***
Կի՛ն, ես քո որդին կլինեի,
որ խմեի ստինքներիդ
կենաց շիթերից,
ինչպես ջրհորի
ակունքից:
Նայել քեզ
և զգալ քեզ իմ կողքին,
տեսնել քեզ՝ ոսկե ծիծաղում
ու բյուրեղյա ձայնում,
զգալ քեզ իմ երակներում,
ինչպես աստծուն`
գետում,
և պաշտել քեզ
փոշու ու կրաքարի
տանջահար ոսկորներում,
որ քո գոյությունը իմ կողքին
անցնի առանց ցավի
և հասնի տաղին՝
ամեն չարիքից անդին:
Իչպե՜ս եմ սիրում քեզ,
կի’ն,
սիրում այնպես,
ինչպես երբեք ոչ ոք չի սիրել:
Մահանալ
և դեռ ավելի սիրել քեզ,
բայց և այնպես
ավելի ու ավելի
սիրել քեզ:
***
Դու չես ստիպել ինձ տառապել,
այլ միայն սպասել:
Այն խճճված
ժամերին՝
լի օձերով,
երբ
սրտիս զարկերը համրացան և շնչահեղձ էի,
դու գալիս էիր քայլելով,
դու եկար՝ մերկ և քերծված
և արնահոսելով
հասար իմ անկողինը,
իմ հարսնացու,
իսկ հետո,
մենք ողջ գիշեր քայլեցինք՝
քնելով,
իսկ երբ արթնացանք
դու անեղծ ու նոր էիր,
ասես երազանքների սրաթև քամին
նորեն հրդեհել է վարսերիդ խոպոպները
և ցորենի, և արծաթի մեջ սուզել
մարմինդ՝ թողնելով կուրացնող փայլում:
Ես չեմ տառապել, սեր իմ
ես միայն սպասել եմ քեզ:
Դու պետք է փոխեիր սիրտդ
և երազներդ,
այն պահից, երբ հպվել ես
իմ կրծքի անհուն ծովին:
Դու պետք է հառնեիր ջրից,
ինչպես մաքուր մի կաթիլ՝
պոկված գիշերային ալիքից:
Իմ հարսնացու,
դու պետք է մեռնեիր ու ծնվեիր,
ես սպասում էի,
ես չեմ տառապել քեզ փնտրելիս,
ես գիտեի, որ դու գալու ես
ուրիշ մի կին դարձած `
քո աչքերով, քո ձեռքերով և շուրթերով,
բայց ուրիշ սրտով,
ով իմ կողքին էր լուսաբացին,
կարծես միշտ այնտեղ է եղել,
որ հավերժ ինձ հետ լինի:
***
Ես փափագում եմ քո ձայնը,
շուրթերը, մազերը
Եվ քայլում եմ փողոցներով
քաղցած ու անձայն,
Ցորենն օգնական չէ,
ինձ լուսաբացն է ճնշում,
Քայլքիդ նվագն եմ փնտրում
օրերի հոսքում:
Ես քաղցած եմ
առանց քո ծիծաղի թևածուն
Առանց ձեռքերի,
որ ունեն հունձքի հասկի գույն,
Քաղցած եմ առանց եղունգների
գունատ քարի
Ես երազում եմ քո մաշկը՝
նման անարատ նուշի:
Ես կըմպեի քո հրափայլ գեղեցկության
Ամեն մի ճառագայթը տեսանելի,
Քիթը, որ բազմած է հպարտ դեմքին
Եվ անորսալի ստվերը թարթիչների:
Քաղցած՝ ես մթնշաղում փնտրում եմ
Քո բուրմունքի հետքը ու սիրտը ջերմ
Եվ ինչպես մի կատվառյուծ շնչում եմ
Անապատային լռության մեջ:
***
Ես սիրում եմ քեզ այստեղ,
Ուր մթին սոճիներում մոլորվել է քամին,
Ուր անհանգիստ ալիքին լուսինն է առկայծում
Եվ ձգվում են օրերը՝ նման մեկը մյուսին:
Աղոտ ստվերներ են մշուշում պարում:
Արծաթաշող ճայն է մայրամուտից անդին:
Առագաստը իբրև մի մոմ:
Աստղերը՝ հեռու-հեռվում:
Եվ Նավի սև խաչը:
Միայնակ, գալիս եմ լուսաբացին
Եվ խոնավություն եմ զգում իմ հոգում:
Հեռավոր ծովը աղմկում է կրկին ու կրկին:
Այս է նավահանգիստը:
Այստեղ եմ քեզ սիրում:
Այստեղ եմ քեզ սիրում և զուր է քեզ թաքցնում հորիզոնը:
Ես սիրում եմ քեզ անգամ այս ցուրտ իրերի աշխարհում:
Երբեմն լողում են հսկա նավերին իմ համբույրները:
Բեռնված նավեր, որոնք երբեք ափ չեն հասնում:
Ինչպես մի ժանգոտ խարիսխ, ինձ թվում եմ մոռացված,
Վշտերի նավամատույց՝ լոկ երեկոյի հանգրվան
Ինչպե՜ս է հոգնել իմ կյանքը քաղցած:
Ես չունեմ այն, ինչ սիրում եմ: Դու հեռու ես այնքան…
Մորմոքով լի տեսնում եմ, թե ինչպես է մթնշաղը իջնում ծուլորեն,
Բայց գալիս է գիշերն ու իր երգն է ձոնում:
Լուսնից անուրջներն են պտույտ առնում:
Հսկա աստղերով քո աչքերն են ինձ նայում:
Ես սիրում եմ քեզ ու մթին սոճիները քամու մեջ
փշե ծնծղաներով անունդ են երգում:
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի