Մոհամմեդ Ռեզա Աբդոլմալեքյան | Հիմա երբ հեռացել ես

Մոհմամեդռեզա Աբդոլմալաքյան

Գիրքը նվիրվում է երջանկահիշատակ բանաստեղծ ՂԵՅՍԱՐ ԱՄԻՆՓՈՒՐԻՆ

1.
Հիմա երբ հեռացել ես
Անունդ կգրեն մի քարի վրա
Եվ նույն հեշտությամբ
Կսկսվի ձմեռը

2.
Հիմա երբ հեռացել ես
Այլևս բառերին չեմ դիմում
Նրանք հոգնած և անտրամադիր են
Չեն երգում երկ չեն դառնում

3.
Հիմա երբ հեռացել ես
Մի թռչուն է եկել
Մեր դիմացի այգին
Ոչինչ չի ուզում
Միայն ասում է «Կու-կու»

4.
Հիմա երբ հեռացել ես
Նստում եմ կողքին
Բայց նա չի արտասվում
Ձեռքն եմ բռնում՝
Բայց նա չի արտասվում
Ոտքերն եմ ընկնում
Բայց նա չի արտասվում
Չլինի՞ թե բան է պատահել
Որ բանաստեղծությունս չի արտասվում

5.
Հիմա երբ հեռացել ես
Քեզ եմ վերհիշում
Այն մոխրագույն բաճկոնով
Մոխրագույն մազերով
Եվ ծիծաղիդ մոխիրներով
Որոնց վրա քամի է փչում

6.
Հիմա երբ հեռացել ես
Կրկին զանգահարում եմ
Հեռախոսահամարդ նույնն է
Լսափողը վերցնում են
Ես լսափողը դնում եմ

7.
Հիմա երբ հեռացել ես
Պատուհանագոգի ծաղկամանը դատարկ է
Վերադառնում եմ և
Շապկիցդ մի ծաղիկ քաղում
Այսպես ավելի լավ է
Հիշողությունները չեն ծերանում

8.
Հիմա երբ հեռացել ես
Քամին չի փչում
Իսկ տերևը ձեռքով չի անում
Ինձ համար որ առանց բանալու
փակ դռների հետևում եմ մնացել
Կարծես ժամանակը կանգ է առել

9.
Հիմա երբ հեռացել ես
Չեմ կարծում թե կվերադառնա
Այն կապուտակ ամպը«
որը գալիս էր լեռների վերևից քեզ տեսնելու

10.
Հիմա երբ հեռացել ես
Հավատա
Տարիներ շարունակ
Քեզ չէինք համբուրել
Շատ ափսոս
Որ քեզ չէինք համբուրել

11.
Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Թե ինչո՞ւ կոշիկներդ չես հագել

12.
Հիմա երբ հեռացել ես
Ոչ աստղերն եմ սիրում
Ոչ էլ արևը
Ինչպես են առանց քեզ մահանում ու ծնունդ առնում

13.
Հիմա երբ հեռացել ես
Սիրտս պատճառներ ունի
Իսկ սերս լալիս է
Այդուհանդերձ
Ոչ մտածմունքով և ոչ էլ հիշողությամբ
Քո դատարկությունը չի լցվում

14.
Հիմա երբ հեռացել ես
Կմնամ հենց այս կանգառի մոտ
Որ քեզանով է բուրում
Կմնամ ու ձեռքով կանեմ
Այն ճամփորդներին
Որոնք քեզ կորցրեցին

15.
Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Բոլոր բառերս մատիտ են վերցրել
Բոլոր բառերս պոետ են դարձել

16.
Հիմա երբ հեռացել ես
Հենց այնպես եմ ընթերցում
Հենց այնպես եմ հագնվում
Հենց այնպես գնում եմ փողոց
Հենց այնպես վերադառնում եմ

17.
Հիմա երբ հեռացել ես
Դեռևս չգիտեմ
Արևածաղիկը մեծ պոե՞տ է
Թե մեծ մարդ

18.
Հիմա երբ հեռացել ես
Որքան անհանգիստ և մոլորված են
Այն բոլոր վշտերը
Որոնք կորցրել են քո բանաստեղծությունները

19.
Հիմա երբ հեռացել ես
Անձրև չի գալիս
Իսկ լուռ աթոռն
Ինձանից աչք չի կտրում

20.
Հիմա երբ հեռացել ես
Անիծում եմ աշխարհի բոլոր ներարկիչները
Այն բոլոր ներարկիչները որոնք քո արյունատար անոթներում
Իրենց հետքն են թողել

21.
Հիմա երբ հեռացել ես
Լավ պատրվակ է
«Անապատի լուռ գիշերը»*
Միայն թե այդ հեկեկոցի ձայնը ցածրացրեք
*
 Հատված Ղեյսար Ամինփուրի բանաստեղծությունից

22.
Հիմա երբ հեռացել ես
Այս օրերին տխուր եմ
Տխուր եմ որ
Անցել են այն օրերը

23.
Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Ախր ինչո՞ւ չես հեռացել
Այս ակնոցը
Այս հայացքը
Այս ժպիտը և
Դիմացի օդամղիչի քամուց շարժվող
Նույն մազերի պարը

24.
Հիմա երբ հեռացել ես
Այն մեծ պայուսակն
Այլևս չի խոսում
Մեծ իրադարձությունների մասին
Այն սև բռնիչով պայուսակը

25.
Հիմա երբ հեռացել ես
Նորից եմ զանգահարում
Հեռախոսահամարը նույնն է
Լսափողը վերցնում են
Ես լսափողը դնում եմ

26.
Հիմա երբ հեռացել ես
Վախենում եմ բոլոր դեղերից
Բոլոր անհամ ուտելիքներից
Բոլոր անգույն թեյերից
Հարբուխից
Հազից
Ներարկիչից

27.
Հիմա երբ հեռացել ես
Կրկին կարոտել եմ
Այն քարերին ու ստվերներին
Այն ձյունահյուսքերին որ
Ձեռքերիդ վրա էին

28.
Հիմա երբ հեռացել ես
Արմատներդ հանձնել են գետերին
Ասա այս անգամ ասա
Թե ծովերի և օվկիանոսների միջով
Ո՞ւր պիտի գնանք

29.
Հիմա երբ հեռացել ես
Օդամղիչը պտտեցնում եմ դեպի
Այն երրորդ նստարանը
Իսկ ճակատդ քրտնած է

30.
Հիմա երբ հեռացել ես
Անընդհատ ձեռքս դնում եմ ճակատիս
Անդադար քո անունն են կրկնում
Բոլոր 35-րդ փողոցները
35-րդ շենքերն ու 35-րդ այեները*
*Նկատի ունի ղուրանի այեները

31.
Հիմա երբ հեռացել ես
Այլևս քեզ չեն տանջում բարբարոսները
«Իրոք որքան շուտ է վրա հասնում այդ «ուշը»*
Հատված Ղեյսար Ամինփուրի բանաստեղծությունից

32.
Հիմա երբ հեռացել ես
Զարմանում եմ
Թե ինչո՞ւ կոշիկներդ չես հագել

33.
Հիմա երբ հեռացել ես
Պատուհանի համար միևնույնն է
Թե անձրև կտեղա
Անձրև կտեղա
Անձրև
Անձրև
Անձրև

34.
Հիմա երբ հեռացել ես
Նորից քեզ նամակ են գրում
Գնում եմ անտառ
Բայց նոր հասցեդ չգիտեմ

35.
Հիմա երբ հեռացել ես
Բանաստեղծություններիդ մանկությունն
Առանց իմ ու մեր մասին մտածելու
Օդապարիկն ավելի ու ավելի վեր է բարձրացնում
Մինչև…

36.
Հիմա երբ հեռացել ես
Բոլորը եկել են
Զարմանում եմ
Այդ որտեղացի՞ էիր
Որ մենք չիմացանք

37.
Հիմա երբ հեռացել ես
Քեզ նորից կընտրեն
Քեզ նորից կկանչեն
Նորից մեկ ուրիշը
Քո փոխարեն աստիճաններով կբարձրանա
Քեզ նորից կշահագործեն

38. Հիմա երբ հեռացել ես
Գոթվենդի երիցուկները հանգիստ են
Քեզ վայելում են ու քեզ հետ օդ բարձրանում
Երկրից մինչև երկինք
* քաղաք Իրանում

39. Հիմա երբ հեռացել ես
Վախենալով եմ համալսարան գնում
Ախր ինչպե՞ս հավատամ որ
Ամեն ինչ ավարտված է
Անգամ պաստառներդ

40. Հիմա երբ հեռացել ես
Անտեղի ինչ – որ ձայն է լսվում
Լեռների լացի ձայնը
Իլ* կանանց այտերից
Արյուն է ցայտում
Անտեղի
*Իրանի հյուսիսում ապրող քոչվոր ցեղ

41. Հիմա երբ հեռացել ես
Ռուդսարից* մինչև Գոթվենդ
Բոլոր բույսերը նույն բանն են ասում.
«Մի ծաղիկ եմ կորցրել»
*Քաղաք Իրանի հյուսիսում

42. Հիմա երբ հեռացել ես
Հավատա որ
Չեն ավարտվում սրտիս մրուրն ու
Լեռներն ու սև չադրայավորների կացարանները
Պարուրող գետերի կարկաչը

43. Հիմա երբ հեռացել ես
Առավոտյան սենյակի երկու այտերն էլ մթագնած են
Մթագնած չհեռացող գիշերվա խավարից

44. Հիմա երբ հեռացել ես
Եկել է բարձրահասակ պարտված և սիրահար
Գլուխը հենել է պատին
Եվ երանի խոսի իր հեռավոր հիշողություններից
Եվ երանի թե արտահայտվի

45. Հիմա երբ հեռացել ես
Հասցեդ չեմ հարցնում
Բանաստեղծություններիդ բույրը մեզ հետ է
Հենց որ Գոթվենդ հասնենք
Քո շիրիմը մեզ կդիմավորի

46. Հիմա երբ հեռացել ես
Հավատում եմ
Որ բոլոր ծաղիկներն էլ արևածաղիկ են
Սակայն հենց այսօր
Իմ աչքի առաջ արևը միայն քեզ էր փնտրում

47. Հիմա երբ հեռացել ես
Բոլորը եկել են
Բոլորը քեզանից ինչ – որ բաժին են պահանջում
Բոլոր նրանք
ովքեր հոգուդ գրքից անգամ մի տող չկարդացին

48. Հիմա երբ հեռացել ես
Ավելի եմ մոտենում այն ծառին
Որն իր արմատների հետ է խոսում
Եվ պատից այն կողմ է անցկացնում ճյուղերը
Որպեսզի իր պտուղները հրամցնի

49. Հիմա երբ հեռացել ես
Միայն ասա թե ո՞րերորդ ծառից
Պետք է քեզ հարցնեմ
Եվ ո՞րերորդ թռչնակին կուտ տամ
Որպեսզի միանգամից գամ ու նստեմ այն քարի վրա
Որը բազմել է քո կրծքին

50. Հիմա երբ հեռացել ես
Ամպն աստիճանից ներքև է իջնում
Եվ թափվում է այն առվակների մեջ
Որոնք աշնան կողմն են գնում

51. Հիմա երբ հեռացել ես
Քարավանի մոտ մի միայնակ մանչուկ կա
Նա էլ է նկարում
Նա էլ է բանաստեղծ
Նա էլ է ցանկանում սիրահարվել
Նրա ձեռքին էլ օդապարիկ կա

52. Հիմա երբ հեռացել ես
Հանգիստ եղիր
Ոչ մի նորություն չկա
Օրը նույն օրն է
Օրաթերթն էլ նույն օրաթերթը

53. Հիմա երբ հեռացել ես
Գլուխս դնում եմ բոլոր այն կակաչների ուսին
Որոնք այս տարի առանց քեզ են արտասվել
Ու առանց քեզ չեն ապրել

54. Հիմա երբ հեռացել ես
Մի զույգ թափառական աղավնի եկել
Կրկին նստել են պատուհանի գոգին
Կուտ են ուտում
Պատուհանը նույն պատուհանն է
Սակայն հատիկներից բանաստեղծության հոտ չի գալիս

55. Հիմա երբ հեռացել ես
Կրկին դպրոցից վերադառնում է
Ապշահար հայացքով սեղմում է դռան զանգի կոճակը
«Գուցե հայրիկը»…

56. Հիմա երբ հեռացել ես
Նա իր սենյակն է գնացել
Անտրամադիր և լուռ
Գլուխը դրել է բարձին և
Հայացքն առասատաղին հառած
Իր հորեղբայրներին է հաշվում

57. Հիմա երբ հեռացել ես
Նույն հեշտությամբ բերել են վերնաշապիկդ
Նույն հեշտությամբ անձնագիրդ են որոնում

58. Հիմա երբ հեռացել ես
Տխուր եմ
ՀաՖեզին եմ դիմում իսկ նա ասում է.
«Հեռացել է իմ սրտից սակայն սիրտս չի լքում»

59. Հիմա երբ հեռացել ես
Հենց այս խառնիճաղանջ մայրամուտին
Յաղուբի* համար մի նամակ կգրեմ
«Որդիդ վերադառնում է
Սակայն ոչ իր ոտքով»
*Ղուրանի համաձայն` մլորոված Հովսեփի հայրն է

60. Հիմա երբ հեռացել ես
Մի կին է եկել
Այսքան տարի հետո
Այսքան ժամանակ անց
Եվ ոչինչ չի խոսում
Միայն գրկելով կրծքին է սեղմում իր երկու տարեկան մանկիկին
Եվ չքանում հարավում

61. Հիմա երբ հեռացել ես
Այսօրվա դատարկ փողոցներում
Տերև է տեղում և անձրևն է թափառում

62. Հիմա երբ հեռացել ես
Միայն այս բառերն եմ հիշում.
«Դիալիզ գրասենյակ համալսարան և
հինգշաբթիներ որոնք քեզ մոռացել են»

63. Հիմա երբ հեռացել ես
Լավ պատրվակ է անձրևի համար
Որ գա ու նստի սեղանին՝ երրորդ անգամ լցնելով իր ափսեն

64. Հիմա երբ հեռացել ես
Սիավուշը* կրակի միջից անցել է
Եվ առիթ է« որ Ֆարանգիսը**
Մի բանաստեղծություն գրի
Այն պոետի համար որն իր հանճարը չի վաճառում
*Պարսկական առասպելի հերոս, որը ճշմարտության ապացուցման համար անցավ կրակի միջով:
**Պարսկական առասպելի հերոսուհի, որը զրպարտում էր Սիավուշին:

65. Հիմա երբ հեռացել ես
Այլևս լուր չկա այն սպիտակազգեստ կնոջից
Որը տարիներ շարունակ գալիս էր և
Ձեռքը դնում երազներիդ ճակատին
Եվ մինչև կոպերիդ բացվելը
Թաքնվում էր պատուհանին դրված մանուշակի հետևում

66. Հիմա երբ հեռացել ես
Բազմաթիվ պոետներ դեռ հերթ են կանգնած
«Որ բախտը ժպտա»
Գրում են միայն ինչ – որ բան ստանալու համար

67. Հիմա երբ հեռացել ես
Մի ծեր եղջերու է գալիս
Աղբյուրի մոտ
Հանգստանում է ու ջուր խմում
Առանց նիզակի մասին մտածելու
Դու էլ հենց սա էիր ցանկանում
Հենց սա

68.
Հիմա երբ հեռացել ես
Քո մասին են խոսում և
Քեզ են փնտրում
Հեծանվի հետևի նստատեղին դրված մի գլուխ
Փողոցի առվակների մեջ իջեցված մի ձեռք
Եվ կարի մեքենայի դիմաց նստած
Մի դալուկ և գունատ կին

69.
Հիմա երբ հեռացել ես
Աչքերս փակում և տեսնում եմ որ
Մնացել են առանց ինձ
Մարգարեների առեղծվածն ու քո խոսքերը
Երկուսն էլ նույն նյութից են
Երկուսն էլ նույն ոգուց են

70.
Հիմա երբ հեռացել ես
Համաձայն եմ
Մենք պարտված ենք
Սահմանները կմնան
Իսկ զինվորները կրկին կարտասվեն

71.
Հիմա երբ հեռացել ես
Չեմ կարծում որ կվերադառնա այն թռչնակը որը
Միայն քո ձեռքից էր հատիկ կտցում և
Սավառնում էր քո խոսքերում

72.
Հիմա երբ հեռացել ես
Շատ դժվար է սեր սերմանելը
Այն ժամանակ երբ աշխարհի երեսից
Դիմակները չեն վերանում
Իսկ ծառի փոխարեն ականներ են տնկվում

73.
Հիմա երբ հեռացել ես
Կրկին կգան
Կբերեն արկղեր
Իսկ պոետները դեռ այդ արկղերից գլուխ չեն հանում

74.
Հիմա երբ հեռացել ես
Ընդունում եմ որ
Մնացողների միայն մի մասն է պոետ
Իսկ շատերի համար դա ապրուստի միջոց է

75.
Հիմա երբ հեռացել ես
Ոմանք դեռ չգիտեն որ
Փողոցի առվակի միջից
Ձեռքը հանելու համար
Կռացած մարդը
Պատերազմի մասին գրող պոետ չէ

76.
Հիմա երբ հեռացել ես
Բանաստեղծություններդ պտտվում են ամբողջ աշխարհում
Հանգստանում են
Եվ երկրի վրայից հավաքում ականները

77.
Հիմա երբ հեռացել ես
Չի հավատում
Անհանգիստ և նեղված
Աճում է պատուհանի հետևում
«Հոսնե ՅուսեՖ»* ծաղիկը
*Սենյակային բույսի տեսակ

78.
Հիմա երբ հեռացել ես
Ինչ որ մեկը գալիս և շրջում է «Ֆեյզ»* այգում
Իսկ երբ հասնում է այն թթի ծառին
Կանգնում է
Բերանն այլևս չի քաղցրանում
* Թաղամաս Թեհրանում

79.
Հիմա երբ հեռացել ես
Լավ պատրվակ է
Կանչում եմ նրան
«Ով դու ամենակարող»
Ճնճղուկներին եմ կանչում

80.
Հիմա երբ հեռացել ես
Մարիամ ծաղկի մասին
Մի բանաստեղծություն կգրեմ
Մահվան մահվան
Մի բանաստեղծություն կգրեմ
Մի բանաստեղծություն կգրեմ
Սպասված ու չկայացած հանդիպման մասին

81.
Հիմա երբ հեռացել ես
Ընդունիր որ
Դու շատ վաղուց էիր հեռացել
Իսկ արևն ավելի ուշ հասավ
Տարբերությունն ընդամենը երկու ռաքյաթ* էր
*Նամազի չափաբաժին, տող
Ընդամենը երկու ռաքյաթ

82.
Հիմա երբ հեռացել ես
Արթնանում եմ և
Առանց մահվան մասին անհանգստանալու
Հագնում հագուստներս
Եվ իմ և այս տարվա մեռելների միջև
Որևէ տարբերություն չկա

83.
Հիմա երբ հեռացել ես
Եղեգը քեզ մի նամակ է գրել
Անտառից անտառ ընկած
Մեզ է որոնում
Քաղցր խոսքերով և շաքար շաղ տալով

84.
Հիմա երբ հեռացել ես
Կանչում եմ հարցնում
Արդյոք նրան չե՞ս տեսել…
Միայն մի կաթիլ արյուն է հայտնվում շրթունքի վրա

85.
Հիմա երբ հեռացել ես
Ընդունում եմ որ
Այն տարվա գարունքից մինչև
Այս տարվա աշուն
Լսվում է միայն բարության ձայնը

86.
Հիմա երբ հեռացել ես
Մի լույս կվառեմ
Անքնությունը կդառնա թշնամիս
Ուղիղ կկանգնեմ և
Ուղիղ կմտածեմ

87.
Հիմա երբ հեռացել ես
Ես էլ կհեռանամ
Կանցնեմ բոլոր «կարելի» և «չի կարելի» – ներից
Սակայն տեղ չեմ հասնի
Իսկ ազատությունն ընդամենը հեռվից ինձ ձեռքով կանի

88.
Հիմա երբ հեռացել ես
Հոգնած և լուռ
Գլուխը պտտվում է բարձի վրա
Սակայն վեր չի կենում
Միայն կոպերն է տրորում
Եվ մինչև արտասվելը
Կրկին քուն մտնում

89.
Հիմա երբ հեռացել ես
Ծեր նավաստիներն
Այլևս չեն նավարկում
Ափին նստած ալիքներն են հաշվում և
Հեռուներից աչք չեն կտրում

90.
Հիմա երբ հեռացել ես
Գարնան գալուն պես այգում
Ինչպե՞ս մանուշակներ տնկեմ
Սովորել են մշտապես
Բանաստեղծության տակ քնել և արթնանալ
Սովորել են

91.
Հիմա երբ հեռացել ես
Ոչ ոքից չեմ հարցնում
Քայլում եմ հենց այս գետակի հետքերով
Եվ լեռնաստորոտի ամենատխուր անջրպետին հասնելուն պես
Փակում եմ աչքերս
Մի թռչուն է ինձ կանչում

92.
Հիմա երբ հեռացել ես
Չի օգնում ոչ Դարինուշը*
Ոչ էլ՝ սպեղանին
Ինչպե՞ս ասեմ որ
Ռոստամը փռվել է գետնին
Իսկ Զոհրապի վերջույթները
Մարմնից անջատված են
*Պարսկական առասպելներում հեքիմի կերպար

93.
Հիմա երբ հեռացել ես
Եկ փորձենք ու կտեսնես որ
Վաղվանից մարդիկ կգան և
Իրենց երազները կպատմեն
Նրանց կամքին հակառակ
Դու կքայլես նրանց կողքով

94.
Հիմա երբ հեռացել ես
Թերթում եմ գրքերը
Խեղճ գայլեր
Խեղճ բվեր
Ոչինչ չի փոխվել
Պատմությունները միշտ էլ մենք ենք հորինում

95.
Հիմա երբ հեռացել ես
Քեզ կպատմեմ իմ և ծովի հոգու գաղտնիքը
Ափին անդադար մի անուն եմ գրում
Ծովն անդադար ալիքներ է ուղարկում և
Ինչ – որ մեկին տանում դեպի հեռուները

96.
Հիմա երբ հեռացել ես
Խոստանում եմ որ
Չեմ դառնա նրանց ընկերը«
Ովքեր բանաստեղծություններով իրենց համար
Վերելքի աստիճաններ են պատրաստում

97.
Հիմա երբ հեռացել ես
Կասեմ լավ դաս էր տղաս
Աթոռն ու բանաստեղծությունը միասին չեն լինում
Երանի թե առաջինը չընտրես տղաս

98.
Հիմա երբ հեռացել ես
Գլուխը մտցրել է փետուրների մեջ
Ոչ երգում է
Ոչ էլ սավառնում
Չէի հավատում որ
Թռչուններն էլ են ծերանում

99.
Հիմա երբ հեռացել ես
Սև ժապավենով են պարուրվել
Գունավոր հիշողություններս
Մեզ գտնելու համար
Ո՞րը վերցնեմ

100.
Հիմա երբ հեռացել ես
Կսպասեմ
Գուցե կգա այն օրը
Երբ աշխարհի բոլոր երեխաները
Ձեռք ձեռքի տված կերգեն
Առանց վախենալու այն ականից որ
Ոչ ոքի չի սիրում

101.
Հիմա երբ հեռացել ես
Ծովից չեմ վերադառնում
Կամ ձկները բանաստեղծ կդառնան
Կամ շնաձկները էլ սով չեն զգա

102.
Հիմա երբ հեռացել ես
Կգա
Ալիքներով և ձկներով
Գրկաբաց և տենչագին
Մեզ չի տեսնի և կվերադառնա
Ալիքներով և ձկներով
Տխուր և վշտահար

103.
Հիմա երբ հեռացել ես
Գրոշ անգամ չարժեն
Այն բոլոր խոսքերը որոնք
Բանաստեղծություններիդ բակում չեն խաղացել

104.
Հիմա երբ հեռացել ես
Ոչ բանալին մեզ կտեսնի
Ոչ էլ գիրքը ձեռքս կբռնի
Այս բոլոր առեղծվածների մեջ
Մի ծեր մանկիկ է անէանում

105
Հիմա երբ հեռացել ես
Ոչ մի ճամփա մեզ
Ինչ – որ տեղ չի տանում
Որոնում եմ հիշողություններիս մեջ
Սակայն բոլոր բանալիները կորցրել եմ

106.
Հիմա երբ հեռացել ես
Ձուկը ջանում է
Դեպի գետը վերադառնալ
Ձուկը ջանում է իսկ
Կարթը չի հոգնում

107.
Հիմա երբ հեռացել ես
Քաշում է վարագույրն ու
Միայնակ և անտրամադիր նստում անկյունում
Գլուխը դնում է ծնկներին և
Մտածում այն օրվա մասին որ
Չի գալու

108.
Հիմա երբ հեռացել ես
Ապշած եմ այս բոլոր սեղմակների վրա
Որ ոչ մի լույս չեն վառում
Եվ բոլոր այս բառերի որ
Ինձ չեն օգնում
Ձայնդ լսել

109.
Հիմա երբ հեռացել ես
Ես էլ կվերադառնամ
Դեպի այն հեռավոր օրերը
Դեպի մեր պատանեկության
Փոշոտ փողոցները
Դեպի այն ճմրթված նամակն ու բանաստեղծությունը

110.
Հիմա երբ հեռացել ես
Թող ասեմ որ
Քեզ ու թռչուններից մեկին…
Ոչ
Ձեզանից մեկն ավելի հաճախ է ինձ այցի գալիս

111.
Հիմա երբ հեռացել ես
Ինչո՞ւ այս աստղը չի ընկնում
Այն գիշերների ճակատին որ
Գալիս ու մնում են իմ ու լուսնի հետ
Այս հայտնի ու անհայտ գիշերները

112.
Հիմա երբ հեռացել ես
Այս սառնամանիքին
Գլուխս պարզած
Հայացքս հառում եմ դեպի հեռուները
Ամեն ինչ այնտեղ է և
Այնտեղից է գալիս ու փայլում աչքերիս մեջ
Եվ ուսերիցս վերցնում եմ վերմակը

113.
Հիմա երբ հեռացել ես
Ընդունում եմ որ
Բոլոր այս տարիներին
Բանաստեղծություններ չեն ծնվել
Բանաստեղծներն արտասվել են իսկ
Բանաստեղծությունները նահատակվել

114.
Հիմա երբ հեռացել ես
Հագնում է իր ծղոտե չարոխներն ու
Գնում դեպի վերև
Հասնում է աղբյուրի կանգառին
Աչքերն այս ու այն կողմ տանում
Ավելի վեր չի բարձրանում
Այստեղ մոտակայքում ինչ – որ մեկին է կորցրել

115.
Հիմա երբ հեռացել ես
Կրկին խոսում է սարի մասին
Եվ սար է բարձրանում
Բարձրանում և չի վերադառնում
Այսօր երեքշաբթի է

116.
Հիմա երբ հեռացել ես
Քո մասին մտքերը
Լուսնի խաղաղությունն ու
Ծովից պոկված բարձը բավական են
Հավերժական քնով քնելու համար

117.
Հիմա երբ հեռացել ես
Հենց այս ձյունոտ գիշերը
Բանաստեղծություն է տեղացել
Ես այն տեսնում եմ դռան տեսախցիկից
Տարակուսանքի մեջ եմ
Օ ոչ
Տանը չեմ

118.
Հիմա երբ հեռացել ես
Ասում են որ տետրերիդ արանքում
Այլևս ոչ մի չորացած թիթեռ ծաղիկ
Կամ ծաղկաթերթիկ չկա
Ասում են որ
Բոլոր տետրերիդ արանքում
Մի մանկիկ կա որը թիթեռների հետ
Դեպի լույսն է գնում

119.
Հիմա երբ հեռացել ես
Ոմանք կողքովդ են անցնում
Ոմանք կանգնում են նկարիդ մոտ
Քեզանից են հարցնում
Իսկ ոմանք էլ չեն վարանում
Եվ խոնարհվում են

120.
Հիմա երբ հեռացել ես
Վարժություն չի գրում և
Չի խրատվում
Այս կամակոր մանկիկը
Անխոս լռության մեջ
Գլուխը հանում է արմավենիների միջից և
Լուսնից ինչ – որ մեկի մասին է հարցնում
Այս չարաճճի մանկիկը

121.
Հիմա երբ հեռացել ես
Անտրամադիր և միայնակ
Գնում եմ դեպի անտառը
Կանգնում եմ Դավուդի* դամբարանի և Սենեգանի** ճամփաբաժանում
Լուսնի մի կտորն ընկնում է փեշիս
*Իսլամի առաքյալներից
** Փողոց Թեհրանում

122.
Հիմա երբ հեռացել ես
Նորից գնում եմ այնտեղ
Ընկույզի կեռասի և արմավի ծառերը
Տերևաթափ և անպտուղ ինձ են նայում
Այգու փողոցից լուռ
Հասնում եմ Շայիբի* դամբարանին
Ոչ ոք չկա
Արտասվում եմ
Կանգնում եմ
Վերդառնում եմ
*Իսլամի առաքյալներից

123.
Հիմա երբ հեռացել ես
Գլուխդ դիր ուսիս
Աչքերդ փակիր
Եվ եթե Քարունի ափին մի պոետ տեսնես
Որն իր պատանեկությունն է փնտրում
Ինձ արթնացրու

124.
Հիմա երբ հեռացել ես
Մենք ենք մնացել
Եվ բոլոր անավարտ խոսքերի հետ հանդերձ
Որևէ այլ ելք չի մնացել
Սիրելի Ղեյսար
Նորից բարև:

Ինձանից էլ պարզ մի բարև
Սիրո առաջին բարևը
Գյարուսի կորած բարևը
ԲԱՐԵՎ

Թարգմանությունը պարսկերենից` Աշխեն Մակարյանի

«Գրանիշ» ակումբը իր խորին շնորհակալություն է հայտնում Աշխեն Մակարյանին` տեքստը  տրամադրելու համար

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *