Տիգրան Պասկևիչյան | Մի ձմեռվա անմոռուկներ

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

ԴԱՆԴԱՂ

Բանաստեղծ լինելու ժամանակս
չեկավ տարվա չորս եղանակների նման,
նույնիսկ էն հինգերորդի, որին
փնտրում էր Պարույրը Սեւակ։

Ձյուն չեղավ, որ ասեմ՝ ձյուն։
Ծառ չծաղկեց, որ հառաչեմ՝ ո՜ւխխխ։
Տոթը չխեղդեց, որ մտքիս եկածն ասեմ Սուրենյանին։
Անձրեւները չողողեցին կոկորդս
ու չտարան ձայնալարերիս փոշին։

Դեղին տերեւ գտա.
Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ում
քույրս էր մոռացել երեւի։

(Նրան պետք չէր բանաստեղծ՝
վաղամեռիկ մի քանիսից բացի։)

Բանաստեղծ լինելու ժամանակս
անցավ Ա կետից Բ կետ ճամփին։

Ու հիշեցի, որ մոլորվելու ահից
երբեք չեմ կանչել՝ մա՜-մա՜…։

Մայրս կողքս էր միշտ,
տեսնում էր ամեն ինչ,
գիտեր, որ Բ-ն եսիմինչ մի կետ չի,
բայց գնալու տեղ չկար ուրիշ։

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

Դժոխքի ու դրախտի մասին
մի բան անցավ մտքովս,
անցավ ու գնաց,
չմնաց

գրպանի մանրադրամի նման,
չնախատեսված ձյան պես,
չտեսած ֆիլմի ավարտի հանգույն,
հանց հրեղեն հավք,
որի թեւաբախումն ինքնին
հրդեհավտանգ է։

 

ՄԻ ՈՒՐԻՇ ԱՂՈԹՔ

Առավոտը ձյուն է գալիս,
իրիկունը հալվում է։
Իրիկունը ձյուն է գալիս,
առավոտը՝ չկա։

Խոնավության հոտ եմ առնում բառերից,
որոնք չեմ գործածել երբեք.

«արդարանալուց բացի
Քեզ ասելու բա՜ն չունեմ»։

Ու մտածում եմ՝
եթե պատշաճ է հակիրճ լինելը,
ինչո՞ւ ես ստեղծել բառերը մյուս։

Չէ՞ որ դրանցով
մարդիկ կարող են վնասել միմյանց,
կարող են կտրել սեփական ձայնալարերը,
արյունոտել լեզուն, շրթունքը
պղտորել օդն ու եթերը։

Տե՛ր, հետ առ էդ բառերը մեզանից,
խնդրում եմ։

 

ՀԵՌԱԿԱ ԶՐՈՒՅՑ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՀԵՏ

Մահն իմացյալ, թե՝ ոչ, մարդը միակն է,
որ երբեք կամ երբեւէ չի հանդիպում
Աստըծուն։

Երկնքում՝ երբեք, այլուր՝ երբեւէ։

Ապրելու ձիրքը մարմնի մարզանքն է.

ձեռներդ վեր, եթե պատրաստ ես հանձնվել,

ձեռներդ կախ, թե հանձնվել ես արդեն,

ձեռնունայն, եթե մտածում ես լինել-չլինելու մասին,
գալու կամ գնալու,
սիրելու եւ սերն ինչ-որ բանի
հոմանիշ կամ հականիշ հռչակելու,
հռչակելու ամեն ինչ կամ ոչինչ,
սերն ազդարարելու հրաշքն արդարացնող լուր,
որի ԱՎԵՏԻՍ լինելուն
մի (…չգիտեմ) ինչ-որ մի բան է պակասում։

 

ԵՍԻ՜Մ

Սկիզբը գիտենք.
պապա, մամա, ծննդատուն,
կարմիր մի տասանոց բժշկի գրպանը,
կանաչ մի երեքնոց՝ պահակի…

Հետո ատամհատիկը,
երբ ձեռքդ գցում ես մկրատին
(հավանաբար որ խզում լինի)
ու բոլորին թվում է,
թե որոշել ես դերձակ դառնալ։

Հա, մոռացա, անո՛ւնը,
անունը, որ քեզ հետապնդում է,
ինչպես Մարզպետունի Գեւորգը՝
հագարացիներին։

 

ԱՌԱՎՈՏ

Հայելին ասում է՝ բարեւ։
Քնատ նայում եմ –
սա երե՞կն է, թե՝ վաղը։

Աչքիս մեկը շեղ է,
մյուսի տակ պարկ կա.
ձմեռ պապն է թողել։

-Շատ խմելը լավ չէ,-
լսվում է թիկունքից,
թվում է հայելին խոսեց՝
ջղային տոնով ուսուցչի։

Արագ բացում եմ
ծորակը տաք ջրի,
ապակին մեկեն
դառնում է սփոփիչ։

 

NOSTALGIE

Շքերթից հետո հայրս տարավ գազանանոց.
Մայիսի 1-ն էր,
աշխատավորների համերաշխության տոնը։

Քայլեցինք, նայեցինք կենդանիներին։

Գետաձիու մոտ մնացինք երկար,
սպասում էինք երախը բացի,
տեսնեինք՝ ո՞ւր են գնում
աշխատավորները շարք-շարք։

Հետո պաղպաղակ առավ հայրս՝
Էսկիմո պստլիկ,
մինչեւ հիմա չի մոռացվում համը
էն տասնմեկ կոպեկի։

 

ԽԱՐԻԶՄԱ

Մատաղացու աքլորը
կաս-կարմիր, առողջ կատար ուներ,
փքված կուրծք,
պսպղուն ժանգի կարմիր փետուրներ,
մի խոսքով՝ սովորական աքաղաղ էր։

Երբ կանչում էր, տատս ասում էր.
«Ջա՜ն, ձենդ Աստծու ականջն ընկնի»։

Սովորական ծուղրուղու էր,
ոչ մի արտառոց բան-
հռետորաբանությունն էր այլ
երեւի։

 

ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂ

Որոշեցի մի օր
ինձ աստըծու տեղ դնել։

Բացեցի ութերորդ հարկի պատուհանն
ու նայեցի ցած։

Գորշություն էր համատարած։

Միայն հարեւան երկու տիկնայք
գորգ էին լվանում
եւ նրանց բոբիկ ոտքերի տակ
փայլում էր աշխարհը՝
նախշ առ նախշ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *