Արաքս Սաֆարյան | Ճիշտը երկու հատ ա. խցանված ռեպի ու գրականության միջև

Հայաստան – երկիր, որտեղ մեքենաներից լսվում է «իմ փայ փողը միշտ ֆռում ա», սակայն «ես իմ անուշ Հայաստանի» է արձագանքում հոգին… թե՞ հակառակը։

Այստեղ՝ երկակի ստանդարտների մեր իրականության մեջ, հաճախ կարելի է լսել, որ պոեզիան չի ընթերցվում, և առհասարակ գիրքը դարձել է երկրորդ-երրորդական մի բան՝ չնայած նրան, որ ունենք ժամանակակից լավ գրականություն՝ ցանկացած զգացմունքի, մարդու ու տրամադրության համար։ Բայց փոխարենը կարելի է նկատել, որ երիտասարդության մեջ լայնորեն շրջանառվում է ռեպը՝ Մի Քանի Հոգուց մինչև ՎնասաԿար։ Թվում է, թե էդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ համաձայն տարածված կարծիքի՝ հայկական ռեպ լսում են մեծ մասամբ «կոֆեի ապարատի մոտ կանգնող տղեքը», իսկ պոեզիա կարդալու համար ինտելեկտուալ լինելը անհրաժեշտություն է։ Եվ քանի որ ինտելեկտուալ մարդիկ երբեք մեծամասնություն չեն կազմում, ամեն ինչ տեղն է ընկնում։ Բայց այս տեքստը ոչ այնքան որակական ու քանակական համեմատություն է, որքան փորձ՝ բացահայտելու, թե ինչպիսին է հայկական ռեպը իրականում (մասնավորպաես՝ տեքստային մակարդակում), և թե ինչու է երիտասարդության կյանքում նրա ազդեցությունն այդքան մեծ՝ ի տարբերություն պոեզիայի։ Ի դեպ, խոսքը այն երիտասարդության մասին է, որն ունի բավականաչափ մտավոր զարգացվածություն թե՛ լավ գրականություն ընթերցելու և թե՛ ռեպ լսելու համար։

Ռեպը՝ որպես խոհական քնար

Ժամանակակից ռեպը, ինչպես պոեզիան, զուտ մարդկային է՝ մարդու մասին և մարդու համար։ Սակայն թեմատիկ ու կառուցվածքային առումով ռեպն ու պոեզիան ունեն մի քանի կարևոր տարբերություն։ Նախ, ռեպը անդերգրանունդ արվեստ է, հետևաբար՝ այստեղ շատ ու շատ բաներ ասվում են անուղղակի ձևով՝  ենթատեքստերով, ընդ որում՝ ասվում են անընդհատ՝ «Բառերիս մեջ ասեղներ կան,որ մատերս են ծակում, ենթատեքստ` ամեն մի վանկում»։ Եթե վերցնենք հայկական կամայական ռեպ ու տող առ տող վերլուծենք, կգտնենք գոնե մի երկու բառ կաննաբիսի՝ նույն ինքը պլանի/խոտի մասին.

Էս քաղաքը թարս նեգատիվ շատ ուրիշ ա

Ստեի մի շիշ ջուրը

Դուսը նենց ա գրամ դվիժ ա

Սա իրականում ռեպերի «բեդ բոյ» կերպարի մի մասն է կազմում։ 10 մարդուց 9.5-ը, ռեպեր ասելով, հաստատ պատկերացնում է սթրիթսթայլ հագուստով (մեզանում՝ երբեմն պիտոնի կուրտկով), ակնոցով, անպայման տատուներով մեկին, ով հավանաբար արդեն ծխած է։

Ինչ վերաբերում է պոեզիային, Մեծարենցի ականջը կանչի, այստեղ ևս կան անդրադարձներ կաննաբիսին, ավելի ճիշտ՝ հաշիշին, բայց դրանք երբևէ կանոնիկ բնույթ չեն կրել:

Ինչևէ, կաննաբիսից ու կրիստալներից անդին՝ ռեպում, ինչպես որ գրականության մեջ, գլխավոր թեման սոցիալական, քաղաքական խնդիրներն ու դրանց տակ անվերջ փոքրացող մարդն է.

Ոնց դու սաղին հավատացիր ու հիմարի պես

Ոնց քեզ կորցրեց դուսը 

Կյանքը սաղ վերցրել ա էլ  չի տալի քեզ

Քո ամենավերջին հույսը

Այս երևույթը լավագույնը հաստատում է Միշոյի «Ծառ»-ը՝ տեքստ-երկխոսություն ծառի հետ, որն ամփոփում է մի ողջ ժամանակաշրջանի փիլիսոփայություն ու գոյաբանական խնդիրներ։ Ընդամենը 1-2 պարզ, բայց կոնկրետ բառերով նկարագրվում է մեր բոլորի իրականությունը։

Դու կանգնած ես հպարտ,

Կապկպված ես’ անկապ, չսազող, նամռոտ լարերով,

Դանակով փորագրած «QEZ SIRUM EM»՝ գրած լատինատառերով

Այսպես սկսվում է երկխոսություն կյանք տեսած ծառի հետ, որ մարդու իդեալի ու հակաիդեալի արանքում է։

Իսկ քո հաջորդ կյանքում, եթե չեղար վառելիք

Կարողա թուղթ լինես,

Որի վրա բառերից կկառուցվի կամ երգ, որ կսնի մեզ

Կամ էլ հրաման գրվի, որ կսրի մեզ

Նույն կերպ տող առ տող կարելի է վերլուծել նաև Մի Քանի Հոգու երգերը՝ մի խմբի, որ մշտապես լիքը դահլիճներ է հավաքում։ Մի Քանի Հոգու գրեթե բոլոր երգերում դրված է «մենք»-ի ու «դուք»-ի սուր հակադրությունը՝ որպես ներքևի ու վերևի մարդկանց։ Ամեն տեղ Մի Քանի Հոգին փորձում են օգնել, դուրս քաշել, հանել ճահճից` «Մի քանի հոգին կփրկի մի քանի հոգի» կամ «դուրս արի, քո հետ են Մի քանիսը, իրանք դուրսն են»։ Խումբն անգամ համանուն երգ ունի՝ «Ներքևից», որը հստակ սյուժետային գծեր ունեցող տեքստ է հատակում հայտնված մարդկանց մասին, որ  այս կամ այն կերպով մերժվել են հասարակության կողմից` «Գոնե մեկը, երևի, ինձ տեսներ վերևից»։

RAP Poetica

Եկանք, հասանք մյուս գլխավոր տարբերությանը։ Թեև թեման նույնն է, բայց ռեպը, ի տարբերություն պոեզիայի, միշտ առօրյա-խոսակցական տեքստերով է հանդես գալիս։ Ճիշտ է, վերջին տարիներին պոեզիայում նույնպես ակտիվացել է ժարգոնային լեզուն, բայց դա երբեք կանոնավոր բնույթ չի կրել։ Մինչդեռ ռեպում բառարանային բառերը նույնքան անսովոր են, որքան պոեզիայում հայհոյանքը, օրինակ.

Ութ անգամ շատացել ա մուտքը ռուսական

…Դուսն էլ գիշերը լուսավորումա լուսնկան

Մեզանում՝ մանավանդ «ինտելեկտուալների» շրջանակներում, տարածված կարծիք կա, որ ռեպի բառապաշարը ընդունելի չէ։ Իսկ իրականում այն լիովին բնական է, քանի որ հասարակ մարդու լեզուն է։ Դեռ ավելին՝ գործը բարդանում է. ռեպում պետք է պարզ խոսել բարդ բաների մասին։ 

Էս տողերը քեզ կտանեն, կտանեն,

Իրանք իմ նման են, նման են,

Իմ նման են, իրական են,

Հետևիցդ ուրվական են

Հասարակության այսպիսի վերաբերմունքը լեզվին պոեզիայի և ռեպի մեջ խոր անդունդ է գոյացնում։ Մարդիկ պարզապես սովորել են, որ արվեստը միայն այն է, ինչը չի իջնում թանգարանի պատերից։ Սա է պատճառը, որ պոեզիան միշտ համարվել է բարձր արվեստ, հետևաբար՝ մտավորականության մասին և մտավորականության համար, իսկ ռեպը ծնվել ու զարգացել է հասարակաության ցածր խավերի մեջ՝ դառնալով «ներքևի մարդկանց» խոսափողը։ 

Բայց արի ու տես, որ հիմա 21-րդ դարի Հայաստանում այս երկու «իրար հակասող» երևույթները եկել ու կանգնել են միևնույն հարթության վրա, քանի որ փոխվել են մարդու պահանջները։ Պոեզիան պարզեցրել է իր լեզուն, մաքրվել պաթետիզմից, ռեպն էլ՝ կանոնիկացել ու ազատվել ավելորդ կուռաժիտից։ Սրա լավագույն օրինակը 3.33 խումբն է.  A Chilla-ի ձևակերմամբ՝ նրանք ստեղծում են բացառապես գրական տեքստեր։

Ես քեզ սպասող նավակ դառնամ ու թափառեմ ծովերում,

Դառնամ հերոս, որ հանուն քեզ պատրաստ ա միշտ զոհվելու։

Դառնամ անձրև երբեք չգամ, որ մազերդ չթրջվեն

Գիշեր դառնամ անդարձ գնամ ոչ մի անգամ չշրջվեմ

Մի խոսքով՝  գումարելիների տեղերը փոխվել են. այսօր ռեպը հաճախ պոետիկ է, իսկ բանաստեղծությունը՝ առօրյա-խոսակցական, անունն էլ՝ տեքստ։ Պոետներն էլ այլևս գրողների միությունում չեն հավաքվում, այլ լռվում են մասիվի, կասկադի կամ քանաքեռի իրենց ստուդիաներում։

Քուչի տղեքի հույզերը

Որքան էլ փորձենք հերքել, բայց քուչի կյանքը Հայ Տղերքի հետ չի անհետացել, այն դեռևս շենքերի հայաթներում է։ Ռեպն էլ առաջին հերթին անդրադառնում է հենց այդ հայաթների անցուդարձին, որ, իրար գումարած, միջին վիճակագրական հայ երիտասարդի կյանքի կլասիկ պատկերն է.

Ստե ուրիշ չափանիշներ,

Ուրիշ ճամփա միշտ սաղս ուզում քյասար 

Բայց սար չորս կոմը, հին ռելսեր, ժանգոտած վագոն ա,

Նոր մերսեր, մեջը հին ռոժեր

Նոր սերունդը լրիվ ուրիշ ձև ա նայում սավսեմ

Պարզ է, չէ՞, որ քուչի մասին պետք է խոսել քուչի լեզվով, սիրո մասին՝ սիրո։ Եթե, ասենք, այս տեքստը ՎնասաԿարը գրեր գրական հայերենով, օրինակ ինչպես 3.33-ը, կխարխլվեին քուչի բոլոր սյուները, այլ կերպ ասած՝ տեքստը կլիներ կեղծ։ Չէր փոխանցվի հին ռելսերի ու նոր մերսերի արանքում հայտնված մարդու հոգեվիճակը, որ խճճվել է արժեքների ու չափանիշների անցումային էտապում՝ ինքն էլ գլխի չընկենլով, որ «փոխվում ա իրա ճիշտը»։ Էս ամենի արդյունքում քուչի տղեն կընկներ «դումկեքի մեջ», բայց ոչ երբեք «մտատանջության»։ 

Չնայած ոչ միանշանակ գնահատականի՝ ՎնասաԿարի երգերը ամենալավն են արտահայտում քուչի էսթետիկան.

Տաքսու շոֆերը տալի յանի կյանքի դասեր,

Ասում ոնց էս օրի հասավ մանրամասն,

Արամ Ասատրյանի տակ մտանք հայաթ

Ուժե տունն եմ համարյա,

Սև ասֆալտը թաց քնցրեց բիչոկին,

Շենքում չկա զարթուն ոչ մի հոգի

Բա վե՞րջը

Ի՞նչ իմաստ ուներ այս ամենը, կասեք, եթե ռեպ լսողը շարունակելու է ռեպ լսել, իսկ պոեզիա ընթերցողը՝ բանաստեղծություն կարդալ։ Արդարության համար՝  թե՛ գրականության մեջ և թե՛ ռեպում առյուծի բաժինը իրենցից ոչինչ չներկայացնող մասսայական տեքստներինն է։ Դրանք այն նույն տեքստերն են, որ ցիտվում են ֆեյսբուքյան ստատուսներ հիշեցնող գրքերից ու հնչում «տռոյկա BMW»-ներից։ Պարզապես պետք չէ մոռանալ, որ մասսայական գրականությունը ոչնչով առավել չէ մասսայական ռեպից։ Ընդամենը ժամանակն է փոխել արվեստի բարձր, ցածր, երկար, բարակ չափանիշները ու զարգացնել այն իր գոյության բնականոն վիճակով։ Քուչում հարգված տղեն լսելու է ռեպ, իսկ Մայր բուհի Մայր ֆակուլտետի ուսանողուհին կարդալու է իր սիրելի պոետներին:

Խորապես հարգելով բոլոր 40 տարվա մանկավարժներին ու հարազատ քուչի մեր ախպերներին՝ եկեք պոեզիայի ճշտի դրոշակի կողքին բարձրացնենք նաև ռեպինը։

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Գագ says:

    Կարծում եմ, միտքը , որ 21-րդ դարի Հայաստանում ռեպն ու պոեզիան եկել կանգնել են մեկ հարթության վրա մեղմ ասած արդարացված չէ:

    Գրում եք ՛՛Պոեզիան պարզեցրել է իր լեզուն, մաքրվել պաթետիզմից, ռեպն էլ՝ կանոնիկացել ու ազատվել ավելորդ կուռաժիտից…՛՛ չեմ կարծում, թե պաթետիզմից մաքրվել ա արդի պոեզիան, ավելի շուտ պաթետիզմի նոր կերպավորումներա ստացել/ֆբ-ն ու յութուբը տնքում են էս բազմազանությունից/, մյուս կողմից մեծ վերապահմամբ ու մասնավոր դեպքերի անկյունից ա միայն հնարավոր ասել, որ մերօրյա ռեպը մաքրվելա կուռաժիտից, սա կհակասեր նաև Ձեր վերլուծության կոնտեքստով անցնող էն գաղափարին, որ ռեպը քուչի կյանքի բարքերի վերբալացման մի ձևա: Ըստ այդմ, ասել որ ռեպը կանոնիկա դարձել ու կուրաժիտից զերծ, կենթադրեր, որ փողոցի կյանքն էլ ա հայելային ձևով փոխվել/մինչդեռ տեքստում Դուք արդարացիորեն պնդում եք հակառակը, որ քուչի կյանքը դեռ հայաթներում է/:
    Էս դեպքում օկ, 33.3-ը, որի մասին նշել եք, ավելի շուտ բացառությունների թվում ա, որը մի տեղ կարծես թե ընդունում եք/երբ ներկայացնում եք որպես քուչի սյուներից սերող ՛՛վնասակար՛՛ռեպից տաբեր մի բան/, մեկ ուրիշ տեղում էլ սակայն ներկայացնում եք որպես ընդհանուր օրինաչափության մաս /երբ խոսում եք ռեպի կանոնիկացումից/: Իսկ գուցե ռեպի զարգացումը էդքան էլ միագիծ չի, գուցե տուրբուլենտ մի շարժումա՝ Սիրիուսից մինչև Միշո, Վնասից մինչև 33.3:

    Ընդհանրապես մեկնաբանումների սիրողական ակնարկի դաշտում են/գուցե ավելիին չեն էլ հավակնել/: Առհասարակ, եթե էնպիսի մի անշնորհակալ ու նշանակալիության տեսակետից հարցադրելի գործ ենք բռնում, ինչպիսին ռեպային ու պոետիկ տեքստերի համեմատություննա /թվումա էս երկուսի ներկայացումը որպես ՛՛մրցակցող ճշտեր՛՛ ինչ-որ արհեստական խնդիրա, հետո ինչ, թե մի երկու ռեպեր սիրում են պոետ ներկայանալ, մի երկու քոմենթում էլ վիճում են էս ժանրերի լավի ու վատի մասին/,
    արժի գոնե համեմատության շատ ավելի լայն չափանիշներ/ այդ թվում նաև գրականագիտական/ ներգրավել: Տեքստերը համեմատորեն վերլուծել ինչ-որ կամայական նեղ չափանիշներով …դե եսիմ:
    Իսկ ոճական առումով հետաքրքիրն էին առանձնացված կուպլետների ու հեղինակային մտքի սահուն փոխթափանցումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *