Հովհաննես Գրիգորյան | Քո ուշացած աշակերտը

Եվ հիմա, երբ հուշագրությունների տեղատարափ անձրեւի տակ հեղեղ է սկսվել նրա անվան շուրջ, երբ գրականության քրմերը գործարար եռուզեռի մեջ են եւ դժվար է մի խաղաղ անկյուն գտնել նրա բանաստեղծությունները սուս ու փուս կարդալու համար, ես կարկամած նայում եմ նրանց խանդավառ դեմքերին.
-Աստված իմ, այս ինչքան բան գիտեն այս մարդիկ: Եվ ինչ լավ է անցնում իմ կյանքն ու ինչ ուրախ:
Տեսարանն ավելի գեղեցիկ է գիշերը. լուսնի կաթնագույն լույսի մեջ թաղված՝ կավե երդիկներին ծալապատիկ նստոտած գրում են նրանք առավոտյան թերթերի համար…
…Իսկ նա շատ քիչ բան էր ուզում աշխարհից ընդամենը մի բոստան Արազի ափին, ընդամենը մի Շուշան եւ մի քողտիկ՝ առանց կոմունալ հարմարությունների: Եվ թուղթ ու գրիչ, որպեսզի բանաստեղծություններ գրեր նվիրված բոստանին, Շուշանին եւ քողտիկին:
Այսպիսի մի մեծ բանաստեղծ էր ապրում աշխարհի վրա: Ես նրան շատ ուշ եմ սիրել, որովհետեւ ես սկզբից պալատներ էի երազում՝ կաֆելապատ հարմարություններով եւ ոսկեզօծ ավազաններով, գեղիրան աղջիկների բազմություն եւ անծայրածիր ասֆալտապատ-բետոնապատ տարածություններ: Եվ այդ սրընթացվազքի մեջ ես չէի նկատում նրան: Բայց երբ տարիներն անցան, երբ վազքից ու թափից խոնջացած կանգ առա մի պահ, եւ իմ հոգնած ու կուշտ աչքերի առաջ անաղմուկ փլվեցին ոսկե պալատներն ու չքացավ գեղիրան աղջիկների բազմությունը, ես նոր միայն հասկացա, որ երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ էր ընդամենը մի բոստան, ընդամենը մի Շուշան: եւ մի քողտիկ, թեկուզ եւ առանց կոմունալ հարմարությունների:
-Բաց արա դուռը Վարպետ, այդ ես եմ, քո ուշացած աշակերտը:

Գարուն, 1975, համար 10

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *