Ցանկացած միտք Աստծո ձեւն է: Կամ՝ Սատանայի…
Պաղատանքից առաջ մահ կա. այնպես չէ, որ խնդրում են տոնական զգացողությամբ:
Եկեղեցիներն աստվածընկալ կառույցներ են: Համաձայն եմ: Բայց ինչո՞ւ հոգեւորականները դրանք չեն կառուցում:
Շռայլ ձեռքը նույնպես գայթակղության գործիք է, քանզի դիմացինին գայթակղում է չասել, որ եղածն էլ հերիք է…
Կրոնները հակված են անհավատության…
Հիմարությունը սիրում է նայել աչքերիդ մեջ: Քո խղճին է պատասխան հայացքը…
Հրեաները բավարար իմացության զգացում ունեն…
Կյանքի դեմ գլխավոր արարքը մնում է բարեգործությունը: Ահա ինչու է փողերի ֆոկուսով այն ծաղրում Վոլանդը:
Նույնիսկ մոր որովայնում երեխան մոր սեփականությունը չէ: Եթե մոր սեփականությունը լիներ, աբորտը կդառնար բնական իրավունք:
Մարդն ունայնության մեջ է, բայց ընդգրկում է անհեթեթությունը:
Մարդկանց միջոցով Աստված փայփայում է սերը, թեպետ հայտնի չէ գոնե մեկ դեպք, երբ Նա հաջողել է:
Սերը կյանք չի սիրում:
Չար մարդու հետմահու պատիժը կարող էր լինել բացարձակ սերը: Միայն այդպես նա կարող է հասկանալ, թե ինչից է զրկել իրեն:
«Հիմա»-ն, ի տարբերություն «հետո»-ի, շարժում է:
Յուրաքանչյուրը ճիշտ է առնվազն եւս մեկի ներկայությամբ…
Ոչ մի մարդ չգիտի գոնե մեկ ավարտուն աղոթք: Ահա ինչու նրանցից շատերը նաեւ գողություն են անում:
Կա՞ աշխարհում մեկը, ով համաձայն չէ իր ատամնաբույժի հետ…
Երազանքները մի ուղղություն ունեն, որտեղից վերադարձ չկա: Հենց դրանով են նրանք տարբերվում երազներից:
Եթե՝ անկեղծ, այդքան երեւակայություն չունեմ բնական մահով մեռնելու…
Մի ընտրություն կա՝ ապրե՞լ, թե ապրեցնել սեփական «ես»-ը…
Երբ ճշմարտությունը գլխից մեջ է, Աստված քո սխալվելու ազատությունն է…
Ապրում ես, ապրում, ու չգիտես՝ ո՞ւմ ինքնասպանությունն ես հասունացնում դու:
Կամ ինձ բախտը երես չի տվել, կամ տվել, վերջացրել է…
Երբ բոլոր բառերն ասված են, երկխոսությունը դառնում է անիմաստ…
Խաղամոլի համար բոլոր անարդարությունները տեղի են ունենում հատկապես իր հետ:
Բոլոր զգացմունքները տրվել են մարդուն, որպեսզի նրա հանցանքները լինեն ամենաիդեալականը:
«Սիրիր թշնամուդ», նույնն է, թե՝ մի մտածիր վաղվա մասին:
Եթե ճշմարտությունը չես ասելու, հանգիստ ասա…
Մարդուց վատ մարդ չգիտեմ:
Դժոխքի շինանյութը բաղկացած է հաջորդ ակնթարթից…
Բոլոր ինքնասպանությունների ակունքում կամ ինչ-որ պահից կյանքն ավելի բարձր նոտայի վրա ապրելն է, կամ այդ մասին սրված երազանքներ ունենալուց արթնանալը:
Թիթեռն ինչպե՞ս կիմանար, որ մարդիկ մահկանացու են: Շատ պարզ՝ մարդիկ լուսանկարվում են:
Ամենամարդակենտրոն գաղափարախոսությունը ատրճանակինն է…
Ճակատագիրն, ի տարբերություն Աստծո, միշտ ինչ-որ մեկի հաշվին է…
Անհանգստությունը կենտրոնախույս է: Ինչպես մոծակները…
Հավատացեք, ավելի դժվար է մեռնել 100 տարեկանում, քան՝ 50…
Ես, որ Բուկովսկիի գիրքը փակում եմ, փակվում է…
Մենք ունենք «Խենթը», ռուսներն ունեն «Ապուշը»՝ գրված նույն ժամանակաշրջանում…