Միլենա Խաչիկյան | Սրտամաշ

Սրտամաշ

Առանց աղոթք օրերի, ցավերի հետ՝ սիրտ մաշող,
ինչպե՞ս ուս ուսի ապրել,
այս ամբողջից հետո ինչպե՞ս ապրել,
գիտե՞ս։
Լուսանկարներում փնտրում եմ պատկերդ․
բարձր ես, ինչպես լեռ,
իսկ գլխիդ թափվող ճերմակը ձյունի
վերջինն էր, որ տարար քեզ հետ։
Ի՞նչ կմնա ինձ անցյալի հմայքից․
միայն սիրտդ՝ տիեզերքի չափ մեծ
եւ տիեզերքի համար մտահոգ,
եւ ծիծաղներդ՝
այն զրնգուն անհոգության մեջ,
ուր բզեզի պես
մանուշակը մեզ էլ մի ճոճք էր թվում,
աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
Հիմա ինչպե՞ս ասել, որ
սիրածդ բուրաստանից բան չմնաց էլ,
ավերակներ,
ավերակներ,
ավերակներ միայն,
ուր թագավորող էլ ոչ ոք չկա։
Ինչպե՞ս ասել, որ Ամանորը չոքել է դռանը,
իսկ քաղաքը
տոնի փոխարեն
սեւ ժապավեններով է գրկվել-
-կորացել,
որ մենք էլ ենք ձյան կծիկի պես գնդվել-
-մնացել,
որ տուն չդարձող ամեն մեկիդ հետ
սկսել ենք հալչել,
որ մեզնի՛ց էլ բան չի մնացել․․․
Առանց աղոթք,
սրտամաշ,
մի կերպ գալ քեզ մոտ,
բայց ինչպե՞ս խախտել լռությունդ,
սառած քարիդ ինչպե՞ս խոստովանել՝
երանի, որ չտեսար։

 

***
Այն չէ,
այլեւս որեւէ բան այն չէ,
եւ լուսաբացն անգամ՝ ամեն օր նույն ժամին,
կարծես անսովոր մի ծես լինի
ոչ մի բանի համար։
Հուսալքված եմ,
ներիր։
Կարող ես խելացի մտքեր արտահայտել,
տալ խորհուրդներ,
հույս,
լավ բաներ կարող ես ասել,
որ
բառերն այդ չմոռանանք գոնե։
Կարող ես նաեւ գրել «հայրենիք»,
դարձնել մեծատառ,
կողքին շարել սիրո բոլոր խոսքերը,
որ գիտես…
Միեւնույն է,
հոգիդ պիտի ցավի այն չասվածից,
եւ կորցրած ամեն մի քարից
պիտի փլվի քո սիրտն էլ։
Որովհետեւ փլված է արդեն ամբողջ մի երկիր,
եւ կրակներից նոր լույսով ելնող փյունիկ
էլ չկա,
որովհետեւ հայրենիքի հետ փյունիկն էլ ընկավ,
եւ վերքը, ա՜խ,
մահացու էր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *