Մհեր Արշակյան | Նավզիկե

Ես աղջիկ գիտեմ, որն ինձ երբեք չի ների այն,
որ միասին մետրո ենք մտել:
Նա մենակ դուրս եկավ այնտեղից:

Ես ճանաչում եմ մի աղջկա, որի խոսելու ոճն ազնվացնում էր ինձ…
Նա այսօր անշարժ գույք է գովազդում:

Էլի մեկին գիտեմ, որ բովանդակության խրախճանք է:
Նա որևէ համաստեղության ծնունդ է ըստ ճաշակի…

Ես ճանաչում էի մի աղջկա, որն իր սերերից ոչ մեկին
չի դադարել սիրել մեկը մյուսին չենթադրող սիրով:
Նրա ժպիտն առանց օղակների շղթա է:

Ես ճանաչել եմ մի աղջկա, որը գոտկատեղից ներքև ստիխներ էր գրում`
առանց սեռական ենթատեքստի…
Սիրելը նրա համար ջրի ճամփա էր:

Ես այսօր էլ ճանաչում եմ մի աղջկա, որի կրունկները
կոշիկների դիմացն են:
Աղջիկ չէր, այլ` աղջկա հայտ:

Ու ևս մեկին էի ճանաչում, որի ապրելու մոտիվացիան
Քիմ Քարդաշյանի պոռնովիդեոն է:
Մենք
միասին քննարկել ենք անձի ճգնաժամը Բերգմանի ֆիլմերում…

Ես ճանաչում եմ մի ընթերցող աղջկա, որին այլևս երբեք
գրախանութներում չեմ գտնի:
Փոխարենը նա է ինձ գտնում:

Մեկին, որի հետ չեմ կարող նույն օդը շնչել ոչ միայն Երևանում,
այլև՝ Հայաստանում:
Ու սրա վերջը ես չգիտեմ:

Ես ճանաչում եմ մի աղջկա, որի մեջ ամբոխի ընթերցողը կա…
Համենայնդեպս աշխատում է ոստիկանությունում…

Գիտեի մեկին, որը կարողանում էր բանաստեղծություն գրել
բանաստեղծության մեջ…
Նա ոչինչ չէր լսել Էլսինորի մասին:

Ես ճանաչում եմ մի աղջկա, որն այնքան գեղեցիկ է լսում:
…և կարող է կորցնել իրեն քամիների մեջ:

Ու վերջապես մեկին, որի լռությունը խցանվում է իմ ականջներում:
…և դեռ տեղ ունի լռելու:

Ես ճանաչում էի մի աղջկա, որի ժպիտն իրենից շուտ էր ինձ հասնում…

Ես համբուրել եմ աչքերը մեկի, որը երկրորդական հմայք ուներ:
Նա դեռ չի սիրել ոչ մեկին:

Ես ճանաչում էի մի աղջկա, որն իր սերը համարում էր одолжения:

Ու բոլորից լավ գիտեի նրան, որ չորս տարում հրեշտակից դարձավ
նախկին բանաստեղծություն…

…ու փաստորեն ես ոչ մեկին չեմ ճանաչում:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • գայանե says:

    ես ճանաչեցի մի աղջկա, որը այս աղջիկներից բոլորն ունի իր մեջ :)) շնորհակալություն, շատ լավն էր….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *