Պաբլո Ներուդա | Մի մնա, թեկուզ մեկ օրով ինձնից հեռու մի մնա

ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տեսնու˚մ ես այս ձեռքերը։ Նրանք
հող են չափել, իրարից զատել
հանքանյութեր և հացահատիկ,
պատերազմ արել ու խաղաղություն կնքել,
տապալել տարածությունները՝
բոլոր ծովերի և գետերի,
և այնուամենայնիվ,
երբ հասնում են քեզ,
քե՛զ, փոքրի՛կ,
ցորե՛նի հատիկ, արտու՛յտ,
չեն կարողանում բռնել քեզ
մինչև կհասնեն՝ հոգնում են
զույգ աղավնիները
որոնք բնավորվում կամ թռվռում են կրծքիդ,
վազվզում ոտքերիդ երկայնքով,
փաթաթվում` գոտկատեղիդ լույսին:
Ինձ համար դու ամենածանր գանձն ես,
ծովի սաստկությունն ու ալիքները նրա,
դու և՛ սպիտակ ես, և՛ կապույտ, և՛ ընդարձակ,
ինչպես բերքահավաքին`խաղողի հողն է:
Եվ այդ հեռուներում`
ոտքերիցդ մինչև ճակատդ՝
քայլելով, քայլելով, քայլելով
կանցնի կյանքս:

 

ՄԻ ՄՆԱ, ԹԵԿՈՒԶ ՄԻ ՕՐՈՎ ԻՆՁՆԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ՄՆԱ

Մի մնա, թեկուզ մի օրով ինձնից հեռու մի մնա,
չգիտեմ ինչպես ասել, որ օրը ձգվելու է երկար
ես կսպասեմ քեզ ինչպես դատարկ կայարանում
երբ սպասում են ինչ-որ տեղ ննջող գնացքներին:

Չգնաս, թեկուզ մի ժամով, քանզի ինքդ գիտես
այդ ժամին են կուտակվում կաթիլներն անքնության,
ու գուցե ծուխը թափառող, որ իր համար տուն է փնտրում,
նույնիսկ գա ինձ այցելության` սպանելու սիրտս կորած:

Ա՜խ, թող որ չհալվի քո ուրվագիծը ավազի վրա,
ա՜խ, թող որ չթարթեն կոպերդ դատարկության մեջ…
մի գնա, սիրելիս, թեկուզ մի վայրկյան,

քանզի այն րոպեին, երբ արդեն հեռացած լինես ինձնից,
ոտքի տակ կտամ արար աշխարհը հարցնելու համար՝
հե՞տ ես գալու դու, թե թողնելու ես, որ մեռնեմ դանդաղ:

 

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Հիմա ինձ հանգիստ թողեք:
Հիմա սովորեք լինել առանց ինձ:
Ես փակում եմ աչքերս:
Եվ միայն հինգ բան եմ ուզում,
հինգ արմատ նախընտրելի:
Մեկը սերն է անվերջանալի:
Երկրորդը՝ տեսնել աշունը:
Չեմ կարող լինել, եթե տերևները
չթռչեն և հետ դառնան հողի մոտ:
Երրորդը՝ ծանր ձմեռն է,
անձրևը, որը սիրեցի, քնքշությունը
կրակի` կոշտ ցրտին:
Չորրորդը՝ ամառն է.
կլոր, ինչպես ձմերուկ:
Հինգերորդը՝ քո աչքերն են,
իմ Մաթիլդա, լավս, սիրելիս,
չեմ ուզում քնել՝ առանց աչքերիդ
չեմ ուզում լինել՝ առանց քո հայացքի,
ես փոխում եմ գարունը
որպեսզի շարունակ նայես ինձ:
Ընկերներ, այն ամենը, ինչ ուզում եմ:
Գրեթե ոչինչ և գրեթե ամեն ինչ:
Հիմա, թե կուզեք, հեռացեք:
Ես այնքան եմ ապրել, որ մի օր
ստիպված կլինեք մոռանալ ինձ,
ջնջելով ինձ գրատախտակից.
իմ սիրտը չուներ վերջ:
Բայց եթե լռություն եմ ուզում,
չկարծեք, թե մեռնելու եմ.
իմ դեպքում Ճիշտ հակառակն է.
այսինքն՝ դեռ պիտի ապրեմ:
Ստացվում է` կամ և լինելու եմ:
Եվ ուրեմն չի լինի ոչինչ, քան
ներսում իմ կաճի հացահատիկ,
սկզբում`հատիկներ, որ ճեղքում են
հողը՝ տեսնելու լույսը,
բայց մայր հողը մութ է
և իմ ներսում մութ է.
ես ասես ջրհոր եմ, որի ջրերում
գիշերը թողնում է իր աստղերին
և մենակ քայլում դաշտով:
Ուզում եմ ասել`որքան որ ապրել եմ
նույնքան էլ ուզում եմ ապրել:
Երբեք ինձ այսքան ուժեղ չեմ զգացել
երբեք չեմ ունեցել այսքան համբույրներ:
Հիմա, ինչպես միշտ, վաղ է.
Թռչում է լույսն իր մեղուների հետ:
Ինձ մենակ թողեք օրվա հետ:
Թույլ տվեք ինձ նորից ծնվել:

 

Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *