Միլենա Խաչիկյան | Փյունիկ


Դողերը օրվա հալվել վերջացել են,
եւ աչքերս էլ չեն նայում հեռուն`
հույսով վերադարձիդ:
Օրերն են հալվել վերջացել,
եւ սիրտս հոգնել է հուսալուց
այն, ինչ չկա,
այն, ինչ չկա:
Իսկ դու գիտես,
որ միշտ էլ չեղածն է կարեւորը,
որ ամենակարեւորն է բոլոր-բոլորից,
որ, թեկուզ եւ չես տեսնում դարեր,
բայց գիտես, զգում ես…
Դու զգացողություններին հավատալ ես սկսել,
դե, դրանում արտասովոր ոչինչ չկա,
այն էլ` օրվա այս ժամին,
երբ աշխարհն է հալվել վերջացել,
երբ մարդիկ թաքնվել են, որտեղ հնարավոր է:
Ես վաղուց թաքնվելու տեղ չունեմ,
եւ ձեռքերս, որ
դատարկությունը անգիր գիտեն արդեն,
այլեւս չեն փնտրում մի տաք անկյուն,
տաք մեկին…
Ոչ մեկը չի փնտրում մյուսին,
բոլորը միայն կորցնում են իրար
անառիթ, անդադար,
եւ ամեն ինչից հետո
կորցնում են իրենք իրենց էլ:
Ամեն բան այնքան պարզ է ու հստակ,
որ ոչ ոք հեռանալիս էլ չի շրջվում ետ,
չի փորձում մի վերջին անգամ աչքերին նայել…
Բառերը հալվել վերջացել են,
եւ միայն սիրտս է դարձյալ վերընձյուղվել`
հուսալու
այն, ինչ չկա,
այն, ինչ չկա:

***
Ես ամեն օր բարի գիշեր եմ շշնջում
քթիս տակ,
ինձուինձ`
մտքով հասնելով, ուր նա է,
եւ մնալով այնտեղ,
եւ շունս ամեն օր գլխի չի ընկնում,
թե ինչու եմ այդքան հեռուներում
առանց իրեն զբոսնում,
եւ թե ինչ պատահեց,
որ օրերից մի օր
այսքան հանկարծակի կորցրի քունս:

***
Էլի գարուն կգա, գուցե,
եւ եթե ոչ վարդը,
ապա գոնե մի դուռ կբացվի քեզ համար,
եւ եթե ոչ դեպի նա,
դու կգնաս գոնե դեպի տուն,
որտեղ քեզ մայրդ է դեռ սպասում՝
անհանգիստ,
թե ինչու լույսով չվերադարձար:
Էլի գարուն կգա, դե երեւի,
եւ եթե ոչ դուռը,
ապա գոնե մի լույս կբացվի,
եւ մայրդ արդեն էլ չի մտածի,
թե կարող է հանկարծ ու մոլորվես:
Իսկ դու քո ճամփան կորցրել ես վաղուց,
եւ արդեն էլ չես հիշում՝
ինչպես պատահեց,
որ ինչ-որ մեկը բռնեց քո ձեռքը,
շոյեց վերքերդ թաց,
փակեց հոգնած կոպերդ…
Ամեն ինչ լավ էր, կարծես թե,
պարզապես,
երբ բացեցիր աչքերդ,
դեռ մութ էր,
եւ դու մենակ էիր արդեն…
Էլի գարուն կգա, չի բացառվում,
միայն թե չգիտես,
թե դրանից քեզ՝ ի՞նչ,
եւ ի՞նչ ուրախանալու բան կա նրանում,
որ մի կյանք էլ այդպես
պոկվեց-թռավ:
Միլենա Խաչիկյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *