Հովիկ Մխիթարյան | Մեծ լռություն

Գրված հուլիսի 20-ի՝ շախմատի համաշխարհային օրվա առթիվ

Խաղից հետո ես հոգնած տուն կգնամ կամ հյուրանոցի` իմ սենյակը: Իսկ մինչ այդ` հենց բեմի վրա մի փոքր կհարդարվեմ: Գեղեցկություն` առաջին հերթին. թե՛ կյանքում և թե՛ շախմատում…
Հյուրանոցային տխուր, թեպետ շքեղ սենյակներն ընդունում ու ճանապարհում են միայնակներին։ Այդ սենյակներում հազարավոր տխուր և ուրախ պատմություններ են գրվում։ Յուրաքանչյուր այցելուից հետո փոխվում է ամեն ինչ՝ սպիտակեղենն ու անձնական հոտերը, նետվում են մոռացված իրերը, սակայն ոչ երբեք՝ իրենց հյուսած պատմությունները։ Շատ բան կարող էին պատմել այդ սենյակները, եթե միայն խոսել իմանային: Այնտեղ մի այլ իրականություն է, միայնության ու մեծ լռության շարունակությունը… Իմ աշխարհը լռությունն է:
Լռությունը սկսվում է մրցահարթակի վրա, որտեղ ապավինում եմ լռության ձայնին ու շախմատային խաղաքարերի խորհրդին։ Երբ շախմատ եմ խաղում, կիսով չափ բեմի վրա եմ, կիսով չափ` հանդիսատեսների հետ: Բեմից այն կողմ սպասումների ու ակնկալիքների աշխարհն է… Հանդիսատեսների մի մասին գրավում է մրցույթն ինքը, մյուս մասին` կինը: Նրանցից շատերն ուսումնասիրում են ոչ թե դիրքը, այլ մեզ: Լուրջ, բարձր մակարդակի շախմատը ընտրյալների մենաշնորհն է և ամեն մեկը չի հսականում այն: Ահա թե ինչու հանդիսատեսների մեծամասնությունը մեզ է հետևում` կանանցս, չէ որ մենք գեղեցիկ ենք նաև շախմատ խաղալիս:
Որոշ կին շախմատիստներ հենց բեմի վրա ցուցադրում են իրենց ողջ հմայքն ու նազանքը. մի քանի ժամ` հայացքների ներքո: Դա կնոջ երազանքն է, որի հնարավորություններն ունեն շախմատիստ կանայք: Ոչինչ, նույնիսկ շախմատը չի կարող ոչնչացնել կանացիությունը:
Շախմատն անդիմադրելի է: Նրան սիրահարված մարդն այնտեղ իր տարածքն է որոնում` վերացարկման իր մոլությունը: Նա վայելում է լռության մեջ հաշվարկների բավականությունը: Մենք` շախմատիստներս, լռության զավակներ ենք և այդպիսին էլ կհեռանանք այս աշխարհից: Շախմատային դիրքը մեզ համար շնչող, կենդանի էակ է, յուրատեսակ հիդրա, որ պարուրում է իր մեջ և բաց չի թողնում, մինչ թափառում ենք հաշվարկների ու տարբերակման լաբիրինթոսներում… հետո կանացի նուրբ ձեռքերով կատարում ենք քայլը, իսկ տղամարդիկ այդ ընթացքում շունչները պահած սպասում են…Մի քանի տրիլիոնի հասնող դիրքերից մենք ընտրում ենք մեր սեփականը, մեր խառնվածքի ու երևակայության հորինվածքը: Ամեն քայլից առաջ, եթե ժամանակի սղություն չունեմ, ես միշտ փակում եմ աչքերս, որպեսզի ընկալեմ փոքրիկ տարածքի իմ հսկայական ազատությունը` հոգու և մտքի իմ սլացքը:
Իսկ խաղից հետո ես հոգնած ու դատարկված լքում եմ բեմահարթակը, որպեսզի իմ սենյակում երկու ձեռքով բռնեմ թեյի տաք բաժակն ու անրջեմ, վայելեմ իմ մենությունն ու հոգնությունը, մինչ որոշ տարբերակներ դեռ կառկայծեն ուղեղումս և աստիճանաբար կմարեն…
Բեմի վրա մենք առաջին հայացքից անկյանք ու անկիրք ռոբոտներ ենք, մինչ տղամարդիկ հորինել են կանացի անմատչելիության հեքիաթը։ Նրանք սիրում են հեքիաթներ ու հորինվածքներ` մեր ոգեղենության մասին։ Եվ ամբողջ մի քանի ժամ վայելելում են իրենց մոլեգին երազանքն անմատչելի կնոջ մասին` բեմի վրա, զուսպ, խոհուն, մինչ մենք տառապում ենք սիրո, տղամարդկային ուշադրության ու փաղաքշանքի բացակայությունից և… շարունակում խաղալ մեր խաղը:
Ես միայնակ եմ, սիրտս հուզումներով լի կյանքի է կարոտ․․․Մի անգամ լաց եղա հենց բեմի վրա: Ձանձրույթից ու լռությունի՞ց էի հոգնել, չգիտեմ, բայց խաղում գեղեցիկ հաղթել էի. մինչ հանդիսատեսները բեմին էին նայում, այլ ոչ ինձ, ես լացեցի բարկությունից, հոգնած՝ մեծ լռությունից: Մի քանի իմաստակներ ծափահարեցին ինձ. նրանց թվաց, թե ուրախությունից եմ լաց լինում: Երբ լացում եմ պարտվելիս, «խելացիներն» անմիջապես կարեկցում են ինձ. տանել չեմ կարող նրանց անմիտ, ծիծաղաշարժ ու «ըմբռնող» հայացքները:
Ես լացում եմ, որովհետև պատկերացնում եմ քանոնով գծագրված տեսարանը` հարցազրույց, հիացական հայացքներ, ապա` իմ սենյակը: Երբեմն ճաշկերույթի հրավերներ եմ ունենում: Նման երեկոներին ես ավելի եմ բարձրացնում երաժշտության ձայնն իմ սենյակում և ավելի երկար մնում պատուհանի դիմաց: Քաղաքի լույսերի մեջ թաղված խորհրդավոր փողոցներն անդիմադրելի հմայք ունեն, որպես մերօրյա ջունգլիներ. այսքան մարդի՜կ, մեքենաներ, ճակատագրեր… Մեղմ տխրություն եմ զգում և դուրս գալիս զբոսնելու, ուսումնասիրելու անծանոթ քաղաքների փողոցները. քայլում եմ երկար, պարուրվում անծանոթ քաղաքի փողոցների ու գիշերային արկածների խորհրդավորությամբ: Ինչքան հրաշալի պատմություններ, ողբերգություններ ու երջանկության ցնցումներ են թաքցնում նրանք իրենց մեջ։
Այդ պահերին ես մտածում եմ այն մեկի մասին, որը հնարավոր է հենց այս փողոցում, այս քաղաքում է ապրում, այսքան լույսերից մեկի մեջ, որևէ խորհրդավոր սենյակում: Ինչպես նա, ով համակրում է ինձ և միշտ գալիս է երկրի առաջնությունների ժամանակ, սպասում մինչև վերջացնեմ իմ խաղը: Ես տեսել եմ` ոչ թե ցուցադրական խաղատախտակին, այլ ինձ հառված նրա կրքոտ հայացքը: Այդ հայացքն ինձ հետապնդում է մինչև խաղի վերջը, հրդեհում ներսս: Երբեմն ես խաղում եմ միայն նրա համար: Մենք միասին ենք խաղում: Իմ խաղն ու հաղթանակը նրա՜ն եմ նվիրում: Ինչու՞ խաղից հետո չեմ մոտենում և ասում, որ սիրում եմ իր հայացքը:
Ինձ չի լքում հույսը, որ նա երբևէ կխախտի այս մեծ լռությունը: Թե՞ կմնա իր երազանքների գերին: Նա ինձ չի հանդիմանում անգամ հայացքով, երբ պարտվում եմ ու մեղավոր նայում նրան․․․նրա հայացքում միայն լուռ հիացմունք եմ նկատում… մենք արդեն հասկանում ենք միմյանց: Եթե լուռ երկխոսությունները ձայն ունենային, աշխարհն ավելի իմաստուն կլիներ: Լռության արվեստը մեկնաբանելը կյանք ծնող արվեստ է: Շախմատիստները լռության զավակներ են և մեծ երազողներ, որ համառորեն որոնում են լավագույն խաղը և… երբեք չեն գտնում: Երբ գտնեն, այլևս շախմատ չեն խաղա:
Խաղից հետո, երբ հոգնած դուրս եմ գալիս, իմ երկրպագուն երբեք չի մոտենում ինձ, այլ հայացքով ուղեկցում է շատ երկար: Նրա լռությունն ինձ անտանելի է թվում: Միայն մի անգամ, երբ անցնում էի կողքով, անհամարձակ նայեց ինձ և ժպտաց տարօրինակ ժպիտով: Այդպիսի երեկոներին կարծես ավելի եմ շնչակտուր լինում, ավելի եմ զգում կենդանի մարդկանց կարիքը:
Ես դարձել եմ հաղթանակներ կռող մեքենա, վարժվել այդ արվեստին, որովհետև մարդիկ գնահատում են այդ հաղթանակները, այլ ոչ իմ ձգտումներն ու երազանքները: Ինձ վճարում են իմ հաշվարկների, տրամաբանության ու վերացարկման համար, այլ ոչ իմ խոհերի, տխրության ու երազների համար: Մեր շատ երազանքներ ու կոմբինացիաներ ծնվում ու մահանում են հենց խաղատախտակի առջև: Մեր կյանքը հենց այդ խաղն է: Իսկ ո՞վ է երբևէ գնահատելու մեր չիրականացած երազանքներն ու չկայացած հաղթանակները:
Ես երազող եմ՝ մեր դարի խորթ զավակը: Երազում եմ զարմանահրաշ խաղի՝ շախմատի մասին: Ո՞վ է հորինել, ո՞վ է կյանքի կոչել, այդքան կիրք ու մտքի վերացարկում ներդրել այնտեղ: Շախմատը հմայում է ու դյութում, մինչ հաջողության և փառքի չհասածների համար այն հաճախ ողբերգության է վերածվում: Ես անհուսություն եմ զգում. հաջողությունները սկսում են ձանձրացնել, իսկ հռչակը ծանր բեռի նման կախվում է ուսերիցս: Ես կտրվում եմ իրականությունից ու մի այլ` երևակայական աշխարհ տեղափոխվում: Մինչ ինձանով հիանում են ու գնահատում, ես չեմ համաձայնվում ինձ տրվող մեծարանքի ու պատվի հետ, գոգնությո՜ւն եմ զգում այդպիսի մեծարանքներից :
Ես միշտ հուսալքված տուն եմ գնում, վիրավորված բոլորից, իմ անհայտ երկրպագուից: Այլևս չեմ ուզում լռության զավակ լինել, հաղթանակներ կռող մեքենա` մի ուրույն homo sapiens, որը միայն տրամաբանական հաշվարկներ է անում: Ես ցանկանում եմ ապրել, տեսնել գեղեցիկն ամեն ինչի մեջ, կանգնել մայրամուտի դիմաց կամ լճի ափին և ամբողջ ուժով բղավել ուրախությունից: Ես ցանկանում եմ սիրել, ինչքան էլ որ սերը խոցելի դարձնի մեզ:
Ծանր խաղերից հետո ինձ փրկում է մի գավաթ մուգ, թանձր, պայծառ հուրհրատող գինին: Լույսը բեկվում է բաժակի ու ձեռքիս վրա: Գինին արթնացնում է զգացմունքներս ու կրքերս, մարդկային հարաբերությունների եռքի մղում: Ես ավելի բարձրաձայն եմ ծիծաղում, աչքերս ավելի պայծառ են հուրհրատում, ինչպես գինին` բարձրավիզ ու նազելի գավաթի մեջ: Ես կողքից նայում եմ ինձ…իմ հրաշալի և… անկյանք մարմնին, անիմաստ վատնված տարիներին, մարող հույզերին ու մեծ լռության անհուսությանը:
Կհայտնվի՞ իմ երկրպագուն, թե՞ դարձյալ մեծ լռությանն եմ ապավինելու իմ լավագույն բարեկամների՝ անշունչ խաղաքարերի հետ: Որքա՜ն հաճախ եմ մտովի զրուցել խաղաքարերի հետ…արքան, նավակը, ձին, փիղը և զինվորը… Իսկ թագուհին ես եմ՝ սիրո ճիրանններում, որ իր արքայի պաշտպանության կարիքն ունի… ի՛ր արքայի:
Կյանքն աստիճանաբար կանգ է առնում ինձ համար… ինձ պատային վիճակում եմ զգում, երբ խաղը շարունակելու ոչ մի իմաստ այլևս չկա. Թեպետ հոգիս ցանկանում է շարունակել խաղը և «այո՛» ասել կյանքին…
Մրցահարթակն իմ կյանքն է. մտքի սլա՞ցքը (ցանկանում եմ ծիծաղել), տրամաբանության հաղթարշա՞վը (ցանկանում եմ լացել): Իսկ, միգուցե, մե՞զ ենք ցանկանում ցուցադրել, մեր անդիմադրելի կանացիությու՞նը, գգվելու փափա՞գը: Դահլիճում մենք ագահ հայացքներ ենք կլանում, անկուշտ, ագահ, այլ ոչ դիրքին կենտրոնացած, զառամյալ հայացքներ: Շախմատային դիրքերի մեջ մենք մեր աշխարհն ենք հորինում` տրամաբանության քուրմերի հաղթանակն ու կանոնների ստրկությունը, մտքի սլացքի և կամքի ներդաշնակության աշխարհը: Իսկ տղամարդիկ շարունակում են հորինել մանկականորեն միամիտ պատմություններ քնքշություն և մեղմություն բուրող կնոջ մասին, ով հալվում ու հալում է, հնազանդ տղամարդկային բազուկներին:
Մենք հեքիաթասացներ ենք, անհուսալի միամիտ ու անպատրաստ` կրելու իրականության հարվածները: Երբ իրականությունը պսակազերծում է մեր պատրանքները, թևաթափ ենք լինում: Ահա թե ինչու ես դեռ երկար կխաղամ անթերի մոխրոտիկի իմ լավ մշակված դերը, շնորհավորանքներ ու ժպիտներ կընդունեմ: Բայց կշարունակեմ երազել տղամարդկային պարզ ուշադրության մասին, մի քանի ջերմ խոսք իմ կանացիությանը, այլ ոչ խաղային որակներին կամ հիանալի կոմբինացիաներին: Իսկ երբ սարսափելի մենության ու տխրության մեջ հերթական հաղթանակը կգրանցեմ, ինձ պարուրող միայնությունն ավելի կխորանա և դարձյալ իմ անուրջներում կհայտնվի անծանոթ երկրպագուն։
Կմտնի՞ իմ կյանք խորհրդավոր երկրպագուն: Կասե՞նք մենք իրար ամենակարևորը: Կհրաժարվի՞ նա ճիշտ ժամանակին իր հեքիաթներից և կմոտենա ինձ: Ներշնչելու և կյանքի կոչելու ներկան ու հույզերն առանց չարչրկված բառերի:
Սերն իմ ներշնչանքն է, պատրաստ լսելու ամենավերջին հիմարությունն անգամ, միայն թե խախտվի մեծ լռությունը։ Ես շատ պարզ եմ, այնքան պարզ, որքան միայնակ արքաների վերջնական դիրքը: «Ոչ ոքին» անհուսալի ավարտն է, երբ այլևս տրամաբանություն չկա շարունակության մեջ և հաղթողներ չկան: Իսկ բոլոր խաղերը վաղ թե ուշ ավարտվում են…ինչպես կյանքն ինքը։ Իմ կյանքը շախմատի խաղի նախնական դիրքն է: Շատ երկար մտմտում եմ առաջին քայլի վրա և դա տարօրինակություն չէ, որովհետև ծրագրավորում եմ և տրամադրվում: Փորձում եմ հաղթահարել մեծ լռությունը և նետվել կյանքի հորձանուտը․․․ ի՞նչ կտա այն ինձ՝ չգիտեմ։
Շախմատն իմ խենթությունն է, 64 վանդակի վրա ծավալվող լռության խենթություն առանց սիրո: Ես այդ խենթության դիցուհին եմ, երբ ձեռքս եմ վերցնում առաջին խաղաքարը, կանխավայելում անսովորն ու խորհրդավորը, սիրո երազանքները:
Խաղից հետո, թուլացնող ցնցուղի տակ զգում եմ, թե ինչպես են հոսում տաք արցունքները և խառնվելով միլիոնավոր այլ կաթիլների՝ անհետանում մեկընդմիշտ: Արցունքներ, որ հոսում են սրտիս բյուրավոր, աննշան վերքերից: Վաղն ինձ նոր խաղ է սպասվում:
Կավարտվի՞ երբևէ մեծ լռությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *