Հրաչ Մարտիրոսյան | Միրհավ բառի ծագումը

Հրաչ Մարտիրոսյան

1. «Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ…»

Դժվար չէ կռահել, որ այս տողը Ակսել Բակունցի «Միրհավ» չքնաղ պատմվածքից է: Համոզված եմ, որ շատերին է հետաքրքրում միրհավ բառի ծագումը: Այս ակնարկիս շարժառիթը եղավ մեծավաստակ հայերենագետ Գևորգ Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարան»-ը` հրատարակված հետմահու (2010), որտեղ այս բառի միր- բաղադրիչը համարվում է անհայտ ծագման արմատ: Իրականում այս բառի հավաստի ստուգաբանություն կա դեռևս 1960-ականներից: Ուստի հանգամանալից քննությունը տեղին է:

2. Նախ անդրադառնանք բառի համաժամանակյա նկարագրին: Բակունցի` առաջին անգամ 1926 թվականին հրապարակված «Միրհավ» պատմվածքում (Երկեր. Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., հտ. 1, 1976, էջ 72-83, հմմտ. 405-413) միրհավ թռչունի մասին տեղեկություններ են հաղորդում հետևյալ տողերը.
«Դիլան դային <…> երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը: <…>: Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բուն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը: <…>: Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու տերևները: <…>: Զգույշ է միրհավը. քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում: <…>: Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար… Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում։ <…>: Միրհավը թռել էր հեռու… Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ»: Այս թռչունը հիշատակվում է նաև Բակունցի «Սաբու» պատմվածքում (էջ 177 / 437 / 598):
Ուրեմն` միրհավը մթին անտառներում ապրող ու կանչող ոսկեփետուր զգուշավոր թռչուն է` սև պուտեր ունեցող թևերով և արնագույն տոտիկներով: Ռաֆայել Իշխանյանը (էջ 630) ծանոթագրում է, որ միրհավը փասիանի մի տեսակն է, որ տարածված է Զանգեզուրում, և որ այստեղ ու Ղարաբաղում նրա անվանումն արտասանվում է մըրհավ կամ միրհավ: Արդի հայերենի բառարանները (Աղայան և ԺՀԼԲԲ) նույնպես միրհավ բառը ներկայացնում են ‘փասիան’ նշանակությամբ: Բառը գրանցված է նաև բարբառագիտական գրականության մեջ. Ղարաբաղի ու Հադրութի բարբառներում` միրիհա՛վ, Ղարաբաղում նաև միրհա՛վ (Դավթյան 1966, 423), Գորիսում` միրհավ, մըրհավ ‘փասիան’ (Մարգարյան 1975, 443a):
Այն, որ Բակունցի միրհավ-ը իսկապես փասիանն է, ուղղակիորեն հաստատվում է Վախթանգ Անանյանի վկայությամբ («Հայաստանի կենդանական աշխարհը», հտ. 3, 1965, 184, 195, 199-200), ըստ որի Բակունցն անձամբ պատմել է Անանյանին, որ ինքը հաճախ է փասիաններ տեսել Որոտանի առափնյա թփուտներում: Ապա Անանյանն ավելացնում է, որ Բակունցն իր այդ տպավորություններն օգտագործել է «Միրհավ» պատմվածքում:

3. Ի՞նչ ծագում ունի միրհավ բառը: Հասկանալի է, որ բառի երկրորդ բաղադրիչը հաւ ‘թռչուն, հավ’ արմատն է, սակայն առաջին բաղադրիչի հարցը միանգամից պարզ չէ: Այդ հարցի պատասխանը չեք գտնի ստանդարտ գրականության մեջ` ՆՀԲ և ՀԱԲ, քանի որ բառը վկայված չէ մատենագրության մեջ: Ոչ էլ բարբառային բառարաններում (Ամատունի 1912; Աճառեան 1913; ՀայԼեզԲրբԲառ Դ, 2007) ենք գտնում այս բառը: Եվ ահա` հույսի շող. այս բառը տեղ է գտել Գևորգ Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարան»-ում (2010, 528a): Բայց անմիջապես` հիասթափություն: Կարդում ենք.
միր- (միրհաւ բառի մեջ) ‘փասիան’: Ծագումն անհայտ է:
Նկատենք, որ այստեղ անճշտություն կա: Իրականում ‘փասիան’-ը միրհավ բառի ամբողջական իմաստն է, ոչ թե նրա *միր- բաղադրիչինը: (Հանուն արդարության հիշենք, որ մեծավաստակ հայերենագետը հասցրել է խմբագրել իր բառարանի միայն մի մասը` Ա-Կ տառերը):
Այսպես ուրեմն, Ջահուկյանի բառարանում *միր- արմատի ծագումը համարվում է անհայտ: Այնինչ բառի մի պարզ ու գեղեցիկ ստուգաբանություն ներկայացվել է դեռևս Կարո Դավթյանի «Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը» հրաշալի գրքում (1966, էջ 423): Այս ստուգաբանությունը, ի դեպ, չի արտացոլվել նաև Ալ. Մարգարյանի «Գորիսի բարբառը» (1975) ծավալուն ու արժեքավոր մենագրության մեջ: Ըստ այդ մեկնության` թռչնանունը կազմված է մայրի ‘անտառ’ և հաւ ‘թռչուն, հավ’ արմատներից: Այսինքն` *մայրի-ա-հավ «անտառային թռչուն, վայրի հավ»:

4. Այս մեկնությունը, ըստ էության, ավելի հին է: Վախթանգ Անանյանը (նշվ. աշխ. էջ 200) նշում է, որ շատերը միրհավ-ը նույնացնում են մերահավ / մայրահավ բառին, որը, սակայն, ‘փասիան’-ից տարբեր թռչունի անվանում է (= ‘тетерев’) և գրական լեզվում հայտնի է մայրեհավ ու (փայտ)մորեկ անուններով, Լորի ձորի գյուղերում ու մանավանդ Լեռնաշենում (Սիսիանի շրջան)` սըրահավ (< սարահավ), իսկ Լոռու և նախկին Ղազախի շրջաններում` վիրու հավ, երբեմն նաև շփոթում են ցախաքլոր-ի հետ (նշվ. աշխ. էջ 150-166, նաև «Ու՞ր են տանում կածանները», Երևան, «Սովետական գրող», 1980, էջ 313-319): Հմմտ. նաև ԺՀԼԲԲ` մայրահավ և մայրեհավ, ինչպես նաև ղարաբաղյան մի հանելուկ. Կյարմյուր յալլուխ` մսավ լիգը. պատասխան` մայրահավ (Ս. Հարությունյան, Հայ ժող. հանելուկներ, 1965, 75b, համար 155): Անանյանը, այսպիսով, մայրեհավ-ն առանձնացնում է միրհավ-ից և վերջինս մեծ ոգևորությամբ նույնացնում է Քաջունու «Բառգիրք»-ում (1892 թ.) փասիան-ի դիմաց հայտնի չէ ում ձեռքով ավելացված միհրհավ տարբերակին, այսինքն` Միհրի հավ, կրակե թռչուն, արևային թռչուն: Այս մեկնությունը տեսականորեն գուցե անհնար չէ, սակայն այնքան էլ հավանական չէ մի շարք պատճառներով. ա) դիցաբանական հենքով թռչնանուններ իսկապես կան (արտաւազդահաւ, յովանահաւ և այլն). սակայն կոնկրետ մեր թռչունի և Միհրի կապը հիմնավորող որևէ փաստ չի բերվում (թեև ոսկեգույն փետուրները որոշ չափով կարող են հեշտացնել նման ընկալումը), և միհրհավ ձևն էլ ոչ մի տեղ վկայված չէ. բ) Ղարաբաղի ու Գորիսի բարբառներում երկվանկ բառի առաջին վանկի ի ձայնավորի հիմնական արտացոլումներից մեկն է է-ն, հմմտ. դիմաց > տէ՛մաց, լիմոն > լէ՛մու/oն, ծիծաղ > ծէ՛ծաղ, ծիրան > ծէ՛րան, փիլոն > փէ՛լուն ևն (թեև ի-ի օրինակներ էլ կան). սակայն ինձ ոչ մի բարբառից հայտնի չէ քննվող թռչնանվան *մէ՛րհավ տարբերակ. ունենք միրհավ, մըրհավ և միրիհա՛վ.
գ) մայրե/ահավ-ից բխեցնող տեսակետը մերժվում է առանց հիմնավորման, մինչդեռ այն պրակտիկորեն անխոցելի է. հիմա անդրադառնանք այդ մեկնությանը:

5. Ինչպես տեսանք, *մայրի-ա-հավ վերակազմությունը հաստատվում է մայրեհավ / մայրահավ թռչնանվան գոյությամբ, ընդ որում Անանյանի հիշատակած մերահավ տարբերակը` -այ- > -ե- բարբառային հնչյունափոխությամբ, վկայում է, որ սա զուտ գրական կազմություն չէ: Բակունցի նկարագրությունից հստակորեն տեսնում ենք, որ խոսքը մթին անտառներին հատուկ վայրի թռչունի մասին է, ուստի մայրե/հավ (բառացի’ ‘անտառային թռչուն կամ հավ’) > միրհավ ‘փասիան’ զարգացումը միանգամայն տրամաբանական է: Այն, որ սա այլ թռչունի անվանում է, լուրջ հակափաստարկ չէ, քանի որ տարբեր տարածքներում «անտառային թռչուն, վայրի հավ» գաղափարը կարող է արտացոլվել տարբեր թռչունների անվանումներում` տվյալ տարածքի բնաշխարհի առանձնահատկությանը համապատասխան:
Ստուգաբանությունն անխոցելի է նաև տիպաբանորեն: Այս նույն մայրի ‘անտառ’ բառից կազմվել են նաև մի շարք այլ բուսանուններ ու կենդանանուններ, օրինակ` մերախնձոր ‘անտառային խնձոր’ (ՀԱԲ 3, 248b), Տրապիզոնում ու Համշենում` մէրհավող < *մայր(ի)-խաղող ‘վայրի խաղող’ (Աճառեան 1913, 772b; Թոռլաքյան, Համշենահայերի ազգագր. 1981, 136b): Վերոհիշյալ մորեկ ‘մայրեհավ’ բառն էլ, հավանաբար, ածանցվել է մայրի ‘անտառ’ բառի մորի տարբերակից, որը առկա է մի քանի բարբառներում: Նմանօրինակ կաղապար են ներկայացնում նաև ցախաքլոր և ցախսարեկ թռչնանունները (առաջին բաղադրիչը` ցախ ‘մացառ, թուփ’), ինչպես նաև մոշահավ-ը և վերոհիշյալ սարահավ-ը: Հմմտ. նաև մեշի տանձ ‘վայրի տանձ, պանդա’, բառացի` ‘անտառի տանձ’: Այսինքն` X բույսի կամ կենդանու վայրի տեսակը հաճախ է անվանվում «անտառի / մացառի / սարի X» կաղապարով: Հնչյունական խնդիր էլ չկա: Բազմավանկ բառերի առաջին վանկի այ երկբարբառի ի կամ ը արտացոլումը հանդիպում է թե՛ Ղարաբաղում (այգարօտ > իքնարօտ, գայլամասրի > գ/կիլամասրի, կայծանալ > կըծանալ և այլն), և թե՛ Գորիսում (այծարած > իծարած, գայլագռավ > կիլակռէվ, լայնութիւն > լընօթուն, ծայրատել > ծըրատէլ, կայծանալ > կըծանալ, հայրութիւն > հըրօթուն, փայտեղէն > փիդէղան / փըդէղէն և այլն ): Իսկ որ եռավանկ բառի միջնավանկի -ա- ձայնավորը կարող է ընկնել կամ թուլանալ, երևում է, օրինակ, հացահան > ծըհան, մաշկահան > մըշկըհան և այլ օրինակներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բակունցի հանրահայտ պատմվածքի միրհավ ‘փասիան’ թռչնանունը կազմված է մայրի ‘անտառ’ և հաւ ‘թռչուն, հավ’ արմատներից: Այսինքն` *մայրի-ա-հավ «անտառային թռչուն, վայրի հավ»:

Share Button

1 Կարծիք

  • Ռուբիկ says:

    Միրհավ: Եթե Պարսկերենով մոտենանք այդ բառին: «ՄԻՐԱԲ» նշանակում է Ջուրբաժանող, Ջրի հսկիչ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *