Արսեն Ներսես | Մոլագարը ժպտաց մահվան դիմակներից

…եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ:
Ա. Կորնթացիս 13:2

1. Ոճրի մեջ հատուցման խաբկանք

Մոլագարը ժպտաց մահվան դիմակներից,
մահվան վճռի դիմաց քմծիծաղեց.
ես գնում եմ միանալու իմ աղջիկներին: [1]

Պատկեր ու նմանությունից աստվածային
մի ողորմելի մարդակերտ դժոխք,
հանճարեղ լույսի փոխարեն`
սարսափի խավար,
ոճրի մեջ` հաճույք,
ոճրից անդին` մի կույր վիրավորանք,[2]
ոճրի մեջ հատուցման խաբկանք:

Իսկ ինչ, թե նա հավատացել է,
որ անարգված ու սպանված կանայք ու աղջիկները
կյանքի մարմնական կապանքից անդին
պիտի պատկանեն իրեն`
իբրև նվաճված պարգև կամ հատուցում:

Ոճրից անդին` մի կույր վիրավորանք,
որ ինքնահաճ հավատի դիմակով
հատուցման խաբկանք է փնտրում:

Ոճրից անդին` մի խուլ արհամարհանք`
այն աշխարհին,
ուր կարելի-անկարելի հատուցումներ կան:

 

2. Իսկ ինչ, թե մենք հավատացել ենք

Սարսափելի է ամեն մի հավատք,
երբ եսը բանտն է հավատի:
Ճաղերի մեջ` հպատակված տենչեր,
որ ծանրանում են առանց սիրո:
Եվ հավատը նրանց դիմակներ է տալիս` որպես իրավունք:

Խաբեություն է հավատի հորինած ճշմարտությունը,
որ միայնակ է թողնում իրականության մեջ կատարված տենչերի:

Իսկ ինչ, թե մենք հավատացել ենք,
որ կրքերը վերջնակետն են գոյության,
ճանապարհը, որով քայլում են անցորդները,
միակ իրականությունն է մեր։

Ուրեմն զուր է ձգտումը.
ամեն ընթացք ձգտում է վախճանի՞,
և իմաստը դառնում է չնչին մի հատվա՞ծը ճանապարհի։

Վերջնակետը դիմակավորվումն է ամեն ընթացքի:
Եվ մոլագարն է ժպտում մահվան դիմակներից,
ում ճանաչում ենք հայելուց`
լքված երազների ոռնոցի մեջ`
նույն հայացքով թշվառ գիշերաշրջիկի:
Ինչ են ուզում նույն աչքերը,
երբ նայում են հայելուց
ու սարսափած մեր աչքերում
փայլում տիրաբար։

Ինքնաստեղծ մի դժողք մոլագար եսի,
և մարդկային սարսափը` կանգնած դեմ-դիմաց
կույր ճշմարտության սեփական դժոխքի,
ուր գոյությունը խաղարկվում է ըստ ընտրած հավատի`
մինչև իսկ հուսալով չգոյության:

 

3. Հավատն իմ

Հավատն իմ` մի կույր հիացում՝
սփոփանքի մեջ ապացույցների,
հավատն իմ, ուր չի տարբերվում
խավար պատրանքը հայելու ցոլքից։

Հավատ, որ չքնաղ դիմակն է մահվան,
որ հորինում է ինքն իրեն իմ մեջ:
Խաբված տենչերով ինքնահաճ հավատ,
որ հպատակ է ժամանակի մեջ:

4.Անկեալ բնության դիակի վրա

Անկեալ բնության դիակի վրա
դառն արցունքներ կան զղջման աղոթքի,
ամբոխի մեջ, որ խաչեցին Նրան,
ինքն իրեն տեսավ սուրբն անապատի։

Ձեռքերը` երկինք, սիրտը՝ հատակում,
և մեղքը խաղի պատրվակ է նոր:
Փառաբանություն, ծափ, երգեր (առ ո՞ւմ)._
աղոթք է անում մի զվարճամոլ:

 

5. Տիեզերքն իր խորքում ամփոփած մի կյանք

Տիեզերքն իր խորքում ամփոփած մի կյանք
ոչինչ է դառնում ժամանակի մեջ,
երջանկությունը քո պարզ գոյության
դատապարտված է մի ավարտի մեջ։

Խեղդած հավերժը մարմնի կապանքով`
մարմին է փնտրում գոյությունդ վեհ:
մահով հերքել ես դու եդեմը քո
և չգոյության դժոխքիդ տրվել։

 

6. Տերևը լքում է ծառին

Տերևը լքում է ծառին,
ծաղկաթերթն՝ իր ցողունը.
դու տրվում ես վայրկյաններին,
կորցնում հավերժությունը։

Եվ հևասպառ վազքից
փնտրում ծաղկի ժպիտը.
ստվերներ են քեզ ուղեկից
մնում մինչ ավարտը։

Շարժումի մեջ հանապազօր
գլխապտույտ կիրք է,
այն, ինչ թվաց քեզ անսովոր,
վաղը ոտքիդ տակ է։

Ինչ, որ կոչվեց չքնաղ,
ինչ, որ գեղեցիկ էր,_
ժամանակն ավախ
նրա պատանքն էր։

Գեղեցկությունն ավելին է,
որ հուշի մեջ փնտրես,
հուշերի մեջ միայն մահն է,
որ ժպտում է քեզ։

Շարժումի մեջ հանապազօր
մերձեցում կա մահին,
և գույները քո ամենօր
նույնը չեն տակավին։

Վազքերի մեջ քո հևասպառ
ստվերներ կան միայն,
և խաբել են քեզ նենգաբար
երգով գեղեցկության։

Վերջին թերթը ծաղկի
ձմռան շեմին սակայն
քո կորցրած կյանքի
երգն է իրական։

Տերևը լքում է ծառին,
ծաղկաթերթն՝ իր ցողունը.
դու տրվում ես վայրկյաններին,
կորցնում հավերժությունը։

 

7. Հիշողությունը

Անցյալը հեգնանքն է երջանկության,
և դիմակներ են հառնում մոխիրներից:

 

8.Գույներն ամեն, որ սիրում ենք ու լցնում մեր շուրջը

Գույներն ամեն, որ սիրում ենք ու լցնում մեր շուրջը,
դիմակներն են հանապազօրյա սևի,
որ մերթ ճերմակ է,_
քանզի նրանաք բոլորն էլ մահվան դիմակներ են,
որ մեր աչքերի առջև մեր կյանքն են խաղում:

Երգերը, որ բխում են գույների և ստվերների ներշնչանքից,
մահվան դիմակներ են,
հուշարարներ` մահվան թատրոնում:

Դերերը մոռացած դերասաններ,
որ մենանում են բեմի վրա.
մահվան դիմակները, որպես հուշարարներ,
շշնջում են բառեր` կարելի և անկարելի,
որպեսզի մահվան թատրոնը
չկորցնի կյանքի իր դիմակը:

 

9. Մահն է որոշում ժամանակն ու տարածությունը

Մահն է որոշում ժամանակն ու տարածությունը,
մահն է որոշում անցյալն ու ներկան,
մահն է միշտ աննյութ և անիրական թողնում ապագան:
Մահը հնազանդեցնում է գոյության բոլոր ձևերին
ընթացքին ինքնամոռաց`
որպես գերագույն նպատակը գոյի:

Վերջնակետն անկումն է գեղեցկության,
և պայքարի ավարտը սկիզբն է նոր վեպի:
Հուսահատ մի վեպ`
ամենօրյա ծիսական ողբերգությունից
դատապարտված սեղմված շուրթերի,
որ չեն համարձակվում խոսել երջանկության մասին:

Երջանկությունը` որպես մարտից հետո երազված կայան,
սպանում է կիրքը պայքարի
և ճերմակ սավաններ սփռում ամենուր:

Վերջնակետն անկումն է գեղեցկության,
վերջնակետն անկումն է երջանկության.
և պայքարի ավարտը սկիզբն է նոր վեպի:

Գեղեցկությունից` մի մերկ արդյունք,
որի հետ գոյությունը դատապարտված է համակեցության:
Ժամանակի մեջ և տարածության
իրականացած երազը վերափոխում է արդյունքի,
և երջանկությունն այլևս չի հմայում`
դարձած արդյունքը պայքարի:

Մահը հանում է իր դեմքից երջանկությունը,
և ժամացույցի ներկայությունն ամեն պայքարի արդյունք
դարձնում է ապագա մահ:

Մահն է որոշում ժամանակն ու տարածությունը,
մահն է որոշում անցյալն ու ներկան,
մահն է միշտ աննյութ և անիրական թողնում ապագան:

Երջանկությունը մահվան դիմակ է,
ձգտումը դեպի երջանկություն_
ձգտումն է դեպի մահ,

ուր չքնաղ վերջը դառնում է սկիզբը տաղտկության,
ուր ժամանակը մտրակում է մրցավազքից ուշացողին…

_Նայի՛ր մահվան աչքերի մեջ
ու հավատա ամբոխահաճ զառանցանքին,
քար ու հողի ստրկացած կռապաշտի,
երբ ավարտն արդեն նոր սկզբի համար
զոհաբերել է հերոսներին իր վերջին:

Վերջնակետն անկումն է գեղեցկության,
վերջնակետն անկումն է երջանկության.
ամեն սկիզբ մրցավազքն է նոր ավարտի:

 

10. Եվ սեր է մուրում հանադիսատեսը

Երջանկության վարագույրն է իջնում.
իրականացան երազները կարծես:
Բայց կեղծ են խաղում սերը բեմերում,
հիացումս սառն է այս խաղի պես:

Շեքսպիրյան ողբերգն անգիր ես անում,
քո բաժին թույնը փնտրում սիրո պես:
Թատրոնի բեմում սեր է խաղարկվում
և սեր է մուրում հանադիսատեսը:

Իմ Վիոլետտան [3] կարծր սրտերում
մերժված է փողոց նետված հարճի պես.
_Բայց բեմում որքան չքնաղ ես նայվում,
ինչպես է սիրում այս դահլիճը քեզ:

Կա հույսի մի բեմ դահլիճի սրտում,
ուր փոփոխվում է աշխարհն ու եսը:
Թատրոնի բեմում սեր է խաղարկվում
և սեր է մուրում հանադիսատեսը

 

11. Առանց հավերժության երջանկություն չկա

Սկզբից առաջ,
սկզբից հետո
երջանկությունը դիմակն է մահվան._
ժամանակի մեջ` ձեռակերտ արդյունք,
որ ձգտում է մահ
ու ձգտում ավարտ:

Երջանկությունը` ընթացքից առկախ,
երջանկությունը` ընթացքից անդին.

առանց հավերժության երջանկություն չկա…

Երջանկությունն ուրացումն է եսի` սիրո մեջ,
եսը վերափոխված Արքայությունն է երկնքի` սիրո մեջ,
երջանկությունն Արքայությունն է խոստացյալ` իմ մեջ,
որին չեն հավատում այնտեղ,
ուր խաչի դիմաց ամբոխը մահով ենթադրում է ավարտ:

Եվ խաչի վրա մեռնում է եսը`
սպանելով մահվանը,
և հարություն առնում որպես երջանկություն,

ուր չքնաղ վերջը չի՛ դառնում սկիզբը տաղտկության,
ուր ժամանակը չի՛ մտրակում մրցավազքից ուշացողին…

*******

Մոլագարը ժպտաց մահվան դիմակներից,
մահվան վճռի դիմած քմծիծաղեց…

Դոհա, Սիդնեյ
2017-2018

[1] Գենադի Միխասևիչ_ սերիական մարդասպան, մոլագար: Սպանել է 36 կանանց: Ի պատասխան մահվան դատավճռի, ասել է. «Ես գնում եմ միանալու իմ աղջիկներին»:

[2] Գենադի Միխասևիչն իր զոհերի մահով հատուցում էր փնտրում այն տառապանքի համար, որ դավաճանությամբ իր սիրեցյալը իրեն պատճառել էր:

[3] Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերաի հերոսուհին` կուրտիզանուհի Վիոլետան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *