասելով թե իր որդին ես, այնինչ Փիլիպպոսի որդին ես։

Ալեքսանդր.- Իհարկե, Փիլիպպոսի որդին եմ, եթե Ամմոնի որդին լինեի, մահկանացու չէի լինի։

Դիոգենես.– Իսկ Օլյումպիասի մասին պատմում էին, թե իբր նա մերձեցել է օձի հետ, որին տեսել են նրա անկողնում։ Հետո  ծնել է քեզ, իսկ Փիլիպպոսը  խաբված է մնացել` կարծելով թե իր որդին ես։

Ալեքսանդր.- Ես էլ եմ լսել այդ զրույցները, բայց հիմա տեսնում եմ, որ և՛ մայրս, և՛ Ամմոնի քրմերը  թաքցնում էին ճշմարտությունը։

Դիոգենես.- Այնուհանդերձ նրանց առասպելները չեն խոչընդոտել քո սխրանքներին, Ալեքսանդր։ Շատերն են քեզնից երկնչել, որովհետև հավատում էին քո աստվածային էությանը։ Բայց, ասա՛ ինձ, ո՞ւմ ես թողել  քո ահռելի տերությունը։

Ալեքսանդր.-  Չգիտեմ, Դիոգենես, չեմ  հասցրել այդ մասին հոգալ, միայն հիշում եմ, որ երբ հոգիս լքում էր մարմինս՝ մատանիս տվեցի Պերդիկկային, ավաղ, ինչո՞ւ ես  ծիծաղում։

Դիոգենես.- Ինչպե՞ս չծիծաղեմ, հիշելով, թե ինչպես են  հելլենները քեզ փառաբանել, երբ բազմեցիր գահին, քեզ առաջնորդ և զորապետ հռչակեցին, որ ազատես նրանց  բարբարոսներից։ Ոմանք էլ քեզ տասներկու աստվածների շարքը դասեցին, տաճարներ կանգնեցրին և զոհեր մատուցեցին՝ իբրև Ամմոնի որդու, բայց, թողնենք դրանք, որտե՞ղ են քեզ  թաղել մակեդոնացիները։

Ալեքսանդր․- Արդեն իսկ երեսուն օր է, ինչ  Բաբելոնում եմ, բայց իմ տեղակալ Պտղոմեոսը խոստացավ  ներկա տագնապալի  վիճակից ազատվելուն պես ինձ Եգիպտոս տեղափոխել և այնտեղ հուղարկավորել, ինչպես եգիպտական աստվածներից մեկին։

Դիոգենես.-Եվ տակավին ուզում ես, որ չծիծաղեմ։ Նույնիսկ հիմա` անդրաշխարհում` տեսնելով խենթությունդ և Անուբիս կամ Օսիրիս դառնալու հույսդ։ Մոռացի՛ր դա, Մեծն Ալեքսանդր, վերադարձի հույս չկա նրա համար, ով արդեն իսկ անցել է Հադեսի նեղ դարպասով։ Էակոսը ոչ ոքի չի ներում, Կերբերոսն էլ թեթևամիտ չէ։ Բայց կուզեի  իմանալ, թե՞ ինչ ես զգում, երբ հիշում ես  այն երանությունը, որ  թողել ես երկրի վրա՝  թիկնապահ զորքերը, խորհրդականները, սատրապները, առատ ոսկին, քեզ երկրպագող ազգերը, Բաբելոնը, Բակտրիան, սարսափազդու փղերը, փառքն ու պատիվը,  հանդիսավոր շքերթները, որտեղ հայտնվում էիր շողշողուն ապարոշով  և ծիրանի պատմուճանով։ Չե՞ս վշտանում, երբ հիշում ես։ Եվ ինչո՞ւ ես հիմա արտասվում փոքր երեխայի պես: Միթե՞ իմաստուն Արիստոտելը քեզ չի սովորեցրել, որ ճակատագրի պարգևները  մշտենջանական չեն։

Ալեքսանդր․- Իմաստո՞ւն, նա շողոքորթներից ամենախորամանկն էր, միայն ես գիտեմ, թե ինչե՜ր խնդրեց ինձնից, ի՜նչ նամակներ գրեց։ Ինչպես նա  չարաշահեց իմաստասիրության հանդեպ իմ սերը՝ շողոքորթելով ինձ և գովաբանելով՝  մերթ  գեղեցկության համար, որը նա անվանում էր բարիք, մերթ իմ սխրանքների և  հարստության համար։ Նա համոզում էր ինձ, որ հարստությունը նույնպես բարիք է և առանց ամաչելու իր բաժինն էր վերցնում։ Օ՜, Դիոգենես, շաղակրատ էր և նենգավոր։ Նրա իմաստությունից ինձ մնաց միայն քո հիշատակած բարիքների կորստի ցավը։

Դիոգենես.- Գիտե՞ս ինչ անել։ Վիշտդ ամոքելու միջոց եմ գտել։ Քանզի այստեղ խելահեղության դեղամիջոց՝ եղեբորոս չի աճում, քեզ ոչինչ այլ  չի մնում, քան Լեթայի ջրերից խմելը, շարունակ  խմելը, կրկին ու կրկին։ Միայն այդպես դու կդադարես վշտանալ արիստոտելյան բարիքների համար։ Բայց տես․ Կլիտոսը, Կալլիսթենեսը և մի ողջ բազմություն  վազում են այս կողմ՝ քեզ պատառոտելու, այն չարիքների համար, որ նրանց պատճառել ես։ Ուստիև, շտապ այլ ճանապարհով գնա և ավելի հաճախ խմիր Լեթայի ջրերից, ինչպես խորհուրդ եմ տվել։

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *