Զավեն Բեկյան | Մանկության լուսատիտիկին

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԴՈՒՐՅԱՆ, ՏԱՆՏԱԼՈՍ, ՊԻԳՄԱԼԻՈՆ

Տեսա այստեղ էակ փունջ մը՝
ժպտե, գեղե, հրե շաղյալ
ու կարկաչող աղբյուրի պես
շող ծիծաղի մեջ շաղախված ․․․

Բայց այլևս ծարավը չեմ
գետնատարած այս ջրերի։
Իմ վերևում քարն է կախված՝
քարը մահվան երանելի ․․․

Ցած չեմ բերի այլևս ես
հրեղենին իմ քանդակած։
Հրաժեշտ եմ տալու արդեն
նայադներին ինձ վանդակած ․․․

 

* * *

Իսկ Դավիթ թագավորը
արտասվում էր իր
ծերության վրա

իսկ դողացող մատների տակից
փախչում էին արդեն
տավղի լարերը

իսկ Ավիսագան սիրասունը
պատանիների ջերմ
հայացքներն էր փնտրում

իսկ Դավիթ թագավորին
միայն Տերն էր լսում
համբերատար կարեկցանքով

իսկ Դավիթ թագավորի
ականջները ծանրացել էին
ու ոչինչ չէր լսում

և միայն հողն էր թեթևացել
հողը գուրգուրանքով
նրա ոտքերի տակ

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՏՏԻԿԻՆ

Դու թռիչքի պահի՛ն էիր խորհրդավոր,
մութ այգում, ծառերի սաղարթների միջով,
հանկարծակի հայտնված մի խարխափընթաց,
ուղեծրից շեղված անհայտ մոլորակի պես,
որ դողդոջ, վառվող-մարող իր տամուկ լույսով –
մորզեական – ինչ-որ բան է ազդանշանում,
բայց մնում է նորից ծածուկ՝ իր գաղտնիքի մեջ ․․․

Քեզ հետ տանում էիր հմայված հայացքը
մանկան, որին մատչելի է դեռ հրեշտակների
տեսիլքը և նրանց թևերի շրշյունը՝ դեռ լսելի –
մինչև որ տարիքը մարդկային չխլացնի դրանց ․․․

Դու թռիչքի պահի՛ն էիր խորհրդավոր։
Երբ մի անգամ հաջողվեց ինձ որսալ եղինջի թփի վրա,
ես շրջեցի քեզ մեջքի վրա ու տեսա
մի սովորակա՜ն, տարտամ լույս ճառագող որովայն –
ու մանկության քո հեքիաթի երեք խնձորները
ողբաձայն սուլոցով հետ համբարձվեցին երկինք ․․․

Հասակ առանք, մեծացանք, մանկությունը մնաց հեռվում,
և ամրացավ սրոհունդի պես կակուղ իմ ողնաշարը –
ու ես երբ այր էի արդեն՝ տեսա, որ ավաղ,
շատ բան թռիչքի մեջ է խորհրդավոր միայն
( սիրո քամու մեջ փռփռացող մի շրջազգեստ
ծովահենական նավի առագաստ էր թվում ՝
խենթ ու դրախտային կողոպուտի տանող ․․․ ),
շատ բան՝ մեզ սիրելի, իսկ երբ ․․․ բռնում ենք այն,
ունենում մեր ափի մեջ՝ միջատի պես մի բան է
դառնում սովորական – ու աշխարհի չափազանց
իրական ֆոսֆորափայլն է ծեփում աչքերը մեր…

 

ՄԻ ՀՐԵՇՏԱԿԻ ՔՐՈՆԻԿՈՆԻՑ

Ամենատես Ականց թարթիչների
թարթման պահին –
երբ մի պահ տարզատված էիր
Զորությունից,
վարագուրված վայրկենական խավարի
ակնակուրով –
ընկար։
Թևերիդ փետուրները խառնվեցին
փետրավոր ամպերին –
գահավիժեցիր։
Եվ մի մանուկ էիր արդեն
գլխահակ, շփոթված
գույներից, ձայներից, կարկաչներից
առվակի, ծիծաղի, խաղի ժամերի ․․․ –
Ու ամեն ինչ էր դեռևս տանելի, թեև ․․․
զգում էիր ինչ-որ պակաս ուսերիդ վրա,
ու օդի մեջ էր պակասում մի բան,
ինչ Այնտեղ կոչվում է Սեր ․․․
Հետո մահացա՜ր ամեն քայլափոխի,
հետո ․․․ մթարը թևակոխեց –
և քո աչքերը, որ սովոր էին
շոյվել ձնծաղկի
թերթերի գուրգուրանքով,
գառների խայտանքով գարնանային,
առվի գլաքարերի սահուն կորով ․․․ –
մինչև բիբերի խորքը թաղվեցին Մեղքի
մեղրախորիսխի մեջ։-
Եվ վայրի մեղրի մեջ
շա՜տ դառնություն կար,
և շուրթերդ արյունոտվեցին
կիզիչ համբույրներից
երկու ցավալլուկ
կիսալուսինների պես ․․․
Եվ դու՝ այդպես թաղված՝
որպես թե Աստնվորի
գիշատիչ անդունդում,
հուսահա՜տ նայեցիր մայրամուտի հեռաստանին,
ուր մի՝ քեզ կարոտած օդանույշի պես՝
Մա՜հն էր խնդում ․․․

 

ՖԱՎՆԸ՝ ՕՐՓԵՈՍԻՆ

Եղբայր, ես՝ որ թանձր անտառներում մի ողջ կյանք
կճղակ եմ մաշել, մորուքս քրքրվել է մացառուտների մեջ,
ձայնս՝ խզվել իմ կտղուցամույն բղավոցներից՝
հավերժահարսներին հալածելիս,
նայելով տեսքիդ վհատ՝ հիմա ասում եմ․
— Դու կարծում ես՝ քո երգն այս թավուտներում
թովելո՞ւ է ինչ-որ մեկին, հանուն ո՞ւմ ես
ջանք անում։ Ես՝ որպես Պանի զարմից
մեկը, որ փոքր ինչ ընկալում է՝
թեկուզ մի քիչ սուր այս այծապատկան ունկերով՝
աստվածային նշույլները քո ոգորման, ասում եմ ՝
ափսո՜ս ես դու այս կողմերի, այս թփուտների համար,
ուր արևի շողերը հազիվ են թափանցում,- և հարմարարավետ
մի մթնշաղ կա միայն ծավալված, և տերևների կույտեր՝
ասես կողինք մերնային վայելքների համար ( հավերժահարսների
նու՜րբ ականջը կանչի, տեսնես՝ ու՞ր են այս ժամին ․․․)։
Կրկնում եմ ՝ ափսոս ես դու այս թավուտների համար –
այստեղ քեզ ոչ ոք չի լսի, այստեղ
ավելի շուտ՝ մի օր կբզկտեն քեզ
(ախ, ձախ աչքս խաղում է ․․․) – ես ինչ-որ շշուկներ եմ լսել
այդ մասին հավերժահարսներից –։ Նրանց գրգռում է
քո մեղեդին սրտաբուխ, թուլացնում կտղուցը,
համակում ինչ-որ հիմար մի տագնապով։
Մարում է նրանց եռանդը սեռական։
Նրանց իմ կրքոտ բղավոցներն են գերում,
իմ ձայնարկություններն, ուր ես դրվագում եմ ՝
հնչապատկերով թեկուզ՝ բարեմասնությունները
նրանց ուռուցիկ,
տռփանք հարուցող մինչև ուղնուծուծը ․․․
Եղբայր, ի՞նչ ասեմ էլ, քո օգտին եմ սա ասում,
հեռացի՛ր այս կողմերից, ուր կյանքն է՝ տես՝ եռում,
Օրգիա՜ն – օրգանիզմին սեքսոտ տեքստեր են պետք ․․․

 

ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ

Անթիվ կեղծամների բազմության առջև,
ինքն է՛լ կեղծամ դրած,
կիրակնօրյա պատարագներին,
երգեհոնի առջև։ –
Ինչպես Նա ինքն էր նստած
Տիեզերքի անծիր նվագարանի առջև –
և սեղմում էր աջ ոտնակը՝
թնդում էր տաս հազար մոլորակի «եղիցի»,
և սեղմում էր ձախ ոտնակը՝
թնդում էր հարյուր հազար աստղի «եղիցի» ․․․
Այդպես, երգեհոնի
ծանր կապարե փողերով իր հոգին էր
բարձրանում ՝ որոնելու Նրան։
Կեղծամների բազմության առջև։
Եվ դա՛րն էր կեղծ։
Այլ էին համերգները պալատական,
երբ անհոգ խփում էր ստեղներին
կլավեսինի – ու մի «մլավեսին» մեղեդի էր
ճանկռելով տարածվում ՝
շուրջպարի մեջ՝ կատվի պես ճկունապարող
տիկնանց ու օրիորդաց շրջազգեստների արանքով,
դեպի դուրս, դեպի խորքերը մութ այգու,
ուր ֆավնը՝ մրցակիցն իր,
նվագում էր քամու ստեղների վրա,
գրգռիչ ակորդներով, դեպի գլխապտույտի
վիհերը – հևասպառ,
այնպես, որ ծառուղու խորքում
հեծկլտոցն էր լսվում
սեռափոխվել ցանկացող
մի հրեշտակի ․․

 

* * *

Եվ զմրուխտե
զրընգո՜ցը
մի շեշտակի
ու սրընթաց
կանաչ աստղի,
երեկոյի լռության մեջ ։–
Խճճվում է
մազերիդ մեջ,
ու տեսնում ես՝
ընդամենը
մի մայիսյան
բզեզ է դա ․․․

Ախ, գա՜ր նորից,
գար խճճվե՜ր
մազերիս մեջ,
ինչպես մանկութ այն օրերին,
ինքնամոռաց
ու խանդավառ
վազքիս պահին,
երբ հեռու էր
կյանքը մահից ,
անչափ հեռու ․․․

ՈՒ մանկացած
սրտիս միջով
վերստին այդ
խինդը հոսեր,
հանց Մեծ Արջի
կեռ շերեփից՝
աստղալույսի
մե՜ղրը ոսկե ․․․

 

ՁՅՈՒՆԵ ԹԱԳՈՒՀԻՆ

Պաղ աչքերի սառնախորքում ՝
մարած հրեր, սերե՜ր որքան ․․․ –
Ու չի հալչի սիրո խոսքից
սրտի եղյամը կուտակված ․․․

Սրտի եղյամն իր՝ ամալգամ ՝
կազմում է չար մի հայելի,
տեսանելի որի խորքում
դեմքն է միայն Սադայելի ․․․

Քանի՜ ասուպ ու տաք աստղ է
հանգել սրտի սառցածովում ․․․
Քանի՜ կտրիճ-գարուն ասպետ
պաղ աչքերի թույնով թովվեց․․․

Օ, նա մահվան քույրն է՝ գորգոն,-
և օձերի խուրձ է եռում
վարսերի տեղ։ Թե որ զգոն
չլինես – ու դու սևեռուն

նայես խորքը պաղ աչքերի՝
կկործանվես։ Անսեր է նա։-
Կասի խոսքեր սառնաշաքար,
բայց չլսե՜ս, հեռու մնա ․․․

 

ԵՎՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՝ ԼՈՒՍԻՆԸ

Գիշերվա արեգակն է հանդարտասահ,
որ ցերեկվանի պես` եռման սիրուց դրդված,
չի շոշափում զգայուն մաշկը կյանքի։
Չի որոնում տարփոտ հասարակած։
Չի գրգռում արմատները ծաղիկների –
ու երազում ամենայնի պտուղը տեսլական ․․․

Նա սահում է հանց սպեղանի ու հաբ։
Մեղրալույս է հղում ՝ մեղմ վիրակապ։
Իր թմրաբեր լույսից ջրի խորքում
շերեփուկներն ու ձկներն են մտնում խոր քուն։
Տեղանքներն են դառնում երանելի
վայրեր ու լողափ ուրուների ․․․

 

ԱՆԱՊԱՏ

Բարխաններ՝ ծույլ շարված –
ռիթմը ամայության։
Լուսին՝ բացված հանկարծ՝
ինչպես սրտի պայթյուն ․․․

Ուղտապանի հիշոց
և ուղտերի խռինչ։
Հեռվում ՝ միրաժի պես՝
բոցավառված Ոչինչ ․․․

ՈՒ ե՜րբ պիտի ծաղկի
աստղը Բևեռային,
այս ամայության մեջ,
կակտուսի պես նայիվ ․․․

 

* * *

Լուսնի մութ՝ այն թարս կողմում,
պատերը՝ երկնաքարե,
մի դղյակ կա – անաղմուկ,
լռության մեջ կապարե։

Սարսափ-ասքեր է ասում
մի խելագար առլեկին,
և ասուպներ են որսում
ոգիները տանիքին։

Հավաքվում են տանը այդ
հոգիներն այն հետմահու,
որոնք հարբել են շվայտ
երազներով մահահունչ։

Երբեմն աղմուկ է լսվում
պատուհանից կիսաբաց։
Տան քիվերին են քսվում
ձայներն այդ խուլ ու հարբած։

Թե մոտենաս ու նայես
պատուհանից կիսաբաց,
կտեսնես՝ վեց սադայել
թղթախաղով են տարված։

Սև գինի են խմում այնտեղ։
Օ, կտեսնես զարմանքով –
մատռվակում են անբեղ
մի կատու և Էդգար Պոն։

 

* * *

Առաջացած հասակիս զառիթափին հասած,
կյանքիս ձմեռնամուտի հողմերի հանդիման –
ես նայում եմ շուրջս՝ ամայությունից սարսված
ու տեսնում, որ ահա ես մնում եմ մենակ ․․․

Ես մենակ եմ մնում, զի հեռացել եք դուք։
Ասեք՝ ի՞նչ կա հիմա անհայտ ձեր կողմերում։
Ինչպես լեռնագնացին է քաշում անդունդը մութ –
իմ ժամն էլ կլրվի, ուշացումս ․․․ կներեք․․․

Ասա, Բեյլերյան Հրաչ, ինչո՞վ է ազնվազարմ
քո հայացքը սնվում, ի՞նչ ես տեսնում այդտեղ։
Նրբին պատկերների նաղա՜շդ գերազանց,
թևավորների հե՞տ ես, թե՞ գրում ես դու դեռ․․․

Թամրազյա՜նդ Հրաչ, ընկեր իմ հոգատար,
իմ գրքերի մեկիկ-մեկիկ հրատարակող։
Բարի քո աչքերով էլի դու կժպտաս
ինձ՝ հենց տեսնես տխուր, թախծիս մեջ ճարակող․․․

Ու նաև դու՜, այդտեղ, Վարուժդ Այվազյան,
դժվար սևեռումով բառի հոգին հանող․․․ –
որ գամ ՝ ի՞նչ բերեմ քեզ, էլի՞ թունդ պերցովկա ․․․
Էլ չեմ խմում․․․ Ոչինչ, բանի՜վ կխրախճանենք․․․

Շեկո՜, հիմա ժպիտդ թեք զգում եմ հեռվից։
Հրեշտակների՛ հետ ես հիմա խաղում պոկեր։
Անտիպոեզիայի համար էլ չե՜նք կռվի։-
Ինչքա՜ն փուչ բաների հետևից մենք ընկանք ․․․

․․․ Այնպես ամայի է շուրջս հիմա, մենակ եմ
(«Ընկեր իմ, ընկեր իմ, ես հիվանդ եմ այնպես․․․ »)։
Հնի հուշերը, կարոտներս, ախ, դեռ ինձ հենակ են,
որ դիմանամ, մինչև բացվի ճամփան առ ձեզ ․․․

 

ՌԵՄԲՐԱՆԴՏ

Մոմերի շեղ լույսը
լուսաըստվերներով
սողոսկում է գտնում
Գաղտնարանի ոսկին

Ես գիշերն եմ արթուն
աստղը իմ ընկերն է
միայն նա է կարդում
մատյանն իմ խորքեղեն

Ցերեկն ինձ խաբում է
գցում պատրանքի մեջ
հոգիս խարխափում է
մեռյալի պատանքում

Աշխարհը այս խանդոտ
Սասկիան է ծնկներիս
ախ որքան սեզուր սերմեցի
Օնանի պես հողին

 

ԱՆՈՒՆՍ

Զավեն Բեկյան անուն,
դու դրվել ես, որ ծաղկես
լուսաստվերների մեջ միջօրեի
և ճոճվես անհամեստ ու երևելի
արևածաղիկների պսակների հետ․․․ –

Ի հեճուկս կրիտիկոսների ու մերձգրականների,
որ քեզ արտաբերում են քամահրանքով ու շշուկով
և ի սեր քո մտերիմ հրեշտակների,
որ բեմադրում են քեզ զուսպ մնջախաղով՝
մեջ երեկոյան շամանդաղի․․․

Զավեն Բեկյան անուն,
քո մեջ տառերն են խրախճանում,
և որոնք քո տիրոջ վախճանին
իր շիրմաքարին կփռվեն հարբած ՝
իբրև մի փառահե՜ղ էպիտաֆիա ․․․

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՆԱՄԱԿ ԼՈՐԿԱՅԻՑ

Դու լսե՞լ ես՝ ինչ են
զրուցում տերևները
աշնան այգիներում,
առոգանությամբ խունկի․․․ –

Ձմեռնամուտի քամու
մասին է այդ զրույցը ․․․

Ես տեսնում եմ իմ հեռվից
քեզ՝ ծառի կատարին
միայնակ մնացած
ճռաքաղի խնձորիդ ․․․

Մենավոր իմ աստղից
ողջույն քեզ,
ողջ լեր ․․․

Մնամ ՝ քո Ֆեդերիկո։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *