
Հայրս այստեղ է, մայրս այստեղ է, հայրենիքս Իրանն է,
Ախր ես ու՞ր գնամ, բացի այստեղից
Ամենուր ինձ համար զնդան է,
Սերն իմ այստեղ է, որդիս այստեղ է, զավակն է Քրդստանի[1],
Մեռած թե կենդանի՝ ծարավ շուրթերս
Հողն են տենչում Խուզեսթանի[2],
Ախր ես ու՞ր գնամ, որ գույնը Ռամեզանի
Ռաբբանայով[3] Շաջարիանի արբած լինի,
Կանչը լինի Մոազենզադեի[4] աղոթքին էֆթարի[5],
Ու կախարդանքը Թեհրանի խաղաղ գիշերների։
Խորամշահրիս Շաթի[6] զավակն եմ,
Ում ողջ աշխարհն Աբադանի չափ է,
Կարոտում եմ տունն իմ, արյունոտ սիրտն իմ
Կարմիրն է Հորմոզգանի[7] արևամուտի,
Ամենուր օտար եմ, ամպի նման աշնան
Ամեն տեղ անձրևում եմ,
Բայց հարազատ իմ հողում
Մնալ ու մեռնել ավելի եմ ուզում։
Ախր ես ու՞ր գնամ, որ գույնը Ռամեզանի
Ռաբբանայով Շաջարիանի արբած լինի,
Կանչը լինի Մոազենզադեի աղոթքին էֆթարի,
Ու կախարդանքը Թեհրանի խաղաղ գիշերների։
Չավոշին[8] արյունն է քո, մենավոր մարդկանցդ հետ եմ,
Հենվիր սրտին իմ, առ հավետ քեզ հետ եմ։ X2
Թարգմանությունը պարսկերենից՝ Աննա Արամյանի և Դիանա Սիսակյանի
[1] Իրանի արևմտյան օսթաններից է։ Մեծ վնաս է կրել Իրան-Իրաք պատերազմում։
[2] Իրանի օսթաններից է` երկրի հարավ-արևմուտքում, որը Քրդստանի նման նույնպես մեծ զոհեր է տվել Իրան-Իրաք պատերազմում։
[3] Ռաբբանան Մոհամմադ Ռեզա Շաջարիանի աղոթք-երգն է։ Այն երգում էին ամեն ռամազանին (արաբ․՝ رمضان)։ Այսպիսով, այս աղոթք-երգը դարձել էր ռամազանի խորհրդանիշը։ Ռաբբանա արաբերեն رَبَّنا-ից բառացի թարգմանաբար նշանակում է «Տեր մեր»։
[4] Ռահիմ Մոազենզադե Արդեբիլի պարս․՝ رحیم مؤذنزاده اردبیلی , հայտնի մոազեն էր, այսինքն՝ մզկիթից աղոթքի՝ «ազանի» (արաբ․՝ اذان) սկիզբը կանչով ազդարարողը։
[5] Արաբ․ ՝ إفطار , Ռամազանի օրը պահքի ավարտը նշանավորող երեկոյան ընթրիքն է։
[6] Գետ է, ավելի հայտնի Շատ-ալ-Արաբ անվամբ։ Այսպես է կոչվում Եփրատի և Տիգրիսի՝ մինչ Պարսից ծոցը թափվելը միախառնումից առաջացած հատվածը։ Խորամշահր օսթանի ծայր հարավ-արևմուտքում այն սահմանագիծ է Իրանի և Իրաքի միջև։ Խորամշահրը և Աբադանը Խուզեսթանի հարևան քաղաքներ են․ երկուսն էլ ծանրագույն վնաս են կրել Իրան-Իրաք պատերազմում։
[7] Հորմոզգանը Հորմոզի նեղուցին առափնյա օսթանն է Իրանի հարավում։
[8] Պարս․՝ چاوشی , շիա կրոնական ավանդական սգերգի տեսակ է, որը սովորաբար երգում են դեպի սրբավայր ճամփա ընկած ուխտավորներին հրաժեշտ տալու կամ նրանց այնտեղից դիմավորելու համար: Այս համատեքստում միաժամանակ հղում է հեղինակին՝ Մոհսեն Չավոշիին։ Չավոշի երգելու սովորույթը տարածված է դարձել սեֆյան և ղաջարական ժամանակաշրջանում։ Չավոշի երգելու ավանդույթը մեծ տարածում ունի ոչ միայն հարավային Բուշեհր օսթանում, այլ նաև Խուզեսթանում, Հորմոզգանում, Ֆարսի հարավում և Իրանի հյուսիսային նահանգներում, օրինակ՝ Մազանդարանում։
