Լուսինե Խառատյան | Մոսկվայի ժամանակով

Մոսկվայի ժամանակով 6:00

 

— Դետոչկա, իսկ դուք տոմսին նայե՞լ եք, վրան հստակ գրված է՝ Մ.Ժ.՝ Մոսկվայի ժամանակով,— ասաց պատուհանիկի հետևում թեյ խմող փափուկ ու ախորժաբեր տոմսավաճառ կինը՝ փամփլիկ ցուցամատը դնելով տոմսի ներքևի աննկատ նշման տակ:

Փափուկ ու ախորժաբեր: Ռուսաստանում պիտի ռուսերեն մտածվի: Երևի եթե իրենցից մեկն էդպես մտածեր, ժամերն էլ չէին խառնի, կամ գոնե տողատակերում կարդալու ու պադվոխ փնտրելու հմտությունը չէր բթանա, ու կտեսնեին այդ չարաբաստիկ «Մ.Ժ.»-ն:

Նովոսիբիրսկ- Տոմսկ գնացքի տոմսերը նախորդ օրն էին գնել: Առավոտյան 10-ի համար՝ մտածելով, որ ցերեկը 3-ին Տոմսկում կլինեն ու արդեն 4-ի համար պայմանավորվածություն ունեին: Մտքներով չէր էլ անցել, որ տոմսի վրա մեծ-մեծ, հաստ, կերած-խմած 10:00-ն Մոսկվայի մասին է ու հիմա, երբ Նովոսիբիրսկում առավոտյան 10-ն է, տոմսում ու տոմսի հետ նույն ժամային գոտում գտնվող քաղաքում դեռ ընդամենը առավոտյան 6-ն է, ու Տոմսկի գնացքը չորս ժամից նոր կլինի Նովոսիբիրսկում: Այսինքն՝ Նովոսիբիրսկում կլինի այն ժամանակ, երբ իրենք արդեն պիտի Տոմսկում լինեին:

Ֆիզիկների քաղաքում ժամանակը ֆիզիկայի օրենքներին դեմ է աշխատում: Մի ֆիզիկ ընկեր ուներ՝ Աշոտը: Ուսանող տարիներին մի օր քննարկում էին կազմակերպել ժամանակի թեմայով: Յուրաքանչյուրն իր գիտակարգի դիրքից ներկայացնում էր, թե ինչ է ժամանակը: Ու Աշոտն ասաց, որ ֆիզիկայում ժամանակն այն է, ինչ այդ պահին ցույց են տալիս ժամացույցի սլաքները: Հիմա ժամացույցի սլաքները Նովոսիբիրսկի գնացքի կայարանում ցույց էին տալիս 10:00: Սակայն պարզվում է, որ դեռ ընդամենը 6-ն է:

— Բայց ինչպե՞ս, մարդ ո՞նց իմանա, որ Նովոսիբիրսկից շարժվող գնացքի տոմսի վրա նշված ժամը Նովոսիբիրսկի ժամը չի:

— Դուք ի՞նչ է, կյանքում առաջին անգամ ե՞ք ճամփորդում: Ռուսաստանում բոլոր գնացքները Մոսկվայի ժամանակով են աշխատում,— ասաց կինը՝ թեյը ֆռթացնելով, ու Արմինեի քթին փակեց պատուհանիկը:

Արմինեն դեռ ուշքի չէր գալիս: Ոչ մի կերպ գլխում չէր տեղավորվում, որ 11 ժամային գոտի ունեցող երկրում, Վլադիվոստոկից-Վլադիկավկազ սլացող բոլոր գնացքները նույն ժամային գոտում են լռված: Իսկ եթե գնացքը հատում է, օրինակ, ռուս-չինական սահմանը, շարունակու՞մ է Մոսկվայում լինել:  Ասենք, Վլադիվոստոկում գիշեր է, իսկ Վլադիվոստոկի կայարանում կանգնած գնացքում՝ ցերեկ: Ֆանտաստիկա: Կրկին թակեց տոմսավաճառի պատուհանիկը:

— Իսկ ինչո՞ւ,— այնուամենայնիվ տվեց այդ պարզ հարցը:

— Այդպես կառավարելը հեշտ է,— մրթմրթաց պատուհանիկը նորից փակող կինը:

Դե հա: Հիմար հարց: «Խոսում է Մոսկվան: Մոսկվայի ժամանակով ժամը 6-ն է»: Մանկության ֆիլմերից ասում էր Լեվիտանի ձայնը: Ու ոչինչ մարդու համար: Ամենը՝ հարմարեցրած կենտրոնին: Այդպես կառավարելը հեշտ է… Միևնույն է, անընկալելի էր: Հոնքերի արանքից մտնում և ուղեղը մեջտեղից երկու կես էր անում աշխարհի ամենաերկար երկաթգիծը՝ տայգայի միջով սլանում, սուլում, կոխրճում իր կառուցման համար պառկած հազարավորների ոսկորները: Երկաթե մարդ, երկաթե գիծ, երկաթե ժամանակ: Գնում էր երկար, ինչ-որ կետերում երկատվում, հետո միանում ու էդպես անվերջ: Երկար, երկատված ու երկատող երկաթ: Անբեկանելի: Գլխում էլի էս իրար նման, բայց իրար հետ ոչ մի ազգակցական կապ չունեցող բառերն էին շարվում: Ինչպես միշտ, երբ պետք էր ժամանակը լցնել: Վախենում էր դատարկությունից: Ու հեչ էլ կարևոր չէր՝ ինչով էր լցնում:

— Արմին, ի՞նչ ես քարացել, ինչ-որ բան իմացա՞ր:

Կարինեն էր:

— Հա: Ասում են գնացքը չորս ժամից նոր կլինի:

— Ո՞նց:

— Տենց: Պարզվում ա տոմսի վրա գրած ժամը Մոսկվայի ժամանակով ա:

Կարինեն չէր հավատում: Արմինեի ձեռքից վերցրեց տոմսերն ու նայեց ժամին:

— Բայց մեզ 3-ին են սպասում, — ասաց:
— Հա, գիտեմ: Էսա կզանգենք, որ զգուշացնենք:

— Բա էս չորս ժամն ի՞նչ անենք: Հյուրանոցի սենյակն իզուր էլ հանձնեցինք:

— Ըհը: Քաղաք էլ գնալու հավես չկա: Արի զանգենք, հետո ստեղ նստենք սպասենք: Կարող ա սրճարան-բան լինի:

— Լավ,- համաձայնեց Կարինեն:

 

Մոսկվայի ժամանակով 6:30-9:00

 

— Ալյո, — խոսափողում ճղճղան ձայն էր:

— Բարև Ձեզ, — ասաց Արմինեն, — Ձեզ հետ Արմինեն է խոսում: Մենք այսօր ժամը 3-ին պիտի հանդիպեինք, բայց ցավոք, պարզվում է, որ մեր գնացքը ժամը 6-ին նոր կհասնի Տոմսկ: Կարո՞ղ ենք հանդիպել երեկոյան:

Խոսափողի մյուս կողմում մի պահ լռություն էր: Հետո ճղճղան ձայնն ասաց.

— Այո, իհարկե: Իսկ դուք որքա՞ն եք Տոմսկում մնալու:

— Մի գիշեր,­— ասաց Արմինեն, — վաղը գիշերով Նովոսիբիրսկից Երևան ենք թռնելու:

— Այդ դեպքում ես ձեզ կայարանում կդիմավորեմ, — փոքր-ինչ տատանվելուց հետո ասաց ճղճղան ձայնը:

Արմինեն միջահասակ էր, որոշ գոգավորություններով, ժպտալիս փոս ընկնող այտերով և միլիրովկայի միջոցով թաքցրած սպիտակող մազերով: Հագին՝ մոխրագույն ջինս, սպիտակ շապիկ և բաց մոխրագույն բաճկոնակ: Կարինեն բարձրահասակ էր, նիհար, ոսկրոտ և կտրուկ մարմնակազմությամբ: Սև աչք-ունքով ու մուգ սև ներկած մազերով: Վիրահատած արծվաքթով:  Հագին՝ սև ջինս, սպիտակ շապիկ և սև բաճկոնակ: Խռպոտ ձայն ուներ: Հեռախոսազանգից հետո որոշեցին ուսումնասիրել կայարանը:

Պիտի ժամանակ սպանեին: Կամ ինչ-որ բանով լցնեին այն: Նույն բանին կարելի է ասել «ժամանակ սպանել» կամ «լցնել ժամանակը», և բոլորովին այլ բան կստացվի: Մտածում էր Արմինեն: Անցան հուշանվերների վաճառքի կետերով, գնեցին փայտե զարդանախշերով գդալներ, պատից կախելու տախտակներ, մատրյոշկաներ: Հետո որոշեցին սրճել, սակայն սուրճի փոխարեն թեյեցին կաթնաշոռի միջուկով նրբաբլիթներով: Հետո այնքան թափառեցին, մինչև բացահայտեցին, որ կայարանում կինոդահլիճ կա, որտեղ հին սովետական սևուսպիտակ ֆիլմեր են ցուցադրում: Ինչպես հայտարարում էին՝ հին բարի կինո: Որոշեցին կինոյով լցնել ժամանակը: Հասան «Ուրախ տղաների» վերջին կադրերին: Հետո «Մեկ տարվա ինն օր»-ն էր, որը, փաստորեն, ո՛չ Արմինեն, ո՛չ էլ Կարինեն չէին տեսել: Դահլիճը դատարկ էր՝ իրենցից բացի ևս երկու հոգի:

Գլխավոր դերերում Բատալովն ու Սմոկտունովսկին են: Գլխավոր հերոսուհու՝ Լյոլյայի դերասանուհին անծանոթ է: Սկսվում է վերևից նկարած անտառի կադրով, որի ֆոնին հեղինակի ձայնը հայտնում է, որ ընտրել են մեկ տարվա ինը օր՝ պատմությունը պատմելու համար, ու որ դեպքերը տեղի են ունենում 1-2 փողոցով գիտավանում: Առաջին օրը վաղ գարնանն է: Խորհրդային գաղտնի գիտական-փորձարարական քաղաքներից մեկում մահանում է մի միջուկային ֆիզիկոս՝ շատ ուրախ, երջանիկ, որովհետև իր կարծիքով կյանքի գործն ավարտին է հասցրել, իր գիտափորձը հաջողությամբ է պսակվել, ու հեչ էական չի, որ ինքը ստացել է ճառագայթման մահացու դոզա: Մահանալիս էլ իր գործի շարունակությունը հանձնարարում է աշակերտին՝ Գուսևին, ու մահվան մասին ասում, թե այն տարօրինակ է՝ չի լսվում, չի երևում, հոտ չունի, ու ինքն իր ոտքով-ձեռքով է գնում այս կյանքից: Համ աշակերտին պատվիրում է գործը շարունակել, համ էլ ձեռքը թափ տալով ասում՝ «գրողի ծոցն ուղարկի ամենը, ձուկ որսա, ամուսնացիր գեղեցիկ կնոջ հետ, թե չէ ուշ կլինի»: Իսկ Մոսկվայում թռիչքի են սպասում Իլյան (Սմոկտունովսկի) ու Լյոլյան՝ Գուսևի (Բատալով) ընկերները: Երեք ֆիզիկոսների սիրային եռանկյունի է: Իլյան ու Գուսևն ընկերներ են, երկուսն էլ սիրահարված Լյոլյային: Ու հիմա Լյոլյան որոշել է ամուսնանալ Իլյայի հետ, որը Մոսկվայում է: Իսկ Գուսևն իր փակ գիտավանից տարին մեկ հազիվ է Մոսկվա գալիս, որտեղ հանդիպում է Լյոլյային՝ հյուրանոցային համարներում: Լյոլյան նամակով է որոշել ամուսնության մասին հայտնել Գուսևին: Նրանք քայլում են վաղ գարնան մոսկովյան ցրտում, օդանավակայանի դռներից դուրս: Թռչող ինքնաթիռների ձայնին Իլյան արձագանքում է, թե՝ ավիացիան միշտ ասոցացվում է պատերազմի հետ: Ու հետո ասում, որ «5-6 մարդ է որոշում՝ ես ապրեմ, թե՞ ոչ, վաղը կարող եմ ընթրել, թե՞՝ ոչ: Հեղուկը կարելի է եռացնել, մինչև ամենաբարձր ջերմաստիճան, սակայն դա չի կարելի անվերջ անել, քանի որ վաղ թե ուշ պայթյուն կլինի, իսկ մեր մոլորակի ջերմաստիճանն արդեն շատ բարձր է»: Լյոլյան ցածրաձայն բողոքում է՝ ինչո՞ւ ես շարունակ փորձում ինձ վախեցնել: Եվ Իլյան հայտարարում է, որ ատավիզմ է, մնացել է Քարի դարից, երբ տղամարդը պետք է սարսափ ներշնչեր: Ինքնաթիռը թռչում է Նովոսիբիրսկ: Երկրորդ օրը երկու ամիս անց է, երբ Գուսևին դուրս են գրում հիվանդանոցից, քանի որ ինքն էլ է ճառագայթման որոշակի դոզա ստացել: Իհարկե, նաև զգուշացնում են, որ ևս մեկ անգամը նրան ուղիղ այն աշխարհ կուղարկի: Լյոլյան և Իլյան ծաղիկներով սպասում են հիվանդանոցի ֆոյեում: Ծաղիկներն աղբաման են նետում: Վիճում են, թե ո՞վ է Գուսևին հայտնելու իրենց նորությունը: Գուսևն ինքնաթիռի տոմսն արդեն գնել է՝ առավոտյան 5-ի համար: Գնում են ռեստորան՝ Արագվի: Մոտ 40 րոպե նրանց չի մոտենում մատուցողը, մինչև Գուսևը վերջինիս շեֆին չի տեղեկացնում, որ Իլյան համաշխարհային մակարդակի գիտնական է, ֆիզիկ-տեսաբան, ու որ նա անգամ Թանջիրում է եղել: Սեղանին շատ արագ հայտնվում է ուտելիք և խմիչք: Դու ինձ հիշե՞լ ես՝ հարցնում է Լյոլյան: Իսկ դա կարևո՞ր է՝ հարցնում է Գուսևը: Նստած նայում եմ, օտար ես՝ ասում է Լյոլյան: Պետք է ավարտեմ այն, ինչ սկսել եմ՝ ասում է Գուսևը: Ու՞մ է պետք՝ հարցնում է  Իլյան: Մարդկությանը՝ ասում է Գուսևը: Մարդկությունն արդեն կարող է աշխարհը վերացնել մեկ րոպեում՝ ասում է Իլյան: Գուսևը, թե՝ էներգիան ամեն ինչ է. լույս, ջերմություն, տրանսպորտ, լիություն, վերջապես՝ կոմունիզմ: Ի՜նչ խելոք են երկուսն էլ, սիրտ է խառնում՝ մտածում է Լյոլյան: Պետք է շատ բարեհաջող մարդ լինես, որ քեզ աշխարհին այդպես մռայլ նայելու ճոխություն թույլ տաս՝ ասում է Գուսևն Իլյային: Միջքաղաքային հեռխոսազանգերի կենտրոնում, որտեղ ամեն մեկն իր խցիկում փակված ռուսերեն ու ԽՍՀՄ տարբեր լեզուներով խոսափողի մյուս կողմում գտնվողի ու սրահում սպասող բոլոր մյուսների հետ բարձրաձայն կիսվում է կյանքի, մահվան, սիրո մանրամասներով, նստած են Լյոլյան ու Գուսևը: Լյոլյան Գուսևին, ապա և Իլյային հայտնում է, որ ամուսնանում է Գուսևի հետ ու մեկնում: «Ընկեր Հովհաննիսյան, ձեզ կանչում է Բաքուն, անցեք երրորդ խցիկ»՝ հայտնում է հեռախոսավարուհու ձայնը: Երրորդ օրը հարսանիքն է: Գիտնականների սիբիրյան ավանում երգում են վրացերեն, քննարկում ֆիզիկան ու տիեզերքի նվաճումները, շնորհավորում նորապսակներին: Լյոլյան ու Գուսևը պարում են: Չորրորդ օրը ձմեռ է, ու պատերազմն է գիտությունն առաջ տանում: Այդ օրն արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Մոլորված Լյոլյան չգիտի՝ ինչու է ամուսնացել: Արթնացում գրեթե դատարկ բնակարանում: Ձվածե՞ղ, թե՞ նրբերշիկ երկընտրանք: Ամեն առավոտ: Անգամ հնդկաձավար պատրաստել չգիտի: Գուսևը կողքին է, բայց Բատալովի մարմնավորումն այնքան լավն է, որ հստակ է նրա բացակայությունը: Սակավախոս է: Շարունակվող փորձերը ցանկալի արդյունքներ չեն գրանցում, ու գնալով նա ավելի լռակյաց է դառնում: Զուգահեռ Լյոլյայի գիտակցության հոսքն է՝ իր ընտրության մասին, սեփական անկարողության մասին, այն մասին, որ ինքը ոչ մի բանի պիտանի չի՝ ո՛չ որպես կին, ո՛չ որպես գիտնական: Խալաթով առավոտներին հաջորդում են ինստիտուտի աշխատանքային առօրյայի կադրերը: Հինգերորդ օրը գարուն է:  Առավոտ, չստացված հնդկաձավարի շիլա, խալաթ, որը Լյոլյան մի շաբաթ է հագնում է, բայց որը Գուսևը նկատում է միայն այն բանից հետո, երբ նկատում է Լյոլյայի անդունդը: Գուսևն առանց Լյոլյայի է դուրս գալիս՝ ուշանում է, փորձն իրեն է սպասում: Ինչ հիմարն եմ՝ մտածում է Լյոլյան: Դուռը թակում են, Լյոլյան վարանում է, աչքերում՝ փոքրիկ ուրախություն Գուսևի վերադարձի ակնկալիքով, ուղղում է հագի խալաթը՝ թող մի քիչ սպասի: Բացում է դուռը, ինքը՝ թաքնվում հետևում: Իլյան է: Գուսևն է Մոսկվայից կանչել: Փորձը փակուղի է մտել, և տեսաբան ընկերոջ կարիքն ունի: Լյոլյան փոխվում է կողքի սենյակում, իսկ զուգահեռ գիտակցության հոսքն է Իլյայի մասին՝ կուշտ է, ինքնագոհ, վրայից վարսավիրի հոտ է գալիս: Ինստիտուտում փորձն ինչ-որ արդյունքներ է գրանցում, տատանում կա: Բոլորը վազում են տեսնելու: Ու միայն Իլյան գիտի, որ Գուսևը կրկին ճառագայթման է ենթարկվել: Վեցերորդ օրը  սկսվում է երեկոյան:  Գիտավանում պարում են, Գուսևն ու Իլյան՝ զբոսնում: Իլյան թեթևության կոչեր է անում: Հետո ինտելեկտուալ խոսակցություններ են: Գուսևն ասում է, որ Իլյան այդպես ազատ չէր խոսի դեռ մի քանի տարի առաջ: Իլյան էլ թե՝ իհարկե չէր խոսի: Հարցնում է Գուսևին՝ ի՞նչ ես կարծում, ես լա՞վ մարդ եմ: Գուսևը՝ Կոմունիզմը պետք է բարի մարդիկ կառուցեն: Յոթերորդ օրը Գուսևն ու Լյոլյան Գուսևի ծննդավայր-գյուղում են, հայրական տանը: Գիշերով հայրը որդուն հարցնում է՝ արդյո՞ք արժի կյանքը տալ հանուն գիտության: Մի օր մարդիկ մեզ շնորհակալություն կասեն, և հետո՝ միտքը չի կարելի կանգնեցնել՝ ասում է Գուսևը: Ութերորդ օրը կրկին աշուն է: Սև-սպիտակ կադրում օրորվում ու սվսվում են ծառերը՝ առանձնատներից բարձր: Գործն առաջ չի գնում, դոփում են տեղում: Իլյան եկել էր մի քանի օրով, բայց արդեն ամիսներ շարունակ Գուսևի կողքին է: Իններորդ օրը Գուսևը ճառագայթման ենթարկած շների վրա փորձեր իրականացնող բժշկին խնդրում է իրեն վիրահատել, ոսկրածուծի փոխպատվաստում անել: Մոսկվայում է, հիվանդանոցում: Դոնորի անունն էլ է Միտյա, ինչպես Գուսևինը: Նա էլ է գիտնական, զբաղվում է հենց ոսկրածուծի փոխպատվաստման ուսումնասիրությամբ: Հիմա կամավոր դոնոր է՝ հանուն իր գիտության: Իլյան ու Լյոլյան սպասում են ֆոյեում: Գուսևից գրություն են ստանում՝ խնդրում է իր համար շալվար ճարեն, որ գնան Արագվի ռեստորան:

Մոսկվայի ժամանակով 9:00-10:00

 — Էսպիսի ֆիլմեր էլ չեն նկարում, — ասաց Արմինեն։

— Էդպես ա ստեղծվել սովետական ֆիզիկան, — ասաց Կարինեն:

— Իսկ ինձ թվում ա՝ Էդպես ա ստեղծվել սովետական գիտության մասին պատումը,— ասաց Արմինեն,— վաթսունականներին: Սիրում եմ վաթսունականների կինոն, ու ոչ միայն սովետականը:

— Ֆիզիկայի, թե՞ հերոսության: Էդպես հերոսների էին դաստիարակում: Գուցե՝ գիտությա՞ն:

— Չգիտեմ, կնո՞ջ արածն էր հերոսություն, թե՞ տղամարդու:

—Ընկերոջ:

—Իսկական վաթսունականների ֆիլմ ա: Երբ կարելի էր թեթև քննադատել, փոքր-ինչ այլ լեզվով խոսել: Բայց նաև գովերգել գիտությունը: Ուժի դիրքից: Էդ թվերին Սովետն իրեն համաշխարհային խաղաղության պահապան հրեշտակ էր համարում:

— Համարու՞մ, թե՞ դիրքավորու՞մ… Նաև մի տեսակ ժամանակ ա ստեղծում: Նկատի ունեմ՝ ֆիլմն ինքն ա իր ժամանակը ստեղծում: Չի պատմում, այլ ստեղծում ա: Ու տրամադրություն:

— Սիրո մասին ա:

— Գիտության հանդեպ:

— Հա՞ որ: Երևի ավելի շուտ նվիրումի:

— Թե՞ հետաքրքրասիրության:

— Սեփական էգոյի:

— Իսկ ես ուզում եմ հավատալ, որ սիրո:

Կարինեն մի պահ վարանեց ապա ասաց.

— Ես էլ, թե չէ մեր Տոմսկ գնալը լրիվ անիմաստ ա:

Ապա մտածեց, որ իրենց՝ Տոմսկ գալու պատմությունն էլ չէր լինի, եթե չլինեին Երկրորդ համաշխարհայինը, հիսունականները և դրանց հաջորդած վաթսունականները: Ինչպես չէր լինի ֆիլմի Իլյան:

— Նույն վաթսունականներին են նկարել ֆրանսիական «Ջիմն ու Ջուլը»: Էլի սիրային եռանկյունի: Ու հիշում եմ, որ թողած տրամադրությունը նույնն էր, — ճռվողում էր Արմինեն:

— «Բարև, ես եմ»-ն էլ է էդ թվերից: Ֆիզիկա, պատերազմ, սեր, հիշողություն: Իսկ սիրային եռանկյունին այլևս ակտուալ չի, — նկատեց Կարինեն:

—Հա՞ որ:

                Դուրս եկան կայարանից՝ ծխելու: Կրակայրիչ չունեին և խնդրեցին մուտքի մոտ ծխող բարձրահասակ երիտասարդից: Նա զգուշորեն կպցրեց աղջիկների սիգարետները: Զրույցի բռնվեցին: Երիտասարդի անունն Իվան էր, ինքն էլ էր Տոմսկ գնում: Զարմացավ Արմինեի հարցից, թե ինչու են Ռուսաստանում բոլոր գնացքները Մոսկվայի ժամանակով աշխատում:

— Դե, միշտ այդպես է եղել: Այդպես երևի հեշտ է համակարգը կառավարելը, թե չէ պատկերացնո՞ւմ եք, եթե ամեն տեղ իր ժամանակով լիներ, ի՜նչ խառնաշփոթ կառաջանար, —ասաց:

— Բայց չէ՞ որ ինքնաթիռներն, օրինակ, այդպես չեն կառավարվում, երբ ինքնաթիռի տոմս ես գնում, վրան գրված է այն վայրի ժամը, որտեղից թռչելու ես, իսկ ժամանելու վայրի ժամն էլ ժամանելու տեղում է գրված: Անգամ Ռուսաստանում:

Երիտասարդը թոթվեց ուսերը:

—Իսկ դուք որտեղի՞ց եք, — հարցրեց:

— Հայաստանից, — ասաց Արմինեն:
— Հենց Երևանի՞ց, — հարցրեց:

—Այո:

— Դե Հայաստանն այնքան փոքր է, հեշտ է ժամանակը կառավարելը,— ասաց Իվանը, ապա հարցրեց, — իսկ այստեղ գործո՞վ եք:

— Կարինեն հորեղբորս աղջիկն է:  Ֆիզիկ է, Նովոսիբիրսկում կոնֆերանսի էր: Ես էլ առիթից օգտվեցի հետը եկա, որ ավելի էժան նստի:
— Ի՞նչը ավելի էժան նստի:

— Վաղուց էինք միասին պլանավորում Տոմսկ գնալ: Քանի որ ինքը կոնֆերանսի է, իր ճանապարհածախսն ու հյուրանոցը վճարում են հրավիրողները, այսինքն` մենք երկուսի փոխարեն ինքնաթիռի մեկ տոմս ենք գնում: Հետո էլ հյուրանոցում նույն սենյակում ենք մնում, ու ես չեմ վճարում:

— Բայց եթե ուզում էիք Տոմսկ գնալ, ինչո՞ւ եք եկել Նովոսիբիրսկ:

— Երևան-Տոմսկ ուղիղ թռիչք միևնույն է չկա, Իսկ Նովոսիբիրսկ կա: Հետո՝ ավելի էժան է գնացքով Նովոսիբիրսկից Տոմսկ գնալ, քան ինքնաթիռի երկու տոմս գնել,— ասաց Արմինեն, ապա հարցրեց, — իսկ ինչո՞ւ եք երկաթգծի կառավարումը ժամանակը կառավարելու հետ կապում:

— Միտքս երևի սխալ ձևակերպեցի: Ուզում էի ասել՝ ձեր երկրում ամեն բան նույն ժամային գոտում է տեղի ունենում, հեշտ է:

— Այնուամենայնիվ սերը ֆիզիկան էր, —սիգարետը հանգցնելով ասաց Կարինեն, — ավելի շուտ՝ ինքը ֆիզիկայում:

— Երևի վայրից է, — ասաց երիտասարդը:

— Ի՞նչը, —  հարցրեցին Կարինեն ու Արմինեն միաբերան:

— Ֆիզիկների ու լիրիկների թեման, — ասաց երիտասարդը ժպտալով, — դեռ չեմ տեսել մեկին, որ գա Նովոսիբիրսկ ու էդ թեմային ինչ-որ կերպ չանդրադառնա:

— Չէ՛, ֆիլմից է, — ասաց Կարինեն:

Իվանը հարցական բարձրացրեց հոնքերը:

— Նոր ֆիլմ էինք դիտում, «Մեկ տարվա իննը օր»-ը, — ասաց Կարինեն:

— Հա՜: Լավ ֆիլմ է: Կարծեմ Ռոմի վերջին ֆիլմն է: Ասում են, որ իրական իրադարձությունների վրա է հիմնված:

— Գուցե, ամենայն հավանականությամբ, — ասաց Կարինեն, — չնայած չեմ կարծում, որ գիտակցաբար իրենց ճառագայթման ենթարկեին գիտնականները:

— Ինձ համար չափազանց պաթետիկ է: Ցույց է տալիս, ինչպես են իբր խաղաղ միջուկային թեմատիկայով նվիրված աշխատում: Բայց հո՞ գիտենք, որ էդ թեմատիկան հեչ էլ խաղաղ չէր, — ասաց Իվանը, — իհարկե, ես այն շատ վաղուց եմ նայել:

—  Իսկ ինձ համար սիրո մասին էր, ու կյանքի փխրունության— ասաց Արմինեն՝ սիգարետը հանգցնելով, — գիտությունը ֆոնն է, ժամանակը:  Մեկուսացման, ինքդ քո խնդրի հետ մենակ դեմ-հանդիման լինելու, էքզիստենցիալ ճգնաժամի մասին ֆիլմ է: Նույն թվերին նկարված Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմի նման: Իմաստի փնտրտուքի, չհավատալու, ինքն իրեն համոզելու մասին է: Բազմաշերտ: Ու երկխոսությունները պարզապես հրաշալի են: Այսօր էլ չկան նման երկխոսություններ: Ու ոչ միայն ֆիլմերում:

                Արմինեն էնպես էր ընկղմվել ինքն իր տեքստի մեջ, որ չէր նկատել Իվանի՝ իրեն ուղղված շփոթված հայացքը:

—Արդեն տաս րոպե է մնացել մեր գնացքին, պետք է շտապենք, — նրանց երկուսին կայարան վերադարձրեց Կարինեն:

Մոսկվայի ժամանակով 10:00-12:00

 Գնացքում շատ էին դատարկ նստատեղերը: Կարինեն ու Արմինեն նստեցին կողք-կողքի, Արմինեն՝ լուսամուտի մոտ: Փափուկ, արհեստական կաշվով երեսպատված նստատեղեր էին՝ անդուր շագանակագույն: Գույնը շատ ներդաշնակ էր մուտքի մոտ կանգնած զուգարանի հոտի հետ: Հենց այդ պատճառով աղջիկները մուտքից հնարավորինս հեռու տեղավորվեցին: Գնացքը շարժվեց: Պատուհանից դուրս հեռանում էր Նովոսիբիրսկը: Այնուհետև գորշ տեսարաններ էին, չնայած դեռ գրեթե ամառ էր՝ սեպտեմբերի սկիզբ:

Ընդամենը տաս րոպե կլիներ, ինչ շարժման մեջ էին, երբ գնացքի ցնցումների հետ տատանվելով՝ աղջիկներին մոտեցավ Իվանը: Կարինեն պլանշետից բարձրացրեց գլուխը ու միայն հիմա նկատեց, որ Իվանը ոչ միայն բարձրահասակ է, այլև մարզված: Թևերին տատուներ ուներ: Աջ դաստակին՝ ծառարմատներ հիշեցնող, ձախին՝ պացիֆիզմի մեծ նշան: Ականջներից մեկին փոքրիկ, կլոր ականջող էր: Հիմա կեպին հանել էր, ու ցորնահասկի գույնի մազերը անհնազանդ խոպոպներով շրջանակել էին լայն, փափուկ, ջանասիրաբար սափրած դեմքը՝ մեծ, մուգ կապույտ աչքերով: Ձեռքերը կապույտ, լայն ջինսի մեծ գրպաններում էին:

—Ի՞նչ եք կարդում, — հարցրեց:

­—Հեչ, —ասաց Կարինեն, — շատ կանացի մի բան:

­—Սիրավե՞պ, — կասկածելով հարցրեց Իվանը:

—Կարելի է նաև էդպես ասել, — ժպտաց Կարինեն:

—Լավ, լուրջ, ինչի՞ մասին է, — հարցրեց Իվանը:

— Ֆեմինիստ հետազոտողի հոդված՝ անվտանգային գիտության մասկուլինության, զենք ստեղծող գիտնականների պատրիարխալ աշխարհի, չափը քննարկող սպիտակ, փողկապավոր տղամարդկանց, նրանց լեզվի ու հարաբերությունների մասին:
—Հետաքրքիր է:

—Երբևէ մտածե՞լ եք, որ հրանոթը տղամարդու առնանդամից է պատճենած, —հարցրեց Կարինեն:

—Տանկն էլ է նման: Կրակելու շատ պարզ մեխանիզմ, — վավերացրեց Իվանը,— հետո՞:

— Մի ամերիկացի կին երիտասարդ տարիքում պրակտիկա է անցել ԱՄՆ անվտանգության ոլորտի հետազոտական ինստիտուտում: Գրել է հոդված՝ «Սեքսը (գուցե՞ սեռը՝ չգիտեմ, ո՞ր թարգմանությունն է ավելի ճիշտ այս պարագայում) և մահը անվտանգության ինտելեկտուալների ռացիոնալ աշխարհում»: Շատ մազալու հոդված ա:

— Ես էլ մտածում եմ՝ ինչ զվարճալի բան է կարդում, որ այսքան բարձր ծիծաղում է:

— Հա՞, սկի չեմ էլ նկատել, — ասաց Կարինեն՝ փոքր-ինչ շառագունելով:

— Իսկ ինչի՞ մասին է:

— Դե, միջուկային զենք ստեղծող ու այն քննարկող տղամարդկանց, նրանց արարչագործության, իրենք իրենց Աստված կարծելու, մարդկությունը վերացնող հերթական խաղալիքի հանդեպ տղայական հրճվանքի, ու էդ ամենը խոսելու լեզվի մասին: Հավեսն էն ա, որ հոդվածում նաև բավարար ինքնահեգնանք կա՝ թե ինչպես ես ինքդ սկսում նույն կերպ խոսել, երբ հայտնվում ես այդ միջավայրում: Մի խոսքով՝ վաղուց նման զվարճալի բան չէի կարդացել:

— Օրինակ կբերե՞ք:

— Ուրեմն Քերըլը, էդպես է հեղինակի անունը, ութսունականներին մասնակցել է միջուկային զենքի և ԱՄՆ միջուկային ռազմավարության թեմայով ինչ-որ ամառային աշխատարանի, որտեղ, ինչպես ինքն է ասում, դասավանդում էին «պաշտպանական ոլորտի նշանավոր ինտելեկտուալներ»՝ բոլորը տղամարդ:

— Ե՞վ:

— Եվ: Կյանքի հաջորդ տարին նա ապրում է այդ ինտելեկտուալների աշխարհում: «Մաքուր ռումբեր և մաքուր լեզու»՝ այսպես է բնորոշում այդ փորձառության առաջին փուլը: Ես ավելին կասեի՝ ստերիլ… Նկատում է, որ այդ աշխարհում տղամարդիկ իրենց օրերն անց են կացնում շատ հանգիստ, վավերագրող տոնով քննարկելով միջուկային զենքը, միջուկային ռազմավարությունը և միջուկային պատերազմը: Այդ քննարկումները շատ սառը, ռացիոնալ և պատճառաբանված են՝ առանց դույզն ինչ վախի, հրատապության կամ բարոյական վրդովմունքի, ասես այդ բառերի ու զենքերի ետևում Հիրոսիմա չկա: Խոսում են «առաջին հարվածների», «հակաուժային փոխանակման» և «սահմանափակ միջուկային պատերազմի» մասին, կամ՝ քննարկում, թե իրենց վրա ո՞րն ավելի էժան կնստի՝ «նվազագույն կանխարգելիչ կեցվածքը», թե՞  «միջուկային պատերազմում կռվելու կարողությունը»:

— Բայց նորմա՞լ չի, որ էդ ամենը պետք ա քննարկել և լուծումներ գտնել՝ երկրի անվտանգային և ռազմավարական շահերից ելնելով, — ասաց Իվանը՝ հորանջելով:

— Քերըլին զարմացնում է ոչ այնքան քննարկման բովանդակությունը, կամ սառնասրտությունը, որքան քննարկողները, այն փաստը, որ այդ սառնասիրտ քննարկումը տեղի է ունենում այնպիսի տղամարդկանց միջև, որոնք չափազանց հմայիչ են, սրամիտ, խելացի, պարկեշտ, որոնք գլոբալ առումով անտարբեր չեն: Ավելին, երևի ինքն իրենից է զարմացած, այն փաստից, որ ինքը՝ ֆեմինիստ, պացիֆիստ Քերըլը հավանում է նման տղամարդկանց:

—Քերըլ՞ն է զարմացած, թե՞ Դուք, — հարցրեց Իվանը:

— Լավ, երկար պատմեցի նախապատմությունը: Եթե չեք ուզում, չեմ շարունակի:

—Ո՛չ, ո՛չ, ինձ միշտ հետաքրքրել է՝ ի՞նչ են կանայք մտածում նման թեմաների շուրջ: Առավել ևս, եթե ֆիզիկ են, — ասաց Իվանը:

­—Ես ընդամենը Քերըլի մտքերն եմ վերարտադրում, — ժպտաց Կարինեն, — բայց խնդրում եմ նստեք, վիզս ծռվեց վերև նայելով:

Իվանը գլուխը հետ թեքեց և, տեսնելով, որ Կարինեենց հետ նույն շարքում գտնվող միջանցքով նրանցից բաժանված նստատեղն ազատ է՝ նստեց: Հիմա նրանք միայն վագոնի միջանցքով էին բաժանված:

—Դեռ հոդվածի վերջին չեմ հասել, բայց մնացածը շատ ավելի զվարճալի է: Որպես հիմնական մետաֆոր Քերըլն օգտագործում է «մաքուր ռումբեր» արտահայտությունը: Նա նկատում է, որ այս լեզուն ահռելի կործանարար ուժ ունի, սակայն առանց հուզական, զգացմունքային հետևանքների: Պաշտպանության վերլուծաբանները խոսում են «համարժեք հակահարձակման» ոչ թե քաղաքներ այրելու մասին, և մարդկային մահը, միջուկային լեզվով ասած, ընդամենը  «կողմնակի վնաս» է, քանի որ «օդուժը թիրախավորում է ոչ թե մարդկանց, այլ կոշիկի գործարաններ»: Այս լեզվում իմաստն ամբողջությամբ խեղաթյուրվում է: Օրինակ, գիտեի՞ք, որ Ռեյգանը ժամանակին ամենակործանարար ռումբն անվանել է «խաղաղապահ»:

—Բայց չէ՞ որ հայտնի փաստ է, որ ատոմային ռումբի առկայությունը խաղաղություն է պարտադրում, — նկատեց Իվանը:

—Լավ, որ Ձեր գլուխը շատ չտանեմ, էլ հոդվածը չեմ պատմի, պարզապես կթվարկեմ այն բառերը, որոնք մաքրամաքուր, փողկապավոր, ծայրաստիճան դաստիարակված ու կիրթ տղամարդիկ օգտագործում են միջուկային զենքի մասին խոսելիս: Ինչպես Քերըլն է ասում՝ “white men in ties discussing missle size”.[1]

—Արդեն զվարճալի է, —Իվանի դեմքին ժպիտ հայտնվեց:

—Դե հա, ֆեմինիստները հաճախ են ասում, որ սպառազինության մրցավազքը ֆալոսի պաշտամունք է: Մարդկության չափ հին: Նկատած կլինեք, թե որքան նման են ժամանակակից հրթիռները հնուց եկած ֆալոսատիպ հուշարձաններին, որոնք բոլոր ժամանակներում պաշտամունքային նշանակություն են ունեցել:

Իվանը փոքր-ինչ շառագունել էր: Սակայն Կարինեն շարունակում էր:

— Հրթիռի ուժն այս լեզվում որոշվում է դրա ներթափանցելու կարողությամբ, կամ՝ «լավագույն հրթիռը պետք է տեղադրվի նուրբ ծակում», էլ չասած, որ մրցակցի, ի դեպ՝ հիմնականում ռուսների հետ հրթիռի հզորությունը համեմատելիս համեմատում են դրանց պնդությունը: Սա ես չեմ ասում, Քերըլն է ասում:

— Դե լավ, ոչ մի նորություն չի ասում: Պատերազմն ու զենքը վաղուց է պատկերվում սեռական պատկերներով ու լեզվով: Էստեղ առանձնապես նորություն չկա, — իրեն թափ տվեց Իվանը, — չե՞ք կարծում, որ այդ ամենը չափազանց վերացական ու կյանքից կտրված է: Իրական, շոշափելի կյանքն այլ բաների մասին է: Ու երբ ես, դուք, էդ հոդվածի հեղինակը հայտնվենք իրական պատերազմում, դժվար ժամանակ ու տրամադրություն ունենանք քննարկելու, թե ինչ լեզվով կամ պատկերներով ենք խոսում պատերազմի մասին:

—Հա, ճիշտ եք: Դուք հարցրիք՝ ինչ եմ կարդում, ես էլ պատմեցի, — այս անգամ շառագունեց Կարինեն:

— Ո՛չ, ո՛չ, շատ հետաքրքիր եք պատմում: Պարզապես հոգնել եմ տեսական ու վերացական քննարկումներից, շրջապատիս կանանցից եկող մեղադրանքներից, թե Ղրիմի հարցում մեղավորը ես եմ: Ու ճիշտն ասած՝ այնքան էլ պատրաստ չէի էսպես միանգամից ու նման վերամբարձ ու տեսական տեղից էլի այդ մասին լսել:

—Վերամբարձ ու տեսական: Լավ բառեր են, — ասաց Կարինեն՝ փոքր-ինչ կտրուկ:

—Իսկ եթե անկեղծ, դու՞ք էլ եք կարծում, որ տղամարդիկ ու հայրիշխանական համակարգն են մեղավոր, որ Պուտինն իշխանության է և որ կան «Ղրիմը մերն է» աղաղակողներ:

Կարինեն որոշ ժամանակ լուռ էր: Ապա թեքվեց Իվանի կողմը և շատ ցածր ձայնով, որ ուրիշ ոչ ոք չլսի, ասաց.

— Եթե անկեղծ՝ իմ կարծիքով մեղավոր է ռուսական գաղութատիրությունը: Նաև՝ տղամարդկանց ատավիզմը: Փողկապավոր մարդակերների առկայությունը: Քարի դարից շատ հեռու չեք գնացել: Անբուժելի ախտ է: Միակ ելքը՝ մահը:

Հետո փակեց աչքերը: Հա՞ որ: Արդյո՞ք միայն ռուսականը: Արդյո՞ք միայն գաղութատիրությունը: Արդյո՞ք միայն տղամարդիկ: Տատի հոշոտված մարմինն ընկած էր դատարկված բնակարանում: Տան դուռը կրնկի վրա բաց էր: Գրքերն՝ այսուայնկողմ շպրտված: Տատի հագին բարակ խալաթ էր: Փողոցում հունվար ամիսն էր, բայց կենտրոնական ջեռուցմամբ բնակարանում միշտ ամառ էր: Ամենուր՝ կանաչ: Տատի փայփայած սենյակային բույսերը: Ոտքերն անբնական չռված էին: Հերթով էին մտել: Մինչև լեզգի հարևանն օգնության էր հասել, տատն արդեն շունչը փչել էր: Լեզգի հարևանին պատուհանից դուրս էին շպրտել: Հաճախ էր տեսնում այս պատկերը: Սևուսպիտակ համր կինոյի նման: Сквозняки… Տատի չսիրած միջանցիկ քամին տանը: Հետո տեսնում էր, ինչպես են բեռնատարներն անցնում Բաքվի դատարկ փողոցներով ու շենքերի պատերի տակից, բնակարաններից դիակներ հավաքում: Բացեց աչքերը:

—Երբ ինսունի հունվարին Մոսկվան վերջապես որոշեց Բաքու զորք մտցնել, տատս արդեն չկար: Ու մենք մինչև հիմա չգիտենք՝ իրականում ինչ է նրան պատահել, — ասաց Իվանին:

Կադրերը շատ ավելի ուշ էր գլխում հավաքել, երբ լսել էր Բաքվի ջարդերի մասին բազմաթիվ պատմություններ, տեսել պատկերներ: Դրանցից մեկը հանգիստ կարող էր իր տատին պատահած լիներ: Գիտեր, որ լեզգի հարևանին հաստատ գտել էին շենքի պատերի տակ ընկած: Գիտեր, որ տատին էլ գտել էին իր բնակարանում, իր այդքան սիրելի գրքերի մեջ ընկած: Լեզգի հարևանի ադրբեջանցի կինն էր այդ մասին իր մորը նամակ գրել: Հետո այդ քրքրված նամակը մորից թաքուն բազմաթիվ անգամներ կարդացել էր: Գիտեր, որ տատի տուն մտել էին չորս-հինգ հոգով: Գազազած, աչքերն արյուն կապած տղամարդիկ: Տատն արդեն 80-ի մոտ էր: Գրապահարանների ապակիների արանքում խնամքով պահվող մոր, իր, Հեմինգուեյի, համազգեստավոր պապի, տատի պատերազմից չվերադարձած եղբոր տարաժամանակյա լուսանկարները վերևից նայում էին տատի՝ հատակին ընկած խաթարված մարմնին: Բայց ի՞նչ կարևոր է հարևանի լեզգի լինելը: Մտածեց: Գիտեր, որ կարևոր չի, բայց ամեն անգամ, երբ այս պատկերները շարվում էին, գլխում պտտվող բառը «լեզգի»-ն էր, հաջորդող պատկերը՝ լեզգինկան:

—Իմ ընկեր ֆեմինիստներն էլ են գտնում, որ այդ ամենի արմատը, հիմքը նույնն է՝ հայրիշխանությունը: Որ գաղութատիրությունը հայրիշխանության արդյունք, տարատեսակ և դրսևորում է: Որ համակարգային խնդիրն այդ Ձեր ասած ֆալիկ պաշտամունքն է: Ումն է ավելի մեծ, ընդամենը, — շարունակում էր խոսել Իվանը:

— Make America great again,[2]— քմծիծաղեց Կարինեն, — գերիշխանության խնդիր է: Եթե գերիշխանությունը միայն սեռական կոնտեքստում է խոսվում, Ձեր ընկեր ֆեմինիստները ճիշտ են, իսկ եթե կոնտեքստն ընդլայնում ենք, տեսնում ենք, որ շատ ուրիշ շերտեր էլ կան և դրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի: Ուժեղի ու թույլի, մեծի ու փոքրի մասին է: Ամենահասարակ օրինակը կին-տղամարդն է, որտեղ տղամարդը ֆիզիկապես ուժեղ է, ուստի գերիշխողն է: Պետություններն ու ժողովուրդներն էլ են նույնը: Կամ՝ իշխանություն ունեցողը չունեցողի հանդեպ: Ուստի հեշտ ու հասկանալի է սեռական պատկերներով ու լեզվով և էդ կոնտեքստում բացատրելը:

Միջանցիկ քամի: Պտտվում էր գլխում: Անցնում միջով: Մինջանցիկ քամի: Պտտվում էր տատի բնակարանում: Այն բնակարանում, որտեղ տատը Կարինեին անընդհատ ասում էր՝ պատուհանը փակի, սկվազնյակ ա, կմրսես: «Մեծը» թույլ էր տվել, որ իշխանություն ունեցողը գազանանա: Ու այդ հունվարում, որը հետո «արյունոտ» անունն էր ստանալու ոչ թե որովհետև մի քանի օրուգիշեր հարբած ու չհարբած տղամարդկանց խմբերը քաղաքով մեկ սպանում, խոշտանգում ու բռնաբարում էին հայերին կամ հայի անուն ունեցողներին, այլ որովհետև ի վերջո «մեծը» զորք էր մտցրել քաղաք ու թնդանոթն ուղղել հայաթափված քաղաքում զվռնողների վրա, հավերժ մնացել էր Կարինեի տատը: Միջանցիկ քամի: Չկար գնացքի պատուհանից դուրս:

—Իսկ իմ կարծիքով ընդամենը դիտանկյան հարց է, — հանկարծ ասաց Արմինեն:

—Ի՞նչ նկատի ունես, — հարցրեց Կարինեն:

—Դե նայի, գուցե՝ եթե ճամփորդողները մենք չլինեինք, այսինքն շատ կոնկրետ Կարինե ու Արմինե չլինեինք, մեզ հետ այլ բան տեղի ունենար: Կամ՝ տեղի ունենար նույնը, բայց մենք այլ կերպ ընկալեինք:

—Բայց մեր խոսացածն ի՞նչ կապ ունի ձեր ճամփորդության հետ, — հարցրեց Իվանը:

—Եթե ճամփորդողները մենք չլինեինք, գուցե հիմա այս վագոնում չլիներ այս խոսակցությունը: Տեսեք, եթե մեր փոխարեն այլ մարդիկ լինեին, նրանց մոտ տոմսի վրա նշված Մոսկվայի ժամանակը հարց չէր առաջացնի: Կամ՝ որովհետև իրենք գիտեն, որ Ռուսաստանում գնացքներն այդ ժամանակով են աշխատում և ճիշտ ժամանակին կլինեին կայարանում, կամ՝ որովհետև դա նրանց համար ընդամենը կենցաղային դետալ է, այսինքն՝ կարևոր է այնքանով, որ իրենք ավելի ուշ են տեղ հասնելու, բայց ոչ ժամանակի ու իշխանության մասին մտորելու առիթ դառնալու տեսանկյունից: Կամ՝ գուցե եթե մեր փոխարեն ուրիշները լինեին, սպասման ժամանակը չէին ծախսի հին, սևուսպիտակ ֆիլմ դիտելու վրա: Չէ՞ որ այդ մեծ դահլիճում ընդամենը չորս հոգի էր, ու հետևաբար այդ ֆիլմը մտքի որոշակի ընթացք չէր թելադրի, որով մենք տեսնեինք աշխարհը: Նաև, եթե մենք այդ ֆիլմը չքննարկեինք, Ձեզ հետ խոսակցության չէինք բռնվի, և դուք կամ պարզապես կկպցնեիք մեր սիգարետն ու կգնայիք Ձեր գործերով, կամ առհասարակ իրար չէինք հանդիպի: Կամ՝ կարող է առհասարակ ծխող չլինեին ու կայարանից դուրս չգային: Բայց քանի որ Կարինեն ֆիզիկ է, իսկ ես ուղղակի խփնված եմ իշխանության ու մարդու փոխհարաբերությունները մտորելու վրա, այս ամենը որոշակիորեն նախախնամված էր, որովհետև ճամփորդողը հենց մենք ենք: Յուրաքանչյուրիս պատահում է այն, ինչ մենք ենք: Այսինքն, այդ պատահածն այնքանով է պատահած, որքանով դու այն նկատում ես: Համընկնումների ու դիպվածների որևէ շղթա նկատելու համար աչք է պետք, իսկ այդ աչքերը տարբեր են: Մեծ հաշվով ստացվում է, որ մենք ենք ճանապարհը ճանապարհ դարձնում: Որևէ ճանապարհ մեզնից դուրս գոյություն չունի:

— Այսինքն, ուզում եք ասել, որ եթե մեկ ուրիշը լիներ ճանապարհորդը, նրա հետ լրիվ այլ բաներ կկատարվեի՞ն,- Արմինեի ասածը փորձեց ամփոփել Իվանը:

—Այո, հենց դա էլ փորձում եմ ասել:

—Ամերիկան չէր լինի, եթե ճանապարհորդը Կոլումբոսը չլիներ: Դե հա, Ոդիսականն էլ Ոդիսական չէր լինի… Բայց… Նովոսիբիրսկ-Տոմսկ երկաթգիծը գոյություն ունի ձեզնից ու ինձնից անկախ: Այն կա, հուսով եմ դա չե՞ք հերքում: Այնուամենայնիվ կա օբյեկտիվ իրականություն:

— Կա, բայց բովանդակությունը չկա: Յուրաքանչյուրիս համար այն տարբեր է: Կամ գուցե չկա էլ, եթե նրա մասին տեքստ չկա:

—Բայց նաև՝ Կոլումբոսը Կոլումբոս չէր լինի, եթե չլիներ Ամերիկան: Ու Ոդիսևսն էլ Ոդիսևս չէր լինի, եթե չլիներ Ոդիսականը: Հարց ա՝ Ոդիսևսն ա պատահել ճանապարհին, թե՞ ճանապարհը Ոդիսևսին: Ավելին՝ Հոմերո՞սը Ոդիսևսին, թե՞ Ոդիսևսը՝ Հոմերոսին:

—Քվանտային ֆիզիկա, — նկատեց Կարինեն:

—Իսկ Դուք ի՞նչ եք կարդում, — մի քանի վայրկյան լռությունից հետո հարցրեց Իվանը:

—Շալամով, — ասաց Արմինեն:

—Ուհու, հետո ասում են՝ բոլոր համընկնումները պատահական են, —նկատեց Իվանը՝ կեպին գլխին դնելով, —դա էլ է լրիվ տեղավորվում Ձեր ասածի մեջ:

Այո՛, Կարինեն պետք է կարդար ավերիչ զենքերով զբաղվող տղամարդ գիտնականների ֆեմինիստական քննադատություն, Արմինեն՝ ամենավավերականը, որ գրվել է գուլագի մասին: Տղամարդու կողմից: Չգիտեր՝ նրա՞նք պետք է անպայման իրեն պատահեին, թե՞ ինքը պետք է անպայման նրանց պատահեր:  Ու գուցե հենց այս հանդիպման համար էլ ինքը պիտի Տոմսկ գնար, իսկ նրանք՝ խառնեին տոմսի ժամերը: Որովհետև ինքն անպայման պիտի Կարինեին հարցներ, թե նա ինչ է կարդում, որ շարունակեր Կատյայի՝ իրեն լքելու երկրաշարժից հետո ծնված Ղրիմի բռնազավթման ու իր մեղքի մասին ներքին մենախոսությունը:

Եթե իր մշտական ու միակ կրկնվող կադրում տատը չլիներ, բնակարանում թափվածը գրքեր չէին լինի: Գլխից հեռու էր վանում ոտքերը չռած, իր իսկ բնակարանում փռված տատի պատկերը՝ մեծ-մեծ կարմիր կակաչներով խալաթով: Այդպես էր տեսնում գրապահարանի ապակիների արանքից նայող մեծ, սպիտակ ժապավենով, հոկտեմբերիկի նշանը կրծքին, ժպտերես Կարինեն: Հետո այդ Կարինեն դուրս էր նետվում գրապահարանից ու վազում Բաքվի փողոցներով: Ու այդ փողոցներում Սարաևոյում կոնֆերանսի մասնակից Կարինեի տեսած կարմիր վարդերն էին: Մինչ ինքը փնտրում էր Պրինցիպի՝ Ֆրանց Ֆերդինանդին սպանելու վայրը, որ հասկանար, տեսներ, թե կոնկրետ որտեղի՞ց են սկիզբ առել ցեղասպանությունից սերող իր մշեցի ընտանիքի ու իր սիրելի Շվեյկի պատմությունները, իրենց գիդը պատմում էր, որ վարդերը Սարաևոյի պաշարման ամենամեծ հուշարձանն են: Դրանք հետագայում պատկերվել են բոլոր այն վայրերում, որտեղ Սարաևոյի պաշարման ժամանակ մարդ է խփվել: Իսկ Սարաևոյի պաշարումը շատ երկար է տևել: Լենինգրադի պաշարումից էլ երկար: Ուղիղ հազար չորս հարյուր քսանհինգ օր: Սարաևոն փոսի մեջ է, ու այն պարուրող բարձունքներից քաղաքին ուղղված թնդանոթները կարմիր վարդեր էին նկարել քաղաքով մեկ: Եթե ճամփորդողը ինքը չլիներ, Սարաևոյի վարդերը Բաքվում չէր տեսնի, առհասարակ վարդեր չէր տեսնի: Տարօրինակ էր նաև բոսնիական մետաղադրամի վրա տեսնել մանկության խաղաղության աղավնին՝ ձիթապտղի ճյուղը կտուցում… Where have all the flowers gone? Դիտրիխի ջանասիրաբար նկարված դեմքը: Չէ՛, եթե ճամփորդողն ինքը չլիներ, առավոտվա ֆիլմում Բաքուն ընկեր Հովհաննիսյանին չէր կանչի: Թափ տվեց ինքն իրեն: Տղամարդկանց՝ սարսափ ներշնչելու ատավիզմի մասին Իլյայի տեքստն էլ ներսում առանձնապես չէր արձագանքի:

 

Մոսկվայի ժամանակով 12:00-14:00

 Իվանը փակեց աչքերը: Կատյայի՝ Իվանին նվիրած Շալամովը մնացել էր Կատյայի հանրակացարանի սենյակի սեղանին: Կատյան մայիսյան զեփյուռի պես թեթև էր: Հենց նույն թեթևությամբ էլ որոշեց, որ մեկնում է Կիև, ինչպես ինքն էր ասում՝ հայրիշխանության դեմ պայքարելու: Զենքով: Իվանի բոլոր փաստարկներն առ այն, որ հնարավոր չէ հայրիշխանության դեմ հայրիշխանության զենքով պայքարել, զուր էին: Կատյայի ֆեմինիստ ընկերները հատուկ ճամբար ունեին, որտեղ կանանց նախապատրաստում էին պայքարի: Կատյան մեկնեց հերթական վիճաբանությունից հետո: Չէր ուզում լսել Իվանին: Կատյայի հեռանալուն հաջորդած օրերը դատարկ էին: Ամեն օր նույնը. գորշ առավոտ, հապճեպ խմված ջրիկ սուրճ, դասեր, ծրագրավորում, ջիմ, փաբ, խումար: Ու ոչ մի լուր Կատյայից: Իվանը վստահ էր, որ Կատյան երբեք չէր հաղթելու հայրիշխանությանը, բայց այդ մասին չէր ասում: Հոգու խորքում Իվանը հիանում էր Կատյայով՝ չնայած անգամ ինքն իրեն չէր խոստովանում այդ մասին: Հիանում էր, կամ երևի նախանձում, որ  Կատյայի կյանքն իմաստ ուներ, որ Կատյան հավատում էր անհնարինի հնարավորությանը՝ աշխարհը փոխելուն:  Ու էդպես օրերը սահում էին իրար մեջ՝ միապաղաղ, կրկնվող: Նովոսիբիրսկն այլևս չէր ուտվում: Անգամ ամենալավ սուրճով: Ու որոշեց վերադառնալ Տոմսկ, որտեղ հայրական դատարկ տունն իրեն էր սպասում:

— Իսկ Տոմսկում ի՞նչ գործ ունեք, — աչքերը բացելով՝ հարցրեց աղջիկներին:

— Երկար պատմություն է, — ասաց Կարինեն:

Իվանը մի պահ վարանեց, հետո այնուամենայնիվ հարցրեց.

— Ժամանակ շատ կա, եթե գաղտնիք չի, կպատմե՞ք:

—Չէ, գաղտնիք չի, բայց Արմինեն ինձնից լավ կպատմի, —ասաց Կարինեն՝ գլուխը պլանշետից բարձրացնելով:

Նովոսիբիրսկ-Տոմսկ գնացքում Իվանի մտքերն անվերջ պտտվում էին: Գնացքի պատուհանից դուրս փռված էր Կատյայից հետոյի դատարկությունը: Կատյային հաջորդած միապաղաղությունը խեղդում էր, և չխեղդվելու համար Իվանը կախվում էր հարցերից ու անծանոթների հետ զրույցներից: Չհասցրեց էլ սա ֆիքսել, երբ զրույցն ընդհատվեց, որովհետև գնացքն ընդհատվեց: Միջանցքում իրարանցում էր: Բոլոր ուղևորները գլուխներն իրարանցման կողմ թեքեցին: Անցումը փակած գեր, համազգեստավոր կնոջ ոտքերի տակ ինչ-որ գունդ էր: Քաղաքացի, ապա հավաքեք ձեզ՝ ասում էր համազգեստավոր կինը: Գունդը փորձում էր տեղից վեր կենալ: Դեմքը կարմրակապույտ ինչ-որ գոյացություն էր, ուռածությունների արանքից՝ կոպերի տակից հազիվ նշմարվող աչքեր, քթի բոլոր մազանոթները պայթած, վերջույթները՝ աննկարագրելի ուռած: Շուրթերը հազիվ էր շարժում:  Յոբ տվայու: Գլուխն ընկավ կրծքին: Սպիրտի հոտը միզահոտից ուժեղ էր: Կամ՝ հավասար: Անհասականալի տարիքի գնադձև տղամարդը նստած էր վագոնի ճիշտ մեջտեղում գոյացած լճակում, գոտին արձակած: Քչաթիվ ուղևորները միայն գլուխներն էին տմբտմբացնում՝ մինչ համազգեստավոր կինը փորձում էր շրջանցել լճակն ու տղամարդուն և առաջ անցնել: Երիտասարդ, կօգնե՞ք՝ դիմեց Իվանին: Իվանը զզվանքով մոտեցավ մսագնդին: Իդի նա խույ՝ փորձեց ինքնուրույն ոտքի կանգնել մսագունդը: Շալվարն ու վարտիքը մնացին ներքևում: Երկու ձեռքով բռնեց կապտած թնդանոթն ու ցցեց Իվանի ուղղությամբ: Իվանը կարմրեց: Հիմա ոստիկանություն կկանչեմ՝ ասաց համազգեստավոր կինը: Մսագունդն ընկավ՝ սեփական մեզը ցալքունելով Իվանի և համազգեստավոր կնոջ կոշիկներին: Ինչ-որ բան էր մրթմրթում: Կինը զանգեց, խոսեց, ապա հայտարարեց, որ մոտակա բնակավայրում կկանգնեն՝ քաղաքացուն գնացքից իջեցնելու: Իսկ քաղաքացին արդեն քնի մեջ խռռացնում էր: Մի քսան րոպեից գնացքն իսկապես կանգ առավ: Եկան ոստիկանները, հավաքեցին ու տարան քաղաքացուն: Այնուհետև եկավ հավաքարարը, մաքրեց լճակը: Այդ ընթացքում Իվանը որոշեց լվացարան գնալ՝ կոշիկները մաքրելու: Պարզվեց՝ զուգարանի դուռը կողպված է, որովհետև ըստ հավաքարարի՝ մաքրելն անհնար է, ու խայտառակ հոտ է տարածվում: Ուղևորներից մեկը Իվանին շշով օղի ու անձեռոցիկ փոխանցեց, և Իվանը դրանցով մաքրեց կոշիկները, ապա՝ ձեռքերը: Գնացքը կրկին շարժվեց, և համազգեստավոր կինը ստուգեց աղջիկների ու Իվանի տոմսերը:

— Անհրաժեշտ է պատվել ուրիշի հոգու խավարը, — քթի տակ խոսում էր Իվանը, — Պետք է նայել այդ խավարին, անգամ եթե այնտեղ ոչինչ չկա, անգամ եթե այնտեղ միայն աղբ է: Կարևոր չի: Նայի՛ր և պատվիր, նայի՛ր և մի թքիր:

— Աշխարհում ամեն բան պիտի դանդաղ ու սխալ տեղի ունենա, — Իվանին շարունակեց Արմինեն, — որ մարդը չկարողանա հպարտանալ, որ մարդը տխուր ու շփոթված լինի:

Լավ էլ գիտի ռուս գրակը: Մտածեց Իվանը: Իսկ ինքն անգամ չի էլ մտածել, որ հայ գրակ գոյություն ունի: Իվանի հայրն էր տխուր ու շփոթված: Ամեն անգամ դասից տուն գալիս շրջանցում էր հոր՝ շենքի աստիճաններին, կամ՝ տան շեմին ընկած մարմինը: Հետո մայրն աշխատանքից տուն էր գալիս, և միասին մարմինը տուն էին բերում՝ մոր ու հոր չընդհատվող հայհոյանքների տարափի տակ: Խոստումնալից ֆիզիկ էր: Բայց սովետը քանդվեց ու հոր ֆիզիկան մնաց փլատակների տակ: Ու հայրն էլ երբեք չվերականգնվեց: Սովետական ֆիզիկայի նման:

—Ես միշտ մտածել եմ, որ Ռուսաստանը նման կադրերով պատկերացնելը շատ կարծրատիպային է, — ասաց Արմինեն:

Արմինեի հայրն էլ էր տխուր ու շփոթված: Ղարաբաղից կոնտուզիայով էր վերադարձել, ու ցրտահարված ոտքերով: Աշխարհը շատ մեծ ա ու չկա մի էնպիսի սահման, որը քո համար անհաղթահարելի լինի՝ ասել էր այն օրը, երբ սարսափելի հարբած տուն էր եկել ու պատահել համալսարանի ընդունելության քննությունները տապալած Արմինեին:

— Կարծրատիպերի մեջ միշտ ճշմարտություն կա, —հորանջեց Իվանը, —բայց մեր խոսակցությունն ընդհատվեց: Ի՞նչ նպատակով եք Տոմսկ գնում:

— Հա: Շատ կարծրատիպային պատմություն է, — ժպտաց Արմինեն, — մեր ընդհանուր պապին Սիբիր են աքսորել, որովհետև պատերազմի ժամանակ գերի է ընկել ու երկու տարի մնացել գերմանական ճամբարում: Սիբիրում ծանոթացել է մի կնոջ հետ, որից երեխա է ունեցել: Մնացածը՝ դասագրքային. ազատվել է Ստալինի մահից հետո, վերադարձել Հայաստան, որտեղ ուներ կին և չորս երեխա: Մահից տարիներ անց բացահայտվել է, որ Տոմսկում էլ կին ու երեխա ունի: Ավելի շուտ՝ ես եմ բացահայտել, երբ պապիս արխիվն էի կազմակերպում: Տոմսկի կնոջից՝ Տանյայից նամակներ ու լուսանկարներ գտա: Մի խոսքով՝ հիմա գնում ենք մեր ազգականներին հանդիպելու:

— Իսկ իրենց ինչպե՞ս եք գտել:

— Նամակների վրա նշված հետադարձ հասցեով: Բախտներս բերեց, այդ հասցեում ապրում էր Տանյայի ու պապիկիս աղջիկը: Նամակ գրեցինք: Ներկայացանք՝ ով ենք-ինչ ենք: Նամակում նաև մեր հեռախոսահամարները գրեցինք: Մի քանի ամիս ձայն չկար: Հետո վայբերով ինչ-որ մեկից հաղորդագրություն ստացա: Պարզվեց Տանյայի ու պապիկի ծոռն էր՝ Վադիմը: Էդպես ծանոթացանք: Հետո ընկերացանք ֆեյսբուքում, սկսեցինք իրար հետևել:  Հիմա վերջապես հանդիպելու ենք: Մեզ կայարանում կդիմավորի:

— Լավ պատմություն է: Իսկ ինչպե՞ս եք իրեն պատկերացնում, — հարցրեց Իվանը, — չե՞ք վախենում, որ հիասթափվեք:

— Ինչի՞ց:

— Դե, կարող է պարզվի ապուշի մեկն է, կամ՝ ձեր պապիկի մասին ինչ-որ բաներ իմանաք, որ չէիք ուզի իմանալ: Ես միշտ վախեցել եմ հիասթափվելուց: Օրինակ՝ մի քանի րոպե առաջվա տեսարանը…

Արմինեն լուռ էր: Կարինեն պլանշետը մի կողմ դրեց ու շրջվեց Իվանի կողմ.

— Իսկ Դուք ինչու՞ եք Տոմսկ գնում:

Իվանը շփոթվեց:

— Ներեցեք, քայլել եմ ուզում, հոգնեցի նստելուց, մի քիչ քայլեմ՝ կվերադառնամ, — ասաց, թափով վեր կացավ և ուղղվեց դեպի դիմացի վագոն:

— Սիրում ա հարցեր տալ, բայց չի սիրում պատասխանել, — նկատեց Կարինեն:

— Ըհը, — Արմինեն մտահոգ էր, — բայց գուցե՞ ճիշտ ա ասում, գուցե՞ հիասթափվենք:
— Ինչի՞ց: Հնարավոր տարբերակները՝ ալկաշ են, նարկոման, գող կամ գողական, մարդասպան:

— Չէ՛, դա ոչինչ, ես վախենում եմ՝ պապից հիասթափվենք:

— Դե պիտի որ արդեն հիասթափված լինեինք, որ հերիք չի կապվել ա Տանյայի հետ, ունեցել ա երեխա, հետո թողել-վերադարձել ա ընտանիքի գիրկը ու ամբողջ կյանքում բոլորից թաքցրել Տանյայի ու երեխայի գոյությունը:

— Չգիտեմ: Ես միշտ մտածում եմ, որ կան այլ բաներ, որոնց մասին չգիտենք:

— Հիշու՞մ ես, որ գյուղում պապիկենց հարևանի հայրը Ամերիկայից եկել էր: Էն, որ պատերազմից հետո սովետ չէր վերադարձել, որովհետև վախեցել էր Սիբիր աքսորվելուց, մնացել էր Շտուտգարտում, հետո հայտնվել Ամերիկայում, ամուսնացել, երեխաներ ունեցել: Իսկ իրա սասունցի ընտանիքը գյուղում էր: Խեղճ տղեն սովետի վախտերով տենց էլ պաշտոն չէր ստացել, որովհետև Կա-Գե-Բե-ն գիտեր, որ արտասահմանում ազգականներ ունի:

 — Հա, աղոտ հիշում եմ տենց մի բան:

— Պապան պատմում էր, որ երբ գյուղը փող էր հավաքել՝ պատերազմի զոհերի հուշարձան դնելու, ու պիտի բոլոր զոհված համագյուղացիների անունները գրեին, իրա ընտանիքն էլ էր փող տվել, որ իրենց հոր անունն էլ գրեն: Բայց հետո Թալինի Կա-Գե-Բե-ից եկել էին ու արգելել: Ասել էին, թե ողջ ա, Արևմուտքում ա, դավաճան ա, անունը գրել չի կարելի:

— Հա, ու Սովետի քանդվելուց հետո իրա էրեխեքն ու թոռներն իրան ներեցին, գրին քարտը սարքեցին ու գնացին Լոս: Բայց դա ուրիշ պատմություն ա: Իրանք շահ ունեին: Մեր շահը ո՞րն ա:

— Արդեն ուշ ա: Դու էիր, չէ՞, ուզում, որ գանք: Հիմա ի՞նչ պատահեց:

— Չգիտեմ: Իվանը պատահեց:

— Բայց դու էիր ուզում մեր ընտանիքի պատմությունը գրել:

— Հա: Էլի եմ ուզում, — ասաց Արմինեն ու բացեց գիրքը՝ խոսակցությունը չշարունակելու համար:

Ուզում ա ընտանիքի պատմությունը գրի: Ինչու՞: Որ հասկանա՞ հորը: Իսկական կարծրատիպը հենց սա՛ ա: Մահացել էր Արմինեի՝ համալսարան ընդունվելու տարում: Երևանի ամենասիրուն աշուններից մեկում: Ուզում էր իրավաբանական ընդունվել, բայց բալերը չէին հերիքել, ընդունվել էր մանկավարժականի պատմության ֆակուլտետ: Այդ աշուն ընկերների հետ օրերով հանձնվում էր գույներին: Օղակաձև այգին խշշում էր իրենց ոտքերի տակ: Գնում էին «Հողի արյուն», խմում այգու բոլոր պատահած նստարաններին: Աշնան երկինքն էլ ավելի էր կապտում ու խորանում: Փոցխերով ու բահերով մարդիկ տերևները կույտ էին անում և այրում: Այգով մեկ տարածվում էր այրվող տերևների ծուխը, և ուշ երեկոյան տուն վերադարձող Արմինեն թեթև գինովցած ու ծանր ծխահոտ էր: Հենց էդպես գինովցած ու ծխահոտ էլ նստել էր վերելակը, բարձրացել 5-րդ հարկ, բացել տան դուռն ու հանդիպել մահվանը: Տանը վալերյանայի և էլի ինչ-որ բանի հոտ էր: Մտածել էր՝ հայրն էլի խմած ա եկել ու մայրը վատացել ա: Բայց Էդ օրը հայրը տուն չէր հասել: Տան փոխարեն աշխատավայրի տանիքից ուղիղ գետին էր հասել:

 Մոսկվայի ժամանակով 14:00-15:00

 Իվանը վերադարձավ՝ ձեռքին գարեջուր: Նստեց ու ասաց.

—Հիմա պատրաստ եմ:

—Ինչի՞ն, — հարցրեց Կարինեն:

—Խոսակցությանը:

Աչքի տակով նկատեց, որ Արմինեի աչքը կպել է: Ձայնը բարձրացրեց.

—Հարցնում էիք՝ ես ինչի համար եմ Տոմսկ գնում:

Արմինեն բացեց աչքերը:

—Կատյային մոռանալու համար:

—Ի՞նչ Կատյա, — հարցրեց Կարինեն:

—Ձեր պես ֆեմինիստ: Ինքն էլ ա ժամանակակից զենքերը տղամարդու խույի հետ համեմատում, բայց հիմա էդ զենքերն առած կռվում ա խույիշխանության դեմ:

— Այսի՞նքն, — հարցրեց Արմինեն:

—Չի հասկանում, որ խույով խույի դեմը չես առնի… Ես սիրում եմ Կատյային ու ոչինչ անել չեմ կարող: Մոռանալ չեմ կարողանում: Ինչ-որ կետից հետո ես ու Պուտինը նրա համար երևի նույնացանք, որովհետև երկուսս էլ խույ ունենք: Ու որքան էլ ես ու Պուտինը խույից բացի ընդհանուր ոչինչ չունենք, Կատյան այդպես չի կարծում: Նա գտնում ա, որ պետք ա խույերի դեմ պայքարել, որ պուտինը խույլո ա, պուտինիզմը խույլո ա, թրամփը խույլո ա, թրամփիզմը խույլո ա… Էն գնացքի մեջտեղում ընկած մսագունդն էլ ա խույլո: Ու Կատյան ճիշտ ա: Թուլամորթի մեկն եմ: Անգամ էդ ալկաշին չկարողացա հավաքել դուրս շպրտել գնացքից: Բայց իմը մենակ Կատյայի վրա ա կանգնում: Կատյայի գնալուց հետո չի կանգնել:

— Ուրեմն խնդիրն է՞դ ա, եթե կանգներ՝ սաղ լավ կլինե՞ր, մաքուր կլիներ, փողկապ կունենայիք, կկարողանայիք, — նկատեց Կարինեն:

—Ալարում եմ կարողանալ: Որ պատկերացնում եմ կարողանալու վրա ծախսվող էներգիան՝ միանգամից հոգնում եմ: Փոքր ժամանակ էնքան էի ուզում տնեցիներից պրծնել, որ զինվորական դպրոց ընդունվեցի ու գնացի կադետ դառնալու: Ալարում էի միջամտել ծնողներիս հարբած կռիվներին, հարյուր տղայի հետ նույն սենյակում քնել-արթնանալն ու վերադասի խույուզածն անելն ավելի լավ էր: Հետո, երբ արդեն պիտի սպայական դպրոց գնայի, բժշկական զննումների ժամանակ պարզվեց, որ սրտի բնածին արատ ունեմ և չեմ կարող օդաչու դառնալ: Էդտեղ էլ ալարեցի: Կարող էի փող տալ բժիշկներին, որ եզրակացությունը փոխեն: Բայց էդ մտքից քունս տարավ ու որոշեցի այթիշնիկ դառնալ: Հետո հանդիպեցի Կատյային ու ամեն բան կարող էի: Նրա կողքին ուժեղ ու ամենակարող էի: Առավոտ-իրիկուն՝ կանգնած, միշտ պատրաստ: Բայց հետո Պուտինն ասեց, որ Ղրիմը մերն ա, ու Կատյան որոշեց գնալ Կիև՝ խույլոյի դեմ կռվելու: Ու պարզվեց, որ ես ոչնչի պիտանի չեմ առանց Կատյա: Ծնողներս մահացել են, Տոմսկի բնակարանը դատարկ ա: Որոշեցի վերադառանալ: Ավելի լավ ա էն դատարկությունից, որում ամեն օր արթնանում եմ:

Իվանը մի պահ կանգ առավ, որ շունչ առնի, ապա ասաց.

—Ուզեցի պատմել ձեզ Կատյայի մասին: Դուք քույրեր եք, անգամ եթե իրար չեք ճանաչում:

Արմինեն գլուխը թեքեց, որ թաքցնի ժպիտը: Կարինեի հայացքում հետաքրքրասիրություն էր:

—Մի խոսքով՝ ճիշտ եք արել, որ եկել եք Տոմսկ: Ինչ էլ որ գտնեք, ճիշտ կլինի:

—Իսկ Կատյան ուկրաինացի՞ ա, — հարցրեց Կարինեն:

—Բայց դա ի՞նչ կարևոր ա, — ասաց Արմինեն՝ ուղիղ նայելով Իվանի հայացքի հիասթափությանը:

Իվանը Կարինեին փոխանցեց ֆրիլանսեր-այթիշնիկի այցեքարտը:

—Զանգեք, եթե պետք լինի, — ասաց` վերցնելով իրերը և պատրաստվելով ժամանմանը:

 

Մոսկվայի ժամանակով 15:00 – 19:00

 Վադիմը: Ցածրահասակ, ակնոցավոր, փոքր-ինչ ճարպոտ երիտասարդ էր՝ առույգ ճղճղան ձայնով:

—Բարև ձեզ, — ասաց:

—Բարև ձեզ, —ասացին:

—Քաղցած չե՞ք, —հարցրեց, —եթե ոչ՝ քանի չի մթնել, գուցե մի քիչ Տոմսկը ձեզ ցույց տամ: Իրերը կարող եք թողնել իմ մեքենայում, մի քիչ քայլենք, հետո մի բան ուտենք:

—Լավ: Ինչպես ասեք, — ասաց Արմինեն:

—Ասես: Եկեք դու-ի անցնենք, — առաջարկեց Վադիմը:

—Լավ, —ասաց Արմինեն:

—Լավ, — ասաց Կարինեն

Մեքենան սպիտակ կիա էր: Կայանեց Տոմ գետի ափերից ոչ այնքան հեռու:

—Ձեր բախտը բերել է, —ասաց, —ես տեղական գիդ եմ: Էնպես որ՝ լավ ձեռքերում եք:

—Հա, ես էլ ֆեյսբուքի գրառումներից ենթադրում էի, որ նման բան կա, — ասաց Արմինեն:

—Այո: Հետաքրքիր է, որ վիրտուալ ընկերներ ենք, բայց առանձնապես չենք շփվել, —նկատեց Վադիմը, ապա շարունակեց, — տեսեք, Տոմսկը հիմնվել է 17-րդ դարում, Տոմ գետի ափին: Սրանք թաթարական հողեր են եղել, մինչև արիացիների գալը: Գոդունովն այստեղ ամրոց է կառուցել: Երևի այնտեղ գնալ չենք հասցնի:

Մի քիչ քայլեցին գետի երկայնքով, կանգ առան Չեխովի ոտաբոբիկ արձանի մոտ՝ լսելու Վադիմի պատմածն այն մասին, որ Տոմսկի ժողովուրդն այդպես է վրեժ լուծել գրողից, քանի որ վերջինս իրենց մասին այնքան էլ լավ չէր արտահայտվել: Հետո Լենինի՝ ձեռքն առաջ պարզած դասական արձանն էր, որի կապակցությամբ Վադիմը նկատեց, թե էդ թաթարին վաղուց պիտի գահընկեց արած լինեին: Անցան նաև Տոմսկի ՆԳԺԿ քննչական բանտի թանգարանի և դրա շուրջ եղած հուշարձանների կողքով, որտեղ Վադիմն ասաց, որ դա իր տեսակի մեջ առաջին նման թանգարանն է Ռուսաստանում: Հետո Սլավոնական դիցաբանության թանգարանն էր, որի հուշանվերների խանութը բաց էր ու Վադիմը վստահ էր, որ աղջիկներն անպայման կուզեն հուշանվերներ գնել: Ճանապարհն արահետով էր և ինչ-որ փայտե սլաքներ կային՝ “древние арии”[3] գրառմամբ, իսկ բուն թանգարին մուտքի մոտ մեծ ցուցատախտակ էր՝ “Древние арии на Томи”[4]:

—Վաայ, համե՞րգ է լինելու, հետաքրքիր է, ի՞նչ արիաներ են կատարելու, — ուրախացավ Արմինեն:

Վադիմը ծիծաղեց.

— Խոսքը արիացիների մասին է:

—Արիացիների՞,—զարմացավ Արմինեն:

—Այո:

—Բայց այստեղ արիացիներն ի՞նչ գործ ունեն, —հարցրեց Արմինեն:

—Ամենաուղիղ: Ես, օրինակ, արիացի եմ:

—Պապիկի հայկական արյան պատճառո՞վ, — հարցրեց Արմինեն:

Վադիմի դեմքը խոժոռվեց.

—Ո՛չ: Հայերը ցածր ռասա են: Ստրուկի ու ճորտի վախկոտ, հարմարվող հոգեբանությամբ: Ջհուդների նման: Մորս տատը ինչ-որ սխալ ա գործել, փչացրել ա մեր գենետիկան: Բայց ես մեկ ա, զտարյուն եմ: Բոլոր ոչ արիացիներին կարելի ա աստիճանակարգել: Հայերը ոչնչացվելու ենթակա չեն, բայց պետք ա ավելի բարձր ռասայի ծառայեն, որ արդարացնեն իրենց գոյությունը: Էդպիսին ա աշխարհակարգը:

Կարինեն ու Արմինեն քարացան:

—Երևի կատակու՞մ ես, —հարցրեց Արմինեն:

—Ոչ, չեմ կատակում:

Արմինեն նոր միայն նկատեց Վադիմի վզից շղթայով կախած սվաստիկան, երկգլխանի արծիվը, մեծ ուղղափառ խաչն ու էլի ինչ-որ բաներ: Արևն արդեն իջնում էր ու խավարը գնալով ավելի շոշափելի էր դառնում: Վադիմը շարունակում էր խոսել: Քայլում էին հին, փայտաշեն փողոցներով: Վադիմը պատմում էր Տոմսկի հիսաքանչ փայտաշեն ճարտարապետության մասին: Արմինեն ու Կարինեն ամբողջ ճանապարհին լուռ էին: Ինչ-որ տեղ մտան՝ պելմենի ուտելու: Վադիմը բոլորի փոխարեն պատվիրեց հյուսիսային եղջերուի մսով պելմենի: Աղջիկները միայն փորձեցին: Վադիմը պատմում էր պելմենիների բազմազանության, սիբիրյան խոհանոցի, թաթար-մոնղոլների, վիկինգների մասին ու էլի նման բաների մասին:

—Իսկ մինչև իմ գրելը դու գիտեի՞ր, որ մորդ պապը հայ է, —հարցրեց Արմինեն:

—Ոչ:  Ես մորս տատին չեմ տեսել, մայրս էլ առանձնապես չի պատմել, — ասաց Վադիմը:

—Չզարմացա՞ր, — հարցրեց Կարինեն:

Վադիմը չպատասխանեց:

—Հորս առհասարակ չեմ տեսել, — ասաց մի քանի րոպեից, —ինձ մայրս ու տատս են մեծացրել: Մորս տատի տանը, որը մահացել է իմ ծնվելուց առաջ: Նա գերմանացի էր: Ես զտարյուն սլավոնական ու գերմանական խառնուրդ եմ:

—Միայն «սլավ»՝ սլավոն բառը անգլերենին փոխանցվել է որպես «սլեյվ»՝ ստրուկ, —ցածրաձայն նկատեց Արմինեն:

—Իսկ մայրդ ու տատդ գիտեի՞ն, որ մենք գալու ենք, — հարցրեց Կարինեն:

—Այսօր առավոտ եմ ասել:

—Հա՞: Եթե մեզ չեն ուզում տեսնել, կարող ենք էստեղ բաժանվել, —ասաց Արմինեն:

Վադիմը խնդրեց հաշիվը բերել: Վճարեց ու դուրս եկան: Մինչև մեքենան քայլեցին լուռ: Նստեցին: Կարինեն՝ Վադիմի կողքին, Արմինեն՝ հետևում: Վադիմը երաժշտություն միացրեց: Где твои крыля.[5] Անհանգստությունը սողոսկեց Արմինեի սիրտը: Իննսունականներ, «Բռատ» ֆիլմը: Տրոլեյբուսի հայերի դրվագը:

—­­Իսկ քո ընդեղի մազերն է՞լ են սև, — հարցրեց Վադիմը Կարինեին:

— Ինչու՞ ես հարցնում, —հարցրեց Կարինեն՝ անվրդով:

Ինձ միշտ հետաքրքրել է, թե սևերի բոլո՞ր մազերն են արդյոք սև: Համ էլ՝ մազոտ տեսակ եք:

— Հա, սև են, — ասաց Կարինեն՝ առանց աչք թարթելու, — երկար ու շատ:

Խմած ա՝ մտածեց Արմինեն: Կարինեն միայն խմած ժամանակ էր էդպես հանգիստ: Բայց ե՞րբ հասցրեց: Որտե՞ղ են թևերդ:

Մոսկվայի ժամանակով 19:00-21:00

 

Կայանեցին Սովետից մնացած կեղտոտ շքամուտքով շենքի առջև: Իջան, հանեցին իրերը մեքենայի բեռնախցիկից: Հին, փայտե, սպիտակ ներկած դուռ էր: Վադիմը բանալին պտտեցրեց կողպեքում: Միջանցքը մութ էր: Մամ՝ ձայն տվեց: Հյուրասենյակի փակ դուռը բացվեց ու խալաթով, տնային հողաթափերով, մազերը չսանրած ու դեմքին շպարի մնացորդներով կինը երևաց սենյակից սպրդող լույսի մեջ:

—Ասեցի չբերես դրանց, — ասաց:

—Ուզեցի տեղդ ցույց տալ: Իմանաս՝ որտեղից ես սերում, —ասաց Վադիմը:

—Տատդ նոր է քնել,­—ասաց մայրը:

—Միշտ հորիցս ես բողոքել: Բայց հայրս գոնե զտարյուն արիացի էր, —ասաց Վադիմը:

—Մոնղոլ-թաթարական աչքերով, —նկատեց մայրը:

—Թույնիցդ ա փախել, —ասաց Վադիմը:

—Պատասխանատվությունից, —ասաց մայրը՝ հորանջելով, ապա ավելացրեց, — ձեզ չէի սպասում:

—Կարող ենք գնալ, —ասաց Կարինեն՝ սառը տոնով և ուղղվեց դեպի դուռը:

—Կարող եք, — ասաց մայրը, ապա Վադիմին անցնելով՝ իսկ դու ներս անցի:

—Ձեր տատիկի նամակները կարդալ չե՞ք ուզում, —հարցրեց Արմինեն:

—Ո՛չ, —ասաց մայրը, —կարդացածիցս կուշտ եմ:

—Հետո չե՞ք ափսոսա, —հարցրեց Արմինեն:

Կարինեն բռնեց Արմինեի ձեռքն ու քաշեց ելքի դռան մոտ:

—Գնացեք խոհանոց, հիմա կգամ, —ասաց մայրը:

—Դեղդ խմե՞լ ես, —շշուկով հարցրեց որդուն:

—Քեզ ինչ, —ասաց Վադիմը:

—Գնա լողացի, — ասաց մայրը, — ես ուզում եմ մի քիչ առանձին շփվել աղջիկների հետ:

Խոհանոցը մաքուր ու հավաքված էր: Հին, սովետի ժամանակներից մնացած կախված դռներով կահույքով: Պատուհանագոգերին՝ սենյակային ծաղիկներ: Պատուհանի տակ՝ փոքրիկ սեղան, վրան՝ թեյնիկ:

—Թե՞յ, թե՞ ավելի թունդ բան:

—Թունդ, — ասաց Կարինեն:

—Թեյ, — ասաց Արմինեն:

—Ես Տանյան եմ, — ասաց կինը՝ սառնարանից օղու շիշը հանելով:

Աղջիկներն էլ իրենց անուններն ասացին: Տանյայի թոռ Տանյան միացրեց էլեկտրական թեյնիկը: Սեղանին դրեց թեյի և օղու բաժակներ: Նաև՝ պրյանիկ:

—Դե, պատմեք, —ասաց՝ առանց թիկնակի աթոռին նստելով և ոտքը ոտքին գցելով:

—Ի՞նչ պատմենք, —հարցրեց Կարինեն` օղու բաժակը դատարկելով:

—Ի՞նչ բացահայտեցիք, — հարցրեց Տանյան՝ Արմինեին և իրեն թեյ լցնելով:

—Շատ հետաքրքիր ու անսպասելի քաղաք է Տոմսկը,­— ասաց Կարինեն:

—Ինչո՞վ է անսպասելի, — հարցրեց Տանյան:

—Արիացիներին այստեղ հաստատ չէինք սպասում հանդիպել, —ասաց Արմինեն:

—Իմ մանկության ժամանակ չկային, — նկատեց Տանյան, —կուզե՞ք ձեր պապից պատմեմ:

Արմինեի աչքերը փայլեցին:

—Այո, իհարկե, —ասաց ոգևորված:

—Պլակատներ էր նկարում: Տատս ասում էր, որ անթիվ-անհամար ստալիններ է նկարել՝ շրջանի բոլոր հնարավոր գյուղերում ու ավաններում, ու գրել է կոմկուսի բոլոր հնարավոր լոզունգները:

—Բայց ճամբարում չէ՞ր, —հարցրեց Կարինեն՝ օղու հաջորդ բաժակը կոնծելով:

—Սկզբում այո: Հետո՝ էսպես կոչված ազատ աքսորի մեջ էր: Տատս էլ էր աքսորյալ: Բայց իրեն ընտանիքով պատերազմից առաջ էին աքսորել, Կովկասից, որպես առանձնապես վտանգավոր էլեմենտ: Գերմանացի էր:

Տանյան դուրս եկավ խոհանոցից և վերադարձավ լուսանկարների հին ալբոմով:

—Նայեք, սա ձեր պապի նկարած ստալիններից է,­—ասաց:

Լուսանկարում մի խումբ աշխատավորներ էին՝ Ստալինի շատ մեծ դիմանկարի տակ:

—Ոնց որ Անդրանիկը չլինի՞,— նկատեց Կարինեն:

—Հա: Ճիշտ ես ասում,­— ասաց Արմինեն:

—Ո՞վ է Անդրանիկը, — հարցրեց Տանյան:

—Մեր գյուղի հերոսը, — ասաց Արմինեն:

—Այ էս մեկը տատս է,­­— մատը առաջին շարքի աջ անկյունում նստած պեպենոտ, երիտասարդ աղջկա վրա դնելով՝ ասաց Տանյան:

—Լավիկն է, —նկատեց Կարինեն, —փաստորեն դուք իմացե՞լ եք:

—Ի՞նչը:

—Պապի գոյության մասին:

—Այո: Տատս է պատմել:

—Իսկ մենք ոչինչ չենք իմացել,­— ասաց Արմինեն:

—Տատս ասում էր, որ պապն ուզել է մնալ, սակայն ինքը թույլ չի տվել: Տատս մեն-մենակ էր: Ընտանիքի բոլոր անդամները մահացել էին աքսորում: Վերադառնալու տեղ էլ չուներ: Այդ պատճառով իր համար կարևոր էր, որ ձեր պապն ընտանիք վերադառնա:

—Տանյա՛,—Վադիմի ձայնն էր:

—Աու՜:

—Սրբիչ կտա՞ս:

—Էլի չի վերցրել,­—փնփնթալով դուրս եկավ խոհանոցից:

—Իրականում, ամեն ինչում Մոսկվան է մեղավոր, —շարունակեց Տանյան՝ աղջիկների մոտ վերադառնալով:

—Ինչու՞մ, —հարցրեց նրա հետևից գլուխը սրբիչով չորացնելով խոհանոց մտնող Վադիմը:

—Դե, մի ստորագրությամբ տատս հայտնվել է Սիբիրում: Ընտանիքի բոլոր անդամները մահացել են սովից: Հետո Մոսկվան որոշել է, որ ֆաշիստների մոտ գերի ընկածներին պիտի աքսորի Սիբիր: Լավ ա չի որոշել՝ տեղում գնդակահարել: Էդպես պապս հայտնվել է էս կողմերում: Մոսկվայի պատճառով տատս այլևս ընտանիք չուներ: Իսկ պատերազմից հետո ամենուր տղամարդու դեֆիցիտ էր: Էդպես մայրս է ծնվել: Հետո փոխված Մոսկվան որոշել է բոլոր աքսորյալներին արդարացնել: Տատս մենակ է մնացել: Մի խոսքով՝ տատիս ամբողջ կյանքը Մոսկվան է որոշել:

Վադիմը սեղանի տակից քաշեց միակ դատարկ աթոռն ու նստեց: Վերցրեց սեղանին դրված ալբոմը:

—Մոսկվան ոչինչ անել չէր կարող, եթե տեղերում չհետևեին իր հրահանգներին, — նկատեց Արմինեն:

—Մեզ Ստալին ա պետք: Այ, որ ինքը լիներ, ամեն մեկն իր տեղը կիմանար: Ղրիմի հարցն էլ Խրուշչովը փչացրեց: Եթե չփչացներ, հիմա էդ ջհուդա-ուկրաինական մասոնները ձենները կտրած կլինեին:

—Բայց Ստալինը արիացի՞ էր, — օղու հերթական բաժակը դատարկելով՝ հարցրեց Կարինեն, —վրացիներն արիացի՞ են:

—Ապա մի դեմքին նայեք, — լուսանկարի Անդրանիկ-Ստալինին ցույց տալով շարունակեց Վադիմը, —իսկական արիական դեմք է:

—Միայն թե հայ է, —նկատեց Կարինեն:

—Ո՞վ, Ստալի՞նը:

—Չէ՛, Անդրանիկը: Բայց էդ հեչ, ուկրաինացիներն էլ են սլավոն: Բա էդ ո՞նց ա ստացվում, որ սլավոն ռուսներն արիացի են, իսկ սլավոն ուկրաինացիները՝ ոչ:

Մինչ Արմինեն փորձում էր Կարինեի ձեռքից վերցնել բաժակը, Վադիմն աղջիկների աչքն էր կոխում թևերին դաջված սվաստիկաներն ու Ստալինի դեմքը:

 —Քնելուդ ժամանակն ա, —նկատեց մայրը:

—Վե՛ր, — ու Վադիմի ձեռքից բռնած տարավ նրան, — վաղը կշարունակեք զրույցը:

Հետո վերադարձավ:

—Աղջիկնե՛ր, Վադիմի ասածները շատ բանի տեղ մի դրեք, —ասաց, — այս ամենը միայն ինքնապաշտպանական դիմակ է: Նա մանկուց շատ հիվանդոտ է, թույլ իմունիտետ ունի: Մանկության ու պատանեկության կեսը հիվանդանոցներում է անցկացրել: Բակի տղաները շատ են ճնշել:

Պատի ժամացույցը կեսգիշեր էր ցույց տալիս, երբ գնացին Տանյայի բացած տեղերում քնելու:

—Մոսկվան մենք ենք, —ասաց Կարինեն՝ անկողնու մեջ գլորվելով, — ի՜նչ փխրուն է ժամանակը:

Մոսկվայի ժամանակով 22:00

 

Արմինեն արթնացավ աղմուկից: Մթության մեջ դժվար էր հասկանալ, թե ձայնը որտեղից էր գալիս: Փոքր-ինչ բացեց սենյակի դուռը: Մա՛մ, բան չկա, քնի՛ր՝ ասում էր Տանյան: Քիչ անց ձայները լռեցին, և միջանցքի ծայրում վառվեց խոհանոցի լույսը: Արմինեն ոտքերի ծայրերի վրա գնաց խոհանոց: Ինչ-որ բան պե՞տք է՝ հարցրեց: Տանյան սեղանիկի մոտ նստած ծխում էր: Չէ՝ ասաց: Մայրս էր արթնացել: Ալզհեյմեր ունի: Չենք թողնում տանից դուրս գա: Ասում են՝ դեռ երիտասարդ է դեմենցիայի համար: Բայց սատանան գիտի: Շատ դժվար կյանք է ունեցել: Հորս շատ սիրել է: Իրենից քսան տարով մեծ էր: Այստեղ աքսորված էստոնացիներից: Շուտ է մահացել: Ես հինգ-վեց տարեկան էի: Ոչ հայրական կողմից բարեկամ ունեի, ոչ մայրական: Մայրս հիվանդանոցում սանիտարկա էր: Տատս՝ դպրոցում էր հավաքարարություն անում: Երբ Վադիմի հորը հանդիպեցի՝ քսան տարեկան էի: Մայրս էլ ինձ է քսանում ունեցել: Նոր էինք ամուսնացել, երբ Աֆղանստան տարան: Վերադարձավ: Վադիմը ծնվեց Սովետի ավերակների վրա: Հայրն արդեն գնացել էր: Գերմանացի տատ ուներ, Գերմանիան ընդունում էր: Էն գնալն էր: Սկզբում մի քիչ փող էր ուղարկում, հետո կորավ: Կամ՝ ես մոլորվեցի: Երկրորդ սիգարետը կպցրեց: Լավ բան է դեմենցիան՝ նկատեց: Իսկ որտեղի՞ց են Վադիմի ֆաշիստական հայացքները՝ հարցրեց Արմինեն: Տանյան լուռ էր: Հետո՝ մանկուց վատառողջ էր: Բակում ու դպրոցում տղաները շատ էին նեղացնում: Ուզում էի հոր մոտ՝ Գերմանիա ուղարկել: Չստացվեց: Հետո Վադիմն ուզում էր Մոսկվա գնալ՝ սովորելու: Չստացվեց: Հետո պատահեց եկեղեցին: Ուզում էր քահանա դառնալ: Չստացվեց: Հետո Օլյան պատահեց: Լավն էր Օլյան: Բայց Օլյային Վադիմը չպատահեց: Օլյան կալմիկ էր: Օլյայից հետո նացիզմը պատահեց: Տանյան հանգցրեց սիգարետն ու Արմինեին բարի գիշեր մաղթեց:

Իրական ժամանակով 06:00

 

Արմինեն ու Կարինեն Տոմսկի երկաթուղային կայարանի դիմաց ծխում էին: Օրը լուռ ու անաղմուկ էր մտել: Յանդեքսով տաքսի էին կանչել, դեռ մթով անձայն դուրս եկել:

—Ողջույն:

Թեքվեցին: Իվանն էր:

—Շնորհակալություն, —ասաց:

Աղջիկները նայեցին հարցական հայացքով:

—Ձեր շնորհիվ վերջապես Կիև գնալու որոշում կայացրի: Ձեր ասած Մոսկվայի ժամանակը հաղթահարելու միակ ինձ համար ընդունելի տարբերակը: Հուսամ դեմ չեք, որ միասին գնանք Նովոսիբիրսկ: Իմ թռիչքն էլ է այսօր երեկոյան:

Գնացքի պատուհանից դուրս հեռանում էր Տոմսկը: Արմինեն մտածում էր, որ փախան: Պիտի այցելեին Տանյայի գերեզման, պապի անունից ծաղիկ դնեին, Հայաստանից հետները բերած խունկը վառեին: Էդպես էին պլանավորել: Էդպես էր ինքը տեսնում, երբ դեռ Հայաստանում մտածում էր Տոմսկ գալու մասին: Անգամ տեսնում էր, թե ինչ ծաղիկներ է դնելու: Կարմիր ու սպիտակ մեխակներ: Սակայն պատահեց Վադիմը և իրենք փախան: Խունկը թողեցին Վադիմենց շենքի շքամուտքում: Էլ ալկաշ, էլ՝ մարդասպան, ինչ ասես հասցրին մտածել Վադիմին սպասելիս: Ինչ ասես՝ բացի նացիստից: Հիմա, երբ թերթում էր Վադիմի ֆեսյբուքյան էջը, տեսնում էր նշաններ, որոնցից կարելի էր ենթադրել Վադիմի գաղափարական համակարանքները: Տոմսկի պատմական ու ոչ այնքան պատմական լուսանկարների, Տոմսկի ու Ռուսաստանի մասին վիկի հղումների արանքներում թաքնված էին Դուգինի յութուբյան դասախոսությունները, Ստալինից մեջբերումներ ու անգամ Լիմոնովի ինչ-որ տեքստեր: Հետո մտածում էր, որ իզուր չլսեց Կարինեին: Կարինեն առաջարկում էր Վադիմի մեքենայի անիվները վնասել ու գրություն թողնել. «մահ ֆաշիստներին»:

Պիտի Վադիմին խաղալիք տանկ նվիրեր ու Երևան հրավիրեր: Եթե էդպես վարվեր, գուցե Վադիմին պատահեին Հայաստանով մեկ սփռված ժայռապատկեր-սվաստիկաներն ու քարե ֆալոսները, և Վադիմը աստղաֆիզիկոս դառնար: Մտածում էր Կարինեն: Իսկ եթե Իվանի հետ մնա Նովոսիբիրսկու՞մ: Ինքը կլինի Գուսև, Իվանը՝ Լյոլյա: Հա, լավ տարբերակ ա: Անսպասելի: Իսկ Իլյան ո՞վ կլինի՝ Կատյա՞ն, թե՞ Արմինեն: Չէ՛, ի՞նչ Նովոսիբիրսկ, մեռնել չի ուզում: Իլյան ինքն ա: Ինքը զենքի հետ գործ չունի, տեսաբան ա: Գուցե Իվանին հետը Երևա՞ն տանի: Միասին կգնան Բյուրական, Օրգով, Արագած, Զորաց քարեր, Մեծամոր, իրենց հայրական գյուղում պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան: Անդրանիկի արձանը ցույց կտա: Ճի՛շտ էր Գուսևը, միտքը կանգնեցնել չի կարելի: Կարինեն պայուսակից հանեց անցյալ ամառ Բյուրականի աստղադիտարանում քաղած և ապա տարբեր գիտական, մերձգիտական ու գեղարվեստական գրքերով ճամփորդած չորացած վարդն ու զգուշորեն տվեց Իվանին.

— Կատյային՝ ինձնից, — ասաց, — հուսամ՝ կհանդիպենք, երբ ժամանակը գա:

— Լսի, ի՞նչ ես կարծում, կնկատեի՞նք, որ ընկեր Հովհաննիսյանին Բաքուն ա կանչում Ռոմի ֆիլմում, երբ Գուսևն ու Լյոլյան զրուցում են միջքաղաքային զանգերի կենտրոնում, եթե ֆիլմը նայեինք 88-ից առաջ, — հարցրեց Կարինեն Արմինեին:

— Չգիտեմ: Գուցե՝ Հովհաննիսյանը ֆիքսեինք, իսկ Բաքուն՝ ոչ: Բայց ես հարցն այլ կերպ կձևակերպեի՝ կհիշեի՞նք արդյոք էդ դրվագը, եթե Վադիմը մեզ պատահած չլիներ,— մի փոքր մտածելուց հետո ասաց Արմինեն:

Արմինեն երկար նայում էր Իվանին, ապա պատուհանից դուրս: Հետո ասաց.

— Հետաքրքիր էին, այնուամենայնիվ, վաթսունականները: Գուցե իրական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ռոմի ֆիլմում Հովհաննիսյանին հատուկ է հենց Բաքուն կանչում, չէ՞ որ էդ ֆիլմում յուրաքանչյուր դրվագ մտածված է: Պարզապես էն թվերին նայողները դժվար հասկանային: Ճիշտ Մաթևոսյանի «Խումհար»-ի ղարաբաղյան հատուկ սորտի ցորենի պատմության պես:

— Կարծում եմ տարբեր բաներից ես խոսում: Եթե անգամ Ռոմի մոտ մտածված ա Հովհաննիսյանի Բաքվից լինելը, երևի ինտերնացիոնլիզմը շեշտելու համար: Ճիշտ էնպես, ինչպես Լյոլյայի ու Գուսևի հարսանիքի կադրը, որտեղ վրացերեն են երգում: Իսկ Մաթևոսյանի մոտ պատմությունը հակառակի մասին ա, — պատասխանեց Կարինեն՝ մի փոքր մտածելուց հետո:

— Չգիտեմ: Ու երևի երբեք էլ չենք իմանա, որովհետև չենք կարող հեղինակներին հարցնել, — ասաց Արմինեն: Հիմա արդեն վստահ էր, որ Բաքու զանգող Հովհաննիսյանը պիտի անպայման հենց էդտեղ, հենց այդ պահին ու հենց իրենց պատահեր՝ նախքան Վադիմը:

 

***

 

Հետգրություն. Երևանի ժամանակով 23:00  

 

Շոգ երևանյան երեկո էր: Փափուկ էին Իվանի ձեռքերը: Փափուկ, ամուր ու պահնաջկոտ: Շուրթերն էլ: Արմինեի մերկ ու համարձակ մարմինը հաճույքից նվվում էր: Ազդրերը՝ լարվում ու թուլանում: Դիմացի հայելու մեջ, լուսնի լույսի տակ Իվանի մերկ ու անպաշտպան մարմինը քայլում էր դեպի խոհանոց: Բերածը սառույց էր: Հալվում, հոսում էր Արմինեի մարմնի գոգավորություններով, անհագ շուրթերով, սարուձորերով:

Իվանը: Երևան էր տեղափոխվել քսաներկուսի մարտին, իր աշխարհի վերջի սկզբից շաբաթներ անց: Կատյայի հետ չէր ստացվել: Կատյան իր ընտրած ճանապարհով ընթացել, ընթացել ու հայտնվել էր Բեռլինում: Բայց Վանյայի ճանապարհն էլ Պուտինի հետ նույն առվով չէր հոսում: Արմինեն ու Կարինեն օգնել էին Շենգավիթում ինչ-որ վարձու բնակարան գտնել՝ մինչև հասկանալի կլիներ: Մի ամսից կամ իր աշխարհի վերջի սկզբից մեկուկես տարի անց Արմինեն տեղափոխվել էր Իվանի մոտ:

Մահճակալի կողքի սեղանիկին կանչում էր հեռախոսը: Արմինեն պառկած էր փորին: Դժկամորեն մեկնեց ձեռքը: Կարինեն էր: Օ-էռ-տե միացրեք՝ ասաց: Արմինեն փաթաթվեց սավանով: Հայելու մեջ, լուսնի լույսի տակ Արմինեի ու Վանյայի մարմիններն էին: Այնուհետև՝ հյուրասենյակի բազմոցին: Հեռուստացույցի էկրանից ռուս գեղեցկադեմ հաղորդավարուհու տագնապալի ձայնը հայտնում էր, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Տոմսկում Նավալնու համակիրները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ընդհատել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը: Վադիմ անունով ինչ-որ զինված սափրագլուխ ինքնաշեն ռումբ է պայթեցրել: Ռումբը թույլ է եղել և Վադիմը սխալ է այն կառավարել՝ արդյունքում վնասելով միայն ինքն իրեն: Նա նաև հայտարարություն է տարածել, թե ռուս լիբերալները կործանում են հզոր Ռուսաստանը, որ նրանց մեղքով է Ռուսաստանը թուլանում, և որ ժամանակն է, որ բոլոր իրական հայրենասեր արիացիները, որոնց երակներով հոսում է վիկինգների արյունը, համախմբվեն Ռուս ուղղափառ եկեղեցու շուրջ ու վերացնեն Արևմուտքի գործակալ լիբերալներին՝ հզոր Ռուսաստանի իրական թշնամիներին:

Վազող տողով հոսում էր Մոսկվայի ժամանակը: Երևանի գիշերային տապում: Երևանի գիշերային տապով: Արմինեի, Կարինեի, Վադիմի հետ նրանց ընդհանուր պապի, Իվանի, Կատյայի, Կարինեի տատի, Արմինեի հոր, Իվանի հոր, Իլյայի, Լյոլյայի, Գուսևի, Տանյաների ու Վադիմի մարմինների վրայով:

Իվանի՝ Արմինեին հանձնված հարթ ու ձիգ մարմինը տնքում էր: Իվանի մարմնին տառեր ու թվեր գրող Արմինեն միշտ մոռանում էր, որ Երևանն այլևս չէր փոխում ժամանակը: Օրվա իշխանությունը ժամանակին որոշել էր Մոսկվայի հետ միասին լռվել ձմեռային ժամանակում: Ու հիմա Երևանը Մոսկվայից մի ժամ առաջ էր:

փետրվար-մայիս 2025

[1] Փողկապավոր սպիտակ տղամարդիկ հրթիռի չափը քննարկելիս:

[2] «Ամերիկան կրկին մեծ/հզոր դարձնել»՝ հղում ԱՄՆ նախագահ Թրամփ հանրահայտ արտահայտությանը:

[3] Ռուսերեն՝ հին արիացիներ: Այստեղ կա բառախաղ, քանի որ ռուսերեն “древние арии”-ի բառակապակցությունը կարելի է ընկալել ինչպես որպես հին արիացիներ, այնպես էլ՝ հին արիաներ:

[4] Ռուսերեն՝ հին արիացիները Տոմում:

[5] Ռուսերեն՝ որտե՞ղ են թևերդ: «Նաուտիլիուս Պամպիլիուս» հայտնի խմբի երգերից, որը նաև ռուսական հայտնի «Եղբայր» (Брат) ֆիլմի սաունդթրեքն է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *