Ալինա Պողոսյան | Մի քանի հարց գրողին. անդրադարձ Լուսինե Խառատյանի «Փոսը» պատմվածքին

Լուս ջան, «Փոսը» պատմվածքդ կարդացի: Ասում էիր, որ որոշ ընթերցողներ նմանություն են տեսել Սո քյութի հետ: Երևի դա սյուժեի ինչ-որ բաղադրիչների նմանություն է: Մեծ հաշվով պատմվածքները շատ տարբեր են և՛ սյուժեով և՛ ասելիքով և՛ լեզվով և՛ գրական մոտեցումներով և՛ շատ այլ կողմերով: Եվ, ի վերջո, քո պատմվածքը պատմվածք է, Սո քյութը՝ վստահ չեմ 😊:

«Փոսը» հետաքրքիր է: Ինձ դուր է գալիս քո ներքին արկածախնդրությունը, դրայվը իրադարձությունների հանդեպ, որը նաև ներմուծվում է գրականությանդ մեջ: «Այ քեզ բան»-երը, «այ քեզ պատմություն»-ները, որ պատահում են, նաև գրականություն են գնում, դա հետաքրքիր է: Եվ նաև տեսնում եմ գրական հնարքները, որոնցով իրադարձությունները մտնում են գրականություն: Ինձ շատ հետաքրքիր է իրականության գրականություն դառնալը, դարձնելու եղանակները, կարևոր պայմանները, որոնք ապահովում են իրականության գրականացումը, բայց այստեղ չեմ խոսի դրա մասին, որովհետև թեման մեծ եմ պատկերացնում:

Մինչ ասելիքիս անդրադառնալն ասեմ, որ վերջերս Հայկ Հովյանի պատմվածքներից մեկի մասին եմ գրել, ու ընթերցողները հավանել էին, որ գիրս «մեղմ ու քնքուշ» 😊 էր: Մի քիչ հետաքրքրությունից ելնելով, մի քիչ զվարճանքի համար՝ քո պատմվածքի մասին որոշել եմ այլ կերպ գրել: Նաև տոնս է այլ լինելու՝ կռիսական 😊, առանց զգուշավորության, գուցե տեղ-տեղ քեզ վերագրելով բաներ, որոնք զուտ իմ ենթադրություններն են: Գրականության մասին հարցեր եմ տալու, որոնց պատասխաններն ինձ շատ հետաքրքիր են, բայց դրանք նաև այն հարցերից են, որոնք ենթատեքստ ունեն՝ ակնարկ, որ գուցե պատմվածքումդ կարող էին այլ կերպ լուծվել:

Այսպիսով՝

Հարց 1. Ինչպե՞ս ես որոշում՝ որ դեմքով պատմել: Ինչո՞ւ այս պատմվածքն առաջին դեմքով չես գրել: Որպեսզի ապահով դիստանցիա ունենաս գրելիքիդ հե՞տ, թե՞ որպեսզի խուսափես այն թյուր ընթերցումից, թե գրածն ամբողջությամբ գրողի մասին է: Վախենո՞ւմ ես նույնացվելուց: Եվ ինչո՞ւ Արև: Որ հույս լինի՞, թե՞ որ Արևը փոսի մեջ լինի: Սրում եմ հարցերը, անձնականացնում, շեղում, բայց, հասկանում ես, կարևոր հարցն է՝ ինչպես որոշել ինչ դեմքով պատմել: Հետաքրքիր է նաև, թե  ինչպես ես անուն գտնում կերպարներիդ:

Հարց 2. Պատմվածքում կա արկած, կա հույս, կա երկրի պատմություն, բայց այն, այնուամենայնիվ, անվանված է փոս, այն նախևառաջ փոսի մասին է: Իսկ ինչպե՞ս ես որոշել փոսի խորությունը:  Ինչո՞ւ փոսն ավելի խորը չես ստեղծել, ինչո՞ւ այն ավելին չէ, քան Արևի թերահավատությունն իր գործի կարևորության հանդեպ, դրանով առաջացած ձանձրույթը, կասկածը նախկինում կայացրած որոշումների հանդեպ, գուցե այս ամենի ազդեցությունն իր ու որդու հարաբերությունների վրա: Չէ՞որ լինում են փոսեր, որոնք իրենց մեջ ընկած մարդուն առնում են մթության մեջ, պատում են անելանելիության, փոսի անհաղթահարելիության, դրա դեմ պայքարում միայնության զգացումով, երբեմն զրկում են փոսից դուրս գալու հույսից, ջանքից, տանջում են, կամ, ընդհակառակը, մղում են մարդուն գերմարդկային արարքի: Փոսը, որի մեջ Արևն էր հայտնվել, կարծես այսքան խորը չէր, այսքան տառապալից չէր: Ինչո՞ւ: Որպեսզի խուսափենք հարցի պատասխանը գրողի նախընտրության ու հետաքրքրության տիրույթում փնտրելուց, այլ այն պահենք գրականության ոլորտում, այսպես վերաձևակերպեմ հարցը. ինչպե՞ս ես հաշտեցնում պատմությունը/պատահարը այն իդեայի/փիլիսոփայության հետ, որի մեջ այն պատմում ես: Տվյալ դեպքում պատահարը փոսի մեջ ընկնելն է, իսկ իդեան փոս մետաֆորայով արտահայտված առօրեական կրկնվող ունայն շրջապտույտը, դրա առաջացրած հոգեվիճակը: Ո՞րն է առաջնային, ո՞րն է որին ծառայում:

Հարց 3. Ինչո՞ւ կար լավատեսություն, հույս: Ո՞ւմ համար էր հույսը՝ հեղինակի՞, ընթերցողի՞:   Գրականությունը հույսի կարիք չունի: Նկատի չունեմ, որ գրականությունը հույսով չի լինում, այլ այն, որ գրականությունը կարող է ստացվել և՛ հույսով և՛ առանց հույսի, գիտես:

Շատ դժվար է գրել պատմվածքի մասին առանց սփոյլերների: Դրա համար ահագին սուղ եմ գրում: Այս պարբերության մեջ, այնուամենայնիվ, սփոյլեր կա: Ուստի, ով պատմվածքը դեռ չի կարդացել, գուցե նախընտրի այս պարբերությանը չկարդալ: Ինձ շատ դուր եկավ խաչի պահը, գրպանում դրա հայտնվելու ամբողջ պատմությունը, և այն անհեթեթությունը, որ փրկել էր մի փոսից, որպեսզի Արևը չփրկվվեր մյուս փոսից: Եվ իհարկե ինձ դուր եկավ, որ Արևը չմահացավ, որովհետև այս պատմվածքը չէր ցանկանա, որ փոսից ելք լիներ: Իսկ մահը ելք է՝ առնվազն գրականության մեջ: Շատ եմ արժևորում այն գործնական միտքդ, որով տրամաբանական տեղ ես հարթում իրադարձությունների կայացման համար: Դա իսկապես շատ գնահատելի է:

Այսքանը, Լուս ջան: Հարցերը, որ տվեցի, ինձ համար էլ են հարցեր: Դրանց մասին սկսեցի մտածել միայն պատմվածքդ կարդալուց հետո, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ուրախ կլինեմ լսել արձագանքդ, բայց նաև, գիտես, կարող ես անտեսել բոլոր հարցերը, եթե քեզ համար հետաքրքիր մտածելիք չեն 😊:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *