Հավատացյալը երբեմն կասկածում է, անհավատը՝ ոչ։
Սերը կեղծիք է, եթե չունես փախչելու ճանապարհ։
Քարից հաց քամելը ոչ թե առաքինություն է, այլ՝ սովորություն։
Վարդը ժամանակի մեջ ծաղիկ է, ժամանակից դուրս՝ եզրակացություն։
Սատանան չի բռնում ձեռքդ, որ զգաս Աստծո հպումը։
Զենքն ինքնազանցություն է։ Չէ՞, պարոնայք մաուզերիստներ։
Համբույրն ու քարը նույն են։ Տարբերությունը զգացվում է միայն քար համբուրելիս։
Ստորոտը լեռան ամոթն է, եթե չես ընկալում ամբողջ բնապատկերը։
Խաչքարը քարի ընդգծված ինքնարդարացումն է։
Մարդը հույսից առա՞ջ է մեռնում, թե՝ հետո։
Փառքն Աստծուն տալով՝ առողջ ունայնության ճանապարհն ես բռնում։
«Ես»-ն ուրիշի ձեռքում թոշնող ծաղիկ է։
Մատաղացու գառը սովորականից տարբերվում է խարիզմայով։
Վերջին արարը հանդիսատեսի փրկությունն է։
Սեռական հասունացումը հանգեցնում է անկանխատեսելի հետեւանքների։
Կենսագրությունը կոտրված հայելի է՝ չարագույժ նշան։
Զրոն փչացնում է հաշվելու հաճույքը։
Խաղաղությունը վրիպում է։
Իշխանությունը խորություն չունի. լայնք, երկայնք, բարձրություն…
Խանդը աղոթք է՝ այլ շեշտադրումով։
Սուրբ տեղը դատարկ չի մնում. դատարկն ինքնին սուրբ է։
Վախն ու հաճույքը հոմանիշներ են. երկուսն էլ ուղեկցվում են դողով։
Փողը հարստահարում է մարդուն։
Պատն ու պատից կախված նկարը մշտական հակամարտության մեջ են։ Նկարը կարծում է, որ ինքն է արժեւորում պատին, իսկ պատն արժեւորում է նկարին կրելու իր ջանքը։ Ահա թե ինչպես է առաջացել «մեխի գլուխ» արտահայտությունը։
Մարդու կողմից մարդու շահագործումը չլիներ, մարդկությունն անկյալությունից մեռնելու էր։
Մերկությունը չի կարող ծածուկ լինել. հագուստի դերը գերագնահատված է։
Երեւակայությունը մարմնի անկատարությունն է , եսի՝ հավակնոտությունը։
Մենությունը մարդուն արձան է դարձնում։ Հաղորդակցումը՝ խոսող արձան ։
Չափը կորցնելը հինավուրց սովորություն է։
Մտրակն ու բլիթը չէին հանդիպի, եթե չլիներ քաղաքականությունը։
Մեծ նավերը կուլ չեն տալիս փոքրերին. ի՜նչ երջանկություն։
Ճանապարհն ու հետագիծը չեն հատվում, բայց զուգահեռ էլ չեն։
Տղամարդը միշտ փակուղում է։
Երգը մարդուն փրկում է բանականության ահից։
Ոչ ոք չգիտի՝ քանի «Փյունիկ» թռչուն չի հասցրել դուրս պրծնել կրակից։
Լուսանկարը փոքրիկ ողբերգություն է։
Ազգայինը ազգի հագուստն է։ Ո՞վ է ճաշակի պատասխանատուն։
Կարմիր խնձորը կուսության մահն է։
Բարեգործներն ու առաքինիները ոչ միշտ են հանդիպում դրախտում։
Գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը… մեզանից ։
Գյուղերը քաղաքներին նախանձում են ոչ թե մեծության, այլ հեռավորության համար։
Անիշխանություն. ամենահուսադրող եւ մխիթարիչ բանը, որ կարող է պատահել։
Օրենքը սահմանում է, իրավունքը՝ սահմանազատում։ Սիրո մասին ոչ մի խոսք։
Ներկան միակ տեղն է, ուր կարելի է ընդմիշտ ապրել։
Երազանքը երազից համառությամբ է տարբերվում։
Քարոզը խոսքի ինքնասպանությունն է։
Հաղթանակը շատ արագ սպառվում է, պարտությունն ավարտ չունի։
Որոշ բարբառներում գերեզմանին ասում են հանգստարան՝ հավանաբար կյանքն ընկալելով իբրեւ փոթորիկ։
Ազգի հիշողության մեջ մարդ չկա։
Թարգմանությունը պայքար է Աստծո դեմ։
Ինքնասիրահարվածը ինքնահետապնդման զոհ է։
Մոմի լույսը չի ցրում խավարը, տանելի է դարձնում այն։
Մարդը մարդկության մանրադրամը չէ, բայց ազգի գրպանում կորչում է։
Աստված վճարովի ծառայություններ չի մատուցում։
Կանացի հմայքը ֆեմինիզմի գլխավոր խոչընդոտն է։
Հեռուստատեսությունը ահեղ դատաստանի video տարբերակն է։
Թռչող ցելոֆանե տոպրակ. ահա՛ ազատությունը։