Երբ Բարեփոխությունն արդեն հաստատվել էր այս կավահողում
ու կաթնուկի պես կանաչ դոլարի դաշտերում,
Ամպերը սահեցին գնացին, արևն ամենուր էր ընկնում:
Նույնիսկ ձյունը ծաղկեց, իսկ Նյու Հեմփշիրը մի մեծ
քաջվարդ դարձավ:
Բլրի գագաթին մի ամբար էր շողում,
Շուրջը` ցիրուցան մոլեխինդ ու սոճի,
Իսկ ցցաշար ցանկապատի դռների վրա մրափ էր իջել:
2
Մի ժամանակ, Քաղաքացիական պատերազմից հետո, ազատության արծաթյա թևը
Թռավ գնաց ինչպես Ֆրիքի գործարանի երիզանման ծուխը,
Ու բոլոր քաղաքաբնակները Սթոքբրիջից մինչև Ուիլամեթ
գժվեցին ամսի չորսին: Սրինգների ձայնը դեռ հնչում էր,
իսկ արևի ոսկեպնակն անշարժ էր մինչև որ այն
խլրտաց ինչ-որ մի Ֆորդի դիմապակու վրա:
Այդ ժամանակ դու փաստաբան էիր:
3
Չարլզ Այվսը խմբավար էր Դանբըրիում, ու դու նրան
Օրուարև չէիր տալիս: Նա դաշնամուրի վրա բեյսբոլ էր նվագում:
Այդպես էլ իր հենակայանում չհնչեցրեց իր տոնիկական բասը, իսկ նրա կիսատոները
Տախտակն ապտակող կաղնու տերևներ ասես լինեին:
4
Բայցևայնպես, որքանո՞վ ենք մենք միլթոնական:
5
Երևակայության այդ կարմիր ապակու մեջ,
ջահի այդ զրնգուն բյուրեղի մեջ,
որտեղ լույսը սառչում է իր իսկ հատվածակողմում
և Նյու Հեյվընի կանաչ մարգերի հեռակետը
խամրում է ինչպես պարսկական գորգերը մթնշաղում,
այդտեղ դու մի կուժ տեսար, միգուցե Դելֆթից,
մանգոների պնակի կողքին:
6
Պատմությունը, սակայն, բումերանգ է,
և բնիկները այն երբեք չէին նետում առանց վահանի:
7
Քի Վեսթի ծածկապատշգամբներից անդին, բուգինվիլներից անդին,
քո խոսքը ցատկոտում էր գաղջ ալիքների վրա,
անվերջ փարվում սիրահարներին ու բարեկամներին,
ուսյալներին, ովքեր սիրում են արևի անրջային գիշերները:
Բայց մրգերն ու կախազարդերը, գունեղ սփռոցը, Արմավենու չոր տերևները, հմայության կեղծ փայտը,
բոլոր բերված հուշանվերները
պարզապես հուշանվերներ էին: Իսկ հյուղերը, գավազանը,
կտրատած գաղտիկուրը վառ պատկերներ էին.
և ո՞վ տեսավ դրանք քո մթին ափից:
8
Բողոքական ճաշապնակը մի առանձնացված տեղ է,
որտեղ մսի կտորը պնդանում է, սիսեռը` վախեցած նստում իր անկյունում, կարտոֆիլի խյուսը` քարանում:
Մի քիչ ջին, սառնանույշ, և մենակության սարսափը
չքվում է առժամանակ:
9
Ինչպես արևոտ երկրներում են ասում` un abrazo:
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի