Օդում ինչ-որ շունչ կա անձրեւացած օրվա
ոտնաքայլեր դանդաղ՝ ջրափոսերի մեջ:
Ինչ-որ ձայն կա հիմա, որ գալիս է հեռվից
որ բռնում է ձեռքս, խաղում մազերիս հետ:
Փողոցներում գունատ ինչ-որ երազներ կան,
գիրկն առնելու կարոտ հոգիներ կան կորած,
ինչ-որ տեղից ծնվող ինչ-որ սրտաթրթիռ
ու անսովոր կապույտ երկինքներ կան հիմա:
Բառարանում թողած ինչ-որ սիրուն բառեր,
որ սպասում են մտքից դեպի շուրթեր հասնեն:
Քաղաքներ կան, որտեղ մեն-մենակ ենք արդեն
ու ձեռքեր կան հիմա՝ օդին հպվող միայն:
Հոգոցներ կան այս մութ երեկոյում հանգչող
ու կարոտ կա՝ երբեք դիմագիծ չփոխած,
Օդում արձագանք կա գտած-կորցրած օրվա,
իսկ ձեռքերին՝ հուշեր, մատնահետքեր գծված:
Եւ ծովեր կան ներսում՝ բիբերի մեջ լցված,
ալեկոծվող ծովեր՝ թարթիչներում մեր խիտ,
եւ տողեր կան այնքան, հատակներում պահված,
ու կապտացած խոսքեր՝ իրար դեռ ասելիք:
***
Միշտ եղիր
Դաղձով թեյի
Բույրը, որ անցնում է մարմնով
Թռչունը, որ դուրս չի գալիս
ներսից,
Դերանունը, որ ամենասիրելին է դառնում,
Միշտ եղիր հոմանիշը
Փշաքաղվելու,
Մնա բառերի կողքին,
Որ այնքան են բառ,
Որ երբեք չեն ասվում ոչ ոքի։
Եղիր
Ոնց որ բոլոր մնացողները.
Որ գնալու տեղ չեն փնտրում։
Եղիր առաջին,
Երկրորդ,
Երրորդ ու իններորդ միտքը
Երբ բացում եմ աչքերս,
Երբ քայլում եմ տուն,
Երբ լաց եմ լինում՝
Ինչ-որ տեղ՝
Բազմոցին կծկված։
Եղիր երեկինքը՝
Երեկոյի կապույտում,
Եւ գույնն իմ
Ամեն տեղ փնտրած։
Եւ տողը եղիր՝
Առաջին,
Երկրորդ,
Երրորդ,
Նախաբանն ու
Վերջակետը
Օրվա
Հավիտյանս հավիտենից
Ամէն։
***
Ծովաձայն է գալիս անընդհատ
Ականջիս
Չնայած յոթ սարից էլ հեռու է, լսում եմ.
Ոնց է խարիսխը ճեղքում ջուրը,
Ոնց են ալիքները բախվում ժայռաբեկորներին,
Ոնց է նավի ամենաբարձրում կանգնած մեկը գոռում՝
Ցամաք եմ տեսնում։
Ականջիս անընդհատ գալիս է
Ձայնը ձկնալողի,
Փրկության աղաղակներ,
Կանչեր,
Սուլոցներ,
Եւ միայն երբ քայլում ես կողքովս,
Երբ ասում ես՝ ինչ-որ բան լավ կլինի,
Զգում եմ՝
Ոնց է ինչ-որ մեկը
Հանգիստ,
Ծխախոտ վառելու պես հեշտ կանխում
Խորտակումը։
***
Չի ստացվում
Փախչել մթությունից ներս ու դրսի,
Լինել ու մնալ լույսի մեջ,
Ուր դու կաս։
Կտեղափոխվե՞ս ու բնակվես ընդմիշտ
Իմ մառախուղներում
Ուր այնքան վաղուց է հանգել
Լամպը,
Երկնակամարում՝ լուսին է միայն
Մի քանի երկնաքեր,
Որոնց ես անուններ եմ տվել
Պարապ ժամանակ,
Ու ճերմակ-ճերմակ գիշերներ,
Մի երկու գույն բեր հետդ
Աստղերը ներկելու համար,
Ու մի քիչ հույս՝
Շարունակվելու,
Եւ թույլ տուր նայել
Մազերիդ ալիքներին խուճուճ —
Ես այնքան եմ կարոտել ծովերը.
Նրանց խմեցին այստեղ եղածները,
Իսկ կիսածովերը ցավից գոլորշիացան
Այս մառախուղների համար։
***
Տուն դարձիր իմ մարմնի, հոգու համար
Ու կտրիր մազերս քո ուզածով,
Հետեւիր, որ շուտ քնեմ,
Ու Սարամագո կարդամ ի վերջո։
Ինձ համար նարինջներ մաքրիր,
Ասա, որ մեջքս ուղիղ նստեմ,
Էլ երբեք չկարդամ «փսիխոզ 4:48»-ը
Ու մազերս կանաչ չներկեմ։
Տուն դարձիր հիշողություններիս համար՝ երկհարկանի, բաց պատշգամբով — նրանք շատ են։
Սովորեցրու՝ մարդիկ ոնց են ապրում առանց անցած թռիչքների,
Մեկ էլ՝ գերմաներեն։
Եղիր նա, ով կփրկի ի չարէ
Ու խոսելիս կնայի աչքերի մեջ ուղիղ,
Պատմիր՝ ինչպես է որ ապրվել է այսքան օրեր մինչեւ քեզ,
Ու ուղղակի եղիր։
Հետո հիշեցրու անընդհատ,
Կրկնիր դանդաղ, մի քանի լեզվով, որ
կարելի է
ապրել
Առանց ամենահարազատների
Ու մեկ էլ — երբ պատուհանդ
Օվկիանոսի վրա չի բացվում։
Շատ լավ շարք է: