Ռայներ Մարիա Ռիլկե | Մտքեր գիշերվան

I

Հայացքը կտրելով գրքից, հառելով տողերից էլ վեր
լիացած գիշերից անդին.
ինչպե՜ս է կծիկն հույզերի աստղերի նման բաշխվել,
որ ասես գեղջկական ծաղկեփունջ
վերևում կապելիս լինեն:

Սահանկուն, հեզանազ ճոճքի,անկշիռ ճկումի հրճվանք՝
ծանրացած աղեղի հանգույն՝ նրբորեն պրկված -:
Ամենուր առնչման հաճույք և չկա հագեցում բնավ,
Աշխարհը չափից առավել և հողը նվազ:

II

Գիշերվա մտքեր, նախազգայելի փորձից վերառված,
որ հարցնող մանկան ներսում է արդեն լցվել լռելյայն,
ես ձեր մասին եմ խորհում կամացուկ, և վերևներում
ապացույցն հզոր ձեզ է մեղմորեն իր գիրկն ընդունում:

Այդ դու՛ք եք, հաստա՛տ, որ այստեղ՝ լեցուն այս ամբարներում,
բյուր գիշերներում գիշերն է թաքուն ծնում ինքն իրեն:
Ինչպե՜ս է, հանկարծ, անհունն ամեհի, որպիսի՜ հույզով
թեքվել իմ միջի քրոջ վերևում, ում ծածկում եմ ես:

III

Հոսանուտ երկինքն հեղեղած աստղերն են փայլում կորուսյալ
մորմոքի վրա: Փոխանակ բարձի մեջ լալու՝
արցունք են հեղում առ երկինք: Այստեղից՝ սգվորից արդեն,
համրացող հայացքից՝ իրեն
շուրջառած, սկիզբ է առնում
զգլխիչ տիեզերքը շենշող: Այդ ո՞վ ընդհատի պիտի,
երբ դու մղվում ես այնտեղ,
հորձա՛նքը: Ո՛չ ոք: Հուսկ ապա
դու հանկարծ կռիվ ես տալիս հսկա բեկվածքին ընդդեմ
դեպի քեզ ուղղված աստղերի: Շնչի՛ր:
Շնչի՛ր խավարը երկրի և նորից
ու կրկին նայի՛ր: Վերստի՛ն: Թեթև ու անդեմ,
հենվում է անհունի խորքից առ քեզ: Լուծարված
դեմքն է, գիշերն ամբարած, քո դեմքին հեռաստան տվել:

Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *