Մերի Հովհաննիսյան | Լեղի

Վեց քառակուսի մետր բետոնապատ սենյակ է: Աջ անկյունից երկու մետր հեռավորության վրա բազկաթոռի մեջ նստել է քառասունվեցամյա մի կին: Նայում է ներքև՝ պաղ հատակին: Նա շնչում է հազիվ լսելի: Ներս է հրում սենյակի դժվար օդը: Վարսերը հավաքել է հետևում: Սև բարակ ռեզինով ցածր պոչ արել: Վարսերը՝ արևահամբույր: Տեղ-տեղ երևում է գլխամաշկը: Դեմքը պեպենոտ է: Կարճ, նոսր արտևանունքներ ունի ու աչքերը չի թարթում: Թվում է՝ խաղ է խաղում: Ինչքան կձգի: Կամ արդեն ոչինչ չի զգում: Կոպերը փոքր-ինչ ուռած են: Զմրուխտե աչքեր ունի: Սազում է մուգ մոխրագույն պատերի հետ: Բարակ շուրթերը կապտել են: Երևի ցրտից: Հագին բամբակե հաստ գիշերազգեստ է: Մանր կապույտ ծաղիկներով: Երկարաթև: Ծնկներից տասը սանտիմետր վերև: Վիզը` կլորաձև բացվածքով: Երկու սպիտակ մանր, չորս ծակերով կոճակ կա վրան: Հագին` ահագին մեծ։ Կարծես թե, իրենը չէ։ Գլուխը ցավում է: Քունքերը տրփում են։ Նիհար է: Նվաղ ու սմքած։ Ձեռք տաս, կփշրվի: Կոշտ մաշկ ունի: Հնացած: Ապրած: Չգիտես՝ մութ ու տխուր բաների մասին է մտածում է, թե արդեն ուղղակի ճակատի կնճիռներն են վառ արտահայտված: Ոսկրոտ ձեռքը հենել է բազկաթոռին, մյուսով կզակն է բռնել: Հոգնել է: Բազկաթոռը մուգ շագանակագույն է: Վրան մի տոն բաց երանգով մեծ ծաղիկներ ու նույնաչափ տերևներ են նկարած: Մի քիչ հնամաշ է կտորը: Բազուկներին ու ներքևի հատվածում փայտ է: Ինչ-որ անհամ դիզայնով: Վեց մեխեր են պահում երեք փայտի կտորները: Աջ անկյունի երկու մետրը միտեղանոց մահճակալ կա: Չորս կարճ ու տգեղ ոտքեր ունի: Քառակուսի բաց շագանակագույն հենարաններ: Ճերմակափայլ անկողին է: Ճմրթված։ Վերմակի մի ծայրը հատակին է։ Կինը շարունակում է իր զբաղմունքը: Չգիտես՝ ինչքան երկար է նայել: Դեռ սովորո՞ւմ է հատակին, թե՞ հասցրել է իմաստազրկել այն: Չի ցանկանում տեղից շարժվել, դուրս գալ սենյակից: Կամ էլ չի կարող: Սենյակում լռություն է: Դրսի ձայները այստեղ չեն հասնում: Օդը կանգնել է, ներս չի գնում։ Սենյակը դուռ չունի: Պատուհան էլ: Չգիտես՝ վաղուց էր այդտեղ, թե պատերը կառուցվել են նրա շուրջ: Կամ շպրտվել է ներս` առանց իր իմացության, ցանկության, տեղյակ պահվելու։ Սենյակում չկա ժամանակ: Չկան տարվա եղանակներ, չկա իրադարձություն: Կա տարածություն: Գոյություն։ Ու ենթադրաբար մտքեր կան: Կարելի է անել ոչինչ ու լինել ոչ մի բան: Շարժվել էլ չի ուզում: Ստեղծելու համար բոլոր պայմանները բացակա են։ Նա մենակ է: Աչքերը լիքն են: Բայց ոչինչ չեն արտահայտում: Սենյակում չկա լամպ։ Բոլորը երկար է նայվել, և ամեն բան հասցրել է զրկվել իմաստից։ Զրոյական է ամեն ինչ: Կամ վերջ է, կամ սկիզբ։
Հանկարծ մահճակալից մեկը անսպասելի նստում է: Ուղիղ մեջք ունի: Ութսուննանց կին է, ալեհեր։ Կարճ կտրած: Անշուրթ ու մի լավ կնճռոտ: Մանր աչքերի տակ մեծ, սև քնապարկեր են: Մաշկագույնը` վառած շաքարավազ։ Լիքոտ ձեռքեր ունի: Դեմքին արտահայտություն չկա: Թվում է` մի քանի տարի չի քնել։ Երկար սպիտակ գիշերազգեստ է հագին: Բարակ է ու աննախշ։ Բաց կեղտոտ դեղնավուն հետքեր կան: Կարծես, հագին է արդեն մի քանի տարի։ Թվում է՝ իրական չէ: Շնչառություն չունի: Մահացած մեկն է: Մեկ էլ ոտքերը դուրս է հանում անկողնուց: Ոտքի մատները սրանկյուն եռանկյուն են։ Ոտքերով բռնում է քառասունվեցամյա կնոջ վզից ու քաշում իր կողմ: Քաշում անկողին: Նա մարդ չէ, այլ` դիակ: Չգիտես՝ որտեղից հայտնվեց ու ինչ է ուզում: Այդտե՞ղ էր, թե՞ հիմա էլ չկա։ Քաշում է ոտքերով, մարմինն անշարժ է, կինը ճչում է: Անբնական ողբում: Արցունք չկա: Անպատրաստ էր ու անպաշտպան։ Ձեռքերով բռնել է ոտքերը, փորձում է ազատվել: Իրականում, միայն ազատվել փորձելու իմիտացիա է: Անզգա ճչում է` ինչպես ռեֆլեքս: Չգիտես ինչպես, դու ու ես մարմին ենք առնում, հիմա դու պարզապես ընթերցող չես, այլ ձեռքեր ու աչքեր ունես: Միաձուլված ենք: Կանգնած բազկաթոռի դիմացը՝ չորս մետր հեռավորության վրա: Վազում ենք, որ ազատենք, ու տեղ չենք հասնում։ Տարածությունը զրոյացված է։ Իմաստից ազատ, պոկված։ Վազում ենք։ Հևում։ Շնչում արագ։ Բայց օդը ներս չի գնում, հոգնել ենք: Դիակը քաշում է, կինը ճչում է, մենք` վազում, բայց շարժում չկա: Չեն տեսնում մեզ: Կանգնում ենք, փակում աչքերը, լռում: Ծեր դին քաշում է կաշի-ոսկոր կնոջը, կինը ճչում է վայրենի: Ձեռքերով բռնում է քաշողի ոտքերից: Իմաստ ենք տալիս տարածությանը: Չորս քայլ, ու այնտեղ ենք: Բռնում ենք դիակի ոտքերից, որ ազատենք: Չեղավ: Էլի ենք փորձում, անօգուտ է։ Մեր ձեռքերն անցնում են նրանց միջով։ Նրանք մեզ չեն տեսնում: Մենք էլ գոյազուրկ ենք, անմարմին, անիմաստ: Հևում ենք: Վախենում, որ կմնանք ներսում, ուր ոչ դուռ կա, ոչ լուսամուտ: Դին քաշում է, կինը՝ ճչում, շարժում չկա: Փակում ենք մեր աչքերը: Մեզ պետք է իմաստավորենք: Օդը քարացել է ու ներս չի գնում: Շարժումը չկա։ Շնչահեղձ ենք, ու ոչինչ չկա:
Ամեն ինչ կարգին է: Պարզապես բացիր աչքերդ, ու կչքվի սենյակը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *