Նանե | Ընտրություն

Բաց պատուհանից ներս խցկվող, խուժող օդը սպեղանու պես էր՝ հանգստացնող, գգվող, անուշ-անուշ: Կանգնել ու խորը-խորը, ագահ-ագահ շնչում էր: Աշխարհին կարոտել էր. արդեն կորցրել էր հիվանդանոցում անցկացրած օրերի հաշիվը՝ խալաթով քնում էր (եթե բուժքրոջ կանչով՝ պառկելուց րոպեներ անց, կիսախուփ աչքերով նինջը թոթափած վեր թռչելն ու հետո նորից մի քանի րոպեով պառկելը քնել համարեր), խալաթով արթնանում էր: Բայց միայն աշխարհի կարոտը չէր. շտապում էր, կարևոր գործ ուներ, մի այլ կարոտ էլ կար՝ ողջ կյանքում երազել, փնտրել ու հազիվ…
-Ահա հասցեն,- մի երեք շաբաթ առաջ թղթի մի կտոր էր իրեն երկարել արդեն տարիներով այդ փնտրտուքով զբաղվող պաշտոնյան,- վերջերս նա տեղափոխվել է հենց այն շրջանը, որտեղ Դուք եք ապրում: Շատ մոտ է…բան չմնաց: Մնում է պարզապես զանգահարել, պայմանավորվել ու հանդիպել:
Բայց մինչ ինքը հուզված ՝ հեռախոսը դողացող ձեռքն էր վերցնում, մի երկու համար հավաքում-անջատում, մի այլ զանգ առաջ ընկավ.
-Բժիշկ, հիվանդները շատ են, բաժանմունքի այսօրվա հերթապահ բժիշկներից մի քանիսն էլ են վատացել, պետք է այսօր էլ գաք:
-Ալեքս, արագացրո՛ւ, հիվանդներն այնքան շատ են, որ անգամ միջանցքներում ենք տեղավորում,- արդեն հիվանդանոցում շտապեցրել էր կոլեգաներից մեկը: Նրա անքնությունից կարմրած ու տագնապած աչքերն իրեն էին փոխանցել այդ տրոփող տագնապը:
Ու …սկսվել էր խելագար օրերի վազքը, մղձավանջը…

-Ալեքս, ինչ լավ է, այստեղ ես, ես էլ մի երկու րոպե շունչ քաշեմ,-աշխատասենյակ մտնելով` ասաց բժշկուհի Մագին,- մի հիվանդ էլ մահացավ: Այսօր արդեն…
-Մի՛ ասա,- նրան արագ ընդհատեց Ալեքսը,- արի մի քանի րոպե մոռանանք, անջատենք այդ «սարսափ-ֆիլմը», անջատվենք: Թեյ ուզո՞ւմ ես,- ավելացրեց:
-Բա մեկուսացածներին էլ կնախանձե՞ն, իսկ ահա ես նախանձում եմ, ոնց եմ նախանձում: Գոնե մի քանի օր տուն գնայի, մի քանի օր մոռանային ինձ, մոռանայի այս ամենն ու ի՛նձ հիշեի,- Մագին, բազմոցի թիկնակին հենված, փակել էր աչքերը և կում-կում թեյն էր վայելում,-ո՞վ կմտածեր, որ մի ինչ-որ վիրուս՝ կորոնա, թե ինչ զահրումար, մեր կյանքն այսպես գլխիվայր շուռ կտա,- նա բացեց աչքերն ու նայեց ընկերոջը,- գիտե՞ս, արդեն շատ գիտնականներ են փաստերով բարձրաձայնում, որ այս վիրուսը լաբորատորիայում է ստացված: Ինչ- որ ճիվաղներ սպանդ են սկսել ու երևի հրճվում են այս մահերից, դատարկ քաղաքները տեսնելու հաճույքից:
-Հա, սարքած բան է, պարզից էլ պարզ է: Լավ, ծանր թեմա է, մեր հոգնած գլուխների բանը չէ, մերոնք մեղք են, գնամ, թող մի քիչ էլ իրենք հանգստանան:
-Բայց ախր, ամբողջ գիշեր համարյա չենք քնել: Մենակ չեմ ուզում մնալ, մի քիչ էլ մնա,- Մագիի աղերսական հայացքը կանգնեցրեց ընկերոջը:
-Լավ, բայց միայն մի տասը րոպե,- Ալեքսը տեղավորվեց աղջկա կողքին:
-Հիշո՞ւմ ես,- նրան սեղմվեց Մագին,- Նոր Տարվա գիշերն ինչ լավ անցկացրինք, ասացիր, որ տարվա մեջ մի օր ինձ համար շատ հետաքրքիր անակնկալ ես անելու: Գոնե ասա, թե ի՞նչ անակնկալ էիր մտածել:
– Տարին դեռ չի վերջացել, Մագի:
– Դե, էլ մի… Դու էլ հասկանում ես, որ տարին արդեն մեզ հետ կապ չունի, մերն այս օրերն են… Դինան արդեն չկա՝ նույն կուրսից էինք, Կամիլը, Միշելը…
-Սառան, Հենրին…
Ալեքսը հիշեց Միկային՝ ամենամոտ ընկերն էր, մանուկ օրերից էին մտերիմ, ամեն բան միասին էին որոշում, նույն բանն էին երազում, միասին էլ որոշեցին բժիշկ դառնալ, որովհետև Միկայի շունը վթարի էր ենթարկվել ու երկար խնամում էին, այդ ժամանակ էլ հասկացան, որ բժիշկ լինելը կարևոր է: Իսկ թե լավ է, թե ոչ, դժվար է, թե հեշտ, հետո էին մտածելու, և ավելի շատ հենց այս օրերին…
-Տեսնես ինչպե՞ս է Միկան, տեսնես ո՞ւր է հիմա:
Մագին լուռ էր:
Միկան չդիմացավ: Բոլորի պես նա էլ շնչառական սարքի համար ընտրություն էր անում, թվում էր լավ էլ սառնասիրտ է, վստահ իր արածին: Բայց մի օր.
-Ես մարդ եմ սպանել, մաաարդ.. մեկ, երկու, երեք…տասնչորս, տասնը…, արի, ականջիդ բան ունեմ ասելու,-մոտենում էր ու խորհրդավոր շշնջում՝ մարդ եմ սպանել,-հետո գոռալով էր կրկնում՝ սպանել եմ, մարդ եմ սպանել՝ մեկ, տասնչորս, քսան…,- հետո արդեն սենյակի իրերն էր հաշվում, կողքին եղած մարդկանց, պատուհանից երևացող ծառերը՝ մեկ, երկու, երեք… տասնվեց…քսանհինգ: Հետո նորից ու նորից՝ մեկ, երկու, երեք…
-Հաշիվս կորցրի, մի խանգարեք:
-Մարդ եմ սպանել:
Միկային հանգստացնող ներարկեցին ու տարան:
-Տեսնես ինչպե՞ս է:
Ինչ հեշտ էր ուրախանում, ասենք տխուր նրան գրեթե չի էլ հիշում՝ վիրավոր շանը խնամելու օրերից բացի:
-Ապրելը լավ բան է,- ասում էր, և արդեն պարզ էր, որ ընկերուհու մոտից է գալիս:
– Դե, զզվեցրիր, ամուսնացիր պրծնենք,- ասում էր ինքը:
-Կարծում ես, դրանից հետո չե՞մ ասելու:
-Ես ինչ գիտեմ: Հուսով եմ՝ չէ:
«Տեսնես ո՞ւր է…»,-Ալեքսը մտքերի մեջ էր:

Մագին գլուխը հենեց նրա կրծքին.
– Գրկիր միայն, պարզապես գրկիր, մրսում եմ, -նվվաց երեխայի պես,-հետո գլուխը բարձրացրեց:- Ասա՛ անակնկալը, ես կերևակայեմ, որ արդեն այն ստացել եմ: Հիմա երևի միայն երևակայությունն է, որ մեզ մնացել է դեռ: Ասա՛:
– Չեմ հիշում, արդեն չեմ հիշում:
Հավատալու բան չէր, բայց Մագին հավատաց:

Աշխատասենյակի դուռը թակեցին, բուժքույրը դուռը կիսաբաց արեց.
-Բժիշկ, ե՞րբ կարող եք գալ:
-Գալիս եմ:

Նոր հիվանդներին միջանցքներում էին տեղավորել, ջերմող, թոքաբորբով մարդիկ՝ միջանցիկ քամու բերան, պաղ տապչանների վրա, ոմանք անգամ առանց ծածկոցի, հևում էին: Հների մեջ էլ, որը մահացել, որի վիճակն ավելի ծանրացել էր: Լավացողներ էլ կային, թե չէ…
– Շնչառական օդափոխիչ սարքեր են պետք, նոր, շատ երիտասարդ ծանր հիվանդներ ունեմ, Մագի, այսպես ո՞նց աշխատենք: Գոնե մի քանիսը լիներ:
-Իմ հիվանդներից մեկը տարիքով մեծ է: Մի սարք կարող եմ տալ, գնա՛նք:
Քայլեց Մագիի հետևից: Երևի երկար քայլեցին, որովհետև ճանապարհին մտքերի խառնաշփոթը կարգուկանոնի եկավ, ձևակերպվեց, դարձավ բարձրագոչ, այնքան որ, ականջները ցանկացավ փակել.
-Մագի, դու պատկերացնո՞ւմ ես, թե մենք այստեղ ինչո՞վ ենք զբաղված, ի՞նչ ենք անում: Ես ի՞նչ իրավունք ունեմ մարդուն զրկել իրեն բաժին հասած շնչելու իրավունքից:
Մագին կենտրոնացած քայլում էր և առանց շրջվելու փորձեց հանգստացնել, համոզել ընկերոջը:
-Այնպես ես խոսում, ասես առաջին անգամն է, արի՛:
Մտքերը համառ էին, ավելի բարձրագոչ ու ականջ ծակող: «Նյարդերս տեղի են տալիս,-մտածեց Ալեքսը»: Հետո խորը, լսելի հառաչեց.
-Էհ, Միկա, Միկա, ընկերս, ո՞ւր ես հիմա:
-Քիչ մնաց, հասնում ենք:
Մագիի ձայնի մեջ սառույց կար, անգամ ճրթճրթոցը լսեց ու սարսռաց ցրտից:
Մի միջանցք մնաց, այս մեկն էլ կանցնեն ու…
– Քիչ մնաց:
Հնազանդ, գլխահակ քայլում էր Մագիի հետևից: Մտքում հիմա արդեն նոր ծանր հիվանդներն էին՝ մեկից մյուսին էր անցնում ու փորձում որոշել, թե միակ սարքը ո՞ւմ պետք է բաժին հանի: Երեսնամյա Լիլին կապույտ աչքեր ուներ ու երկայն, բարձին անփույթ ցաքուցրիվ փռված մազերը շոյանք էին ասես աղերսում: Կամ գուցե այն մեկի՞ն՝ ամրակազմ, թիկնեղ տղամարդուն, իսկ կողքի՞նը, որ ինտելիգենտ, խոհուն աչքեր ունի, այն չորս երեխայի մա՞յրը, հա մոռացել էր քսանչորս տարեկան տղային՝ կյանքի անհագ ծարավն աչքերում: Երբ հասան հիվանդասենյակին, ընտրությունն արդեն Լիլիի վրա էր կանգ առել, գեղեցկությունն իրենն արել էր:

Թիվ 51 հիվանդասենյակում մահվան հոտ կար, չնայած որտե՞ղ այն չկար՝ միջանցքներում, ողջ հիվանդանոցում, դրսում, իր մեջ, Մագիի մարած, անհաղորդ աչքերում, ամբողջ աշխարհում:
Մտան հիվանդասենյակ: Մոտեցան, ավելի մոտեցան, սենյակի աջ կողմի ամենախորքում պառկած հիվանդը հայացքով սոսնձվել էր իրեն, և ասես ինքը ոչ թե Մագիի ուղղորդմամբ էր առաջանում, այլ այդ հայացքի կանչով: Մոտեցան, ավելի մոտեցան… Իրար օգնելով սկսեցին անջատել սարքը: Հայացքը խոնարհեց, ու նախ իր մեջ՝ մտքերը, հույզերը…. մարդը անջատեց և կենտրոնացավ միայն իր գործողություններին: Ահա, դիմակն էլ հանեց ու արագ քայլեց դեպի մուտքը: Բայց մի պահ կանգ առավ դռների մոտ, շրջվեց՝ հիվանդի աչքերը սոսնձվել իրեն ու չէին պոկվում:

Այդպես էլ՝ հայացքն իր հետ տարավ, քայլեց միջանցքներով, պտույտ տվեց միջանցքի կեռմանում: Երբ թիվ 17 հիվանդասենյակ մտավ՝ Լիլիի կողմն անգամ չնայեց, կարևորը թվերն էին ու սարքը ձեռքին քայլեց դեպի քսանչորսամյա տղան: Ապա նորից երերալով անցավ միջանցքներով, իջավ աստիճաններով, հասավ աշխատասենյակ ու փլվեց բազմոցին: Հայացքն իր հետ էր…

Մագին թեյի բաժակը մեկնեց ու.
-Փորձիր ցրվել, մենք ուրիշ ելք չունեինք: Եվ հետո, հո առաջին անգամը չէր: Եվ ամեն տեղ էլ, այլ երկրներում էլ այդպես են վարվում: Ընտրել է պետք և վերջ:
-Բայց գուցե այդ ջահելը, որին սարքը բաժին ընկավ՝ անուղեղի մեկն է, մարդասպան, որի ձեռքը հետո հանդիպողները կրակն են ընկնելու, իսկ այդ քո ասած՝ «մեծը» դեռ ինչեր ուներ աշխարհին տալու: Դու հասկանո՞ւմ ես, ավագների մեջ այն իմաստուն, փորձառու կորիզն է, որ երիտասարդներին հաց ու ջրի պես պետք է: Պատկերացնո՞րմ ես՝ Էյնշտեյնին, Բեթհովենին, մյուսին, այն մյուսին ասեին՝ վերջ հերիք է, մեծ եք, հիմա մեր հերթն է, մե՛զ ճանապարհ տվեք: Պատկերացնո՞ւմ ես: Չէ՛, դու պատկերացնո՞ւմ ես ինչ ենք անում: Սրանից առաջ էլ էր էդպես՝ ջահելներին, ամեն բան երիտասարդներին՝ փողը, ուշադրությունը, ճանապարհը, իսկ արդեն կայացածին, գիտելիքներ ու փորձ իրարու բերածին՝ ոչինչ, «Դու պետք չես, հեռու քաշվիր» : Դրա համար էլ աշխարհն այս օրին հասցրինք: Հասկանո՞ւմ ես:
-Հասկանում եմ,- հոգնած ու գրեթե մարած ձայնով ասաց Մագին, – բայց այս պահին մենք չգիտենք, թե այդ հիվանդներն ովքեր են, ի՞նչ են անելու, մեր իմացածը միայն թվերն են, միայն տարիքը և պետք է այդ չոր թվերով ընտրություն անենք,- հառաչեց, ինչպես միշտ՝ կանացի նրբանկատությամբ՝ աննկատ, հոգու ներսում:
-Քանի՞ տարեկան էր:
-Մոռացիր, լա՞վ, մոռացիր, ասում եմ: Դեռ մե՛նք չգիտենք, թե մեզ հետ ի՞նչ է լինելու, դուրս կգա՞նք արդյոք այս դժոխքից և պետք լինելիս գոնե մեր աչքերը փակող կլինի՞:
-Հա, իսկապես, չսպասեցինք աչքերն էլ փակեր,-այդ աչքեեերը…Ալեքսը տանջում էր ինքն իրեն, Մագիին, ուզո՛ւմ էր տանջվել, ասես այդ էր ինչ-որ մեղքից ազատվելու ձևը:
-Քեզ ի՞նչ է եղել, Ալեքս:
-Ասում ես, գուցե այստեղից էլ դուրս չգա՞նք: Իսկ ես հորս էի ուզում տեսնել, գոնե մի անգամ նայել աչքերին:
-Իսկ ե՞ս, կծիծաղես՝ իմանաս, թե ինչ եմ երազում՝ հերիք է տուն հասա՝ սուրճ եմ պատրաստելու, փաթաթվեմ իմ սիրած շալի մեջ, Շոպեն միացնեմ ու վայելեմ … խաղաղությունը, միայնությունը, կյանքը… Պատկերացնո՞ւմ ես, ու ….առանց դիմակի…
– Չասացիր, թե քանի տարեկան է:
– Դե, ասենք՝ վաթսուներկու: Վաթսուներկո՛ւ տարեկան էր: Ավելի ցածր տարիքովների էլ ենք անջատել: Վաթսուներկո՛ւ… անունն էլ՝ Հարրի, Հարրի Մենդոու,- նյարդային վրա տվեց աղջիկը:
Ալեքսի գլուխը մշուշի մեջ էր, անգամ ասես երազային պատրանքներով էր պարուրված՝ Հարրի Մենդոու, Հարրի՝ լսել ու կրկնում էր մտքում առանց որևէ բան գիտակցելու:
Արթնացավ, դժգոհ նայեց շուրջը, Մագիի թթված դեմքին:
-Անունը չասացի՛ր:
Մագին չզարմացավ՝ այս օրերի մեջ նորմալ, անխաթար գիտակցությունն էր զարմանալի.
-Ինչի՞դ է պետք անունը: Հասկացի՛ր, նա դատապարտված էր ու դժվար թե ապրելու շանս ունենար: Եվ հետո, այդքան մահացողներին թողած, որ դարձյալ սարք չլինելու պատճառով գուցե չեն փրկվում, դու միայն այդ մեկի վրա ես կենտրոնացել: Քեզ ի՞նչ է եղել այսօր:
Իսկ Ալեքսին ասես ինչ-որ բան իրոք եղել էր ու հե՛նց այսօր.
-Ի՞նչ գիտես, թե դատապարտված էր, մեզ Աստծո տեղ դրած որոշումներ ենք կայացնում, հետո ասում, թե շանս չուներ: Բայց նրա՛ն էր բաժին հասել այդ սարքը, հասկացիր, նրա՛նն էր:
-Հարրի Մենդոու էր անունը: Վերջ: Արի՛ մոռանանք, լա՞վ:
-Ինչ ասացի՞ր:
-Ասում եմ՝ մոռանանք, արի մոռանանք, ամեն ինչ մոռանանք՝ նրան, մյուսներին, մեզ,- Մագին սկսեց հիստերիկ հեկեկալ,-էլ չեմ դիմանում, ես էլ չեմ դիմանում:- Ճերմակ խալաթի մեջ կծկված, հեկեկացող աղջիկն ուզածդ մեկի սիրտը փշուր-փշուր կաներ: Միայն թե, Ալեքսն ինչ-որ ներքին տենդով բռնված՝ անհաղորդ էր.
-Ինչ ասացի՞ր:
Մագին նայեց ընկերոջն ու վախեցավ. Ալեքսի աչքերում տարօրինակ փայլ կար, անբացատրելի մի բան, որ մոռացնել տվեց իր լացը:
-Վերջ, գնանք, մենք այսքան հանգստանալու իրավունք չունենք:
-Հանգստանալո՞ւ, ախ հա,- հեգնանքով ասաց Ալեքսը-գնա՛նք:
Ոտքի կանգնեց ու հանկարծ նորից ասես միտքը պայծառացավ.
-Մագի՛, չասացիր այն մարդու անունը, ինչո՞ւ չասացիր:
Մագին այլևս ուժ չուներ վախենալու, վերլուծելու, ենթադրելու և թութակի պես նորից կրկնեց.
-Հարրի, Հարրի Մենդոու:
-Արագացրեք, բժիշկ, նոր հիվանդներ են բերել,- բուժքույրն էր:

Հիվանդասենյակում ասես ոչ ինքն էր, ոչ ինքը չէր: Մոտեցավ առաջին հիվանդին, զննեց, լսեց թոքերը, շրջվեց դեպի բուժքույրը:
-Թոքաբորբ է, կրեպիտացիա կա, աջից՝ ավելի շատ,- վերցրեց նշանակման թերթիկը, մեխանիկորեն սկսեց լրացնել, իսկ գլխում տրոփ էր քիչ առաջ լսած անունը:
-Խնդրում եմ, բուժքույր, մյուսներին ջերմաչափիր, ջերմն իջեցնող կամ այլ սիմպտոմատիկ հաբ տուր, մինչև ես գամ,- ու վազեց միջանցքներով, սրահներով, աստիճաններով … հասավ… Թիվ 51 հիվանդասենյակի աջ կողմի հեռու անկյունի մահճակալին նոր հիվանդ էր պառկած:
Իրեն դուրս նետեց՝ նորից վազք միջանցքից- միջանցք, աստիճանից-աստիճան: Ձեռքը գրպանը տարավ ու ափում ճմրթեց իրեն տրված հասցեով թուղթը՝ այժմ արդեն հասցեն փոխված էր:
Նկուղային հարկում մարած հիվանդների մարմիններ էին, շատ էին, անչափ շատ, բայց ինքն էլ չհասկացավ, թե ինչպես քայլերն իրեն շատ արագ հենց նրա մոտ տարան, աչքերը դեռ բաց էին ու իրեն էին նայում, սպասում էին… Ծնկեց, ափը բարձրացրեց ու վարանելով մոտեցրեց նրա դեմքին…համառորեն չփակված կոպերն ասես հենց այդ հպումին էին սպասում ու…փակվեցին:
-Պապ, պապ,- փղձկաց ու փլվեց հենց հատակին,-պապ, պապ, պաաաապ,- գոռաց սրահով մեկ:

Որքա՞ն էր անցել, մինչև Մագիին հաջողվեց գտնել Ալեքսին… Ոչինչ չհասկացող աղջիկը, հազիվ նրան պոկեց, բարձրացրեց մահացածի վրայից ու հազիվ, գրեթե քարշ տալով, կիսագրկած տարավ միջանցքներով, աստիճանների ասես չվերջացող ոլորապտույտներով: Կողքից անցնող ծանոթ-անծանոթ բժիշկներից, բուժքույրերից ոչ ոք իր օգնությունը չառաջարկեց, կանգ էլ չառան, անգամ ասես չնկատեցին, բոլորը շտապում էին, վազում էին, սուրում դեպի…

Աշխատասենյակում Ալեքսին պառկեցրեց բազմոցին.
-Մի բան ասա, խոսի՛ր, Ալեքս, քեզ ի՞նչ է եղել, -ասաց ու,- Միայն խելագարված չլինի,- շշնջաց անլսելի:
Ալեքսը բռնեց կողքին նստած Մագիի ձեռքերը, զգուշորեն մոտեցրեց կրծքին ու սեղմեց ամուր-ամուր՝ տաքանալ էր ուզում, բայց Մագիի ձեռքերը սառն էին:
-Մագի, դու հորդ տեսած կա՞ս,- հարցն անիմաստ էր. անմիջապես հիշեց, որ բժիշկ-ընկերուհին մանկատանն է մեծացել: Ամաչեց:- Գիտե՞ս, Մագի, մայրս անգամ հորս նկարը չէր պահել:
«Միայն խելագարված չլինի».- ավելի մտահոգ ու տագնապած, աղջիկը շոյեց ընկերոջ ճակատը:
-Մեջը դառնություն կար ու ինձ այդ դառնության զոհն էր դարձրել,-Ալեքսն անպայման պետք է խոսեր,- «Նա քեզ չարժի, մոռացիր այդ անարժանին», իմ փոխարեն վճռել էր, ծնողներիցս ընտրել իրեն.«Ես քեզ հերիք եմ՝ և՛ մայր եմ, և՛ հայր», ու… այնպիսի մի տեղ էր ինձ տարել, որտեղ հայրս ինձ գտնել չէր կարող: Եվ այսօր ահա, ստացա, լիուլի ստացա՝ այսօօօր….,- տնքաց:
Մագին միանգամից հասկացավ հնչած խոսքերի իմաստը՝ կարկամեց, լռեց, համրացավ ու… ու նորից ուսերն իրարու բերած հեկեկաց… նաև՝ Ալեքսի փոխարեն:
-Բժիշկ, ե՞րբ եք գալու, նոր հիվանդներից երկուսը….,-բուժքույրը բժշկի անարյուն դեմքի տեսքից հետ ընկրկեց ու նորից ծածկեց դուռը:

Հետո, մի կերպ երկուսն էլ հավաքեցին իրենց ու շտապեցին հիվանդների մոտ: Մի քանի ժամն անցավ րոպեների՞, թե շաբաթների՞ պես, ժամանակ չկար պարզապես…
Երբ կարճ շունչ քաշելու համար Ալեքսը նորից աշխատասենյակ մտավ, Մագին արդեն այնտեղ էր՝ արցունքոտ աչքերով ու մի նամակ ձեռքին: Նա նամակը պարզեց ընկերոջը.
-Վերցրու: Նոր բուժքույրը տվեց, ասաց, մահացած հիվանդներից մեկն է տվել, որ ուղարկի նշված հասցեով: Բայց այս վարակի գոտուց ոչինչ չի կարելի դուրս հանել, ես էլ բաց արեցի ու… ,- Մագին ձեռքերով ծածկեց թաց դեմքը, կորացավ, հետո զսպեց իրեն, ուղղվեց, դեպի հետ նահանջի տեղ չունեցողի, դատապարտվածի պես նայեց ընկերոջը,- Ալեքս, սա թիվ 51 հիվանդասենյակի հիվանդի, նրա՛, հո՛րդ նամակն է: Այստեղ նկար էլ կա՝ քո՛ նկարը: Ալեքս, նա քեզ ճանաչել է:
Ալեքսը նստել էր պատուհանի մոտ ու ասես չէր լսում Մագիին. նա ձեռքերը շուռումուռ տալով մատներն էր ուշադիր զննում:
-Նա քեզ ճանաչել է, հասկանո՞ւմ ես, դու պետք է մխիթարվես դրանով:
Ալեքսն ուշադիր ձեռքերին էր նայում, մատներին՝ վերից ներքև, հատ-հատ ու շշնջալով հաշվում դրանք. «…վեց, ութ, տասը…տասնիննը…»:
-Մխիթարվիր դրանով, մխիթարվիր, Ալեքս, ձեր հանդիպումն այնուամենայնիվ կայացավ:
-Մեկ, երկու, երեք … քսանմեկ, -արդեն բարձրաձայն շարունակեց Ալեքսը,- քսանչորս… երեսունութ, քառասուն…: Որերո՞րդն էր հայրս, Մագի, տեսնես որերո՞րդն էր:
-Հանգստացիր: Ես հիմա հանգստացնող դեղ կտամ,- իրար խառնվեց աղջիկը:
-Ո՞նց պետք է ապրենք այսքանից հետո, հը՞, ո՞նց, ասա:
Մագին գրկեց նրա ուսերը:
-Հանգստացիր, հանգստացիր, դու այնքան մարդ ես փրկել: Եվ հետո, դու գտար նրան, դու սիրում ես նրան, դու քո բոլոր հիվանդներին սիրում ես անգամ քեզնից ավելի: Սերն ամենակարևորն է, Աստված երևի թե կների մեր բոլոր մեղքերը հենց այդ սիրո համար, իսկ հիմա կարևորը միայն դա է:
-Հոգնեցի ապրելուց, Մագի, իսկապես հոգնեցի,- Ալեքսը գլուխը վեր բարձրացրեց ու նայեց պատուհանից դուրս՝ աշխարհին, որն այլևս իրենցը չէր ասես, որն ասես չէր էլ եղել, չկաաար…
-Մենք բժիշկներ ենք, Ալեքս, մենք պարտավո՛ր ենք մինչև վերջ դիմանալ ու այստեղ լինել: Հոգնել չկա, հավաքիր քեզ:
-Բայց ես հոգնել եմ: Այդ ո՞վ է ասել՝ կանգնեցրեք մոլորակը, ես իջնում եմ: Լավ է ասել:
-Չես կարող, չենք կարող, մենք բժիշկներ ենք, Ալեքս, սա մեր առաքելությունն է, մենք արդեն ընտրված ենք:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *