
(ներողություն, բայց բելետրիստիկա)
Միֆերը երբեք անվրեպ չեն ասում, թե ինչ է կատարվելու։ Միֆերը միայն պատմում են, թե ինչ կարող է կատարվել։ Արիադնան կծիկն էր ծրարում, ե՛ւ ծրարում էր, ե՛ւ երգում, ամեն մի թել կպցնելիս՝ առաջվա բույնն էր հիշում: Հոգեկան կամամահություն։ Սևամաղձիկ սուպերէգոն՝ Արտեմիս։ Anéantissement silencieux։ Արտեմիսը պիտի սպանի ինձ, Դիոնիսոսն առնի կնության, Զեւսը բերանիս մեջ դնի անմահությունը։ Եւ պատմությունը արտասվում է նրա համար, որ իմ սիրելի միակ պելասգը ծերությունը սգա Սկիրոսում։ Արիադնան լքում է չատը՝ Պելեւինի ասած։ Մի ծիծաղեցրեք մեր փղերին։
Կարո՞ղ ա՝ դու իմ մասին հոգ չես տանում, որովհետեւ ես լաց չեմ լինում կամ չեմ խնդրում։ Կնիկական բաներ։ Ների, Նորին չափազանցություն, ես սովորել եմ լաց լինել, որ չսպանի, ջարդված անդամները չլցնեն տորիչելյան դատարկությունը՝ աջից ահյակ։ Մի ծիծաղեցրեք մեր փղերին։ Ջերմում եմ, սեր իմ՝ ընդհանրական։ Մայրենիում կոչականն էսպես չեն կետադրում։ Ընդհանուր առմամբ, հարցն(պիտի ը լիներ )՝ ի տիեզերք, ո՞ւմ ա վաբշե պետք կոչականի անջատումը, եթե ցանկացած կոչական ծառայում ա միմիայն ինքնահաստատման անմեղսունակությանը։ Հարցը՝ ի տիեզերք։ Ջերմում եմ, որպես սոմա գումարած պսիխեա․ սոման լյուֆթ չի տալիս։ Ի՞նչ ես ուզում։ Կոնյակ։ Մնացյալը, իմ իսկ ձեռամբ գրած մնացած բաների համաձայն, դեպի ներս։ Չեմ կրկնում՝ ինչի։ Յոթ կյանքերից էս մեկում ես ավելի անդրոգեն եմ, քան նախորդ վեցում՝ շրջանակն ամբողջացնող։ Զառանցագին մեղմիկ դողը՝ բոլոր իգական բջիջների մակերեսով։ Անոթները բացվում են։ Քրտինք ու արյուն։ Քո սառը քրտինքը՝ ափերիս վրա։ Իմ դեղին աչքերը՝ ի նշան հաղթանակի։ Ցավըդ տուր, տանեմ։ Ես քո կողքին եմ, արա ինչ կուզես։
Բա, եթե չեմ ուզում, որ Աստերիոնը մեռնի։ Բա, եթե չեմ ուզում որեւէ Թեսեւս ու Բաքոս։ Առավել եւս մահի ու անմահության խորամանկ սահմանը։ Մինոտավրոսի հետ մենք ապրել ենք դրախտը։ Եւ քառասուն հազար եղբայր։ Միֆերը՝ երբեք։ Հետո, կարծեմ Թեսեւսը կարիերային աճ պիտի ունենա։ Էլ չենք հանդիպի, թեպետ, կարող ենք։
Արի, ես քեզ նվիրեմ պսակը։ Արիադնայի։ Քանի՞ մարդկային տարի անցավ։ Խնդիրը դրանում էր երեւի, որ երկուսս էլ ծնվել ենք մարդ՝ Օլիմպոսի արվարձաններում։ Դու թողեցիր ինձ քնի անցած։ Ու գնացիր։ Հոգեթերապեւտս ասում է՝ դա արքետիպային վախ է․ միակ լուծումն առանց տագնապի զարթնելու առհասարակ մենակ քնելն է։ Էդպես էլ եմ փորձել։ Ես, միեւնույն է, զարթնում եմ գիշերվա լավագույն կեսին՝ տագնապից, շոշափում եմ շուրջս՝ Հյուսիսայինից մինչև Խաղաղ, մակընթացության ու տեղատվության ճիշտ կես տեղը, տխրում եմ, հետ հանգչում։ Մի ծիծաղեցրեք մեր փղերին։ Հանձնվում եմ առանց կռվի։ Արի, քեզ նվիրեմ պսակը։ Տիեզերքի կենտրոնում՝ ձախից՝ կախված ինչ եղանակ կանի։ Դու ինձ պատմի՝ ինչի՞ էդպես։ Ես սփոփեմ քեզ։ Էլի հիմար բաներ ասեմ։ Էս վերջերս սիրտս ուզում է անընդհատ հիմար բաներ ասել։ Որովհետեւ եթե հիմար բաներ չասեմ, մարդիկ կվախենան։ Ոնց դու վախեցար, սեր իմ՝ ընդհանրական՝ լրացումն(ը պիտի լիներ)՝ ինչպես տեքստում է։
Պատմի քո սկիրոսներից, սիրուհիներից ու դեւերից, աղոթքներից՝ կիսաճամփա՝ համարենք՝ քրիստոնեկան մեծահոգությամբ, հազար երանի տանք Ոդիսեւսին, որ միակն ավարտեց, ոչ խելքից, եկ-ընդունենք, հերոսական ինիցիացիայի ճամփեն, եթե, իհարկե։ Լռում եմ։
Ես ջերմում եմ, որովհետեւ պատմությունը պատմելու մի ձեւ գիտեմ։ Աստիճանաբար մեռնելը։ Մահվան պարը՝ ձախ ուսիս վրայով։ Voca me: Դու չմեռնես։ Զառանցագին՝ անոթները բացվում են։ Քրտինք ու արյուն։ Ես հիշում եմ քո բոլոր նշաններն ու քարտեզը՝ սպիտակին սեւով։ Արիադնան՝ Բաքոսի հետ ղունղունալիս։ Աստերիոնը՝ հետս նույն որովայնում։ Հումբերտ-Հումբերտին՝ Կամյու-Կազարես նվիրելիս։ Ու Ալիսին, ում ասվեց, որ «Գիտակցության հոսքի ժամանակները գուցեւ չեն անցել, ու կարեւոր է, թե այդ հոսքից ինչն է մնում խոչուխութերից կախված միջին վիճակագրական ընթերցողի, որ նույն վավաշոտն է՝ լավագույն դեպքում։ Մի ցուցադրիր քեզ»։
Խառնում եմ կինոները։ Հազար ներողություն։ Մինչդեռ պիտի ծրարեմ կծիկս, որ հինգ րոպեից սպանես Աստերիոնին։ Եւ քառասուն հազար եղբայր։ Սրբազան պարը՝ կիսամարդ-կիսաօձերի կատարմամբ, դառնության լեղին՝ քսան տարեկան։ Մայրական զարմից Տարտարոսը։ Պարապ բաներ։ Բաքոսը, որ քեզ ասաց՝ թող, նե իմն է՝ որպես պատիժ ու օրհնություն։ Դու, որ ենթարկվեցիր՝ մեղրոտ ծուղակ։ Շրջանը, որ չի փակվի, եթե չհուշես։ Դողը՝ սրունքներն ի վեր։ Անկատար անցյալը՝ -ում էի։ Շների ոռնոցը բակում․ մարդ պիտի մեռնի։ Կանացի պահանջը՝ ըստ Սթայնբեքի։ Մերժումը՝ իրավունք չունես։ Սրբազան պարը՝ գնացել եմ արդեն։ Պատմության կրկնությունը։ Թեսեւս, թե Բաքոս։ Հուսահատ մենությունը՝ ուսից ուս։ Ցպահանջ ամփոփելու կենսական նարատիվը։
Կուզե՞ս՝ պսակս քեզ տամ։ Մի վախեցի ինձնից։ Ես մոռանում եմ խոսելը։ Անոթները լցվում են։ Լաց ու քրտինք։ Ետնաբեմում ծափ են տալիս։ Չեմ ուզում դուռը բացել։ Վեր եմ թռչում ամեն անգամ։ Մտածում էի՝ սերը բուժում է։ Հետո տեսա՝ Արիադնան կծիկն էր ծրարում։ Աֆրոդիտեի անդրին՝ միակ ավար՝ սոլիդարություն կանացի։
Նաքսոսում ցրտել է, սեր իմ՝ ընդհանրական (ինչպես տեքստում է)։ Ես շորեր չունեմ տաք և ոտնամաններ։ Քամին փչում է երեւակայան հաջորդ կողմից։ Ես սպասում եմ քեզ, ոչ Բաքոսին։ Արյուն ու լեղի։ Ու ջերմում եմ, որովհետեւ էլ լյուֆթ չի տալիս սոման։ Զառանցագին հեշտանքն ու խոհեմությունը՝ պատշաճադեպ։ Ամալգամը՝ ստվերի ու լույսի։ Ես՝ լույս, ու դու՝ ստվեր։ Ես աչք ու դու լոյս, հոգի։ Ատամներդ՝ մանրիկ, ի պատասխան՝ իմ գիշակեր ժանիքների։ Սերը, որ արտասվեցի, բայց միֆերն անվրեպ չեն ասում։ Ջերմում եմ, որ չմեռնեմ, սերն(ինչպես արդեն գիտենք)՝ ի դերեւ։
Արիադնան իր կծիկն էր ծրարում։ Աստերիոնը՝ արնաշաղախ։ Ի սկզբանե՝ Բաքոսն էր։ Թեսեւսը՝ կիսամարդ-կիսաօձ, մի Բաքոն ինչ էր, չկարողացավ ընդդիմանալ։ Չպարփակվեց արատավոր շրջանը։ Պսակը մնաց ինձ։ Կծիկը՝ Թեսեւսին։ Սիրարկուն՝ Բաքոսին։ Քվիթ ենք։ Ջերմում եմ, սեր իմ՝ ընդհանրական։
Ես հավատում եմ քեզ, հոգիս, բայց իմ մյուս Եսը չպիտի
խոնարհվի քո առաջ,
Թավալվիր ինձ հետ խոտերի վրա, դուրս քաշիր խցանը
քո կոկորդից,
Ոչ խոսք, ոչ երաժշտություն, ոչ երգ, ոչ դասախոսություն
պետք չեն ինձ, անգամ լավագույնները,
Նանիկ ասա ինձ օրորոցի երգով․․․ (Ուիթմեն)
