Ասեմ՝ ինչո՞ւ մեկը չի զանգում ասի. «Ֆազլոլլահ խա՛ն, տղայիս՝ Քյումարսի առաջին ատամը հենց այսօր առավոտյան ծթկե՜լ է»:
Լսու՞մ ես, աղջիկ-պարոն Ամինե՛հ, սրանք բոլորը միայն կռռալ գիտեն, ախուվախ անել, թե բա՝ «Հորաքույր ջանիկս մահացել է»:
Կողոսկրներս՝ այս աջ կողոսկորը, այստե՛ղ, ցավում է, բայց ես ձայն չեմ հանում: Քանի-քանի տարի է արդեն: Լսո՞ւմ ես, կի՛ն: Աջ ոտքս շարունակ ոնց որ վառվի, այրվի, բայց ես ծպտուն չեմ հանում: Իմ ծերության ճամփի ընկերն է այս ցավը, էլ դրա մասին հա՜ չեն խոսի: Ինչպես Վարպետն էր ասում. «Վշտի կոշկոռը պետք է թրջել բերանի ջրով ու լեզվի տակ հա պտտե՜լ ու պտտե՜լ և հետո կո՛ւլ տալ»: Էլ ասելը ո՞րն է:
Իբր եկել է ինձ այցելության, տեսնում է՝ վեր եմ ընկել այստեղ, տեսնում է՝ գիշեր- ցերեկ այս երկու չալիկներն են իմ օգնականը, հետո ասում է.«Չգիտես՝ որքա՜ն են թանկացել տաքսիները, մինչև չկանչենք՝ հարյուր թումա՜ն, չգոռանք՝ երկո՜ւ հարյուր թուման Վանաքի հրապարակ, նույնիսկ վրադ չեն էլ նայի»: Ականջ ես դնու՞մ, Ամինեհ ջա՞ն: Մոհամմադի եղբայրը՝ Ասղարը, իբր եկել էր իր հոպար ջանիկի, այսինքն իմ տեսության: Ասացի. «Ի՞նչ կա-չկա, հոպարի ա՛րևը»: Ասում է. «Ի՜նչ ասե՜մ»:
Ասացի. «Մի լավ բան ասա՛, հոպարի բալա: Մի նորություն, որ ուրախացնի իմ սիրտը»:
Այնպես ախ քաշեց, որ մտածեցի՝ տեսնես ի՜նչ է ուզում պատմել: Հասկանո՞ւմ ես, ասում էր. «Վարձերը մեր օրն ու արևը սև են արել: Այս ձեռքով ի՛նչ ստանում, մյուս ձեռքով տանտիրոջն ենք տալիս»:
Ասացի. «Հոպարի ա՛րևը, իսկ կի՞նդ, կինդ ի՞նչ է հագնում: Երբեմն, որ տուն ես գնում, ասենք, մի ճյուղ հասարակ նարգիզ ես տալիս իրեն, ձեռքը վզովդ չի գցո՞ւմ»:
Լսեցի՞ր՝ ինչ պատասխանեց. «Է՜հ հոպար, դու էլ ինչ անդարդ սիրտ ունես»:
Սո՜ւտ են ասում, Ամինե՛հ, չհավատա՛ս, ե՛ս եմ ճանաչում այս մարդկանց: Եթե ուրախ լինեն, եթե ուզեն խնջույքի պատրաստություն տեսնել, նախևառաջ վարագույրները կծածկեն ծայրից ծայր, բայց վա՜յ որ իրենց հորաքույրը կամ հորաքրոջ աղջիկը մեռնի, կամ թեկուզ իրենց ապուպապերից մեկի ոտքը պատահաբար մի մազաչափ ճաք տա, ոչ թե կոտրվի, այլ միայն ճաք տա, այդ ժամանակ արի ու տես ոնց են շեփոր փչում, թե՝ «Էհե՜յ ժողովո՛ւրդ»:
Հա՛, երեկ գիշեր դու քնած էիր, ես արթնացա, տեսնեմ՝ ձայն է գալիս, ականջս կախ արեցի՝ իմացա, որ անձրև է գալիս: Բարակ մաղում էր, երբեմն մեկ-երկու կաթիլը դիպչում էին այս ապակուն: Ուզում էի լույսը վառել ու նայել, մտածեցի՝ կարթնանաս: Վե՛րջը, ձեռքս մեկնեցի, սեղանիկի վրայից հեռախոսը կամացուկ վերցրի ու դրեցի կրծքիս վրա: Ուզում էի զանգել մեկին, որ արթնանա և եթե կարող է, լույսը վառի ու գնա բակ, գնա պատշգամբ և անձրևի տակ գլուխը թեքած պահի, որ մանր ու սառը հատիկները կպնեն ճակատին, կաթեն այտերին: Հենց այսպես մշմշալով լացում էի ու մտածում, թե ու՛մ զանգեմ, որ չասի՝ խելքը թռցրել է: Ճիշտն ասած, վախեցա, որ դու կարթնանաս ու էլի անքնության մեջ կընկնես: Հետո ասացի, ինքս վեր կկենամ, նախ ինձ քարշ կտամ դեպի վերև, կնստեմ, կողքի վրա կշրջվեմ, հետո ձեռքս կերկարեմ և մի չալիկ այս թևատակին, մի չալիկ մյուս թևատակին դրած վեր կկենամ, փոքր-փոքր առաջ կգնամ մինչև հասնեմ դռանը, հասնեմ վերելակին, դրանից հետո կարող եմ Մաշ Ռահմաթին կամ Յուսոֆին կամ ով որ շենքի մուտքի պահակն է, նրան ասել, որ ինձ օգնի մինչև շենքի բակը գնամ: Չեղա՛վ, այս մարմինն ինձ հավատարիմ չմնաց, աղջիկ-պարոն Ամինե՛հ, այս երկու ոտքերը նամարդություն արեցին: Չեմ բողոքում նրանցից, ինձ շա՜տ ճանապարհներ են տարել, զարտուղի ճամփաներ էլ եմ գնացել, քեզ չեմ ասել՝ ազապ տղա էի, սիրահարված էի, գնում էի նրանց փողոցը, այս ու այն կողմ զննում, ցատկելով պատի բաշը բռնում և մեկ ոստյունով բարձրանում վերև: Վախն ո՜ւմ շունն էր: Արթուն էր՝ լսում էր:
Ասում էր. «Դո՞ւ ես Ֆազլի՛»:
Ասում էի. «Միթե ուրիշն էլ կա՞»:
Ասում էր.«Մի՛ գոռա, կարթնանան»:
Հետո սրանք դրել տարադրամի փոխարժեքից են միայն խոսում, թե բա դարձել է երկուհարյուր ու չգիտեմ ինչքան: Այնպես էլ խոսում են, որ կմտածես՝ եթե տասը հազարի չափ առած լինիեն, հիմա պիտի որ Սողոմոն թագավորի գանձն ունենային: Թո՜ւ այս ժամանակներին, այս մարդիկ ինքնություն չունեն: Քո արև, չի պատահել մի օր մեկը գա ասի. «Տես ի՜նչ շապիկ եմ գնել»: Իմ սիրտը հո դեռ կա՛, բաբախում է: Ասում եմ. «Աղջի՛կ, հանի՛ր այդ ծածկոցն ու վերնազգեստը, պտտվի՛ր, թող շրջազգեստիդ փոթերը տեսնեմ»: Ասում է. «Ես շրջազգեստ չեմ հագնում»: Լսո՞ւմ ես՝ ի՛նչ եմ ասում: Մեր աղջիկը՝ Սեֆյեն էր ասում, թե՝ «Ես միշտ բլուզ ու տաբատ եմ հագնում, այսպես ավելի հարմարավետ է»: Սա էլ իմ բախտից: Հիշու՞մ ես նրա սպիտակ ու կարմիր փեշը, ինչ-որ տեղ պահած կլինես, մի քանի տարի առաջ տեսա, վերցրի, դեմս առա ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուրախությունից էր, հավատա՛, հիշեցի, թե ինչպես էր պտույտ տալիս, և փոփ-փոթ ու սպիտակ-կարմիր փեշը պտտվում էր նրա փոքր ու թմբլիկ ոտիկների շուրջ: Հիմա ասում է.«Ես բլուզ ու տաբատ եմ հագնում»: Վա՜յ,վա՜յ, վա՜յ…. Ասում է.«Ավելի տաք է պահում»: Ասացի. «Տանը հաջի աղայիդ մոտ ինչպե՞ս»: Ասաց. «Պապա՛, էլ ոչ ոք այդ խոսքերի հավեսը չունի»: Վա՜յ ու վա՜յ… Եթե կարողանայի, եթե դու լինեիր ու ինձ օգնեիր, երկուսս միասին կարող էինք բռնել նրան, այս մահճակալի վրա պառկեցնել ու երկու հատ հասցնել նրա փափլիկ նստուկին, որ սիրտս հովանար: Ասում էր՝ երեխաները մինչև գիշերվա հարյուրը հեռուստացույցի դեմը նստած են, իսկ աղա Մահմուդն էլ մինչև գալիս հարցնում ես՝ ի՞նչ, արդեն խռմփոցը ելնում է:
Ճիշտ չի՞ ասում, չէ՞: Աշխարհի վերջի վերջը հո չի՞ եկել: Ճիշտն ասա, պառա՛վ, դուրսն ի՞նչ է պատահել, ի՞նչ է անցնում պատուհանից այն կողմ, պատի մյուս կողմը, որ աղա Մահմուդն ամեն Աստծո գիշեր թիկունքը դարձնում է աղջկաս ու մինչև առավոտ խռմփացնում: Այս անհեր Սեֆյեն էլ վըզտ-վըզտ ծխախոտ է վառում ու լուսամուտին նայում, որ տեսնի լույսը երբ է բացվելու՝ նորից վեր կենա, սկզբում երեխաներին տեղ հասցնի, հետո գնա իր աշխատավայր, ճակատի մազափունջը հավաքի ու գլխածածկո՞ց են ասում, ի՞նչ են ասում, չգիտեմ, դա քորոցով ամրացնի վզատակում և մինչև ճաշից հետո ժամը երեքին կամ երեքկեսին անընդհատ ուշադիր լինի, որ վարսերը դուրս չթափվեն: Ինքն էր պատմում ինձ, կրակ ընկավ սիրտս, լսո՞ւմ ես, կի՛ն: Հարցրի. «Այդ դրսի ո՞ր պատը փուլ կգա, երկնակամարի որտե՞ղը կծակվի, եթե իմ ծաղիկ աղջկա վարսերը մի պուճուր՝ այ այս սեղանիկի ժանյակի զարդանախշի չափ, ծիլ տան գլխածածկոցի տակից»: Ասացի՝ «Ո՞վ է վախենում իմ աղջկանից»: Ահա՛ խնդրեմ՝ հենց երեկ օրաթերթում կարդացի, որ այս երկնքի ու երկրի սկզբնավորումից տասնհինգ միլիարդ տարի է անցել: Արարչագործության նախասկզբից էլ նկար էին դրել: Դա դեռ ոչինչ, ականջ ես դնու՞մ, նոր սրանից հետո միլիարդ-միլիարդ տարի էլ պիտի անցնի, մինչև յուրաքանչյուր մասնիկ հա՜ տարալուծվի և օդը հա՜ սառչի: Օդը հո չի՞ սառչել, դրսում սառցակալում հո չի՞ պատահել: Երևի սառցակալումից ավելի վատ բան է եղել: Հենց երեկ էր, որ մայրամուտի նարնջագույնը ընկել էր այս պատի վրա, իսկ Սեֆյեն ասում է. «Գրիպի այդ օշարակը չի ճարվում, պապա՛: Աղա Մահմուդը տասը դեղատուն է ման եկել, պետական գլխավոր դեղատնից էլ հարցրել է, ասել են՝ չունենք, հետո գնացել է Նասեր Խոսրո[1] փողոցից է գտել»:
Ես կարդացող մարդ եմ, դու գիտես, ամեն օր այս երկրի բարձր տպաքանակ ունեցող երկու պաշտոնաթերթ եմ կարդում, գիրք էլ եմ կարդում, բայց դրանց մեջ նման բաներից չեն խոսում: Ռադիոն էլ միշտ լսում եմ, ամեն առավոտ ականջ եմ դնում «Բարև, բարի լույս» հաղորդմանը, իսկ այսօր ճիշտ ժամը երկուսին լսեցի լուրերը: Պետք է որ մինուս հարյուր կամ հազար աստիճան լինի օդը: Սեֆյեն սուտ չի ասում, չէ՞: Համեցե՛ք, սա էլ այս երկրի մտավորականների պարբերականը: Այստեղ էլ խոսք չկա նման բաներից: Փնթփնթում են, իհարկե, բայց չեմ տեսնել մեկը մի անգամ գրի, որ Դամավանդ լեռն ի՜նչ վեհ ու շքեղ է առավոտյան, երբ արևը հանդիպակաց հորիզոնի հետևում է: Ասես, մեռած լինեն, կեղծ տնքտնքում են:
Դու չկայիր, գնացել էիր հաց առնելու կամ էլ կանաչի, չգիտեմ: Առավոտ շուտ մեկը զանգ տվեց, թե՝ «Երկու երիտասարդ պայմանավորվել են ճաշից հետո ժամը հինգին Վանաքի հրապարակում պարել»:[2] Ես սկզբում մի քանի տեղ զանգեցի, հետո իրար հետևից հեռախոսահամարներ էի հավաքում ու հաղորդում, մի ուրիշն էլ նորից ինձ զանգ տվեց և լուրը փոխանցեց: Ես էլ գլորվեցի, ինձ ցած գցեցի մահճակալից, մարմինս քարշ տալով հասա պատուհանի մոտ և վերջապես վեր բարձրացա: Աստված վկա, սիրտս տխրեց: Այսքան պատուհանների հետևում ոչ մի մարդ չկա՞ր, միթե մարդիկ մեռե՞լ են: Հետո ձեռքս երկարելով ու հազար չարչարանքով լուսամուտը բացեցի, այս երկու արմունկով հենվեցի ու ինքս ինձ վերև քաշեցի, որ նայեմ շենքի ներքևում դրած նստարանին, տեսա՝ մարդ չկար նստած: Երրորդ մուտքի առջևի նստարանին էլ ոչ ոք չկար, դատարկ էր: Ու՞ր են կորել երիտասարդները, որ նրանցից գոնե երկուսը չեն գալիս մեր այս պատուհանի տակի նստարանին նստեն: Աղջիկը մի ծայրին նստի, տղան՝ մյուս ծայրին: Հետո մեկը հա եղունգով նստարանի փայտը խզբզի ու հարցնի. «Ուրի՞շ, ո՞նց ես»: Մյուսն էլ պատասխանի. «Լավ եմ»: Հետո առաջինը հա շուրջը նայելով և ձեռքը նստարանի սառը փայտին քսելով ասի. «Լա՞վ ես», իսկ աղջիկն էլ պատասխանի. «Վատ չեմ»: Աստված վկա, արցունքներս թափվեցին, ինքդ հո տեսա՞ր: Բան չասացի քեզ, վախեցա նորից զանգես Սեֆյեին կամ էլ այն ապուշ լածիրակին, թե՝ «Եկե՛ք, ձեր հոր ձեռքից ես չգիտեմ ինչ անեմ»: Տեսա՝ ուշացար, անհանգստացա: Սիրտս անհանգիստ է. երբ դու չլինես, երբ գնաս ու ականջ դնեմ և ձայնդ չգա, ես կմրսեմ, շատ կմրսեմ: Լսո՞ւմ ես, աղջիկ-պարոն Ամինե՛հ, սարսռում եմ ու սիրտս անհանգստանում է Սեֆյեի համար, նույնիսկ Սեդիղեի համար, որ մի կտոր թղթից ափսոսում է: Ձեր դեղնակտուց տղան էլ, որ լավ ապրուստի տեր է, ժամ չի անում նույնիսկ շաբաթը մեկ զանգել ու հարցնել, թե՝« Ո՞նց ես պապա»:
Ե՞րբ էր, զանգ էր տվել: Հարցրեց. «Ո՞նց ես պապա»:
Ասացի. «Ես լավ եմ, դու ո՞նց ես, էլի գնո՞ւմ ես ձկնորսության»:
Ասաց. «Քունդ անո՛ւշ, բարի՜ երա՜զներ պապա»:
Ասացի. «Ախր նամա՛րդ, արձակ օրը՝ ուրբաթը, հո չեն առել քեզանից: Կնոջդ ու երեխաներիդ ձեռքը բռնիր, գնացեք նստեք գետափին, ճանապարհին էլ մի քանի սենդվիչ առ, որ կինդ՝ Թալա’աթը, ստիպված չլինի էլի ճաշ պատրաստել: Կարթ էլ ունես, նստիր գետի ափին մի քարաբեկորի վրա»:
Թռավ խոսքիս մեջ, թե՝ «Զարթու՞ն ես, պապա»:
Ասացի. «Ես վաթսունհինգ տարի ու երեք ամիս է, որ զարթուն եմ: Դու ես քնած մնացել, նամա՛րդ»: Հետո հեռախոսը չրխկացրի: Դրա համար էլ չի զանգում: Ուրբաթ օրերը հաստատ քնում է մինչև կեսօր: Սեֆյեն ասում է, որ նրա երեխաներից երկուսը բուհի դիմորդ են: Եթե նրանց համար մասնավոր կրկնուսույց բերի, ամենաքիչը ժամը երեք հազար կլինի: Ճի՞շտ է ասում Սեֆյեն: Ազատ համալսարանի բժշկագիտականը ամեն կիսամյակ ինչքա՞ն է առնում: Բայց ինչո՞ւ թերթերը սրա մասին էլ բան չեն գրում: Ինձ լսի՛ր, Ամինեհ ջա՛ն, դիցուք թե սով է, թանկություն է, բայց դրանից բացի մի ուրիշ բան էլ կա, մի բան կա, որ ես չեմ հասկանում: Այն ներքևում մի բան է պատահել: Մեկը մեռե՞լ է, որ այլևս հարևանի թառ նվագելու ձայնը չեմ լսում: Երկար ժամանակ է չեմ լսում: Մի՞տդ է, ասացի. «Գնա տես մեր ներքևի հարևանը հո չի՞ մեռել»: Դու ասացիր. «Չէ, ձայները գալիս են»: Ես էլ պատասխանեցի.«Լսում եմ, այն գիշեր նրա կնոջ թե աղջկա ճչից արթնացա, բայց ախր այլևս թառ չի նվագում»: Հիշո՞ւմ ես, ամեն օր ճաշից հետո ճիշտ ժամը երեքն անց տասնհինգին կես ժամով պարսկական մեղեդիներ էր նվագում: Դու ասացիր.«Թառ նվագելու համար էլ տրամադրություն է պետք»:
Տրամադրությու՞ն: Դեհ, թո՛ղ առանց տրամադրության նվագի, որ տրամադրությունը բարձրանա: Չէ՛, մի բան է եղել, մի բան կա, որ Սեֆյեն էլ չգիտի, դու էլ չգիտես: Դու դրսում անընդհատ ուշքդ նրան է, որ հանկարծ վայր չընկնես այն անգամվա պես, կոնքիդ ոսկորը չջարդվի, դրա համար էլ լավ չես մտիկ անում շրջապատիդ: Շուրջդ տնտղի՛ր, ա՛յ կին, իմացիր՝ ի՛նչ է պատահել: Տասնհինգ միլիարդ տարի այն մեծ պայթյունից մինչև հիմա քարերն ու գուղձերը պտտվել են ու պտտվել, անընդհատ իրար են զարնվել ու դարձել են «մենք», դարձել են այն երկու երիտասարդը, որոնք պիտի նստեն նստարանի երկու ծայրին: Մեկն հա ասի՝ «ինչպե՞ս ես», մյուսն էլ պատասխանի՝ «լավ եմ»: Հետո կամաց-կամաց նստատեղերը սահեցնելով նստարանի վրա՝ մոտենան իրար: Իսկ մենք՝ մարդիկս, չենք խոնարհվում ու հողը չենք համբուրում: Պետք է մեծարել, այս մարդիկ ուրանում են բարիքները, չեն պարում՝ մեր Ծիր Կաթին գալակտիկայի պես, որ շարունակ իր շուրջը պտույտ ու կիսապտույտ է տալիս: Լսի’ր, աղջիկ-պարոն Ամինե՛հ, նայի՛ր այս պատուհաններին: Մեր արվարձանի՝ Էքբաթանի յուրաքանչյուր բլոկում առնվազն երկուհարյուրից չորս հարյուր ընտանիք է ապրում, բոլորն էլ փակել են պատուհանները: Բաց էլ լինեն, ի՞նչ ես կարծում, մենակ հեռուստացույցի վռվռոցը կգա:
Չեմ պատմել քեզ: Ուրեմն Չահարմահալ նահանգի կողմերն էինք գնացել՝ Խոսրովաբադ գյուղի վերևները, մի ակնաղբյուրի մոտ: Ես ու հինգ ընկերներս էինք: Երկուսը չկան հիմա, գուցեև կան, բայց իրենց մասին բան չեմ լսել: Ավազանի աղբյուրն այնպիսին էր, որ հատակից ջուր էր ժայթքում: Մենք հենց այդտեղ՝ ավազանի կողքին, հարթակի վրա, հնամենի թեղենու տակ փռում էինք մեր կարպետը: Առավոտից մինչև գիշեր կա՛մ ջրի մեջ էինք, կա՛մ այս ու այն կողմ պառկած: Ջուրն այնքան սառն էր, որ երբ դուրս էինք գալիս, մեր ատամները չխկչխկում էին, բայց մենք վազվզում կամ ձեռու ոտը թափահարում և կրկին ջուրն էինք նետվում: Ամեն օր մեզանից մեկը պետք է ճաշ պատրաստեր: Պայմանավորվել էինք, որ ոչ ոք իր հետ ո՛չ գիրք բերի, ո՛չ էլ շախմատ կամ թուղթ կամ չգիտեմ նման բաներ: Վարպետին հո տեսե՞լ ես: Նա էլ մեզ հետ էր: Վեց օր մնացինք: Գիշերները գնում էինք Խոսրովաբադ և գյուղի դպրոցում քնում, իսկ ցերեկները վերադառնում էինք աղբյուրի մոտ: Անունն էլ դրել էինք՝ ամառանոց-ձմեռանոց: Առավոտները ամառանոց էինք բարձրանում, գիշերներն իջնում՝ ձմեռանոց: Արևամուտին ամեն գիշեր մեզանից մեկը պարտավոր էր ինչ-որ բանով զբաղեցնել խմբին՝ կա՛մ պարել, կա՛մ երգել, կա՛մ հեքիաթ ու պատմություն պատմել, կա՛մ էլ որևէ խաղ հորինել: Վերջում նրան գնահատական էինք տալիս: Չորրորդ գիշեր հերթը հասավ Վարպետին: Ասաց. ես ոչ մի բան ձեռքիցս չի գալիս, ձայնս էլ անախորժ է, անձնական հուշեր չեմ ուզում պատմել ձեզ, միայն ձեզ կպատմեմ մի պատմություն, որ լսել եմ: Չորս հինգ ամիս առաջ գնացել էի Դարբանդ[3]՝ ընկերներիցս մեկի այցելության: Երբ վերադառնում էի, զառիվայրի վրա նկատեցի, որ մեքենայիս փոխանցման տուփը լավ չի աշխատում, անվադողերի օդի ճնշումն էլ համաչափ չէ: Զառիվայրի պտույտի վրա ավտոնորոգման խանութ տեսա, մեքենաս կանգնեցրի, հետ-հետ գնացի մինչև նրա խանութը: Ծեր մարդ էր խանութատերը: Ասաց, որ մեքենան պետք է տանեմ ներս, ահագին հետ ու առաջ արեցի, մինչև մեքենան կանգնեցրի փոսի վրա: Մենակ էր, օգնական չուներ: Ասաց. «Մոտերքում ման արի կես ժամ, մինչև դզեմ-փչեմ»: Ես գնացի առվի մոտ, տեսնեմ՝ ի՜նչ ջուր ունի: Մայրամուտի շվաքն ու չոր ճյուղի ստվերը ընկել էին ջրի մեջ: Նստեցի հենց այդտեղ՝ առվի եզրին, ու սկսեցի նայել՝ ջուրը զուլալ էր և շարունակ թավալվում էր ու գնում: Մեկ էլ տեսա ծերուկը կանգնած է կողքիս ու թաշկինակով ձեռքերն է սրբում: Հարցրեց. «Սիրուն է, հա՞»:
Ասացի. «Այո»:
Ասաց. «Շատ սիրուն է»:
Ասացի. «Շատ»:
Ասաց. « Տեսնում եմ: Քառասուն տարի է, որ տեսնում եմ: Հարյուր տեղ ճարվեց ինձ համար, որ գնամ խանութ բացեմ ու գործս ծաղկեցնեմ, բայց ամեն անգամ երբ եկա այս առվի եզրին նստեցի, տեսա՝ չեմ կարող սիրտ պոկել այս վայրից: Ինքներդ եք տեսնում՝ այստեղ այնքան էլ հարմար չէ ավտոնորոգման գործի համար: Բայց ես…»:
Գիտե՞ս վերջում ի՛նչ է ասել, աղջիկ-պարոն Ամինե՛հ: Դզող-փչողն ասել է, որ ես գերված-տարված եմ աղա՛, ես գերի եմ դարձել այս բարակ փողոցի ոլորին ու այս առվին:
Այս մարդիկ գերված-տարված չեն: Իբր եկել է ինձ այցի, ինձ համար գիրք էլ բերել է, բայց դեռ չնստած՝ սկսել է տքտքոցը, թե՝ «Երեխաների գլուխը խոսք չի մտնում, ծախսերի ու հաշիվների մասին չեն ուզում լսել»: Ասացի. «Հարգարժան գործընկե՛ր, ես էլ չունեմ, ես էլ քեզ պես թոշակի անցած բանկիր եմ: Ինչպես տեսնում ես՝ այս ոտքերն էլ դավաճանեցին ինձ, բայց ես էլի կա՛մ, ամեն առավոտ այս կնոջ օգնությամբ վեր եմ կենում, մի քանի հատիկ բրինձ ու գիշերվանից մնացած ու մանրացրած հացի փշուրները տանում, շաղ եմ տալիս պատուհանագոգին, որ հետո այստեղ պառկելիս լսեմ ղունղունոցը: Իրենց չեմ տեսնում, մենակ ձայներն եմ լսում: Իրիկնապահին երբ թռչում են, եթե պատահաբար այս կողմով անցնեն, գուցե տեսնեմ մեկնումեկին»:
Ասում է. «Երա՜նի քեզ, որ դեռ սիրտ ունես նման բաների համար: Ես չեմ հասկանում, թե երբ է մթնում կամ արևը որ կողմն է մայր մտնում»:
Ասացի. «Թևս բռնիր, որ քեզ էլ ցույց տամ»: Չբռնեց: Հա՜ խոսքը կտուրը գցեց, որ ես մոռանամ: Երբ գնում էր, ասաց. «Եթե չեմ գալիս քեզ այցելության, ներող եղիր, Աստված գիտի՝ նեղության մեջ եմ, գերված-տարված եմ»:
«Սադերաթ» բանկի այս նախկին հաշվապահը գերված-տարված չէ, այն մարդը՝ դզող-փչողն էր գերված: Վարպետն ասում էր. «Այն օրվանից մինչև հիմա Դարբանդ չեմ գնացել, երևի ես չեմ գերվել ու տարվել»:
Մեր ընկեր Բահմանը Վարպետին ասաց. «Չէ, սա չենք ընդունում: Պետք է մի ուրիշ բան պատմես: Մի բան , որ հենց քեզ հետ է պատահել»: Պարոն Սեդաղաթ էլ ասաց. «Չէ, չէ, պետք է պարի»: Վարպետն ասաց. «Լավ, կպարեմ, թեև կյանքումս երբեք չեմ պարել»: Դեհ, պարեց էլի, մարմինը չոր էր, ձեռուոտը ոնց որ փայտի կտոր լինեին, բայց պարեց: Լսու՞մ ես, Ամինե՛հ, պարեց ու հա՜ ձեռքն ու գլուխը շարժեց, պտույտ ու կիսապտույտ տվեց և հա՜ կոնքը տնգտնգացրեց: Վերջում նստեց ու հանկարծ փղձկաց: Ասում էր. «Ես չեմ կարող»: Որտե՞ղ է հիմա: Լսու՞մ ես, ասաց. «Չեմ կարող, ես երբեք չեմ պարել: Վախեցել եմ պարել կամ երգել, նույնիսկ բաղնիքում մեն-մենակ ժամանակ վախեցել եմ ձայնս գլուխս գցել»:
Այն ներքևում գուցե վախենում են, օրինակ ներքևի հարկի հարևանը, որ այլևս չի նվագում: Գուցե ինչ որ բան է պատահել՝ չեք ուզում ինձ ասել: Ինձ ասացեք, բա՞ն է պատահել, աղջիկ-պարոն Ամինե՛հ: Երեխաներիդ արև, ինձ ճիշտն ասա՛: Այս քանի ժամանակը, որ ես վեր եմ ընկել այստեղ, պարելը հո չի՞ վերացել, փողոցային- ժողովրդական երգե՞րը, յարի վարսերով գերվե՞լը: Ես ուզում եմ հասկանալ, դա իմ իրավունքն է: Երբ արարչության սկզբնավորման նկարն են նկարում, ես ինչո՞ւ չպետք է իմանամ, որ երեսուն-քառասուն մետր ներքևում, այս շենքի հետևում ի՞նչ է անցնում: Արի՛, թևիս տակ մտի՛ր, գնամ տեսնեմ ի՞նչ է պատահել, որ իմ աղջիկը՝ պապի ազիզը, տասնհինգ տարի է՝ մի անգամ զանգ չի տալիս կամ երկու տող նամակ չի գրում: Սեֆյեն շարունակ գալիս ասում է. «Սեդիղեն բարևում է քեզ»: Կուզեմ չբարևի՝ հարյուր սև ու փուչ տարի էլ անցնի, չե՛մ ուզում բարևի: Լսո՞ւմ ես՝ ինչ եմ ասում, չե՛մ ուզում բարևի: Երբ չեմ տեսնում իրեն, բարևն ինչի՞ս է պետք, չլինի՞ փորձանք է եկել գլխին: Քեզ հետ եմ Ամինե՛հ, նեղ ընկնելը վատ բան է, բայց եթե մարդ այն դզող-փչողի պես է նեղն ընկնել ու գերվել, խնդիր չէ: Ե՛րբ արթնանա, կիմանա ինչի՛ համար է արթնացել: Սա էի ուզում ասել: Բայց չէ, ուրիշ բան էի ասում: Հա, ասում էի, որ մի մարդ մի ժամ առաջ զանգեց ու ասաց, որ այսօր իրիկուն ժամը հինգին երկու երիտասարդ գալիս են Վանաքի հրապարակ պարելու: Դու դուրս էիր գնացել, այդ ժամանակ զանգեց: Վստահ չեմ, որ Վանաք է ասել, բայց վստահ եմ, որ ուզում են պարել: Ես էլ զանգեցի Ասղարին ու ասացի. «Հոպարի բալա, լսե՞լ ես, երկու երիտասարդ որոշել են կեսօրից հետո ժամը հինգին Վանաքի հրապարակում պարել»:
Ասաց. «Որ ի՞նչ»:
Ասացի. «Որ ինչը չգիտեմ, բայց վստահ եմ, որ ուզում են պարել»: Ինձանից եմ հորինում: Իրար հետևից զանգեր տվեցի, Վարպետին էլ զանգեցի ու ասացի. «Ուզում են արարչագործության սկզբնավորումը նկարելու առիթով պարել»: Ասաց. «Դա արդեն լուրջ բան է, ես էլ անպայման կգամ»: Երբ դռան ձայնը եկավ ու կարծես թե դու եկար, այդ ժամանակ հենց այդ խոսքն էր ասում: Արի՛ դու էլ զանգիր ու նույն բանն ասա, ո՛ւմ կուզես՝ զանգիր: Հետո օգնիր ինձ նստեմ, տաբատս տուր հագնեմ, նորը տուր, հետո միասին կիջնենք ներքև, սրան-նրան անընդհատ հարցուփորձ կանենք, տաքսու վարորդից էլ կհարցնեմ. «Ճի՞շտ է, որ ասում են այսօր մի աղջիկ ու մի տղա ուզում են գալ Վանաքի հրապարակ և պարել»: Եթե հարցրեց՝ ո՞ր ժամին, կպատասխանենք՝ կեսօրից հետո ժամը հինգին: Հետո կգնանք հենց այնտեղ՝ հրապարակի մոտերքում, նստարանի վրա կնստենք: Բավական է միայն մեկ-երկու հոգու իմաց տանք և հետո գնանք մեջտեղ ու նստենք նստարանի վրա: Եթե ժամը հինգին այդ երկուսը եկան, շատ բարի: Եթե չեկան, ապա այս չալիկը կդնես մի թևատակիս, մյուս չալիկը՝ մյուս թևիս, դու էլ վեր կկենաս ու երկուսով միասին…..
Լսեցիր ի՞նչ ասացի, աղջիկ-պարոն Ամինե՛հ: Ինչո՞ւ չես խոսում….
Նոյեմբերի 5, 1993 թ.
[1] Թեհրան քաղաքի հայտնի և պատմական փողոցներից մեկը, որը զանազան ապրանքների (հատկապես դեղամիջոցների, արտասահմանյան կամ շուկայում հազվագյուտ ապրանքատեսակների) մաքսանենգ վաճառքի կենտրոն է:
[2] Իրանում մի ժամանակ հեռախոսազանգերի միջոցով և մեկը մյուսին լուր տալով մարդիկ բողոքի ակցիաներ էին կազմակերպում:
[3] Թեհրանի հյուսիսային լեռնամերձ շրջան՝ իր գեղեցիկ բնությամբ և զով կլիմայով:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի