Նաիրա Աբրահամյան | Միեկո Կավակամիի «Կրծքեր և ձվեր» վեպի առանցքը՝ վերնագրի բանաձևումից դուրս

 Վերջերս հայ թարգմանական գրականությունը «Գրանիշ» հրատարակչության կողմից հարստացավ ճապոնական ֆեմինիստական բարձրարժեք վեպի հրատարակությամբ։

Գրքի տարբեր լուզուներով թարգմանությունների մասին ընթերցած հոդվածներից մեկում հանդիպեցի ամերիկացի մի վերլուծաբանի տեսակետի։ Ըստ նրա՝ գրքի անգլերեն թարգմանությունը, որ արվել է տղամարդ թարգմանիչների կողմից, այդքան համոզիչ չէ, քանի որ  դժվար է ընկալել կնոջ ֆիզիկական ու հոգեկան զգայությունների ամբողջությունը, դրանց խորքայնությունը, ինչն առաջ է քաշել ճապոնացի երեսունհինգամյա կին աձակագիրը։ «Այսինքն տղամարդիկ կարող են պատկերացնել կնոջ օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխությունները,-գրել է հեղինակը,- բայց չեմ կարծում, որ նրանք կկարողանային փոխանցել դրա հետ կապված զգացմունքների կամ հույզերի իսկությունը»։

Հայալեզու գիրքը, փաստորեն, ընթերցողին նմանատիպ նուրբ խնդրի առջև չի կանգնեցնում․ թարգմանչի (Աստղիկ Հովհաննիսյան) և խմբագրի (Հասմիկ Հակոբյան) խորաքննին աշխատանքի արդյունքում  շոշափելի և ակնառու է հեղինակի առաջ քաշած հարցերի խորին, գուցե և անտես հուզազգացական բնագծերը, չէ՞ որ կան հույզեր, որոնք վեր հանելիս ինքնին դառնում ես կրող կամ ունակ ես այն վերագրելու սեփական ինքնությանը։

Կավակամին, որը գրական հասարակություն մուտք է գործել որպես երաժիշտ, այնուհետև բանաստեղծ, հանրաճանաչ բլոգեր և, ամենակարևորը, որպես բեսթսելլեր հեղինակ, մարտահրավեր է նետում պատմողական, արձակ ոճին վերաբերող նախապաշարմունքներին և կանխակալ պատկերացումներին: Նա ներկայումս Ճապոնիայի ամենաշատ ընթերցված և քննադատված հեղինակներից է։ Հարուկի Մուրակամին նրան անվանել է «իր սիրելի երիտասարդ գրողը»:

Ավելի վաղ վեպը լույս է տեսել նույն վերնագրով, որտեղ ներառված է եղել ներկայիս վեպի միայն առաջին մասը, ապա 2019-ին ամբողջական վեպը լույս է տեսնում «Ամառային պատմություններ» վերնագրով։

Գրքում Կավակամին շոշափում է գրականության մեջ գուցե և ավելի քիչ հանդիպող, բայց  կարևորություն ունեցող թեմաներ, որոնք գնալով դառնում են արդիական՝ կախված ժամանակների արագընթաց զարգացման՝ ի հայտ եկած նոր մարտահարավերների պահանջմունքներից։

Գրքում առանցքային է կանանց գենդերային ինքնության հարցը, անձնական ազատության ձգտման փափագը, կնոջ իրավունքների պաշտպանության հարցերը, գեղեցկության՝ արդեն նորաձև համարվող չափանիշների, մայրության և հասարակության ակնկալիքների թեմաները, դեռահասների սեռական դաստիարակությանն առնչվող կարևորագույն խնդիրները, որոնք ներկայացված են օրագրային գրառումների ձևաչափով։

Աշխատավոր, սակայն անկայուն ֆինանասական միջոցներ ունեցող կանանց օրինակով հեղինակն արծարծել է նաև ճապոնական իրականության մեջ իշխող սոցիալական անհավասարության թեման:

Վեպի սկզբում երեսնամյա Նացուկոն Տոկիոյի կայարանում դիմավորում է իր ավագ քրոջը՝ Մակիկոյին և տասներեքամյա զարմուհուն՝ Միդորիկոյին։ Օսակայում դստեր հետ միայնակ ապրող Մակիկոն, որն անտեսելով իր չարքաշ աշխատանքի բեռն ու ֆինանսական խղճուկ միջոցները, գայթակղվում է կրծքագեղձերի պլաստիկ վիրահատության մոլուցքով, ինչը ենթադրաբար նրա համար պիտի դառնար նոր երջանկություն կառուցելու, ինքնատելությունից խուսափելու լավագույն միջոց, սակայն «դեպի մեծ կրծքեր տանող ճանապարհը բարդ է ու քարքարոտ»։

Մոր ցանկությունն առաջ է բերում մայրեր-դուստրեր հարաբերությունների բախմանը։ Սովորաբար նորի կրողը երիտասարդներն են, սակայն այստեղ զարմանալիորեն ընդգծվում է հարաբերությունների բախման հակառակ մոդելը։

Մոր «խենթ երազանքի» տենչը, մոտալուտ սեռական հասունացման վտանգն աղջկա մոտ շրջադարձային գլխապտույտ է ստեղծում։ Աղջիկը սկսում է ներքաշվել լռության մեջ՝ փորձելով գոնե այդպես հաղթահարել «մայրական խելագարության» հիասթափությունը։

Այս լարվածության ընթացքում Նացուկոն փորձում է օգնել կյանքից իրեն բաժին հասած հարազատ մարդկանց։ Հեղինակն այն դիպուկ, նաև հետաքրքրշարժ կերպով նկարագրել է ձվերը կոտրելու տեսարանով։ Այս ամենը պատահական ընտրված չէ։ Վեպում ձվերը դառնում են սիմվոլ, պատկեր-գործողություն, որոնք հերթով կոտրվում են հենց իրենց՝ այդ խնդիրները սեփական ուսերին կրող հերոսների ձեռքերով։

Գրքի երկրորդ գլխում դեպքերը զարգանում են արդեն ութ տարի անց՝ այն սկսելով ամառային մեկ այլ շոգ օրվա նկարագրությամբ: Միայնակ Նացուկոն, հաշտվելով չամուսնանալու մտքի հետ, ապրում է անհանգստության զգացումներ՝ հոգում թաքցնելով միայնակ ծերանալու և երբեք զավակ չունենալու մտայնությամբ։

Նա ենթադրյալ որոշման մասին խորհրդակցում է իր կյանքում հանդիպած մտերիմ մարդկանց հետ, ապրում իր սիրելի մոր և Կոմի տատիկի հիշողություններով, որոնք ընթերցողի մոտ հույզերի հաճելի զգացումներ արթնացնելուց զատ, օգնում են հերոսուհուն՝ կանանց վերարտադրողական իրավունքներն անտեսող, խորապես պահպանողական երկրում կատարել կտրուկ որոշում՝ հօգուտ արհեստական բեղմնավորման։ Այստեղ առաջ է գալիս մի շատ կարևոր հարց․ «ի՞նչ իրավունք ունենք լույս աշխարհ բերել նրանց, ովքեր երբեք ծնունդ չեն խնդրել»։

Մակիկոյի՝ կրծքերը մեծացնելու ցանկությունը, Նացուկոյի՝ դոնորական ճանապարհով հղիանլու համար համարձակ քայլ կատարելը վեպի համար դառնում են առանցքային խնդիրներ, որոնք բխում են կնոջ մարմնական գեղեցկությունն արժևորելու, անհատական ընտրությունը հարգելու, կանանց ուսերին դրված սոցիալական բեռը թեթևացնելու հարցադրումներից: Նացուկոյի կերպարն առաջ է քաշում «թեկուզ մենակ, բայց ոչ դժբախտ» ապրելու բանաձևումը: Հերոսուհին միայնակ, առանց զուգընկերոջ աջակցության փորձում է գտնել երջանիկ ապրելու իր ճանապարհը:

Ստեղծագործության հմուտ  «մշակած» երկրորդական կերպարներն իրենց կյանքի պատմություններով խորացնում են վեպի հանգույցը՝ ընդգծելով կնոջ իրավունքների պաշտպանության, կանացիության, մայրության, ավանդական ընտանիքի պատկերացումները:

Ճապոնական ավանդույթների մասին պատմող զրույցներից մեկում կա մի զվարճալի ասույթ․ «Քսանհինգ տարեկանից բարձր կանայք համարվում են Ծուրբ ծննդյան տորթեր»: Այսինքն՝ կանայք պետք է հավերժ երիտասարդ տեսք ունենան, որպեսզի վայելեն այն ուրախությունը, որ իրենք ի վիճակի են մեծացնել իրենց զավակներին։

Այս վեպն իր պարզ ու անմիջական լեզվի, խորաթափանց մտածողության, պատկերային գեղեցիկ նկարագրություններով հանդերձ՝ հարուստ է նաև գիտականությամբ, որը վերաբերում է կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիային, դոնորական ճանապարհով հղիության, դեռահասների հասունացման խնդիրներին և այլն։ Վեպը ճապոնական իրականության մասին է, սակայն քննարկվող խնդիրներն արդիական են ու համընդհանուր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *